ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 17:20-37
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ
20 Երբ փարիսեցիները իրեն հարցուցին՝ «Աստուծոյ թագաւորութիւնը ե՞րբ պիտի գայ», պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Աստուծոյ թագաւորութիւնը դրսէն երեւցած բաներով չի գար։ 21 Օր մըն ալ պիտի չըսեն թէ ‘Ահա հոս է’, կամ ‘Ահա՝ հոն’, վասն զի Աստուծոյ թագաւորութիւնը ձեր ներսի դին է»։
22 Աշակերտներուն ալ ըսաւ. «Օրեր պիտի գան երբ դուք Որդի մարդոյ օրերէն մէկը տեսնելու պիտի փափաքիք ու պիտի չտեսնէք։ 23 Եւ եթէ ըսեն ձեզի թէ ‘Ահա հոս է’, կամ ‘Ահա՝ հոն’, մի՛ երթաք ու անոնց մի՛ հետեւիք։ 24 Վասն զի ինչպէս փայլակը երկնքին տակ մէկ դիէն փայլատակելով՝ մինչեւ երկնքի տակ միւս դին լոյս կու տայ, նոյնպէս պիտի ըլլայ Որդին մարդոյ իր գալուն օրը։ 25 Միայն թէ պէտք է որ ինք առաջ չարչարանքներ կրէ ու մերժուի այս ազգէն. 26 Ինչպէս Նոյին օրերը եղաւ, այնպէս պիտի ըլլայ Որդի մարդոյ օրերն ալ։ 27 Կ՚ուտէին, կը խմէին, կին կ՚առնէին, էրկան կը տրուէին, մինչեւ այն օրը՝ որ Նոյ տապանը մտաւ եւ ջրհեղեղը եկաւ ու ամէնքը կորսնցուց։ 28 Նմանապէս՝ ինչպէս Ղովտին օրերը եղաւ։ Կ՚ուտէին, կը խմէին, ծախու կ՚առնէին, կը ծախէին, կը տնկէին, կը շինէին. 29 Բայց այն օրը երբ Ղովտ Սոդոմէն ելաւ, երկնքէն կրակ ու ծծումբ տեղաց եւ բոլորն ալ կորսնցուց։ 30 Նոյնպէս պիտի ըլլայ այն օրը, երբ Որդին մարդոյ յայտնուի։ 31 Այն օրը ան որ տանիքին վրայ է եւ իր կարասիները տանը մէջ, թող վար չիջնէ զանոնք առնելու եւ ան որ արտին մէջ է, նոյնպէս թող ետ չդառնայ։ 32 Մտքերնիդ բերէք Ղովտին կինը։ 33 Ով որ իր կեանքը կ՚ուզէ ապրեցնել՝ պիտի կորսնցնէ զանիկա եւ ով որ կը կորսնցնէ՝ պիտի ապրեցնէ զանիկա։ 34 Ձեզի կ՚ըսեմ. ‘Այն գիշերը եթէ երկու հոգի մէկ անկողնի մէջ ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը ձգուի. 35 Եւ եթէ երկու կին մէկտեղ աղալու ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը ձգուի. եւ եթէ երկու հոգի արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը ձգուի’»։ 36 Պատասխան տալով՝ ըսին անոր. «Տէ՛ր, ո՞ւր պիտի ըլլայ այս բանը»։ 37 Ան ալ ըսաւ անոնց. «Ուր մարմին կայ, հոն պիտի ժողվուին արծիւները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելի ունկնդիրներ. Հետևելով աշխարհի անցուդարձին և մեր իրականությանը, համոզվում ենք, որ մարդկության մեծամասնությունը Աստծուց երկյուղ չունի գալիք ճշմարտությունների և առհասարակ Աստծու խոսքի նկատմամբ: Ինչ որ կատարվում է աշխարհում, ապացույցն է այն բանի, որ պատմությունը շարունակ կրկնվելով, մարդու համար երբեք դաս չէ:Եթե մի հարց տրվի համայն մարդկությանը այն մասին, թե՝ ի՞նչ կանեք դուք, երբ այսօ՛ր տեսնեք մարդու Որդու Գալուստը՝ կայծակի պես: Ո՞ւր կմնան պատերազմները, ագահությունը, ատելությունը, հայհոյությունը, ընչաքաղցությունը և այլն: Պատասխանը պարզ է Աստծուց երկյուղ կրողների համար, հետաքրքիր է իմանալ աներկյուղ մարդկանց տեսակետը: Երբեմն այս բոլորի ականատեսը լինելով կարել է ասել, որ երկրի վրա եղած ժողովրդի ունեցածը դեռ հավատ չէ Աստծու նկատմամբ: Որովհետև Աստծուն հավատացողը հիշում է Նրա խոսքը: Նոյի օրոք պատահած ջրհեղեղի մասին գիտեն բոլորը, սակայն դաս չի եղել: Սոդոմի և Գոմորի մասին գիտեն բոլորը, սակայն սա նույնպես դաս չի հանդիսացել մարդկությանը: Բաբելոնը կենդանի օրինակ է բոլոր դարերի համար, բայց սրան ևս որպես տխուր պատմություն են հիշում: Ուրեմն ի՞նչ է պետք մարդուն, որ արթուն լինի:Հավա՛տք է պետք Աստծու նկատմամբ, որը չունենք: Իսկ ինչ որ ունենք, դա հավատք չէ, այլ տեղեկություն Աստծու մասին:
Երբ Աստված տեսավ մարդու ընկած վիճակը և Իր ստեղծածի սիրուց մղված կազմեց մեր փրկության ծրագիրը: Այդ ծրագիրը պետք է իրականացներ Իր Որդին՝ աշխարհ գալով:Եկավ, կատարեց իր առաքելությունը և մեզնից չթաքցրեց ո՛չ մեր փրկությունը, ո՛չ էլ մեր վախճանը:Մարգարեները խոսել են բոլոր ժամանակների համար: Քրիստոս եկավ բոլոր ժամանակների համար: Քրիստոսի խոսքը պետք է քարոզվի բոլոր ժամանակներում:Սակայն կգա մի օր, որ այլևս ոչինչ չի քարոզվի և նույնիսկ ցանկության դեպքում անկարելի կլինի լսել, որովհետև երբ ժամանակները հասնում են լրումին, Աստված միջամտում է: Աստված կմիջամտի նաև մեր ապրած կյանքի համար:Այսօր մարդիկ ուզում են ապրել առանց Աստծու մասնավոր միջամտության և խոսքի:Մարդկանց համար դժվար է ապրել Աստծու ներկայության մեջ:Աստվածաշնչյան հին ազգերի պատմությունը ցույց է տվել, որ այսպիսի վիճակները շատ երկար չեն տևել, որպեսզի կորուստները ավելի շատ չլինի, որովհետև երբեմն նույնիսկ ընտրյալները կարող են ընկնել...Աստծու արքայության գաղտնիքը հասկանալի չեղավ նույնիսկ Քրիստոսի ժամանակ, երբ անձամբ էր բացատրում ու ցույց տալիս: Այսօր առավել ևս հասկանայի չէ մարդկանց դրա կարևորությունը իրենց կյանքից ներս: Նույն հարցը այսօր էլ է հնչում, թե՝,- Ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը:Ինչպե՞ս կիմանանք:
Այս նույն հարցը տվեցին նաև փարիսեցիները՝ Աստծու արքայության գալու վերաբերյալ: Քանի որ նրանց համար հասկանալի չէ Քրիստոսի դիրքորոշումը աշխարհի, կյանքի, սեփական անձի փոփոխության վերաբերյալ: Տէր Հիսուս իր քարոզության ընթացքում շատ էր անդրադառնում Աստծու արքայությանը, սակայն փարիսեցիների համար դա անհասկանալի թեմա էր, որովհետև մարգարեությունները չեն եղել Աստծու արքայության մասին, այլ՝ Նրա, որի միջոցով էր գալու Աստծու արքայությունը:Փարիսեցիները երկրավոր արքայությունը հասկանում էին, իսկ Աստծու արքայությունը նրանց հասանելի չէր:Հարցը, որ տվեցին Հիսուսին, նաև ծաղր էր Նրա նկատմամբ, քանի որ կամեցան ասել, որ շուտով խաչը կբարձրանաս, այդ ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը: Իսկ Հիսուս Քրիստոս չբացեց նրանց համար որևէ գաղտնիք, որովհետև չէին էլ ուզում իմանալ, այլ առիթ տվեց խորհելու, ասելով,- դրսում մի փնտրեք արքայությունը, ինչպես որ ամեն նչ նյութական աչքերով եք փնտրում և գտնում, այլ ձեր ներսում փնտրեք:Աստծու արքայությունը տեղով ու ժամանակով չէ, աչքի համար տեսանելի չէ, այն տեսանելի է մաքուր սրտին, խոնարհ հոգուն և զղջացող մտքին;Աստծու արքայությունը տեսանելի է այն մարդուն, որի կյանքը վեր է այս աշխարհից, որի մտածումը նյութական չէ, որի հոգսը իր ստամոքսը չէ, այլ իր նմանի փրկությունը:
Առաքյալն ասում է,- Եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, Նրան չի պատկանում:Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, մարմինը մեռած է մեղքի համար և հոգին կենդանի է արդարության համար:Հռոմ.8:10 Եթե փարիսեցիների մեջ ապրեր Հայր Աստծու Հոգին, ապա Նա ով հարություն տվեց Հիսուս Քրիստոսին մեռելներից, կկենդանացներ նաև փարիսեցիների խավարած մտքերը, որպեսզի տեսնեին իրենց աչքով և Աստծուն և Աստծու արքայությունը: Տէր Հիսուս նաև աշակերտներին ասաց այդ մասին, որ հավատում էին Իրեն և Ինքը նրանց մեջ էր, և աշակերտները խաղաղ էին: Բայց այդ օրերն էլ պիտի ավարտ ունենային, և երբ Մարդու Որդին վերցվեր աշխարհից, աշակերտների համար սկսվելու էր հալածանքներն ու տառապանքները: Տէր Հիսուս աշակերտներին գոտեպնդելով ասում է, որ եթե նույնիսկ չտեսնեք մարդու Որդու օրերից մեկը, թող Աստծու արքայությունը բնակվի ձեր ներսում՝ այլոց փրկության համար: Որովհետև մարդու Որդու գալուստը որոշակի տեղով չի պայմանավորված, այլ կլինի փայլակի պես՝ ամբողջ երկնքով;Բայց որպեսզի աշակերտների համար այս խոսքերը գայթակղություն չհանդիսանար, ասաց, որ մարդու Որդին նախ՝ պետք է չարչարվի և մերժվի այս սերնդից: Առաջին գալուստը տեսանելի էր բոլորին՝ իր խոնարհության մեջ, կյանքը՝ բոլորի աչքի առջև՝ պարզ ու հասարակ, իսկ երկրորդ գալուստ արդեն կլինի բ հրեշտակների ուղեկցությամբ և երկնային ողջ փառքով՝ արդեն ակնթարթորեն, ոչ ինչպես երեսուն տարի ապրեցի ձեր մեջ:
Աշակերտներին բացատրում էր այս ամենը հասկացնելու համար, որ համբերությունը պետք է նրանց հասցներ կատարելության: Քանի որ եթե Ինքը՝ որ փայլակի զորություն ունի, պետք է նախ մերժվի, ապա Իր փառքով երևա, ուրեմն աշակերտներին էլ նույնն է սպասվում՝ մինչև փառքի պսակին հասնելու ժամանակը; Չի թաքցնում աշակերտներից այն մեծ արհավիրքները, որոնք պատահել են Նոյի, և Ղովտի օրոք, երբ մարդիկ անհոգ էին ապրում իրենց մեղքերի հետ: Մինչև երկնքից կրակ թափելը մարդիկ հեշտությամբ էին ապրում մեղքի մեջ և չէին հիշում Աստծուն; Այսինքն հակաքրիստոսի գալուց առաջ մարդիկ նախընտրելու են մեղքը, ապա գալու է նեռը: Մարդիկ ավելի շատ կլինեն արծաթասեր, քան աստվածասեր: Չարը կթագավորի ամեն մարդու վրա, քանի որ բարուց հեռացել էր:Մարդիկ չեն հավատալու նրանց, որոնք պատմելու են գալիք արհավիրքների մասին, այնպես, ինչպես չէին լսում Նոյին; Իսկ երբ գա հակաքրիստոսը, նրանք, որոնք առաքինության մեջ են դեռևս, թող մնան այդ առաքինության մեջ, և չլինի հանկարծ որևէ նյութական արժեքի համար կորցնեն իրենց առաքինությունը:Այլ հակառակը՝ ընդդիմացիր չարին, պահելով ինչ որ ունես:Աստծու արքայության արժանիները այդ պահին իրենց ծառայության վայրից թող հետ չվերադառնան տուն որևէ բանի համար: Ղովտի կինը չէր կարողանում բաժանվել իր աղի կյանքից և աղ դարձավ՝ հետ նայելով: Մինչդեռ զգուշացված էր, որ հետ չնայի:Եթե մինչև հակաքրիստոսի հայտնվելը չես հոգացել քո հոգու փրկության մասին, այդ պահին այլևս չես կարող, որովհետև կկորցնես այն:Ժամանակը դրա համար է տրված մարդկանց՝ հավատալու խորհելու, գործելու, և համբերությամբ սպասելու:
Սիրելիներ ծանր է լինելու աշխարհի վախճանը, որի նմանը չի եղել, սակայն այն մեզնից թաքցված չի եղել և այժմ էլ թաքնված չէ: Եթե տեղյակ չենք, դա մեր մեղավորությունն է: Ավետարանները աղաղակում են այդ մասին, որ մեկը կվերցվի, մյուսը կմնա: Եթե մինչ այս պահը մեզ հետաքրքիր չէ, թե ո՞վ է այդ մեկը, որ վերցվելու է, կամ ով է այն մեկը, որ թողնվելու է, ուրեմն դա մեր սեփական ցանկությունն ու նախաձեռնությունն է: Բոլոր հարուստները չեն, որ թողնվելու են, և բոլոր աղքատները չէն, որ վերցվելու են, այլ կվերցվեն նրանք, որոնք Տիրոջ Մարմնի հետ մեկ են եղել իրենց քրիստոնեական կյանքում և սրբերի ուղեկցությամբ դարձյալ Տիրոջ մարմնի հետ կլինեն նաև Տիրոջ երկրորդ Գալստյանը:Աստված մարդ արարածին երբեք մենակ չի թողել իր ողջ պատմության ընթացքում, և չի անտեսելու նրանց, որոնք հավատարիմ մնացին քչի մեջ և Տիրոջը սպասեցին:Աստված կամենա, որ ամենքս արժանանանք տեսնել Տիրոջ լույս երեսը՝ աշխարհի վախճանին;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մնանք մեր առաքինության մեջ և երբեք հետ չնայենք մեր մեղքերին, որքան էլ որ հաճելի լինի այն: