ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 24: 36 – 53
ՅԻՍՈՒՍ Կ՚ԵՐԵՒԻ ԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ
36 Քանի որ այս բաները կը խօսէին, Յիսուս ինք կայնեցաւ անոնց մէջտեղը ու ըսաւ անոնց. «Խաղաղութիւն ձեզի»։ 37 Բայց անոնք զարհուրելով կը վախնային ու կը կարծէին թէ ոգի մը կը տեսնեն։ 38 Եւ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ խռոված էք եւ ինչո՞ւ սրտերնուդ մէջ խորհուրդներ կ՚ելլեն։ 39 Տեսէ՛ք ձեռքերս ու ոտքերս, որ ես ինքս եմ. շօշափեցէ՛ք զիս ու տեսէ՛ք, վասն զի ոգին մարմին ու ոսկոր չունենար, մինչդեռ կը տեսնէք թէ ես ունիմ»։ 40 Այս ըսելով՝ ձեռքերը ու ոտքերը ցուցուց անոնց։ 41 Երբ տակաւին իրենց ուրախութենէն չէին հաւատար եւ զարմանքի մէջ էին, ըսաւ անոնց. «Ուտելիք մը ունի՞ք հոս»։ 42 Անոնք ալ կտոր մը խորոված ձուկ ու մեղրախորիսխ տուին իրեն։ 43 Առաւ կերաւ անոնց առջեւ։ 44 Եւ ըսաւ անոնց. «Ասոնք են այն խօսքերը որոնք ձեզի խօսեցայ, երբ դեռ ձեզի հետ էի, թէ ‘Պէտք է որ կատարուին այն ամէնը՝ որոնք Մովսէսին օրէնքին ու մարգարէներուն մէջ եւ սաղմոսներուն մէջ ինծի համար գրուած են»։ 45Այն ատեն անոնց միտքը բացաւ որպէս զի գրքերը հասկնան. 46 Եւ ըսաւ անոնց. «Այսպէս գրուած էր եւ այսպէս պէտք է Քրիստոս չարչարուէր ու երրորդ օրը մեռելներէն յարութիւն առնէր, 47 Անոր անունովը ապաշխարութիւն ու մեղքերու թողութիւն քարոզուէր բոլոր ազգերուն մէջ՝ Երուսաղէմէն սկսած։ 48 Ու դուք էք այս բաներուն վկաները։ 49 Եւ ահա՛ ես իմ Հօրս խոստումը ձեզի կը ղրկեմ. բայց դուք Երուսաղէմ քաղաքիս մէջ նստեցէք, մինչեւ վերէն զօրութիւն առնէք ձեր վրայ»։
ՅԻՍՈՒՍ ՀԱՄԲԱՐՁԱՒ
50 Եւ զանոնք մինչեւ Բեթանիա հանեց ու իր ձեռքերը վեր վերցնելով՝ օրհնեց զանոնք։ 51 Երբ զանոնք կ՚օրհնէր, զատուեցաւ անոնցմէ ու վեր կ՚ելլէր երկինք։ 52 Անոնք ալ երկրպագութիւն ընելով անոր՝ մեծ ուրախութեամբ Երուսաղէմ դարձան. 53 Եւ ամէն ատեն տաճարին մէջ էին ու կը գովաբանէին եւ Աստուած կ՚օրհնէին։ Ամէն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. մենք երեկ ծանոթացանք նաև Էմմավուսի ճամփորդներին, որոնք լքել էին Երուսաղեմը, պատահած դեպքերից հետո և բանավիճելով վերադառնում էին իրենց գյուղը: Տէր Հիսուս Իր հարությունից հետո հանդիպեց հատկապես նրանց, որոնց մեջ կասկած ու տարակուսանք կար պատահած դեպքերի առումով: Երբ մոտեցավ Էմմավուս գնացող աշակերտներին և հետաքրքրվեց նրանց վեճի թեմային մասին, ամենևին էլ չգոհացավ նրանց տված պատասխանից, քանի որ շատ տկար էր նրանց պատկերացումը Աստծու Որդու զորության վերաբերյալ: Քանի որ կարծում էին, թե փրկելու է Իսրայելը, իսկ Ինքը խաչվեց և Իրեն ոչ ոք չփրկեց: Նույնիսկ չլեսեց, որ աշակերտները Իրեն Աստծու Որդի անվանեն, այլ ասացին մի մարգարե մարդ էր: Տէր Հիսուս բացեց այս աշակերտների միտը և նրանք հասկացան կատարվածը և շտապեցին մյուսներին էլ լուր տալ այդ մասին: Ողջ Երուսաղեմում իրարանցում է այդ դեպքերի առիթով և Հիսուս հայտնվում է այն մարդկանց, որոնք պիտի շարունակեն Իր վարդապետության քարոզությունը: Շրջում է կարևոր տեղերում և փարատում բոլոր կասկածները, որ սատանան դրել էր նրանց սրտում: Իրականում եթե Հուդայի արարքը համարում ենք մեծագույն մեղք, ապա պակաս մեծ մեղք չէր պետրոսի ուրացումը, և նույնքան մեծ է մեղքը մյուս աշակերտների, որոնք լքեցին Հիսուսին ամենածանր փորձության մեջ: Սատանան տեսավ, որ չի կարողանում պայքարել Իրական Ճշմարտության դեմ, սկսեց պայքարել աշակերտների սրտում եղած ճշմարտության դեմ և այնտեղ վախ ու կասկած առաջացրեց, որից հետո նրանք փախուստի դիմեցին: Իսկ Հարությունից հետ Տէր Հիսուս կարճ ժամանակով այցելում է բոլորին, նրանց մեջ վերացնելու համար եղած բոլոր վախերն ու կասկածները: Ինչու է նրանց անճանաչելի կերպով հայտնվում, քանի որ Իր փառավորյալ աստվածային վիճակի մեջ էր արդեն և պարզ մարդիկ այդ կերպին երկար չէին դիմանա: Ո՞վ կարող էր երկար դիմանալ Թաբոր լեռան վրա Պայծառակերպված Հիսուսի ներկայությանը, այնպես էլ Հարությունից հետո Իր փառավորյալ տեսքով երկար չէր մնում աշակերտների մոտ:
Աշակերտները Երուսաղեմում ի մի հավաքված, միմյանց պատմում էին իրենց տեսածների մասին, կանանց հանդիպած հրեշտակի մասին, և Էմմավուսի երկու ճամփորդներն էլ իրենց հետ կատարվածն էին պատմում, երբ հանկարծ իրենց մեջ հայտնվեց Հիսուս Քրիստոս և ասաց,- Խաղաղություն ձեզ, ե՛ս եմ, մի՛ վախեցեք: Տէր Հիսուս գիտեր, որ նրանք վախեցած են երկու առումով: Նախ փարիսեցիների և քահանայապետների ճնշումներից, որ սպասվում էր իրենց Քրիստոսից հետո, երկրորդն էլ վախենում էին հենց իրենց արարքից, որ լքել էին Հիսուսին նեղության մեջ, Պետրոսը ուրացել էր և այլն: Փարատեց Տէր Հիսուս բոլոր վախերը, ասելով,- Ես եմ: Փրկության ծրագիրը կատարված էր, մնում էր աշակերտների մեջ հաստատել իր խոսքերը և ազատել նրանց ամեն տեսակ վախից ու կասկածից, ինչի մեջ էին այդ պահին բոլոր աշակերտները անխտիր: Ավետարանն ասում է, որ նրանք այնքան զարհուրած էին, որ կարծում էին, թե մի ոգի են տեսնում: Տէր Հիսուս երկրորդ հարցն է տալիս նրանց, քանի տեսնում է նրանց վախվորած վիճակը, և հարցնում.- Ինչու ձեր սրտերում կասկածներ են ծագում: Սրտերի մասին խոսելով կամեցավ աշակերտներին բացահայտ ցույց տալ Իր աստվածային ծագումը, որ միայն Աստված կարող է սրտերը տեսնել, և ես տեսնում եմ, որ ձեր սրտերում վախ կա: Որից հետո ցույց տվեց Իր ձեռքերն ու ոտքերը, փաստելու համար, որ իրենց աչքի առջև ո՛չ թե մի ոգի է կանգնած, այլ նույն Ինքը՝ Վարդապետը, որին սիրում էին: Կամեցավ որ շոշափեն իրեն, քանի որ ոգին մարմին և ոսկորներ չունի: Սիրելիներ, այս պատմությունը պետք է զգալ ամբողջ հոգով, ամբողջ սրտով և ամբողջ մտքով, քանի որ եթե Աստված կամենա, մենք էլ ենք արժանանալու նմանատիպ մի հանդիպման՝ Տիրոջ Երկրորդ Գալուստին: Պատկերացնո՞ւմ եք աշակերտների տագնապային վիճակը, որ դեռ չգիտեն ուրախանա՞ն, թե՞ վախենան, ողջագուրվե՞ն Վարդապետի հետ, թե արժանիի չեն այդ բերկրանքին, քանի որ ամենը իրեն մեղավոր զգում: Իսկ սրտեր քննողը նրանց ասում է,- Այստեղ ուտելու բան ունե՞ք: Այս խոսքերը ասում է, որպեսզի նրանց դուրս բերի ուրվական տեսածի սարսափից, և հաստատի այն մտքի մեջ, որ մարմինն է հարություն առել և իրենց առջև է կանգնած: Կարծես արդեն խորը շունչ քաշեցին աշակերտները և տվեցին նրան ինչ որ ունեին՝ ձուկ և մեղրախորիսխ: Կերավ վարդապետը իրենց աչքի առջև և իրենց էլ տվեց՝ ուտելու: Խոսեց աշակերտների հետ և կրկին հիշեցրեց այն խոսքերը որ ասել էի Իր մասին, և ինչը որ գրված էր մարգարեական գրքերում և սաղմոսներում:
Ավետարանիչն ասում է, այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան գրքերը: Մարդու կյանքի մեջ ավելի երանելի պահ չկա, քան որ Աստված բացի մարդու միտքը՝ Սուրբ Գրքերը հասկանալու համար: Ինչպես որ Ժողովողի գիրքն է ասում, - ամեն բանի ժամանակը կա: Եկավ մտքերը բացելու ժամանակը, որպեսզի գրքերի եղածը հասկանան: Աշակերտների մտքերը բացեց միայն այն բանից հետո, երբ խաղաղեցրեց նրանց սրտերը, հանեց ամեն տեսակ վախ ու կասկած, փաստեց իր Հարուցյալ վիճակը, և հետո միայն լուսավորեց նրանց մտքերը: Մարդկանց սրտերը պետք է դատարկ լինի ամեն տեսակ վախ ու կասկածից, թերահավատությունից ու անհուսությունից ու սնահավատությունից, որպեսզի Աստված բացի նրանց մտքերը, այլապես անիմաստ է, քանի որ ճշմարտությունն ու կեղծիքը միասին ապրել չեն կարող մի տարածքի մեջ:Աշակերտների մտքերը բացելուց հետո, նորից կրկնեց, որ Քրիստոս պետք է խաչվեր և հարություն առներ մեռելներից՝ երրորդ օրը: Ապա քարոզվեր Նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն՝ բոլոր ազգերի մեջ, Երուսաղեմից սկսած: Եվ այս բաների վկաները դուք եք,- ասում է Տէրը աշակերտներին; Մինչ այս պահը, որ աշակերտները կլանված լսում են իրենց Վարդապետին, ո՛չ մեկի մտքով չի անցնում, որ սրանք վերջին հորդորներ են, որ լսում են դեմ դիմաց՝ իրենց Ուսուցչից: Այնուհետև աշակերտներին տալիս է իրեն գլխավոր ու փրկչական առաքելության կարևոր պարտականությունները, ասելով,- Եվ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստեցեք Երուսաղեմում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք: Ապաշխարությունը և մեղքերի թողությունը այլևս Հովհաննեսի մկրտությամբ չէր լինելու, այլ՝ Քրիստոսի մկրտության նմանությամբ, որտեղ ներկա էին Հայրը և Սուրբ Հոգին: Այսինքն մկրտությունը այսուհետ պիտի կատարվի Հոր, Որդու և Սուրբ հոգու անունով: Այսուհետ մկրտությունը պետք է լինի Քրիստոսի մահով, որպեսզի ավարտվի հարությամբ: Ինչպես որ մենք երեքանգամյա ընկղմումով այդ խորհուրդն ենք կատարում մկրտվողի համար, որպեսզի վերստին ծննդյամբ հարություն առնի իր հին մարդուց Քրիստոսի անունով;
Ամբողջացավ ամեն բան, կատարվեց աշխարհի մեծագույն հրաշքը՝ մարդկության փրկությունը՝ Քրիստոսի մահվամբ և Հարությամբ: Պատվերը տրվեց պատկան մարդկանց՝ հետագա սերունդների համար նույնպես, որպեսզի Քրիստոսին հավատացողը մկրտվի, ապաշխարությամբ և մեղքերի թողությամբ ապրի իր կյանքը՝ Մինչև կիկին հանդիպումը իր Ստեղծողի հետ:
Այսպիսով պետք է միավորվեր համայն մարդկությունը՝ մեկ հավատ մեկ եկեղեցի գաղափարի շուրջ: Սիրելիներ, Ղուկաս ավետարանիչը մեզ հակիրճ է տեղեկացնում իրադարձությունները, բայց մենք տեսնում ենք, որ այս հանդիպումը և զրույցը աշակերտների հետ կատարվել է Հարությունից քառասուն օր հետո՝ Համբարձման ժամանակ: Քանի որ ասում է,-ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա, և բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց:Մինչ օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ աշակերտները երկրպագեցին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ: Միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն: Հիմա մենք տեսնենք տարբերությունը աշակերտների հոգեվիճակի մեջ մինչև Հարուցյալ Քրիստոսին հանդիպելը և հանդիպումից հետո: Վերացած է վախը, ուրախ է սրտերը, բաժանումը տեղի ունեցավ քաջությամբ, վերադարձը՝ ծառայելու պատրաստակամությամբ: Օրհնեց վերջին պահի աշակերտներին՝ զորություն փոխանցելով նրանց, մինչև համբարձումից- Հոգեգալուստ, որով արդեն աշակերտները արդեն պատրաստի առաքյալների էին համայն աշխարհի համար: Սիրելիներ, այսպիսին է Քրիստոսի խոսքի զորությունը, օրհնության ուժը, շնորհի փրկարար հատկությունը, երբ փոխանցվում է սրտից սիրտ, այնպես ինչպես Քրիստոսից փոխանցվում է Իրեն հավատացող ամեն մի սրտի: Քրիստոս ուրիշ որևէ մեկին չհանդիպեց հարությունից հետո, քանի որ իր նպատակն էր գտնել մաքուր սրտեր, հաստատել Իր խոսքն այնտեղ, պատրաստել նրանց՝ աշխարհի համար որպես քարոզիչներ: Իսկ թե ո՞ւր մնացին քահանայապետներն ու օրենքի ուսուցիչները իրենց դավադրությամբ և ամոթահար վիճակով, միայն Աստծուն է հայտնի:
Հիսուս Քրիստոս փոխանցեց իր խոսքը առաքյալներին, առաքյալներն էլ իրենց հերթին հաջորդականությամբ փոխանցեցին հետագա սերունդներին, մինչև հասավ մեր օրերը: Ես էլ կամեցա ձեզ փոխանցեմ ավետարանների սերտողությունը՝ սրտից- սիրտ, որպեսզի մեր Տիրոջ խոսքը աճի ու բազմանա ձեր պարարտ հողի մեջ: Աստված կամենա, որ պտուղն էլ մեր Տիրոջը գոհացնի: Սիրելի հավատացյալ համայնք, այսօր Աստծու նախախնամ կամքով ավարտեցինք նաև Ղուկասի Ավետարանը: Ծանոթացանք նաև Ղուկասի մտածելակերպին ու տրամաբանությանը: Արդեն երրորդ Ավետարանն ենք ավարտում, ասել է թե՝ տեղյակ ենք երեք ավետարանիչների տեսակետներին ու ներկայացրած պատմություններին: Մեզ մնում է ծանոթանանք Հովհաննեսի Ավետարանին, որը չափազանց լուռ էր այս ողջ ընթացքում, իսկ թե ի՛նչ է պատրաստել մեզ համար մեր սիրելի Հովհաննեսը, կիմանանք շուտով: Փառք Աստծուն, որ ինձ առողջություն, կյանք, ժամանակ, տրամադրություն, զորություն և ցանկություն պարգևեց այս ծավալուն աշխատանքը կատարելու համար, հանուն այն խոսքի, որ ինձ պատվիրել է, թե,- Եթե սիրո՛ւմ ես ինձ, արածեցրու իմ գառներին: Շնորհակալ ենք Ղուկաս Ավետարանչին՝ մեզ եզակի նյութեր տրամադրելու համար և թող մեր ավետարանիչները բարեխոս լինեն մեր Տիրոջ առջև, եթե որևէ միտք սխալ ենք ըմբռնել, կամ սխալ ենք հասկացել, թող բոլոր սխալները ուղղվի Հովհաննեսի ավետարանի սերտողության ժամանակ: Շնորհակալ եմ ձեզ սիրելի հոգևոր ընտանիք, որ կապվեցի ձեզ հոգևոր կապով, քանի որ դուք ձեր ամենօրյա մշտական ներկայությամբ առավոտվա իմ մեկ ժամը դարձրիք կենդանի շփում՝ ձեզ հետ՝ ձեր մեկնաբանություններով ու զանգերով: Աստված կամենա, շուտով կսկսենք չորրորդ՝ Հովհաննեսի Ավետարանի սերտողությունը, իսկ մեր նախնական պայմանավորվածությունը ուժի մեջ է այն առումով, որ յուրաքանչյուր ավետարանից հետո ձեզ կարճ արձակուրդ եմ տալու: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեր սրտերի մշտական ուրախություն բերի, որպեսզի դուք է աշակերտների պես վստա՛հ լինեք Տիրոջ խոսքի մեջ, պատրաստակա՛մ լինեք ծառայության մեջ, հավատարիմ լինեք փոքրի մեջ, և ամենակարևորը՝ հույսով լեցուն լինեք Տիրոջ Երկրորդ գալուստի հանդեպ: Մնացեք համբերությամբ, հավատքով և կրկին հանդիպելու ակնկալիքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Նույն ջերմեռանդությամբ ու սիրով ներկա լինեք Հովհաննեսի Ավետարանի սերտողությանը: Աստված օրհնի բոլորիդ՝ ձեր ընտանիքներով և առողջ պահի մինչ հանդիպում ,,Հանապազօրյա Հացի,, սեղանի շուրջ: