ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 19: 29- 48
ՅԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ
29 Երբ Բեթփագէի ու Բեթանիայի մօտեցաւ՝ դէպի այն լեռը որ Ձիթենեաց լեռ կը կոչուի, իր աշակերտներէն երկուքը ղրկեց 30 Եւ ըսաւ. «Գացէք մեր դիմացի գիւղը, անոր մէջ մտնելնուդ պէս պիտի գտնէք կապուած աւանակ մը, որուն վրայ բնաւ մարդ նստած չէ. արձակեցէք զանիկա ու բերէք։ 31 Եթէ մէկը ձեզի հարցնէ թէ ‘Ինչո՞ւ կ՚արձակէք’, ըսէք անոր թէ ‘Տէրոջը պէտք է’»։ 32 Գացին անոնք որ ղրկուեցան, ինչպէս իրենց ըսած էր՝ գտան։ 33 Երբ աւանակը կ՚արձակէին, անոր տէրերը ըսին անոնց. «Ինչո՞ւ կ՚արձակէք այդ աւանակը»։ 34 Անոնք ալ ըսին. «Տէրոջը պէտք է»։ 35 Զանիկա Յիսուսին բերին ու իրենց հանդերձները աւանակին վրայ ձգելով՝ Յիսուսը հեծցուցին։ 36 Երբ կ՚երթար, իրենց հանդերձները ճամբուն վրայ կը փռէին։ 37 Երբ աւելի մօտեցաւ եւ Ձիթենեաց լերան զառիվարէն կ՚իջնէր, աշակերտներուն բոլոր բազմութիւնը սկսաւ ուրախութեամբ Աստուած օրհնել բարձր ձայնով՝ այն բոլոր հրաշքներուն համար որոնք տեսեր էին. 38 Ու կ՚ըսէին. «Օրհնեալ է թագաւորը, որ Տէրոջը անունովը կու գայ. երկնքի մէջ խաղաղութիւն ու փառք՝ բարձրութեան մէջ»։ 39 Բազմութեանը մէջէն փարիսեցիներէն մէկ քանիները ըսին անոր. «Վա՛րդապետ, այդ քու աշակերտներդ յանդիմանէ»։ 40 Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Ձեզի կ՚ըսեմ, եթէ ատոնք լուռ կենան, քարերը պիտի աղաղակեն»։
ՅԻՍՈՒՍ ԿՈՒ ԼԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՎՐԱՅ
41 Երբ մօտեցաւ, քաղաքը տեսնելով՝ լացաւ անոր վրայ եւ ըսաւ. 42 «Գոնէ այս քու օրուանդ մէջ գիտնայիր քու խաղաղութիւնդ. բայց հիմա ծածկուեցաւ քու աչքերէդ։ 43 Վասն զի օրեր պիտի գան քու վրադ՝ երբ թշնամիներդ քու բոլորտիքդ պատնէշ պիտի շինեն ու քեզ պիտի պաշարեն եւ ամէն կողմէ քեզ նեղը պիտի ձգեն 44 Եւ հիմնայատակ պիտի ընեն քեզ ու մէջդ եղած զաւակներդ եւ ամենեւին քար մը քարի վրայ պիտի չթողուն քու մէջդ, քանի որ չճանչցար քու այցելութեանդ ժամանակը»։
ՅԻՍՈՒՍ ՏԱՃԱՐԸ Կ՚ԵՐԹԱՅ
45 Եւ տաճարը մտնելով՝ սկսաւ դուրս հանել անոր մէջ ծախողները եւ գնողները 46 Եւ ըսաւ անոնց. «Գրուած է թէ՝ ‘Իմ տունս աղօթքի տուն է’. բայց դուք ատիկա աւազակներու այր ըրիք»։
47 Ամէն օր տաճարին մէջ կը սորվեցնէր եւ քահանայապետներն ու դպիրները եւ ժողովուրդին գլխաւորները կ՚ուզէին կորսնցնել զանիկա։ 48 Բայց բան չէին կրնար ընել, վասն զի բոլոր ժողովուրդը անոր կապուեր էր մտիկ ընելու։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք: Այսօր հերթական առավոտն է, որ լույսը բացվեց բոլորիս համար, և բոլորս գիտենք միայն նրա սկսվելը, բայց ինչպես կավարտի, մեզնից ոչ ոքի հայտնի չէ:Ուրախությո՞ւն կբերի մեզ, թե՞ ցավ՝ մեզնից ծածկված է: Հետևաբար օրը սկսենք Աստծու հետ, որովհետև ամեն բան Աստծուն հայտնի է, և որպեսզի ապահով լինենք;Այսօր համայն մարդկությունը աչքերը հառած հետևում է, թե ինչ է լինելու ապագայում, ինչ կլինեն մենք, մեր ընտանիքները, մեր զավակները և այլն: Արդյոք կյանքի դառն ու դաժան օրերն ենք ապրում հիմա, թե՞ մեր գլխին դեռ ավելի մեծ բաներ են գալու: Այս բոլորը կոչվում է անորոշություն, և մարդ արարածը կարող է կորել այդ անորոշության մեջ՝ առանց Աստծու: Մենք քրիստոնյաներս իբրև բանականության տեր մարդիկ սրտով պետք է պատրաստվենք կանգնելու այն ամեն բանի առաջ, ինչ որ մեզ պատահելու է: Որովհետև քրիստոնյան գիտե, որ աշխարհի ամեն մի դեպքի ու պատահածի տնօրինողը Աստված է; Մարդկությունը ուղղակի դարերով չկարողացավ իրեն համոզել, որ այս աշխարհում ոչինչ չես գտնում և ոչինչ չես կորցնում, պարզապես պետք չէ ամուր կապերով կապվել աշխարհի հետ, քանի որ արհավիրքների ժամանակ աշխարհը պատասխան չունի տալու մարդկությանը: Վերջերս տարբեր երկրներում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին ով տվեց մեկնաբանություն կամ ով գիտե, թե վաղը որ երկրում ինչ սպասվում: Ուրեմն մնայունը միայն աստվածությունն է: Տիեզերքն ստեղծողը բարձր ձայնով ասում է անհայտ ապագայի մասին, իսկ մարդկությունը չի ուզում լսել նույնիսկ մի բանի մասին, ինչից վախենում է :Այդպես էլ չէին լսում Հիսուս Քրիստոսին իր քարոզության ընթացքում, երբ կանխատեսում էր գալիք օրերի իրադարձությունները՝ իր հետ կապված, քանի դեռ չէր կատարվել: Շատ մարգարեներ գրել են Հիսուսի Երուսաղեմի մուտքի մասին, և Հիսուս Երուսաղեմ է մտնում նույն էշի վրա նստած, ինչի մասին գրված է, բայց պատկան մարդիկ, որոնք գրքերը գիտեն, չեն հավատում և բացի նրանից որ իրենք չեն հավատում, ապակողմնորոշում են նաև հավատացողներին; Երուսաղեմի մուտքի մասին դրվագները սերտելիս, մենք տեսանք, որ Քրիստոսին կարիք չուներ ավանակով շրջելու, Նա ոտքով էր անցնում քաղաքներ ու գյուղեր, և երբեք հարմարավետություն չէր փնտրում իր քարոզության ընթացքում; Վերջին անգամ Երուսաղեմ է մտնում ավանակի վրա նստած՝ որպեսզի կատարվի գրված մարգարեությունները և գուցե այս անգամ հավատան ու կորստյան չմատնվեն Իրեն ատողները, որոնք մերժեցին Իր թագավորությունը՝ սեփական փառքի ու պաշտոնի համար: Այնուամենայնիվ, երբ մոտեցան Բեթանիային, որը շատ մոտ էր Երուսաղեմին, Տէր Հիսուս ուղարկեց իր աշակերտներին, որպեսզի բերեն ավանակը՝ Երուսաղեմ մտնելու համար:
Աշակերտները արեցին այնպես, ինչպես որ իրենց կարգադրել էր Վարդապետը; Կատարվեց Զաքարիայի մարգարեությունը, որի մասին երեկ կարդացի ձեզ, թե ուրախացիր դուստր Սիոնի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ՝ քո արդար, փրկագործ և խոնարհ թագավորը հեծած էշի և էշի քուռակի վրա: Զաք. 9:9 կարող են մանրամասն կարդալ նշված գրքում: Մի պահ մտովի պատկերացնենք այս տեսարանը, քանի որ մենք ամեն մանրամասն գիտենք գալիք չարչարանքների ու խաչելության մասին; Մենք տեսնում ենք բազմություն, որը տարիներով հետևել է Քրիստոսի վարդապետությանը, և շարունակում է Նրա հետևից գնալ՝ ակնկալելով իրենց փրկությունը ծանր կյանքից; Տեսնում ենք աշակերտներ, որոնք այդ պահին վստահ են, որ հավատում են Իրենց Վարդապետին և պատրաստ են Նրա հետ նույնիսկ մեռնելու: Տեսնում ենք Տէր Հիսուս Քրիստոսին, որի աչքի առջև են կանգնած հավատարիմ և անհավատարիմ ծառաները: Մյուս կողմում տեսնում ենք դավադիր քահանայապետներին՝ իրենց ենթականերով, որոնք վախից և ստրկությունից ենթարկվում ենք իրենց առաջնորդին, ծափահարելով նրանց ամեն նենգ միտք:Կա ևս մեկ ուրիշ բազմություն, որը մեծ տոնի պատճառով գտնվում է Երուսաղեմում այդ օրերին; Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ մեծ աղմուկ բարձրացրեց ուրախացող ժողովրդի կողմից, ինչը մեծ մտահոգություն պատճառեց քահանայապետներին: Ինչո՞ւ: Որովհետև նրանք արդեն իրենց ծրագրերը կազմել էին Հիսուսի սպանության վերաբերյալ, որը պետք է տեղի ունենար Զատկական մեծ Տոնից հետո: Իսկ այստեղ նրանք տեսնում են աննախադեպ ընդունելություն ժողովրդի կողմից, ուրախություն և ցնծություն թագավորին Երուսաղեմում տեսնելու առիթով: Բազմությունը միաբերան աղաղակում էր,- Օրհնեալ է այդ թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով, Խաղաղություն երկնքում, և փառք բարձունքներում:Փարիսեցիները նույնիսկ չթաքցնելով իրենց նախանձն ու ատելությունը, հորդորեցին Վարդապետին, որ սաստի իր աշակերտներին: Փարիսեցիները ոչ միայն չէին հավատում և նախանձում էին Քրիստոսին, այլ կարելի է ասել որ ատում էին նաև ժողովրդին:Ժողովուրդը ուրախ էր, ապահով էր զգում իրեն Քրիստոսի ներկայությամբ և Քրիստոսին թագավոր էր տեսնում: Կրոնական առաջնորդները առաջին անգամը չէր, որ զայրանում էին ժողովրդի ուրախությունից, երբ նրան մի լավ բան էր պատահում; Հիշո՞ւմ եք, երբ մի բժշկություն կամ հրաշք էին տեսնում, ուրախանում էին և անմիջապես հանդիմանվում էին փարիսեցիների կողմից: Հիսուս նրանց հիասթափեցրեց իր պատասխանով, ասելով, եթե նրանք լռեն, այս քարերը կաղաղակեն; Սա ցավոտ ապտակ էր կրոնի առաջնորդներին՝ իրենց անհավատության վերաբերյալ, նրանց սրտերը քարից էլ առավել կարծր է հավատի հարցում: Նրանք աչքերը ավելի կույր էին, քան բնածին կույրի աչքերը, Նրանց միտքը ավելի խավար էր, քան չարից բռնված մի դիվահարի միտքը:
Մտավ Հիսուս Քրիստոս, տեսա՛վ Երուսաղեմը վերջին անգամ, որն այդքան շատ էր սիրում, լացեց նրա վրա և ասաց,- գոնե այս օրերին իմանայիր դու քո խաղաղությունը, բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից: Մարդասեր Աստված լացեց Երուսաղեմի վրա, որովհետև չէր կամենում տեսնել նրա որդիների մահը և նրա կործանումը: Քրիստոսի լացը ցույց է տալիս Նրա սրտացավությունը, քանի որ կանխավ ասել էր ամեն ինչ մասին, կործանման մասին, պաշարման մասին և իր օգնության ձեռքի մասին, որը միշտ մերժվեց առաջնորդների կողմից: Մի պահ կանգ առնենք այստեղ, և հարց տանք մեզ: Այս իրավիճակում ո՞վ էր մտահոգ ժողովրդի համար: Հռոմեական կայսրությո՞ւնը: Կրոնական առաջնորդներն ու քահանայապետնե՞րը: Անշուշտ ո՛չ մեկը ո՛չ էլ մյուսը: Սրանք մտահոգ են միայն իրենց իշխանության և փառքի համար: Նրանք նույնիսկ ժողովրդի ուրախությամբ չէին կարողանում ուրախանալ: Միակը, Առաջինն ու Վերջինը, որ մտահոգ է ժողովրդի կյանքի բարելավման համար, Հիսուս Քրիստոսն է: Մի՞թե այսօր, մեր օրերում որևէ մեկը՝ քաղաքական և կրոնական իշխանությունից, ժողովրդի մասին մտահոգ է: Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Ուղղակի ինչպես որ վերը նշեցինք, ժողովուրդը պետք է մի օր արթնանա, ու տեսնի, որ իր մասին լացողն ու ցավ զգացողը միայն Աստված է, որ ամեն ինչ ստեղծեց, որ մարդը ապրի մարդուն վայել կյանքով և փառավորի Աստծուն: Բայց բոլոր ժամանակներում էլ անտարբեր կրոնավորների պատճառով ժողովուրդը չի կրթվել հոգևոր կրթությամբ, չի զգացել իր մասին մտածողի կարիքը: Այսօր էլ հավանաբար լացում է Քրիստոս Հայաստան աշխարհի զավակների համար, որ նեղության այս օրերին գոնե ի մի չհավաքվեցին և Աստծուն չփնտրեցին: Այլ Աստծուն մի կողմ դրեցին և միմյանց դեմ պայքարի դուրս եկան ատելության զենքով և պարտվեցին; Ո՞ւր են հովվապետերը, երբ ժողովուրդը հովիվը կորցրած հոտի պես կանգնած է գայլի երախին հանդիպելու վտանգի դիմաց: Հիսուս լացում է Երուսաղեմի վրա և ասում, որ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ: Մի՞թե մեր երկիրը այսօր այս վիճակում չէ: Ինչո՞ւ չի աղաղակում եկեղեցին, ինչո՞ւ չի արթնացնում իր զավակներին, որոնց վտանգ է սպասվում՝ քարը քարին չթողնելու աստիճան: Միայն խոսում են սպասվող վտանգի մասին, բայց ոչ երբեք համախմբվելու և ապաշխարության քարոզներ անելու: Ինչո՞ւ երկու հովվապետերը չեն կամենում 2000 տարի հետո Նինվեյի օրինակով հրաշք ցույց տալ: Նինվեյի ժողովուրդը ինքնագլուխ չկանգնեց ապաշխարության, այլ լսեց Հովնանի քարոզությունը: Հիմա կասեք եկեղեցիներում քարոզում են ամեն կիրակի: Համաձայն եմ, քարոզում են, իսկ ո՞ւր ապաշխարությունը, ուր է զղջումը, տեսե՞լ եք մի բարձրաստիճան այր, որն ասի ես մեղավոր եմ: Բոլորը արդար են, բոլորը ազնիվ են, բայց խաղաղություն չկա երկրի մեջ, և ատելությունը գնալով ահագնանում է, բաժանումը զգալի է դառնում ամեն օր:
Տէր Հիսուս տաճարի առևտուրը դուրս շպրտելով կամեցավ արթնացնել բոլորին, որ մի հաշտվեք սովորական դարձած երևույթների հետ, աղոթքի տունը չի կարող առևտրի տուն լինել:Որտեղ աղոթում են, այնտեղ շահի մասին չեն մտածում: Այնտեղ, որտեղ մարդկանց հոգիների փրկություն պետք է տեղի ունենա, դուք նրանց կորստյան զավակներ եք դարձնում: Տաճարի միապաղաղ կյանքը մտահոգում էր Հիսուս Քրիստոսին, որովհետև տաճարի պատասխանատուները հոգ էն տանում միայն անձնական եկամուտների մասին, աղոթքը ձևական էր, մարդահաճության համար էր, պարտականություն էր, իսկ ժողովուրդի կրթությունը երկրորդական էր, քանի որ կրոնավորները չէին ուզում, որ ժողովուրդը կրթվի, որպեսզի կառավարեն և ենթարկեն իրենց:Նրանցից պատրաստեն կույր հավատացյալներ, որպեսզի հարկ եղած դեպքում հնազանդվեն իրենց հրամաններին և գնան իրենց հետևից: Մեր եկեղեցու մեջ էլ պառակտում մտավ այն ժամանակ, երբ ժողովուրդը զգաց որ իրենց մասերի են բաժանում իրենց քաղաքական հայացքների պատճառով: Եթե այսօր Տէր Հիսուս մեր տաճարները մտնի, ավելի հզոր խարազան էր պետք գալու՝ շատ ու շատ բաներ շտկելու համար: Այնպիսի բաներ, որ մեր հավատացյալների աչքին սովորական է դարձել և ոչ ոք չի նկատում: Եկեղեցին միակ կառույցն է, որը պետք է Աստծու խոսքի ջահը երբեք վար չդնի, ոչ մի ծես ու խորհուրդ որպես պարտականություն չանի, մարդկանց հոգու փրկությունը Հիսուս Քրիստոս հանձնել է եկեղեցու սպասավորին, որը միջնորդ է Աստծու և մեղավոր մարդու միջև: Հիսուս Քրիստոս տաճարից դուրս էր վռնդում առևտուր կազմակերպողներին, իսկ այդ պահին քահանայապետները, օրենսգետները և ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում Նրան կորստյան մատնելու, բայց վախենում էին, քանի որ ժողովուրդը Նրանով էր տարված ու լսում էր Նրան; Նայելով քահանայապետների բացասական օրինակին, կարելի է արթնանալ, կարելի է դուրս գալ կուրությունից, մերժել գաղջությունը, փնտրել Աստծուն՝ քանի դեռ ժամանակ ունենք: Երեկվա սերտողության մեջ Տէր Հիսուս ասում էր, բերեք իմ առջև և սպանեք դրանց, որոնք իմ թագավորությունը մերժում էին;Սերտողության սկզբից եթե հիշում եք, ես իմ խոսքը
դրանով սկսեցի, որ մենք տեսնում ենք, որ լույսը բացվում է և չգիտենք, թե ի՞նչ կբերի մեզ երեկոն: Իսկ Հիսուս Քրիստոս գիտեր ինչ է պատահելու Երուսաղեմի զավակներին և լաց էր լինում: Այդ լացի պատճառը ոչ ոք չի ուզում հասկանա նաև այսօր: Մենք ավելի լավ վիճակում չենք, քան Երուսաղեմն էր, ուրեմն պետք է արթնանա քրիստոնեական կյանքը՝ այսօր: Մարդը պետք է փոխվի այսօր: Քրիստոս մեր սրտի տաճարները մտնելից նույն լումայափոխներին է հանդիպելու: Եթե դա չկատարվի, Ավետարանը ունի բոլոր կանխատեսումները այդ մասին; Մենք, որ ամեն օր լսում ենք Աստծու պատգամը, իրավունք չունենք թաշկինակի մեջ պահենք մեր իմացածը, պետք է սովորենք Աստծու խոսքը իր իրական իմաստով փոխանցել գոնե մեր մերձավորին; Աստված Եզեկիել մարգարեին ասում է,- դու խոսիր ժողովրդի հետ, լսեն, թե չլսեն; Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է,- դու խոսիր ժամանակին և անժամանակ: Ուրեմն վտանգը մեծ է, երբ ժողովուրդն անտեղյակ է: Այսօր բավարարվենք այսքանով, քանի որ ավարտվեց 19 րդ գլուխն ամբողջությամբ; Աստված կամենա կհանդիպենք վաղը՝ 20 րդ գլխի սերտողությամբ;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի սրտի տաճարը խարազանի կարիք չունենա, երբ Տէր Հիսուս այնտեղ մտնի: