ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 18: 31-43
ՅԻՍՈՒՍ ԿՈՅՐ ՄՈՒՐԱՑԻԿԸ ԿԸ ԲԺՇԿԷ
35 Օր մը երբ ինք Երիքովի կը մօտենար, կոյր մը ճամբուն քով նստեր էր մուրալու։ 36 Երբ լսեց բազմութեանը անցնիլը, հարցուց թէ ‘Ի՞նչ է այն’։ 37 Իրեն ըսին թէ ‘Յիսուս Նազովրեցին կ՚անցնի’։ 38 Ան ալ աղաղակեց ու ըսաւ. «Յիսո՛ւս, Որդի՛ Դաւթի, ողորմէ ինծի»։ 39 Անոնք որ առջեւէն կ՚երթային, կը յանդիմանէին զանիկա, որպէս զի լռէ, բայց անիկա ալ աւելի կ՚աղաղակէր. «Որդի՛ Դաւթի, ողորմէ՛ ինծի»։ 40 Յիսուս կանգ առնելով՝ հրաման ըրաւ որ զանիկա իրեն բերեն ու երբ անիկա մօտեցաւ, հարցուց անոր ու ըսաւ. 41 «Ի՞նչ կ՚ուզես որ քեզի ընեմ»։ Անիկա ալ ըսաւ. «Տէր, կ՚ուզեմ որ աչքերս բացուին»։ 42 Յիսուս ըսաւ անոր. «Թող բացուին. քու հաւատքդ քեզ բժշկեց»։ 43 Եւ իսկոյն անոր աչքերը բացուեցան ու անոր ետեւէն կ՚երթար եւ փառք կու տար Աստուծոյ։ Բոլոր ժողովուրդն ալ տեսնելով՝ Աստուած կը գովաբանէին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ. մենք իմացանք, որ անդադար աղոթքի շնորհիվ այրի կինը ստացավ իր խնդրանքի պատասխանը:Մաքսավորը անկեղծ աղոթքից հետո արդարացած գնաց իր տունը, հարուստ իշխանավորն էլ տրտում գնաց իր տունը քանի որ շատ էր կապված իր հարստության և չկարողացավ հետևել Հիսուսին այդ պատճառով:Աշակերտները մտահոգվեցին այդ պատճառով, քանի որ իրենք էլ թողել էին ամեն բան իրենց քիչ ունեցվածքից և հետևել էին Հիսուսին: Բայց աշակերտների հոգևոր կրթությունը դեռ ընթացքի մեջ էր և նրանք դեռ ամբողջությամբ չէին ընկալում, թե ինչ են թողել և ինչ են ձեռք բերելու:Տէր Հիսուս Քրիստոս աշակերտներին հավիտենական շնորհ տվեց՝ աշխարհի հարստությանը նայել աստվածային տեսանկյունից, չվնասվելու համար: Աշակերտների համար հետագա քարոզության ընթացքը հարստության գայթակղությունից զերծ մնալու պայմանները արդեն ապահովված էր: Մարդը ի՞նչից է ամենաշատը գայթակղվում, հարստությունից ու նյութից: Իսկ աշակերտները արդեն սովորել էին այդ գաղտնիքը՝ ինչը ինչով փոխարինելու: Այսօրվա սերտողության մեջ ասում է աշակերտներին մի կողմ տարավ և տեղեկացրեց առաջիկա ծրագրերի մասին: Սա նշանակում է, որ Տէր Հիսուս չկամեցավ այդ մասին խոսել փարիսեցիների մոտ, որպեսզի նրանց դավադրության մեջ փոփոխություն տեղի չունենա: Այս անգամ արդեն աշակերտներին փաստերով է ասում գալիք իրադարձությունների մասին, հղում անելով մարգարեական գրվածքների վրա, որոնք պատմում են Իր չարչարանքների մասին:Այլևս չի թաքցնում աշակերտներից, որ մարգարեությունները պիտի կատարվեն, երբ իրենք Երուսաղեմ բարձրանան: Մատնելու են հեթանոսների ձեռքը և ծաղրելու են:Ծեծելու են և սպանելու են, բայց երրորդ օրը հարություն պիտի առնի մարդու Որդին: Չէին ըմբռնում աշակերտները այն, ինչ մասին խոսում էր:ավետարանն ասում է, նրանցից ծածկված էր: Գուցե դեռ այդքան զորեղ չէին, կամ պատրաստ չէին հասկանալու իրենց սիրելի Վարդապետի մահվան մասին; Չգիտենք:
Տէր Հիսուս աշակերտներին բացատրում էր իր հետ կատարվելիք դեպքերի մասին երկու նպատակով: Նախ՝ այն, ի՛նչ որ պետք է պատահի Իր հետ, Իր կամքով է, Ինքը տեղյակ է, ոչ այն պարզ մարդու պես, որը չգիտե իր մահը: Գիտե նախապես, քանի դեռ չի եղել և համբերում է կամավոր: Որևէ քայլ իր կամքին հակառակ չէր կարող գործվել: Իսկ երկրորդը՝ նախապատրաստում էր աշակերտներին, որ կատարվածը ընդունեն ի գիտություն և ոչ պատահականություն: Հատուկ գնում է Երուսաղեմ, որպեսզի կատարվի գրված մարգարեությունները, որոնք կանխատեսում են մարդկության փրկությունը:Աշակերտները չէին հասկանում հատկապես հարության հարցը, քանի որ ապրում էին մի միջավայրում, որտեղ սադուկեցիները չէին հավատում հարության գաղափարին, մի մասը հավատում էր համընդհանուր հարությանը: Այս գաղափարը ստվերոտ մի թեմա էր ժամանակի ապրողների համար: Եթե մեր օրերում այն ամբողջությամբ հասկանալի և մարսված թեմա չէ նույնիսկ քրիստոնյա համարվող հասարակության համար, պատկերացրեք, թե ինչ պատկերացում ունեին այն ժամանակ: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ էր ասում այդ ամենի մասին, երբ աշակերտները չէին հասկանում, կամ չէին ընկալում: Մեծ եղավ դրա օգուտը հետագայում, երբ ամեն ինչ կատարվեց, նրանք մեկ առ մեկ հիշեցին Վարդապետի պատմածները և հասկացան: Հասկացան ու մեկը մյուսի հետևից իրար հերթ չտալով քարոզեցին ու գրեցին: Այդ նախապես պատմածները դարձավ իրենց հավատի հիմքը, քանի որ այլևես Վարդապետը իրենց հետ չէր և իրեն ամեն հարմար առիթով հիշում էի թե ո՛ւմ ինչ է ասել նախապես, որ բոլորը արդեն կատարված է: Տիրոջ փառավորվելուց հետո աշակերտները որպես կենդանի վկաներ այլևս չլռեցին, քանի որ իրենք ամեն ինչից տեղյակ էին և նրանց կենդանի առողջ հավատի վկայությունն էր որ դարձի բերեց հազարավորների: Երուսաղեմ գնալու ճանապարհին, Երիքով քաղաքում Տէր Հիսուս կատարում է մի հրաշք, որը համայն մարդկության տկարությունը պարունակով մի երևույթ է: Կույր մուրացիկը լսելով Հիսուսի մոտենալու լուրը աղաղակում է, նրան անվանելով Դավթի Որդի:
Կույրը հավատում էր, որ Հիսուս Դավթի որդին էր, քանի որ մեսիայի գալստյան մասին այդպիսի պատկերացում կար մարդկանց մեջ, որ գալու է դավթի Որդին և թագավորի իրենց վրա: Շատերն էին Նրան Դավթի Որդի անվանում, բայց եթե ուշադրություն դարձրել եք, Հիսուս ինքը իրեն Դավթի Որդի չի անվանում, որովհետև իր թագավորությունը երկրի թագավորություն չէր, այլ երկնքի թագավորությունը: Քանի որ երկնքի թագավորություն էր, ուրեմն Ինքը Աստծու Որդին է, ոչ դավթի, որ երկրի թագավոր էր; Լսեց Տէր Հիսուս կույր մուրացիկի աղաղակը, և իր մոտ կանչել տվեց:Ի՛նչ աստվածաբանական համալսարաններ պետք է ավարտեին տասներկու աշակերտները, որպեսզի կարողանային սովորել մարդասիրություն այս մեծ դասը՝ կատարված դրվագից:Վարդապետը գնում է Երուսաղեմ հեթանոսներից ծաղրվելու, սպանվելու, խաչվելու, և ճանապարհին ականջալուր է մի մուրացկանի, որին շատերը նույնիսկ չէին էլ նկատում ամեն օր: Անշուշտ այդ երևույթը պիտի հիշեին աշակերտները հետագայում, և մարդասիրության քարոզները սրա հիմքի վրա պիտի կառուցեին; Խաչվող մարդը օգնության ձեռք է մեկնում մեկ այլ կարիքավորի, որը խաչելության ենթակա չէ, ուղղակի չի տեսնում; Այդ հարցը, որ տվեց Հիսուս Քրիստոս կույրին, թե,- Ի՞նչ ես ուզում որ անեմ քեզ համար, թնդաց ողջ Իսրայելում և ողջ աշխարհում: Աստված մեղավոր մարդկությանը հարցնում է,- Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար: Մեղավոր մարդկությունը կույրի բերանով խնդրում է ամենակարևոր բանը՝ տեսողություն: Այս հարց ու պատասխանի բացակայությունն է, որ աշխարհը չի տեսնում այսօր իր անկումը, իր կործանումը: Քանի որ լեսելու ականջ չկա, այս հարցը չի լսվում մինչ մեր օրերը:Մինչդեռ ժամանակակից մարդուն բացակայում է լսելու ականջ և տեսնող աչք:
Սաստում էին կույրին, իր ահագնացող աղաղակի համար, բայց նա ավելի էր բարձրացնում ձայնը, նման ծովում խեղդվող լողորդի, որ նավակ է տեսնում մոտակայքում: Վարդապետը իր հետ կատարվելիքից վեր դասեց այս կույրի աղաղակը և որքան աղաղակում էր, այնքան հաճելի էր նրա աղաղակը Հիսուս Քրիստոսին, այնպես, ինչպես ամեն մեղավորի աղոթքի աղաղակը, որ երկինք է հասնում և ուրախություն պատճառում է հրեշտակներին: Կույրը տարիներ շարունակ բոլորից դրամական օգնություն էր ակնկալում, իր հացը ապահովելու համար: Բայց նա Հիսուսից հոգևոր լույս ուզեց, որպեսզի տեսնի Աստծուն: Մի՞թե Հիսուս չգիտեր, թե կույրը իրենից ի՛նչ է ուզելու, իհարկե գիտեր: Սակայն ներկաների համար տվեց հարցը, թե՝ Ի՞նչ ես ուզում, որպեսզի անհավատ մարդիկ զգան իրենց ֆիզիկական տեսողության անկարևորությունը, երբ Աստծու Որդուն չեն նկատում իրենց մեջ: Բայց այս կույրը հավատում էր, որ Դավթի Որդին Նազարեթի Հիսուսն է, և նա է միայն, որ կարող է իր աչքերը բացել: Եթե կույրը չհավատար, որ Հիսուսն է Քրիստոսը, նրանից դրամ կուզեր, ինչպես որ վարվում էր տարիներ շարունակ: Մեկ այ տեղում Տէր Հիսուս ասում է, ես եկա, որ կույրերը տեսնեն, իսկ նրանք, որ տեսնում են՝ կուրանան;Կույրը տեսավ Հիսուս Քրիստոսին՝ մինչև աչքերը բացվելը: Այսպիսի հավատ է փնտրում մեր Տէրը երկրի վրա, որպեսզի բացի մեր մթագնած աչքերը և մենք տեսնենք այն վիհը, որի առջև ենք հայտնվել: Միթե Հակոբոս առաքյալը մեր օրերը նկատի չունի, որ ասում է,- Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում եք, և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը, պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում:Խնդրում եք և չե՛ք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին: Հակ.4:3 Ինչպե՞ս կույրը խնդրեց և ստացավ նույն վայրկյանին: Հավատաց, որ իր առջև Դավթի Որդին է, տեսավ իր կուրության վնասները, հանձն առավ, որ չի տեսնում, չամաչեց գոռալ ու աղաղակել լույս ստանալու համար, քանի որ վստահ էր որ կանգնած է Լույսի աղբյուրի դիմաց; Տէր Հիսուս տեսավ նրա հավատը և ասաց, ուզո՞ւմ ես տեսնել, տե՛ս, քանի որ հավատով խնդրեցիր: Կույրը տեսավ: Բայց շատ տեսնողներ մնացին որպես կույրեր: Լույսը ստանալուց հետո, կույրի առաջին քայլը Աստծու փառաբանելն էր: Հաջորդ քայլը Նրան հետևելը; Մարդու կյանքի գլխավոր քայլերն են՝ փնտրել- գտնել: Հավատով խնդրել-ստանալ: Վերցնել ստացածը և հետևել Պարգևողին: Մնացածը ավելիով կտրվի այսպիսի մարդուն;
Սիրելիներ Երիքովի ճանապարհի կույրի առակը հազարավոր անգամներ դարձել է եկեղեցիներում քարոզի թեմա, մեկնաբանվել է տարբեր տեսանկյուններից, բայց առակի գլխավոր ասելիքը հավատով խնդրելն է, որի պատասխանը տեսանք առակում, որ նույն պահին եղավ;Առհասարակ Ավետարանի բոլոր հրաշքներն ու բժշկությունները Տէր Հիսուս արել է հարց տալով,- հավատում ես, որ կարող եմ անել այս կամ այն բանը: Շեշտը հավատի վրա է դրված, միամիտ սրտի կատարյալ հավատի: Ինչո՞ւ մեզ հարց չենք տալիս:Որտե՞ղ է խնդիրը, որ մեր շատ ու շատ աղոթքներ անպատասխան են: Հավա՞տն է պակաս:Սխա՞լ բան ենք խնդրում: Չարամտորե՞ն ենք խնդրում: Մե՞ր կամքի համաձայն ենք խնդրում; Մեր խնդրո առարկան կույրի պե՞ս չենք ներկայացնում: Աստծու խոսքն անսասան է, անքննելի է, ուրեմն խնդիրը մեզանում է, մեր հավատի որակից է, մեր հպարտ կեցվածքից է, մենք ընդունում ենք, որ Հիսուս Փրկիչ է, սակայն մեզ փրկվողի կարգավիճակում չենք տեսնում; Որովհետև կույրը այդ պահին ուրիշ ոչինչ չէր մտածում, բացի իր տեսողության վերականգնումից և միայն ասաց, ուզում եմ տեսնեմ, Տէ՛ր; Աստված թող ավելացնի մեր հավատքը մինչև մանանեխի հատիկի չափ:Աստված թող մեզ պարգևի մեր կուրությունը տեսնող խոնարհ սիրտ և չդադարող աղոթքի աղաղակ: Ղուկաս ավետարանիչը տասնութերորդ գլխում մեզ ներկայացրեց լավագույն առակներ, որոնք դաս ու դպրոց են մեր կյանքի վայրիվերումների մեջ ճիշտ կողմնորոշվելու համար: Ավարտենք մեր սերտողությունը՝ սպասենք վաղվա նորություններին.
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Երիքովի կույրի համարձակությունն ու հավատքը ունենաք մեր աղոթքի ժամանակ: