ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 23:13 -31
ՅԻՍՈՒՍ ՄԱՀՈՒԱՆ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԻ
13 Պիղատոս քահանայապետներն ու իշխանները եւ ժողովուրդը մէկտեղ կանչեց 14 Եւ ըսաւ անոնց. «Այս մարդը առջեւս բերիք ժողովուրդը մոլորեցնողի մը պէս, բայց ես ձեր առջեւ քննութիւն ընելով՝ ատոր համար ձեր ըրած ամբաստանութիւններէն յանցանք մը չգտայ այդ մարդուն վրայ. 15 Ո՛չ ալ Հերովդէս, վասն զի ձեզ անոր ղրկեցի եւ ահա ատիկա մահու արժանի գործ մը ըրած չէ։ 16 Ուրեմն պատիժ մը տամ անոր ու արձակեմ»։ 17 (Իսկ տօնին ատենը պէտք էր որ մէկը արձակէր անոնց.) 18 Բոլոր բազմութիւնը մէկտեղ աղաղակեցին՝ ըսելով. «Վերցուր ատիկա ու Բարաբբան արձակէ մեզի», 19 (Որ քաղաքին մէջ եղած խռովութեան մը եւ մարդասպանութեան համար բանտը դրուած էր։) 20 Պիղատոս՝ Յիսուսը արձակել ուզելով՝ նորէն խօսեցաւ անոնց։ 21 Բայց անոնք կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Խա՛չը հանէ ատիկա, խաչը հանէ»։ 22 Ինք երրորդ անգամ ըսաւ անոնց. «Բայց ի՞նչ չար գործ ըրած է ատիկա. ես ատոր վրայ մահու արժանի յանցանք մը չգտայ. ուրեմն պատիժ մը տամ ատոր ու արձակեմ»։ 23 Իսկ անոնք մեծաձայն աղաղակներով ոտք կը կոխէին ու կ՚ուզէին որ անիկա խաչուի. եւ անոնց ու քահանայապետներուն ձայները զօրաւոր եղան։ 24 Ու Պիղատոս վճռեց որ անոնց խնդիրքը գործադրուի։ 25 Եւ անոնց ուզած մարդը, որ խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտը դրուած էր, արձակեց անոնց եւ Յիսուսը իրենց կամքին յանձնեց։
26 Երբ զանիկա կը տանէին, Սիմոն Կիւրենացի ըսուած մէկը բռնեցին, որ արտէն կու գար եւ խաչը անոր վրայ դրին, որպէս զի Յիսուսին ետեւէն տանի։ 27Անոր ետեւէն կ՚երթար ժողովուրդը մեծ բազմութեամբ, նաեւ կիներ, որոնք կ՚ողբային ու կու լային անոր ետեւէն։ 28 Յիսուս դարձաւ անոնց ու ըսաւ. «Ո՛վ Երուսաղէմի աղջիկներ, իմ վրաս մի՛ լաք, հապա ձեր անձերուն վրայ ու ձեր զաւակներուն վրայ լացէք։ 29 Վասն զի ահա օրեր պիտի գան, որոնց մէջ պիտի ըսեն. ‘Երանի՜ ամուլներուն եւ այն որովայններուն որոնք չծնան եւ ծիծերուն՝ որոնք կաթ չտուին’։ 30 Այն ատեն պիտի սկսին ըսել լեռներուն. ‘Մեր վրայ ինկէք’ ու բլուրներուն՝ ‘Մեզ ծածկեցէք’։ 31 Վասն զի եթէ դալար փայտին այսպէս կ՚ընեն, հապա չորին ի՞նչ պիտի ընեն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ.Երեկվա սերտողությունն ավարտվեց այնտեղ, որ Տէր Հիսուսին Հերովդեսի մոտից նորից բերեցին Պիղատոսի մոտ: Տեսանք Հերովդեսի ամբարտավան պահվածքը և հեգնանքը Հիսուսի նկատմամբ, հատկապես այն ժամանակ, երբ Հիսուս անտեսեց նրա բոլոր հարցերը և չպատասխանեց ոչ մեկին, որպեսզի մենք այսօր սովորենք, թե ինչ է նշանակում Իր այն խոսքը, որ մարգարիտները խոզերի առջև մի գցեք: Կամ ինչո՞ւ պատասխանել մեկին, որ որը հարցեր է տալիս ոչ թե կրթվելու, այլ՝ ծաղրելու համար: Կամ հրաշք է ուզում տեսնել իր շփացած հետաքրքրությունը բավարարելու համար: Պիղատոսի լպրձուն քաղաքականությունը նույնպես տեսանք, որ բոլորին հաճոյանալու համար մոռացել է ճշմարտության սահմանները և իմանալով քահանայապետների նախանձի մասին չի կարողանում հստակ որոշում կայացնել: Հերովդեսի և Պիղատոսի արարքները դուրս են ղեկավարի աթոռին նստելու բոլոր կանոններից, բայց մենք տեսանք, որ նրանց նպատակը Հիսուսին սպանելը չէր: Հիսուս Քրիստոսի միակ ընդդիմությունը քահանայապետներն են, որոնք առաջին օրվանից հետապնդեցին Նրան և իրենց իշխանատենչության պատճառով իրենց նպատակը հասցրին ավարտին: Նույնիսկ Պիղատոսը կանչում է հոգևոր առաջնորդներին և երրորդ անգամ զգուշացնում, որ իրենց ներկայացրած մոլորեցնողի մոտ ոչ մի հանցանք չեն տեսնում ինքն ու Հերովդեսը: Հետևաբար նա մահվան արժանի ոչինչ չի արել, նրան պետք է գանահարել և ազատ արձակել: Քանի որ մեծ տոնի նախօրյակ էր, և ընդունված կարգ էր օրենքի համաձայն՝ այդ օրերին մի բանտարկյալ բաց թողնել, ուստի Պիղատոսը որոշեց Հիսուսին ազատ արձակել տոնի նախօրյակին: Կրոնավորները մի պահ վախեցան, որ իրենց երեքամյա նենգ ծրագիրը կարող է հանկարծ ձախողվել, հրահրեցին բազմությանը պահանջել Բարաբբայի ազատ արձակումը: Բարաբբան բանտարկված էր խռովության և սպանության մեղադրանքով: Այստեղ մի պահ անդրադառնանք մի նրբության, որ քահանայապետները Արդարին զրպարտեցին ժողովրդի մեջ խռովություն գցելու պատճառով, իսկ հիմա պահանջում են ազատ արձակել իրական խռովարարին ու մարդասպանին: Իսկ անգետ ու վախեցած ժողովուրդը իր առաջնորդի պահանջով աղաղակում է ազատ արձակել հանցագործին՝ ժողովրդի մեջ: Միշտ այսպես է պատահում, երբ շահերի բախում է տեղի ունենում առաջնորդների միջև:Այդ ժամանակ ժողովրդի մասին ոչ մի առաջնորդ չի մտածում, այլ միայն մտածում է, թե ինչպես առաջ տանի իր ծրագիրը, ինչպես որ արեցին քահանաները:Այս բոլոր կատարվում էր Հիսուս Քրիստոսի աչքի առջև, որը երեք տարի պայքարեց, որպեսզի մարդու մեջ մեռնի իր փառասեր հին մարդը: Հիսուս Քրիստոս պետք է որ կրեր այս բոլոր տառապանքներն ու արհամարհանքը, քանի որ դա Աստծու ծրագիրն էր, ոչ թե քահանայապետների ցանկությունը, բայց Տէր Հիսուս մինչև վեր կամեցավ, որ նրանք ազատվեն իրենց նախանձից ու չար նախաձեռնությունից: Հիշում եք, որ աղոթքի մեջ Տեր Հիսուս խնդրեց Իր Երկնավոր Հոր կամքը՝ բաժակի վերաբերյալ, ոչ թե քահանայապետների ցանկության կատարումը: Տէր Հիսուս կամենում էր, որ գայթակղությունը չգա ինչպես Հուդայի, այնպես էլ կրոնի առաջնորդների ձեռքով: Որովհետև գրված է, որ անկարելի է, որ գայթակղությանը չգա:
Սիրելիներ մենք գիտենք, որ սատանան երկնքում երկար չմնաց և երկիր շպրտվեց՝ իր հպարտության պատճառով: Մենք գիտենք նաև, սատանայի պայքարը Հիսուս Քրիստոսի հետ է, քանի որ երկրի վրա էլ Նրանից պարտություն կրեց անապատում: Հետևաբար սատանան ծաղ ու ծանակի և անարգանքի է ենթարկում Հիսուս Քրիստոսին քահանայապետների ցուցումով, կուսակալի հրամանով, թագավորի քմահաճույքով, հեթանոս զինվորների ձեռքով և այլն: Այսինքն մեղավոր մարդը իր Փրկչին անարգանքի է ենթարկում՝ ծառայելով Նրա թշնամուն՝ սատանային: Հայրը ամեն իշխանություն հանձնել է Որդու ձեռքը, և երկրորդ գալուստին գալու է վախճանը, կործանվելու է ամեն իշխանություն, պետություն և զորություն: Վերջին թշնամին որ պիտի կործանվի, մահն է, և Աստված ամեն ինչ հնազանդեցնելով դնելու է Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ: Սատանան նույնիսկ հաշտեցրեց երկու թշնամիների՝ հանուն Քրիստոսի մահվան ծրագրի: Թագավորի և կուսակալի բերանից լսվեց բացարձակ ճշմարտություն այն մասին, որ այս մարդու մոտ մահվան արժանի ոչ մի մեղք չենք տեսնում: Բայց ոչ ոք չլսեց այ ճշմարտությունը և ընթացք չտվեց այդ խոսքերին, այլ հակառակը՝ ավելի ուժգին աղաղակեցին նրան մահվան դատապարտելու վերաբերյալ: Ամեն ինչ գլխիվայր շրջված է: Պիղատոսը երեք անգամ առաջարկում է ազատ արձակել, Քրիստոսի ընդդիմախոսները պահանջում են Բարաբբայի արձակումը: Ինչ նշանակություն ունի երկրի լավ օրենքները, եթե վատը մարդն է ու այդ օրենքը կատարողը: Երբ քահանայապետների աղաղակող գնալով ուժգնանում էր, Պիղատոսը կայացրեց իր որոշումը և բավարարեց աղաղակողների պահանջ՝ ազատ արձակելով խռովարար և մարդասպան Բարաբբային: Իսկ Հիսուս Քրիստոսին հանձնեց Նրա մահը պահանջողների ձեռքը: Սատանան փնտրում է մարդու թույլ տեղը և հարվածում է միայն այդ թույլ տեղին: Թույլ էր ժողովրդի բազմության հավատքը և գիտելիքը: Թույլ էր նաև այդ իշխանավորների սիրտը՝ ագահության և փառասիրության պատճառով;
Բոլոր առակները հիշում ենք որ Տէր Հիսուս իրեն վերագրելով պատմում էր նրանց, բայց ուշագրավ էր վերջին առակը, որ պատմեց նրանց այն մասին, որ թագավորը գնաց կարճ ժամանակով և խոստացավ վերադառնալ, բայց նրա երկրի ժողովրդի մեջ եղան մարդիկ, որ մերժեցին նրան և ասացին որ չենք ուզում տեսնել նրան որպես թագավոր: Թագավորի խոսքերի վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց, բայց թագավորը խոստացել էր վերադառնալ: Կգա թագավորը մի օր և բոլորից կպահանջի այն ինչ տվել է, և իրեն մերժողներին իր աչքի առջև սպանել կտա: Շատերը այս խոսքերը լսելով ասում են ,- խիստ է ասված: Բայց այս մարդիկ մոռանում են Արդարի անարգանքը, ծաղրը, խաչը և հատկապես, թե ում համար եղավ այս ամենը: Տէր Հիսուս կամեցավ աշխարհի վրա ստեղծել մաքուր, հավատարիմ հարս եկեղեցի, որը հեռու կլինի երկրավոր իշխանական անբարոյականությունից և հավատարմորեն կծառայի Փեսային՝ Քրիստոսին: Մենք հիմա ապրում ենք այն ժամանակահատվածում, որ ամենայն լրջությամբ պետք է քննենք այս հավատարմության հարցը, ինչը չենք անում:
Հայտնի առակը պատմում է, որ մի վանական դուրս է գալիս քաղաքից և ճանապարհին հանդիպում է ժանտախտ հիվանդությանը, և հարցնում է, թե ո՞ւր է գնում նա: Ժանտախտը պատասխանում է,- քո քաղաքից հազար մարդու կյանք եմ խլելու: Վանականը վերադարձին նորից հանդիպում է ժանտախտին և հանդիմանում նրան, որ խաբել է իրեն, ասելով որ հազար մարդու կյանք է խլելու, իսկ ամբողջ քաղաքն է մեռած: -Ես կատարել եմ իմ խոստումը՝ հազարի վերաբերյալ, իսկ մնացածը մահացել են վախից,- ասում է ժանտախտը և հեռանում: Սիրելիներ, վախը վատ բան է, և մենք գիտենք, որ վախն է անմիջապես ազդում մարդու իմունային համակարգի վրա: Հավատը և վախը անհամատեղելի են; Խոսքը այն վախի մասին չէ, որ մենք վախենում ենք չկատարել Աստծու պատվիրանները: Խոսքը այն վախի մասին է, որ կարող են ազդել մեզ վրա և մեզ մղել ամեն տեսակ մեղքի ու անմիտ քայլերի: Դրա համար մենք պետք է հետամուտ լինենք Աստծու խոսքին, որը մեզ զգուշացնում է այս ամենի մասին, որ լինելու է իր ժամանակին; Այսօր էլ եկեղեցին ապրում է հարմարավետ պայմաններում, բայց դա չի նշանակում որ եկեղեցին չի անցնելու այդ մեծ նեղությունների միջով: Հիմա տեսնենք, թե ի՛նչ արեցին Հիսուսի հետ նրանք, որոնք Աստծուց չեն վախենում և մարդկանցից չեն ամաչում; Առան Հիսուսին և գնացին: Ճանապարհին բռնեցին Սիմոն անունով մի Կյուրենացու և Քրիստոսի խաչը դրեցին նրա վրա, որպեսզի տանի Հիսուսի հետևից: Այս անգամ արդեն նրա հետևից գնում էր նաև ժողովրդի մեկ այլ բազմություն, որը հետևել էր Հիսուսին և նրանք լացում ու ողբում էին Հիսուսի համար: Տէր Հիսուս նկատեց, որ կանայք լացում են ճանապարհին, և դառնալով նրանց ասաց,- Երուսաղեմի դուստրեր, ինձ վրա լաց մի եղեք, այլ լաց եղեք ձեր և ձեր որդիների վրա, որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ ասեն՝ երանի չբեր կանանց, և նրանց, որ բնավ չծննդաբերեցին: Այդ ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե՝ ընկեք մեր վրա, և բլուրներին, թե՝ ծածկեք մեզ: Որովհետև երբ դալար փայտին այսպես անեն, չորին ի՞նչ կպատահի: Այո, վարդապետը ինքը պետք է առաջինը կրեր խաչը, որպեսզի օրինակ լիներ հետագայում Իր հետևից գնացողների համար: Ո՞վ է տեսել, որ միայն խոսքով փրկություն լինի: Խոսքին հաջորդեց գործը՝ այն էլ կամավոր: Ո՞վ է տեսել, որ առանց օրինակ տալու որևէ գործ կատարյալ կատարվի միայն խոսքով: Պիղատոսի հարցին կտրուկ պատասխան տվեց, իսկ Հերովդեսին առհասարակ չպատասխանեց: Բայց Երուսաղեմի դուստրերի հետ խոսեց նույնիսկ մահվան տանող ճանապարհին, որովհետև գիտեր, որ ժողովրդի բազմությունը գտնվում է այսպիսի հոգևոր առաջնորդների և օրենքի ուսուցիչների խնամքի տակ և կկործանվեն իրենց անգիտության մեջ, եթե լուր չունենան Քրիստոսի խոսքի ճշմարտությունից: Քրիստոս չէր եկել խղճահարություն առաջացնելու մարդկանց մեջ, այլ ակնկալում էր մարդկանց սթափությունը՝ սատար կանգնելու և պատվով տապալելու չարի իշխանությունը: Հիշում եք,երբ Պետրոսը Հիսուսին ասաց,- քա՛վ լիցի, որ այդ քեզ պատահի: Մարդկային տրամաբանությամբ սա նորմալ պատասխան էր, և ոչ ոք չէր կասկածում Պետրոսի սիրո վրա, բայց այդ պատասխանը բարկացրեց Հիսուս Քրիստոսին, որովհետև դա մարդկային պատասխան էր:Իսկ Քրիստոս քայլը՝ աստվածային էր: Գուցե Քրիստոս ակնկալում էր, որ Պետրոսը կասի, այո, մենք մի ընտանիք ենք և միասին կհաղթահարենք ամեն փորձությունը հանուն մարդկության փրկության և ի սեր Աստծո:
Երուսաղեմի դուստրերին էլ է զգուշացնում այն օրերի մասին, որոնց մասին խոսում էր երեք տարի շարունակ: Այսօր ցույց էր տալիս ներկաներին, որ Քրիստոս իր թագավորության հիմքը դնում է խաչի վրա: Դնում է կամավոր և ամենևին լացի ու ողբի կարիք չունի, այլ փառաբանության, որովհետև կատարվում է մարդկության փրկության մեծագույն իրականությունը: Կամավոր խաչելությամբ մահը պետք է վերանա և դժոխքը ավերվի: Բայց Քրիստոս հետևությունը թողնում է իրեն ուղեկցող ժողովրդին, նաև մե՛զ այսօր, որպեսզի հասկանանք, որ իրենց առաջնորդները կատարեցին ընտրություն Քրիստոսի և Բարաբբայի միջև, այսինքն իրենք կամավոր ընտրեցին սատանայի իշխանությունը իրենց վրա ղեկավարելու համար: Աստված իր ընտրյալ ժողովրդից ավելին կպահանջի, քանի որ շատ տրվեց նրանց, իսկ նրանք չգնահատեցին այդ առավելությունը: Հրեաները չգնահատեցին իրենց տրվածը, քահանայապետները չգնահատեցին իրենց հոգևոր իշխանությունը, կուսակալն ու կայսրը չօգտվեցին իրենց ստեղծված փրկության հնարավորությունից: Մենք այս բոլորի մասին կարդում ենք Ավետարանում: Եթե կարդում ենք և դաս չենք վերցնում այս ամենից, ուրեմն մեզ էլ սպասվում է այն, ինչ նրանց, քանի որ մեզ էլ է շատ տրված այդ առումով; Հիսուս Քրիստոս ակնկալում էր տասներկուսից, ստացավ իր ակնկալիքը: Առաքյալները իրենց կյանքի գնով հասցրին Արքայության Ավետարանը տարածել աշխարհում: մենք պետք է մտահոգվենք մեր և մեր որդիների համար, որոնք այսօր ցանկություն չունեն Ավետարան կարդալու, ձանձրանում են քարոզ լսել, կիրակիները քնելու պատճառով Պատարագ չեն գնում, այլ մխրճված են աշխարհի ժամանակակից զվարճանքների մեջ և տեղեկություն չունեն այն ամենից, ինչի մասին որ մենք այսօր կարդացինք և քննարկեցինք: Բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում աշխարհում միջազգային լրատվամիջոցներից, բայց տեղյակ չեն, որ այն, ինչ իրենք այսօր են լսում լուրերով, այդ մասին գրված է երկու հազար տարի առաջ՝ Ավետարանում: Այսօր մեր եկեղեցին էլ նույն հանգստության մեջ է, կարծես հավատացյալ հոտը պատրաստ է հոգևոր և աշխարհի փորձություններին, կարծես Ավետարանի իմացությունը բարձր մակարդակի վրա է, ժողովուրդը ապաշխարության մեջ և այլն: Դժվար կացության մեջ է հայտնվելու նաև եկեղեցին՝ իր հավատացյալ հոտի հետ: Ոչ ոքի չի շրջանցելու մեծ նեղությունը, քանի որ գրված է, որ մարդիկ լեռներին պիտի ասեն ընկեք մեզ վրա: Այլապես մարդկությունը ինչո՞ւ պետք է այս սարսափի մեջ լինի, եթե Աստծուն ունենա իր սրտում, և Նրա խոսքը իր կյանքում: Թույլ հավատացյալը կարող է ընկնել ցանկացած փորձությունից, իսկ ես վերևում ասացի, որ սատանան փնտրում է մեր թույլ տեղը, որ խոցի: Այսօր մեր ժողովուրդն էլ վախի ու անորոշության մեջ է ապրում: Իսկ վախը բացասաբար է ազդում մարդու դիմադրողականության վրա:Քրիստոս հաստատեց Իր եկեղեցին, որ մարդիկ իրար սիրեն ու ծառայեն միմյանց: Պետրոսին երեք անգամ ասաց,- սիրո՞ւմ ես Ինձ, արածեցրու իմ ոչխարներին: Որովհետև քո սերը ավելի շատ հոտին է պետք, քան ինձ: Իսկ երբ մեր սիրտը ուղիղ չէ մեր նմանի հանդեպ, ապա Աստված մեզ չի օգտագործի որևէ մեկին օգտակար լինելու մեջ, չնայած որ մենք դրա համար ենք կանչված: Սիրելիներ, զգույշ լինենք մեր հոգիների համար: Մեր հոգիների համար շատ թանկ գին է վճարվել: Անկարելի է, որ Երկնավոր հայրը անտեսի Իր Որդու զոհաբերությունը՝ մեր անհոգ կյանքի պատճառով: Ավարտվեց այսօրվա սերտողությունը, որը ևս մեկ արթնության կոչ էր մեզ համար: Մինչև օգոստոսի վերջ կավարտենք նաև Ղուկասի Ավետարանը, և ես կարծում եմ, որ մենք ճիշտ ժամանակին սկսեցինք մեր հոգևոր արթնության դասերը՝ ամեն օր: Կամ ուռենու ճյուղերով փառաբանենք մեր Տէր Հիսուս Քրիստոսին, կամ վարձու ժողովրդի պես կուսակալի առջև գոռանք,- Խաչը հանիր դրան: Այս ընտրության առջև միշտ կանգնած է մարդը մինչև աշխարհի վախճանը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մերժենք չարը, որը թշնամին է մեր Տիրոջ:Ընդունենք մեր հոգիների Փրկչին և ապահով ընթանանք մեզ նախատեսված կյանքը: