ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 24: 1- 35
ՅԱՐՈՒԹԻՒՆԸ
1 Մէկշաբթի օրը առտուն շատ կանուխ, կիները գերեզման գացին ու տարին այն խունկերը որոնք պատրաստեր էին եւ ուրիշ կիներ ալ անոնց հետ։ 2 Ու քարը գերեզմանէն մէկդի գլորուած գտան։ 3 Ներս մտնելով՝ Տէր Յիսուսին մարմինը չգտան։ 4 Երբ դեռ անոնք այս բանին համար տարակուսանքի մէջ էին, ահա երկու մարդիկ լուսափայլ հանդերձներով հասան անոնց։ 5 Երբ վախով լեցուած՝ երեսնին դէպի գետինը ծռեցին, այն մարդիկը ըսին անոնց. «Ինչո՞ւ համար ողջը մեռելներուն հետ կը փնտռէք. 6 Հոս չէ ան, հապա յարութիւն առաւ. մտքերնիդ բերէք թէ ի՛նչ ըսաւ ձեզի, երբ դեռ Գալիլիայի մէջ էր. 7 ‘Որդին մարդոյ պէտք է որ մեղաւոր մարդոց ձեռքը մատնուի ու խաչը ելլէ ու երրորդ օրը յարութիւն առնէ’»։ 8 Մտքերնին բերին անոր խօսքերը։ 9 Ու գերեզմանէն դառնալով՝ այս բոլոր պատմեցին տասնըմէկին եւ ուրիշներու։ 10 Այս կիներն էին Մարիամ Մագդաղինացին ու Յովհաննան եւ Յակոբոսին մայրը Մարիամը ու անոնց հետ ուրիշներ ալ, որոնք այս բաները առաքեալներուն պատմեցին։ 11 Բայց անոնց առջեւ ցնորական խօսքեր երեւցաւ ըսուածը ու չէին հաւատար անոնց։ 12 Բայց Պետրոս ելաւ վազեց դէպի գերեզմանը ու ծռելով նայեցաւ եւ տեսաւ որ միայն կտաւները կը կենային ու գնաց՝ իր մտքին մէջ զարմանալով այն եղածին վրայ։
ԷՄՄԱՈՒՍԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ
13 Աշակերտներէն երկուքը նոյն օրը գիւղ մը կ՚երթային, որ Երուսաղէմէն վաթսուն ասպարէզ հեռու էր, անոր անունը Էմմաուս էր։ 14 Անոնք կը խօսէին իրարու հետ այս բոլոր եղած անցքերուն վրայով։ 15 Երբ անոնք կը խօսակցէին ու խորհրդածութիւն կ՚ընէին, Յիսուս՝ ինքն ալ մօտենալով՝ անոնց հետ կ՚երթար։ 16 Բայց անոնց աչքերը բռնուած էին, որպէս զի զինք չճանչնան։ 17 Այն ատեն ըսաւ անոնց. «Ի՞նչ են այդ խօսքերը՝ որ քալելով իրարու հետ կը խօսակցիք ու տրտմած ալ էք»։ 18 Պատասխան տուաւ անոնցմէ մէկը, որուն անունը Կղէովպաս էր ու ըսաւ անոր. «Դո՞ւն միայն Երուսաղէմի մէջ կաս ու չես գիտեր թէ ինչե՜ր եղան հոն այս օրերս»։ 19 Ան ալ ըսաւ անոնց. «Ի՞նչ»։ Անոնք ալ ըսին իրեն. «Նազովրեցի Յիսուսին համար, որ Աստուծոյ եւ բոլոր ժողովուրդին առջեւ գործով ու խօսքով զօրաւոր մարգարէ մը եղաւ. 20 Ի՛նչպէս քահանայապետները ու մեր իշխանները մահուան մատնեցին զանիկա եւ խաչը հանեցին։ 21Իսկ մենք կը յուսայինք որ անիկա էր, որ Իսրայէլը պիտի ազատէր։ Այս ամենուն վրայ այս երրորդ օրն է, որ այս բաները եղան։ 22 Բայց մեր մէջէն մէկ քանի կիներ ալ մեզ զարմացուցին։ Անոնք առտու կանուխ գերեզմանը գացին 23 Բայց անոր մարմինը չգտնելով՝ եկան ու ըսին թէ հրեշտակներու տեսիլք ալ տեսան, որոնք ըսեր են թէ՝ ‘Անիկա ողջ է’։ 24 Մերիններէն մէկ քանիներն ալ գերեզմանը գացին ու այնպէս գտան, ինչպէս այն կիները ըսին, միայն թէ զինք չտեսան»։ 25 Ան ալ ըսաւ անոնց. «Ո՛վ անմիտներ ու թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներուն, որոնք մարգարէները խօսեցան. 26 Չէ՞ որ Քրիստոս պէտք էր այս չարչարանքները կրէր եւ իր փառքը մտնէր»։ 27 Ու սկսելով Մովսէսէն ու բոլոր մարգարէներէն, կը մեկնէր անոնց, ինչ որ իրեն համար բոլոր գրքերուն մէջ գրուած էր։ 28 Երբ մօտեցան այն գիւղին՝ ուր կ՚երթային, ինք ալ ցուցուց որպէս թէ աւելի հեռու տեղ մը պիտի երթար։ 29 Բայց ստիպեցին ու ըսին. «Մեր քո՛վ կեցիր, վասն զի իրիկունը մօտ է եւ օրը իջած։ Ան մտաւ անոնց հետ։ 30 Երբ ինք անոնց հետ սեղան նստաւ, հաց առաւ, օրհնեց ու կտրելով տուաւ անոնց։ 31Այն ատեն անոնց աչքերը բացուեցան ու զինք ճանչցան եւ ինք անոնցմէ աներեւոյթ եղաւ։ 32 Իրարու կ՚ըսէին. «Չէ՞ որ սրտերնիս մեր ներսիդին կը բորբոքէին, երբ ինք մեզի հետ կը խօսէր ճամբան եւ գրքերը կը մեկնէր»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. վերադառնանք երեկվա կիսատ թողած գործերին և տեսնենք, թե ով ինչով է զբաղված այդ խոշոր իրադարձությունից հետո, երբ լուրը տարածվեց, որ Հիսուս մահացավ խաչի վրա և նրան թաղեցին մի վիմափոր գերեզմանի մեջ: Բնականաբար շատերը հուսահատվեցին, շատերը հեռացան Երուսաղեմից՝ հիասթափված, շատերը սկսեցին վախենալ սպասվող հալածանքներից, որ շրջել Վարդապետի հետ և հավատացել են Նրան: Որովհետև իշխանությունը հալածողների ձեռքում էր, և ժողովուրդը վախենում էր դրանից: Ճիշտ այնպես, ինչպես որ ընտրությունների ժամանակ պարտվող կողմը սկսում է վախենալ հաղթող կողմից, որ քննադատել է նրան: Մի խոսքով մարդկությունը միշտ էլ ստրուկի հոգեբանությամբ է ապրել, երբ սրտում Աստված չի ունեցել: Օրը շաբաթ էր և լուսանում էր կիրակին: Հովսեփ Արիմաթացին Հիսուսի մարմինը դրել գերեզմանում և անհամբեր սպասում է մի լուրի: Քահանայապետները թեպետ իրենց հաղթած են կարծում՝ Քրիստոսի խաչելությամբ, սակայն վախը սրտներում սպասում են, քանի որ լսել են երրորդ օրվա հարության մասին: Աշակերտներից լուր չունենք, բայց պատկերացնում ենք, որ վախի ու անորոշության մեջ թաքնված են մի տեղում՝ հրեաների վախից, քանի որ իրենց քաջալերում էր Վարդապետը, իսկ Վարդապետի հետ այս բանը պատահեց: Մենք գիտենք, որ Երուսաղեմը բազմամարդ էր այդ օրերին՝ զատկական տոնի առիթով և ամեն տեղի Երուսաղեմ էին եկել ուխտավորներ՝ Տիրոջը զոհ մատուցելու: Լուրը արագ տարածվեց ողջ Երուսաղեմում և շրջակա քաղաքներում: Լույսը բացվեց և արդեն կիրակի մթնշաղին՝ կանայք գերեզման եկան, սրանք այն կանայք էին, որոնք սպասում էին շաբաթն անցնի և կիրակի գերեզման գան՝ Տիրոջ մարմինն օծելու իրենց պատրաստած յուղերով ու խնկերով: Գերեզմանին մոտենալով քարը գլորված տեսան և միանգամից ներս մտան: գերեզմանը թափուր էր: Տիրոջ մարմինը չգտան գերեզմանում: Մինչ մոլորված ու ապշահար էին այդ տեսարանի վրա, երկու մարդիկ՝ լուսավոր զգեստներով մոտեցան կանանց: Զարհուրած կանայք իրենց երեսները գետին խոնարհեցին: Այդ մարդիկ հարց տվեցին,- Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում:Հարություն է առել:
Այս հիասքանչ լուրը տարբեր ազդեցություն ունեցավ ժողովրդի բազմության վրա: Ոմանց համար անսահման ուրախություն եղավ, որոնց մեջ էր վստահաբար Հովսեփը՝ Արիմաթացի: Ոմանց համար այս լուրը սարսափ էր, քանի որ կատարվեց այն, ինչ ասվել էր նախօրոք: Այս խմբի մեջ էին քահանայապետները, փարիսեցիները, օրենքի ուսուցիչները և բոլոր նրանք, որոնք մասնակից էին Քրիստոսի սպանության ծրագրին:Այս լուրը աշակերտների համար միանգամից սթափություն առաջ բերեց իրեն անորոշությունից: Այս լուրը լսելուց հետո, ովքեր լքել էին Երուսաղեմը հիասթափության պատճառով, նորից վերադարձան Երուսաղեմ: Ինչո՞ւ հրեշտակները երևացին յուղաբեր կանանց, և ոչ աշակերտներին: Որպեսզի նրանց հիշեցնեն Քրիստոսի այն խոսքերը՝ որ ասաց, թե մարդու Որդին մեղավորների ձեռքը հանձնելուց հետո պիտի խաչվի և երրորդ օրը հարություն առնի:Իսկ իրենք եկել են գերեզման, որպեսզի օծեն մեռածի մարմինը: Կանայք և գողգոթայում էին մնացել մինչև վերջ, և կիրակի վաղ առավոտյան գերեզման եկան, թեկուզ չէին հիշում: Բայց աշակերտները առհասարակ ոչ մի տեղում չերևացին իրենց վախի պատճառով: Ինչո՞ւ հրեշտակները չերևացին օրինակ՝ Պիղատոսին, կամ քահանայապետներին: Քրիստոսի նպատակն է, որ Իր խոսքին հավատան մարդիկ և դարձի գան ու փրկվեն, ոչ թե սարսափից մեռնեն ինչպես օրինակ Հուդան: Բայց նույնիսկ հարության լուրը լսելուց հետո հոգևոր առաջնորդները չկամեցան ապաշխարության քայլեր կատարել՝ հպարտության պատճառով: Հիշո՞ւմ եք Աղքատ Ղազարոսի և մեծահարուստի առակի մեջ, երբ մեծահարուստն Աբրահամին խնդրում է, որ Ղազարոսին ուղարկի իր եղբայրների մոտ, քանի որ երբ տեսնեն մեռելներից հարություն առած մեկին՝ դարձի կգան: Աբրահամը մերժեց, քանի գիտեր մարդ արարածի ինքնահավան բնությունը: Ահավասիկ, այստեղ ոչ թե Ղազարոս, այլ Հիսուս Քրիստոսն է Հարություն առել և հոգևոր դասը դարձյալ անդրդվելի է; Հիմա տեսնենք, թե ինչպես ընդունեցին լուրը աշակերտները, երբ կանայք հևիհև լուր տարան տասնմեկին և առհասարակ ում որ հանդիպեցին իրենց ճանապարհին: Մեր սիրելի Ղուկաս ավետարանիչն ասում է, որ կանանց հայտնած լուրը աշակերտների համար բարբաջանք թվաց: Զարմանալի է: Մի՞թե անմիջապես չհիշեցին վարդապետի խոսքերը: Փաստորեն ո՛չ:
Ստուգելու համար ավետիսի հավաստիությունը, Պետրոսը վեր կացավ և վազեց Գերեզման: Նայեց ու տեսավ, որ միայն կտավները կային և մտքում զարմացավ, թե ինչ էր եղել:Մինչդեռ դեպքից անցել էր ընդամենը երեք օր: Պետրոսի ունեցած հավատի և Քրիստոսի հանդեպ սիրո վրա երբեք առիթ չենք ունեցել զարմանալու կամ կասկածելու: Բայց այս պարագան զարմանքի տեղիք է տալիս: Ինչո՞ւ և ինչպե՞ս: Գուցե շատ է ամաչել իր ուրացման արարքից, կամ գողգոթայում ներկա չլինելու փաստից, թեկուզ Քրիստոսի խոսքերը հարության մասին չհիշելու պատճառով: Մենք չգիտենք այդ մասին, և բավարարվենք նրանով, ինչ Ավետարանն է տալիս մեզ որպես տեղեկություն: Բայց ուշագրավ է հրեշտակի զգուշացումը, որի կարիքը ունենք նաև մենք, քանի որ մենք էլ ենք մոռանում Ավետարանական ճշմարտությունները որևէ փորձության կամ նեղության մեջ:- Հիշեցե՛ք, ասում է հրեշտակը,- ինչպե՛ս խոսեց Նա ձեզ հետ: Սիրելիներ, մենք նախորդ ավետարաններից ավելի մանրամասներ գիտենք այս իրադարձության մասին, որ քահանայապետները սարսափից զինվորներ էին նշանակել գերեզմանի համար որպես պահակներ, որպեսզի չլինի թե աշակերտները գիշերով գան ու գողանան Վարդապետի մարմինը և լուր տարածեն, որ հարություն է առել: Սակայն այսպիսի կասկածները միանգամից ցրելու համար, Տէր Հիսուս կտավները, որոնցով փաթաթված էր ինքը, արձակել և թողել էր այդտեղ: Իսկ եթե որևէ մեկը փորձեր գողանալ, տրամաբանական է, որ կտավներով էր գողանալու: Իսկ Տէր Հիսուս գիտեր որ ժամեր հետո Ինքը հայտնվելու է շատերին և փարատվելու է այդ կասկածը: Բայց քահանայապետները դարձյալ շտապեցին իրենց սխալի մեջ, այս անգամ կաշառելով զինվորներին, պահանջեցին, որ նրանք սուտ վկայություն տան և ասեն, որ մարմինը գողացել են աշակերտները: Երկար չի տևում քահանաների կեղծ մխիթարությունը, երբ Հիսուս Գալիլիայում հանդիպում է աշակերտներին: Սա արդեն այն ճշմարտությունն է, որի դեմ այլևս ո՛չ մի սուտ չի կարող վկայություն տալ: Խաչյալ Հիսուսը կանգնած է մարդկանց աչքի առջև և ցույց է տալից իր ձեռքերի գամերի տեղը: Տէր Հիսուս իր կենդանության օրոք պախարակում էր առաջնորդներին՝ իրենց կեղծիքի ու սուտ վկայության համար, իսկ հիմա հարություն առնելուց հետո առավել բացահայտեց նրանց դիմակավոր երեսը և ամոթահար արեց նրանց՝ իրենց հորինած ստի համար:
Սիրելիներ, ես միշտ ձեզ ասում եմ, որ հոգևորականը կարող է սխալվել, կարող է սայթաքել, բայց անմիջապես պետք է ոտքի կանգնի, քանի դեռ շատերը չեն իմացել այդ մասին և զղջա իր արարքի համար, ինչ էլ որ արած լինի: Բայց երբ հոգևորականը միտումնավոր դավեր է նյութում Աստծու Որդու դեմ՝ իր անհավատության պատճառով՝ մեծագույն գայթակղություն հանդիսանալով բազմության համար, սա արդեն անկարելի բան է: Օրենքի ուսուցիչները գիտեին, որ սխալվել են Աբրահամի, Իսահակի և Հակոբի պես մեծերը: Սխալվել է Դավիթը, Մովսեսն է սխալվել, բայց նրանք հավատարիմ են եղել Աստծուն և իրենց գործերով փարատել են մարդկանց վատ կարծիքը իրենց մասին և որ գլխավորն է՝ ծառայել են մարդկանց, հոգ են տարել իրենց ժողովրդի մասին; Ավետարանների մեջ այս հոգևոր առաջնորդները մինչև վերջ մնացին որպես բացասական կերպարներ՝ իրենց խստասրտության պատճառով: Քանի որ Քրիստոսի համբարձումից հետո սկսեցին հալածել աշակերտներին, այնուհետև Պողոս առաքյալին: Այնպես չէր, որ մի անգամ սխալվեցին Հիսուսի հարցում, և դարձի եկան: Նրանք իրենց չար գործունեությունը շարունակեցին մինչև վերջ՝ կեղծ լուրեր տարածելով Քրիստոսի հարության մասին և վնասելով հրեաների հավատքը՝ Քրիստոսի նկատմամբ: Այսօրվա սերտողության մեջ մենք հանդիպում ենք երկու բոլորովին այլ աշակերտների, և բոլորովին այլ խոսակցության, որ տեղի է ունեցել Քրիստոսի հարությունիս հետ; Վերևում հիշեցինք, որ Քրիստոսի մահվան և թաղման առիթով շատերը ընկան հուսահատության մեջ և Երուսաղեմից հեռացան; Խոսքը Էմմավուսի ճամփորդների մասին է, որոնք Հիսուսի 72 աշակերտներից էին, և այդ դեպքերից հետո վերադառնում էին իրենց գյուղերը: Այս պատմությունը հանդիպում ենք միայն Ղուկաս ավետարանչի մոտ, և տեսակետ կա, որ ճամփորդներից մեկը եղել է հենց Ղուկասը: Այս երկու ճամփորդները ճանապարհին միմյանց հետ զրուցում են ո՛չ որպես Քրիստոսին հավատացող աշակերտներ, այլ պատահած իրադարձությունից զարմացած անձեր, որոնք կարող են իրենց մեջ քննարկել եղածը՝ մարդկային տրամաբանությամբ: Այդ ժամանակ նրանց մոտենում է Հարուցյալ Հիսուս՝ բոլորովին այլ տեսքով, որպեսզի չճանաչեն Իրեն, և հարց է տալիս, թե ինչի մասին են խոսում: Աշակերտներից մեկի պատասխանից պարզ է դառնում, որ չեն ճանաչել Նրան, քանի որ ասում է,- Երուսաղեմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թե ինչե՛ր կատարվեցին այս օրերին:
Ինչո՞ւ Հիսուս այլ կերպով երևաց, որ չճանաչեին, կամ ինչու նրանց աչքերը փակվեցին, որ չճանաչեն: Տէր Հիսուս կամեցավ, որ աշակերտներից յուրաքանչյուրը ճանաչի իր սեփական տկարության հիվանդությունը, որպեսզի հետո տա բուժիչ դեղը: Որպեսզի այլևս չսասանվեն հավատքի մեջ, քանի որ մեծ առաքելություն ունեն կատարելու: Այս երկու աշակերտները կատարված դեպքերի մասին պատմելու ժամանակ Հիսուսի հասցեին խոսելիս Նրան մարգարե մարդ անվանեցին, որի խոսքը և գործը հզոր էր մարդկանց և Աստծու առջև, չնայած դրան, քահանայապետները և իշխանավորները Նրան մատնեցին մահվան դատաստանի և խաչը հանեցին: Ինչքան աղքատիկ տեղեկություն ունեին Աստծու Որդու մասին; Նրանք անկեղծորեն ամեն բան պատմեցին ինչ որ գիտեին ու ակնկալում էին իրենց նկարագրած մարգարեից, որին հավասար նկատեցին Մովսեսին ու Եղիային; Այս երկու ճամփորդ աշակերտներն էլ մյուսների նման ակնկալում էին, որ Հիսուս փրկելու է Իսրայելը: Պատմեցին նաև, որ իրենց միջից կանայք են եկել գերեզման և Նրա մարմինը չէին գտել, և հրեշտակը նրանց զգուշացրել էր, որ Հարություն է առել և կենդանի է: Նաև իրենք են գնացել Գերեզման և չեն գտել Նրա մարմինը: Այս երկու աշակերտներն էլ լսելու ականջ չեն ունեցել ժամանակին, որ հիշեին բոլոր ասածները Հարության մասին: Չհիշեցին նաև Լեռան Քարոզի երանիների մասին, որ սրտով մաքուրները պիտի Աստծուն տեսնեն:Այս աշակերտներն էլ չկարողացան իրենց խոսքերն ու գործերը ամուր հավատով ներկայացնեին վարդապետին, իսկ ինչպես էին քարոզելու հետագայում, երբ իրենք են կասկածով խոսում հարության և մյուս գործերի մասին; Այս երկուսն էլ հուսահատության մեջ են, որ չիրականացավ իրենց ակնկալիքը՝ Իսրայելի ազատագրությունը Հռոմից: Հավատի մետ տարակուսած այս աշակերտների բոլոր խոսքերը համբերությամբ լսեց Տէր Հիսուս Քրիստոս: Տեսավ իրական պատկերը Իր խաչելությունից հետո երեք տարի քարոզած ու ուսուցանած աշակերտների վարքագծում և չվրդովվեց, որովհետև դեռ Սուրբ Հոգին պետք է գար և նրանց հավատքն ու գիտելիքը հաստատեր նրանց սրտում;
Երկար լսելուց հետո խոսեց Տէր Հիսուս Քրիստոս երկուսի հետ՝ նույն իշխանությամբ, ինչպես որ ուսուցանում էր:Անմիտ և թուլասիրտ անվանեց նրանց իրենց տարակուսանքի համար և հիշեցրեց Իր խոսքերը, որ ասել էր իրենց: Հիշեցրեց նաև Մարգարեների գրվածքները Իր մասին, որ պետք կատարվեր, ինչ որ կատարվեց, որպեսզի Քրիստոս մտներ Իր փառքի մեջ: Երբ մոտեցան իրենց գյուղին, Հիսուս պատճառաբանեց, որ շարունակելու է ճանապարհը, իսկ նրանք ստիպեցին, որ իրենց մոտ գիշերի, քանի որ ուշ է ժամանակը: Համաձայնեց և ներս մտավ նրանց հետ, քանի որ դեռ չէին հասկացել, որ Հիսուսն է իրենց հետ խոսողը: Իսկ երբ սեղան նստեցին, նախկինի պես վերցրեց հացը՝ օրհնեց, կտրեց և տվեց նրանց; Բացվեց նրանց աչքերը և ճանաչեցին իրենց Վարդապետին, իսկ վարդապետը աներևույթ եղավ նրանց աչքից: Երկուսը սկսեցին իրենց մեղադրել այն բանում, թե ինչպես իրենց սրտերը չէին ճմլվում իրենց մեջ, քանի դեռ նա խոսում էր ճանապարհին: Ինչպե՞ս չհասկացանք, երբ գրքերն էր մեզ բացատրում: Երբ բացվում են մարդու հոգու աչքերը և միտքը լուսավոր է դառնում, մարդը հստակ գիտե իր անելիքը; Վեր կացան ու ժամանակին ուշադրություն չդարձնելով, վերադարձան Երուսաղեմ, պատմելու համար իրենց հետ կատարվածը: Հավաքված գտան 11 ին, որոնք արդեն խոսում էին հարության մասին, և ասացին, որ երևացել է Սիմոնին: Իրենք էլ պատմեցին իրենց հետ կատարվածը, թե ինչպես ողջ ճանապարհին չեն ճանաչել, թեկուզ այդքան խոսելուց հետո, այլ՝ ճանաչել են միայն երբ սեղան նստեցին և Նա հացը նույն կերպ կտրեց և տվեց իրենց: Մի պահ կարելի է պատկերացնել տիրող իրավիճակը աշակերտների շրջանում, ինչպես որ ուրախություն է, նույնքան ամոթ և զղջում՝ կատարվածի համար: Հոգևոր արթնությունը նորից գլուխ բարձրացրեց, քանի որ նենգ չէին սրտով, թեպետ տկար էին հավատքի մեջ: Սիրում էին Վարդապետին, բայց մարդկային վախը պատեր նրանց: Հետևում էին Վարդապետին, բայց իրենց սրտում այլ ակնկալիք էին փայփայում Իսրայելի համար, դրա համար երբ կամավոր խաչը բարձրացավ, կոտրվեց իրենց փայփայած հույսը: Սրանք բոլորը մարդկային տկարություններ են, որոնց համար Տէր Հիսուս երբեք չմեղադրեց նրանց և չհեռացավ նրանցից՝ թողնելով այդ տկարության մեջ: Այլ զորացրեց տարատեսակ շնորհներով, իշխանությամբ և առաքելությամբ: Սիրելիներ, իսկ ինչ պատահեց այս հավաքի ժամանակ, կիմանաք վաղը, և Աստծու կամքով կավարտենք նաև Ղուկասի Ավետարանի սերտողությունը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի միշտ հիշենք մեր Տիրոջ խոսքերը, և չլինի, որ Տիրոջ կամքով՝ հանդիպման ժամանակ չճանաչենք Նրան, ինչպես փակված էր երկու աշակերտների աչքերը: