ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 20: 20-26
ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
20 Ետքը յարմար ատենի սպասելով, ղրկեցին քանի մը խաբեբայ մարդիկ, որոնք կեղծաւորութեամբ ինքզինքնին արդար կը ձեւացնէին, որպէս զի զանիկա խօսքով բռնեն՝ տէրութեան եւ կուսակալին իշխանութեանը մատնելու համար։ 21 Անոր հարցուցին՝ ըսելով. «Վա՛րդապետ, գիտենք որ ճշմարտախօս ես եւ աչառութիւն չես ըներ, հապա ճշմարտութեամբ Աստուծոյ ճամբան կը սորվեցնես։ 22 Օրինաւո՞ր է կայսրին տուրք տալը։ 23 Յիսուս անոնց խորամանկութիւնը հասկնալով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ զիս կը փորձէք։ 24 Ցուցուցէք ինծի դահեկան մը։ Որո՞ւն պատկերը ու գիրը կան վրան»։ Պատասխան տուին ու ըսին. «Կայսրին»։ 25 Ինք ալ ըսաւ անոնց. «Ուրեմն զայն որ Կայսրինն է՝ Կայսրին տուէք եւ զայն որ Աստուծոյն է՝ Աստուծոյ տուէք»։ 26 Եւ չկրցան զանիկա խօսքով մը բռնել ժողովուրդին առջեւ ու զարմանալով անոր պատասխանին վրայ՝ լուռ կեցան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստվածաշնչի մարգարեությունների մեջ շատ ենք հանդիպում այսպիսի մտքեր, երբ Աստված ասում է մարգարեներին,- դու զգուշացրու մարդկանց գուցե լսեն և դարձի գան և ես նրանց ներեմ: Նոր Կտակարանում արդեն Հիսուս Քրիստոսն է անձամբ ասում նույն խոսքերը, բայց երբ մարդը հակված է դեպի չարը և նենգությունը նրա սրտի բնակիչն է, նա փակումէ իր ականջները ամեն տեսակ մարգարեության առջև, նույնիսկ Աստծու Որդու խոսքի առջև: Կա չարիք, որ վնաս է տալիս միայն գործողին, չարիք էլ կա, որ վնաս ՝ ո՛չ միայն գործողին, այլ նաև ուրիշներին: Այսպիսի չարություններից են սպանությունը, սուտ վկայությունը, զրպարտություն և այլն: Ավետարանի երեկվա սերտողության ավարտին տեսանք, որ հոգևոր առաջնորդները լցվեցին չարությամբ առավել, քան երբևէ: Այս անգամ այլ եղանակներ էին փնտրում մի հնարով Քրիստոսի հեթանոսներին հանձնելու համար:Այս անգամ ընտրեցին սուտ վկայությունը և զրպարտությունը: Համագործակցեցին խաբեբաների հետ, որոնք իրենք իրենց արդար էին ձևացնում, որպեսզի այդպիսով գրավեն Հիսուսի ուշադրությունը, և նրան ուղղեն իրենց պատրաստած հարցերը:Բայց հարցերն էլ նախապես էին մշակել, որ սխալ պատասխանի դեպքում Քրիստոս հայտնվելու էր կուսակայի և պետական իշխանության պատասպխանատվությանը: Կրոնավորների արածը այն չարիքն է, որի մասին խոսեցինք, թե վնասւոմ է ոչ միայն իրեն՝ գործողին, այլ նաև ուրիշին: Սա կրկնակի պատժի է արժանի, քանի որ միտումնավոր է արվում: Նպատակը չար է, բայց Քրիստոսին մոտեցողները մարդահաճություն են անում, ասելով, գիտենք, որ արդար ես, աչառություն չես անում, և ուսուցանում ես Աստծու ճանապարհով քայլել: Ուրեմն ուզում ենք քեզնից իմանալ,- Օրինավո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թե՞ ոչ: Եթե այս հարցը տար պարզ ժողովուրդը, ապա միանգամայն հասկանալի կլիներ, քանի որ ժողովուրդը անուս էր, գուցե չիմանար: Բայց հարցը պատրաստել են ուսյալ քահանաները և աստվածաբանները, որոնք օրենքի ուսուցիչներ էին: Հարցը կապել են պետության հարկերի հետ, որպեսզի ձերբակալությունը հեշտ լինի և իրենք չմեղադրվեն դրանում:
Առհասարակ հանրության մեջ կարծիք կա, որ Ավետարան կամ առհասարակ սուրբ Գիրք քարոզող վարդապետները քահանաները, կամ այն ժամանակվա ռաբբիները համարվում են մտավորական խավը և նրանք իրենց գիտելիքով բարձր են բոլորից: Ինչու, որովհետև նրանց կրթությունը տարբեր է միջնակարգ կամ բարձրագույն կրթությունից: Այլ խոսքով ասած հոգևոր դասը կրթվել է տիեզերքի Ճշմարիտ Վարդապետի վարժարանում: Բայց մենք տեսնում ենք, որ ամեն անգամ որ ծուղակային հարցեր են պատրաստում, ոչ մեկը խորագիտությամբ և տրամաբանությամբ չի: Հրեական ավանդությունն ասում է, որ քահանայապետներին Հռոմը նշանակում էր մեծ գումարի դիմաց; Իսկ Աստծու տիրույթում կաշառքով ընտրված քահանայապետը ուրիծ բան չի կարող անել, բացի ծածուկ դավադրություններից, իշխանավորների հետ սերտ կապերի մեջ լինելուց բացի: Հավանաբար Տէր Հիսուս նույնպես զարմացավ նրանց հարցի պարզության վրա, բայց քանի որ գիտեր նրանց չար միտումը, ուղղակի մի դահեկան ուզեց, որպեսզի պարզ բանը բացատրի, թե եթե դրամի վրա կայսրի պատկերն է, նշանակում է դրամը իրենն է, ուեմն հստակ է, որ տուրքը կայսրինն է: Ոռկան են պատրաստել Նրա համար, ով ձկնորսին մարդու որսորդ է սարքում: Այս անգամ էլ իրենք հայտնվեցին իրեն ցանցի մեջ և դարձյալ ամոթով մնացին ոչ միայն ժողովրդ բազմություն և Հիսուս Քրիստոսի, այլ նաև այն խաբեբաների, որոնց իրենք էին հրաբիրել այս ծուղակային հարցի համար: Ինչպես իններորդ սաղմոսն է ասում,- ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ և իրենց լարած թակարդը իրենց իսկ ոտքերը բռնեց:
Այն չար մտադրությամբ էին պատրաստել այս հարցը, որ եթե Քրիստոս ասեր, այո, պետք է տաք կայսրին տուրք, Նրա կմեղադրեին այն բանի մեջ, որ ժողովրդին մղում է ստրկության հռոմի լծի տակ: Իսկ եթե հանկարծ ասեր, թե մի՛ տվեք տուրք կայսրին, ապա այդ ժամանակ Նրա որպես ժողովրդի մեջ խռովարար կտանեին կայսրի մոտ և կդատապարտեին Նրան իր խոսքի համար: Հիսուս Քրիստոս երբեք չի խուսափել թակարդներից, քանի որ ճշմարտությունը չի շղթայվում:
Դրա համար նրանց պարզ հարցին տվեց խորագետ պատասխան, որի դիմաց լռեցին նրանք, իսկ ժողովուրդը հիանում էր Նրա պատասխաններից; Ժողովուրդը, որ չունի այդ խորագիտությունը, դարեր շարունակ, ինչպես նաև հիմա, ակնկալում է իր հոգևոր առաջնորդի հովվական պաշտպանությունը շատ ու շատ հարցերում, երբ իրեն անպաշտպան է զգում պետական իշխանության և անօրենության դեմ:Բայց գնալով հավատացյալ հոտը կորցնում է իր հովվի ձայնը, փարախի դուռը և ճշմարտության ճանապարհը: Դրա համար Ավետարանը մեզ պատմել է նաև վարձկան հովիվների գործունեության մասին:
Կայսրինը՝ կայսեր արտահայտությունը բոլոր ժամանակների համար է ասված, եթե երկրի ղեկավարը ապահովում է երկրի խաղաղությունը, ապահովում է մարդկանց աշխատանքը և մարդիկ նույն դրամից աշխատավարձ են ստանում, ապա պարտավոր են իրենք մարմնավոր կյանքի բարելավման համար վճարել բոլոր հարկերն ու տուրքերը: Բայց Տէր Հիսուս խարդախների ուշադրությունը հրավիրեց երկրոդ կարևոր մասին վրա, և ասաց, իսկ Աստծունը տվեք Աստծուն: Չէ՞ որ Աստված է պարգևել ձեզ միտք ու բանականություն, ձեզ է վստահել
Իր խոսքը՝ ժողովրդին բացատրելու և ուսուցանելու մեծ պատասխանատվությունը: Աստված է տվել ձեզ մարմին և հոգի, և որ գլխավորն է Իր Պատկերն ու նմանությունն է տվել ձեզ և ակնկալու է ձեզնից, որ ապրեք հավատով և կատարեք ձեր պարտականությունները: Ինչո՞ւ չեք անում: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ իր կրւոմ է կամ Աստծու պատկերը, կամ աշխարհի իշխանի պատկերը և ծառայում է իր տիրոջը: իսկ Աստծու զավակները հավատարիմ են իրեն Տիրոջ պատկերին և ծառայում են իրենց Տիրոջը: Պողոս առաքյալն ասում է,- Ինչպես որ կրեցինք հողեղենի պատկերը, նույնպես և պիտի կրենք երկնավորի պատկերը: Ա. Կորնթ.15:49 Սիրելիներ քրիստոնյան պատվեր ունի խորագետ լինելու, միևնույն ժամանակ միամիտ լինելու՝ սրտի մաքրությամբ: Երբ քրիստոնյայի սիրտը մաքուր է, նրա ոչ հարցն է ծուղակային, ոչ էլ պատասխանը նենգաբար:
Քահանայապետների և օրենքի ուսուցիչների առջև Հիսուս Քրիստոս մի մեծ խոչնդոտ էր, քանի որ նրանց մուտքը տաճար ամենևին էլ Աստծուն ծառայելու համար չէր, այլ սեփական անձերին, դրա համար շատ ծանր նստեց իրենց վրա չար մշակների առակը, որը ամբողջությամբ բնութագրում էր իրենք ներքին խարդախությունն ու կեղծավորությունը, զրպարտությունն ու սպանությունը: Երբ կայսրը չի հավատում Ատսծուն, այլ բան է, իսկ երբ տաճարւ սպասավորն ու հոգևոր առաջնորդները չեն հավատքւմ, սա մեծ արհավիրք է տվյալ ժամանակաշրջանի ժողովրդի համար: Տէր Հիսուս չի խնայում իր խոսքերը այսպիսի վարձկան հովիվների համար, ասելով,- ում վրա, որ ընկնի այդ Վեմը, նրան կճզմի: Սիրելիներ, չի կարելի Ավետարանի խոսքերից թեկուզ ամենափոքրը կարդալ միայն կարդալու համար: Այլ պետք է հասկանալ, թե ինչ է պահաջը: Առավել ևս երբ այդ խոսքերը կարդացվում են եկեղեցու Սուրբ սեղանից և քիչ հետո մոռացվում են և՛ կարդացողի կողմից, և լսողի կողմից:Պատմուճանները չտրվեց քահանայությանը, որպեսզի այդ հագուստով փառք որոնեն և գովեստի խոսքերի արժանանա: Այդ հագուստը մեծ իրավունք է և մեծ պատասխանատվություն է Աստծու խոսքի մեկնության համար: Աստծունը տվեք Աստծուն պատվիրանը այսօր որոշ նարձկան հովիվների թեթև ձեռքով կորցրել է իր ծանրակշիռ անհրաժեշտությունը և հավատացյալ հոտը չի կրում այ պատասխանատվություն, այլ հակառակը՝ միայն Աստծուց են ակնկալու օգնություն՝ երբեմն նույնիսկ առանց հասկանալու: Մեր ժողովրդի մեծամասնությունը կայսրին տրվելիք տուրքը հասկանում է և տալիս է: Բայց Աստծուն տրվելիքի մասին իր պարտականությունը չգիտե, և չի տալիս: Կայսրին տրվելիք տուրքը եթե ուշացնենք, շատ արագ մեզ կբացատրեն, որ չի կարելի ուշացնել, այլապես ավելիով կվճարեք, և մենք պարտաճանաչ վճարում ենք; Իսկ երբ Աստծուն տրվելիք տուրքի մասին մոռանում ենք երբեմն որղջ կյանքի ընթացքում, ո՞վ է մեզ սթափեցնում, ո՞վ է մեզ զգուշացնում՝ բացատրելով այս տողերի իմաստը, ինչի մասին վերևում խոսեցինք: Հարկային դաշտը շատ հստակ է կազմակերպել իր հարկահավաքության հարցերը և միշտ շահով է դուրս գալիս: Իսկ լույսի որդիները, ինչպես Անիրավ տնտեսի առակի մեջ է ասում, շահագրգռված չեն Աստծուն տրվելիք տուրքերի հավաքման մեջ: Եթե ամեն կայսր իր կայսրության տերն է և տուրքը պատկանում է իրեն, ապա Աստված տիեզերքի Տերն է և ողջ տիեզերքն է պատկանում իրեն:
Աստված երկրի վրա մեղու է ստեղծել և այդ մեղուն գիտի, որ իր պարտականությունը մեղր պատրաստելն է, և գիշեց ցերեկ չի դադարում իր պարտականության մեջ: Ուրեմն մարդը, որ մեղվից առավել է ինչպե՛ս կարող է թերանալ իր հոգևոր պարտականությունների մեջ: Ինչո՞ւ սաղմոսերգուն կարդաց և հասկանալով գնահատեց Աստծու խոսքը՝ ասելով,- Քո խոսքը լույս է իմ ոտքերի առջև: Իսկ մենք այդ նույն խոսքը կարդում ենք այսօր, վաղը մոռանում ենք կիրառել մեր կյանքի մեջ, մեր ճանապարհների վրա և ամենուր: Եթե ամեն մարդ կիրառեր Աստծունը՝ Աստծուն պատվիրանը, ապա աշխարհին բարեկարգում պետք չէր լինի, քանի որ ամեն մարդ իրեն ուղղելով, ուղղում է աշխարհը: Ավետարանների սերտողություններից մենք հասկանում ենք, որ հրեա նախապաշարված ժողովրդի մեծամասնությունը ընդունակ չեղավ հասկանալու Քրիստոսի վարդապետության գաղտնիքը: Մինչև վերջ Նրանից երկնային նշան հայցեցին, իսկ եթե ո՛չ առ ոչինչ համարեցին Նրա խոսքերը և դատապարտեցին Նրան մահապատժի: Երբ առանձնության մեջ էր Հիսուս Քրիստոս, աշակերըտներին հարցրեց,- ժողովուրդն ի՞նչ ասում իմ մասին: Կամենում էր իմանալ արդյոք կա՞ մեկը գոնե: Թեկուզ աշակերտների մեջ կա՞ մեկը, որը գիտե Իր ով լինելը: Կամեցավ իմանալ, թե վերջին պահին գոնե աշակերտները կարող են ընդունել իրեն և պահպանել այն ճանաչողությունը, երբ տեսնեն Իրեն անփառունակ վիճակի մեջ: Գտնվե՛ց մեկը և ասաց,- Այո: Այդպես մեկ առ մեկ հավաքելով էր որ Հիսուս Քրիստոս այդ քարերի վրա կառուցեց Իր եկեղեցին: Բայց Պետրոսին վեմ անվանելով և երկնքի արքայության բանալիները խոստանալով, Տէր Հիսուս շատ հեռու էր այն մտքից, որ իշխանություն է տալիս Իր եկեղեցին կառավարելու այնպես, ինչպես որ այսօր են կառավարում եկեղեցու գլխավորները: Աստծու Միածին Որդին կենդանի հավատքով հավատացյալներ է ուզում Իր իշխանությունը երկրի վրա հաստատ պահելու համար, հայ հավատացյալներ, Հայաստահյայց սուրբ Եկեղեցու մայր աթոռից հարատև իշխելու և Իր կենարար խոսքը ողջ աշխարհով սփռելու համար: Ձեզնից ամեն մեկը այդ քարն է, և երբ դուք եկեղեցում չեք կիրակի օրերը, ձեր տեղը դատարկ է մնում: Սիրելի հավատացյալ հոտ, մենք այսպես ամեն օր կարդալով, լսելով, խոսելով է որ կաթիլ կաթիլ հավաքում ենք Աստծու խոսքի նեկտարը և մի օր էլ կտեսնենք, որ ճանապարհի կեսն անցել ենք արդեն; Կարևորը հիշեք, որ Աստծունը պետք է տանք Աստծուն՝ առավել թանկ պարգև ստանալու համար, որը հավիտենական կյանքն է պահված մեզ համար: Ավարտենք այսօր, հիշենք օրվա պատգամը, և Աստծու կամքով կհանդիպենք վաղը: Իսկ Աստված միշտ նախախնամում է իրեն փնտրողների հավաքը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Աստծունը կարողանանք ավելիով վերադարձնել Աստծուն: