ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 20:27- 47
ՅԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
27 Սադուկեցիներէն ոմանք եկան (որոնք կ՚ըսէին թէ յարութիւն չկայ,) եւ անոր հարցուցին՝ 28 Ըսելով. «Վա՛րդապետ, Մովսէս մեզի գրեց. ‘Եթէ մէկուն եղբայրը ամուսնանայ ու մեռնի ու մեռած ատենը զաւակ չունենայ, անոր եղբայրը առնէ այն կինը եւ իր եղբօրը զաւակ տայ’։ 29 Արդ եօթը եղբայրներ կային։ Առաջինը կին մը առնելով՝ զաւակ չունեցած մեռաւ։ 30 Երկրորդն ալ առաւ այն կինը եւ ինք ալ մեռաւ առանց զաւակի։ 31 Երրորդն ալ առաւ զանիկա. նմանապէս եօթն ալ ու զաւակ չձգեցին ու մեռան։ 32 Ամենէն ետքը կինն ալ մեռաւ։ 33 Ուրեմն յարութեան ատենը անոնցմէ որո՞ւն կինը պիտի ըլլայ, վասն զի եօթն ալ զանիկա կին ունեցան»։ 34 Յիսուս պատասխան տալով անոնց՝ ըսաւ. «Այս աշխարհին որդիները կին կ՚առնեն ու էրկան կը տրուին։ 35 Բայց անոնք որ արժանի պիտի ըլլան մեռելներէն յարութիւն առնելու ու այն աշխարհը հասնելու, ո՛չ կին պիտի առնեն եւ ո՛չ էրկան պիտի տրուին. 36 Որովհետեւ ա՛լ չեն կրնար մեռնիլ. քանզի հրեշտակներուն հաւասար են ու Աստուծոյ որդիներ եւ յարութեան որդիներ են։ 37 Բայց մեռելներուն յարութիւն առնելը Մովսէս ալ իմացուց մորենիին պատմութեանը մէջ, երբ կը կոչէ. ‘Տէրը՝ Աբրահամին Աստուածը ու Իսահակին Աստուածը եւ Յակոբին Աստուածը’։ 38 Աստուած մեռելներուն Աստուածը չէ, հապա կենդանիներուն, վասն զի ամէնքը անոր կենդանի են»։ 39 Դպիրներէն մէկ քանին պատասխան տուին ու ըսին. «Վա՛րդապետ, աղէկ ըսիր»։ 40 Ու ա՛լ մէկը չէր համարձակիր անոր բան մը հարցնել։
ՄԵՍԻԱՅԻՆ ՀԱՐՑԸ
41 Բայց ըսաւ անոնց. «Ի՞նչպէս կ՚ըսեն թէ Քրիստոս Դաւիթին որդին է։ 42 Երբ Դաւիթ սաղմոսներու գրքին մէջ կ՚ըսէ. «Տէրը իմ Տէրոջս ըսաւ. ‘Նստէ իմ աջ կողմս, 43 Մինչեւ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան ընեմ’։ 44 Ուրեմն քանի որ Դաւիթ զանիկա Տէր կը կոչէ, ի՞նչպէս անիկա իր որդին կ՚ըլլայ»։
ՅԻՍՈՒՍ ԴՊԻՐՆԵՐԷՆ ԿԸ ԶԳՈՒՇԱՑՆԷ
45 Բոլոր ժողովուրդին առջեւ ըսաւ իր աշակերտներուն. 46 «Զգուշացէ՛ք դպիրներէն, որոնք կ՚ուզեն փառաւոր հանդերձներով պտըտիլ եւ շուկաներուն մէջ բարեւներ կը սիրեն ու ժողովարաններուն մէջ՝ առաջին աթոռները եւ ընթրիքներու մէջ՝ առաջին բազմոցները. 47 Անոնք որբեւարիներուն տուները կ՚ուտեն ու մարդոց երեւնալու համար աղօթքը կ՚երկնցնեն. անոնք աւելի դատապարտութիւն պիտի ընդունին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ամեն օր օրվա սերտողությունը պատրաստելիս, մտածում եմ, որ ավետարանական հենց այս պատգամն է մեզ պակասում, որ մեզանում քրիստոնեությունը չի ծաղկում: Բայց երբ հաջորդ օրվա թեման եմ կարդում, տեսնում եմ, որ այս պատգամն էլ պակասում մեզ, որ մենք իրապես քրիստոնեաբար ապրենք: Ու այդպես ամեն օր: Ավետարանը ավարտելիս համոզվում եմ, որ մեզ Աստծու բոլոր խոսքերն են պակասում այսօրվա մեր տխուր կյանքի համար: Ողջ մարդկությունը մխրճված է աշխարհի լուրերի և գովազդների մեջ, իսկ այս ինֆորմացիան այնքան շատ է, որ ստվերում է թողնում հոգևոր թեմաները՝ սակավության պատճառով:Եթե մարդը ամեն օր պարտադիր կերպով չլիցքավորի իր հոգևոր մարտկոցը, անկարելի կլինի տեղեկատվության առատության մեջ մնալ մաքուր, խաղաղ, և հավասարակշիռ վիճակում: Վստահ եմ, որ առավոտյան այս կես ժամը ձեզ հեռու է պահում համազգային խայտաբղետ շուկայից, որը միայն աղմուկ աղաղակ է ուրիշ ոչինչ: Երեկ մենք սովորեցին, որ կայսրինը՝ կայսրին պետք է տանք և Աստծունը՝ Աստծուն: Բայց երբեմն Աստծունն էլ վերցնում ու կայսրին տալիս: Ես կարծում եմ, որ սրանք այն մարդիկ են, որոնք և աղոթում ոն, և անիծում են, և եկեղեցի են գնում, և գուշակի մոտ են գնւոմ, և քաղաքական դաշտում են պայքար մղում, և հոգևոր դաշտում:Բայց Տէր Հիսուս ասում է,- չեք կարող ծառայել երկու տիրոջ: Պատճառներից մեկն էլ սա է, որ ցանկացած լուր համացանցում դառնում է կռվի ու վիրավորանքի թեմա, բայց ոչ երբեք՝ քննարկման: Այսքանը մեր օրվա լրահոսի մասին, հիմա տեսնենք, թե ինչ ունենք այսօր, որ պետք է վերցնենք և դարձնենք մեր սեփականությունը: Նախորդ գլխում տեղեկացանք, որ քահանայապետները խաբեբաներ էին հրավիրել, որպեսզի Քրիստոսին հարցերի միջոցով մի կերպ կուսակալի մոտ տանեն՝ դատապարտության: Իսկ այսօրվա սերտողությունից իմանում ենք, որ Քրիստոսին հյուր են եկել սադուկեցիները: Սրանք այն խմբավորմանն են պատկանում, որոնք չեն հավատում և հակառակվում են մեռելների հարության հարցի շուրջ: Սադուկեցիներն էլ իրենց համար վերցրել են մի անհեթեթ թեմա և փորձում են դարձնել քննարկման կամ հակառակության առարկա:
Ոմանք ասում են, որ այս եղբայրների թեման մտացածին մի ծուղակ է պատրաստված Քրիստոսին փաստի առջև կանգնեցնելու համար: Սակայն եթե նույնիսկ հորինված մի պատմություն է, իրենց կանգնած են Ճշմարտությաը դեմ դիմաց և պարտությունը անխուսափելի է լինելու շատ շուտով: Հիմք ընդունելով Մովսեսի օրենքը, որում գրված է, որ եթե եղբայրը մահանա և ժառանգ չթողնի, մյուս եղբայրը կարող է ամուսնանալ այրու հետ՝ եղբորը ժառանգ թողնելու համար: Եթե կուզեք այս մանրամասների հետ ծանոթանալ, կարող եք մատթևոսի Ավետարանի 22 րդ գլխի սերտողությունը նորից նայել, այնտեղ մանրամասն խոսել եմ այս մասին: Բայց ես կուզեմ, որ դուք մի բանի վրա ուշադրություն դարձնեք, որը շատ կարևոր հանգամանք է; Տաճարի սպասավորները, լինելով հոգևոր պատասխանատուներ ժողովրդի վրա, ունեն արտաքին ձևական միասնությունը և բազում ներքին անհամաձայնություններ՝ հավատքի, հարությանը, մկրտության և այլնի շուրջ: Բայց քանի որ բոլորը օգտվում են տաճարից, ի տես մարդկանց ցույց են տալիս, որ միաբան են, իսկ ներքուստ՝ տարակարծիք: Օրինակ ինչպես մեկը կարող է տաճարում ծառայել և չհավատալ Հովհաննեսի մկրտությանը, կամ ինչպես մեկը կարող է ժողովրդին բան սովորեցնել, երբ ինքը չի հավատում մեռելների հարությանը: Այս նեքին պառակտումները պատճառ հանդիսացան, որ երբ իրենց առջև կանգնեց Աստծու Որդին՝ Մեսիան, որին իբրև իրենց սպասում էին, չհավատացին;Եթե պառակտումը քաղաքական ոլորտում ավերներ է գործում, ապա պատկերացրեք, թե ինչ կործանիչ է, երբ այն առկա է հոգևոր առաջնորդների միջև: Այնպես չէ, որ այսօր մեր հոգևոր առաջնորդները ի Քրիստոս միաբան են, կամ սերն է իշխում մեր եկեղեցում: Ամեն դեպքում կրոնական առաջնորդների իրական հոգևոր կյանքը մեծագույն ձեռբերում է տվյալ եկեղեցու հոտի համար: Որովհետև Ավետարանի քարոզության գլխավոր պայմաններից մեկը, հավատից հետո՝ ժողովրդին ճիշտ մատուցելու մեջ է: Աստծու խոսքը իր բարձունքի վրա պահելով, պետք է բացատրել այն ժողովրդին՝ իր լեզվով: Այնպես պետք է տալ ժողովրդին, որ սիրեն Աստծու խոսքը, իսկ երբ սիրեցին՝ կպահեն իրենց կյանքում; Փարիսեցիների օրինակը վերցնենք,ինչպես որ իրենք էին հավատում, այնպես էլ ժողովրդին էին բացատրում: Բայց երբ Քրիստոս սկսեց խոսել մարդկանց հետ, հիանում էին Նրա խոսքի քաղցրությունից և օրեցօր ավելանում էր Նրա հետևողների թիվը:
Այդ պատմությունը, որ սադուկեցիները պատմեցին մահացող եղբայրների վերաբերյալ, մեր իրականության հետ առհասարակ ո՛չ մի աղերս չունի, և նույնիսկ կարող է անհետաքրքիր լինի դրա քաննարկումը, ես ասացի, որ հարության նկատմամբ ունեցած իրենց թերահավատության արդյունքում հորինած պատմություն էր: Բայց մեզ շատ ավելի կարևոր է լսել Հիսուս Քրիստոսի բացատրությունը, որ տալիս է նրանց՝ հարության մասին: Անշուշ Տէր Հիսուս նախապես գիտեր որ սադուկեցիները չեն հավատում մեռելների հարությանը, ուստի Նրա նպատակն էր որևէ կերպով հեղափոխություն կատարել նրանց մտքերում և նրանց սրտերում՝ իրենց փրկության համար: Իրականում սադուկեցիների արածը տարածված մոլորություն է, քանի որ իրենք իրենց փրկությունը թողած, մտածում են, թե այդ կինը եղբայրներից ո՞ր մեկի կինն է լինելու: Բայց իրենք անմխիթար վիճակում են և չեն տեսնում այդ վիճակը այնպես, ինչպես որ փարիսեցիները կարծում են թե իրենք բավարար գիտելիք ունեն, արդար են և Քրիստոս իրենց պետք չէ: Տէր Հիսուս Իր աստվածային բարձունքից իջավ և սադուկեցիների դատողության համաձայն բացատրեց, որ ստորին մտածումները ամուսնության մասին կարող է լինել միայն երկրի վրա, բայց կան մարդիկ, որոնք արժանանալու են այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, այս մարդիկ ոչ կինեն առնելու, ոչ էլ մարդի են գնալու, քանի որ այլևս մեռնել անգամ չեն կարող: Միթե ավելի զորեղ փաստարկ կարելի էր բերել, քան այս խոսքերը որ ասաց նրանց, հասկացնելով, որ եթե շարունակեք չհավատալ մեռելների հարությանը, ապա դուք աչժանի չեք լինի հասնել այն աշխարհին, որտեղ լինելու է մեռելների հարություն:Նրանց մտածելակերպը համեմատում է այս աշխարհի որդիների մտածելակերպին, որոնք սահմանափակվում են երկրի վրա ունեցած իրենց վայելքներով և չեն մտածում հարության և հավիտենական կյանքի մասին; Քանի որ ասում է, այլևս մեռնել անգամ չեն կարող, որովհետև հրեշտակների նման են, և Աստծու որդիներ են, քանի որ նաև հարության որդիներ են:Այսինքն հարության և հավիտենականության երանությանը բոլորը չեն, որ կարժանանան:Հարություն կլինի բոլորի համար, անկախ այն բանից սադուկեցիները կհավատան, թե ոչ, բայց կարևորն այն է, որ հարությունից հետո ո՞ր հավիտենականությանը կարժանան. հավիտենական կյանքի՞, թե՞ հավիտենական տանջանքների:
Հիսուս Քրիստոս իր հիմնավոր բացատրությունը հարության մասին տալուց հետո, փորձեց սադուկեցիներին բացատրել իրենց գիտելիքի համաձայն, որ ունեին Մովսեսի գրքերից: Ուղի իմաստով ասում է նրանց, եթե դուք Մովսեսին հավատում եք, և ձեր գիտությունը Մովսեսի գրքերից է, ապա Մովսեսը մշտապես ասում է, Ատսված Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն է: Միթե Մովսեսը, որ խոսում էր Աստծու հետ, կարող էր մտածել, որ Աստված մեռելների Աստվածն է: Անշուշտ չէր կարող:Ուրեմն դուք ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում, եթե նույնիսկ Մովսեսին չեք հավատում: Մովսես օրինակը որ բերեց Տէր Հիսուս, այստեղ նույնիսկ օրենսգետներից ոմանք հավանություն տվեցին այդ մտքերին որ բացատրեց իրենց:Օրենքի ուսուցիչները, որ շատ հաճախ հակառակվում էին, ասացին,- վարդապետ լավ ասացիր:Իսկ մյուսները այլևս չհամարձակվեցին ուրիշ հարց տալ: Համոզված ենք որ սադուկեցիները այդպես էլ չհավատացին մեռելների հարությանը, չնայած Տէր Հիսուսի հիմնավոր բացատրությանը, որովհետև նրանց աչքը պղտոր էր, հետևաբար ողջ մարմինն էր պղտոր, և նրանց ճղճիմ մտածումները պատճառ դարձան մերժելու քրիստոնեության հիմքը հանդիսացող՝ հարության գաղափարը: Սադուկեցիները նույնպես կարդացած և գրագետ խավի պատկանելով հանդերձ կասկածի տակ են դնում Կենդանի Աստծու զորությունը: Որտեղ Աստված է, այնտեղ կյանք է: Հետևաբար Աստված բոլորի Ասվածն է, Նրա համար բոլորը կենդանի են: սադուկեցիները իրենց թույլ հավատքի վրա հորինեցին մի պատմություն, աղավաղելով նաև Մովսեսի օրենքըն այդ մասին, որի պահանջը բոլորովին այլ էր: Այս կյանքում ամեն ինչ ժամանակավոր է, ամեն ինչ մահացող է, որովհետև մարմնավոր է ամեն ինչ, իսկ հանդերձյալում արդեն գործունենք անմահության հետ; Քանի որ տէր Հիսուս ասաց, որ հարություն առածները կկոչվեն Աստծու որդիներ, կկոչվեն հարության որդիներ, կլինեն հրեշտակների նման: Սիրելիներ, շատ հաճախ մեր մարմնավոր մտածումների պատճառով բաց ենք թողնում աստվածային այնպիսի անհրաժեշտ մտքեր՝ սադուկեցիների նման, որ լսեցին Քրիստոսի պատասխանը, բայց միևնույն է մնացին իրենց կարծրացած կարծիքին: Հրեաների ազգային առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ որտեղ երեք հրեա լինի, այնտեղ անպայման չորս կարծիք պետք է լինի: Այս հատկությունը մենք շատ ենք զգում մեր սերտողությունների ժամանակ, քանի որ համառ են իրենց կարծր մտածելակերպի պատճառով;
Հաջորդ համարների մեջ Ղուկաս ավետարանիչը մեր ուշադրությունը կենտրոնացնում է մի կարևոր կետի վրա, թե ինչպես է Տէր Հիսուս փարիսեցիներին և սադուկեցիներին ներկայացնում իր աստվածությունը՝ նրանց տալով մոլորեցնող մի հարց, որի մեջ փարիսեցիները պետք է որ հմուտ լինեին; Ինչպե՞ս են ասում Քրիստոս Դավիթի որդին է, երբ Դավիթը Նրան Տէր անվանում: Եթե Դավիթը Նրան Աստված համարում, ուրեմն ինչպես կարող է Քրիստոս նրա որդին լինել; Աստված պատրաստ է Քրիստոսի թշնամիներին Նրա ոտքերին պատվանդան դարձնել: Երդվեց Տէրը և չի զղջալու, որ Քրիստոս հավիտենական քահանա է, ըստ Մելքիսեդեկի կարգի: Այս մասին Դավիթը ներկայացնում է իր 109 սաղմոսի մեջ: Տէր Հիսուս կամեցավ ասել, որ ժամանակն է, որ դուք ձեր մտահորիզոնը փոքր ինչ լայնացնեք և հասկանաք, որ Քրիստոս իրեն Դավթի որդի չի կոչում, որովհետև Ինքը Աստծու Որդին է՝ Դավթի սերնդից: Ո՛չ թե թագավոր է Երկրի վրա ինչպես Դավիթն էր, այլ Թագավորն է տիեզերքի: Աստված իր աստվածության մասին հայտնում է ո՛չ թե հպարտությամբ, այլ մեծագույն խոնարհությամբ: Իսկ հոգևոր կոչված հրեա առաջնորդները հպարտության մեղքի մեջ են՝ առանց հիմք ունենալու: Դարձյալ ժողովրդի բազմության առջև աշակերտներին կրկին զգուշացրեց, որ չափազանց զգույշ լինեն օրենքի ուսուցիչներից, որոնք սիրում են իրենց պատմուճանները և դրանց շնորհիվ ողջույններ են կորզում մարդկանցից, շրջում են ներկայանալի վայրերում՝ իրենց ցուցադրելու համար: Նույնիսկ իրենց աղոթքներն են երկարացնում, որպեսզի աղոթող երևան մարդկանց աչքին: Ընթրիքների ժամանակ պատվո տեղեր զբաղեցնելու սովորությունն էր պատճառը, որ փարեսեցի իշխանավորի տանը հյուրասիրության ժամանկ, Տէր Հիսուս հանդիմանեց նրանց պատվո տեղերը զբաղեցնելու համար, և դա նրանց դուր չեկավ: Բայց փարիսեցի անունը այնքան լայն տարածում գտավ կեղծավորությունը նկարագրելու բնագավառում, որ երբ հնչում է փարիսեցի բառը, այլևս պետք չէ բացատրել, որ ենթակայի կեղծավորության և ցուցադրության մասին է խոսքը: Իսկ աշակերտները զգույշ պետք է լինեին, նույն մեղքի մեջ չհայտնվելու համար, որը մեծ հարված է ժողովրդի հոգևոր կրթության հարցում: Այրիները, որոնք օգնության կարիք ունեն, նրանք նույնիսի այրիների վրա բեռներ են դնում և կեղծավորաբար ցույց տալիս, որ իբրև աղոթում են նրանց համար: բայց Հիսուս Քրիստոս մեկ նախադասությամբ տալիս է նրան բնութագիրն ու դատավճիռը, ասելով,- Նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան: Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակի մասին ճշմարտությունը խեղվել է Իր յուրայինների միջոցով, և նանց պատճառով: Չնայած հետո աշակերտները ամբողջ աշխարհով շրջեցին ու քարոզեցին արքայության Ավետարանը, բայց այդ ազգի մեջ մնաց կարծր մտածելակերպը, թե իբրև Մեսիան դեռ գալու է: Աշխարհում քարոզվեց Քրիստոս և դժվար է մտածել, թե կա մի անկյուն, որտեղ անտեղյակ են Քրիստոսի աշխարհ գալու և Նրա երկրորդ Գալուստի մասին; Բայց աշխարհին նայելով չենք կարող կարծել, որ մյուս ազգերը ավելի նախանձախնդիր են քրիստոնեաբար ապրելու, քան հրեաները: Կարող ենք նաև մեր ազգի համար ասել նույն բանը՝, որ առաջին հավատացողներից ենք եղել: Ուրեմն դառնանք նորից Տիրոջ այն խոսքին, որ ով ականջ ունի՝ կլսի: Ով աչք ունի՝ կտեսնի: Ով իր խաչը վերցնի ու հետևի, նա արժանի կլինի: Ով իր անձից հրաժարվի՝ Քրիստոսին կգտնի: Իսկ ով Քրիստոսից հրաժարվի, կկորցնի և իրեն և Քրիստոսին: Քանի դեռ աշխարհը չի դառել դեմքով դեպի Քրիստոս, մեր վախճանը չի ուշանա: Ավարտենք մեր այսօրվա սերտողությունը, որով ավարտվում է նաև քսաներորդ գլուխը: Աստված կամենա, վաղը կսկսենք 21 րդ գլխի առաջին բաժնից:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացածուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Քրիստոսի Հարության հույսը մեզ կյանք տա դիմակայելու այս անսիրտ աշխարհում, որ կառչած են կորստյան ենթակա նյութից: