ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 18:15- 30
ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ
18 Իշխան մը հարցուց անոր ու ըսաւ. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ գործ գործեմ, որպէս զի յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 19 Յիսուս ըսաւ անոր. «Ինչո՞ւ զիս բարի կ՚անուանես. մէկէն զատ բարի չկայ, որ է Աստուած։ 20 Պատուիրանքները գիտես. Շնութիւն մի՛ ըներ, Սպաննութիւն մի՛ ըներ, Գողութիւն մի՛ ըներ, Սուտ վկայութիւն մի՛ ըներ, Քու հայրդ ու մայրդ պատուէ»։ 21 Ան ալ ըսաւ. «Ատոնք մանկութենէս ի վեր պահեր եմ»։ 22 Այս լսելով Յիսուս ըսաւ անոր. «Բան մը պակաս է քեզի. քու բոլոր ունեցածդ ծախէ եւ աղքատներուն բաշխէ ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ եկուր իմ ետեւէս»։ 23 Անիկա երբ այս բանը լսեց, տրտմեցաւ, վասն զի շատ հարուստ էր։ 24 Յիսուս, երբ զանիկա տրտմած տեսաւ, ըսաւ. «Որչա՜փ դժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մտնել անոնց, որ հարստութիւն ունին։ 25 Քանզի աւելի դիւրին է, որ ուղտը ասեղին ծակէն անցնի, քան թէ հարուստը Աստուծոյ թագաւորութիւնը մտնէ»։ 26 Անոնք, որ լսեցին, ըսին. «Ալ ո՞վ կրնայ փրկուիլ»։ 27 Ինք ըսաւ. «Մարդոց կողմէ անկարելի եղած բաները Աստուծոյ կողմէ կարելի են»։ 28 Պետրոս ըսաւ. «Ահա մենք ամէն բան թողուցինք եւ քու ետեւէդ եկանք»։ 29 Անիկա ըսաւ անոնց. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ՝ ‘Մարդ մը չկայ որ թողու տուն, կամ ծնողք, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիներ Աստուծոյ թագաւորութեանը համար, 30 Եւ բազմապատիկը չառնէ այս աշխարհին մէջ եւ գալիք աշխարհին մէջ՝ յաւիտենական կեանքը’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ. մենք տասնութերորդ գլխից երկու առակ լսեցինք, երկուսի հիմքում էլ աղոթքն է: Մեկը հարատև աղոթքի մասին, մյուսը ինչպես աղոթելու մասին; Լավ է որ մենք նման օրինակներ ունենք սովորելու համար, որովհետև աղոթքն է ինքնանպատակ չի կարող լինել:Պետք է ուղղություն ունենա և նպատակ:Մի խոսքով որոշակի պայմաններից է կախված ինչպես աղոթքի պատասխան ստանալը, այնպես էլ չստանալը, թեկուզ աղոթողը լինի արդար մեկը: Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Երեք անգամ խնդրեց Աստծուն, որ իրենից վերցնի իր մարմնի խայթը, որը տրվել էր նրան որպեսզի չգոռոզանա; Աստված մերժեց, ասելով, իմ զորությունը քո տկարության մեջ է գործում: Կամ Մովսեսից խոնարհ մեկը կա՞ր, որ Աստված նրան ասաց, - Բավակա՛ն է, այլևս ինձ հետ այդ մասին չխոսես: Մովսեսը խնդրում էր որ Ավետյաց երկիր մտնի, իսկ Աստված այդքան սիրելով Մովսեսին, տեսավ, որ դա անօգուտ կլինի, և թույլ չտվեց;2 Օր.3:26
Աղոթքը Աստծուն ընդունելի չէ նաև այն ժամանակ, երբ ժողովուրդը մեղքի մեջ է և մեկը խնդրում է այդ ժողովրդի համար: Ինչպես որ ասաց Երեմիային, թե,- նրանք պիղծ բաներ են անում, իսկ դու նրանց համար աղոթում ես ինձ:Ես չե՛մ լսելու քեզ: Երեմ.7:16 Նույնպես երբ մենք մեր թշնամիների դեմ մի բան ենք խնդրում, ապա ոչ միայն լսելի չենք լինում, այլև բարկացնում ենք Աստծուն: Այսօր մեր ժողովուրդը անեծքի մի ալիք է բարձրացրել և այդ ալիքը պահում է օդում՝ հայցելով Աստծու բարկությունը: Աղոթքը բժշկություն է, որից նույնպես պետք է ճիշտ օգտվել:
Պատմում էր առակները և չէր վերջանում Նրա ուսուցումը այնքան, որ տարածաշրջանի մարդիկ իրենց երեխաներին էին բերում Հիսուսի մոտ, որպեսզի նրանց վրա ձեռք դնի: Ծնողները լսել, հիացել ու հագեցել էին Վարդապետի դասերից, ուզում էին իրենց երեխաներն էլ որևէ կերպ առնչվեն Տէր Հիսուսի հետ, որպես մի մարգարե մարդ, կամ մի մեծանուն Բժիշկ: Երբ երեխաները մոտեցան, սակայն աշակերտները արգելեցին այն պարզ պատճառով, որ Տէր Հիսուս ուսուցանում էր, ժողովուրդը լսում էր, իսկ երեխաների ներկայությունը կարող էր ընդհատել, կամ շեղել բուն ուսուցումից: Բայց Տէր Հիսուս յուրաքանչյուր երևույթից կարող էր մի ուսուցման թեմա սարքել և քարոզել՝ սովորեցնելով ամեն մի նրբություն: Այն ինչ աշակերտները երկրորդական համարեցին, Քրիստոս առաջնակարգ համարեց, նրբանկատորեն ցույց տալով երեխաների ունեցած մաքուր հատկության կարևորությունը:Այդպիսիներին է Աստծու արքայությունը: Քանի որ երեխաները ունեն միայն այդ հատկությունները՝ խոնարհության, սեփական անձը առավել չդասելու, մեկին չմեղադրելու, ասածը պարզ մտքով լսելու և այլն; Ներկայացնելով երեխաների բնական վիճակը, ասաց, որ եթե մարդիկ այս պարզությամբ չընդունեն Աստծու արքայությունը, այն նրանց համար հասանելի չի լինի; Որովհետև նրանք, որոնք կասկածամտորեն են հարցնում Աստծու արքայության մասին, ինչպես որ արեցին փարիսեցիները, նրանց չի տրվելու աչքեր տեսնելու համար, ականջներ, լսելու համար: Երեխաները միշտ պարզ ու զուլալ են, քանի դեռ մեղքը չի պղտորել նրանց անաղարտ հոգին; Ցանկացած տարիքի անձնավորություն կարող է կոչվել երեխա, եթե ունի նախնական և բնական մաքուր վիճակը:Երեխաները իրենց բնությամբ են այդպիսին, քանի դեռ փոքր են, իսկ այն մեծահասակները, որոնք ջանքերի շնորհիվ հասեն են այդ անաղարտ վիճակին, նրանց է Աստծու արքայությունը:Հատկապես, որ նախորդ սերտողության մեջ փարիսեցու աղոթքից հետո սովորեցինք, որ ով իր անձը բարձրացնի, նա կխոնարհվի Աստծուց:
Տիեզերքում գործում է մի օրենք, որը Աստված չի տվել: Տիեզերքում չի՛ գործում մի գլխավոր օրենք, որը Աստված է պատվիրել; Աստված մարդ արարածի համար շատ բարձր նշաձող է սահմանել, որին մարդը կարող է հասնել հետևելով Աստծու խոսքին; Մարդը թողնում է այդ բարձր նշաձողը և հետևում է սատանայի հաստատած ցածրակարգ կետին, որը իրեն հաճույք է պատճառում;Աստված բարձր է գնահատում իր ձեռքի ստեղծագործությունը, որ մարդն է, իսկ սատանան անարգում է Աստծու ստեղծագործությունը և դասում ստորին շարքերում; Այսպես են վարվում աշխարհում իրենց իմաստուն կարծող ղեկավարները, առաջնորդները, իշխանները, թագավորները և ովքեր մարդկանց են ղեկավարում: Իսկ ղեկավարի օրինակը փոխանցվում է իրենից ներքև գտնվող բոլոր մարդկանց վրա: Աշխարհում բոլոր սրբերը իրենց համարել են անարժան մեղավորներ, իսկ հայտի ամբարտավանները իրենց համարել են կատարյալ մարդիկ:Դրա համար Տէր Հիսուս ասաց, ես եկա, որ տեսնողները կուրանան և ովքեր չեն տեսնում, տեսնեն: Միայն ֆիզիկական տեսողությունը բավական չէ, պետք է բարոյական տեսողություն ունենալ Աստծու տեսնելու համար:Նրանք, որոնք կարծում են թե ամեն ինչ են և տեսնում են ամեն ինչ, նրանք կկուրանան՝ հպարտության պատճառով; Խելացի մարդկանց միշտ հետաքրքիր է եղել իմանալ Աստծու արքայության և հավիտենական կյանքի գաղտնիքների մասին; Այսպիսի մի հետաքրքրասեր է այն իշխանավորը, որը մոտեցավ Հիսուսին և հարց տվեց,- Բարի Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ:
Հիսուս Քրիստոս իր տված հարցերով հնարավորություն տվեց, որ իշխանավորը ինքը խոստովանի հարստության հետ իր կապվածության մասին, սակայն նա բավարարվեց միայն ասելով, որ մանկուց պահում է պատվիրանները: Իսկ ո՞վ է ամենաշատը կամենում երկար ապրել, եթե ոչ մեծահարուստը: Ով է իր կյանքի համար այդքան հոգ տանում, քան հարուստ մարդը: Ինչո՞ւ: Որովհետև ուզում է երկար ապրել, վայելել այն ինչ կուտակել է, ու ակամայից դարձել է այդ հարստության ստրուկը: Ուզում է հավիտյան ապրել, որպեսզի հասցնի վայելել ու ծախսել երկրի վրա կուտակածը: Ափսո՛ս, որ հարուստները տեղյակ չեն Աստծու տեսակետին ու դիրքորոշմանը՝ հարստության վերաբերյալ: Երբ իմացավ, որ իր համար այդքան թանկ հարստությունը ոչինչ է վարդապետի աչքին, լուռ հեռացավ նրանից: Նա հենց այդպես էլ մոտեցել էր որպես վարդապետ: Դրա համար Տէր Հիսուս ասաց, եթե ինձ որպես վարդապետ ես ընկալում, ապա պարզ վարդապետը չի կարող բարի կոչվել, քանի որ մարդկային կրքեր ունի իր մեջ: Այլ միայն Աստված է, որ անփոփոխ Բարի է միշտ: Եթե ընդունում ես ինձ որպես վարդապետներից մեկը, ապա մի անվանիր բարի, իսկ եթե ընդունում ես որպես Աստված, ապա կատարիր խոսքս, որ ասում եմ քեզ: Մի՛ շնացիր, Մի՛ սպանիր, Մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր և հարգիր հորդ ու մորդ պատվիրանները պահող երիտասարդը կարողացել է հաղթահարել ամենայն դժվարություն, և հասնել պատվիրանապահության, սակայն արծաթասիրությունը իշխել էր երիտասարդի հոգին և նա տրտում հեռացավ;
Ընդ որում Տէր Հիսուս հարուստ երիտասարդին առաջարկում է ամբողջ ունեցվածքը վաճառել և բաժանել աղքատներին: Ոչ թե կամավոր բաժանել իր բարեկամներին, կամ ում որ կամենա, այլ՝ հատուկ աղքատներին: Այս այսպիսին է Աստծու տիրույթ մտնողների կարգավիճակը, նրանք պետք է մարդասեր լինեն, աղքատասեր լինեն, ստրուկ չլինեն ոչ մի բանի, կախում չունենան ոչ մի նյութական արժեքից, որպեսզի ցանկացած պահի կարողանան հետևել Հիսուս Քրիստոսին՝ հետ չնայելով: Մարդ արարածին նյութի հետ կապում է իր կախվածությունը, սերը դրա նկատմամբ: Ազատություն գողացող մարդը կախված է նյութից: Այս ազատությունն է, որ Աստված կամենում է տալ մարդուն, իսկ մարդը չի գնահատում և հրաժարվում է, ինչպես որ արեց մեծահարուստը: Երբ տեսավ Տէրը, որ հարուստը տրտմեց միայն այն մտքից, որ պետք է աղքատներին բաժաներ իր ունեցվածքը, կայացրեց Իր եզրակացությունը՝ հարուստների արքայություն մտնելու հայտնի միտքը, թե՝ ավելի հեշտ է, որ պարանը անցնի ասեղի անցքով, քան հարուստը մտնի երկնքի արքայություն; Ուրեմն ո՞վ կարող է փրկվել, հարցրին աշակերտները, զարմացած, որովհետև ամենուր այն կարծիքն է, որ հարուստների առջև բոլոր դռները բաց են, ընդհուպ մինչև՝ երկնքի արքայության; Պարզվում է, որ այդպես չէ:Բոլորս գիտենք, որ պարանը չի անցնի ասեղի անցքով, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Ուրեմն հարուստի արքայության մուտքը առավել ևս անկարելի է դառնում: Բայց Տէր Հիսուս բաց է թողնում հույսի պատուհանը այն հարուստների համար, որոնք կլսեն այս խոսքերը, որ մարդու համար անհնար է, իսկ Աստծու համար հնարավոր է ամեն բան: Ի՞նչ է այս խոսքերի իմաստը:
Երբ հարուստը ստրուկ է դարձել իր ունեցվածքին և հարստությունն է իշխում իր վրա, այդպիսի մարդու համար անհնար է մտնել երկնքի արքայություն; Իսկ ,,Աստծու համար հնարավոր է,, արտահայտությունը այն հարուստների համար է ասված, որոնք Աստծուն ունեն որպես խորհրդական, Աստծու պատվիրանները իրենց հարստության կանոնագիրքն է: Այսպիսի մարդկանց հարստությունը օրհնություն է և նրանց փրկությունը ապահովված է աղքատներին արված մեծամեծ գործերով; Նախորդ առակի տնտեսը օգտակար եղավ մարդկանց՝ իր հարստությունից, երբ զգաց վտանգը: Բայց այս հարուստը ուղղակի լուռ հեռացավ; Այս բոլորից հետո, Պետրոսը կամեցավ հասկանալ, թե ի՞նչ է սպասվում իրենց, որ թողել էին ամեն բան իրենց քիչ ունեցածից և հետևել էին Հիսուսին: Տիրոջ Պատասխանը մխիթարող է բոլոր աղքատների համար, որոնք շատ քիչ բան են թողել: Սակայն նրանք պիտի վարձատրվեն ո՛չ թե իրենց թողածի չափով, այլ այն բանի համար, թե հանուն ինչի են թողել իրենց ունեցվածքը:Քանի որ աղքատն էլ կապված է իր քիչ ունեցածի հետ, սակայն երբ թողնում է հանուն Աստծու արքայության, ուրեմն նրա վարձատրությունը մեծ կլինի երկնքում:Այստեղից կարելի է հետևություն անել, որ պատվիրանապահությունը բավական չէ հավիտենական կյանքի համար, մարդը պետք է ազատ լինի ամեն տեսակ նյութական արժեքներից, իսկ եթե այնուամենայնիվ ունի այդ նյութական արժեքները, պետք է Աստծուն ունենալ որպես խորհրդատու՝ արդարացի տնօրինելու և չկործանվելու համար: Այ՛ո, Աստծու համար ամեն բան հնարավոր է, իսկ մարդու համար՝ ո՛չ:Որովհետև մարդը ի սկզբանե չգնահատեց իրեն տրված ,,մարդ,, պատվական անունը և նախընտրեց ստորաքարշ մեղքը և անպատիվ անունը: Թող հարուստ իշխանավորի առակը դաս լինի մեզնից յուրաքանչյուրի համար՝ ազատ ապրել նյութից, ինչքից, ցանկացած կախվածությունից, որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի թողնել և հետևել Հիսուս Քրիստոսին, որը միշտ ավելիով է հատուցում;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր հարստությունը միայն Քրիստոսը լինի, և մեզնից ամեն ոք Իր խոսքի մատակարարները լինենք մեր կյանքում: