ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 23: 32- 43.
32 Ուրիշ երկու հոգի ալ՝ չարագործներ՝ բերուեցան անոր հետ սպաննուելու։ 33 Երբ Գագաթ ըսուած տեղը հասան, հոն խաչը հանեցին զանիկա եւ այն չարագործներն ալ, մէկը աջ կողմը ու միւսը ձախ կողմը խաչեցին։ 34 Յիսուս ըսաւ. «Հա՛յր, թողութիւն տուր ատոնց, վասն զի չեն գիտեր թէ ի՛նչ կ՚ընեն»։ Ու անոր հանդերձները բաժնելու ատեննին վիճակ ձգեցին։ 35 Եւ ժողովուրդը կայներ կը նայէր. իշխաններն ալ անոնց հետ կը նախատէին զանիկա ու կ՚ըսէին. «Ուրիշները ազատեց, թող ինքզինք ալ ազատէ, եթէ ատիկա է Քրիստոսը, Աստուծոյ ընտրեալը»։ 36 Զինուորներն ալ կը ծաղրէին. առջեւը կու գային, քացախ կը մատուցանէին անոր, 37 Ու կ՚ըսէին. «Եթէ դուն ես Հրէից թագաւորը, քու անձդ ազատէ»։ 38 Ուր գիր մը գրուած էր Յունարէն, Լատիներէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ‘Ասիկա է Հրէից թագաւորը’։
39 Այն կախուած չարագործներէն մէկը հայհոյութիւն կ՚ընէր անոր ու կ՚ըսէր. «Եթէ դուն Քրիստոսն ես, ազատէ քու անձդ ու մեզ ալ»։ 40 Իսկ միւսը զանիկա յանդիմանելով՝ ըսաւ. «Դուն Աստուծմէ չե՞ս վախնար, որովհետեւ նոյն դատապարտութեան մէջ ես։ 41 Մենք իրաւունքով, քանզի ահա մեր ըրածներուն արժանաւոր հատուցումը կ՚առնենք. բայց ասիկա գէշ բան մը չըրաւ»։ 42 Եւ ըսաւ Յիսուսին. «Տէ՛ր, յիշէ՛ զիս, երբ քու թագաւորութիւնովդ գաս»։ 43 Յիսուս ալ ըսաւ անոր. «Ճշմարիտ կ՚ըսեմ քեզի, ‘Դուն այսօր ինծի հետ դրախտին մէջ պիտի ըլլաս’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. այս օրերի սերտողությունները չափազանց ծանր են, քանի որ իրենց մեջ արտացոլում է մարդ արարածի իրական կերպարը: Թե ինչի է ընդունակ մարդը, երբ նրա սրտում Աստված չի բնակվում: Երեկ խոսեցինք Գողգոթայի ճանապարհի վրա տեղի ունեցած հանդիպման մասին, երբ Տէր Հիսուս Երուսաղեմի կանանց զգուշացրեց գալիք օրերի մեծ նեղությունների մասին: Հասան Գողգոթա, և Տէր Հիսուսին երկու ավազակների հետ խաչը հանեցին: Գողգոթա բառը, որը այլ կերպ կոչում են Գագաթ, ունի մի հետաքրքիր պատմություն: Ողղափառ ավանդությունն ասում է, որ երբ Ադամը մահացել է, և մարդիկ դեռ թաղելու փորձառությունը չեն ունեցել, Ադամի մարմինը տարել ու դրել են այդ լեռան վրա մի բարձր տեղում: Մարմինը երկար ժամանակ արևի տակ մնալով գանգի կաշին դուրս է գալիս և գանգը մերկ վիճակում մնում է գետնի վրա: Որից հետո մարդիկ, որպեսզի չտեսնեն այդ բաց գանգը, այն թաղում են հողի մեջ, և այդ տեղը կորում են գանգի լեռ, կամ Գողգոթա: Նախորդ անգամ էլ ձեզ ասացի, որ Ղուկաս Ավետարանիչը բավական սեղմ է ներկայացնում կատարվող իրադարձությունները, բայց նախորդ Ավետարաններում մենք ամեն ինչին մանրամասն անդրադարձել ենք: Անկեղծ ասած դժվար է պատկերացնել, որ Աբրահամի, Իսահակի և Հակոբ նախահայրերի հետնորդները, որոնք Քրիստոսի ժամանակ հրեա հոգևոր առաջնորդներ էին, կարող էին նման դաժանություն թույլ տալ, կարդացած լինելով Սուրբ Գրքերը և առավել ևս Աստծուն պաշտամունք մատուցելով: Հրեական օրենք էր որ հանցագործին մասսայական խաչելության էին տանում, մյուսներին վախեցնելու համար, որպեսզի այլևս չկրկնվի այդպիսի սխալ և մեղադրվողի գլխավերևում կախում էին մի տախտակ, որի վրա գրված էր լինում այն մեղքը, որը գործել էր մեղադրյալը: Հիսուս Քրիստոսի մեղադրական տախտակի վրա գրված էր՝ հրեաների թագավոր: Թագավորների Թագավորը մեղադրվում է Իր սպասավորի ձեռքով: Հայր Աստծու աջ կողմում նստողի աջ ու ձախ կողմերում չարագործ ավազակներին կախեցին: Նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը հետևում էր այս բոլոր կատարվածներին;
Իշխանավորները ծաղրում էին Նրան այն բանի համար, որ ուրիշներին օգնում էր, իսկ այժմ իրեն օգնել չի կարող: Իսկ եթե իրապես Աստծու Որդի է, թող կատարի այդ հրաշքը և իջնի խաչից: Հռոմեական զինվորները շարունակում էին ծաղրել Նրան՝ նույնիսկ խաչի վրա եղած ժամանակ ժամանակ: Պահանջում էին, որ հրեաների թագավորը փրկի իրեն խաչի պատժից: Քահանայապետները նախ ժողովրդին հրահրեցին, որպեսզի նրանք աղաղակեն Պիղատոսի առջև, թե՝ խաչը հանիր դրան: Իսկ հիմա երբ խաչի վրա է արդեն, հրահրում են, որպեսզի պահանջեն Նրա խաչից իջնելը և ազատվելու: Այս արարքը ներկայացնելու համար նույնիսկ բառերը չեն հերիքում նկարագրելու մարդու վայրագությունը՝ երբ նա Աստված չի ճանաչում: Աստծուն չճանաչելուց բացի այս մարդիկ ծառայում են սատանային ամբողջությամբ: Որովհետև ինչպես տեսնում ենք, սատանան փոխում է իր գործելաոճը հոգևոր առաջնորդների միջոցով: Նախ կամեցավ որ խաչը հանեն Քրիստոսին, քանի որ գրված է,- անիծյալ է նա ով կախված է փայտից: Հետո ստիպեց, որ պահանջեն Նրա խաչից իջնելը, որպեսզի չկատարվի մարդկության փրկությունը: Մինչդեռ մարմնացյալ Աստված կամավոր խաչը բարձրացավ, որպեսզի մարդկանց մեղքերը վերցնի Իր վրա և ազատի ընկած մարդուն սատանայի ճանկից: Սատանան զգաց, որ պարտվեց նաև Գողգոթային խաչի մոտ, քանի որ մարդկությունը պիտի ազատագրվեր մեղքից: Քրիստոսին ծաղրում էին թագավոր կոչելով, քանի որ երևելի չէր Նրա երկնային զորքն ու բանակը: Իսկ իրենք սովոր էին տեսնել թագավորին՝ զինված, զենքով ու զրահով: Ո՛չ մեկին տրված չէր տեսնելու երկնային զորքն ու հրեշտակների գնդերը, որոնք սպասավորում էին Քրիստոսին: Ո՛չ ոք չգիտեր, որ Գեթսեմանի պարտեզում աղոթքի ժամանակ հրեշտակն էր Նրան ուժ տալիս: Ինչպե՞ս կարող էին երկրավոր ու նյութական մարդիկ հասկանալ երկնավոր ու աստվածային բաները: Բայց ա՛յն, ի՛նչ կարող է կատարել մարդ արարածը՝ առանց Աստծու, այսօր էլ տեսնում ենք, այսօր էլ լսում ենք: Նրանք Քրիստոսին ֆիզիկապես խաչեցին, այսօր աշխարհը Քրիստոսի խոսքն է խաչում՝ արհամարհելով:
Այս բոլոր անարգանքները տեսնելուց հետո, Քրիստոս խաչի վրա ներում է հայցում Երկնավոր Հորից այս մարդկանց համար, քանի որ չեն հասկանում ի՛նչ են անում: Կարելի է շատ բաներ չհասկանալ, այն ինչ աստվածային է, կամ այն, ինչ երկնավոր է, բայց կարելի է նաև զերծ մնալ սպանությունից, զրպարտությունից, դատապարտությունից և ամեն տեսակ ծաղր ու ծանակից: Այս մարդիկ կատարեցին աշխարհում ամենադաժան ոճրագործությունը, որը երբևէ եղել մարդկության պատմության մեջ: Երբ խաչին կախված չարագործն է հայհոյում Քրիստոսին և պահանջում որ զատի իրեն, և իր հետ կախվածներին, մի կերպ կարելի է հասկանալ, քանի որ չարագործը իր ողջ կյանքում սպանել, թալանել ու խռովարար է եղել: Իսկ երբ քահանայապետը կարող է զրպարտություն սովորեցնել մարդկանց, և պահանջել որ Քրիստոս խաչից իջնի, որին իր ցուցումով են խաչել, այս մեկը անկարելի է հասկանալ, ընկալել նույնիսկ ամենաճկուն մտածելակերպ ունեցող մարդու համար: Քրիստոսի կամավոր խաչելությունը մարտահրավեր է ուղղված համայն աշխարհին՝ պատկերացնելու համար, թե ինչպե՛ս կարող է մարդը կամավոր ծառայել սատանային: Իսկ Աստծո Որդին այդ նույն մարդու համար կամավոր խաչը բարձրացավ: Սա է ամբողջ պատմությունը Քրիստոսի քարոզության սկզբից մինչև Գողգոթայի խաչափայտը: Ամեն անգամ Ավետարանի այս հատված ընթերցելիս իրական քրիստոնյան պատկերացնում է Աստծու սերն ու համբերությունը մարդու հանդեպ և մարդու ապերախտությունն ու անարգանքը՝ Աստծու Որդու հանդեպ: Քրիստոսի աջակողմյան և ձախակողմյան ավազակների միջև վեճ է առաջանում այն բանից հետո, երբ ձախակողմյան ավազակը հայհոյում է Քրիստոսին՝ իրենց չազատելու պատճառով; Ավազակը, որը ամբողջ կյանքում հանցագործ է եղել, պատժի պահին մեղադրում է արդարին, որը նույն պատիժն է կրում՝ առանց մեղքի: Իսկ մյուս ավազակը սաստում է ընկերոջը՝ ասելով,- Աստծուց չե՞ս վախենում դու, որ նույն պատիժն ես կրում: Մենք արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարել ենք, իսկ սա որևէ բան չի արել:
Այստեղ ուշադրություն դարձնենք մի երևույթի վրա, որը հաճախ է պատահում բոլորիս հետ: Երկուսն էլ ավազակ են, երկուսն էլ պատժի արժանի: Բայց երբ նրանցից մեկը զղջման այս խոսքերը ասաց, ամբողջությամբ փոխվեց բոլորիս աչքին և մեղմացավ մեր մեջ եղած ցասումը նրա նկատմամբ՝ նրա զղջման խոսքերը լսելուց հետ: Իսկ մյուսը մնաց անդրդվելի և նրա կերպարը բոլորի համար մնաց նույն հարթության վրա, ինչպես որ հոգևոր առաջնորդներինը: Մարդկային հարաբերություններում էլ այսպես է, երբ մեղանչողը զղջում է իր արածը, ներումը անմիջապես առաջ է գալիս: Իսկ երբ չի զղջում և հակառակը բողոքում է իր պատժի համար, հարկ է որ ստանա իր արժանի պատիժը: Փաստորեն Գողգոթայի այսքան բազմության մեջ միայն մեկ մարդ գտնվեց, որ զղջաց իր արարքի համար և ամաչեց որ նույն պատիժն է կրում Արդարի հետ: Դառնալով Քրիստոսին, ասաց, - Հիշիր ինձ, Տէր, երբ գաս քո թագավորությամբ: Հիսուս նրան ասաց,- Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօ՛ր ինձ հետ դրախտում կլինես: Երեկվա ավազակը այսօր դրախտում է կատարյալ զղջման արդյունքում: Ավետարանի այս հատված լավագույն թեմա է ապաշխարության քարոզների համար, քանի որ ներման ամբողջ գաղտնիքը մեկ նախադասությամբ բացահայտվում է: Եթե խաչի վրա եղավ այսպիսի զղջում, ապա ինչո՞ւ զղջում տեղի չի ունենում ավելի բարեկարգ կյանքում, երբ դեռ հարկադրանք, կամ խաչի վտանգ չի սպառնում մարդուն իր ապրած տարիների ընթացքում; Դարձյալ պատճառը մարդու անգիտությունն է: Դուք կարող եք ասել, որ ավազակը առավել անգետ էր և, բացի անգիտությունից, ո՛չ Ավետարան էր կարդացել, ո՛չ մկրտված էր, ոչ էլ որևէ հոգևոր բան ուներ իր մեջ: Ապա ինչպես դրախտ գնաց: Այո, դուք ճիշտ կլինեք, որ ասեք: Հիմա փորձենք միասին հասկանալ, թե Ե՞րբ ասաց ավազակը իր զղջման խոսքերը: Երբ որ տեսավ Քրիստոսի հանդեպ կատարված բոլոր անմարդկային արարքները, և լսեց, որ Քրիստոս աղոթում է Երկնավոր Հորը այս մարդկանց համար: Մյուս Ավետարաններն ասում են, որ երկու ավազակն էլ հավասարապես մեղադրում էին Հիսուսին, հետո աջակողմյան ավազակը փոխեց իր կարծիքը: Ավազակի համար այս երևույթ դուրս էր մարդկային բոլոր չափանիշներից, նա հավատաց, որ խաչվողը Աստված է:
Որովհետև մարդու արարքը տեսնում էր ներքևում կանգնածների մեջ, իսկ վերևում՝ խաչի վրա եղողը ներում է և խնդրում է Իր Հորը որ Նա էլ ների: Ուրեմն ավազակը խաչի վրա գիտելիք ձեռք բերեց Աստծու մասին և իր աչքով տեսավ կատարվածը: Ո՞վ կարող է ներել իր հետ այդպես վարվողին: Ավազակը փոխեց իր կարծիքը, հավատաց, դավանեց, զղջաց և խնդրեց մեկին, որը իր նման կախված էր խաչից՝ անօգնական: Նշանակում է հավատը մանանեխի հատիկից էլ մեծ եղավ և հույս ուներ, որ գալու է Քրիստոս իր թագավորությամբ: Քրիստոս խաչի վրա էլ քարոզեց փրկություն, և երկուսից մեկը փրկվեց: Բայց ապառաժից էլ կարծր հոգևոր առաջնորդները մնացին ինչպես մեկական սառցաբեկորներ, որոնք նույնպես կհալվեն ու կհոսեն Տիրոջ Երկրորդ Գալուստին: Իսկ թե ո՞ր կողմ կհոսեն, թողնենք Տիրոջ ողորմած կամքին; Սակայն ավազակի գտնվելու վայրը բոլորիս հայտնի է Իր իսկ խոսքից, թե՝ այսօ՛ր Ինձ հետ դրախտում կլինես:
Սիրելիներ, բոլորս ենք մեղավոր, և բոլորս ենք արժանի տարատեսակ պատիժների: Մի խոսք կա, որի հեղինակին չեմ հիշում, բայց շատ արդար մի ասույթ ունի, որն ասում է,- աշխարհում բոլոր մարդկանց վրա եթե հանկարծակի մի մեղադրական հոդված դնեն, մեղադրվողը իր մտքում գիտե թե ինչի՛ համար է այդ մեղադրանքը: Այսինքն ասել կուզե, որ աշխարհում մեկ արդար մարդ չկա: Մի՞թե մեր ոտքերը մեզ չեն տարել որևէ մեղք կատարելու, որ այսօր հանգիստ քայլում ենք և պատժի մասին չենք մտածում: Մի՞թե մեր ձեռքերով մեղք չի գործվել, որ այսօր ազատ շարժում ենք և փառք չենք տալիս Աստծուն դրա համար: Ի՛նչ կործանարար մտքեր ասես, որ չի անցնում մեր գլխի միջով, և այսօր մեր գլուխները բարձր պահած քայլում ենք, որովհետև մարդիկ չեն տեսնում մեր մտքերը: Ի՞նչ պատժի են արժանի այսօրվա անիծող, հայհոյող, բամբասող, զրպարտող ու չարախոսող լեզուները, որոնք մի տեղում հայհոյում են, մեկ այլ տեղում քծնում և կեղծավորում: Հիսուս Քրիստոս զբաղեցրեց մեր բոլորի տեղը խաչի վրա՝ չունենալով որևէ մեղք: Աշխարհում չի գտնվի մեկ մեղավոր մարդը, որը իրավունք կունենա Դատաստանի օրը Քրիստոսին ասելու, թե Դու ինձ համար չե՛ս խաչվել, դրա համար ես մեղքի մեջ եմ: Քրիստոս խաչվեց համայն մարդկության համար, սակայն փրկությունը ընտրողները ցավոք սակավաթիվ են լինելու: Բայց մարդն ազատ է իր ընտրության մեջ այնպես, ինչպես ավազակը և այնպես ինչպես քահանայապետը: Թող Քրիստոսի խաչելության տեսարանը մնա մեր մտքում՝ մեղք գործելիս: Իսկ Հարության տեսարանը թող մնա մեր մտքում՝ հույսը կորցնելիս: Ավարտենք մեր սերտողությունը բարի տրամադրությամբ լի հույսով, քանի որ մենք Տէ՛ր ունենք, Տիրոջից խոստում ունենք, և այդ խոստմանը հասնելու նպատակ ունենք:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր ոտքերը գնան միայն բարու հետևից և մեր ձեռքերը ծառայեն միայն բարի գործերի համար: Իսկ մեր լեզուն թող ծառայի Տիրոջ փառաբանության համար: