ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 17: 1-10
ՄԵՂՔ
1 Յիսուս ըսաւ իր աշակերտներուն. «Անկարելի է որ գայթակղութիւններ չի գան. բայց վա՜յ անոր, որուն ձեռքով կու գան։ 2 Աւելի աղէկ է, որ անոր պարանոցէն իշու ջաղացքի քար մը կախուի ու ծովը ձգուի, քան թէ այս պզտիկներէն մէկը գայթակղեցնէ։ 3 Զգուշութիւն ըրէք ձեր անձերուն։ Եթէ քու եղբայրդ քեզի դէմ մեղանչէ, յանդիմանէ զանիկա։ Եթէ ապաշխարէ, ներէ անոր։ 4 Եթէ օրը եօթը անգամ քեզի դէմ մեղանչէ ու օրը եօթը անգամ դառնայ քեզի ու ըսէ. ‘Կ՚ապաշխարեմ’, պէտք է ներես անոր»։
ՀԱՒԱՏՔ
5 Առաքեալները ըսին Տէրոջը. «Մեր հաւատքը աւելցուր»։ 6 Տէրը ըսաւ. «Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թթենիին կրնայիք ըսել. ‘Արմատաքի խլուէ ու ծովուն մէջ տնկուէ’, ան ալ պիտի հնազանդէր ձեզի»։
ԾԱՌԱՅԻ ՄԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
7 «Բայց ձեզմէ ո՞վ է այն մարդը, որ ունենայ երկրագործ կամ հովիւ ծառայ մը, որ անիկա երբ ագարակէն տուն մտնէ, շուտով ըսէ անոր թէ՝ ‘Անցիր սեղան նստէ’։ 8 Հապա չը՞սեր անոր թէ՝ ‘Պատրաստէ իմ ընթրիքս ու գօտիդ կապած ինծի սպասաւորութիւն ըրէ, մինչեւ ես ուտեմ ու խմեմ ու ետքը դուն ալ կեր ու խմէ’։ 9 Միթէ շնորհակա՞լ կ՚ըլլայ այն ծառային, իրեն հրամայուած բաները կատարելուն համար։ Չեմ կարծեր։ 10 Նոյնպէս դուք, երբ բոլոր ձեզի հրամայուած բաները ընէք, ըսէք, թէ՝ ‘Մենք անպիտան ծառաներ ենք, քանզի ինչ որ պարտական էինք ընելու՝ ըրինք’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ.Աստծու բարի կամքով այսօր կսկսենք Ղուկասի ավետարանի տասնյոթերորդ գլխի սերտողությունը: Նախորդ գլխի երեք ուսուցողական առակները Տէր Հիսուս պատմեց իր աշակերտների ներկայությամբ, որովհետև փարիսեցիները մեծ գայթակղություն էին առաջ բերում հակառակվելով ու ծաղրելով Հիսուս Քրիստոսի խոսքերը իր աշակերտների ներկայությամբ: Հիսուսի պատմած երեք առակների մեջ էլ տեսել էին իրենց ազգային նկարագիրը և իրենց համար ծանր հաշտվել իրականության հետ: Անառակ որդու առակի մեծ եղբայրը իրենց արդար մեծամտությունն էր խորհրդանշում, որ իրենցից բացի ոչ մեկին չեն հավանում և մեղավորին անմաքուր են համարում: Անիրավ տնտեսի առակի մեջ գտան իրենց, որ հավատարիմ չեղան իրենց վստահված տնտեսությանը և որը շուտով իրենցից վերցվեց: Իսկ վերջին՝ Աղքատ ղազարոսի առակը ճիշտ իրենց մասին էր, քանի այնքան կուրացած մնացին օրենքի տառի հանդեպ, որ Մեսիան եկավ իրենց մեջ, քարոզեց, չհավատացին, խաչը հանեցին և նույնիսկ հարությունից հետո էլ չհավատացին: Որպեսզի այս բաներ աշակերտների համար գայթակղություն չառաջացնի, Տէր Հիսուս զգուշացնում է, որ անկարելի է, որ հետագայում էլ այս մարդիկ ձեզ համար գայթակղություն չառաջացնեն, երբ դուք ապրեք աստվածահաճո կյանքով, բայց դարձյալ վա՛յ է տալիս գայթակղություն բերողին:
Նույնիսկ խորհուրդ է տալիս, որ վեմ քար կախեին իրենց պարանոցից և ծովը նետվեին, քան թե հավատի մեջ նոր հաստատված աշակերտներից մեկի համար գայթակղություն հանդիսանային: Աշակերտներին զգուշացնում է իրենց անձերի համար ամեն ժամ զգույշ լինել, և մասնավորապես զգույշ լինել փարիսեցիները կեղծավորության վտանգից: Տէր Հիսուս ասում է, անկարելի է, որ գայթակղություն չգա: Ինչո՞ւ այդպես անխուսափելի դարձավ գայթակղությունը, որը այդքան վնասում է մարդուն: Երբ մարդը շարունակում է ապրել նույն չար մտածումով, չար խորհուրդներով, չար լեզվով, դա դառնում է իր կյանքի ձևը, իսկ այլոց համար՝ գայթակղություն: Օրինակ, երբ մարդ անվերջ անբարո կյանքով է ապրում, և տրվում է հարբեցողության, բժիշկը զգուշացնում է, որ հիվանդությունները անխուսափելի են լինելու այդ մարդու համար, քանի որ ինքը չի կամենում փոխել իր կյանքի տեսակը:Հավատքի մեջ հավատարիմ մարդկանց, որոնք նորադարձ են, այս պարագայում գայթակղությունը շատ մեծ է լինում, և չի բացառվում, որ գայթակղությունը հաղթի նորահավատին: Աշակերտները պետք է զգուշանային չարի գալուց, բայց նաև պետք է կարողանային չարին չարով չպատասխանելու գաղտնիքը սովորել, և հատկապես ներելու գաղտնիքը տիրապետեին: Մի կողմից պետք էր փարիսեցիներին սաստել այդ առումով, մյուս կողմից պետք էր աշակերտներին շիտակ ուղու վրա պահել, որպեսզի հետագա քարոզության ժամանակ այս խնդիրները չառաջանային:
Ապագա հովիվներին զգուշացնում է, որ գայլի գառներին մոտենալը անխուսափելի է, բայց դա չի նշանակում, որ դրանից պետք է գառները կորստյան մատնվեն: Երբ հովիվը արթուն է, գառների կորուստը՝ գայլի պատճառով անհամեմատ նվազ է:
Տէր Հիսուս աշակերտներին սովորեցնում է ներելու գաղտնիքը՝ իր բոլոր կանոններով: Եթե մեկը քո դեմ մեղանչի, սաստի՛ր նրան, սակայն եթե զղջա, ներիր նրան: Մատթևոս ավետարանիչը այս բացատրությանը ավելի հանգամանալից է անդրադարձել, իսկ Ղուկասը թռուցիկ տեղեկություն է տալիս: Սակայն ներելու արվեստը կարելի ասել, որ ամենաբարդ գործընթացն է համարվել մարդկության կյանքում:Մատթևոս ավետարանիչն ասում է եթե մեկը քո դեմ մեղանչի, սաստիր նրան, երբ դուք մենակ եք: Եթե քեզ լսի, ուրեմն շահեցիր եղբորդ: Իսկ եթե քեզ չլսի, առ քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի վկաների բերանով հաստատվի ամեն ինչ:Իսկ եթե նրանց էլ չլսի, կասեց հավատացյալների ժողովում: Իսկ վերջում ասում է, եթե նրանց էլ չլսի, նա քեզ համար թող լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը:Պետրոսը կամենում է իմանալ, թե քանի՞ անգամ կարող է մարդը այդպես վարվել մեղանչողի դեմ:Մի՞թե կարելի է յոթ անգամ ներել նույն մարդուն: Ստանում է զարմանալի պատասխան, թե՝ ոչ թե յոթ, այլ 70 անգամ յոթ: Ի՞նչ է սա նշանակում:
Ներիր, ո՛չ միայն քո խիղճը հանգստացնելու, այլ քո այդ քայլով նրան խորհելու և դարձի գալու առիթ տուր: Ներիր, քանի որ դու գիտես, եթե նա դարձի չգա, ինչ է սպասվում նրան Արդար Դատաստանին: Նրա փրկությունը պակաս կարևոր չէ քո խղճի հանգստությունից: Եթե միայն պատվիրանապահության համար ներես քեզ նեղացնողին, ինչ որ բան կիսատ կմնա: Ուրեմն ներիր, գուցե քո արարքը նրան մտածելու տեղիք տա, և Աստված փոխի նրա սիրտը. Մի այլ դեպքում ներիր, որովհետև դու քաջատեղյակ ես Աստվածաշնչին, իսկ նա գուցե տեղյակ չէ: Ամեն դեպքում ներիր, դեռ ներելուց վնաս չի եղել, սակայն հիշաչարությունը բազում վնասներ ու թշնամություններ է բերել իր հետևից: Մի փիլիսոփա ասել է. «Նա, ով հազար բարեկամ ունի, իր կողքին չունի ոչ մեկին, իսկ նա, ով մեկ թշնամի ունի, նրան հանդիպում է ամենուր»: Ներելով է սկսվում սիրելու առաջին քայլերը... Ներելու մասին մի լավ պատում կա, որ ուզում եմ պատմել ձեզ.
Վանքի միաբաններից մեկը մեղք է գործում: Միաբան եղբայրները վանահոր հետ միասին որոշում են կայացնում դուրս անել նրան վանքից իր արարքի համար, չնայած որ մեղավոր եղբայրը զղջացել էր իր գործած մեղքի համար և ապաշխարում էր, հայցում էր մյուս միաբանների և վանահոր ներողամտությունը: Սակայն նրանք անդրդվելի մնացին և որոշումը կայացվեց: Հեռացնել վանքից...
Այդ գիշեր վանահայրը երազ տեսավ: Տեսիլքով նրան երևաց ահռելի մի կրակ, որի մեջ այրվում էր մեղավոր միաբանը, որը ձեռքեր պարզած օգնություն էր խնդրում: Վանահայրը երազում հրում էր նրա պարզած ձեռքերը դեպի կրակը, որպեսզի ընկղմվի կրակի մեջ և այրվի, սակայն մեղավորը դարձյալ մնում էր կանգնած ու վայր չէր ընկնում: Այդ պահին վանահայրը տեսնում է, որ Հիսուս Քրիստոսն է ամուր պահել նրա ոտքերից, որ չընկնի: Վանահոր սարսափած դեմքին նայելով մեր Տերը խաղաղ ձայնով ասում է: «Ես խաչվեցի նա՛և նրա համար...»:
Ներելու ծանր ու դժվարին թեման լսելուց հետո աշակերտները Վարդապետին խնդրեցին որ իրենց հավատը ավելացնի: Քանի որ յուրաքանչյուրը այս ուսուցման ժամանակ մեզ պես մտքում հիշեց, թե քանի մարդու չի ներել այնպես ինչպես Տէրն է սովորեցնում, քանի մարդու առհասարակ չի ներել և թշնամությունը շարունակվում է մինչ օրս: Նաև քիչ չեն դեպքերը, երբ ներողություն խնդրելուց հետո էլ չեն ներում, քանի դեռ վրեժխնդիր չեն եղել: Իսկ այս մեծ առաքինության համար մեծ հավատ է պետք, որը խնդրում էին աշակերտները և խնդրում ենք նաև մենք ամեն օր: Պարզվեց, որ ընդամենը մանանեխի հատիկի չափ հավատը կարող է ծառ արմատախիլ անել և այլ տեղ տնկել: Բնական է խոսքը ուղիղ իմաստով չէ ասված, այլ կարևոր է արմատախիլ բառը: Եթե հավատ ունենանք մանանեխի հատիկի չափ, կարող ենք մեջ միջից արմատախիլ անել ամեն չարություն ու նախանձ, որը մեզ մղում է մեղքի;
Աշկերտները լսեցին նաև մեկ այլ անհավանական օրինակ՝ իրենց համար, որ մի՞թե տերը կարող է սպասարկել իր ծառային, երբ նա ագարակից վերադառնա: Թե հակառակը, կասեն նախ ինձ սպասարկիր, մինչև ես ուտեմ և խմեմ, ապա դու կուտես և կխմես: Մի՞թե տերը չի գնահատի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց; Դուք նույնպես այդպես վարեք ձեզ տված պարտականությունների մեջ,- ասաց Տէր Հիսուս աշակերտներին,- որ հրամայված է ձեզ, և ասացեք, որ անպիտան ծառաներ ենք, արեցինք այն ինչ պարտավոր էինք անել: Առաքյալները հասկացան, որ իրենք ճիշտ խնդրանք են ներկայացրել իրենց Վարդապետին՝ հավատքի ավելացման հարցում: Քանի որ Վարդապետի ուսուցումն այն մասին էր, որ հավատքի մեջ կատարյալը ր իր կյանքում կատարելագործության հասածը պետք է խոնարհ լինի բոլորից, որովհետև մեծ մեծամասնությամբ կատարյալ մարդիկ են հպարտության մեղքի մեջ հայտնվում: Նույնպես և Աստծու սպասավորները, եթե պահում են պատվիրանները, մեծ բան չէ, որ անում են, քանի որ պարտավոր են անել և որևէ մեկի դեմ չհպարտանալ դրանով և որևէ մեկից ավելի չպահանջել: Հակառակը՝ եթե տեսնեք մեկը տկար է հավատքի մեջ, սատար եղեք նրան՝ վերահաստատվելու հավատքի մեջ: Ծանր է հովվական ծառայությունը այն առումով, որ մեկ հովիվը կարող է իր հոտի մեջ ունենալ մարդկային բոլոր տկարությունները ունեցող անդամներ: Հոտի հոգևոր կարիքները երբեմն անհրաժեշտ է անհատական մոտեցմամբ առողջացնել: Որովհետև նույն դեղը երբեմն բոլոր մարդկանց օրգանիզմի վրա նույն հակազդեցությունը չի կարող ունենալ, զուտ այն պատճառով, որ տարբեր է մարդկանց դիմադրողականությունը տվյալ դեղի կամ հոգևոր խրատի նկատմամբ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի ի սեր Աստծո կարողանանք ներել և ներվել: Հեռու մնալ ամեն տեսակ գայթակղություն լինելուց.