ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 20:9-19
ԱՅԳԻԻՆ ՄՇԱԿՆԵՐՈՒՆ ԱՌԱԿԸ
9 Յիսուս այս առակը ըսաւ ժողովուրդին. «Մարդ մը այգի տնկեց եւ զանիկա մշակներու յանձնեց ու ինք օտար երկիր երթալով՝ շատ ժամանակ մնաց։ 10Ատենին՝ ծառայ մը ղրկեց մշակներուն, որպէս զի այգիին պտուղէն անոր տան. իսկ մշակները ծեծեցին զանիկա ու պարապ ճամբեցին։ 11 Ուրիշ ծառայ մըն ալ ղրկեց. անոնք զանիկա ալ ծեծեցին, անարգեցին ու պարապ ճամբեցին։ 12 Երրորդ մըն ալ ղրկեց. անոնք զանիկա ալ վիրաւորեցին ու դուրս հանեցին։ 13 Այն ատեն այգիին տէրը ըսաւ. ‘Ի՞նչ ընեմ, իմ սիրելի որդիս ղրկեմ, թերեւս զանիկա տեսնելով ամչնան’։ 14 Բայց մշակները երբ տեսան զանիկա, իրարու հետ խորհուրդ ըրին՝ ըսելով. ‘Ասիկա է ժառանգորդը, եկէք զանիկա սպաննենք, որպէս զի ժառանգութիւնը մեզի մնա’։ 15 Զանիկա այգիէն դուրս հանեցին ու սպաննեցին։ Ուստի այգիին տէրը ի՞նչ պիտի ընէ անոնց։ 16 Պիտի գայ ու կորսնցնէ այն մշակները եւ այգին ուրիշներու պիտի տայ»։ 17 Երբ այս լսեցին, ըսին. «Քա՛ւ լիցի»։ Ինք անոնց նայելով՝ ըսաւ. «Հապա ի՞նչ է այս գրուածը, թէ ‘Այն քարը որ շինողները մերժեցին, անիկա անկիւնին գլուխը եղաւ’։ 18 Ամէն ով որ այն քարին վրայ իյնայ, պիտի կոտրտի եւ որու վրայ որ իյնայ, պիտի փսորէ զանիկա»։ 19 Քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՛նչպէս նոյն ժամուն ձեռք զարնեն անոր, բայց ժողովուրդէն վախցան. քանզի իմացան որ այն առակը իրենց համար ըսաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աշխարհի գիտնականներն ու մտավորականները ուսումնասիրել են մարդկային հոգին և եկել են այն եզրակացության, որ ուղիղ ճանապարհով դեպի բարին գնալու առաջին պայմանը ինքնաճանաչողությունն է: Սակայն դրանից ավելին չեն բացահայտել, կամ էլ չեն կամեցել հայտնել մարդկությանը, որ ինքնաճանաչողության կատարյալ հայելին Ավետարանն է, որի մեջ մարդը տեսնում է իր իրական և ամբողջական պատկերը: Ով մեկ անգամ առնչվել է Ավետարանի հետ, նա կփաստի ասածս: Այո, Ավետարանը այն հայելին է, որի մեջ մարդը տեսնում է իր իրական դեմքը, բայց մենք մի ուրիշ աղետ ունենք: Մարդը չի կամենում տեսնել իր իրական դեմքը, երբ հասնում է գործելու պահը, մարդը մոռանում է Ավետարանի անխարդախ հայելին և գործում է իր խաբված կերպարով: Ավետարանի շատ հետևորդներ է ունեցել, շատերն են հավատացել նրա խոսքին, կամ ցույց են տվել, որ հավատում են: Սակայն Տէր Հիսուս ոչ մի անգամ վստահ չի եղել մարդու հավատի վրա: Քանի որ գիտեր մարդկային կրքերի առատություն, մտքի ծուլությունը, կամքի թուլությունը և այլն: Հիշո՞ւմ եք, աշակերտներից որ մեկը, որ կամեցավ փաստել իր հաստատուն հավատքը, տէր Հիսուս մի փաստարկ բերեց, որ այդպես չէ: օրինակ Պետրոսը ասաց Քեզ հետ մեռնելու կգամ, Քրիստոս նրան ասաց,- Այս գիշեր երեք անգամ կմատնես ինձ: Մենք այս իրականության հետ հաշտվում ենք ամեն օր մի առակ կարդալիս: Փարիսեցիները լսում են առակը, հասկանում են խորքային ճշմարտությունը, կռահում են, որ իրենց է վերաբերում, և առիթ են փնտրում սպանեն առակ պատմողին, քանի որ չեն ուզում հայելու մեջ տեսնել իրենց իսկական դեմքը: Երբ որ քահանայապետները հրաժարվեցին Տէր Հիսուսի տված հարցին պատասխանելուց և ասացին չգիտե՛նք, թե որտեղի՛ց է Հովհաննեսը: Այդ ժամանակ Քրիստոս նրանց մի առակ պատմեց, որպեսզի իմանան, թե իրենք որտեղից են, եթե Հովհաննեսինը չգիտեն, գոնե իմանան, թե իրենք ի՛նչ ծագում ունեն;
Հին Կտակարանը կարդացողների համար շատ հասկանալի է այս առակի բուն ասելիքը, քանի որ Հիսուս առակի միջոցով պատմում է ամեն ինչ սկզբից, ինչ որ եղել է: Թե ինչպես է Աստված իր ընտրյալ ազգի համար ժամանակ առ ժամանակ ուղարկել մարգարեներ, որպեսզի խոսելով ժողովրդի հետ մաքրեն նրանց իրենց մեղքերից և դարձնեն նրանց Աստծու առջև որպես արդար ազգ: Այսինքն Աստված իր ժողովրդին հանձնեց մշակներին, որպեսզի հոգ տանեն նրանց համար:Ո՞վքեր էին մշակները այդ ժամանակ: Քահանայապետները, փարիսեցիները, օրենքի ուսուցիչները, մի խոսքով հոգևոր վերնախավը: Տեսաք առակի մեջ, թե ինչպես մշակները հալածեցին ու դուրս վռնդեցին այգուց տիրոջ ուղարկած ծառաներին և վերջում էլ երբ եկավ այգու տիրոջ որդին՝ այգու բերքից օգտվելու համար, նրան էլ սպանեցին: Սպանեցին, որպեսզի իրենք տեր կանգնեն այգուն և տնօրինեն ինչպես որ իրենք են կամենում, ոչ թե ինչպես այգու տերն է կամենում; Տէր Հիսուս առակն ավարտելուց հետո հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում է նույն հարցին, ասելով,- Այգու տերը նրանց ի՞նչ կանի: Չէ որ կգա ու կորստհյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա: Առակը շատ կարճ է, բայց ասելիքը իսրայելի ողջ պատմությունն է: Երբ լսեցին ու հասկացան, ասացին,- Քա՛վ լիցի: Քանի որ մինչև հիմա էլ հրեաները այս առակը չեն կարողանում մարսել այն առումով, որ այգին կվերցվի իրենցից և կտրվի ուրիշներին: Եթե նույնիսկ ավելի պարզ և մարդկային տրամաբանությամբ վերլուծենք այս առակը, ապա այդ ո՞ր տերը իր այգին կթողնի այսպիսի մշակների ձեռքում, որոնք միայն իրենց կշտացնելու մասին են մտածում: Ո՛չ այգու տիրոջը եկամուտ են ապահովում, ո՛չ էլ ժողովրդին են կերակրում: Այլ ուրիշի հասանելիք այգին բռնազավթել են, տիրոջ հավատարիմ բարեկամներին արհամարհում և սպանում են: Պատահում է երբեմն հրեական հարցազրույցներ եմ նայում, և տեսնում եմ, որ քրիստոնյաները հրեաներին միշտ փաստի առաջ են կանգնացնում այս առակը մեջբերելով: Բայց ճշմարտությունը այլ տեղում է, այգին միայն Իսրայելը չէ, և Տիրոջ Որդին միայն Իսրայելի համար չխաչվեց: Ուրեմն աշխարհը պետք է վախենա այս առակից, քանի որ նույնիսկ քրիստոնեական եկեղեցին մտահոգվելու տեղ ունի այս առումով: Մշակների գերակշռող մասը մտածում է միայն այգուց (եկեղեցուց) օգտվելու մասին, այսօր էլ ժողովուրդը հոգևոր քաղցի մեջ է: Այսօր էլ եկեղեցիները կարծես սեփականություններ լինեն: Քանի որ հավատացյալ հոտին այդպես են կրթել ու դաստիարակել, պահանջատեր չկա: Բայց այգու Տէրը կգա մի օր, և չի հանդուրժի, որ Իր բարեբեր այգին իր ժողովրդին չի կերակրում և ժողովուրդը քաղցած է իր խոսքից:
Սիրելիներ ըստ առակի տրամաբանության Աստված տվեց բարեբեր այգին, որ Իր եղեկեցին է Իր Ավետարանի քարոզությամբ, տվեց մշակներին, տվեց ազատ կամք՝ այն մշակելու, զգուշացրեց, որ գալու է բերքի հետևից: Ազատություն կոչված այս թանկ գանձը ձրի տրվեց մարդկանց՝ պայմանով, որ ազատ քրիստոնյան ծառա է Աստծուն: աստծուն ծառա կոչեց, որպեսզի մարդը իր երևակայական ազատության ստրուկը չդառնա;Քրիստոնյայի ազատությունը նրա համար չէ, որ մարմինը դրանից երես առնի, սանձարձակ կերպով իր կրքերին հետամուտ լինի, ստրկացնելով հոգուն: Այլ ազատությունը նրա համար է, ազատ լինի հոգևորը, հոգու բարձրագույն առաքինություն սերը մարդկանց նկատմամբ: Իսկ ինչպե՞ս է գնահատում այսօր աշխարհը թանկ գնով ձեռք բերած ազատությունը: Ո՛չ աշխարհը, ո՛չ էլ Քրիստոսի եկեղեցին չկարողացավ այդ մեծագույն գանձը պահել իր բարձունքի վրա: Առաքելական հայրեից մեկը պատմում է, թե Փրկիչը մի անգամ շաբաթ օրը արտով անցնելիս տեսնում է մի մարդու, որը օրենքի պատվերի հակառակ աշխատում էր, և ասում է նրան,- Եթե գիտես ի՛նչ է քո արածը, երանելի ես դու, ապա թե ո՛չ, վայ քեզ, օրինազանց:Այսինքն, եթե գիտես, որ մարդը ազատ է, և պետք է աշխատի շաբաթ օրն էլ օգտակար կերպով, մի բարի նպատակի համար գործ անել, արդար է արածդ: Իսկ եթե քո անձնական շահի համար ես անում, կամ օգտագործում ես քո ազատությունը հակառակվելու օրենքին, ապա վա՛յ քեզ: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է պատասխաներ մեր ներկա սերունը, եթե այս հարցը իր առջև դրվեր: Հիմա Մարդասեր Աստված տվել է մեզ Իր բարեբեր այգին, և մեզ ազատ է թողել մեր կամքի մեջ, որպեսզի ընտրենք բարին կամ չարը: Ինչպես տեսանք առակից, անուշադրության չի մատնել իր այգին և պարբերաբար ստուգում է մարդու ազատ կամքը: Անշուշտ ակնկալելով, որ մարդը ձգտի դեպի բարին, ոչ թե չարը: Ձեզնից մեկի մտքում կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ Աստված մարդուն տվեց այսպիսի վտանգավոր պարգև: Եթե մարդը չունենար ազատ կամք, կնմանվեր մի գործիքի, որին ծրագիրը տալիս են և կարգադրում են, որ աշխատի:Բայց մարդը ունի Աստծու պատկերն ու նմանությունը, իսկ Աստված բացարձակ ազատ է Իր ցանկացած որոշման մեջ: Որպեսզի այս թանկագին և միևնույն ժամանակ վտանգավոր պարգևը վնաս չբերի մարդուն, Աստված մարդուն շնորհել է ևս մեկ թակն պարգև՝ բանականություն, որպեսզի մարդը գիտակցաբար ընտրի լավն ու վատը:
Առակը շատ խրատական է և բացահայտում է Աստծու նախախնամությունը հրեա ազգի նկատմամբ, որպեսզի այդ ազգը լույս լինի այլ ազգերի համար: Բայց ինչպես տեսնում ենք ազատությունը իրենց էլ է վնասել մեծ չափերով; Նույն ազգից այդ ազատությունը իրական իմաստով հասկացան Սուրբ մարիամ Աստվածածինը, տասներկու և յոթանասուներկու աշակերըները, պարզ մարդիկ, Քրիստոսի հետևող կանայք: Սրանք այն հավատարիմ մնացորդն են, որոն կան բոլոր ազգերի մեջ նաև այսօր: Բայց մարդկությունը մեծ առումով չգնահատեց ավետարանական ճշմարտությունն այն մասին, որ Աստված այնքան սիրեց աժխարհը, որ Իր Միածնին ուղարկեց, որպեսզի ով Նրան հավատա, հավիտենական կյանք ունենա:Աստված բավարար չհամարեց այն բոլոր ծառաներին, որ ուղարկել էր, Աբրահամը, Հակոբը, Մովսեսը և մարգարեները, այլ ուղարկեց Իր Միածին Որդուն՝ ամբողջացնելու համար այգու աշխատանքները: Հրեա ազգը մինչև Քրիստոս ուներ Սուրբ Գրքեր ու մարգարեություններ, սակայն եթե նրանք հավատային այդ գրքերին, ապ չէին սպանի Գրքի հեղինակին՝ որ Տէր Հիսուս Քրիստոսն էր: Առակի ավարտին Տէր Հիսուս առակն ամբողջությամբ շրջեց իր վրա և նրանց բերեց վեմ քարի օրինակը, որը անարգել էին շինողները: Այս խոսքերը նույնպես առակի բովանդակությունն ունեին, որը դարձյալ Հիուս Քրիստոսի չընդունելու մասին էր; Տէր Հիսուս ասում է,-ով որ այս Վեմին բախվի, կխորտակվի: Ովքեր են նրանք, որոնք կարող են բախվել Վեմին; Սրանք այն մարդիկ են, որոնք Քրիստոսի աստվածությունը կասկածի տակ դրեցին իրենց անհավատության կամ թերահավատության պատճառով; Հայհոյեցին Նրան և չընդունեցին Նրա խոսքը: Երկրորդ միտքը ավելի խիստ է ասված, թե - Եվ ում վրա, որ ընկնի այս Վեմը, նրան կճզմի: Սրանք այն մարդիկ են, որոնք համառորեն մնացին իրենց հակառակության մեջ, ատեցին Քրիստոսին և մինչև վերջ հասան իրենց կործանարար նպատակին, որ ավատվեց խաչելությամբ; Տէր Հիսուս այստեղ երկու տեսակ մարդկանց մասին է խոսում: Մեկը որ ընկնում է այդ քարի վրա, և մյուսը, որ քարն է ընկնում մարդու վրա: Քարի վրա կարող ենք ընկնել բոլորս ակամայից, մեր երբեմնի թերահավատության կամ Աստծու խոսքը անտեսելու պատճառով: Բայց ինչպես տեսնում ենք, քարի վրա ընկնելը մահացու չէ այքան ժամանակ, մինչև զղջանք մեր սխալի համար և ներում ստանանք Աստծուց: Հիշո՞ւմ եք Մատթևոսի Ավետարանում ասում է, ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Այսինքն Հոգու դեմ հայհոյանքը վերաբերում է երկրորդ խմբի մարդկանց, որոնց վրա պիտի ընկնի քարը; Այստեղ արդեն հավանականությունը փոքրանում է ողջ մնալու:
Մենք գիտենք, որ Վարդապետի քարոզության ժամանակ, շատ մարդիկ եղան, որոնք կասկածեցին Հիսուսի Քրիստոս լինելու հանգամանքը, նրան մարգարե անվանեցին, Հովհաննեիս հետ խառնեցին, բայց նաև տեսանք, որ Տէր Հիսուս այդ մարդկանց նույնիսկ կերակրեց հացի բազմացումով և ուսուցանեց իր խոսքը, քանի որ միամիտ էին և չար միտում չունեին: Սիրելիներ Աստծու խոսքը այնքան զուլալ է, այնքան մաքուր ու թափանցիկ է, ինչպես մի բաժակ ջուրը: Անկարելի է լսել ու չհասկանալ, թե ինչ է կամենում Աստված: Հիմա տեսնենք, թե ինչ վիճակում են մեր քահանայապետները, որ լսել են այս բոլոր հանդիմանությունները իրենց մասին; Ինչպես ժողովուրդն է ասում,- մեռած են թաղած չեն: Հասկացել են, որ Վեմը իրենց վրա է ընկնելու, որովհետև դա երևում է իրենց մտադրությունից: Ավետարանն ասում է,- քահնայապետները նույն ժամին ուզում էին Նրա վևա ձեռք դնել, բայց վախեցան ժողովրդից, որովհետև հասկացել էին, որ ատակը իրենց մասին է: Հիմա տեսեք, թե ի՛նչ է նշանակում Աստծու խոսքին չհավատալ, կասկածել, անտեսել, և հետևել սեփական ազատ կամքին, ինչ մասին խոսում էինք: Արհամարհեցին Աստծու խոսքը և շտապեցին սպանել իրենց կեղծիքը բացահայտողին, քանի դեռ Վեմ քարը չէր ընկել իրենց վրա: Սա է նշանակում կարդալ չհասկանալ, թե որ խոսքը որ ժամանակին է վերաբերում: Չհասկացան, որ Վեմ քարը պահված է բոլոր այն քահանայապետների ու օրենքի ուսուցիչների համար՝ անկախ ազգությունից, որոնք այսօր էլ նույն կերպ են վարվում Աստծու խոսքի հետ՝ այն թաքցնելով Աստծու հոտից: Ինչպես որ սերտողության սկզբից ասացի, ինքնաճանաչողությունն ու ինքնակրփությունը օրհասական է բոլորիս համար: Ավետարանի հայելու մեջ նայելը այսօ՛ր է պետք, քանի դեռ չի եկել Վեմ քարի ժամանակաշրջանը: Սիրելիներ ավարտենք այստեղ մեր սերտողությունը, այսօրվա դասը ծավալուն էր, ասելիքը շատ էր, վերցնելիքը՝ առավել շատ էր: Մինչ վաղը՝ հանդիպելու ակնկալիքով;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի երբե՛ք չարժանանաք ո՛չ քարի վրա ընկնելու, ո՛չ էլ՝ քավ լիցի, քարը մեր վրա ընկնելուն: Այլ ականջալուր լինենք Տիրոջ ամեն խոսքին՝ լսելու պահից սկսած: