ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.17:11-19
ՅԻՍՈՒՍ ՏԱՍԸ ԲՈՐՈՏ ԿԸ ԲԺՇԿԷ
11 Երբ Յիսուս Երուսաղէմ կ՚երթար, Սամարիայի եւ Գալիլիայի մէջտեղէն անցաւ։ 12 Երբ գիւղ մը պիտի մտնէր, տասը բորոտ մարդիկ հանդիպեցան անոր, որոնք հեռուն կայնեցան, 13 Ձայներնին վերցուցին ու ըսին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմէ մեզի»։ 14 Տեսնելով՝ անոնց ըսաւ. «Գացէք դուք ձեզ քահանաներուն ցուցուցէք»։ Երբ կ՚երթային, մաքրուեցան։ 15 Անոնցմէ մէկը, երբ տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դարձաւ ու մեծ ձայնով փառք կու տար Աստուծոյ 16 Ու երեսի վրայ անոր ոտքը իյնալով՝ շնորհակալ կ՚ըլլար անոր։ Ինք Սամարացի էր։ 17 Յիսուս ըսաւ. «Չէ՞ որ տասն ալ մաքրուեցան, իսկ այն ինը ո՞ւր են։ 18 Այս օտարազգիէն զատ ուրիշներ չգտնուեցա՞ն՝ որ դառնալով Աստուծոյ փառք տային»։ 19 Եւ ըսաւ անոր. «Ելի՛ր, գնա՛, քու հաւատքդ քեզ բժշկեց»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիր. մենք երեկ տեղեկացանք, որ այս կյանքում անկարելի է ապրել առանց գայթակղությունների, քանի որ ըստ Տիրոջ խոսքի անկարելի է, որ դա չլինի, քանի որ մարդը չի կամենում ազատվել գայթակղություն առաջացնող երևույթներից. Թեպետ գայթակղություն առաջացնողի վախճանը տխուր է, սակայն հեշտ չէ նաև նրան ներողին տրված հանձնարարությունը: Սակայն կա մի մխիթարություն, որ մենք մեր անձերը զգույշ պահելու դեպքում, կարող ենք զերծ մնալ և գայթակղություն դառնալուց և գայթակղությունից տուժելուց: Անշուշտ կրկնակի է նրա մեղքը, որի գայթակղությունից վնասվում են նաև այլոք, քան նրանը, որի վնասը միայն ինքն է կրում: Ամեն դեպքում Տէր Հիսուս աշակերտներին զգուշացրեց, որ զգույշ լինեն իրենց անձերի նկատմամբ, որովհետև սա առաջին պայմանն է հեռու մնալ մեղքից: Երբ մենք աշակերտների պես խնդրում ենք, որ Աստված ավելացնի մեր հավատը, ի՞նչ նկատի ունենք: Անկասկած՝ վստահություն իր խոսքի նկատմամբ, որը հիմքն է մեր հավատքի: Այլ բան է, երբ մարդը հավատում է, որ Աստված կա: Բոլորովին այլ բան է, երբ մարդը հավատում է Աստծու ամեն խոսքին: Մենք խնդրում ենք, որ Աստված այսպիսի հավատ ավելացնի մեզ, որպեսզի մենք մեծագույն վստահություն ունենանք Իր ամեն խոսքի հանդեպ: Սա է թերևս գաղտնիքը չմեղանչելու: Եթե մենք մեր մտքում և սրտում վստահություն ունենանք Աստծու խոսքի հանդեպ, ուրեմն կհիշենք, թե մեր գործած մեղքի հանդեպ ինչ պատիժ կունենանք, և չենք գործի; Ինչպիսի մեղքեր, որ մենք այսօր գործում ենք, դա ապացույցն է այն բանի, որ մենք թերահավատությամբ ենք լցված Աստծու խոսքի հանդեպ, դրա համար և՛ խոսքը գիտենք, և՛ մեղքից հեռու չենք: Այսինքն չենք հիշում Տիրոջ խոսքը, որ ասաց,- զգո՛ւյշ եղեք ձեր անձերի նկատմամբ:
Այսօրվա սերտողության թեման ճիշտ այդ մասին է, որ կարդացի ձեզ՝ տասը բորոտների մասին: Բորոտության մասին ձեզ մանրամասն խոսել եմ, սակայն հիշեցնելու կարգով ասեմ, որ բորոտությունը համարվում էր հոգևոր հիվանդություն, և այդ հիվանդությամբ պատժվում էին այն մարդիկ, որոնք չարախոսում, բամբասում և արատավորում էին այլոց անունները իրենց միջավայրում; Քանի որ այդ հիվանդությունը մաշկային էր, ընդունված կարծիք կար, որ ասում էին բամբասողները արատավորում են ուրիշների անունները, Աստված այդ արատը տեղափոխում է իրենց մաշկի վրա, որպեսզի իրենք զգան իրենց սխալի հետքերը: Եթե այս բորոտները մեզ պես վստահություն ունենային Աստծու խոսքի, երբեք չէին չարախոսի և չէին բորոտվի: Նշանակում է այդ վստահության պակասն, որ մարդուն մղում է մեղքի:
Դեպի Երուսաղեմ գնացող ճանապարհը անցնում էր Գալիլիայի և Սամարիայի միջով: Անցնում էր Տէր Հիսուս իր աշակերտների հետ, երբ գյուղերից մեկում նրանց դեմ հանդիման դուրս եկան տասը բորոտներ, որոնք հեռու կանգնվեցին ըստ օրենքի, քանի որ առողջ մարդկանց մոտենալ չէր կարելի, և բարձրաձայն խնդրեցին Հիսուսին, որ ողորմի իրենց և բժշկի: Տէր Հիսուս գիտեր, որ նրանք սամարացի են, հեռու են ուղղափառ հավատից, քահանաներին չեն ենթարկվում, հեթանոս կանայք են: Ուղղակի ասաց, - գնացեք ձեզ քահանաներին ցույց տվեք: Երբ նրանք քայլեցին, տեսան, որ մաքրվեցին: Սակայն նրանցից միայն մեկը հետ դարձավ, երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի մոտ և փառավորում էր Աստծուն, շնորհակալություն էր հայտնում պատահածի համար; Սամարացի կին էր այս բանը անողը, որոնք գրեթե թշնամի էին իսրայելացիների հետ, և ոչ մի առնչություն չէին ունենում միմյանց հետ: Սակայն այդ սամարացին չէր դադարում գոհություն հայտնել Աստծուն:
Երբ տեսավ կնոջ հավատը և խոնարհությունը, Տէր Հիսուս աշակերտների ուշադրությունը գրավելով, հետաքրքիր հարց տվեց, ասելով,- Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն, իսկ արդ իննը ո՞ւր են; Արձակեց Հիսուս Քրիստոս այդ գոհացող կնոջը և գովեց նրա հավատը, որի շնորհիվ մաքրվեց այդ հիվանդությունից: Տէր Հիսուսի այս խոսքից կարելի է հասկանալ, որ այս կնոջ հավատը մանանեխի հատիկի չափ կար, որ փրկեց իրեն, կամ այդ կինը վստահություն ուներ Աստծու խոսքի հանդեպ, որ այդ խոսքով է բժշկվելու: Հնարավոր է որ այն իննը իսրայելացի էին, և գնացին իրենց քահանային ցույց տալու, իսկ սամարացին ենթակա չէր քահանային, սակայն չմոռացավ գոհություն հայտնել Աստծուն: Սամարացու այս օրինակը, նաև մյուս սամարացի կինը, կամ քանանացի կինը, որոնք խնդրում են Հիսուս Քրիստոսին և Նա չի մերժում նրանց խնդրանքը՝ իրենց այլադավանության պատճառով: Մենք տեսանք, որ իննը շարունակեցին և մեկը վերադարձավ շնորհակալ լինելու: Անշուշտ Վարդապետը գիտեր, թե ո՛ւր են այն իննը, ուղղակի աշակերտների համար օրինակ դարձրեց այս սամարացի կնոջը. որպեսզի հետագայում երբ աշակերտներին պատահի այսպիսի դեպքեր չմերժեն որևէ մեկի օգնություն ցույց տալ: Տաս բորոտների այս օրինակը ևս փարիսեցիներին դաս էր, որ իննը իսրայելացիները բուժվեցին, բայց չգոհացան, իսկ նրանց մեջ մեկ սամարացի կար, որ իրենց կրոնից ու հավատքից չէր, վերադարձավ և գոհացավ իր ստացածից: Իսկ ընդհանրապես տասը բորոտները կարող են խորհրդանիշ հանդիսանալ համայն մարդկության աղտոտվածության հետ, որոնցից քչերն են գոհանում Աստծու պարգևած ապաքինումից, այնպես ինչպես որ իսրայելի ժողովուրդը չդարձավ դեպի Աստծու Որդին և չերկրպագեց Նրան՝ գոհություն հայտնելով:
Առհասարակ մարդկության պատմության հենց սկզբից էլ Աստված փնտրում է մարդուն, որը մեղավոր է, սակայն չի զղջում Աստծու առջև: Նաև Ադամին հարցրեց,- ո՞ւր ես Ադամ, որպեսզի Ադամը անդրադարձ ունենա և անմիջապես ազատվի իր սխալից; Սակայն ինչպես Ադամը, ինչպես իսրայելացիները, նույնպես և մենք կամավոր չենք կամենում վերադառնալ մեր նախկին անմեղ կերպարին: Բոլոր դարաշրջաններում մարդ արարածը տառապել է նույն բարդույթով: Կամենում է ստանալ Աստծուց, բայց զլանում է գոհություն հայտնել: Ճանաչում է Աստծուն՝ որպես տիեզերքի Արարիչ, սակայն չի կամենում պահել Նրա խոսքը: Տեղյակ է, որ մեղքի վարձը մահն է, սակայն չի կամենում զերծ մնալ մեղքից: Եթե մեկը նեղության վտանգից ազատվելով, իր փրկությունն Աստծու բարերարությունը չճանաչի, և երախտագետ մտքով շնորհակալ չլինի նրանից, այլ փրկությունը միայն իր զորությանը վերագրի, անշուշտ կկրի ապերախտության պատիժը: Թեպետ Աստված երբեմն այդպիսիներին թույլ է տալիս պատուհասից զերծ մնալ, բայց թող դա չհամարվի նրա համար բարի բան, որովհետև նրանց համար ավելի ծանր վրեժխնդրություն է պահվում, ուրիշ անգամ կրելու համար, եթե զգան իրենց սխալը: Ով Բարերարին երախտահատույց լինել կարող է, բայց զլանում է, արժանի չէ գթության: Որովհետև ով իր պարտքը չի հատուցում երբ կարող է, արժանի է պատժի: Անշուշտ պատիժը ընդունելուց հետո կկամենա հատուցել, բայց այլևս չի կարողանա: Սիրելիներ, մեր Տէր Հիսուս Քրիստոսի մեծագույն պահանջ մարդու կատարելությունն է, և ասում է,- Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ: Մատթ.5:48 Բոլոր առակները, բոլոր ուսուցումները ուղղված են միայն այն բանին, որ մարդը վերստին ծնունդ ունենա: Որպեսզի մարդը փոքրի մեջ հավատարիմ լինի, և կրթի իրեն մեծ բաների մեջ էլ հավատարիմ լինել:
Բայց կատարելությունը պետք է սկսել միաժամանակ և՛ ընդհանուրից, և՛ անհատից, ինչպես որ Տէր Հիսուս Քրիստոսն էր անում; Ընդհանուրին ուսուցանում էր, աշակերտներին անհատապես սովորեցնում էր: Քրիստոս եկավ անհատն ազատագրելու, որով ընդհանուր մարդկությունը կարողացավ կոտրել ստրկության շղթաները: Հիսուս Քրիստոս մարդկանց բնակավայրից վռնդված բորոտին, մեկ այլ տեղում հակառակ ընդհանուրին, ձեռք տվեց և բժշկեց: Նույն Քրիստոս աշակերտներին պատվիրում է գնալ և քարոզել Աստծու Ավետարանը՝ ընդհանուր աշխարհին; Հրապարակներում և ժողովարաններում սովորեցնող Հիսուս Քրիստոս առանձին զրուցում է Նիկոդիմոսի հետ: Առանձին զրուցում է սամարացի կնոջ հետ՝ անհատը փրկելու համար: Այսօր մեր եկեղեցում նմանօրինակ քարոզի կարիք կա անհատը կրթելու և այդ անհատի միջոցով ընդհանուրին կրթելու: Բայց որ կրթությունը և հատկապես ինքնակրթությունը օրհասական է դարձած մեր օրերում, դրանում ոչ ոք չի հարող հակադարձել: Տասը բորոտների առակը երախտագիտության բացակայության լավագույն օրինակ էր բոլորի համար: Մենք, որ առաքելական եկեղեցու զավակ ենք, պարտավոր ենք մեր մայր եկեղեցու ներսում կրթվել, ինքնակրթվել և գոհանալ Աստծուց այդ հնարավորության համար, քանի որ եկեղեցուց դուրս կրթությունը մեր բորոտությունը չի կարող մաքրել: Թող երբեք Տէր Հիսուս Քրիստոս մեզ չփնտրի մեր անշնորհակալության պատճառով: Իսկ մենք երբեք չանտեսենք սամարացուն, որը վերադարձավ և գոհություն հայտնեց Աստծուն իր ստացածի համար: Սիրելիներ ավարտենք մեր սերտողությունը այսօրվա առակի վերաբերյալ և թող մեր հավատքը միշտ փրկի մեզ մեր բորոտությունից:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի ի սեր Աստծու կատարելագործվենք վերջապես այսքան ուսուցումներից հետո: