ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հովհաննեսի Ավետարանի նախաբան
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Քրիստոսի համբերությունն ու խաղաղությունը թող հաստատվի յուրաքանչյուրիդ սրտում, Իր խոսքը լսելու և կատարելու համար: Տիրոջ մեծ ողորմությամբ մենք նորից միասին ենք, և այսօրվանից սերտելու ենք վերջին Ավետարանը, որը Հովհաննեսինն է: Չորս ավետարանների մեջ Հովհաննեսի ավետարանը ամենից ինքնատիպ է: Եթե նկատի չունենանք Հիսուսի չարչարանքների պատմությունը, այստեղ մյուս ավետարանների հետ ընդհանուր շատ քիչ բաներ կգտնենք: Դրան հակառակ Հովհաննեսի ավետարանը միակն է, որտեղ հիշատակված են որոշ դրվագներ, որոնք չկան մյուս ավետարաններում. ինչպես՝ Կանայի հարսանիքը, Հիսուսի հանդիպումները Նիկոդէմոսի հետ, սամարացի կնոջ հետ, Բեթհեզդայի անդամալույծի և ի ծնե կույրի հետ, և այլն: Հովհաննեսի ավետարանում առակներ չենք հանդիպելու, իսկ հրաշքներ և բժշկություններ՝ շատ քիչ: Հովհաննեսի նպատակն է ընթերցող հավատացյալի միտքը տանել դեպի սկիզբ: Չի խախտել դեպքերի ժամանակագրությունը իր գրվածքներում, ավելի շատ օգտագործում է Հիսուս անունը, քան Քրիստոս: Հիսուս Քրիստոսին իր ավետարանում ներկայացնում է որպես Լույս, Սեր և Կյանք: Հովհաննեսը այն երջանիկ ձկնորսներից մեկն է, որի ապրած ժամանակաշրջանում երկրի վրա ծնվել է Աստծու Որդին: Ո՛չ թե որևէ գաղափարի կրող, կամ փիլիսոփա է ծնվել, այլ՝ Աստված է ծնվել երկրի վրա մարդացյալ տեսքով, որը դուրս է գալիս քարոզելու և որպես աշակերտ հավաքագրում է ոչ թե թագավորների, քահանայապետների, օրենքի ուսուցիչների, կամ փարիսեցիների, այլ պարզ ձկնորսների, որոնք համաձայնում են աշակերտել Իրեն: Այդ աշակերտներից մեկն էլ Հովհաննեսն էր: Ընտրված աշակերտները բոլորը տարբեր էին իրենց տեսակով ու էությամբ, և երբեմն էլ անհամատեղելի: Պետրոսը բոլորից շատ սիրեց Քրիստոսին, բայց Քրիստոս ընտրեց և սիրեց Հովհաննեսին, ինչի մասին վկայում են աշակերտները:Հովհաննեսը չամուսնացած էր, մաքուր սիրտ ուներ և իր ողջ կյանքը նվիրեց միայն քարոզության և ծառայության: Առաջին դարի քրիստոսի եկեղեցու հիմնական ծանրությունը տնկած է եղել Պետրոսի, Հովհաննեսի և Հակոբոսի ուսերին: Չնայած Տէր Հիսուս երկնքի արքայության բանալիները Պետրոսին խոստացավ, բայց Հովհաննեսի նկատմամբ այլ վերաբերմունք ուներ:Երբ մի առիթով քայլում էին Տէր Հիսուսն ու Պետրոսը, նրանց հետևից քայլում էր Հովհաննեսը, և Պետրոսի այն հարցին, թե այս աշակերտը ինչ կլինի, Տէր Հիսուս ասաց, - ես կամենում եմ որ դա ապրի:Հետագայում բոլորը կարծում էին, թե Հովհաննեսը չի մեռնելու: Դժվար է ասել, թե որքան ապրեց Հովհաննեսը, բայց իր ապրած տարիների բոլոր օրերը Քրիստոսի հետ է եղել մինչև Համբարձում: Հովհաննես միակն էր աշակերտներից, որը Գողգոթայի խաչի մոտ էր մնացել, Մարիամ Աստվածածնի հետ: Այս մասին իմանում ենք Քրիստոսի այն խոսքից, որ խաչի վրայից պատգամ տվեց Հովհաննեսին, Իր մոր խնամքը տանելու վերաբերյալ և նաև Մարիամ Աստվածածնին պատվիրեց Հովհաննեսի ընդունել որպես որդի: Այս խորհուրդը կատարվեց խաչի մոտ, որը չտեսան մյուս աշակերտները: Սա մեծ մխիթարություն և օրհնություն էր Հովհաննեսի համար: մարիամ Աստվածածին մինչ կյանքի ավարտը ապրեց Հովհաննեսի մոտ: Ավանդությունն ասում է, որ Քրիստոսի Համբարձումից հետո Աստվածածինը ամեն օր գնում էր Գեթսեմանիի պարտեզը և աղոթքով խնդում, որ Քրիստոս իրեն տանի Իր մոտ: Մի օր էլ երկնքից հայտնվում է նույն Գաբրիել հրեշտակը, որն Աստվածածնին ավետել էր հղության մասին, հայտնում է Մարիամին, որ նրա կյանքի օրերը ավարտվել են; Մարիամ Աստվածածինը անմիջապես տուն է վերադառնում և հայտնում է այդ մասին Հովհաննեսին:
Աստվածածնից հետո սկսվում է Հովհաննես առաքյալի հալածանքները և մի օր էլ Հռոմի կայսեր հրամանով մեծ պատիժ է նախատեսվում Հովհաննեսին իր ունեցած մեծ համբավի և ժողովրդականության համար: Պատժից առաջ պարտադրում է, որ Հովհաննեսը հրաժարվի Քրիստոսից և ազատվի նաև պատժից: Հովհաննեսը համառորեն հրաժարվում է և ընդունում է պատիժը: Կատաղած կայսրը հրամայում է Հովհաննեսին նետել ձեթով եռացող կաթսայի մեջ: Երբ Հովհաննեսին նետում են կաթսայի մեջ, ձեռը սառած է լինում: Այս երևույթը սարսափեցնում է կայսրին և նա հրամայում է աքսորել Հովհաննեսին, որքան որ հնարավոր է հեռու Հռոմից ու իր աչքից: Հովհաննեսը հայտնվում է Պատմոս կղզում: Կայսրը չգիտեր, որ այս աքսորը պատճառ դարձավ Աստվածաշնչի մի մեծ հայտնության: Այդ կղզում Հովհաննեսը գրեց իր Հայտնության Գիրքը՝ Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով, որը պիտի կարդար ամբողջ աշխարհը:Այդ կղզում եղած ժամանակ Հովհաննեսը արժանացավ տեսնել աշխարհի վախճանը նկարագրող բոլոր փաստերը և դրանք արձանագրել իր աշակերտի միջոցով: Աշխարհի վախճանի հայտնություն Հովհաննեսին տրվել է Աստծուց՝ առանց ժամ ու ժամանակ նշելու և երբեմն էլ անհասկանալի խորհրդանիշներով: Հովհաննես առաքյալը նաև համարվում է աստվածաբան: Նա իր ավետարանը գրում է ավելի ուշ, քան մյուս աշակերտները և իր ավետարանը ավելի շատ աստվածաբանական է: Իր խորը ծերության ժամանակ Հովհաննես առաքյալը մարդկանց միայն մեկ պատգամ էր տալիս, և ասում էր ,- սիրեք միմյանց, որովհետև դրանից մեծ ոչինչ չկա աշխարհում:Ավանդություն նաև պատմում է, որ Հովհաննես առաքյալը իր առավել խորը ծերության ժամանակ խնդրում էր իր աշակերտներին, որ իրեն տանեն ու գերեզմանի մեջ դնեն:Աշակերտները խնդրում են, որ իրենց այդպիսի հանձնարարական չտա, քանի որ շատ են սիրում իրեն, բայց Հովհաննեսը պնդում է իր պահանջը:Աշակերտները կատարում են նրա պատվերը: Որոշ ժամանակ անց գնում են գերեզման տեսնելու համար թե ինչ եղավ, հույս ունենալով, որ նրան կենդանի կտեսնեն: Բայց մեծ է լինում բոլորի զարմանքը, երբ մարմինը գերեզմանում չեն գտնում: Ենթադրում են, որ Աստված նրան մարմնով տեղափոխել է երկինք, ըստ այն խոսքի, որ Տէր Հիսուս ասաց,- Ես կամենում եմ, որ դա ապրի: Ասվում է, որ Տիրոջ Երկրորդ Գալուստից առաջ Ենովքի ու Եղիայի հետ գալու է նաև Հովհաննեսը, հրեաներին քարոզելու և դարձի բերելու: Սակայն նրանց սպանելու են, և երրորդ օր նրանք հարություն են առնելու: Դա մեծ արթնություն է լինելու հրեաների համար: Հովհաննեսը որդին էր Սաղոմեի և Զեբեդեոսի և եղբայրն էր Հակոբոսի: Հովհաննես առաքյալի խորհրդանիշն է արծիվը, նկատի ունենալով նրա հեռու թռչող միտքը, որով և շարադրել է իր ավետարանը: Հովհաննես առաքյալը բացի իր ավետարանից, ու Հայտնության գրքից, հեղինակն է նաև երեք ընդհանրական թղթերի: Հովհաննես անունը նշանակում է ,,Տէրը ողորմած է,,: Սիրելիներ ձեզ ներկայացրի Հովհաննես առաքյալի համառոտ կենսագրականը, մի քանի խոսքով ձեզ ներկայացնեմ իր Ավետարանի ընդհանուր պատկերը, որպեսզի ձեզ հասկանալի լինի Հովհաննեսի գրելու ոճը, ինչպես որ իմացաք մյուս երեք Ավետարանիչներինը: Իր ավետարանի առաջաբանում, որը մի տեսակ բանաստեղծական ձև ունի, Հովհաննեսը Հիսուսին ներկայացնում է որպես Աստծո հավերժական Բանը(Խոսքը), որը մարմնավորվելով գալիս է ապրելու մարդկանց հետ՝ նրան մեջ դառնալով խորհրդանիշ՝ կյանքի, լույսի և ճշմարտության: Ավետարանը կարելի բաժանել երկու մեծ մասերի: Առաջին մասում նախ հանդես են գալիս Հովհաննես Մկրտիչը, նրա աշակերտ Անդրեասը, ինչպես նաև Փիլիպոսն ու Նաթանայելը, որոնք արտահայտվում են յուրաքանչյուրն իր ձևով, ինչը որ բացահայտել են Հիսուսի անձի մեջ:
Այնուհետև պատմում է Հիսուսի զանազան հանդիպումների և Նրա գործած յոթ հրաշքների մասին, որոնք ավետարանիչը ներկայացնում է, որպես նշաններ, դրանով ընդգծելով այն միտքը, թե՝ էական դրանց իմաստը հասկանալն է: Երկրորդ մասում Հիսուս Իր աշակերտներին տալիս է վերջին հանձնարարությունները, որոնք որոշ իմաստով կազմում են Նրա հոգևոր կտակը: Ապա իր աղոթքով Նա պատրաստվում է դիմագրավել մահը և Իր Հորն է վստահում նրանց, ում պիտի թողնի իր հետևում: Հիշատակելով Հիսուսի ձերբակալությունը, դատապարտությունը, և մահը խաչի վրա. ապա նաև թափուր գերեզմանի հայտնաբերումը: Զատկի օրը նշանավորում է նրանով, որ հարուցյալ Հիսուս երևում է Մարիամ Մագդաղենացուն, հետո իր աշակերտներին՝ մասնավորապես Թովմասին; Իսկ եզրակացության մեջ բացահայտված է ավետարանի բուն նպատակը, որ ընթերցողներին քայլ առ քայլ բերել այն բանին, որ նրանք Հիսուսի անձի մեջ ճանաչեն խոստացված Մեսիային՝ Աստծու Որդուն: Առաքյալի աստվածաբանական ոճով հրելու համար պատճառ են հանդիսացել ժամանակի տարատեսակ շարժումները, որոնք կասկածի տակ էին դնում Քրիստոսի Աստծու Որդի լինելու հանգամանքը: Այդ շարժումներից մեկն է գնոստիկական շարժումն էր:
Գնոստիցիզմ (հունարեն) գիտելիք, իմացություն, ճանաչողություն, կրոնափիլիսոփայական համակարգերի ամբողջություն։ Ծագել է 1-2-րդ դարերի հեթանոսական տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք է գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստոնեական ուսմունքը միացնել արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղ քրիստոնեական հերետիկոսության վարդապետություններին:
Ավետարանը սկսվում է գեղեցիկ խորհրդավոր նախադասությամբ.- Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծու մոտ էր: Այս նախադասությունը ընթերցողին տանում է դեպի հեռավոր անցյալ, ուր սկիզբ չկա, ինչքան էլ որ հետ գնաս: Հովհաննես առաքյալը մեր ներկայացնում է ո՛չ միայն աշխարհի վախճանը, այլ՝ նաև հեռավոր անցյալը; Սիրելիներ աղքատ ընտանիքի անուս որդին առանց կրթության դարձավ աստվածաբան և և կարողացավ պաշտպանել իր աստվածաբանական թեզը ՝ Քրիստոսի մարդեղության վերաբերյալ, և կարողացավ փակել ժամանակի հերետիկոսների բերանը հիմնովին; վերջում գրեց իր ավետարանը, որպեսզի լրացնի իր առաքյալ եղբայրների մտքի բացթողումները և հաստատի բոլոր այն ճշմարտությունները, որին ականատես է եղել անձամբ: Քրիստոսի համբարձումից 32 տարի հետո Պատմոս կղզին դարձավ Հովհաննես առաքյալի համար բարձրագույն ուսումնական հաստատություն, և ինքը դարձավ հմուտ վարդապետ՝ բազում անուսների համար: Մաքուր էր սիրտը, սիրվեց Քրիստոսից, իսկ Քրիստոսից հետո տեսավ Նրան՝ իր աչքերով: Իսկ Մեր կյանքն ու դարաշրջանը սկսվեց Հիսուսի ծնունդով՝ Բեթղեհեմից: Ինչպես որ իր ավետարանում գրում է Հովհաննես առաքյալը, թե՝ Կյանքը Նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր և խավարը Նան չնվաճեց: Այսօր այսքանը ձեզ խորհրդածելու համար Հովհաննես առաքյալի կյանքի ու չարչարանքների վերաբերյալ, նրա հավատքի ու հավատարմության վերաբերյալ, նրա ծառայասիրության հոգու և ստացած վարձի մասին: Վաղը կանցնենք բուն սերտողությանը՝ առաջին գլխից՝ Աստծու բարեգութ կամքով:
Թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի, որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։ Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք»։ Հռոմ.15:5