ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 20:1-8
ՅԻՍՈՒՍԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
1 Օր մը, երբ տաճարին մէջ ժողովուրդին կը սորվեցնէր եւ աւետարանը կը քարոզէր, քահանայապետներն ու դպիրները ծերերուն հետ մէկտեղ վրայ հասան 2Եւ անոր հետ խօսեցան՝ ըսելով. «Ըսէ մեզի, ի՞նչ իշխանութիւնով կ՚ընես այդ բաները. կամ ո՞վ է այդ իշխանութիւնը քեզի տուողը»։ 3 Պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի բան մը հարցնեմ եւ ըսէք ինծի. 4 ‘Յովհաննէսին մկրտութիւնը երկնքէ՞ն էր թէ մարդոցմէ’»։ 5 Անոնք իրենց մէջ խորհեցան ու ըսին. 6«Եթէ ըսենք՝ ‘Երկնքէն’, պիտի ըսէ, ‘Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր’. իսկ եթէ ըսենք՝ ‘Մարդոցմէ’, բոլոր ժողովուրդը մեզ պիտի քարկոծեն, վասն զի հաստատ համոզուած էին թէ՝ Յովհաննէս մարգարէ էր»։ 7 Պատասխան տուին թէ չեն գիտեր ուրկէ՛ էր։ 8 Յիսուս ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի չեմ ըսեր թէ ի՞նչ իշխանութիւնով կ՚ընեմ այս բաները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մենք այս պահին մեր սերտողությամբ հասել ենք այն ժամանակահատվածին, որ Տէր Հիսուս ապրում է իր երկրային կյանքի վերջին օրերը: Այդ մասին գիտե միայն ինքը, որովհետև բազում զգուշացումներից հետո նույնիսկ, իր աշակերտները խորությամբ չեն ընկալում Իր կանխատեսումները և զգուշացումները: Սա Իր վերջի այցն էր Երուսաղեմում, որը նշանավորվեց իր բազում քարոզներով ու ուսուցումներով, որ անում էր մարդկանց բազմության առջև՝ հնարավորինս արթնացնելու և մարդկանց աչքերը բացելու համար:Տաճարը առևտրականներից մաքրելուց հետո ուսուցանում էր տաճարում, երբ Նրան մոտեցան հոգևոր առաջնորդները՝ իրենց ստուգիչ հարցերով, և ասացին,- Ասա՛ մեզ, ի՛նչ իշխանությամբ ես անում այդ, կամ ով տվեց քեզ այդ իշխանությունը: Նկատի ունեին նախորդ օրվա տաճարի առևտրականներին ու լումայափոխներին դուրս վռնդելու գործողությունը: Հոգևոր վերնախավը այդ երևույթից տուժել էր նյութապես, և կամենում էր հասկանալ եղելությունը: Նախորդ ավետարանների սերտողության ժամանակ ձեզ ներկայացրել եմ, որ տաճարի շրջապատի առևտուրը ամբողջությամբ պատկանում էր հոգևոր վերնախավին, այսինքն իրենց սեփական բիզնեսն էր, որը քանդել էր Հիսուս Քրիստոս, և հիմա եկել են ու բացատրություն են պահանջում:Երեք տարի ստվերի պես հետևեցին Հիսուսի քարոզությանը և ոչինչ չհասկացան Նրա աշխարհ գալու նպատակի վերաբերյալ, այդքան առակներ ու հանդիմանություններ լսեցին իրենց հասցեին, ու մնացին նույն խավարամիտ փառասերները, որոնց ամբողջ ուշադրությունը իրենց նյութական շահն էր և կեղծ նկարագիրը:Իր Իշխանության մասին Տէր Հիսուս տասնյակ անգամներ է բարձրաձայնել, թե որտեղից է, իսկ նրանք նորից նույն հարցն են տալիս՝ ապացուցելով իրենց հոգևոր կուրությունը: Զարմանալին այն է, որ ամեն անգամ հարց են տալիս ու ամոթով են մնում իրենց տված հարցի համար, բայց հաջորդ անգամ նորից են փորձում:Ընդամենը երեկ էր, որ Տէր Հիսուս լացեց Երուսաղեմի վրա և ասաց,- Գոնե այս օրերին հասկանայիր քո խաղաղությունը, բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից, քանի որ քեզ այցելության ժամանակը չճանաչեցիր:Այս կարևոր հարցը թողած, որին չանդրադարձան երբեք, իրենց հետաքրքիր էր թե ո՞վ է տվել Հիսուսին տաճարը տակնուվրա անելու իրավունքը: Երեկ էլ ձեզ ասացի, թե ի՛նչ ծանր երևույթ է, երբ մարդուց վերցվում է տեսնելու հատկությունը՝ իր խստասրտության պատճառով: Եթե դուք հետևողական լինեք մեր օրերում էլ կտեսնեք, որ շատ պատկան մարդկանցից վերցվել է այդ տեսողությունը՝ իրեն անտարբերության պատճառով; Սա իրական ողբ է;
Քանի որ հրեա առաջնորդները չգնահատեցին իրենց ներկա ժամանակվա խաղաղությունը և Աստծու Որդու՝ իրենց այցելությունը, ապա շուտով ականատեսը եղան այն բոլոր ավերվածություններին, ինչի մասին կանխասացել էր Տէր Հիսուս Իր երկրային կյանքի ընթացքում: Կասկած չկա, որ Հիսուս Քրիստոս կարող էր կրկին անգամ տալ նրանց իրենց հետաքրքրող հարցի պատասխանը, սակայն Հիսուս ամեն անգամ մեկ այլ հարցով բացահայտում է նրանց տգիտությունը, և ոչ միայն տգիտությունը, այլ չար նախանձը, որը բուն էր դրել նրանց հոգում: Հանդիպակաց հարց է տալիս Տէր Հիսուս, ասելով,- Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե մարդկանցից:Տէր Հիսուսի տված բոլոր հարցերը ուղղակի խոցում էին նրանց ցավոտ տեղերը, որ իրենց հպարտությունն ու չարամտությունն էր:Այս հարցը ստիպեց նրանց գնալ ավելի առաջ՝ դեպի Հովհաննես Մկրտչի գալու նպատակը, որին ևս չէին հավատացել: Կանգնեցին փակուղու առջև: Ինչպե՞ս ասեն, թե Հովհաննեսի մկրտությունը երկնքից է, եթե ասեն երկնքից է, չէ որ Հովհաննեսը Քրիստոսի մասին էր խոսում:Ուրեմն հայտնի է, թե ինչ իշխանությամբ էր անում Քրիստոս այդ բոլորը: Չէին կարող ասել մարդկանցից է Հովհաննեսի մկրտությունը, որովհետև վախենում էին ժողովրդի քարկոծումից, որովհետև ժողովուրդը Հովհաննեսին ընդունում էր որպես մի մարգարե: Եթե քահանաները մոռացել էին Եսայի մարգարեի գրվածքները Հիսուսի մասին, ապա չէին կարող մոռանալ Հովհաննես Մկրտչին, որը իրենց օրոք է քարոզում և մկրտում, և նրան էլ մերժեցին; Ծանր դրությունից դուրս գալու համար, ասացին չգիտենք որտեղից է: Գերադասեցին տգետ երևալ ժողովրդի և Հիսուսի առջև, քան հարցին տային շիտակ պատասխան: Աստված փորձում է փրկել մարդուն, իսկ մարդը կառչած է կրոնից և ուզում է փրկել կրոնը՝ անտեսելով մարդուն; Սա էր փարիսեցիների առաքելությունը երկրի վրա, ինչի պատճառով ժողովուրդը մնաց խավարի մեջ, կասկածանքի մեջ և այդպես էլ ազնվություն չունեցան անուս ժողովրդին լուսավորել:Հրեաների մեջ էլ կրոնական բաժանումներ շատ կան, և այս առիթով մի հումոր են պատմում հրեաները հենց իրենց ծայրահեղության մասին: Ասում են մի ծայրահեղական հրեա տեսնում է, որ մի ուրիշ երիտասարդ հրեա կարդում է Եսայի մարգարե:Գիտեք, որ նրանք ցուցադրաբար փողոցներում էլ կարդում են; Մոտենում է նրան և ասում,- Ինչո՞ւ ես կարդում Եսայի մարգարե, առանց Ռաբբի բացատրության:Երիտասարդը հարցնում է,- մի՞թե իրավունք չունեմ: Իրավունք ունես,- ասում է ծայրահեղականը,- ուղղակի եթե ինքնուրույն կարդաս Եսայի մարգարեությունը, կարող է շեղվել դեպի այն Մեկը, որին մենք չենք հավատում... Նկատի ունենալով Հիսուս Քրիստոսին: Նույնիսկ իրենք փաստում են, որ ենթարկվում են ռաբբիների ցույց տված ուղղությանը, ո՛չ թե իրականությունը: Այսինքն հրեա ռաբբիները կարդում են մարգարեությունները և մեկնում են ինչպես որ ուզում են, ո՛չ թե ինչպես որ գրված է: Նույն կերպ էլ վարվում էին փարիսեցիները իրենց ժամանակի ժողովրդի հետ: Սյունը ծուռ է, ստվերը ծուռ է: Բայց գոյություն ունի ճշմարտության Լույսը, որը ընկնելով ամեն ծուռ ստվերի վրա բացահայտում է սյան շեղությունը՝ բոլոր ժամանակներում:
Սիրելիներ այս հարցը, որ Հիսուս Քրիստոս տալիս է քահանայապետներին՝ Հովհաննեսի մկրտության վերաբերյալ, Ավետարանի առանցքային հարցերից մեկն, որ կուզեմ ձեր ուշադրության մեջ տեղ գրավի, քանի որ այդ հարցով բացահայտվում է շատ կարևոր փաստեր, ինչ մասին խոսեցինք վերևում: Գլխավոր բացահայտումն այն է, որ օրվա քահանայապետները գիտեն ճշմարտությունը և՛ Հովհաննեսի, և Հիսուսի մասին և թաքցնում են ժողովրդից՝ շեղելով նրանց ճշմարտությունից:Նրանք ի տես մարդկանց ցույց էին տալիս, որ Մովսեսի օրենքի նախանձախնդիր կրողներն են, և Աստծու ընտրյալ ժողովուրդը, բայց տաճարը վերածել են շահ հետապնդող դուքանի և բազմած Մովսեսի աթոռին՝ վայելում են իրենց փառավոր կյանքը: Իսկ Տէր Հիսուս չի կարողանում հանդուրժել Իր Հոր տանը կատարվող անօրենությունները և ի սեր Իր Երկնավոր Հոր՝ բացահայտում է տաճարի պատասխանատուների իրական դեմքերը: Կրոնական առաջնորդները հիմնավոր փաստարկներ էին որոնում Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, նույնիսկ վարձում էին մարդկանց, որոնք կարող են հակառակ ցուցմունք տալ կուսակալի առջև Քրիստոսի վերաբերյալ, թե իբրև խռովություն է առաջացնում ժողովրդի մեջ:Նպատակ ունենալով օրենքի առաջ Նրա մեղավոր հռչակելու և սպանելու: Իմանալով նրանց նախապես պատրաստած դավադրությունը, Տէր Հիսուս պատասխանեց նրանց և ասաց,- Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս ամենը:Մինչդեռ կարող էր բոլոր մարգարեությունները բերել որպես վկայություն, բայց գիտեր որ նրանց նպատակը իրեն կորստյան մատնելն է, դրա համար չպատասխանեց: Ինչ էլ որ պատասխաներ, նրանք ձևափոխելու էին , կամ ծաղրի ենթարկեին իր ասածը:
Սիրելիներ, Ղուկաս ավետարանիչը շատ գրություններ ունի, որոնք միայն իրեն են հատուկ, և մյուս Ավետարաններում չեն կրկնվում:Այդ բոլոր գրվածքները մի սուր կողմ ունեն, որով բացահայտվում է ավետարանական այս կամ այն ճշմարտությունը:Այսօրվա սերտողության սկզբում ավետարանիչը մեզ ներկայացրեց, որ տաճարում ուսուցանում էր Հիսուս, երբ նրան մոտեցան քահանայապետները և այդ հարցը տվեցին: Ինչի՞ց հետ մոտեցա. Այն բանից հետո մոտեցան այդ հարցը տվեցին, երբ Տէր Հիսուս ասաց,- Իմ տունը ավազակների որջերի եք վերածել: Այսինքն նրանք արհամարհեցին Հիսուսի փառավոր մուտքը՝ Երուսաղեմ, Ժողովրդի ընդունելությունը՝ թագավորին վայել, և Քրիստոսի խոսքը, թե իմ տունը վերածել եք ավազակի որջի:Որ տեսանկյունից էլ որ քննարկենք այս երևույթը, միևնույն է քահանայապետների արարքը չի արդարացվում; Նայեք, տաճարի բակում կային լումայափոխներ: Ինչի՞ համար էին այդ մարդիկ տաճարի բակում: Որպեսզի հեթանոսական դրամները, որոնց վրա պատկերված էին անաստված կայսրերի և հեթանոսական աստվածների պատկերները, փոխեին Երուսաղեմի դրամով և կարողանային իրենց զոհերի կենդանիները գնել: Հեթանոսական դրամը համարում էին պիղծ և թույլ չէի տալիս, որ մտնի տաճար:Դրա անվան տակ չափազանց թանկ գնով վաճառում էին իրենց սեփական կենդանիները: Բայց երբեք հաշվի չէին առնում այն հանգամանքը, որ այդ առևտուրը այնքան մոտ էր տաճարին, որ աղմուկը խանգարում էր աղոթողների աղոթքը:
Նկատած կլինեք, որ նույն բանը կատարվում է մեր եկեղեցիների շուրջը՝ հատկապես Սուրբ Սարգսի և Ծաղկազարդի տոներին: Այստեղից կարելի է հետևություն անել, որ բիզնեսի տիրոջը հետաքրքիր չէ աղոթողի աղոթքը, կարևորը իր շահը ապահովվի այդ առևտրից;
Սիրելիներ կենդանիների զոհաբերությունը Մովսեսի օրենքով նախատեսված էր, դա անօրինական չէր, բայց անօրինական էր, որ այդ բիզնեսը քահանայապետինն էր: Աստված Ղևիի ցեղին բաժին չէր տվել, նրանք պետք է ապրեին իրենց բարձր հեղինակության և ժողովրդի նվիրատվության հաշվին: Հիշո՞ւմ եք, Տէր Հիսուսն էլ ասաց աշակերտներին, ոչի՛նչ մի ունեցեք: Գիտե՞ք ինչու էր ասում ոչինչ մի վերցրեք ձեզ հետ, և մշակն արժանի է իր վարձին: Որովհետև աշակերտները ուր որ մտնում էին, ընդունելության էին արժանանում, քանի որ իրենց Վարդապետը մեծ հեղինակություն և հարգանք էր վայելում ժողովրդի մեջ: Ժողովուրդն էլ Վարդապետի սիրուն հարգում և պատվում էր նրա առաքյալներին; Հիմա ամեն ինչ գլխիվայր շրջվել է; Ղևիի այսօրվա հետևորդները այլևս չեն սպասում, որ ժողովուրդը նվիրատվություն անի, այլ այնպիսի սակագներ են հաստատել ծեսերի և խորհուրդների համար, որ նույնիսկ պատահում է, որ հավատացյալ և քահանա մտնում են սակարկության մեջ այդ գների պատճառով: Այսօրվա քահանային ո՛չ թե հարգում և պատվում են իր հոգևոր առաջնորդի բարոյական կերպարի համար, այլ առաջին հարցը, որ ուղղում են քահանային, սա է,- է՞ս չի քո բիզնեսմեն կաթողիկոսը: Այսօրվա քահանաները (բացառություններ կան անշուշտ) այլևս առաքյալների նման չեն շրջում գյուղեր և քաղաքներ՝ քարոզելու համար: Այ՛ո, ժամանակները փոխվել են,- կասեք: Համաձայն եմ, որ փոխվել են, բայց Քրիստոսի խոսքը նույն ուժն ունի նաև այսօ՛ր, որն ասում է.- Սիրո՞ւմ եք ինձ, արածեցրեք իմ այդ հոտը: Իսկ ինչքը, շքեղ մեքենաները, դղյակները ցավոք ժամանակի ընթացքում մոռացության տվեցին հոտն էլ, Քրիստոսի խոսքն էլ: Սա նույնպես ողբ է մեզ համար: Մենք էլ չգնահատեցինք Քրիստոսի այցելությունը՝ Հայաստան աշխարհ, և Նրա Իջման Վայրը կողպված է մինչ այսօր: Մեր ժողովուրդն էլ այսօր լուսաբանման կարիք ունի: Մենք տեսանք, թե ինչ աղետ եղավ, երբ ժողովրդից թաքցրին ճշմարտությունը: Սիրելիներ, մենք շատ ցավոտ թեմաներ ունենք, որի մասին Ավետարանն աղաղակում է օրն ի բուն, բայց լսող չկա: Աստված թող ողորմի մեզ՝ մեր վարած կյանքի համար: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, որ խոսենք, մեր խոսքը չի ավարտվի, բայց ժամանակը իր ավարտին հասավ;Մնացած էլ վաղը.
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի վերցվի մեր աչքերից այն շղարշը, որով ծածկված էր փարիսեցիների աչքերը, ու մենք տեսնենք իրական Լույսը ու լուսավորվենք: