ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 23:1-12
ՅԻՍՈՒՍ ՊԻՂԱՏՈՍԻՆ ԱՌՋԵՒ
1 Բոլոր բազմութիւնը ոտքի ելլելով՝ տարին զանիկա Պիղատոսին 2 Ու սկսան անոր վրայով ամբաստանութիւն ընել եւ ըսել. «Ասիկա գտանք, որ մեր ազգը կը մոլորեցնէր ու Կայսրին հարկ տալէ կ՚արգիլէր եւ իրեն համար կ՚ըսէր թէ ինք Քրիստոս ու թագաւոր է»։ 3 Պիղատոս հարցուց անոր ու ըսաւ. «Հրէից թագաւորը դո՞ւն ես»։ Անիկա ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոր. «Դուն կ՚ըսես»։ 4 Այն ատեն Պիղատոս քահանայապետներուն ու ժողովուրդին ըսաւ. «Ես այս մարդուն վրայ յանցանք մը չեմ գտներ»։ 5 Բայց անոնք ոտք կը կոխէին ու կ՚ըսէին թէ՝ «Ժողովուրդը իրար կ՚անցնէ ու բոլոր Հրէաստանի մէջ կը սորվեցնէ՝ Գալիլիայէն սկսած մինչեւ այստեղ»։
ՅԻՍՈՒՍ ՀԵՐՈՎԴԷՍԻՆ ԱՌՋԵՒ
6 Պիղատոս երբ լսեց Գալիլիայի համար, հարցուց թէ այդ մարդը Գալիլիացի՞ է։ 7 Երբ իմացաւ թէ Հերովդէսին իշխանութեան տակէն է, զանիկա Հերովդէսին ղրկեց, քանզի ան ալ այն օրերը Երուսաղէմ էր։
8 Հերովդէս երբ Յիսուսը տեսաւ շատ ուրախացաւ, վասն զի ինք շատոնց կը փափաքէր զանիկա տեսնել. քանզի անոր վրայով շատ բաներ լսած էր եւ կը յուսար անկէ նշան մը տեսնել։ 9 Ու շատ խօսքերով հարցուփորձ ըրաւ, բայց անիկա բնաւ պատասխան մը չտուաւ։ 10 Քահանայապետներն ու դպիրներն ալ կեցեր էին եւ սաստիկ ամբաստանութիւն կ՚ընէին անոր վրայ։ 11 Հերովդէս անարգեց զանիկա իր զօրականներուն հետ ու ծաղր ընելէն յետոյ փառաւոր հանդերձներ հագցուց անոր եւ նորէն Պիղատոսին ղրկեց։ 12 Այն օրը Պիղատոս եւ Հերովդէս իրարու հետ բարեկամ եղան, որովհետեւ առաջ իրենց մէջտեղ թշնամութիւն կար։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. վերջին իրադարձությունների մասին կարդալիս, մենք տեսնում ենք, որ Ղուկաս ավետարանիչը բավական թռուցիկ է անդրադառնում պատահած դեպքերին՝ նախորդ ավետարանիչների համեմատ, և մատնանշում է գլխավոր դեպքերը: Երեկ մենք տեսանք, որ Քրիստոսին քահանայապետների ատյանի առջև էին կանգնեցրել պատասխանատվության համար, իսկ այսօր արդեն ժողովրդի բազմության ուղեկցությամբ Նրան տարան Պիղատոսի մոտ: Ովքե՞ր են մաս կազմում այս բազմությանը, որը ուղեկցում է Քրիստոսին՝ Պիղատոսի մոտ: Իսկ ո՞ւր է այն բազմությունը, որը իրենց կարիքների և հիվանդությունների բժշկության պատճառով հետևում էր Քրիստոսին՝ երեք տարի շարունակ: Մենք այստեղ գործ ունենք երեք տեսակ մարդկանց հետ, որոնք իրենց իրական կերպարի մեջ չեն: Այսինքն՝ սերմնացանի երեք տեսակ հող կա այստեղ: Առաջին տեսակը այն մարդիկ էին, որոնք հետևում էին Քրիստոսին՝ ինչ որ ակնկալիքի համար, և սրանց հավատը երերուն էր, երբ պատահեց առաջին փորձությունը, անմիջապես հեռացան, վտանգից խուսափելու համար:Սրանք ճանապարհին ընկած սերմերն են: Երկրորդ տեսակը այն մարդիկ են, որոնք խուլ ու համրի պես ենթարկվում են իրենց հոգևոր առաջնորդի ամեն խոսքին՝ կուրորեն, և կարող են զրպարտել նույնիսկ արդար մեկին՝ հաճոյանալով իրենք հոգևոր առաջնորդին: Սրանք փշերի մեջ ընկած սերմերն են: Երրորդ տեսակը այն ապառաժ հողն է, որը թեպետ ընդունում է սերմը, բայց պտուղ չի տալիս, քանի որ արմատ չունի: Այս երրորդ տեսակը անպտուղ քահանայապետներն ու օրենքի ուսուցինչերին են, որոնք ժողովրդի բազմությանը ենթարկել են իրեն անձին ու իրենց իշխանությանը: Իրենց պետք եկած ժամանակ օգտագործում են այս ներուժը՝ իրենց փառքի, կամ իրենց անձնական օգուտի համար: Այսպիսի կույր բազմություն կա նաև այսօր մեր եկեղեցում, որովհետև մեր եկեղեցում կան այնպիսի հոգևորականներ, որոնք հավատացյալ հոտին կապում են իրենց անձերի հետ, ոչ թե ուղղորդում են դեպի Քրիստոս, նրանց անձերի փրկության համար: Այսպիսի հավատացյալներն անտեղյակ են, իսկ այսպիսի հոգևորականները օգտագործում են հավատացյալի անգիտությունը և պահում են իրենց շուրջը տարիներ շարունակ:Որովհետև չգիտեն, որ քահանան Փեսայի բարեկամն է, ո՛չ թե Փեսան: Սիրելիներ այստեղ վերցնենք մեր դասը և շարժվենք առաջ: Որևէ հոգևորական իրավունք չունի հոտին իր անձի հետևից տանելու, նա պետք է Քրիստոսի եկեղեցու մեջ՝ հոտին ուղղորդի դեպի Քրիստոս և դեպի փրկություն: եթե նա հոտին տանի իր անձի հետևից, այդպիսին դավաճանում է Քրիստոսին, որովհետև քահանան ակունքը չէ, այլ վերցնում է Զուլալ Ակունքից և բաժանում ծարաված ժողովրդին: Քահանան նման է ծնողին, որը մեծացնում է երեխային և դարձնում ինքնուրույն՝ կյանք մտնելու համար, մշտապես հետևելով նրա քայլերին: Անգետ և կույր բազմությունը հետևեց իր կույր առաջնորդին և Քրիստոս հայտնվեց Պիղատոսի առջև:
Քահանայապետների վարձու անգետ բազմությունը սկսեց ամբաստանել Քրիստոսին՝ Պիղատոսի առջև, ասելով, որ Քրիստոս մոլորեցնում է ժողովրդին բավական չէ, նաև արգելում է հարկ տալ կայսրին և իրեն հռչակել է հրեաների թագավոր: Ի՞նչ եք կարծում, այսպիսի ամբաստանությունը, որը վնաս էր տվյալ պետության շահերին, ի՞նչ ազդեցություն պիտի ունենար դրամապաշտ կուսակալի վրա: Պիղատոսը թագավոր չէր, բայց պաշտպանում էր թագավորի շահերը, և վտանգը փարատելու համար, հարց է տալիս Քրիստոսին՝ հեգնելով,- Հրեաների թագավորը դո՞ւ ես: Հիսուս Քրիստոս ուղղակի ասաց,- Դու ասացիր: Պատկերացրեք, որ Պիղատոսը ավելի սթափ գտնվեց այս պահին՝ որոշում կայացնելու մեջ, և հայտնեց իր կարծիքը, որ այս մարդում մեջ որևէ վտանգ չի տեսնում: Պիղատոսը Քրիստոսի մեջ վտանգ չտեսավ, որովհետև չկար: Բայց Պիղատոսը մեծ վտանգ տեսել էր քահանայապետների մեջ՝ որ նախանձն էր: Բայց քանի որ նախանձը այրում էր կրոնական առաջնորդների սիրտը, նրանք շարունակեցին իրենց զրպարտությունները Հիսուսի մասին, ասելով որ քարոզում է նաև Գալիլիայի սահմաններում: Իսկ Պիղատոսը լսելով Գալիլիայի մասին, հիշեց, որ դա Հերովդեսի իշխանության տակ է, հանձնարարեց, որ Նրան տանեն Հերովդեսի մոտ: Հերովդեսի պատմությունը արդեն գիտեք, որին Քրիստոս աղվես էր անվանել, այնուամենայնիվ կամենում էր մի անգամ տեսնել Հիսուսին՝ Նրա ցույց տված հրաշքներից մեկով զմայլվելու համար:Երբ իր առջև տեսավ Հիսուսին, հարցաքննեց իրեն հուզող բոլոր հարցերով, սակայն Քրիստոսից ոչ մի պատասխան չստացավ: Հերովդեսի առջև էլ քահանայապետները առավել անհավանական ամբաստանություններ արեցին, որպեսզի Հերովդեսի որոշման վրա բացասական ազդեցություն ունենան: Հերովդեսը իրեն արհամարհված զգալով, իր զորականների հետ միասին ծաղրեցին Նրան, սպիտակ զգեստներ հագցրին և նորից հետ ուղարկեցին Պիղատոսի մոտ: Ավետարանը մեզ տեղեկացնում է որ այդ օրերին որ Պիղատոսն ու Հերովդեսը միմյանց թշնամիներ էին, սակայն Քրիստոսի դեպքերի առիթով բարեկամ դարձան: Նույնիսկ արհամարհանքի ու վիրավորանքի մեջ գտնված ժամանակ էլ Հիսուս Քրիստոսից մարդկանց համար
բարեկամանալու օգուտ է լինում: Մենք ուշի ուշով հետևեցինք, թե ինչպե՛ս վարվեցին Հիսուս Քրիստոսի հետ, որը երեք տարի շարունակ քարոզել, բուժել, ուսուցանել և կատարյալ օրինակ էր եղել բոլորի համար: Ինչո՞ւ է պարտադիր Ավետարանի հատկապես այս պատմությունները ամեն օր կարդալ: Որովհետև մենք՝ մեղավորներս երբեմն չենք հանդուրժում նույնիսկ մի հեգնական խոսք՝ ասված մեր հասցեին: Չենք ներում մեկին, որ չարախոսել է մեր հասցեին: Մենք մեր կյանքում ո՛չ մի անգամ այսպիսի իրավիճակում չենք հայտնվել՝ մեղավոր լինելով հանդերձ, ինչպես որ Քրիստո՛սն է հայտնվել Իր կատարյալ անմեղությամբ: Սակայն մենք ո՛չ մի անգամ չենք կարողացել պատվով դուրս գալ թեկուզ ամենափոքր վիրավորանքի ժամանակ նույնիսկ՝ առանց հակադարձելու: Այստեղ էլ վերցնենք մեր դասը և շարժվենք առաջ: Ցանկացած նեղության մեջ հիշե՛նք, մեր կրած տառապա՞նքն է ծանր, թե՞ Հիսուս Քրիստոսի, որը մեզ համար կրեց այն, ինչին արժանի չէր: Որպեսզի մեր մտքում մշտապես մնա այս բանը, պետք է մշտապես կարդանք Ավետարանը, որը մեր վերքերի բալասանն է:
Հոգևոր առումով չկարողացան որևէ մեղքի մեջ մեղադրել Հիսուսին, փորձեցին քաղաքական մեղադրանք առաջադրել, հարկերի առումով, որպեսզի Հռոմեական իշխանության միջոցավ Նրան մահվան դատապարտեն: Բայց Հռոմի կայսրն ու կուսակալը ոչ մի անգամ բախում չեն ունեցել Քրիստոսի հետ, Իսրայելը ծառայության լծի տակ պահելու առումով: Քրիստոս երբ բուժում էր հեթանոս հարյուրապետի աղջկան, նրանց երբեք չասաց, որ լավ չէ որ դուք իշխում եք մեր ժողովրդի վրա, ազատ արձակեք նրանց: Թեկուզ Հովհաննես Մկրտիչը Հերովդեսին բարոյական առումով նկատողություն էր անում, բայց պետական կառավարման հարցերին երբեք չխառնվեց: Հիսուս Քրիստոսին հետաքրքրում է մարդկանց հոգու ստրկությունը մեղքի հանդեպ, ո՛չ թե մարմնավոր ստրկությունը այս կամ այն իշխանությանը: Ի՞նչ պետք է պատասխաներ Հիսուս Քրիստոս ինքնահավան և մեծամիտ քահանայապետներին, երբ Ինքն էր Իրական Քահանայապետը՝ ըստ Մելքիսեդեկի կարգի: Ի՞նչ պետք է պատասխանները հեթանոս և կռապաշտ թագավորին և կուսակալին, երբ Ինքն է տիեզերքի թագավորների Թագավորը, Իսրայելի թագավոր՝ Դավթի սաղմոսների վկայությամբ: Ինքն էր մեծագույն Մարգարեն, որ ամեն խոսք իրականություն էր դառնում բոլորի աչքի առջև: Քրիստոս Հիսուս միայն Օծյալն է աշխարհում, որ բացարձակ իշխանություն ունի կյանքի և մահվան վրա: Մեռելների Հարության վրա և հավիտենականության վրա: Մենք այսօր ենթարկվում ենք մեր տեղական իշխանություններին, որովհետև պատգամ ունենք Աստծուց՝ կայսրինը՝ կայսեր տալու: Բայց քրիստոնյայի բուն ծառայությունը Աստծունը՝ Աստծուն տալու առաքելության մեջ է: Երբ մենք մեզ հանձնում ենք Աստծու թագավորությանը, մեր սրտերում սեր ու խաղաղություն է տիրում, մեր հոգիներում ուրախություն ու խնդություն է տիրում, որովհետև՝ ո՛չ թե ճշմարտությունը Քրիստոսի մոտ է, այլ՝ Քրիստոս Ի՛նքն է ճշմարտությունը: Ո՛չ թե սերը Քրիստոսի մոտ է, այլ՝ Քրիստոս Ի՛նքն է Սերը և սիրո ակունքը: Ինչո՞ւ Հերովդեսի և Պիղատոսի միջև խաղաղություն և բարեկամություն հաստատվեց, որովհետև իրենց առջև կանգնած էր հենց Ինքը՝ Խաղաղությունը: Չնայած Հերովդեսը չհասկացավ, որ իր կամեցած հրաշը, որ ուզում էր տեսնել Հիսուսից, կատարվեց, երբ երկու թշնամի բարեկամ դարձան: Հետևաբար Աստծու իշխանությունը սրտում ունենալով, կարելի է հանդուրժել նույնիսկ ամենավատ քաղաքական իշխանությանը, որը ժամանակավոր է: Աստծու որդիներից ավելի երջանիկ չկա աշխարհում, քանի որ նրանց վրա թագավորում է Աստծու Միածին Որդին, ո՛չ թե մարդը, որի իշխանությունը վաղանցուկ է անօգտակար:
Սիրելիներ, պատկերացրեք, որ այդ ծպտյալ մեղավորները՝ քահանայապետները, կուսակալն ու թագավորը Քրիստոսից հրաշք են ակնկալում՝ զվարճանալու համար: Իսկ Հիսուս Քրիստոս տեսնում է նրանց ներքին նենգ ու կեղծավոր մարդուն՝, որոնք ժողովրդի աչքին բարեպաշտներ երևալու համար պատրաստ են ամեն հանցավոր քայլի: Հայտնության Գիրքն ասում է,- Ահա կանգնած են դռան առջև և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին, և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ: Չբացեցին դուռը քահանայապետները, չբացեց Պիղատոսը, չբացես Հերովդեսը, չբացեցին զրպարտող ժողովուրդը և չեն բացում իրենց սրտի դուռը նաև այսօր՝ շատ շատերը: Գուցե ձեր մոտ հարց առաջանա, թե ինչո՞ւ Քրիստոս ոչինչ չպատասխանեց Հերովդեսին, երբ նա բազում հարցեր էր տալիս Իրեն: Մի՞թե չէր կարող պատասխանել: Քա՛վ լիցի: Քրիստոս պատասխան չուներ Հերովդեսի մակարդակի համապատասխան, քանի որ ցանկացած պատասխանի դեպքում Հերովդեսի հաջորդ քայլը գլխատման հրամանը կլիներ, ինչպես որ վարվեց Հովհաննեսի հետ: Բայց Քրիստոս լռեց, որպեսզի կամավոր ընդունի մահվան հրավերը և ինքնակամ խաչը բարձրանա, ո՛չ թե իրեն սպանեն իշխանություն ունենալու պատճառով: Սիրելիներ մենք 23 րդ գլխում տեսանք անարդար դատավարություններ, կեղծիք, զրպարտություն, ամբաստանություն, կույր ժողովուրդ, դավադիր հոգևոր առաջնորդներ, ծաղրող թագավոր և անտարբեր կուսակալ: Տեսանք նաև Հիսուս Քրիստոսին, որը լռությամբ և համբերությամբ հանձն առավ ամեն անպատվություն և ծաղր, զրպարտությունը և հեգնանք՝ հանուն մի թանկ բանի՝ մարդու փրկության: Ինչպե՞ս է վարվում այսօր քրիստոնյա աշխարհը՝այս բոլոր անպատվությունները կրողի Ավետարանի խոսքերի հանդեպ:
Բացարձա՛կ անտարբերությամբ և երբեմն էլ թերահավատությամբ: Թե ի՛նչ պատիժ կլինի նրանց համար, որոնք չընդունեցին Քրիստոսի թագավորությունը և ծաղրեցին Նրան, մենք կարդացինք նախորդ սերտողության մեջ, որ Տէր Հիսուս ասում էր,- բերե՛ք նրանց այստեղ և իմ աչքի առջև սպանեցեք նրանց: Իսկ թե ինչի կարժանանաք մենք՝ որ այսքան կարդում և լսում ենք Աստծու խոսքը, գիտե միայն Աստված և մեզնից յուրաքանչյուրը՝ իր սրտում: Աստծուն մեղադրեցին Աստծու հայհոյության մեջ: Մարգարեին մեղադրեցին կեղծ վարդապետության մեջ: Խաղաղարարին մեղադրեցին խռովության մեջ: Կայսրին տալիք տուրքի մասին ընտիր օրենք տվողին մեղադրեցին անօրենության մեջ: Հավիտենական կյանքի Թագավորին մեղադրեցին ժամանակավոր թագավորության ձգտման մեջ: Մի խոսքով այս գլխի մեջ մենք տեսանք ողջ ճշմարտությունը և ամբողջ կեղծիքը: Վերցնենք մեր դասը նաև այստեղից և դարձյալ շարժվենք առաջ՝ ծանոթանալու համար հաջորդ իրադարձություններին: Ի՞նչ պետք է սովորենք մենք զրպարտությունից և կեղծիքից, որը կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ՝ երբ մենք կամենանք ազգանպաստ մի բարի և օգտակար գործ կատարել, ինչը դուր չի գալիս չարի գործակալին, որը ուշադիր հետևում է բարի մարդուն կործանելու համար: Մենք էլ հանուն մեր բարի նպատակի պետք է համբերենք ու հանդուրժենք մեզ ամբաստանողներին այնպես, ինչպես որ վարվեց Հիսուս Քրիստոսս: Մենք էլ մեր կարողության սահմաններում հավատարիմ լինենք մեր բարի նպատակներին: Ավարտենք այստեղ այսօրվա սերտողությունը, որի դասերը ևս կարևոր են մեր հոգևոր կյանքի աճի համար:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Ավետարանը դառնա մեր սեղանի բաց գիրքը, մեր ուղեցույցը ր մեր անդավաճան բարեկամը: