ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 19:11-28
ՄՆԱՍՆԵՐՈՒՆ ԱՌԱԿԸ
11 Երբ անոնք այս բաները կը լսէին, առակ մըն ալ ըսաւ իր Երուսաղէմ մօտենալուն եւ անոնց այնպէս կարծելուն համար թէ՝ շուտ մը Աստուծոյ թագաւորութիւնը պիտի յայտնուի։ 12 Ուստի ըսաւ. «Ազնուական մարդ մը հեռու երկիր գնաց՝ իրեն թագաւորութիւնը առնելու եւ դառնալու։ 13 Իր տասը ծառաները կանչելով՝ իւրաքանչիւրին տասը մնաս տուաւ ու ըսաւ անոնց. ‘Բանեցուցէք ատոնք մինչեւ ես գամ’։ 14 Անոր քաղաքացիները զանիկա կ՚ատէին ու դեսպաններ ղրկեցին անոր ետեւէն, ըսելով թէ՝ ‘Չենք ուզեր որ ատիկա մեր վրայ թագաւորութիւն ընէ’։ 15 Բայց երբ անիկա թագաւորութիւնը առնելով ետ դարձաւ, իրեն կանչեց այն ծառաները, որոնց ստակը տուեր էր, որպէս զի գիտնայ թէ՝ ո՞վ ինչ շահ ըրած է։ 16 Առաջինը եկաւ ու ըսաւ. «Տէ՛ր, քու մնասդ տասը մնաս շահ ըրաւ»։ 17 Տէրը ըսաւ անոր. «Ապրի՛ս, բարի ծառայ. որովհետեւ քիչ բանի մէջ հաւատարիմ եղար, տասը քաղաքի վրայ իշխանութիւն ունեցիր»։ 18 Երկրորդը եկաւ ու ըսաւ. «Տէ՛ր, քու մնասդ հինգ մնաս շահ ըրաւ»։ 19 Եւ ըսաւ անոր. «Դուն ալ հինգ քաղաքի վրայ եղիր»։ 20 Ուրիշ մը եկաւ ու ըսաւ. «Տէ՛ր, ահա քու մնասդ՝ որ թաշկինակի մը մէջ ծրարած կը պահէի. 21 Քանզի կը վախնայի քեզմէ, վասն զի դուն խիստ մարդ մըն ես, չդրած բանդ կը վերցնես ու չսերմանածդ կը հնձես»։ 22 Անիկա ըսաւ անոր. «Քու բերնովդ քեզ պիտի դատեմ, ո՛վ չար ծառայ. գիտէիր թէ ես խիստ մարդ մըն եմ, չդրած բանս կը վերցնեմ ու չսերմանածս կը հնձեմ, 23 Ինչո՞ւ համար իմ ստակս սեղանաւորներուն չտուիր, որպէս զի ես եկած ատենս շահովը առնէի զանիկա»։ 24 Հոն կայնողներուն ըսաւ. «Առէք ատկէ մնասը ու տուէք անոր որ տասը մնաս ունի». 25 (Եւ ըսին իրեն, Տէ՛ր, անիկա տասը մնաս ունի.) 26 «Քանզի կ՚ըսեմ ձեզի, թէ ունեցողին պիտի տրուի եւ չունեցողին ունեցածն ալ անկէ պիտի առնուի։ 27 Բայց իմ այն թշնամիներս, որոնք չէին ուզեր որ իրենց վրայ թագաւոր ըլլամ, հոս բերէք ու իմ առջեւս սպաննեցէք»։ 28 Այս բաները խօսելէն յետոյ՝ յառաջ գնաց Երուսաղէմ երթալու։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ներկաներ և բացականեր, որոնք հետ են միանալու: Ամենօրյա մեր այս առավոտյան հանդիպումը հաստատումն է Տիրոջ այն խոստման, որ ասաց,- Ահավասիկ ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը: Երբ մենք ամեն օր առնչվում ենք Ավետարանի այս կամ այն խոսքին որ խոսել է մեր Տէրը, նշանակում է, մենք հավատում ենք այդ խոստմանը և գնում ենք ընդառաջ մեր Տիրոջ խոսքին: Ով չի լսում Տիրոջ խոսքը, ինչով է տարբերվում խուլից, որը բնածին չի լսում:Կամ ով չի տեսնում լույսը, ինչով է տարբերվում բնածին կույրից, որ այդպես է ծնվել: Եթե Զակքեոսը ծառը չբարձրանար, չէր տեսնի ու չէր վայելի Քրիստոսի անձնական ներկայությունը իր տանը: Ուրեմն Զակքեոսը կույր չէ, իսկ ահա կրոնական առաջնորդները դեմ դիմաց տեսնում էին ամեն օր և նրանց աչքերը փակ էր: Երբ մեր աչքերը բաց է Աստծուն փնտրելու պատճառով, Աստված անմիջապես նկատում է մեզ, ինչպես որ նկատեց Զակքեոսին և նրան շնորհ տվեց՝ հարստությանը հետայսու նայել այլ աչքերով, նկատել շուրջը գտնվող աղքատներին, և զղջալ որ հարստահարել է այլոց: Տեսաք Զակքեոսի փոքրիկ քայլը ինչ մեծ պարգևի արժանացրեց իրեն; Տէր Հիսուս Զակքեոսի տնից դուրս եկավ և ճանապարհը ուղղեց դեպի Երուսաղեմ: Ներկաները գիտեին, որ շուտով հայտնվելու է Աստծու արքայությունը, սակայն հստակ պատկերացում ո՛չ ոք չուներ: Նրանց պատկերացում Աստծու արքայության մասին այլ էր, նրանք կարծում էին, որ վերջ կդրվի իրենց տառապանքին և Քրիստոս կդառնա իրենց թագավոր: Ժամանակը կարճ է, Իր ասելիքը շատ է աշակերտներին, մարդկանց և հատկապես փարիսեցիներին, որ գուցե անդրադարձ ունենան և իրենց աչքերը բացվեր; Բոլորին պատմեց Տասը մնասների սիրված առակը, որը մեր օրերում շատ ժամանակ մարդիկ պատմում են միմյանց՝ ինչ որ բան միմյանց ապացուցելու համար՝ առանց խորքային իմաստը իրենց վերագրելու: Տէր Հիսուս բազմությանը պատմեց այս առակը, որպեսզի ցույց տար, որ իր թագավորությունը տեսանելի թագավորություն չէ, և իրենց պատկերացումը այդ թագավորության մասին սխալ է և մարմնավոր մտածմունք է;
Իրեն համեմատելով մի ազնվական մարդու հետ, պատմում է առակը, որովհետև Ինքը թեպետ մարմնացավ և մարդու կերպարանք ստացավ, սակայն Նրա աստվածային էությունը մնաց իր բարձրության վրա՝ Հոր աջ կողմը զբաղեցրած: Այդ ազնվականը Ինքն էր, որ եկավ Իր թագավորությունը ստանալու և վերադառնալու Իր Հոր մոտ: Նրա համաքաղաքացիները հրեաներն էին, որոնք տեսան Նրան, ատեցին և ամեն առիթ օգտագործում էին Նրան գահավեժ անելու և բացահայտ ասում էին, որ չեն ընդունում իրեն: Պիղատոսին ասում էին մենք չունենք այլ թագավոր, բացի կայսրից, Նույնիսկ արգելում էին Պիղատոսին, գրել հրեաների թագավոր: Քրիստոսի համաքաղաքացիները, որ հրեա կրոնական առաջնորդներն էին, ատում էին իրեն և չէին կամենում որ իրենց վրա թագավոր լինի այն դեպքում, երբ մարգարեները մինչև Քրիստոս՝ գրել են այդ մասին: Օրինակ Զաքարիա մարգարեն գրում է.- Ուրախացիր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ:Քո արդար, քո փրկագործ և խոնարհ թագավորը՝ հեծած էշի և էշի քուռակի վրա: Զաք.9:9 Այն ինչը պետք է տեղի ունենա Երուսաղեմ մուտքի ժամանակ՝ օրեր հետո: Այդ մասին գրել են Եսայի և Դավիթ մարգարեները նույնպես: Այս տասը մնասները այն շնորհներն էին, որ պարգևեց իր աշակերտներին, հետագայում աշակերտները հաջորդաբար՝ եկեղեցու սպասավորներին՝ Իր գործը շարունակելու համար: Ազնվականը իր ունեցածը ամբողջությամբ վստահեց իր ծառաներին և գնաց: Բայց չգնաց անհայտ ու անորոշության մեջ թողնելով իր ծառաներին, այլ զգուշացրեց, որ շահարկեք դրանք, մինչև որ գամ; Ազնվական թագավորը պարտավոր էր իր ծառաներին ապահովել աշխատանքով, սակայն պարտավոր չէ տեղեկացնելու Իր գալու ժամեն ու ժամանակները; Իսկ ծառաները պարտավոր էին հավատարիմ լինել իրենց վստահված Տիրոջ հարստության հանդեպ և այն շահարկելով բաժնեկից դարձնեին նաև այլոց: Վստահ եմ, որ պատկերացնում եք, որ Տիրոջ հարստություն հանդիսացող մնասները Աստծու խոսքը քարոզելու իշխանությունն է, որը փոխանցվեց մինչև մեր օրերը և շարունակում է փոխանցվել Տիրոջ ծառաների մեջ, մինչև, որ Նա վերադառնա, երբ որ կամենա:
Առակի մեջ կարդացինք, որ առաջին ծառան մեկին տասը օգուտ էր բերել իր տիրոջը՝ ջանադրաբար ու հավատարիմ շահարկելով նրա հարստությունը, ավելացրել էր: Քանի որ նա հավատարիմ էր եղել փոքրի մեջ, իշխանություն ստացավ տասը քաղաքներ կառավարելու: Մոտեցավ երկրորդ ծառան, որը մեկին հինգ օգուտ էր ապահովել իր տիրոջ հարստությունը շահարկելով: Սա ևս գովվեց տիրոջից և արժանացավ իշխանության հինգ քաղաքները կառավարելու: Մոտեցավ երրորդը, որը ոչ մի օգուտ չէր առաջացրել տիրոջ հարստությունից, այլ այն անվնաս թաքցրել էր թաշկինակի մեջ, պատճառաբանելով, որ վախեցել է տիրոջից, քանի որ նա խիստ և պահանջկոտ մարդ է: Առաջին երկու ծառաների գործունեությունը հասկանալի է մեզ համար, իսկ երրորդ ծառայի պատասխանի մեջ տրամաբանություն չկա; Չէ՞ որ տերը թեպետ խիստ և պահանջկոտ լինելով հանդերձ, իրեն էլ էր տվել իր հարստությունից և չէր զրկել ու անտեսել: Իսկ ինչո՞ւ առաջին և երկրորդ ծառաները չվախեցան իրենց տիրոջ խստությունից և կատարեցին իրենց պարտականությունը:Տէրը շատ կարևոր հարց է տալիս ծույլ ծառային, որը օգուտ չէր բերել իր տնտեսության համար, ասելով,- ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտվեցիր, որպեսզի ես գալով տոկոսներով պահանջեի այն:Ովքեր են լումայափոխները իրականում: Նրանք են, որոնք մեկից վերցնում են դրամը ավելիով վաճառում են մյուսին՝ շահ հետապնդելով; Ուրեմն ի՞նչ պետք է աներ այս երրորդ ծույլ ծառան, որը տիրոջից շնորհ էր ստացել; պետք է իր շնորհը օգտագործեր և այլոց սովորեցներ, որպեսզի Աստծու խոսքը տարածվեր շատերի մեջ և գուցե այդ շատերից կհայտնվեր մեկը, որը ավելի մեծ շահ կբերեր տիրոջ տնտեսությանը:Տեսեք, սիրելիներ, որպեսզի ավելի պարզ դառնա առակի ասելիքը, համեմատենք Հիսուսի աշակերտների հետ: 12 ին էլ տվեց շնորհ և իշխանություն: Տասնմեկը շահարկեցին և օգուտ բերեցին, իսկ Հուդան անտեսեց այդ իշխանությունը և կորցրեց և շնորհը և իր հավիտենականության հույսը:
Տէր Հիսուս հրամայեց, որ վերցնեն վերջին ծառայից իր մեկ մնասը և տան նրան, որը արդեն տասը մնաս ունի:Հիշում եք, սերմնացանի առակի մեջ մեր Տէրը նույնիսկ մեկի հարյուր պտուղ էր ակնկալում պարարտ հողից; Առաջին ծառան այդ պարարտ հողն էր: Նաև այն ծառան էր, որը միշտ արթուն սպասում էր, թե երբ իր տերը հարսանիքից կվերադառնա և ինքը նրան կդիմավորի ուրախությամբ: Երբ ներկաները զարմացան, թե ինչո՞ւ ունեցողին է տալիս նորից: Տէրը պատասխանում է,- Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի նաև այն ինչ որ ունի: Ամեն ինչ տրամաբանական է և արդար: Ինչո՞ւ պետք է շնորհը շարունակի զարդարել մարդուն, եթե նա այդ շնորհի գինը չգիտե, Տիրոջ առատաձեռնությունը չի գնահատում, այդ շնորհով այլոց օգտակար չի լինում: Միանգամայն արդարացի է այդպիսի մարդուց վերցնել այն, ինչը որ պահում է անարժանաբար: Տեսեք, որ առակի մեջ խնդիր առաջացնողը երրորդ ծառան է՝ իր անտարբերության, ծուլության, անշնորհակալության պատճառով: Զուր չէ, որ Տէրն ասում է,- Հենց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհավատարիմ ծառա. որովհետև և գիտեիր, որ խիստ եմ, և անտեսել ես այդ հանգամանքը: Առաջին երկու ծառաների պարգևը պարզ է: Երրորդ ծառայի հատուցումը նույնպես տեսանք, որ արժանապես հատուցվեց: Մենք առակի մեջ ունեինք նաև համաքաղաքացիներ: Իսկ ի՞նչ եղավ նրանց վախճանը: Ավետարանն ասում է,- Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերեք այստեղ և սպանեք իմ առջև: Այստեղ տեղին է հիշել առակաց գիրքը, որն ասում է,- Տիրոջ բոլոր գործերը արդար են, իսկ ամբարիշտներն էլ պահված են չար օրվա համար: Ահա, թե ինչ է սպասվում նրանց, որոնք ամբողջ երեք տարի պայքարեցին Հիսուս Քրիստոսի վարդապետության քարոզության դեմ և դա քիչ համարելով, Նրան խաչը հանեցին;
Սիրելիներ, մենք տեսանք, թե Տիրոջ հավատարիմ ծառաներին ինչ սպասվում Իր երկրորդ Գալուստին: Տեսանք նաև անհավատարիմ ծառային տված՝ Տիրոջ պատասխանը: Սարսափելի ու զարհուրելի էր համաքաղաքացիներին սպասվելիք պատիժը: Այո, այս բոլոր տեսանք առակի մեջ: Իսկ մեզ ի՞նչ դաս կա դրանից սովորելու: Որպեսզի մեր դասը հասկանալի լինի, վերցնենք առակը և գանք մեր օրեր, որովհետև Տիրոջ շնորհները չեն դադարել մինչև մեր օրերը: Քանի որ առակը հոգևոր տիրույթում է, ուստի այս անգամ քաղաքական դաշտը չենք ընդգրկի առակի մեջ, այլ կբավարարվենք միայն հոգևոր դաշտի մնասների շահարկումը քննարկելով և նրա բերած հոգևոր շահը՝ Տիրոջ տնտեսության մեջ: Հոգևոր Հայաստանը Տիրոջ տնտեսությունն է, եկեղեցու սպասավորները Տիրոջ ծառաներն են: Առաքելական հաջորդականությամբ և ձեռնադրությամբ մնասներ տրվել են բոլորին՝ կաթողիկոսից մինչև ուրարակիր: Սա այն ժամանակն է, որ պետք է բոլոր շնորհները գործի դրվեն և օգուտ բերեն Քրիստոսի հոտին՝ հոգևոր կյանքի մեջ: Քրիստոնյա Հայաստանի բնակչության 90 տոկոսը քրիստոնյա է, անշուշտ համաքաղաքացիներ էլ կան, բայց մեր մտահոգությունը քրիստոնյաների համար է; Հայաստանում քրիստոնեական կյանք չկա, իսկ դա նշանակում է, որ Աստծու տված մնասները բոլոր թաշկինակների մեջ են; Ես որևէ մեկի անունը չեմ տալիս, բայց հոգևոր կյանքի բացակայության արդյունքը աղաղակում է, որ մնասները թաշկինակների մեջ են՝և ժողովուրդը ապրում է ատելության մթնոլորտում՝ առանց Աստծու խոսքի: Հատկապես թաշկինակի մեջ են պահում մնասները բարձրաստիճան հոգևորականները՝ իրենց հարմարավետ աշխատասենյակներում նստած: Այս բոլորը կատարվում է վեհափառ հայրապետի աչքի առջև: Չեմ բացառում, որ եկեղեցական օրացույցի համաձայն այս առակը ընթերցվում և մեկնվում է տարբեր եկեղեցիներում, բայց առակից ոչ ոք ոչինչ չի վերցնում այնպես, ինչպես որ չէին վերցնում փարիսեցիները: Լումայափոխներ էլ կան Հայաստանում, բայց նրանց մնաս տվող չկա, որ շահարկեն:
Աստված մեկին տվել է խոսելու շնորհ, մեկին՝ գրելու, մեկին՝ ողորմության, մյուսին խոնարհության շնորհներ:Ավետարանի քարոզության շնորհը տրվել է բոլորին հավասարապես, նաև զգուշացվել է, որ շահարկեն, մինչև որ Ինքը գա: Այս բարձրագույն արժեքները, քարոզելու շնորհը, խաչն ու Ավետարանը պահել են թաշկինակի մեջ և վերցրել են քաղաքական դաշտի պայքարի գործիքները և մտել պայքարի մեջ՝ մեկին աջակցելով, մյուսին խայտառակելով: Ինչո՞ւ պետք է հավատացյալ հոտը զգա կրոնական առաջնորդի և նրա ենթակաների քաղաքական հայացքների մասին՝ այսքան բացահայտ ու ցուցադրական; Իսկ ուր են մնասները, որ Քրիստոս տվեց շահարկելու համար: Թաշկինակի մեջ են: Հավատացյալ հոտին ամենավերջին բառերով վիրավորում են՝ ոչխար և անասուն անվանելով: Ուր է այդ ոչխարների հովիվը, որ կանգնի իր հոտի կողքին և պաշտպանի նրան՝ գայլի բերանից; Այստեղ արդեն կարևոր չէ, թե ով է իշխանության գլուխ, խոսքը երևույթի մասին, որ հոտը անտեսված է ամբողջությամբ նույնիսկ հովիվների կողմից: Արդեն սովորություն է դարձել, բարձր ամբիոններից հանրությանը անվանում են տգետ ամբոխ: Իսկ այստեղ հարց է առաջանում ինչու է հանրությունը տգետ: Եթե այսօր եկեղեցականները չարթնանան ու չբացեն իրենց թաշկինակները և առատորեն շահարկեն իրենց մնասները, ապա շատ շուտով ուղղափառությունը կկորցնի իր ուժը քրիստոնեությունը առավել անկում կապրի: Քրիստոսի մնասները թաքցնելու իրավունք չունենք, թաշկինակի մեջ պահելու իրավունք չունենք; Որովհետև առակի ավարտին տեսանք, թե ի՛նչ արդար դատաստան եղավ բոլորի հանդեպ: Հայաստանում էլ կան ծառաներ, որ իրենց մնասները ջանադրաբար շահարկում են, և օգուտ են բերում Տիրոջ տնտեսությանը; Կան ծառաներ, որոնք լումայափոխներին են տալիս, որպեսզի ինչ որ չափով օգտակարություն բերեն; Բայց ընդհանուր պատկերին նայելով, անզեն աչքով էլ տեսանելի է, որ մնասներ ոչ թե չկան, այլ՝ թաշկինակների մեջ են իրենց անտարբերության պատճառով; Միտքս ավարտեմ Խրիմյան Հայրիկի գեղեցիկ ու դիպուկ խոսքով, որ համահունչ է այսօրվա առակին; Հայրիկն ասում է,- Այնպես է պատահում, որ ժողովուրդը տարիներով վարդապետի երես չի տեսնում;Վարդապետները ամպի պես գալիս գնում են, և մի կաթիլ անձրև ձեն թափում ցամաքած երկրի վրա: Ապա ով պիտի խոսի Աստծու բանն ու պատվերները, Քրիստոսի Ավետարանը, առաքելոց գործերը և մարգարեությունները: Իսկ եթե նաև կարդացվում են, ժողովուրդը միայն լսում է և ոչինչ չի հասկանում: Խրիմյան Հայրիկն էլ իր ժամանակին է մտահոգ եղել այս առիթով: Տեսնում եք, սիրելիներ, թե որքան սերտորեն է կապված մեզ հետ Քրիստոսի յուրաքանչյուր առակ ու խոսք, որը խիս բացատրելու կարիք ունի: Սա էլ մեր մնասների առակը: Կհանդիպենք վաղը՝ նույն ժամին;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր մնասները մեկին տասը շահ բերեն մեր Տիրոջ տնտեսությանը և օգտակար լինեն հավատացյալ հոտի հոգու փրկությանը: