ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 22: 47- 71
ՅԻՍՈՒՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ
47 Երբ կը խօսէր, բազմութիւն մը եւ Յուդան, տասներկուքէն մէկը, որ անոնց առջեւէն կու գար, Յիսուսին մօտեցաւ, որպէս զի զանիկա համբուրէ։ 48 Բայց Յիսուս ըսաւ անոր. «Յո՛ւդա, համբուրելո՞վ կը մատնես Որդին մարդոյ»։ 49 Երբ անոր բոլորտիքը եղողները տեսան ինչ որ պիտի ըլլար, ըսին անոր. «Տէր, թուրով զարնե՞նք»։ 50 Անոնցմէ մէկը քահանայապետին ծառային զարկաւ ու մէկդի հանեց անոր աջ ականջը։ 51 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ. «Կը բաւէ»։ Եւ դպաւ անոր ականջին ու բժշկեց զանիկա։ 52 Յիսուս իր վրայ եկող քահանայապետներուն ու տաճարին իշխաններուն ու ծերերուն ըսաւ. «Իբր թէ աւազակի՞ վրայ ելաք սուրերով ու բիրերով։ 53 Ամէն օր ձեզի հետ էի տաճարին մէջ եւ ինծի ձեռք չզարկիք, բայց այս է ձեր ժամանակը ու խաւարին իշխանութիւնը»։
ՊԵՏՐՈՍ ՅԻՍՈՒՍԸ Կ՚ՈՒՐԱՆԱՅ
54 Զանիկա բռնելով տարին ու քահանայապետին տունը մտցուցին. Պետրոս ալ հեռուէն անոր ետեւէն կ՚երթար։ 55 Երբ կրակ վառեցին գաւիթին մէջ ու մէկտեղ նստան, Պետրոս ալ նստաւ անոնց մէջ։ 56 Աղախին մը տեսնելով զանիկա որ կրակին քով նստեր էր, նայեցաւ անոր ու ըսաւ. «Ասիկա ալ անոր հետ էր»։ 57 Բայց Պետրոս ուրացաւ զանիկա ու ըսաւ. «Ո՛վ կին, ես զանիկա չեմ ճանչնար»։ 58 Քիչ մը ետքը ուրիշ մը տեսաւ զանիկա ու ըսաւ. «Դո՛ւն ալ անոնցմէ ես»։ Պետրոս ըսաւ. «Ո՛վ մարդ, ես անոնցմէ չեմ»։ 59 Եւ ժամու մը չափ անցնելէն յետոյ՝ ուրիշ մըն ալ կը պնդէր ու կ՚ըսէր. «Յիրաւի ասիկա ալ անոր հետ էր, վասն զի Գալիլիացի է»։ 60 Բայց Պետրոս ըսաւ. «Ո՛վ մարդ, չեմ գիտեր ի՞նչ կը խօսիս դուն»։ Իր խօսքը դեռ բերանն էր, երբ հաւը խօսեցաւ։ 61 Տէրը դարձաւ ու Պետրոսին նայեցաւ։ Պետրոս ալ միտքը բերաւ Տէրոջը խօսքը, որ իրեն ըսեր էր թէ՝ ‘Դեռ հաւը չխօսած՝ երեք անգամ պիտի ուրանաս զիս’։ 62 Պետրոս դուրս ելլելով դառնապէս լացաւ։
ՅԻՍՈՒՍ ԿԸ ԾԱՂՐՈՒԻ ՈՒ ԿԸ ԾԵԾՈՒԻ
63 Այն մարդիկը, որոնք Յիսուսը կը պահէին, կը ծաղրէին զանիկա ու կը ծեծէին. 64 Եւ անոր աչքերը ծածկելով՝ անոր երեսին կը զարնէին ու կը հարցնէին իրեն՝ ըսելով. «Մարգարէացի՛ր։ Ո՞վ է ան, որ քեզի զարկաւ»։ 65 Ուրիշ շատ բաներ ալ կ՚ըսէին անոր հայհոյելով։
ՅԻՍՈՒՍ ԱՏԵԱՆԻՆ ԱՌՋԵՒ
66 Առտուն, ժողովուրդին ծերակոյտը, քահանայապետները եւ դպիրները ժողվուեցան ու տարին զանիկա իրենց ատեանը եւ ըսին. «Եթէ Քրիստոսը դուն ես, ըսէ մեզի»։ 67 Ըսաւ անոնց. «Եթէ ձեզի ըսեմ ալ՝ պիտի չհաւատաք. 68 Եթէ ձեզի բան մը հարցնեմ, ինծի պատասխան պիտի չտաք, ո՛չ ալ զիս պիտի արձակէք։ 69 Ասկէ յետոյ Որդին մարդոյ Աստուծոյ զօրութեանը աջ կողմը պիտի նստի»։ 70 Ամէնքը ըսին. «Ուրեմն դուն Աստուծոյ Որդի՞ն ես»։ Ինք ալ ըսաւ անոնց. «Դուք կ՚ըսէք թէ ես եմ»։ 71 Եւ անոնք ալ ըսին. «Ալ ի՞նչ պէտք է մեզի վկայութիւն, վասն զի մենք անձամբ անոր բերնէն լսեցինք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօրվա սերտողությունը սկսենք՝ վերհիշելով փորձառու Պողոս առաքյալի այն պատգամով, որն ասում է. "Հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։ Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը"։ Եփես 6:14 Այս խոսքերը Պողոս առաքյալը գրել է Քրիստոսի հետ պատահած դեպքերից հետո, իր անձնական փորձառությունից դրդված: Պողոս առաքյալը ավելի շուտ ընկալեց Քրիստոսի մի խոսքը՝ ակնթարթային հանդիպումից՝ Դամասկոսի ճանապարհին, քան աշակերտները, որոնք երեք տարի քայլեցին Հիսուսի հետ և լսեցին Նրան: Պողոս առաքյալը հասկացել էր, որ Միայն հավատի վահան ունենալը բավական չէ պատերազմում պաշտպանվելու համար, պետք է նաև սուսեր՝ հաձակվելու համար: Նախորդ սերտողությունների մեջ հիշում եք, որ Տէր Հիսուս աշակերտներին ասում էր, վաճառեցեք ձեր վերարկուն և սուր գնեք, ինչ աշակերտները ուղիղ իմաստով հասկացան և ասացին երկու սուր ունենք: Իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին՝ մեծ արագությամբ: Երեկվա սերտողության մեջ Տէր Հիսուս առանձին աղոթքի էր կանգնել Ձիթենյաց լեռան վրա՝ աշակերտներից քիչ հեռու: Նրա աղոթքը լսվեց Երկնավոր Հոր կողմից, սակայն մահը անխուսափելի էր, քանի որ դա էր Հոր կամքը: Այս մտքից վերցնենք մեր դասը և շարունակենք առաջ: Աղոթքները բոլորը լսվում են, բայց կատարվում են նրանք, որոնցում խնդրում ենք Աստծու կամքը, իսկ Աստծու կամքը միշտ բարի է մարդու համար, չնայած, որ կարող է երբեմն նաև ցավոտ լինել: Դեռ նոր էր ավարտել աղոթքը Հիսուս Քրիստոս և աշակերտների հետ զրույցի պահին նրանց մոտեցավ սպասված ամբոխը՝ Հուդայի գլխավորությամբ, որը նախնական համաձայնության էր եկել քահանայապետների հետ՝ Հիսուսին դրամի դիմաց մատնելու: Մոտեցավ Հուդան Հիսուս Քրիստոսին, համբուրեց Նրան, որովհետև այդ է գաղտնի նշանը մատնության՝ ըստ պայմանավորվածության: Գիշեր էր, մթության մեջ միայն այդ կերպ կարող էր ցույց տալ Վարդապետին՝ զինված ամբոխին: Հուդան իր տեղում պինդ կանգնած չէր, և չուներ արդարության զրահը, ոչ էլ հոգու սուսերը ուներ, որ Աստծու խոսքն է: Համբուրեց Վարդապետին և այդ օրից սկսած մատնությունը կոչվոց Հուդայի համբույր: Տէր Հիսուս թույլ տվեց, որ Հուդան համբուրի և կատարի իր խոստումը, որ տվել էր: Այստեղ է որ Տէր Հիսուս մեզ սովորեցնում է չչարանալ այսպիսի պարագաներում, այլ ունենալ հավատի վահան և հոգու սուսեր:
Վարդապետը Հուդային հարց տվեց,- Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն: Կամեցավ արթնացնել Հուդայի խավարած միտքը, որ մի՞թե եղբայրական և բարեկամական համբույրը կարելի է վերածել մատնության: Ո՞ւմ ես դու մատնում, Աստծու Որդո՞ւն, որը հեզ է և խոնարհ, չի հակառակվում: Մատնում ես Նրա՛ն, որը մարդացա՞վ քեզ համար: Չնախատեց Հուդային Տէր Հիսուս, և նույնիսկ մատնիչ չանվանեց: Քրիստոս գիտեր, որ Հուդան մատնելու է Իրեն, երբ աշակերտ վերցրեց նրան, որը Գալիլիայից չէր, ինչպես որ մյուս աշակերտները: Հենց սկզբից գանձանակը նրան վստահելով, հնարավորություն էր տվել, որ վերացնի իր մեկ այլ վատ սովորությունը, որ գողությունն էր: Բայց Հուդան էությամբ գող էր և արծաթասեր: Չգնահատեց իր աշակերտ լինելու հանգամանքը և ծառայեց արծաթին ու կորցրեց և՛ արծաթը և իր փրկության հույսը: Տէր Հիսուս երկրերդ անգամ տվեց Հուդային հնարավորություն՝ զղջալու կատարվածի համար:Առիթ տվեց, որ Հուդան հիշի գայթակղության մասին ասված իր խոսքերը, թե՝ վայ նրան ում ձեռքով կգա: Գրված է որ մարդու Որդին մատնվելու է հեթանոսների ձեռքը, դա անխուսափելի է, բայց Հուդան կարող էր զղջակ և փրկություն գտնել: Հուդան դա էլ չարեց: Սա Հուդան էր, իսկ ի՞նչ արեցին մյուս աշակերտները: Երբ տեսան, որ վտանգը մոտենում է, աշակերտներից մեկը հավանաբար հիշեց սուր ունենալու մասին երեկվա խոսակցությունը, և մտածեց, որ այս պահի համար էր պետք սուրը, և քաշելով կտրեց քահանայապետի ծառայի ականջը: Տէր Հիսուս արգելեց այլևս սուրը գործածել և դիպչելով ծառայի ականջին այն բժշկեց: Հավանաբար սուր գործադրող աշակերտը հասկացավ, որ սուրը այս իմաստով չէր ասել Վարդապետը, քանի որ անմիջապես բժշկեց կտրված ականջը: Ականջը կտրելու սովորությունը եղել է քահանայապետների մոտ և նրանք կտրել են այն ծառաների ականջները, որոնք չեն կատարել Մովսեսի օրենքը: Կտրել են ծառաների ականջները, բայց իրենք նույնպես չեն լսել մարգարեներին և զանց են առել Մովսեսի օրենքը, ինչի հետևանքով հիմա հավաքվել են Աստծու Որդուն սպանելու չար միտումով: Այսպիսի մանր դրվագները հետագայում աշակերտների համար դարձան հավատքը ամրապնդելու, և Աստծու խոսքի խորքերը հասկանալու լավագույն առիթներ:
Տէր Հիսուս այդ հրաշքը այդ պահին գործեց, որպեսզի ցույց տա, որ Ինքը ղրեժխնդրության չէ լցված իրենց նկատմամբ: Իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին, և ծերերին զարմացած հարց տվեց, ասելովը,- ինչո՞ւ եք սրերով ու մահակներով եկել ինձ վրա, մի՞թե ավազակ եմ: Միթե ձեզ հետ չէի տաճարում, երբ դուք ինձ ինձ վրա ձեռք չբարձրացրիք: Որովհետև տաճարը լուսավոր է, իսկ հիմա գիշեր ու խավար, ինչպես որ ձեր ներսն է խավար, ինչպես որ դուք եք ծառայում խավարի իշխանության զորությանը: Ձեր իշխանությունը տաճարում՝ խավարի իշխանություն է, դրա համար գիշերով եք կատարում եր նենգավոր գործերը: Այդտեղ եկած կրոնական իշխանավորները պատրաստ էին իրենց հասցեին լսել ցանկացած վիրավորանք, միայն թե հաջողեին իրենց դավադիր ծրագրի մեջ՝ հնարավորիս շուտ վերացնել այգու Տիրոջ ժառանգին՝ Հիսուս Քրիստոսին: Տարան Հիսուսին և մտցրին քահանայապետի բակը, որտեղ հավաքված ամբոխը սպասում էր, չնայած որ գիշեր էր: Պետրոսը հեռվից էր հետևում իրադարձություններին: բայց երբ գավթում կրակ վառեցին, կրակի լույսից մարդիկ Պետրոսին ճանաչեցին: Հերթով մոտենում էին Պետրոսին և ասում, որ ինքն էլ էր նրանց հետ: Իսկ Պետրոսը հրաժարվում էր ասելով, - չե՛մ ճանաչում Նրան: Պետրոսի խոսակցալան բարբառից ներկաները զանազանում էին, որ նա Գալիլիայից է, բայց Պետրոսը հասցրեց այդ գիշերվա մեջ երեք անգամ ուրանալ Քրիստոսին: Մինչ Պետրոսը երրորդ հանդիմանողին նույնպես մերժում էի, ասելով, թե չեմ ճանարեում այդ մարդուն, աքաղաղը կանչեց: դա նշանակում է որ արդեն լուսադեմ էր, և հանկարծ Պետրոսը հիշեց Վարդապետի խոսքը՝ աքաղաղի կանչի մասին և տեսավ, որ Հիսուս իրեն է նայում: Այլևս տարակուսելու ոչ մի առիթ չկա, որ հայտնապես ուրացավ իր Տիրոջը, որին խոստանում էր մահվան գնալ Նրա համար: Մատնե՛ց Հուդան, ուրացա՛վ Պետրոսը, փախա՛ն մյուս աշակերտները վախից...Վախեցան այն դեպքում, երբ իրենց Վարդապետը տասնյակ անգամներ ասել էր,- Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում... Վախի այս բոլոր դրսևորումները անակնկալ էին աշակերտների համար, բայց հստակ էր Հիսուսի համար: Նա գիտե՛ր, որ վախենալու էին, որ փախչելու էին, առավել ևս գիտեր, որ մատնելու և ուրանակու էին: Սա էր այն առաքելական դպրոցը, որ աշակերտները սովորեցին գերազանց, ավարտեցին գերազանց և դարձան քրիստոնեական ջահեր՝ ողջ աշխարհի համար: Փոխանցեցին քրիստոնեության վառած ջահերը բոլոր ազգերին, քանի որ իրենք իրենց ջահերը վառել էին լույսի ակունքից: Պետրոսի դառը լացը և զղջումը եղավ նրա կյանքի ուղեկցող աստվածային առաքինությունը՝ մինչև նահատակություն:
Հիսուս Քրիստոս գտնվում էր կապանքների մեջ, և նույնիսկ այդ պահին մտահոգ էր աշակերտների հոգու փրկության համար և նայեց Պետրոսին, որպեսզի Պետրոսը հիշի Իր խոսքը և զղջա ու կորստյան չմատնվի: Փրկեց Պետրոսի հոգին՝ կապանքների մեջ եղած ժամանակ: Բայց չկարողացավ փրկել Հուդայի հոգին, քանի որ փրկությունը ստիպելով չէ, այլ՝ կամավոր.
Աշակերտները հետագալում հասկացան, որ երկնքում և երկրի վրա ամեն բան ծառայում է Աստծուն: Նույնիսկ աքաղաղը կանչում է իր Տիրոջ կամեցած ժամին, և էշը խոսում է, երբ որ կարիքը կա: Այս գաղտնիքը ծածկված մնաց օրեքի իշխանավորներից, և նրանք անմտորեն Հիսուսին հանձնեցին Հռոմեական զինվորներին՝ ծաղրելու և անարգելու համար: Ընդամենը երկու օր առաջ էին լսել առակը՝ Չար մշակների վերաբերյալ և լսել էին նաև վերջաբանը, որ ասում է,- Բերեք և Իմ առջև սպանեք նրանց, որոնք արհամարհեցին Ինձ: Միտքը խավար, հոգին խավար, աչքը խավար մարդկանց համար նույնիսկ երկնքից շողած լույսը տեսանելի չէ: Քահանայապետներն ու օրենքի ուսուցիչները ամեն օր տաճարում ժողովրդի աչքի առջև փառաբանում են Աստծուն և երկարացնում իրենց աղոթքները, մարդկանց աչքին բարեպաշտ երևալու համար: Իսկ գիշերը՝ խավարի մեջ Աստծու Որդուն ծաղր ու ծանակի են ենթարկում: Աստծու փառաբանությունը առանց հավատքի հեթանոսական վարք է, ուրիշ ոչինչ: Այս տեսակ հոգևոր սպասավորները իրենց ծառայության դաշտի կենտրոնում իրենց անձից բացի ուրիշ մեկին չեն տեսնում և չեն ընդունում: Սիրելիներ, այս սերտողությունների մեջ մենք հանդիպում ենք ինչպես առաքինության լավագույ օրինակների, այնպես էլ սատանայի փորձությունների բոլր տեսակներին՝ որպես օրինակ մեզ համար, այսօր զգուշանալու այդ փորձություններից: Նայեք քահանայապետներին ու տեսեք, որ արտաքինը խաբուսիկ է, նրանք գիշերվա ու խավարի առաջանորդներ են ոչ թե հոգևոր առաջնորդներ: Նայեք աշակերտներին ու տեսեք մարդկային բոլոր տկարությունները հավատքի մեջ եղած ժամանակ: Նայեք սատանայի գործերին, որ պայքարում է Աստծու Որդու դեմ, իմանալով, որ իր ժամանակը սահմանափակ է: Նայեք Աստծուց հեռու հռոմեական զինվորներին և տեսեք, երբ մարդն Աստծուն չի ճանաչում, նա կենդանուց էլ ցածր է:
Ծաղրեցին զինվորականները ողջ գիշեր, հարվածեցին ու հայհոյեցին, իսկ Ինքը լռեց և համբերեց այն ամենին՝ հանուն մարդու փրկությանը: Ցույց տալու համար, որ չկա որևէ անարգանք, որին համբերելը անկարելի լինի, հանուն թանկարժեք բանի, քանի որ բոլոր դաժանությունները կատարվեց Հիսուս Քրիստոսի վրա: Քրիստոս համբերեց ամեն անարդարության հանուն մեզ, մենք պետք է համբերենք ամեն նեղության՝ Քրիստոսին արժանանալու համար: Թանկարժեք բաների համար թանկարժեք հատուցումներ է պահանջվում: Երբ լույսը բացվեց հավաքվեց հոգևոր էլիտան և պահանջեցին Հիսուսին բերել իրենց ատեանի առջև՝ իբրև հարցաքննելու, և նրան ասում են,- Եթե դո՛ւ ես Քրիստոսը, ասա մեզ: երեք տարի շարունակ այս հարցը տվեցին և պատասխանը ստացան ամենատարբեր բացատրություններով և առակներով: Այժմ ատեանի առջև նորից նույն հարցն են տալիս: իսկ Քրիստոս նույն խաղաղությամբ պատասխանում է նրանց, որ ինչո՞ւ եք հարցնում եթե չեք հավատում: Բայց կհավատք, երբ մարդու Որդին նստի Աստծու զորության աջ կողմում: Իբրև առաջին անգամ լսած մի նորույթւոն, բոլորը միանգամից զարմացած հարցրին,- Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես: Այս պատասխանը համարելով հայհոյություն Աստծու նկատմամբ, մեջտեղ բերեցին իրենց հորինած զրպարտությունները, որոնք հատուկ նպատակով էին հորինել, քանի որ եթե կուսակալը լսեր այդ զրպարտությունները կհավատար, որ Հռոմին վտանգ է սպառնում Քրիստոսի ներկայությունը: Ստեցին տաճարի իշխանավորները, իբրև թե Քրիստոս խռովարար է, հորդուրում է ժողովրդին տուրք չտալ կայսրին և ասում է որ Ինքն է թագավորը: Սիրելիներ, աշխարհի վախճանը անխուսափելի է, քանի որ գրված է: հաշվոտվությունը Աստծու առջև պարտադիր է, քանի որ գրված է: Մահը մարդու համար նախատեսված է, քանի որ Աստված է զգուշացրել: Ի՞նչ է մնում քրիստոնյային անել: Այս բոլորից դաս քաղել: Արթուն մնալ աղոթքի պահին: Եկեղեցում Քրիստոսին փնտրել՝ պատերը համբուրելուց առաջ: Հավատի վահան ունենալը բավական չէ, քրիստոնյան իրավունք չունի միայն պաճտպանվել: Քրիստոսնյան հոգու սուսեր պետք է կրի, որ Աստծու խոսքն է՝ հարձակվելու համար: Քրիստոնյան Քրիստոսի ջահն է, որը երբեք իրավունք չունի մարելու, ոչ էլ իրավունք ունի մի տեղում անշարժ դնելու, այլ պետք է փոխանցել ջահը այլոց, որ աշխարհում տարածվի Քրիստոսի լույսը: Տէր Հիսուս Քրիստոս, Աստծու Որդի, Դո՛ւ որ մեզ համար կրեցիր այս բոլոր անպատվություններն ու զրպարտությունները՝ ճշմարտության ակունքը լինելով, աղաչում ենք Քեզ, վառի՛ր մեր ջահերը, որոնց լույսը նվազել և որոշներիս մոտ՝ նույնիսկ մարել է: Քո Սուրբ Հոգու միջոցով լուսավորիր մեր երկրի ջահերը՝ Քո սպասավորների ձեռքերում, որպեսզի նրանք էլ փոխանցեն մեզ: Առանց Քո լույսի անկարելի է դիմակայել օրվա մարտահրավերներին: Իսկ Քո հոգու սուսերով կարող ենք դիմակայել ամեն փորձության: Սիրելիներ, ավարտենք այսօրվա սերտողությունը մեր ավանդական աղոթքով՝ նաղը տեսնվելու ակնկալիքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի զինվենք Աստծու սպառազինությամբ՝ գալիք փորձությունները հաղթահարելու համար: