ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 21: 20-38
ՅԻՍՈՒՍ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՒԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
20 «Երբ տեսնէք Երուսաղէմը չորս կողմէն զօրքերով շրջապատուած, այն ատեն գիտցէք թէ անոր աւերումը մօտ է։ 21 Այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռները թող փախչին ու անոր մէջ եղողները թող հեռանան եւ անոնք որ ագարակներն են՝ թող չմտնեն անոր մէջ։ 22 Վասն զի այն օրերը՝ վրէժխնդրութեան օրեր են, որպէս զի բոլոր գրուածները կատարուին։ 23 Բայց վա՜յ այն օրերը յղի եղողներուն ու ծիծ տուողներուն, վասն զի մեծ նեղութիւն պիտի ըլլայ երկրի վրայ ու բարկութիւն պիտի գայ այս ժողովուրդին վրայ։ 24 Եւ սուրի բերնով պիտի իյնան ու բոլոր ազգերուն մէջ գերի պիտի տարուին ու Երուսաղէմ ազգերուն ոտքի կոխան պիտի ըլլայ, մինչեւ ազգերուն ժամանակները լմննան»։
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ԳԱԼՈՒՍՏԸ
25 «Արեգակին եւ լուսնին ու աստղերուն վրայ նշաններ պիտի ըլլան ու երկրի վրայ ազգերը ապշութեամբ պիտի տագնապին եւ ծովն ու ալիքները պիտի գոռան. 26 Մարդոց սրտերը պիտի նուաղին իրենց վախէն եւ աշխարհի վրայ գալու բաներուն սպասելէն, վասն զի երկնքի զօրութիւնները պիտի շարժին։ 27Այն ատեն պիտի տեսնեն Որդին մարդոյ ամպի մէջ եկած զօրութիւնով ու մեծ փառքով։ 28 Երբ այս բաները սկսին ըլլալ, ելէք ու գլուխնիդ բարձրացուցէք, վասն զի ձեր փրկութիւնը մօտ է»։
ԹԶԵՆԻԻՆ ԴԱՍԸ
29 Առակ մը ըսաւ անոնց. «Տեսէք թզենին ու բոլոր ծառերը։ 30 Երբ բողբոջին, տեսնելով՝ դուք ձեզմէ կ՚իմանաք թէ ալ ամառը մօտ է։ 31 Նոյնպէս դուք երբ այս բաները եղած տեսնէք, գիտցէք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է։ 32 ‘Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ այս ազգը պիտի չանցնի, մինչեւ այս ամէն բաները ըլլան’։ 33 Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնաւ պիտի չանցնին»։
ԱՐԹՈՒՆ ՄՆԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ
34 «Իսկ դուք զգուշացէք ձեր անձերուն, չըլլայ որ սրտերնիդ կերուխումով ու գինովութիւնով եւ աշխարհային զբաղմունքներով ծանրանայ ու յանկարծակի այն օրը ձեր վրայ հասնի. 35 վասն զի բոլոր երկրին երեսը բնակողներուն ամենուն վրայ որոգայթի մը պէս պիտի հասնի։ 36 Ուստի արթուն կեցէք ու ամէն ատեն աղօթք ըրէք, որ այս բոլոր նեղութիւններէն ազատիք եւ Որդին մարդոյ առջեւ կայնելու արժանի ըլլաք»։
37 Յիսուս ցորեկները տաճարին մէջ կը սորվեցնէր. իսկ գիշերները կ՚ելլէր Ձիթենեաց ըսուած լեռը կը կենար։ 38 Բոլոր ժողովուրդը առտուն կանուխ իրեն կ՚երթային տաճարը՝ իր խօսքերը լսելու։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրնե. Ղուկասի Ավետարանի սերտողությունը մոտենում է ավարտին, իսկ սա նշանակում է, որ մենք աստիճանաբար մոտենում ենք Քրիստոսի չարչարանքներրին ու խաչելությանը: Կանխասացությունները արդեն սկսվել են, և Հիսուս Քրիստոս զգուշացնում է ամեն բարի վերաբերյալ, որ պետք է տեղի ունենա: Օրեր առաջ երբ Երուսաղեմի վրա ողբ էր անում,զգուշացնում էր բոլորին, որ գոնե այս օրերին գնահատեիք ձեր խաղաղությունը, որովհետև կգան օրեր երբ թշնամիները կպատեն Երուսաղեմը և բոլոր կողմերից կնեղեն, և սրանով չեն բավարարվելու, այլ հիմնահատակ քանդելու են, և սպանեն նրա բնակիչներին: Մի խոսքով Երուսաղեմում քարը քարի վրա չի մնալու: Այս խոսքերը նա ասում էր ներկա գտնվող մարդկանց, և այնպես էր ասում, որ նրանք չտարակուսեին և հավատային Իր խոսքերին: Հիմնավորելով Իր խոսքը, ասում էր,- Երբ որ տեսնեք Երուսաղեմը շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է: Ինչո՞ւ չէին հավատում Քրիստոսին: Ի՞նչ հիմավոր պատճառ կար դրա համար, չէ որ Նա իշխանությամբ էր խոսում, ամեն խոսք հիմնավորում էր գործով: Աստծու խոսքով աշխարհը ստեղծվեց, բայց Աստծու խոսքը մարդու ապառաժ սրտում չի հանգրվանում, մարդը այդ խոսքով չի առաջնորդվում: Եթե հրեաները իրենց սրտերը կարծրացրել էին և փակվել էին օրեքի սահմաններում և չէին ուզում հասկանալ, որ օրենքը մինչև Հովհաննես էր, իսկ Հովհաննեսից հետո արդեն Քրիստոսի շնորհն էր գործում, ապա քրիստոնյա աշխարհում ինչու չի շահարկվում Քրիստոսի խոսքը, ինչոոու պտուղ չի տալիս, ինչո՞ւ չի ծաղկում և մարդիկ երջանիկ չեն ապրում այդ խոսքի համեմատ: Այս աղետի պատճառը և գաղտնիքը նույնպես Ավետարանում է:
Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մենք Քրիստոսի գլխավոր պատգամները նախ՝ անտեսում ենք, ապա մեզ չենք վերագրում, իսկ լավագույն դեպքում այն մտապահում ենք որպես գիտելիք:
Այնպես ինչպես փարիսեցիները և օրենքի ուսուցիչները: Հիսուս Քրիստոս հասկանալի լեզվով ասում է, մինչև վերստին չծնվեք, Աստծու արքայությունը չեք տեսնես:Եթե ուշադրություն դարձրիք, այստեղ ասում է չի կարող տեսնել: Ամեն տեղ ասում է չի կարող մտնել, իսկ այստեղ ասում է, որ եթե մարդը իր ներքին հիվանդ վիճակը չբացահայտի և չզղջա իր նախկին կյանքի համար, չի հասկանա, թե ի՛նչ է նշանակում վերստին ծնունդ: Վերստին ծնունդ ասելով Նիկոդիմոսի պես միայն մոր որովայնից ծնվել չհասկանանք, այլ ներքին մարդու վերափոխոմ: Միայն այս դեպքում կարելի է տեսնել Լույսը, Աստծու Արքայությունը, Հիսուս Քրիստոսին, Նրախոսքի իմաստը և այլն: Այլ խոսքով ասած մարդը պետք է դատարկի իր ներքին աղբը, որպեսզի տեղ ունենա մաքուր և փրկարար խոսքերի համար: Որովհետև Աստծու խոսքը կարդացվում է նույն մարդկանց համար, նույն լեզվով, նույն քահանայի միջոցով, իսկ հավատացյալներից նրանք են ընկալում, որոնց սրտում տեղ կա Քրիստոսի խոսքի համար: Նրանք են հիշում, որոնք ապրում են այդ խոսքով: Այսինքն հավատը պետք է շաղախել Աստծու խոսքով, որից և կծնվեն բարի գործեր: Սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք սա հիշեք, որովհետև ի սկզբանե Աստծու խոսքը չհասկանալու գաղտնիքը եղել է մարդու ներքին աղտոտվածությունը, ցրված միտքը և անպետք ինֆորմացիան. եթե այս բոլորը հիմնավոր հասկանանք, ապա հասկանալի կլինի նաև, թե ինչո՞ւ ներկաները չէին հավատում լսածը, նույնիսկ երբ տեսնում էին իրենց աչքով: Սա դարի մեծագույն աղետն է:
Տէր Հիսուս ներկա գտնվող մարդկանց զգուշացնում է, որ Երուսաղեմը հիմնահատակ քանդվելու է: Այս լուրը լսում են նաև տաճարի պատասխանատուները, և դարձյալ անուշադրության են մատնում, քանի որ իրենց միտքը զբաղված էր իրենց աթոռի, իշխանության, դրամի և կեղծիքի աղբով, դրա համար չէին հասկանում; Նույնիսկ մի հոգի չհարցրեց, թե՝,- ապա ի՞նչ անենք, որ Երուսաղեմը չավերվի, կամ տաճարը չկործանվի: Ո՛չ չհարցրին: Այնպես, ինչպես որ ներկա ժամանակներում ոչ ոքի չի մտահոգում, որ գրված է,- Ձեր մտքում պահեք այս բաները, ինչ որ լինելու է. երկրաշարժներ, պատերազմներ, սով, ժանտախտ և այլն; Եթե Հիսուս Քրիստոս այն ժամանակ խոսում էր Երուսաղեմ քաղաքի և քարեղեն կառույց տաճարի ավերման մասին, ապա այսօր այդ խոսքերը վերաբերում է մարդու հոգու ավերմանը՝ մեղքի պատճառով: Մարդու մեղավոր հոգու, որտեղ Քրիստոս չի կարող մուտք գործել: Այս պատճառով մարդը չի տեսնում Քրիստոսին և չի հասկանում Իր խոսքը: Չդառնանք միայն հոգևոր ինֆորմացիայի կրողներ, այլ իմանաք, որ վերջ ի վերջո բոլորս կանգնելու են Հիսուս Քրիստոսի առջև և պատասխանելու ենք միևնույն հարցին, թե,- մի՞թե գրված չէր: Սիրելիներ, Աստված Երեմիա մարգարեի բերանով ասում է,- Երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. Առաջինը լքեց Ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, և երկրորդը՝ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն պահում: Երեմ.2:13 Չկա մի բան, որի մասին Աստվածաշունչը չի զգուշացրել: Նաև չկա մի բան, որ Տէր Հիսուս իր աշակերտներին զգուշացրած չլիներ: Նույնիսկ տեղեկացնւոմ է, որ մինչև մեծ նեղությունները սկսվելը, ձեզ պիտի սկսեն հալածել ու սպանել, բայց դուք ձեր համբերությամբ ձեր հոգիները շահեք; Մենք կարդում ենք, որ ներկաները տեսան Երուսաղեմի ավերում, տեսան նաև աշակերտների հալածանքներն ու սպանությունները: Իսկ աշխարհի վախճանի մասին լուրերը կարդում ենք այսօր և չենք մտահոգվում, չենք քրքրում գրքերը, որ հասկանանք մեր անելիքը, հասկանանք Աստծու խոսքի իմաստը՝ ուղղված մեզ: Ովքեր Հրեաստանում են, թող փախչեն լեռները,- ասում ՝ Տէր Հիսուս, և նանք, որ Երուսաղեմում են, թող խույս տան, իսկ գավառի բնակիչները թող հետաքրքրության համար քաղաք չմտնեն, քանի որ դրանք վրեժխնդրության օրեր են, որպեսզի կատարվեն մարգարեությունները:
Հղիների համար ծանր է լինելու այդ օրերին՝ իրենց վիճակի պատճառով, կերակրող մայրերին ծանր է լինելու իրենց երեխաների պատճառով, որովհետև բարկություն կա այդ ժողովրդի հանդեպ: Աստվածաշնչի որոշ մեկնաբաններ ,,հղիներ,, ասելով խորհրդաբար համեմատում են այն մարդկանց հետ, որոնք դեռ չեն ծնվել հոգուց և դեռ խավարի մեջ են:Այն մարդիկ, որոնք հոգևոր վերելք չեն ունենում, պտուղ չեն տալիս և Աստծու խոսքը չի թափանցում նրանց սրտի մեջ իրենց խստասրտության պատճառով:
Մի՞թե Տէր Հիսուս թաքցնում է իր ժողովրդից այս բոլոր արհավիրքները: Ո՛չ, չի թաքցնում և ասում է, որ իրենց սրի են քաշելու, և ողջերն էլ գերի են տարվելու հեթանոսների կողմից: Երուսաղեմը ոտքի խոխան է դառնալու այլ ազգերի կողմից: Ոտքի կողան արտահայտությունը մեզ ծանոթ է, քանի որ երբ աղը անհամանար, ապա ոտքի կոխան պիտի դառնար: երբ մարդկությունը կորցնում է իր աստվածային առաքինություները, ապա ոտքի կոխան է դառնում այլ ազգերից: Տէր Հիսուս զգուշացնում է նաև երկնքի նշանների՝ արեգակի, լուսնի և աստղերի մասին; Երկրի վրա հեթանոսների տագնապի և տիրող ահեղ ձայների պատճառով և աշխարհի վրա գալիք պատուհասների վախից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև ոչ մի անգամ չեն տեսել, որ երկրի զորությունները շարժվում են: Այդ ժամանակ է, որ Մարդու Որդին երևալու է ամպերի վրա՝ Իր զորությամբ և մեծ փառքով:Ավարտի Տէր Հիսուս մի զարմանալի բացահայտում է անում, ասելով,- Երբ սկսվի այս բանը լինել, վեր կացեք, և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը. Քիչ առաջ կարդացինք, որ մարդիկ այդ պատահարների վախից պետք է մեռնեն, իսկ հիմա ասում է ձեր գլուխները բարձրացրեք: Ովքե՞ր են վախից մեռնողները, և ովքեր են, որոնց փրկությունը մոտ է: Սիրելիներ միայն աստվածային հայտնությամբ է, որ մենք կարողանում ենք տեղեկանալ, թե ի՛նչ է պատահել մեզնից առաջ, ի՛նչ է կատարվում մեր օրերում և ի՛նչ է լինելու ապագայում: Աշխարհի վախճանին սպասել են առաջին դարի քրիստոնյաները, միջին դարի քրիստոնյաները և սպասում ենք մենք, որ ապրում ենք 21 դարում: Ինչո՞ւ է Աստված թաքցրել մարդկությունից աշխարհի վախճանի ժամերն ու ժամանակները: Որպեսզի մարդկությունը միշտ արթուն լինի, ինչպես որ մեր Տէրն է մեզ պատվիրում արուն լինել և աղոթել:Աստծու նպատակն է, որ փրկվողների թիվն ավելանա ամեն օր: բայց քանի որ այդ օրերն էլ անսահմանափակ չեն, մի օր կլինի այն , ինչի մասին կարդացինք այսօր և Երկնքի վրա կերևա մարդու Որդին և կլինի մեր փկության օրը: Ես ձեզ շատ եմ ասել, որ ամեն մարդու համար աշխարհի վախճանը իր մահվան օրն է: Գլխավորն այն է, որ քրիստոնյան պատրաստ լինի իր մահվան օր: Խոսքը այս արթնության մասին է: Ովքեր որ պատրաստ կլինեն, նրանք էլ կբարձրացնեն իրենց գլուխները և կտեսնեն իրենց փրկությունը՝ մեղավոր աշխարհից: իսկ ովքեր նտեղյակ են Աստծու խոսքից ու Ավետարանից, նրանց համար սարսափելի կլինի տեսնել այս ամենը և նրանք են որ վախից մեռնելու են: Բայց Աստված իրեն ապավինողներին զորություն կտա դիմակայելու այդ արհավիրքներին և փառավորվելու՝ տեսնելով Աստծու արքայությունը:
Երբ մեր Տէրը խոսում էր Երուսաղեմի կործանման մասին, ասում էր, որ Երուսաղեմը կշրջապատեն հեթանոսների զորքերը, և դուք կիմանաք, որ մոտ է նրա ավերումը: Իսկ այստեղ ասում է, որ երկնքի զորությունները կշարժվեն և այդ ժամանակ Մարդու Որդին կգա ամպերի վրայով: Այստեղ արդեն հստակ խոսում է աշխարհի վախճանի մասին: ՙՄարդու Որդուն կտեսնեն և հավատացյալները և անհավատները, քանի որ ասում է, գալու է իր մեծ փառքով; Այս բոլոր նշանները նրա համար են, որ մարդկություն նախապատրաստվի իր կյանքի բոլոր օրերում, աչքի առջև ունենալով ամենօրյա մահը, որին հաղթել է Հիսուս Քրիստոս: Ինչպես որ ամեն մի ծառ և նաև թզենին իր ճյուղերի բողբոջով փաստում է ամռան գալուստը, այնպես էլ մենք այս նշանների երևումով պետք է կռահենք, որ մոտ է Աստծու արքայությունը: Քանի որ հավատացյալի համար այս արհավիրքներից հետո Աստու արքայությունը, ինչպես որ ծառի համար ձմեռից հետո կլինի ամառ: Ձմռանը ամեն ծառ մեռած է: Նույնիսկ հմուտ բուսաբանը ձմռանը չի կարող զանազանել ծառներից որն է, որ գարնանը կանաչելու է և որն է, որ մնալու է չորացած: բայց երբ Գարուն է գալիս, առանց դժվարության կենդանի ծառերը կանաչում են, իսկ չորերը կտրվում և հեռացվում են այգուց: Նույնպես և ննջած մարդկանց պարագան է: Իսկ երբ լինի համընդհանու Հարության օրը, հայտնի կդառնան կանաչ ծառերը և չոր ծառերը: Ինչպես որ Ավետարանի խոսքերից ոչ մեկը գետին չի ընկնելու և չի կորելու, այնպես էլ Քրիստոսի եկեղեցին է կանգուն մնալու մինչև վերջին օրը, քանի որ այս սերունդ նկատի ունի բոլոր դարերի հավատացյալ մարդկությանը: Սիրելիներ, այս ամենի մասին նախազգուշացնելուց հետո, Քրիստոս մարդկությանը տալիս է հզոր միջոց այդ ամենի խուսափելու համար: Արթնություն, աղոթք, և հսկում, ահա այն զորավոր միջոցը, որով քրիստոնյան կարող է իր կյանքը ապրել հեռու մնալով զեխությունից, հարբեցողությունից և աշխարհի հոգսերից: Որովհետև եթե ծանրանաք մեղքերի մեջ, և հեռանաք Աստծուց, հանկարծակի կգա այդ օրը և դուք չեք հասցի ապաշխարել: Այդ օրը որոգայթի նման է երևալու երկրագնդի ամբողջ երեսին: Սա հրավեր է ամեն մարդու, որ կարդում է այս գիրքը, որպեսզի կարողանա արժանի լինել կանգնելու Մարդու Որդու առջև:
Ամբողջ ցերեկ ուսուցանում էր տաճարի մեջ, և գիշերը անցկացնում էր Ձիթենյաց լեռան վրա: Թեև խոսում է բազում արհավիրքների և Երուսաղեմի ավերման մասին, բայց Ավետարանն ասում է, որ ժողովուրդը վաղ առավոտյան նորից գալիս էին Նրան լսելու: Գալիս էին լսելու, որովհետև նրանցից շատերի քիմքին արդեն հասել էր Աստծու խոսքի քաղցրությունը, և նրանք պատրաստ էին մոռանալ իրենց հին մարդուն և պատրաստ էին վերցնել իրենց խաչը և գնալ իրենց Վարդապետը ոտնահետքերով, եթե նույնիսկ այն տանում էր դեպի Գողգոթա: Գիշերը Տէր Հիսուս անցկացնում էր լռության և միայնության մեջ, որպեսզի ցերեկը այդ աղոթքի նեկտարը բաժաներ իրեն սպասող ժողավրդին: Սա ևս դաս է մեզ համար, լսել Աստծու խոսքը, խորհել դրա մասին և փոխանցել ցանկացողին, ով ունի լույսի կարիք: Մենք սերտողության սկզբից խոսեցինք Աստծու խոսքի ներգործության և դրա գաղտնիքների մասին: Հիմա ամեն ինչ լսեցինք, թվում է թե հասկացանք, բայց քանի՞սը այսօրվանից կմտածեն իրեց վերստին ծնվելու մասին, իրենց մեղքերից մեկընդմիշտ ազատվելու մասին, նոր գինին նոր տիկի մեջ լցնելու մասին, կիմանաք միայն դուք և Աստված, որ տեսնում է ձեր սրտերը: Իմ նպատակն է Աստծու խոսքը հասցնել ո՛չ միայն ձեր ականջին, այլ՝ առավել սրտին, որպեսզի այնտեղ հոգևոր հեղափոխություն առաջացնի և հին մեղավոր մարդուն դուրս վռնդի ձեր մարմնեղեն տաճարից, որպեսզի դուք արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ՝ նշված օրը: Թող Աստված համբերություն պարգևի իրեն անվերապահ հավատացողներին, որովհետև մեր համբերությամբ է, որ պետք է շահենք մեր հոգիները և արժանի լինենք կանգնելու Աստծու Միածին Որդու առջև, որը խոնարհությամբ կրեց խաչի անպատիվ չարչարանքը՝ հնազանդվելով Երկնավոր Հոր կամքին, հանուն մեր փրկության: Ամեն ինչ զգուշացրեց տէր Հիսուս և ոչինչ մեզնից գաղտնի չպահեց, որպեսզի արդար դատաստանի ժամանակ ո՛չ ոք չկարողանա ասել, թե չեմ իմացել: Սիրելիներ ավարտեցինք նաև 21 րդ գլուխը, որը ամբողջ կանխասացություններ էր, որոնց մի մասը կատարվել է, իսկ մյուս մասը դեռ պիտի կատարվի, երբ ժամանակները իրենց լրումին հասնեն; Արթուն լինենք ամեն իրադարձության առջև, աղոթքով խնդրենք Աստծու կամքը, հավատքն ու Աստծու խոսքը շաղախած՝ սպասենք համբերությամբ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի գալիք արհավիրքների սարսափը մեզ չվախեցնի, քանի որ մեր աչքերը տեսնելու են Աստծու արքայությունը և մեր փրկությունը: