ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 22: 24-38
ՎԷՃ՝ ՄԵԾՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
24 Վէճ մըն ալ եղաւ անոնց մէջ՝ թէ իրենցմէ ո՞վ մեծ պիտի սեպուի։ 25 Յիսուս ըսաւ անոնց. «Ազգերու թագաւորները անոնց կը տիրեն եւ անոնք որ կ՚իշխեն անոնց՝ բարերար կը կոչուին։ 26 Բայց դուք այնպէս պէտք չէ ըլլաք, հապա ան որ ձեր մէջ մեծ է, պզտիկի պէս թող ըլլայ եւ առաջնորդը՝ սպասաւորի պէս։ 27Քանզի ո՞վ է մեծը, սեղան նստո՞ղը թէ սպասաւորը։ Չէ՞ որ սեղան նստողը. սակայն ես ձեր մէջ սպասաւորի մը պէս եմ։ 28 Եւ դուք անոնք էք՝ որ միշտ ինծի հետ կը կենայիք իմ փորձութիւններուս մէջ. 29 Ես կ՚ուխտեմ ձեզի թագաւորութիւն մը, ինչպէս իմ Հայրս ինծի թագաւորութիւն մը տալ ուխտեց. 30 Որպէս զի դուք իմ սեղանէս ուտէք ու խմէք իմ թագաւորութեանս մէջ եւ աթոռներու վրայ նստիք Իսրայէլի տասներկու ցեղերը դատելու»։
ՅԻՍՈՒՍ ՊԵՏՐՈՍԻՆ ՈՒՐԱՆԱԼԸ ԿԸ ԳՈՒՇԱԿԷ
31 Տէրը ըսաւ. «Սի՛մոն, Սի՛մոն, ահա Սատանան ձեզ փնտռեց, որ ցորենի պէս խարբալէ. 32 Բայց ես քեզի համար աղօթք ըրի, որպէս զի քու հաւատքդ չպակսի եւ դուն երբ դարձի գաս, քու եղբայրներդ ալ հաստատես»։ 33 Իսկ Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ես պատրաստ եմ քեզի հետ բանտ երթալու ալ, մեռնելու ալ»։ 34Բայց Յիսուս ըսաւ. «Պետրո՛ս, քեզի կ՚ըսեմ թէ այսօր հաւը պիտի չխօսի մինչեւ դուն երեք անգամ ուրանաս՝ ըսելով թէ՝ զիս չես ճանչնար»։
ՔՍԱԿ, ՊԱՐԿ ԵՒ ԹՈՒՐ
35 Ապա ըսաւ անոնց. «Երբ ձեզ ղրկեցի առանց քսակի ու պարկի եւ կօշիկներու, բանի մը կարօտ եղա՞ք»։ 36 Անոնք ալ ըսին. «Ոչ մէկ բանի»։ Ետքը ըսաւ. «Բայց հիմա ան որ քսակ ունի, թող իրեն հետ առնէ, նոյնպէս ալ պարկը եւ ան որ թուր չունի, թող իր հանդերձը ծախէ ու իրեն թուր մը ծախու առնէ. 37 Քանզի կ՚ըսեմ ձեզի թէ այս գրուած բանն ալ պէտք է որ իմ վրաս կատարուի՝ ‘Եւ անօրէններու հետ սեպուեցաւ’. քանզի ինչ որ ինծի համար որոշուած է, կատարուելու վրայ է»։ 38 Անոնք ալ ըսին. «Տէ՛ր, ահա հոս երկու թուր կայ»։ Ան ալ ըսաւ անոնց. «Հերիք են»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Եթե հիշում եք, երեկվա մեր սերտողությունը կարծես կիսատ էր մնացել, որովհետև այսօր պետք է ի հայտ գան նորանոր բացահայտումներ, և զարմանալի փաստեր օրվա դեպքերի հետ կապված: Վերջին ընթրիքի սեղանին հավաքված ժամանակ Տէր Հիսուս բացահայտեց, որ իրենցից մեկն է լինելու Վարդապետին մատնողը: Այնուհետև Ավետարանիչը մեզ ականատես է դարձնում մեկ այլ իրողության, որտեղ աշակերտների միջև հակաճառություն է առաջանում, թե իրենցից ո՞վ պիտի մեծ համարվի: Այս հակաճառությանը ներկա է նաև Հիսուս Քրիստոս, որովհետև անմիջապես պատասխանում է նրանց, բացատրելով, որ նրանք երբեք չնմանվեն ազգերի թագավորներին, որոնք իշխում են իրենց ժողովուրդների վրա և տիրում են նրանց: Այլ Քրիստոսի աշակերտների մեջ պետք է գործի շնորհը, ո՛չ թե ուժն ու իշխանությունը: Քրիստոսի վարդապետության հիմքում մեծագույն պատվիրան կա դրված, որը նախ Ի՛նքը կատարեց, ապա ուսուցանեց ու պատվիրեց Իր աշակերտներին: Ո՞րն է այդ պատվիրանը: Մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի: Ահա սա է այն մեծ պատվիրանը, որը դարերի ընթացքում կորցրեց իր ուժը, իսկ այսօր այն առհասարակ մոդա չէ ո՛չ քաղաքական և ո՛չ էլ հատկապես հոգևոր ոլորտում: Տէր Հիսուս Վերջին Ընթրիքի ժամանակ լվաց աշակերտների ոտքերը՝ նրանց փոխանցելով այս պատվիրանի կարևորությունը:
Այո, Փրկիչը լվաց փրկվողի ոտքերը, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այդպես վարվեն իրենց ծառայության մեջ: Ինչո՞ւ առաջացավ այս հակաճառությունը աշակերտների մեջ: Հավանաբար երբ իմացան, որ իրենցից մեկը մատնելու է Տիրոջը, սկսեցին միմյանց վրա կասկածել ու մեղադրել միմյանց: Նա՛և չի բացառվում, որ յուրաքանչյուրը իրեն ավելի հավատարիմ էր ներկայացնում քան մյուսները, և այս պատճառով նրանց մեջ առաջացավ այս մտահոգությունը, թե ո՞վ է մեծ համարվելու իրենց մեջ: Աշակերտների առջև կանգնած է տիեզերքի Մեծը և փոքրի պես ծառայում է նրանց՝ անտեսելով Իր մեծությունը: Բայց մարդ արարածը բոլոր ժամանակներում կամենում է նա՛խ մեծ լինել, հետո որևէ բան անել: Ամենացայտուն օրինակը քաղաքական դաշտում է, որ բոլորը ուզում են վարչապետ կամ նախարար դառնան, հետո որևէ բարիք գործեն ժողովրդի համար: Բայց տարիների փորձը ցույց տվեց, որ բոլորի նպատակն էլ աթոռն է, ո՛չ թե ծառայությունը: Յուրաքանչյուր ոլորտ Ավետարանում ունի իրեն հարմար մի պատվիրան: Այս պատվիրանը ուղղված է հատկապես հոգևոր և քաղաքական իշխանություններին և բոլորիս՝ մասնավորապես: Հիսուս Քրիստոս, որին ծառայում են երկնային զորքն ու երկնքի բոլոր հրեշտակների գնդերը, սպասավորում է պարզ ձկնորսներին, իսկ ձկնորսները ուզում են մե՛ծ համարվել: Ամեն տեղ մարդ արարածը տկար մեծամիտ է, եթե սրտում չունի Աստծու պատվիրանը: Կարելի է ասել, որ աշակերտները մեզ պես չէին հասկացել Վերջին ընթրիքի խորհուրդը, երբ Հիսուս Քրիստոս բաժանեց հացը նրանց միջև և նույնը արեց գինին բաժանելով նրանց՝ նույն սեղանից: Այս խորհուրդը կատարեց, որպեսզի աշակերտները հասկանային, որ այսուհետև նրանք արդեն եղբայրներ են ի Քրիստոս, և պետք է լինեն միախոհ, միաբան և միախորհուրդ: Այս դեպքում անձերի միջև մեծի ու փոքրի խնդիր չի առաջանում, այլ ծառայության հիմքում դրվում է Քրիստոսի վարդապետության մեծությունը: Քրիստոս իրեն հանդիպած բոլոր մարդկանց ծառայեց հավասարապես՝ տարբերություն չդնելով անձերի միջև: Այսպիսի ծառայությունը նրա համար էր, որպեսզի օրինակ լինի աշակերտների և այլոց համար:
Բայց ինչպես տեսնում ենք աշակերտները նույնպես վիճաբանում են ո՛չ թե վարդապետին նմանվելու ձգտման մեջ, այլ՝ մեծ լինելու ցանկության: Այսպես է նաև ամեն քրիստոնյա, քանի դեռ չի հմտացել առաքինությունների մեջ, և քանի դեռ Սուրբ Հոգին չի հանգչել նրա վրա, որպեսզի խոնարհությունը նրան հիշեցնի ծառայության մասին: Երկար է խոսում աշակերտների հետ, քանի որ ուսուցումը անվերջանալի է, իսկ աշակերտների ընկալման տարողությունը սահմանափակ է և պատկերացումները աստվածայինի մասին թյուր է: Աշակերտներին ամեն կերպ պատրաստում է գալիք մեծ փորձություններին, և հիշեցնում է, որ իրենք միշտ միասին են եղել բոլոր նեղությունների ժամանակ, մինչև այդ պահը, բայց կգա ժամանակ, երբ աշակերտները այլևս չեն դիմանա փորձություններին և կտրվեն սատանայի խաբկանքին; Նույնիսկ Պետրոսին զգուշացնում է, որ սատանան կամեցավ ցորենի պես մաղել ձեզ, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու երբ վերադառնաս Ինձ, հաստատես նաև քո եղբայրներին: Ինչո՞ւ Պետրոսի զգուշացրեց, որովհետև Պետրոսն էր համարձակ իր բոլոր քայլերում և Պետրոսի մեղանչելու հավանականությունը ավելի մեծ էր: Ի՛նչ մեծ պարգև էր Պետրոսի համար, երբ Վարդապետը աղոթում է իր համար: Տէր Հիսուս գիտեր, որ Պետրոսը ուրանալու է Իրեն, Բայց աղոթեց նրա համար, որ նրա հավատը չպակասի ուրանալուց հետո: Սիրելիներ, այս խոսքերը Տէր Հիսուս ասում է Պետրոսին նախքան իր մատնելը, նախքան դեպքերի սկսվելը: Տէր Հիսուսին հայտնի է նաև, որ Պետրոսը զղջալու է իր արարքի համար և նորից դառնալու է դեպի Հիսուս Քրիստոս, քանի որ Տիրոջ աղոթքից հետո իր հավատքը չէր պակասել: Սա հայտնի է դառնում այս խոսքից, որ ասում է,- երբ վերադառնաս ինձ, հաստատիր նաև քո եղբայրներին: Կատարվելիք բաները հայելու պես տեսանելի են Հիսուս Քրիստոսին, և ստվերի պես անհասկանալի են Պետրոսի համար: Լսում է Տիրոջ խոսքերը, բայց չի համակերպվում այն մտքի հետ, որ ինքը կարող է մատնել իր սիրելի Վարդապետին; Քանի որ ասում է,- Տէ՛ր, պատրաստ եմ Քեզ հետ գնալ բանտ և ի մահ; Այս խոսքերից հետո Քրիստոս արդեն ավելի բացահայտ է հայտնում Պետրոսին իր ուրացության մասին, նույնիսկ նշելով ժամանակը: Այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչև որ դու երեք անգամ ուրանաս, և ասես, որ Ինձ չե՛ս ճանաչում: Բայց որպեսզի աշակերտները հուսահատության մեջ չընկնեն, նաև գոտեպնդում է նրանց ասելով, - դո՛ւք էիք, որ Իմ փորձությունների ժամանակ ինձ հետ էիք մշտապես, հետևաբար խոստանում եմ ձեզ այնպես, ինչպես Իմ Հայրը խոստացավ տալ Ինձ արքայությունը, որպեսզի դուք էլ ուտեք ու խմեք Իմ սեղանից՝ Իմ արքայության մեջ, և նստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին:
Դժվար կացության մեջ են աշակերտները Վարդապետի այս խոսքերից, մտահոգ է աշակերտների համար նաև Վարդապետը, քանի որ իրեն հայտնի է ամեն մեկի տկարությունն ու վախը: Սատանան չի հանդուրժում Պետրոսի սերը Հիսուսի նկատմամբ և ամեն կերպ փորձում է նրան, հասցնելով ուրացման: Բայց ինչպես վերևում կարդացինք, Տէր Հիսուս աղոթել էր, որպեսզի Պետրոսի հավատը չպակասի, քանի որ Պետրոսի զղջումն էր դառնալու համաշխարհային քրիստոնեական հավատքի զղջման լավագույն օրինակը: Պետրոսի հաստատուն հավատի քարոզության վրա էր հիմնվելու քրիստոնեական եկեղեցու քարոզությունը: Պետրոսի հոգևոր կերպարն էր որ մարդկանց դարձնելու էր դեպի Քրիստոս: Սիրելիներ, առաքյալները լույսի ակունքը չեն, այլ չհնացող խողովակներ են, որոնց միջոցով լույսը հասնում էր մարդկանց: Առաքյալների միջոցով փոխանցվեց ձեռնադրության խորհուրդը հաջորդաբար: Այսօրվա քահանաները Լույսի Ակունքը չեն, այլ նրանց միջոցով է լույսը փոխանցվում հավատացյալ հոտին: Միակ Լույսի անսպառ Ակունքը Հիսուս Քրիստոսն է, որից հավիտենական լույսը Իր անոթների միջոցով փոխանցվում է հավատացյալ հոտին: Նույնիսկ մարգարեները չեն եղել օրհնության ակունքը, այլ ստացել են Աստծուց և տվել են ժողովրդին:
Քարոզության սկզբից երբ խոսում էր աշակերտների հետ, և ուղարկում էր նրանց քարոզության, հորդորում էր ոչինչ չվերցնել, ո՛չ քսակ, ո՛չ կոշիկ և ո՛չ երկու հագուստ: Ոչինչ չունենալով հանդերձ, ոչնչի կարիք էլ չունեցան աշակերտները իրենց քարոզության ընթացքում: Բայց իր կյանքի վերջին օրերին, երբ արդեն ավարտին է մոտենում իր առաքելությունը, աշակերտներին հորդորում է վերցնել ամեն ինչ, և նույնիսկ վաճառել վերարկուն և սուր գնել, որովհետև կատարվում են գրվածքներն այն մասին, որ Քրիստոս անօրենների հետ պետք է դասվի: Այսինքն անօրենների բանակը պետք է հասնի նրանց վրա: Աշակերտները հայտնեցին, որ իրենք երկու սուր ունեն: Սա նշանակում է, որ մինչ այդ պահը Տէր Հիսուս հոգ է տարել բոլոր աշակերտների համար, և նրանք ոչնչի կարիք չեն զգացել, բայց այսուհետ աշակերտները պետք է իրենք հոգային իրենց կարիքներն ու անվտանգությունը այնպես, ինչպես մի զավակ չափահաս դառնալուց հետո դառնում է ինքնուրույն իր գործերի մեջ՝ հոր ուշադրության ներքո.: Սուր ասելով բնականաբար նկատի չուներ որպես զենք՝ սպանելու համար, այլ՝ սուրը խորհրդաբար որպես պաշտպանություն իրենց անձերի համար: Բայց աշակերտները իսկական իմաստով հասկացան և ասացին, որ երկու սուր ունեն: Տէր Հիսուս տեսավ, որ չեն հասկանում սուր ունեցեք խոսքի իմաստը, ասաց,- բավական է: Եթե Քրիստոս սուրը իր իսկական իմաստով ասած լիներ, ապա միթե երկու սուրը պատերազմի կամ անօրենների հարձակման ժամանակ բավական կլիներ, երբ այդ բազմությունը գար իրենց վրա: Իհարկե ոչ: Իսկ եթե հոգևոր պաշտպանության համար էր ասում, ապա այդ երկու սուրն է պետք չէր գալու, քանի որ նրանք երբեք սրերով չկռվեցին:
Բոլորիս հետ էլ պատահել է, երբ մի բան ենք բացատրում և ենթական չի հասկանում, ասում ենք,- լավ, բավական է: Չնայած որ լավ չէ, և բավական չէ: Սիրելիներ, մենք հիմա կարդում և լսում ենք այն մասին, որ Հիսուս Քրիստոս խոսում էր, բայց աշակերտները չեն հասկանում ամբողջությամբ, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես: Լսում էին նաև փարիսեցիներն ու օրենսգետները, և նույնպես չէին հասկանում և հավատում: Գուցե մեր մտքում նույնիսկ զայրանում ենք, որ ինչպե՞ս կարելի է չհասկանալ այսքան ասելուց հետո: Հիմա թողնենք աշակերտներին Տէր Հիսուսի մոտ և վերադառնանք մեր օրերի իրադարձություններին, որոնց մասին կարդում ենք Ավետարանում: Մի՞թե մենք այսօր հասկանում ենք, որ գործ ունենք աստվածային զգուշացումների հետ: Մի՞թե աշխարհի աղետները տեսնելով շտապում ենք ապաշխարել և զղջալ մեր գործած մեղքերը: Իհարկե ո՛չ: Նույնիսկ աղետը եկավ և մեր տուն մտավ, և մենք դարձյալ չհասկացանք մեր նամակը: Այսօր հարկ էր, որ Հայաստանյայց եկեղեցու բոլոր զանգերը օրն ի բուն ղողանջեին և կանչեին մարդկությանը՝ ապաշխարության: Այսօր մի փոքրիկ վիրուս որպես հսկա Գողիաթ կանգնել է ,,քաղաքակիրթ,, աշխարհ առջև և ծնկի է բերել ողջ մարդկությանը ո՛չ թե ապաշխարության և զղջումի, այլ մահվան վախի առջև է ծնկի բերել մարդկանց: Մենք սա էլ չենք հասկանում այնպես, ինչպես որ աշակերտները չէին հասկանում ինչ է պատահելու իրենց: Բայց մի տարբերությամբ, որ աշակերտների միտքն ու սիրտը լիքն էր Աստծու խոսքով, իսկ մեր ժողովրդինը՝ ոչ: Ամեն ինչ ուզում ենք, բայց առանց Աստծու օրհնության ենք ուզում, այդպես չի լինում: Վախենում ենք մահից և ոչինչ չենք ձեռնարկում: Ամեն մարդու վերջնական վախը իր մահից է: Իսկ ինչո՞ւ է մարդը վախենում մահից, որովհետև վախենում է պատասխանատվությունից և Աստծու առջև կանգնելուց:
Ուրեմն այսօ՛ր պետք է սկսել վախի պատճառները վերացնել: Բոլորս ենք մահկանացու, բոլորս իրավունք ունենք հավիտենական կյանքը ժառանգելու: Ուրեմն այսօր պետք է Աստվածաշունչ լինի բոլոր ձեռքերում: Այսօր պետք է աղոթք լինի բոլոր շրթներին: Բոլոր մկրտվածները կիրակի օրերը պետք է եկեղեցում Պատարագի մասնակցեն: Բայց ինչպես տեսնում ենք նշվածներից և ոչ մեկը մասսայական չի կատարվում, նշանակում է մենք էլ աշակերտների պես չենք հասկանում և մեծ փորձության ժամանակ մեկս կուրանանք, մեկս կմատնենք, մյուսներս կփախչենք և այլն: Քրիստոսի վարդապետության հիմքում մեծագույն պատվիրան կա դրված, որը նախ Ի՛նքը կատարեց, ապա ուսուցանեց ու պատվիրեց Իր աշակերտներին: Ո՞րն է այդ պատվիրանը: Մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի: Քանի դեռ այս պատվիրանը օտար է մեզ, մենք նույնպես չենք հասկանում Քրիստոսի խոսքը՝ խոնարհության մասին; սիրելիներ, ուշադիր լինենք Ավետարանի կանխասացությունների վերաբերյալ, զգույշ լինենք մեր հոգևոր կյանքի նկատմամբ, որովհետև մեր ապրած ժամանակները գնալով մտնում են փակուղի; իսկ Ավետարանը ունի բոլոր պատասխանները: Մենք էլ ունենանք լսելու ականջներ և լսածը հասկանալու միտք: Ավարտենք այսօրվա սերտողությունը, և պատրաստվենք վաղվա իրադարձություններին Աստծու կամքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի փորձությունների մեջ հաստատուն մնանք մեր հավատի մեջ: