ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 18: 9- 14
ՓԱՐԻՍԵՑԻԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԻՆ ԱՌԱԿԸ
9 Մէկ քանիներուն՝ որոնք իրենց անձերուն վրայ կը վստահէին՝ թէ արդար են եւ ուրիշները կ՚անարգէին՝ այս առակը ըսաւ. 10 «Երկու մարդ գացին տաճարը՝ աղօթք ընելու։ Մէկը փարիսեցի ու միւսը՝ մաքսաւոր։ 11 Փարիսեցին կայներ էր ու առանձին այսպէս աղօթք կ՚ընէր. ‘Ով Աստուած, շնորհակալ եմ քեզմէ, որ ուրիշ մարդոց պէս չեմ, յափշտակող, անիրաւ, շնացող եւ կամ այս մաքսաւորին պէս, 12 Հապա շաբաթը երկու անգամ ծոմ կը պահեմ ու բոլոր ստացուածքիս տասանորդը կու տամ’։ 13 Իսկ մաքսաւորը հեռուն կայներ էր ու չէր ուզեր աչքն ալ երկինք վերցնել, հապա իր կուրծքը ծեծելով կ՚ըսէր. ‘Ա՛ստուած, ողորմէ ինծի՝ մեղաւորիս’։ 14 Ձեզի կ՚ըսեմ թէ ասիկա այն միւսէն աւելի արդարացած իր տունը գնաց, վասն զի ով որ իր անձը կը բարձրացնէ՝ պիտի խոնարհի եւ ով որ իր անձը կը խոնարհեցնէ՝ պիտի բարձրանայ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Այսօրվա սերտողության բնաբանը բոլորովին այլ տեղից եմ վերցնելու, նպատակ ունենալով օրվա առակը հնարավորինս ավելի պարզ ձևով մեկնաբանելու ձեզ համար: Քանի որ երբ մեկ անգամ հիմնավոր հասկանալի է դառնում որևէ առակ, ապա այն այլևս չի մոռացվում: Լեռան քարոզում մի այսպիսի գեղեցիկ միտք կա,- մարմնի ճրագը աչքն է, եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ եթե քո աչքը պղտոր է, ապա քո ամբողջ մարմինը խավար կլինի: Այստեղ մեր Տէրը աչքի մասին եզակի թվով է խոսում, և չէ ասում աչքերը, այլ ասում է, եթե քո աչքը պարզ է: Բնականաբար մարդու մի աչքը չի կարող պարզ լինել, մյուսը՝ ոչ, հետևաբար խոսքը ավելի խորքային է և նկատի ունի մարդու միտքը: Երբ մարդու միտքը պարզ է, նա աշխարհին նայում է այդ պարզ մտքով, իսկ երբ իր միտքը խավար է, ամեն ինչին նայում է խավար: Սա ներքին վիճակ է, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Մի ֆիլմը եթե տասը մարդ նայեն, տասի կարծիքը կլինի տարբեր և տարբեր արժեքներ նկատած կլինեն: Մեկը ֆիլմի հերոսուհուն կնայի որպես մարմին, մյուսը՝ որպես գեղեցիկ էակ և այլն: Այստեղ տարբեր են մարդկանց ներքին վիճակը՝ միտքը: Այս հարցում միանշանակ պարզ է բոլոր երեխաների աչքը, քանի որ փոքր տարիքում նրանց համար կարևոր չէ, թե ի՞նչ մեքենա է վարում իր հայրը, կամ ի՞նչ է հագել իր մայրը: կարևոր իր ծնողները իր կողքին լինեն:
Սակայն այլ է պատկերը, երբ մեծանում են այդ երեխաները և նրանց աչքը արդեն պարզ չէ, և նրանք ամեն ինչ համեմատում են բրենդի հետ: Մենք խոսեցինք մարդկային մտքի մասին, որը կարող է լինել պարզ և պղտոր: Նույն համեմատությունը կարող ենք կատարել հավատի առումով: Չափազանցություն չի լինի, եթե մենք ասենք, որ հավատացյալ մարդկանց շրջանում, բոլոր մարդկանց հավատքը տարբեր է: Մենք անհավատների մասին չենք խոսում, այլ հավատավոր ժողովրդի: Նույնիսկ տարբեր է բարեպաշտ մարդկանց հավատի տեսակները: Սրբերի հավատքը նույնպես տարբեր է եղել: Մեկը ճգնել է ու հավատացել է, որ ճգնությամբ է իր փրկությունը, իսկ մյուսը քարոզել և մտածել է որ այլոց օգտակարությամբ է իր փրկությունը:Բայց բոլոր հավատացել են, որ Փրկիչը մեկն է և իրենք կարիք ունեն փրկության: Ես չեմ ուզում հիմա անդրադառնանք մերօրյա հավատքի տեսակներին, որը նույնպես ծայրահեղական է, քանի որ մեկի հավատը սրբապատկերի միջոցով է, մյուսինը՝ մոմի, երրորդինը՝ ուխտավայրերի և այլն: Այսքան մանրամասն խոսեցի, որպեսզի այսօրվա առակի բուն ասելիքը հասկանալի դառնա: Հիսուս Քրիստոս գիտեր մարդկանց ներքին մտածումները, հավատի տեսակները, աչքի պարզությունը, ձևական և ազնիվ մոտեցումները: Անիրավ Դատավորի առակից անմիջապես հետո, պատմում է Փարիսեցու և Մաքսավորի հայտնի առակը: Շնորհակալ ենք Ղուկաս ավետարանչին, որ այս լավագույն նմուշները հատիկ հատիկ գրառել է մեզ համար:
Տէր Հիսուս գիտեր, որ հասարակության այն խավը, որ փարիսեցի էր կոչվում, արդար մեծամիտներ էին, որոնք արհամարհում էին իրենց բացի բոլորին, պատճառաբանելով, որ իրենք պահում են օրենքը, հետևաբար իրավունք ունեն պարծենալու իրենց օրինապահությամբ: Չնայած, որ տասնյակ անգամներ արժանացել էին Վարդապետի ամբաստանությանը այդ պատճառով: Օրենքը պահելը պարտականություն է, ոչ թե պարծանք: Բայց փարիսեցիներ հայտնի էին իրենց այդ որակով, և քանի որ անկարելի էր որ փոխեին իրենց մեծամտությունը, Տէր Հիսուս աշակերտներին զգուշացնում էր հեռու մնալ նրանց այդ կեղծիքից:Փարիսեցիների այս մոտեցումը, որ միայն իրենք են ընտրյալ, քանի որ պահում են օրենքը, փաստում է այն մասին, որ բոլորովին լուր չունեն Քրիստոսի վարդապետությունից և առհասարակ Նրա գալու գլխավոր նպատակից: Փարիսեցիների և Տէր Հիսուսի միջև հիմնական տարաձայնությունը մեղավորների հետ վարդապետի շփվելու հարցն էր, որոնց իրենք արհամարհում էին անմաքուր և պիղծ համարելով: Ավետարանն ասում է, որ տաճարում երկու մարդ աղոթքի կանգնեցին: Տաճարի մեծության և բազմամարդության մասին մենք շատ ենք խոսել, միայն հիշեցնեմ, որ այս առակը ևս խորհրդաբար է պատմում, ցույց տալու համար մարդկանց տեսակները, աղոթքի տեսակները, հավատքի տեսակները և մարմնի աչքի պարզության տեսակները:
Փարիսեցին ու մաքսավորը աղոթքի են կանգնել: Փարիսեցին, որի նկարագիրը մենք արդեն գիտենք և նա՛և տեղեկացանք, իր աղոթքի մեջ ասում է,- Աստված իմ, շնորհակալ եմ Քեզնից, որ նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները:Կամ էլ օրինակ՝ ինչպես այս մաքսավորը:Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և տասանորդ եմ տալիս իմ ողջ ունեցվածքից: Սիրելիներ, բոլորդ եկեղեցի գնում եք, բոլորդ աղոթում եք, և բոլորդ գիտեք, որ մեկը մյուսի անհատական աղոթքը չի լսում և ճիշտ է որ չի լսում:Սակայն Տէր Հիսուս այս աղոթքով մեզ ներկայացնում է փարիսեցու իրական կերպարը և նաև մեզ է հորդորում, հեռու մնալ նմանատիպ խոսքերից ՝ մեր աղոթքների մեջ: Ձեզ տեղեկացնեմ, որ փարիսեցու արտասանած ամեն բառ ճիշտ էր, և նա իրոք անում էր այն ինչ ասում էր:Եթե այլոք մեկ անգամ են ծոմ պահում, ինքը երկու անգամ է պահում: Ուրեմն ինչո՞ւ է վատը փարիսեցու աղոթքը:
Նայեք նրա խոսքին, որ Աստծուն ասում է, շնորհակալ եմ, որ ես լավն եմ, իսկ նրանց վատն ես ստեղծել, որովհետև հափշտակողներ են և շնացողներ: Իր ատելությունն է ցույց տալիս մեղավորների նկատմամբ և նա՛և արհամարհում է Քրիստոսի գալու նպատակը՝ մեղավորի փրկության համար: Փարիսեցին իր փրկությունը տեսնում է իր անսեր օրինապահության մեջ, և շարունակում է այդպես ապրել: Թողնենք փարիսեցուն իր մտքերի ու տրամաբանության հետ աղոթելիս, և տեսնենք, թե ինչո՞վ է զբաղված մեր մաքսավոր աղոթող տեսակը:
Պարզվում է տաճարում մաքսավորը կանգնած է մեկուսի, ամաչելով իր վարած կյանքից, նույնիսկ գլուխը վեր չի բարձրացնում և իր աչքերը երկինք չեն նայում միայն այն բանի համար, որ ինքը անպատվաբեր աշխատանք է անում, հարստահարում է մարդկանց, դրամ է վաստակում և դրանով ապրում է, բայց գիտե, որ ժողովուրդը չի սիրում մաքսավորներին՝ հարկահավաքության բարձր տոկոսների համար:Մաքսավորը թեպետ հափշտակող է, բայց գիտի իր մեղավորության մասին և Տիրոջ ներկայության մեջ ամաչում է վեր նայել, այլ միայն կուրծը ծեծելով ասում է,- Աստված ների՛ր ինձ, մեղավորիս: Մաքսավորը համոզված է, որ Աստված իր մասին ամեն ինչ գիտե, գիտե, որ ինքը հափշտակող է, դրամասեր է, և դա է իր աշխատանքը:Մաքսավորը համոզված է, որ իր փրկությունը Աստծու առջև խոնարհ սրտով աղոթքն է, զղջացող սիրտն է, և ամոթի զգացողությունն է իր ապրած կյանքի համար: Մաքսավորը նույնպես շարունակում է ապրել նույն կյանքով, ինչով որ ապրում էր: Փարիսեցին էլ իր կյանքով է շարունակում ապրել: Բայց Ավետարանն ասում է Տիրոջ եզրակացությունը, թե,- Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ո՛չ թե մյուսը: Որովհետև ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի:Իսկ ով խոնարհեցնում է,իր անձը՝ կբարձրացվի:
Սիրելիներ, մաքսավորը իր տունը գնաց արդարացած, բայց շարունակեց մնալ մաքսավորի աշխատանքի մեջ: Գրված չէ, որ այլևս մաքսավոր չէր, բայց գրված է որ նա ամաչում էր աչքերը վեր բարձրացնել և ուներ մեղքի գիտակցություն: Այսպիսին շատ արագ կարող է լքել իր աշխատավայրը, ինչպես որ Մատթևոս մաքսավորը լքեց և հետևեց Հիսուս Քրիստոսին: Առակի մեջ ծանոթացանք աղոթողների տեսակներից թերևս երկուսին, բայց համոզված ենք. որ տեսակները շատ շատ են, մոտեցումները չափազանց տարբեր են, սակայն կարևորը՝ սրտի դիրքն ու պարունակությունն է Տիրոջ ներկայության մեջ աղոթքի կանգնելիս:Այս ուսուցողական առակը ևս թող զարդարի մեր մտքի շտեմարանը, և թող մեր աչքը պարզ լինի ինչպես աղոթելիս, այնպես էլ մարդկանց հետ մեր հարաբերությունների ժամանակ: Միշտ հիշենք, որ Աստծու աչքին բոլորը հավասար են, փրկության հնարավորություն բոլորը ունեն, Աստված պատրաստ է բոլորի ձեռք մեկնել: Ավա՛ղ, շատ քիչ են՝ պարզ միտք, մաքուր սիրտ, զղջացող հոգի և Աստծուն դավանող շրթներ ունեցող մարդկություն: Ավարտենք այսօր՝ վաղը հանդիպելու ակնկալիքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր աչքը պարզ լինի՝ մեր մարմնի լուսավորության համար ի սեր Աստծու.