Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստված նախախնամեց նաև այս օրը, որ մենք կրկին հանդիպենք Իր խոսքը սերտելու և Իր խոսքից մի դաս սովորելու համար: Մեր Տէրը ամեն առիթ օգտագործում էր իր խոսքը ժողովրդին հասցնելու համար: Թեպետ շատ ունկնդիրներ ուներ, բայց քչերը Նրան հասկացան ու հետևեցին: Քրիստոսի վարդապետությունն և քարոզությունը առավել ուշադրությամբ հասկանալ է պահանջում, քան անհարկի հավանություն: Ժողովրդի հետ հանդիպումների և ուսուցումների ժամանակ Տէր Հիսուս պահում էր Իր խոսքը վերևում և իջնում էր մարդկանց ըմբռնման մակարդակին և նրանց վեր էր բարձրացնում դեպի Իր խոսքը: Դրա վառ ապացույցն են հազարավոր առակները, որոնցով հնարավորություն էր ստեղծում, որպեսզի մարդիկ սկսեն մտածել և վերլուծել: Այս խնդիրը կա այսօր հավատացյալ- եկեղեցի- հոգևորական հարաբերության մեջ: Հավատացյալի համար շատ բաներ անհասկանալի է, քանի որ չի կարդում Ավետարան, իսկ հոգևորականը չի իջնում մինչև նրա ընկալման մակարդակին, դրա համար Քրիստոսի խոսը մնում է վերևում իսկ հավատացյալ հոտը՝ ներքևում: Այդ հեռավորության պատճառով քրիստոնյաների մեծ մասը չի վայելում Քրիստոսի խոսքի անուշահոտությունը, այլ միայն անհարկի հավանություններ է անում, քանի որ գիտեն, եթե Աստծու խոսք է, ուրեմն ճիշտ է: Սակայն Աստված կամենում է, որ այդ ճիշտը թափանցի մարդկանց սրտի մեջ և բնակվի այնտեղ; Հավանաբար դուք էլ նկատում եք համացանցում, թե որքան անհարկի սմայլիկներ և ,,ամեն,, ներ են դրվում հոգևոր նյութերի տակ, որոնց խորքային իմաստը հավատացյալը չի հասկացել: Յուրաքանչյուր հոգևոր սպասավորի պարտքն է կրոնական կյանքը զարգացնել հավատացյալի հոգու մեջ, որպեսզի դրանից առաջանա բարոյական կյանք: Այդ աշխատանքը դժվարին է, ծանր է, բայց այդպիսի աշխատանքի արդյունքում է, որ հոգու մեջ ընկած սերմերը աճում են և Աստծու արքայությանը արժանի պտուղներ են տալիս: Ես ձեզ համարում եմ այն հոտը, որի հոգու մեջ է ընկել Աստծու խոսքի սերմը և աճում է նույնիսկ երբ դուք քնած եք: Դուք պետք է այնքան աճեք ու ամրանաք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարողանա հարմար վայրում Աստծու խոսքի սերմը զգուշությամբ դնի մի պարարտ հողի մեջ:
Այդպես էր ուսուցանում Տէր Հիսուս ինչպես անհատների, այնպես էլ բազմությանը, սակայն ո՛չ ոքի անմասն չէր թողնում Իր խոսքի քաղցրությունից, բացի այն խստասիրտ արդար ձևացող փարիսեցիներից, որոնք ուսուցման կարիք չունեին իրենց կարծիքով: Վերջի անգամն է, որ աշակերտների հետ ուղևորվում է դեպի Երուսաղեմ: Բայց նույնիսկ վերջին անգամը լինելով, անցնում է մեղավորների քաղաքների միջով, գուցե մեկին օգտակար լինի, մինչև Երուսաղեմ հասնելը, որտեղ իրեն սպասվում էր նախանձի բոլոր դրսևորումներով ամբաստանությունը:Երեկվա սերտողության մեջ տեսանք, որ Երիքովի ճանապարհին լուսավոր կյանք պարգևեց կույր մուրացկանին և հիմնովին փոխեց նրա կյանքի որակը: Իսկ այսօր՝ 19 րդ գլխում տեսնում ենք, որ հասել և մտել է Երիքով ու շրջում է քաղաքում: Սա բացառիկ օրինակ է ողջ քրիստոնյա աշխարհի համար, որ մահից ու չարչարանքից առաջ մարդը կամենում է ամենքին օգտակար լինել իր կարողությամբ: Հավանաբար աշխարհում դեռ կան այսպիսի արդար մարդիկ, դրա համար աշխարհը դեռ անսասան է մնացել: Այլապես նայելով մերօրյա քաղաքակրթությանը, կարելի է կարծել, որ Քրիստոսի մասին միայն լսել են որպես պատմությունը: Մարդը մարդուն հոշոտում է և չի հանգստանում նույնիսկ դրանից հետո; Երբ բազմությունը Հիսուսի հետևից շրջում է Երիքովում, աղմուկից շեղվում է Զակքեոսի ուշադրությունը դեպի բազմությունը, և կամենում է իմանալ, թե ո՞վ է այդ Հիսուսը: Սիրելիներ, մենք ամենքս գուցե չհիշենք, թե մեր կյանքում ե՞րբ կամ որտե՞ղ տեղի ունեցավ այն կայծը, երբ մենք էլ ուզեցինք իմանալ, թե ո՞վ է Հիսուսը: Մենք էլ ուշադրություն չենք դարձրել այդ պահի վրա, բայց այդ պահն է արժևորում մեր կյանքը, երբ Աստված դիպավ մեր սրտին և մենք էլ Զակքեոսի պես հանկարծակի ուզեցինք իմանալ Հիսուսի մասին: Մարդու կյանքի պատմության մեջ երբեք ոչինչ հենց անպես չի լինում, ուղղակի մենք առանց վերլուծության մեկնաբանում ենք երևույթները, ասելով՝ միամիտ, հանկարծակի, պատահաբար, չնախատեսված, և այլն բառերը: Այս բոլոր բառերի հետևում Աստված է, որ թակում է մեր սրտի դուռը, և եթե ուշադի ենք և լսում ենք, մենք էլ Զակքեոսի պես ծառն ենք բարձրանում, քանի որ դեռ կարճահասակ ենք մեր հոգևոր կյանքում; Զակքեոսը բարձրացավ ա՛յն ծառի վրա, որտեղով Հիսուս էր անցնելու: Ջանք թափեց, վազեց ու ծառը բարձրացավ, չամաչեց իր կարճահասակությունից,Հիսուսին տեսնելը վեր համարեց իր ամոթից: Ի՞նչ կատարվեց Զակքեոսի սրտում, ինչ հեղափոխություն տեղի ունեցավ Զակքեոսի հոգում:Այսպիսի հոգևոր տագնապ է առաջանում այն սրտում, որին դիպչում է Հիսուս Քրիստոս՝ նրա փրկության համար:
Զակքեոսը մաքսավոր էր, բայց նկարագրությունից երևում է, որ հպարտ մարդ չէր, քանի որ վազեց, որ տեսնի Հիսուսին: Իր մաքսավոր ու մեղավոր վիճակից վեր բարձրացավ որպեսզի տեսնի Հիսուսին: Իսկ Տէր Հիսուս աննկատ չի թողնում Իրեն փնտրողներին և նկատեց Զակքեոսին: Սիրելիներ, տեսեք, մենք արդեն երրորդ մաքսավորի օրինակելի վարքի են հանդիպում մեր սերտողության ժամանակ: Առաջինը մեր Մատթևոս առաքյալն էր, որ մաքսավոր էր: Երկրորդը տաճարում կուրծք ծեծող և աչքերը վեր չբարձրացնող մեղավոր մաքսավորն էր, որ արդարացած տուն գնաց, երրորդ օրինակը Զակքեոսն է, որը պատմությանը ծանոթացանք և որի տանը փրկություն եղավ; Իսկ հայտնապես շրջող փարիսեցիների կամ օրենսգետների մեջ չհանդիպեցինք նմանօրինակ խոնարհության, մինչդեռ փարիսեցիները որպես ուսյալ և կրթյալ՝ արհամարհում էին մաքսավորներին և նրանց համարում էին անմաքուր:Ես ուզում եմ, որ դուք զուգահեռներ տանելով մանրամասն հասկանաք ժամանակի բարքերն ու կարգերը, որպեսզի ձեզ համար հեշտ լինի հասկանալ մեր օրերի փարիսեցիների ու մաքսավորների կյանքը: Զակքեոսի համար տոն եղավ այդ օրը, որովհետև կամենում էր տեսնել Հիսուսին ծառի վրայից, արժանացավ իր տանը հյուրընկալելու անհավանական հյուրին՝ Հիսուս Քրիստոսին: Տէր Հիսուս ասում է, Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր,այդտեղից, որովհետև այսօր պետք է քո տանը գիշերեմ: Ավետարանն ասում է Զակքեոսը շտապեց, իջավ և ուրախությամբ ընդունեց Նրան;Այս բոլոր բաները անշուշտ չվրիպեց փարիսեցիների աչքից, որոնք ժողովրդի բազմության մեջ էին, և սկսեցին իրենց վայել կերպով տրտնջալ այն բանի համար, որ Հիսուս մեղավորներին հյուր է գնում, բավական չէ, նաև գիշերելու է այնտեղ: Հանդիպում կայացավ Զակքեոսի տանը, և շատերն էին ներկա այդ հանդիպմանը: Թե ինչ խոսեց Տէր Հիսուս մաքսավորի տանը ողջ գիշեր, Ղուկաս ավետարանիչը մեզնից թաքցրել է, սակայն չի թաքցրել է գլխավորը, որ կատարվեց այդ տանը: Զակքեոսի սրտում կատարված նոր ծնունդը առատ պտուղ տվեց այդ գիշեր և Զակքեոսը սկսեց իր հարստության մասին մտածել աստվածային տեսանկյունից, այն հարստության որը ձեռք էր բերել անպատիվ աշխատանքի և հարստահարման միջոցով: Զակքեոսի ինչքերը այլևս իշխանություն չունեն նրա վրա, և նա կարող է դրանք բաժանել աղքատներին և նրանց, որոնց հարստահարել է, նույնիսկ պատրաստ է քառապատիկը վճարել, միայն թե այլևս չզրկվեր Քրիստոսի ներկայությունը զգալուց:
Այո, Զակքեոսը, որը անարդար մաքսավոր էր և մարդկանց զրկելով էր հարստացել, պատրաստ էր իր ինչքերի կեսը բաժանել, այն էլ ուրախությամբ, և ո՛չ հարկադրաբար, կամ ամոթից; Իսկ երեկվա հարուստ իշխանավորը, որը պատվիրանապահ էր մանկուց սկսած, չկարողացավ հաղթահարել իր սերը հարստության նկատմամբ, և հրաժարվեց աշակերտել Հիսուս Քրիստոսին, հարստությունը չկորցնելու պատճառով: Ուրեմն ինչպես վերևում խոսեցինք այս մասին, Աստծու խոսքը պետք է մարդու հոգու մեջ մտնի, որպեսզի բարոյական կյանք առաջացնի և արժանի դառնա Աստծու արքայությունը անզեն աչքով տեսնելու: Զակքեոսի հոգու մեջ էր մտել Քրիստոսի այն խոսքը, թե քեզ մոտ եմ գիշերելու: Զակքեոսը չգիտեր, թե ինչ է պատահելու Հիսուս Քրիստոսին՝ Երուսաղեմ մեկնելուց հետո, բայց բոլոր աշակերտները գիտեին: Այս հանդիպումը ևս բացառիկ ուսուցում էր ո՛չ միայն Զակքեոսի համար, այլ բոլոր աշակերտների, որոնց ներկայությամբ եղավ այս ամենը: Այդ գիշեր այդ տան համար փրկություն եղավ, քանի որ Զակքեոսն է Աբրահամի որդի էր, և Աստծու Որդին կորածին գտնելու և փրկելու համար էր եկել անիրավ աշխարհ:
Այստեղ կարող ենք մի օգտակար զուգահեռ տանել երկու հյուրասիրությունների միջև: Հիշո՞ւմ եք փարիսեցի իշխանավորը Տէր Հիսուսին իր տուն ճաշի հրավիրեց, սակայն նրանց նպատակը նենգությունն էր, դրա համար նրանց տանը թեպետ ջրգողով հիվանդը բժշկվեց, բայց այդ տանը փրկություն չեղավ; Փարիսեցի իշխանավորը գիտեր Սուրբ Գրքերն ու մարգարեությունները, նրա միտքը լիքն էր կրթությամբ, բայց սիրտը դատարկ էր սիրուց: Իսկ Զակքեոսի միտքը դատարկ էր սուրբգրային իմացությունից, բայց սրտում խոնարհություն կար, դատարկ տեղ կա Քրիստոսի համար: Այս տանը եղավ սպասված փրկությունը: Կարևորը Զակքեոսը հասկացավ փրկության իմաստը: Սիրելիներ փրկությունը արդյունք չէ, այլ գործընթաց, կյանքի ընթացք, ապրելակերպ, հավատարմություն, ծառայություն, օգտակարություն, և այլն; Եթե մենք մեր մեկ օրը ապրեցինք առանց մեկին օգտակար լինելու, համարեք, որ այդ օրը ընդհատվել է փրկության գործընթացը: Տեսա՞ք, թե Քրիստոս Զակքեոսին ե՞րբ անվանեց Աբրահամի որդի: Երբ որ Զակքեոսը իր ունեցածի կեսը խոստացավ բաժանել աղքատներին և մյուսներին էլ քառապատիկը հատուցել: Նրա արարքը նմանեցրեց էր Աբրահամի արաքին և նրան համարեց Աբրահամի որդի: Մինչդեռ կրոնական առաջնորդները իրենց հոգևոր տկարության պատճառով մեղադրում էին Հիսուսին մեղավոր մաքսավորի հետ սեղան նստելու համար: Քրիստոսին ոչ մի անգամ չտեսած մաքսավորը վեր բարձրացավ և տեսավ Քրիստոսի հոգու աչքերով, իսկ հոգով կույրերը շարունակեցին մնալ իրենց կեղծ բարեպաշտության մեջ մենակ՝ առանց Քրիստոս; Լուսադեմին Տէր Հիսուս աշակերտների հետ շարժվեցին դեպի Երուսաղեմ; Իսկ թե ի՞նչ եղավ ճանապարհին, կիմանանք վաղը՝ նույն ժամին, բայց լավ կլինի ո՛չ նույն քանակով, այլ ավելի շատ մարդկանց մասնակցությամբ;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ Զակքեոսի պես վեր բարձրանանք մեր ընկած վիճակից՝ Քրիստոսին տեսնելու համար մեր կյանքում: