ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 1:1- 28
ԿԵԱՆՔԻՆ ԲԱՆԸ
1 Սկիզբէն էր Բանը ու Բանը Աստուծոյ քով էր եւ Բանը Աստուած էր։ 2 Անիկա սկիզբէն Աստուծոյ քովն էր։ 3 Ամէն բան անով եղաւ եւ առանց անոր բան մը չեղաւ՝ ինչ որ եղաւ։ 4 Կեանքը անով էր ու կեանքը մարդոց լոյսն էր 5 Եւ լոյսը խաւարի մէջ կը լուսաւորէր ու խաւարը զանիկա չճանչցաւ։
6 Աստուծմէ ղրկուած մարդ մը կար, որուն անունը Յովհաննէս էր։ 7 Ասիկա վկայութեան համար եկաւ որպէս զի Լոյսին համար վկայէ, որպէս զի ամէնքը անոր միջոցով հաւատան։ 8 Ինք չէր այն Լոյսը, հապա եկաւ որպէս զի Լոյսին համար վկայէ։
9 Ճշմարիտ Լոյսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կը լուսաւորէ։ 10 Ինք աշխարհի մէջ էր եւ աշխարհ անով եղաւ, բայց աշխարհ զանիկա չճանչցաւ։ 11Իրեններուն եկաւ, սակայն իրենները զինք չընդունեցին։ 12 Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու, որոնք կը հաւատան իր անուանը. 13 Որոնք ո՛չ արիւնէ եւ ո՛չ մարմնի կամքէ, ո՛չ ալ մարդու կամքէ, հապա Աստուծմէ ծնան։ 14 Բանը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (եւ անոր փառքը տեսանք՝ Հօրմէն միածնի փառքին պէս,) շնորհքով ու ճշմարտութիւնով լեցուն։
15 Յովհաննէս վկայեց անոր համար եւ աղաղակեց ըսելով. «Ասիկա է, որուն համար կ՚ըսէի. ‘Ան որ իմ ետեւէս կու գայ, ինծմէ առաջ եղաւ, վասն զի ինծմէ առաջ էր’։ 16 Եւ անոր լեցունութենէն մենք ամէնքս շնորհք առինք շնորհքի տեղ։ 17 Վասն զի օրէնքը Մովսէսին ձեռքով տրուեցաւ, բայց շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսին ձեռքով եղան։ 18 Մէկը երբե՛ք Աստուած տեսած չէ, բայց միածին Որդին որ Հօրը ծոցն է, անիկա պատմեց»։
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻՆ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ
19 Յովհաննէսին վկայութիւնը այս է երբ Հրեաները Երուսաղէմէն քահանաներ ու Ղեւտացիներ ղրկեցին, որպէս զի հարցնեն անոր թէ ‘Դուն ո՞վ ես’։ 20 Եւ անիկա խոստովանեցաւ ու չուրացաւ. խոստովանեցաւ թէ ‘Ես Քրիստոսը չեմ’։ 21 Ու հարցուցին անոր. «Հապա ո՞վ. Եղիա՞ն ես»։ Ըսաւ. «Չեմ»։ «Այն մարգարէ՞ն ես»։ Պատասխան տուաւ թէ՝ «Ո՛չ»։ 22 Այն ատեն ըսին անոր. «Դուն ո՞վ ես. ըսէ՛ մեզի, որպէս զի պատասխան տանինք մեզի ղրկողներուն. դուն ի՞նչ կ՚ըսես քեզի համար»։ 23 Ըսաւ. «Ես անոր ձայնն եմ, որ անապատին մէջ կը կանչէ. ‘Շտկեցէք Տէրոջը ճամբան’, ինչպէս Եսայի մարգարէն ըսաւ»։ 24 Այն ղրկուածները փարիսեցիներէն էին. 25 Հարցուցին իրեն՝ ըսելով. «Հապա ինչո՞ւ մկրտութիւն կ՚ընես, եթէ դուն Քրիստոսը չես ու ո՛չ Եղիան եւ ո՛չ մարգարէն»։ 26Պատասխան տուաւ անոնց Յովհաննէս ու ըսաւ. «Ես ջրով կը մկրտեմ, բայց ձեր մէջ մէկը կայ, որ դուք չէք ճանչնար. 27 Անիկա է իմ ետեւէս եկողը, որ ինծմէ առաջ եղաւ, որուն կօշիկին կապը քակելու արժանի չեմ ես»։ 28 Այս բաները Բեթաբարայի մէջ եղան Յորդանանի անդիի կողմը, ուր Յովհաննէս կը կենար ու կը մկրտէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Այսօր սկսում ենք Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխի առաջին համարից, որը իր բովանդակությամբ կարծես միանգամայն հասկանալի է, բայց միևնույն ժամանակ դարերով բացատրվել է այս տողերը որպես խորիմաստ մտքեր: Բայց կա մի ճշմարտություն, որը շատ հաճախ չենք ընդունում մեր սահմանափակ մտածողության պատճառով: Աստվածաշնչում կան գրությունները, որոնք մենք անկարող ենք հասկանալ, և դա օրինաչափ է: Եթե մարդը Աստծու հասկանար ամբողջությամբ, ապա Աստված կդադարեր Աստված լինելուց: Եթե ենթական Ծննդոց գիրքը հավատով չկարդա, այլ կարդա իր տրամաբանությամբ, ապա անօգուտ աշխատանք է շարունակելը, քանի որ Աստծու խոսքը հասկանալի է դառնում այն ժամանակ, երբ մարդը հասնում է հոգևոր այն մակարդակին, երբ կարող է մեղք գործել, բայց չի՛ գործում իրեն տրված ազատ կամքով: Հովհաննես ավետարանիչը Քրիստոսին անվանում է Խոսք, որը ի սկզբանե Աստծու մոտ էր, այսինքն աշխարհի ստեղծագործությունից առաջ, և այդ խոսքով Աստված արարեց աշխարհը, ըստ այն խոսքի, որ Աստված ասաց,- Մարդ ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ: Նշանակում է Խոսքը Աստծու մոտ էր ամեն ինչից առաջ: Այդ խոսքով ստեղծվեց ամեն ինչ, ինչ որ ստեղծվել է: Չկա մի բան, որ առանց Խոսքի ստեղծված լինի:Կյանքն էլ Խոսքով ստեղծվեց և նրանով սկիզբ առավ: Ինչպես որ Աստված ստեղծեց մարդուն երկրի հողից և նրա դեմքին կենդանության շունչ փչեց և մարդը եղավ կենդանի էակ: Այդ կենդանության շունչը, որ մարդու հոգին է, մարդու համար լույս է և խավարը նրա վրա իշխանություն չունի: Առաջին գլխի այս փոքրիկ հատվածի մեջ մենք գտանք Աստծուն, որի մոտ էր Խոսքը, որը հետագայում պետք է մարմին առներ մարդու մեջ, ծնվեր կատարելապես և մարդիկ տեսնեին Նրան որպես Աստծու մարմնացյալ Որդի: Տեսանք Սուրբ Հոգուն, որը լույս էր մարդկանց համար: Ինչպես ասում է Առակաց գիրքը՝ մարդու հոգին Աստծու ճրագն է, որով հսկում է նրան: Տեսնո՞ւմ եք այս կարճ, համառոտ նախադասությունները իրենց մեջ որքան խորություն ունեն, որի մեկ տոկոսը մարդուն հայտնի չէ: Այնպես որ երկրի տարիքը ո՛չ ոք չգիտե, բացի Աստծուց:
Հաջորդ պարբերության մեջ ավետարանիչը նկարագրում է Հովհաննես Մկրտչին, որը համարվում է վերջին մարգարեն, որովհետև Հովհաննես Մկրտիչն է որ իրականացրեց այն մարգարեությունը՝ թե ինքը անապատում կանչողի ձայնն է, որը խոստման զավակ էր, ծնված՝ ծեր ծնողներից և նպատակով էր աշխարհ եկել Աստծուց, որպեսզի նախապատրաստի ճանապարհը՝ Իրական Լույսի, որը գալու էր իրենից հետո: Սիրելիներ, քանի որ մենք արդեն սերտել ենք երեք ավետարաններն էլ, հիմա մեզ հասկանալի է Աստվածաշնչում յուրաքանչյուրի առաքելությունը աշխարհի վրա, և հատկապես Աստծու նախախնամությունը՝ բոլոր գործերի հերթականության մեջ:Ավետարանների մեջ մենք որևէ պատահական երևույթ չենք հանդիպում, բոլորը գալիս են նախատեսված ժամանակին և հեռանում են իրենց առաքելությունը ավարտելուց հետո; Հովհաննեսը եկել էր, որպեսզի վկայի Լույսի մասին, որպեսզի մարդիկ այդ լույսի միջոցով լուսավորվեն: Այդ լույսը Հիսուս Քրիստոսն էր, որը հետագայում Հովհաննես Մկրտչին մեծ համարեց բոլոր մարգարեներից, և մեծ բոլոր կանանցից ծնվածներից: Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ ո՛չ թե Իր անունով, այլ՝ Իր Երկնավոր Հոր, որը ուղարկել էր իրեն հատուկ առաքելությամբ: Իրենից առաջ աշխարհ եկավ Հովհաննես Մկրտիչը, որպեսզի վկայի Քրիստոսի մասին; Հովհաննես ավետարանիչը հասկանալի հերթականությամբ սկսում է իր ավետարանը, որպեսզի ընթերցողի համար հասկանալի դառնա, թե ինչպես է սկսվել մեր դարաշրջանի սկիզբը: Սկիզբը ներկայացրեց Աստծուն, ապա Աստծու ուղարկածներին, որպեսզի Հովհաննեսին լսողը չկարծի, որ Հովհաննեսը իրենից է խոսում և մարգարեանում: Որովհետև բոլոր մարգարեները խոսել են Աստծու ցուցումով և Սուրբ հոգու զորությամբ; Մի խոսքով Հովհաննես Մկրտիչը եկել էր ներկայացնելու Ալֆայի և Օմեգայի մասին, ինչպես որ Իրեն այդպես անվանեց Տէր Հիսուս Քրիստոս: Տէր Հիսուսի անուններից մեկ էլ Լույս է, որը լուսավորում է ամեն մարդու, որը աշխարհ է գալիս: Յուրաքանչյուր նորածին, որ աշխարհ է գալիս, ունի հոգի, որը Աստվածային լույսի շող է, որով մարդը կարողանա միանալ Իրական լույսին: Տեսե՞լ թե ինչպես են երկու մագնիսներ միմյանց ձգում նույնիսկ հեռվից: Այսպիսին է իրական կապը մարդ -Աստված հարաբերություններում:
Երկնավոր Հոր կամքով այ Լույսը աշխարհ եկավ և աշխարհը Նրան չճանաչեց: Աշխարհը ստեղծվել է Խոսքի միջոցով, և աշխարհը չի ճանաչում այդ Խոսքին՝ Քրիստոսին: Մենք սկզբից մինչ այս պահը ծանոթացանք Քրիստոսի երեք անվանումների հետ՝ Խոսք, Լույս և Կյանք: Խոսքը, Լույսը և Կյանքը մտավ յուրայինների մեջ, որ հրեաներն էին, և յուրայինները Նրա չընդունեցին: Այո, յուրայինները Նրա չընդունեցին և անմասն մնացին Աստծու որդիներ կոչվելուց: Բայց եղան մարդիկ, որոնք ընդունեցին Քրիստոսին, և հավատացին Նրա անվանը, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ: Այսօր մեզ՝ քրիստոնյաներիս համար հեշտ է ասել, որ Քրիստոս եկավ հրեաների մոտ, իսկ հրեաները նրան չընդունեցին: Բայց քանի որ Հիսուս եկավ ո՛չ միայն հրեաների, այլ համայն մարդկության փրկության համար, ապա յուրային կարող է համարվել այն ազգը, որը ընդունում է Քրիստոսին: Իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու, չի նշանակում, որ պարգև տվեց առանց ջանքի, որովհետև Քրիստոսի անվանը հավատացող ամեն մարդ այլևս նույնը լինել չի կարող, այլ ծնվում է նորովի՝ լքելով հին մարդուն: Մենք առաջին անգամ ծնվում ենք մեր ծնողներից, բայց քանի դեռ չենք ճանաչել Քրիստոսին, մեր մեջ այդ նոր մարդը չի կարող ծնվել: Մենք տեսնում ենք, թե առաջինից երրորդ դարերում ինչպիսի հալածանքների է ենթարկվել քրիստոնեությունը՝ անկախ ազգությունից, որոնք եղել են Քրիստոսի խոսքի քարոզիչներ: Իր աշակերտներին անվանեց վկաներ իր գործունեության, և հետագայում աշակերտները պետք է վկայեին Քրիստոսի կատարած գործերը իրենց կյանքում: Քրիստոսի վկաներ կոչվեցին բոլոր նրանք, որոնք վկայեցին առանց վարանելու և վախենալու: Նահատակվեցին առանց դավանափոխության և ուրացումի: Այս մարդիկ Աստծուց ծնված մարդիկ են, ո՛չ թե իրենց արժանավորության շնորհիվ են դարձել Աստծու որդիներ: Ժամանակի լրումին Բանը, որ Խոսքն էր մարմին առավ և բնակվեց մարդկանց մեջ; Մարդիկ տեսան Նրա փառքն այնպես ինչպես որ Հայրն է տալիս իր Միածնին՝ շնորհներով ու ճշմարտությամբ լեցուն:
Աշակերտները այդ փառքը տեսան Թաբոր լեռան վրա, երբ Հիսուս հանդիպեց Մովսեսի և Եղիայի հետ իր ամբողջ փառքի մեջ, որ համակ լույս էր, և երեք աշակերտները տեսան այդ փառքը: Ծնվեց, ապրեց և մեռավ և հարություն օրենքի համաձայն և առանց օրենքի ո՛չ մի բան չարեց: Հիսուսի կյանքի բոլոր դրվագների մասին մարգարեություններ կան, իրենից դարեր առաջ գրված:
Հովհաննես Մկրտիչը շրջում և վկայում էր Քրիստոսի մասին, երբեմն աղաղակում էր, որ մարդիկ հասկանան, թե սա այն Հիսուսն է, որ մասին ինքը նախապես ասում էր, և որը գալու էր իրենից հետո: Այս խոսքերը Հովհաննես ասում էր, որովհետև ինքը ծնվել էր Հիսուսից վեց ամիս առաջ: Նաև մեռավ Հիսուսից առաջ, և դժոխքում նույնպես քարոզեց Հիսուսից առաջ, թե շուտով գալու է սպասված Մեսիան: Ըստ ժամանակագրության Հիսուս Քրիստոս միշտ գործել է Հովհաննեսից հետո, և Մեծ է եղել Հովհաննեսից, քանի որ կար մինչև Հովհաննեսի ծնունդը: Քրիստոսին ճանաչող բոլոր մարդիկ Նրա լիությունից շնորհ ստացան, քանի որ օրենքը իրենց տրվել էր Մովսեսից, իսկ օրենքը փրկության համար չէր, այլ մեղքերը տեսնելու համար: Իսկ Քրիստոսից հետո սկսվեց շնորհի դարաշրջանը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղավ: Ավետարանիչը փաստում է, որ Աստծուն ո՛չ ոք երբեք չի տեսել, բացի միայն Միածին Որդուց, որը գտնվում է Հոր ծոցում, որը և հայտնեց Նրան: Եթե նախորդ ավետարանիչները իրենց գրքերը սկսել են Հիսուսի ազգաբանությամբ, կամ ընթացքում են արձանագրել Քրիստոսի ծնունդն ու մանկությունը, ապա Հովհաննես ավետարանիչը Քրիստոսին մեզ ծանոթացնում է միանգամից աստվածային բարձունքից, ասելով,- սկզբից էր Բանը և բանը Աստծու մոտ էր: Այնպես է ներկայացնում, ինչպես որ ներկայացնում է Մովսեսը՝ Ծննդոց Գրքի առաջին տողում, թե՝ Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Հովհաննես ավետարանիչը իր գրության ոճով մեզ օգնում է, որ մենք մեր իմացածը դասավորենք հերթականությամբ սկզբից մինչև վերջ: Մենք հիմա հասկացանք, որ մինչև մարմնանալը և մարդանալը Բանը եղել է Հոր մոտ:
Երբ Հովհաննես Մկրտչի համբավը տարածվեց, հրեա առաջնորդները Երուսաղեմից քահանաներ և ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, իմանալու համար, թե ո՞վ է այս մարդ: Այս հարցը ևս ծուղակային հարց էր Հովհաննեսի համար, որովհետև քահանաները հարցնում են,- դու ո՞վ ես, իսկ Հովհաննես առանց վարանելու համարձակորեն պատասխանում է,- Ես Քրիստոսը չե՛մ: Նրանք կրկին հարց տվեցին,,- իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես: Դարձյալ հերքեց իր պատասխանով: Նրան նորից հարցնում են,- դու մարգարե՞ն ես: Հովհաննեսը ասաց, ոչ, չեմ; Քահանաները պնդում էին իրենց հարցադրումը, որպեսզի պատասխան տանեն նրանց, որոնք իրենց ուղարկել էին ճշտելու համար, թե ով է այս ճանաչված մարդը:
Ինչու և որտեղից էր առաջացել այդ հետաքրքրությունը քահանաների մոտ այս արտասովոր դեպքերը տեսնելուց հետ: Երբ Հիսուս տասներկու տարեկան հասակում տաճարում բոլորին զարմացրեց իր իմաստուն հարց ու պատասխանով, այդ օրից սկսյալ նրա մասի լուրը հանգիստ չի տալիս քահանաներին, որովհետև այդ պահից սկսած նախանձում են նրան; Իսկ երբ լսեցին, որ Հովհաննեսը ամենու վկայում է Քրիստոսի մասին, առավել ևս լցվեցին հետաքրքրությամբ և նախանձով: Քահանաները շատ լավ գիտեին, որ Հովհաննեսը Քրիստոսը չէ, որովհետև նրանք թլպատել և անվանակոչել էին Հիսուսին և հիշում էին նրան վերաբերող ամեն մանրուք, բայց նաև զարմանում էին մեկ այլ բանի վրա, Հովհաննեսը այդքան համբավ ունեցող մեկը վկայում է Քրիստոսի մասին, որ իրենից մեծ մեկն է, և իրենից առաջ կար: Ուրեմն ո՞վ է Հովհաննեսը: Որպեսզի փարատվի քահանաների հարցերի և կասկածների շարքը, Հովհաննեսը հիշեցնում է նրանց Եսայի մարգարեությունը, ասելով,- Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես ասաց մարգարեն: Այս պատասխանով նրանց մտորելու տեղիք է տալիս, որպեսզի վերհիշեն մարգարեությունները և հասկանան, որ ամենի ինչ նախապես գրված է կատարվելիք դեպքերի մասին: Հովհաննես Մկրտչի հետ կապված շատ արարքներ փարիսեցիների համար անհասկանալի էր մնացել, քանի որ գիտեին, որ Հովհաննեսը հորդանանում մկրտում է մարդկանց: Իսկ հիմա հարցի բնույթն է փոխվում և հարցնում են, իսկ ինչ ես մկրտում դու, եթե Քրիստոսը չես: Այս հարց ու պատասխանից հասկանալի է դառնում, որ փարիսեցիները արդեն վատ են տրամադրված և՛ Հովհաննեսի և Հիսուսի հանդեպ: Այլապես կարող էին համագործակցել և համեմատել մարգարեությունների հետ՝ ճշտելու համար: Օրթոդոքս հրեաները մինչև այժմ էլ պնդում են, որ իրենք Քրիստոսի չեն ընդունում որպես Մեսիա, բայց չեն մերժում որպես մի մարգարե: Այդ պատճառով նրանց մեջ մինչև վերջ այդ լարվածությունը մնաց: Հարցազրույցներից մեկի ժամանակ ուղղափառ մի քարոզիչ հարց ուղղեց օրթոդոքս հրեայի, որը պնդում էր, որ Քրիստոս մի մարգարե է և իրենք չեն հերքում այդ փաստը: Արհեստավարժ քարոզիչը խաչաձև հարցերով հրեային հաստատեց այն մտքի վրա, որ Հիսուս հաստատ մարգարե է, և միանգամից հարց տվեց, - Ապա ինչո՞ւ խաչեցիք, եթե մարգարե էր, միթե մարգարեին կարելի է խաչել ավազակի պես: Այստեղ օրթոդոքսը պատճառաբանեց, որ այդ ժամանակ կեղծ մարգարեներ շատ կային, դրա համար: Տեսնո՞ւմ եք, որ ճշմարտությունը ո՛չ խեղել կարելի է, ո՛չ էլ շեղել: Ճշմարտությունը նույնիսկ ապացուցելու կարիք չունի:
Հովհաննես Մկրտիչը մարդկանց մկրտում էր ապաշխարության մկրտությամբ և հայտարարում էր, որ ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, որ գալու է իմ հետևից և որի կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես: Հովհաննեսի խոնարհության աստիճանը հայտնի դառնում քահանաներին, որոնք փորձում էին Հովհաննեսին ծուղակը գցել, որ հանձն առնի թե ինքն է Քրիստոսը, բայց նա ամեն խոսքի մեջ մեծարեց Քրիստոսի և նվաստացրեց իր համբան ու անունը: Իսկ այսպիսի երևույթները վտանգ էր ներկայացնում քահանաների համար: Հովհաննես Մկրտիչը գտնվում էր Բեթաբրիայում՝ Հորդանանի մյուս ափին: Քահանաները սպասում էին Եղիային և Հովհաննեսի կյանքը նման էր Եղիային կյանքին: Հովհաննես Մկրտիչը բացատրում էր քահանաներին, որ անապատում կանչողի ձայնը ձեզ է ուղղված, որպեսզի պատրաստեք ձեր կյանքը, ուղղեք ձեր սրտերը դիմավորելու համար Հիսուս Քրիստոսին, բայց նրանք չէին կամենում հասկանալ Հովհաննեսին՝ իրենց սրտում կասկած ու նախանձ ունենալու պատճառով: Հովհաննեսը գուցե ասում էր,- Ես Քրիստոսի ձայնն եմ, որ աղաղակում է ամենքիդ, որ պատրաստ լինեք Նրա դիմավորելու: Քահանաների նպատակն էր Հովհաննեսին Քրիստոսի փոխարեն հրամցնել ժողովրդին, որպեսզի Քրիստոսի համբավը նվազի: Բայց իրենք առջև մեծ մարգարե էր, որը Աստծուց էր ուղարկված, որին չճանաչեցին գրքերը չիմանալու պատճառով: Իսկ Հովհաննեսը այդքան սիրված ու ճանաչված լինելով հանդերձ, իրեն իջեցրեց ծառայի կարգավիճակից էլ ցածր և ասաց, - Ես Նրա կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ: Քանի որ տերերի կոշիկների կապերը իրենց ծառաներն էին կապում և արձակում; Սիրելիներ այսօր առաջին գլխից այսքանը, իսկ վաղը կանցնենք մնացած համարների սերտողությանը՝ Աստծու կամքով և ողորմությամբ;
Թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի, որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։ Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք»։