ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 18:1-8
ՈՐԲԵՒԱՐԻԻՆ ԵՒ ԴԱՏԱՒՈՐԻՆ ԱՌԱԿԸ
1 Անոնց առակ մըն ալ ըսաւ այս բանին վրայով՝ թէ պէտք է ամէն ատեն աղօթք ընել ու չձանձրանալ։ 2 Ըսաւ. «Դատաւոր մը կար քաղաքի մը մէջ, որ Աստուծմէ չէր վախնար ու մարդէ չէր ամչնար։ 3 Եւ նոյն քաղաքին մէջ որբեւարի մըն ալ կար, որ անոր կու գար ու կ՚ըսէր. ‘Իրաւունք ըրէ ինծի ու ազատէ զիս իմ ոսոխէս’։ 4 Ժամանակ մը դատաւորը չէր ուզեր անոր մտիկ ընել. բայց ետքը ըսաւ իր մտքին մէջ. ‘Թէեւ Աստուծմէ չեմ վախնար ու մարդէ չեմ ամչնար, 5 Գոնէ այս որբեւարիին՝ զիս ձանձրացնելուն համար՝ իրեն իրաւունք ընեմ, որպէս զի չի գայ ամէն ատեն ինծի թախանձէ’»։ 6 Տէրը ըսաւ. «Լսեցէ՛ք, անիրաւ դատաւորը ի՞նչ կ՚ըսէ։ 7 Հապա Աստուած իր ընտրեալներուն իրաւունք պիտի չընէ՞, որոնք ցորեկ ու գիշեր իրեն կ՚աղաղակեն, թէեւ երկայնամիտ ալ ըլլայ։ 8 Ձեզի կ՚ըսեմ թէ շուտով անոնց իրաւունք պիտի ընէ. բայց Որդին մարդոյ երբ գայ, արդեօք հաւատք պիտի գտնէ՞ երկրի վրայ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Առակը, որ կարդացի ձեզ համար, մի հարց էր պարունակում իր մեջ այն մասին, որ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատք կգտնի: Եթե մարդու Որդին կրկին գար ու իջներ այն սուրբ տեղերը, որտեղ քարոզել է, կամ այն տեղը, ուր Իր առաքյալներին է ուղարկել, կամ թեկուզ այնտեղ, ուր Սուրբ Պետրոսի աթոռն է, և կանգներ ամեն մեկիս առջև և հարցներ,- հավատո՞վ ես խաչակնքվում, հավատո՞վ մտար եկեղեցի, հավատո՞վ ես սպասում Աստծու խոսքին: Հավատով ես ընդունում քո մեջ Իմ Մարմինն ու Արյունը: Հավատո՞վ ես փոխանցում իմ խոսքերը քո հոտին: Ի՞նչ եք կարծում, Նա հավատք պետք է գտնե՞ր: Եթե նայենք մեր ներսը և նայենք միջավայրի իրադարձությունները, մի՞թե այս օրերը կանխատեսելով չէր, որ Տէր Հիսուս հարց տվեց,- երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատք կգտնի: Այս հարցը մենք հազարավոր անգամներ լսել ենք մեր եկեղեցիների Սուրբ Խորանների քարոզներից: Ինքներս ենք կարդացել Ավետարաններում: Ինչո՞ւ չի տպավորվում մարդկանց սրտերում այս հարցը՝ որպես մեծագույն ահազանգ, որպես օրհասական վտանգ: Ինչո՞ւ:
Գիտե՞ք ինչու պատմեց Անիրավ Դատավորի այս առակը բոլորին: Որովհետև երեկվա սերտողության մեջ կարդացինք, որ փարիսեցիները ծաղրով հարցնում էին, թե ե՞րբ է գալու Աստծու արքայությունը: Իսկ Տէր Հիսուս նրանց ասաց, որ Աստծու արքայությունը աղմուկ աղաղակով չի գալու, ինչպես որ դուք եք կարծում, եթե ա՛չք ունենանք, և տեսնե՛լ կամենաք, արդեն ձեր մեջն է: Բայց ձեր մեջն է՝ այդ չի նշանակում թե ձեր սրտի մեջ է: Քանի որ մարդկանց սիրտը լիքն է ստոր կրքերով, անօրեն ցանկություններով, տեսակ տեսակ խաբեություններով: Ինչպե՞ս կարող է այդպիսի սրտերում Աստծու արքայություն լինել: Ուրեմն Տիրոջ տված հարցը նույնիսկ մեր օրերում դեռ չի ստացել իր սպառիչ պատասխանը:
Մի քաղաքում,- ասում է,- մի դատավոր կար: Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում; Կար նաև մի այրի կին այդ քաղաքում: Գալիս էր ամեն օր դատավորի դուռը կտրում և դատաստան էր խնդրում: Անվերջ պահանջում էր կինը, որ ուղիղ դատաստան անի իր և իր թշնամու միջև, որը իր տունն էր քանդում, որբերի հացն էր խլում, և թշնամություն էր անում անդադար: Դատավորը երկար ժամանակ ուշադրություն չէր դարձնում կնոջ աղաղակին, բայց վերջում ինքն իրեն մտածեց. ասենք թե ես Աստծուց չեմ վախենում, ո՛չ ոքից էլ չեմ ամաչում, ինչո՞ւ այս կնոջ դատը չվերջացնեմ, որ ամեն օր գլուխս չցավացնի: Այստեղ Տէր Հիսուս աշակերտների և մեր ուշադրությունը սևեռում է դատավորի պատասխանի վրա, թե ինչպես մտածեց դատավորը: Իսկ մի՞թե Աստված, որ երկնքի ու երկրի Տէրն է, ու բոլորի բարեգութ Հայրը, իր ծառաների լացն ու աղաղակը չի՞ լսի, ու չի՞ կատարի, եթե գիշեր ու ցերեկ Իր աթոռի առջև աղոթք բարձրացնեն; Աստծու անքուն և ամենատես աչքից չի՛ վրիպի ո՛չ մի անիրավություն, և ո՛չ մի զրկանք: Նա բոլորի համար դատաստան կանի, հատուցում կտա: Նա Իր արդարությունը ցույց կտա իրենից խնդրող ժողովրդին ու անհատին, բայց արդյո՞ք երկրի վրա այդքան հավատ կգտնի մինչև վրեժխնդրության և հատուցման պահը, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճանաչեն, որ Ամենակալ Աստծու ձեռքի գործն էր դա: Ինչպե՞ս պետք է հավատալ: Ինչպե՞ս տեսնենք այդ հավատի արդյունքը, երբ ամեն մեկիս սրտում տարատեսակ ցավեր կա թաքնված: Ո՞վ է այս բոլորի մեղավորը: Վստահ եմ որ բոլորդ կասեք, թե այս անիրավ աշխարհն է մեղավոր: Քանի որ անարդարության է ամենուր, արդարը անարգվում է, մեղավորը փառք ու պատվի է արժանանում: Շիտակը հալածվում է անտեսվում է և կեղծավորը հանդես է գալիս իր դիմակներով: Ողջ աշխարհը դիմակ է կրում, բնական դեմք հազվագյուտ է հանդիպում: Դիմակավոր կյանքը դուր է գալիս մարդուն: Բայց Աստված երբեմն մարդու շահերից ելնելով վերցնում է այդ դիմակները, որպեսզի մարդկությունը հանգիստ շնչի: Դիմակազերծումը ցավոտ է, բայց մարդու շահերից է բխում:
Հենց այս անիրավ դատավորն էլ այս անօրեն աշխարհն է, որի մասին պատմեց Տէր Հիսուս Քրիստոս այս առակը: Անիրավ է եղել աշխարհը Հիսուս Քրիստոսի ժամանակ, անիրավ է նաև հիմա և անիրավ էլ մնալու է մնալու, եթե... Եթե ուշադրություն դարձրիք առակի մեջ Տէր Հիսուս Քրիստոս անիրավ դատավորից ակնկալիք չուներ և նրա փոխվելու մասին ոչինչ չասաց: Անիրավը մնալու է անիրավ: Տէր Հիսուսի պահանջը այրի կնոջից էր, նաև այսօր մեզնից է, որ տառապում ենք անիրավ դատավորների ձեռքին: Մեզնից է պահանջում հավատալ, և հավատարիմ մնալ այդ հավատին: Այնպես հավատալ, որ մեր աղաղակը երկինք հասնի: Մարդկային բանականությունն է այդ այրի կինը, որը երբեք իրավունք չունի լռելու անիրավ դատավորի դիմաց՝ Տիրոջն ապավինելով: Մեր աղոթքն է նվազ, մեր հավատքն է տկար: Մեր բանականությունն է շատ հաճախ իր տեղը զիջում հուսահատությանն ու հիասթափությանը և մենք դադարում ենք աղոթել: Մենք աղոթելու կարիք շատ ունենք, որովհետև հոգս ու խնդրանք էլ շատ ունենք Աստծու առջև ներկայացնելու, բայց դրա համար հավատք է պետք, մեր ժողովուրդը մոռացել է աղոթել: Երբ Մովսեսն աղոթում էր անդադար, Աստված ասաց, բավակա՛ն է քո աղոթքը, թո՛ղ ժողովուրդն աղոթի: Այսօր մեր ժողովուրդը ո՛չ կարողություն ունի աղոթելու, ո՛չ ցանկություն ունի աչքերը դեպի երկինք բարձրացնելու, այնտեղից օգնություն և փրկություն հայցելու: Իսկ ամենավտանգավորը՝ ժողովրդին ապաշխարության կոչի հրավեր տվող չկա: Մեր հոգևոր բյուջեն դատարկ է: Մեր հոգևոր զինանոցը դատարկ է: Մեր հոգևոր կյանքը ձևականություն է: Մեր ծեսերն ու խորհուրդները պարտականություններ են զուտ: Եթե երեկ գար մեր Տէրը հավատք չէր գտնի: Եթե այսօ՛ր գա առավել չի գտնի հավատ: Ուրեմն սպասենք բոլորիս վաղվա գալուստին՝ Ըստ Իր խոստման:
Ներկան անմխիթար է, և հուսահատեցնող, երբեմն թվում է, թե այս վիճակից ելք չկա և ոտքի կանգնելն այլևս անկարելի է, որովհետև մեր հավատը այսպիսի փորձության մեջ է: Բայց Տէր Հիսուս մեզնից հավատ է ակնկալում է նա՛և այսօր, երբ ամեն ինչ անորոշ է, անկայուն է, հեղհեղուկ է: Մենք դատապարտված ենք ապրել անիրավ դատավորների միջավայրում, երբ հեռացել ենք Աստծու տիրույթից: Աստվածաշունչ մատյանը սկզբից մինչև վերջ մարդ արարածի ուշադրությունը սևեռում է Աստծու նախախնամության վրա, Աստծու գործելաոճի վրա: Աստված երբեք մարդուն չի լքել, այլ մարդն է լքել Աստծուն և հայտնվել նեղության մեջ: Մենք պատգամ ունենք անդադար աղոթելու և չձանձրանալու: Այսօր աշխարհը ծաղրում է մեր հավատքն ու մեր աղոթքը: Մենք ամաչում ենք Քրիստոսին դավանել մարդկանց առաջ՝ մարդահաճության պատճառով: Ա՛յո, անիրավ դատավորը Աստծուց չի վախենում և մարդկանցից չի՛ ամաչում, նաև չի թաքցնում այդ մասին և բարձրաձայնում է այդ մասին: Մարդը կարող է Աստծուց չվախենալ, բայց երբեմն մարդկանցի կարող է ամաչել: Այս տեսակը ո՛չ վախենում է, ո՛չ ամաչում է: Այս տեսակը իսկզբանե եկել է Քրիստոսի սիրելի մարդկությանը վնաս հասցնելու համար, որպեսզի դրանով վնաս հասցնի ու վիրավորի Քրիստոսին: Մենք գիտակցաբար միանում ենք մեր Փրկչի թշնամու հետ՝ հանուն մեր ցանկությունների բավարարման, հանուն մեր սիրելի մեղքերի:
Սիրելիներ, Ղուկաս ավետարանիչը այս առակի հիշեցումով մեր մտքերը կապում է նախորդ գլուխների հետ՝ մեզ կենտրոնացնելով հարատև աղոթքի և արթնության վրա: Նախորդ առակները՝ Անիրավ տնտեսի, Աղքատ Ղազարոսի, և Բորոտների օրինակները գալիս են փաստելու, որ մեր հոգևոր կյանքի մեջ չենք տեսնի Աստծու արքայությունը, եթե մեր հայացքը, միտքը, սիրտը ուղղված չլինի Աստծու ամենախնամ ողորմությանը: Մեր գիտելիքը մեզ չի փրկի վերջին օրը: Մեր հարստությունն ու պաշտոնն էլ չի փրկի վերջին օրը: Նույնիսկ մեր ցուցադրական բարեգործությունները չի փրկի մեզ, եթե մենք Տիրոջ Առջև խոնարհված սրտով և մաքուր հոգով աղոթքի կանգնելու պատրաստակամություն չունենք: Սիրելիներ, մեր մարդկային տրամաբանությունը բավարար չէ, որպեսզի ամբողջական ճշգրտությամբ բացատրենք բոլոր առակների իրական իմաստները, ինչ որ նկատի է ունեցել Հիսուս Քրիստոս առակը պատմելու պահին՝ ելնելով տիրող իրավիճակից: Սակայն մենք՝ քրիստոնյաներս, քաջատեղյակ լինելով մեր Տիրոջ պահանջից, կարող ենք մեր կյանքի օրինակով վերլուծել ցանկացած առակ և դրանից հոգևոր օգուտ քաղել: Այս առակից կարող ենք սովորել նաև, որ Հիսուս Քրիստոս ասում է, որ Աստված որպես բարեխնամող Հայր, մշտապես պատրաստ է արձագանքել ամեն աղոթքի, որ մաքուր սրտով է, ամեն խնդրանքի, որ փրկության համար է ուղղված, պատրաստ է լսել ցանկացած ժողովրդի միասնական զղջումն ու աղոթքը Բայց կա՞ արդյոք երկրի վրա ժողովուրդ, կամ բազմություն, որ սպասում է Աստծու օրհնությանն ու օգնությանը: Այլապես ինչու պետք է ասեր, -Երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատք կգտնի: Այսօ՛ր նայենք մեր կյանքին, այսօր շտկենք մեր մեղքերը: Այսօ՛րն է մերը միայն: Երեկը չարինն էր, որ խափանեց մեր ապաշխարությունը, վաղը՝որ գալու է, Աստծուն է պատկանում: Մեր ունեցածը միայն այսօրն է: Փառք Աստծուն ամեն մեկ օրվա համար, որ տալիս է մեզ որպես հնարավորություն՝ փրկություն ձեռք բերելու համար: Այստեղ ավարտենք նաև այսօրվա առակի խորհրդածությունները և վերցնենք մեր դասը նաև այսօր:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր անդադար աղոթքը գրավի մեր Երկնավոր Հոր ուշադրությունը և Իր առատ օրհնություններով խաղաղեցնի մեր մոլորված մտքերն ու սրտերը: