ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 22:1-23.
ԴԱՒ ՅԻՍՈՒՍԻՆ ԴԷՄ
1 Բաղարջակերաց տօնը մօտեցաւ, որ զատիկ կը կոչուէր։ 2 Քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՞նչպէս սպաննեն զանիկա, քանզի ժողովուրդէն կը վախնային։
ՅՈՒԴԱՅ ՅԻՍՈՒՍԸ ՄԱՏՆԵԼ ԿԸ ՀԱՄԱՁԱՅՆԻ
3 Սատանան՝ Իսկարիովտացի մականուանեալ Յուդային ներսը մտաւ, որ տասներկուքէն մէկն էր։ 4 Ան գնաց քահանայապետներուն ու իշխաններուն հետ համաձայնեցաւ որ զանիկա մատնէ անոնց։ 5 Անոնք ալ ուրախացան եւ խոստացան անոր ստակ տալ։ 6 Ինք վրան առաւ հարցը եւ պատեհութիւն մը կը փնտռէր, որպէս զի զանիկա մատնէ անոնց՝ դեռ բազմութիւնը չժողվուած։
ՅԻՍՈՒՍ ԶԱՏԻԿԸ ՈՒՏԵԼՈՒ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ
7 Բաղարջակերաց օրը եկաւ, երբ պէտք էր զատիկը մորթել։ 8 Յիսուս Պետրոսը եւ Յովհաննէսը ղրկեց ու ըսաւ. «Գացէք պատրաստեցէք մեզի զատիկը որպէս զի ուտենք»։ 9 Անոնք ալ ըսին անոր. «Ո՞ւր կ՚ուզես որ պատրաստենք»։ 10 Ըսաւ անոնց. «Երբ քաղաքը մտնէք, ձեզի մարդ մը պիտի պատահի, որ ուսին վրայ ջուրի սափոր մը ունի. անոր ետեւէն գացէք այն տունը, ուր ինք կը մտնէ։ 11 Այն տանտիրոջ ըսէք. «Վարդապետը կ՚ըսէ՝ ‘Ո՞ւր է օթեւանը ուր աշակերտներուս հետ մէկտեղ զատիկը կարենամ ուտել’։ 12 Ան ալ ձեզի յարդարուած մեծ վերնատուն մը պիտի ցուցնէ, հո՛ն պատրաստեցէք»։ 13 Գացին, գտան ինչպէս իրենց ըսաւ ու զատիկը պատրաստեցին։
ՏԷՐՈՋԸ ԸՆԹՐԻՔԸ
14 Երբ ժամը հասաւ, սեղան նստաւ տասներկու առաքեալներուն հետ, ըսելով. 15 «Փափաքելով փափաքեցայ որ այս զատիկը ձեզի հետ ուտեմ իմ չարչարուելէս առաջ։ 16 Քանզի կ՚ըսեմ ձեզի թէ ալ բնաւ ասկէ պիտի չուտեմ՝ մինչեւ Աստուծոյ թագաւորութեանը մէջ կատարուի»։ 17 Եւ գաւաթը առաւ, գոհացաւ ու ըսաւ. «Առէ՛ք ասիկա ու բաժնեցէք ձեր մէջ. 18 Վասն զի ձեզի կ՚ըսեմ թէ բնաւ որթին բերքէն պիտի չխմեմ՝ մինչեւ Աստուծոյ թագաւորութիւնը գայ»։
19 Հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ տուաւ անոնց ու ըսաւ. «Այս է իմ մարմինս, որ ձեզի համար տրուած է. ասիկա ըրէք զիս յիշելու համար»։ 20 Նոյնպէս ալ գաւաթը առաւ ընթրիքէն յետոյ ու ըսաւ. «Այս գաւաթը նոր ուխտ է իմ արիւնովս, որ ձեզի համար պիտի թափուի»։
21 «Բայց ահա զիս մատնողին ձեռքը ինծի հետ այս սեղանին վրայ է։ 22 Յիրաւի Որդին մարդոյ կ՚երթայ՝ ինչպէս սահմանուած է, բայց վա՜յ այն մարդուն՝ որուն ձեռքով անիկա պիտի մատնուի»։ 23 Անոնք սկսան իրենց մէջ հարցուփորձ ընել՝ թէ իրենցմէ ո՞վ է որ այդ բանը պիտի ընէ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Երուսաղեմում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունների մասին գրել են գրեթթ չորս ավետարանիչներն էլ, քանի որ Քրիստոսի կյանքի վերջին օրերը համընկել են մեծ Տոնի հետ, որի պատճառով Երուսաղեմ են եկել աշխարհի տարբեր ծայրերից՝ իրենց զոհերը մատուցելու և տոնին մասնակցելու ակնկալիքով: Երուսաղեմը եռուզեռի մեջ է, բազմամարդ է, քահանայապետների նախատեսումով և ծրագրերով Քրիստոսի սպանությունը նախատեսված է մեծ տոնից հետո, որպեսզի հանկած այդ առիթով խռովություն չբարձրանա Երուսաղեմում և Հռոմեական զորքը չմտնի քաղաք: Աստծու բոլոր ծրագրերը մարդու հոգու փրկության համար են, իսկ այս պարագայում մարդու նենգ ծրագիրը Աստծու Որդուն սպանելու վերաբերյալ է: Սպանության ծրագիրը ոչ թե Հռոմի կուսակալի նախաձեռնությունն է, այլ կրոնական առաջնորդների, որոնք ճանաչում են Աստծուն: Սա թերևս Ավետարանի ամենադժվար ընկալելի իրականությւոնն է, բայց Ավետարանն է փաստում այս մասին, չենք կարող չհավատալ: Բայց քահանայապետները և օրենքի ուսուցիչները, որոնք մերօրյա աստվածաբաններն են, ձեռները ծալած չեն նստել, այս օրերին, այլ համախոհներ և գործակիցներ են հավաքում իրենց շուրջը՝ դավադրությանը համագործակցելու համար: Սատանան օգնեց նաև Հուդային՝ մաս կազմել սպանության այդ ծրագրին՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել բանակցությունների շնորհիվ և քահանայապետներից վարձատրվել երեսուն արծաթ: Խոստացավ Հուդան, որ հարմար առիթը բաց չի թողնի Հիսուսին նրանց ձեռքը մատնելու: Ուշադրություն դարձրի՞ք, թե սատանան ինչքան սահուն է գործում խարխուլ սրտերում, նենգ մտքերում, արծաթասեր հոգիներում: Այս երեքը սատանայի համար պարարտ հող են գործելու համար: Իսկ սատանան միշտ արթուն է՝ գործելու համար:
Քրիստոսի մատնության նախապատրաստական աշխատանքները կատարվեցին մինչև Բաղարջակերաց տոնը: Իսկ բուն տոնի օրը Տէր Հիսուս Քրիստոս կամեցավ իր աշակերտների հետ նշել և պատվիրեց նրանց պատրաստել պասեքի ընթրիքը՝ միասին նշելու համար:Աշակերտները արեցին այն, ինչ պատվիրել էր իրենց Վարդապետը, և սպասված ժամին սեղան նստեցին և Տէր Հիսուս մի ակնարկով նորից հիշեցրեց առաջիկայում Իր հետ պատահելիքը, ասելով,-Հույժ ցանկացա այս պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ քանի դեռ չեմ չարչարվել: Աշակերտները որ հրեաներ էին, տոնն էլ իրենց համար հարազատ տոն էր, գիտեին, որ այդ տոնը այլ կերպ էին նշում իրենց մինչև Հիսուս Քրիստոս: Քանի որ Բաղաջակերաց տոնը հիշատակն է հրեա ժողովրդի Եգիպտոսի գերությունից ազատագրվելու: Իսկ այս պասեքի ընթրիքի ժամանակ աշակերտները բոլորովին այլ բանի են ականատես լինում: Իրենց Վարդապետը վերցրեց բաժակը , գոհություն հայտնեց Աստծուն և ասաց,- Առեք այս և բաժանեցեք ձեր մեջ, այսուհետև որթատուկի բերքից չեմ խմելու, մինչև գա Աստծու արքայությունը: Հետո հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց տվեց նրանց և ասաց,- Այս է Իմ Մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք իմ հիշատակի համար:Իսկ ընթրիքից հետո ասաց, այս բաժակը Նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեր համար թափված: Եթե մենք էլ լինեինք ընթրիքի այդ սեղանին ներկա, խոստովանենք, որ մեզ էլ հասկանալի չէր լինի այնպես, ինչպես աշակերտներին հասկանալի չեղա: Նոր ուխտ հաստատեց համայն մարդկության հետ՝ իր աշակերտների միջոցով, բայց աշակերտները այդ պահին չընկալեցին: Քրիստոսով սկսվեց նոր դարաշրջանը և նոր դարաշրջանի համար հաստատվեց նոր ուխտ՝, որը Քրիստոսի արյամբ կնքվեց: Այսուհետև պետք է հիշել, որ Եգիպտոսի գերությունից դուրս գալը միայն զատկական սեղանների շուրջ նշելով մարդուն փրկություն չի բերում: Պետք է դուրս գալ սեփական եգիպտոսից, որը մարդու մեղքերն են, որպեսզի արժանի լինել հանդիպելու Աստծու արքայությանը:
Բայց մարդը ինքնություն չի կարող ապահովել իր սեփական փրկությունը, որովհետև մարդ արարածը ծնվում է ադամական մեղքով, ապրում է մեղքի մեջ, և նրա փրկության համար պետք կատարյալ արդար մեկը, որ զոհաբերվի մարդկությնա համար: Այդ պատճառով Աստված մարդացավ, մարմին հագավ և եղեվ այդ արդար զոհը՝ խաչի վրա: Այս ընթրիքի սեղանի շուրջ արտասանած բառերի իմաստը շատ չմանրամասնեց Տէր Հիսուս , ինչպես որ տեսնում ենք: Որովհետև օրեր պիտի գային, որ նրանք սկսեին վերլուծել ու հասկանալ եղածը, հավատալ ու հետևել Վարդապետի ուսմունքին, քարոզել ու նահատակվել այդպիսի Արդարի համար: Գրված է,- հույժ ցանկացա պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ: Այս խոսքերից հասկանալի է դառնում, որ սեղանի շուրջ օտար մարդ չկար, մտերիմներով էին, այսինքն՝ Վարդապետը՝ իր տասներկու աշակերտների հետ, որոնց հետ երեք տարի շարունակ շևջել ու ուսուցանել է: Միասին են եղել բոլոր փորձությունների ժամանակ, միասին են եղել բոլոր հրաշքների ժամանակ: Իրենց էր ընտրել Վարդապետը՝ Արքայության Ավետարանը քարոզելու համար: Բայց արի ու տես, որ երբեմն չսպասված տեղից կարող է լինել հարվածը՝ հենց թիկունքին: Երբ թշնամի մարդը ներկայանում է որպես հավատարիմ, և բնակվում է մտերիմների մեջ, ու մի հարմար առիթով մատուցում է իր ծառայությունը իր տիրոջը, ումից սնվում է ֆինանսապես, ոչ թե այն Տիրոջը, որը հոգին է սնում:Ոչ ոք ոչինչ չի կասկածում սեղանի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ Տէր Հիսուս չի բացահայտում, որ ներկաների մեջ կա դավաճան, որի ձեռքը նույն սեղանի վրա է: Ասում է,- մարդու Որդին այս աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վայ այն մարդուն, ու ձեռքով կմատնվի: Աշակերտների մեջ իրարանցում տեղի ունեցավ լսածի պատճառով: Հարցնում էին մեմյանց, թե ո՞վ կարող է անել դա:
Թողնենք աշակերտներին իրենց հետաքրքրությունների մեջ, և անդրադառնանք այս կարևոր իրադարձությունը, որ կոչվում է Խորհրդավոր Ընթրիք: Մենք շատ մեծ դասեր ունենք ասյտեղ սովորելու, քանի որ ամնիջապես առնչվում է այսօրվա մեր Պատարագի Սուրբ Հաղորդության հետ: Մենք էլ ենք հավաքվում Աստծու տանը՝ միասին ճաշակելու և հիշելու Տիրոջ մատնությունը, խաչելությունը, Հարությունը և դրանող հաղորդակից ենք լինում Հիսուս Քրիստոսի հետ: Հացը ընտրեց որպես Իր հետ հաղորդվելու միջոց, որովհետև առանց հացի մարդը չի կարող ապրել: Այնպես ինչպես առանց Աստծու խոսքի ապրող մարդու կյանքը թերի է, տխուր է, անհեռանկար է և այլն: Գինին ընտրեց որպես իր արյան խորհրդանիշ, որ ափվեց խաչի վրա, քանի որ մարդիկ սիրում են գինի: Պարզ և հասկանալի լեզվով ասաց,- Այս արեք Իմ հիշատակի համար: Եթե նայենք մեր եկեղեցիներում պատարագի մասնակիցների թվին, կարելի է ուղղակի զարհուրել այս պատվիրանի անտեսման պատճառով:Ամեն կիրակի Պատարագը արվում է Իր հիշատակի համար: Իսկ քանիսն են մասնակցում իր հիշատակի արարողությանը և քանիսն են հիշում կատարվածի մեսին: Երբեմն այնքան սովորական է դարձել այս հիշատակը նույնիսկ եկեղեցիներում, որ հաղորդվողները մեխանիկորեն են հաղորդվում, չհիշելով Քրիստոսի չարչարանքերը, խաչելությունը և հարությունը՝ մեզ համար: Եկեղեցում հավաքվում են կարծես նույն մտերիմներով՝ խորհրդավոր ընթրիքի, բայց այս մտերիմների մեջ էլ շատ շատեր կան, որոն չեն կարդում Աստվածաշունչ, չեն հիշում իրենց քրիստոնյա լինելու պարտականությունները: Այսինքն իրենց ձեռքը այդ սեղանի վրա է, բայց իրենք սրտով այդտեղ չեն:Եթե մենք մասնակցում ենք Տիրոջ Խորհրդավոր ընթրիքին և շարունակում ենք ապրել մեղքի մեջ, նշանակում է մենք նույնպես վարվում ենք Հուդայի նման, ուղղակի մի տարբերության, որ մենք ամեն կիրակի խոստովանում ենք մեր մեղքերը՝ առանց զղջալու և հաջորդ կիրակի նորից ենք հայտնվում նույն մեղքի մեջ:
Մենք թողեցինք քահանայապետներին՝ կուլիսների հետևում՝ իրենց սև գործերի ու ծրագրերի հետ: Երուսաղեմի ուխտավորներին՝ իրենց տոնակատարությունների մեջ: Աշակերտներին թողեցինք իրենց մտորումներով ու մըահոգություններով՝ մատնիչը գտնելու:Վերադարձանք մեր իրականություն, որտեղ այսօրվա մարդը շատ տարբեր չի ապրում Քրիստոսի ժամանակվա անտարբեր մարդկանցից: Աստծու նախախնամությունը մինչև այսօր չի դադարել մարդու կյանքում, մարդու կյանքը նույնպես չի փոխվել մեղքից ազատվելու հարցում: Ո՞վ կարող է վստահ լինել իր վրա, որ սատանան մի օր չի օգտագործի այս տկարությունը և մեր ստացած Սուրբ հաղորդությունը մեզ համար դարձնի դատապարտություն, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում: Հուդան ընդունեց սատանային, լինելով Հիսուսի անմիջական աշակերտներրից, որը իր աչքով էր տեսել, իր ականջով էր լսել, անձամբ էր ճաշել Տէր Հիսուսի հետ; Եթե Հիսուսի աշակերտի մեջ մտավ, ինչ կանի մեր օրերի քրիստոնյաների հետ, որոնք հեռու են Սուրբ Գրքից: Նենգաբար ընտրեց այնպիսի ժամանակ, երբ ժողովրդի բազմությունը Հիսուսի հետ չէր, նա մենակ էր աշակերտների հետ և մատնեց նրան, քանի որ Հիսուսի մասին ամեն ինչ հայտնի էր նրան; Բայց Տէր Հիսուս կնքեց նոր ուխը՝ մինչև իր չարչարանքները: Խոստացավ այլևս չխմել որթատունկից մինչև գա Ատծու արքայությունը, այսինքն մինչև Իր Հարությունը, և որից հետո մենք կարդում ենք որ աշակերտների հետ կերավ և խմեց: Քրիստոսի Հարությունը Աստծու արքայությունն է և հաղթանակը մահվան վրա: Գլխավոր առաքելությունները կատարված են մարդու համար, բայց որոշ մարդիկ հնարներ են փնտրում Նրան կորստյան մատնելու: Հիսուս Քրիստոս անտեսեց նրանց դավադրությունը, քանի որ գիտեր նրանց սրտերը, Բայց չանտեսեց աշակերտներին, թեկուզ այն բանից հետ երբ իրեն լքեցին, քանի որ դարձյալ գիտեր նրանց սրտերը: Ավելի շուտ հասկանում էր, որ աշակերտների մոտ ժամանակի ընթացքում զարգացել էր այն երևակայական պատկերացումը իրենց Վարդապետի մասին, որ շուտով լինելու է թագավոր, որ նա հզոր է, որ իրենք օգտվելու են Նրա հզորությունից: Դրա համար երբ չէին հասկանում իր ասածները խորությամբ, չէր ուզում այլ կերպ բացատրեր, որպեսզի կոտրվեր նրանց երևակայությունը և իրական ճշմարտությունը տեսնեին խաչի վրա, հզորությունը տեսնեին Նրա կամավոր խաչելության մեջ և դուրս գային իրենց փայփայած պատկերացումներից: Աշակերտները թեև ընկան տկարության պատճառով, ունեցան հուսահատության պահեր, բայց նրանց հավատքը չկոտրվեց վարդապետի նկատմամբ:
Սիրելիներ, Հիսուս Քրիստոս այս բոլոր օրինակները տալիս է մեզ, որ մենք էլ հասկանանք, որ Աստծու ծրագրերին դեմ կանգնել չենք կարով երբեք: Աստված կամավոր գնաց խաչելության, բայց երբեք չկամեցավ տեսնել մարդուն՝ մասնակից այդ խաչելության կազմակերպմանը: Ինչպես որ ասում է,- մարդու Որդին կգնա նախատեսված ժամանակին, բայց թող մարդը չարին գործակից չլինի երբեք: Թույլ չտա, որ չարը իրեն իշխի: Մենք հաջորդ գլուխների մեջ կտեսնենք, թե չարը ինչպես է կարողանում հերթով մոտենալ աշակերտներին և գայթակղել:Այն դեպքում, երբ տարիներ շարունակ միայն խոսել էր աշակերտների հետ այդ մասին: Ցանկացած մեղք բաց դուռ է սատանայի համար, որպեսզի ներս թափանցի: Օրինակ Հուդայի պարագայում սատանան օգտագործեց նրա արծաթասիրությունը, և կործանեց նրան: Մեկ ուրիշին այլ մեղքի մեջ կարող է օգտագործել: Մի խոսքով դա պատահում է մարդու սեփական կամքով, և ո՛չ ստիպելով: Զարմանալի է, որ հրեանեը այդպիսի մեծ շուքով տոնում էին բաղարջակերաց տոնը, և այդ տոնի ավանդական ուտելիքը դառը բանջարն էր ի նշան իրենց անցած դառը ճանապարհը էր, անցան Եգիպտոսից դուրս գալիս: Իրենց անցյալի դառը կյանքը հիշում էին ստրկության մեջ գտնված տարիներին, բայց իրենց առջև կանգնած Փրկչին մերժեցին առանց պատճառ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր սրտերը լցված լինեն Աստծու խոսքի զորությամբ, և սատանայի հնարքների համար բոլորովին տեղ չլինի: