ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 16:19:31
ԱՂՔԱՏ ՂԱԶԱՐՈՍԸ
19 «Հարուստ մարդ մը կար, որ ծիրանի ու բեհեզ կը հագնէր եւ ամէն օր փառաւորապէս ուրախութիւն կ՚ընէր։ 20 Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար վէրքերով լեցուն, որ անոր դրանը առջեւ դրուած էր։ 21 Ան կը փափաքէր հարուստին սեղանէն ինկած փշրանքներէն իր փորը լեցնել։ Շուները կու գային եւ անոր վէրքերը կը լզէին։ 22 Աղքատը մեռաւ ու հրեշտակները Աբրահամի գոգը տարին զանիկա։ Հարուստն ալ մեռաւ ու թաղուեցաւ։ 23 Երբ դժոխքը՝ տանջանքի մէջ էր հարուստը՝ իր աչքերը վերցնելով հեռուէն տեսաւ Աբրահամը ու Ղազարոսը անոր գոգը հանգիստ նստած։ 24 Այն ատեն աղաղակեց ու ըսաւ. ‘Հա՛յր Աբրահամ, ողորմէ ինծի ու ղրկէ Ղազարոսը, որպէս զի իր մատին ծայրը ջուրը թաթխէ ու զովացնէ իմ լեզուս, վասն զի այս բոցին մէջ կը տանջուիմ’։ 25Աբրահամ ըսաւ. ‘Ո՛րդեակ, միտքդ բեր, որ դուն քու կեանքիդ մէջ քու բարիքներդ առիր, նոյնպէս Ղազարոս՝ չարիքներ. հիմա անիկա [հոս] կը մխիթարուի ու դուն կը տանջուիս։ 26 Այս ամէն բաներէն զատ՝ մեր ու ձեր մէջտեղ մեծ անդունդ մը կայ հաստատուած, որպէս զի ձեզի անցնիլ ուզողները չկրնան, ոչ ալ ատկէ մեզի գալ ուզողները՝ անցնին’։ 27 Ան ալ ըսաւ. ‘Ուրեմն կ՚աղաչեմ քեզի, հա՛յր, որ զանիկա իմ հօրս տունը ղրկես, 28 Քանզի հինգ եղբայր ունիմ, որպէս զի երթայ անոնց վկայութիւն տայ, որ չըլլայ թէ անոնք ալ այս չարչարանքին տեղը գան’։ 29 Աբրահամ ըսաւ անոր. ‘Անոնք Մովսէսն ու մարգարէները ունին, թող անոնց մտիկ ընեն’։ 30 Ան ալ ըսաւ. ‘Ո՛չ, հա՛յր Աբրահամ, հապա եթէ մեռելներէն մէկը անոնց երթայ, պիտի ապաշխարեն’։ 31 Աբրահամ ըսաւ անոր. ‘Եթէ Մովսէսին ու մարգարէներուն մտիկ չեն ըներ, ուրեմն մեռելներէն մէկը յարութիւն առնելու ալ ըլլայ, պիտի չհամոզուին’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Ղուկաս ավետարանիչը իր գեղեցիկ առակներով զարդարում է մեր ամեն մեկ օրը և առիթ տալիս խորամուխ լինելու մեր կյանքի մեջ, մեր անձնական գործերի մեջ, ինչպես նաև՝ Աստծու և մերձավորի հանդեպ ունեցած մեր հարաբերությունների մեջ՝ շտկելու համար ամենայն բացթողում, որ կամ մեր կյանքում: Չլինի թե Աստծուց բարձր որևէ արժեք գնահատելի լինի մեր աչքին: Քանի որ երեկ սովորեցինք, որ այն, ինչ բարձր է մարդու աչքին՝ զազրելի է Տիրոջ առջև: Զարմանալի է, որ Հիսուս Քրիստոս փարիսեցիների ուսուցանում էր առակաց գրքի բառերով, իսկ նրանք չէին հասկանում, որ դա այդպես է; Առակաց 16:5 համարն ասում է,- Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև, և ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու: Նաև չէին հասկանում, երբ իրենք էին ծաղրում և պախարակում Հիսուսին, դարձյալ չէին հիշում, որ իրենց արածի մասին էլ գրված Իմաստունի գրքում, թե՝ Ով խրատ է տալիս չարերին, նա անարգանք է ստանում, և ով հանդիմանում է անբարիշտներին, նա ատելություն է վաստակում:Առակաց.9:7 Քրիստոսի նպատակն էր, որ նրանք Աստծու աչքի առջև բարձր երևան, որովհետև օրենքն ու մարգարեությունները ցույց էին տալիս երկրավոր հարստության օրհնությունը՝ Աստծուց, իսկ Հովհաննես Մկրտչից հետո քարոզվում է երկնային հարստությունը, որը առավել քան երկրավորը:Բայց քանի որ այս խոսքերից հետո էլ չհասկացան, Տէր Հիսուս պատմեց նրանց՝ Աղքատ Ղազարոսի առակը, որը իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ անտեսված է հարուստի անունը և նշված է աղքատի անունը՝ Ղազարոս: Իսկ մեծահարուստը նկարագրվում է միայն իր բեհեզ ու ծիրանի հագնելու փաստով:Ավելի պարզեցնում է Տէր Հիսուս իր ասելիքը տեղ հասցնելու համար՝ նրանց շահերից ելնելով: Քանի որ նախորդ առակում Տէր Հիսուս սովորեցնում էր, թե ինչպես տնօրինել հարստությունը, որպեսզի այդ մամոնայից բարեկամներ ձեռք բերել, և որպեսզի երկնային խորաններում ընդունող լինի իրենց:Այստեղ պատմում է այս առակը, որը բուն դրա խորհուրդն է, ինչը կարդացի ձեզ համար:
Ապրում էին հարևանությամբ ոմն մեծահարուստ և մի աղքատ՝ Ղազարոս անունով: Երկուսին էլ Աստված ճանաչում էր: Ղազարոսը կարիքի մեջ էր և մեծահարուստի օգնության կարիքն ուներ: Իսկ մեծահարուստը անցնում էր և չէր նկատում Ղազարոսին: Անցան ժամանակներ, փոխվեցին իրավիճակներ, և մահից հետո այս երկու մարդիկ նորից հայտնվեցին հարևանությամբ, բայց արդեն իրենց միջև մեծ վիհ կար և անցնելն անհնար էր: Այս անգամ հարուստն էր կարիքի մեջ և ակնկալում էր Ղազարոսից օգնություն, բայց վիհը դաժանորեն խանգարում էր նրանց...Փաստորեն Ղազարոսը ոչ մի անգամ չէ՛ր հայհոյել, չէ՛ր անիծել, ու բամբասել մեծահարուստին, որ իրեն չէր օգնել: Իսկ գուցե աղոթել էր Նրա համար, մենք չգիտենք, բայց գիտենք, որ երկրի վրա Ղազարոսն էր կարիքի մեջ, իսկ երկնքում՝ մեծահարուստը: Երկնքում արդեն մեծահարուստը ճանաչում էր Ղազարոսին և նրանից օգնություն էր խնդրում: Մինչդեռ պետք էր որ երկրի վրա ճանաչեր, որպեսզի երկնքում ծարավի կարիք չունենար: Մեծահարուստը նույնիսկ անունը հիշատակելու չարժանացավ Տիրոջ առջև և մնաց որպես մեծահարուստ անվամբ. Մեծահարուստը ոչ միայն լավ էր հագնվում, այլ նաև բարեկեցիկ էր ապրում և վայելում էր կյանքը իր ամբողջ ճոխությամբ:Իսկ Ղազարոսը ընդամենը կամենում էր իր որովայնը լցնել այն փշրանքներով, որոնք թափվում էին հարուստի սեղանից:Ղազարոսի վիճակը ծանր էր, քանի որ կարելի է աղքատ լինել, բայց ո՛չ հիվանդ, կամ վերքերով պատած: Ղազարոսը հաշտ էր իր վիճակի հետ և ոչ ոքի չէր մեղադրում դրա համար: Ինչպե՞ս գիտենք, որ չէր մեղադրում և չէր բողոքում իր կյանքից: Ավետարանն ասում է, երբ Ղազարոսը մեռավ, հրեշտակները եկան և նրան տարան Աբրահամի գոգը: Ղազարոսը եթե բողոքող լիներ, չէր արժանանա այդ պատվին, որ հրեշտակները ցուցաբերեցին նրա նկատմամբ; Ավետարանը մեզ նաև տեղեկացնում է մեծահարուստի մահվան կերպը՝, ասելով,- Մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց: Այն ինչ որ ուներ երկրի վրա, մնաց, և թաղվեց, իսկ իր հոգին տրտում վեր բարձրացավ. Գնաց և տեսավ Ղազարոսին, տեսավ ու արդեն ճանաչեց ճանաչեց նրան, որին անտեսում էր տարիներով իր դռանը ընկած:
Բացի Ղազարոսից տեսավ նաև Աբրահամին, որի հոգատարության մեջ էր աղքատը: Խնդրեց Աբրահամին, որ Ղազարը իր մատը ջրով թրջի և զովացնի իր կրակից չորացած շրթները: Զարհուրեցնող և միաժամանակ խաղաղ պատասխանը, որ տվեց Աբրահամը, մեծագույն թեմա է մեզ՝ խորհելու համար: - Որդյակ,- ասաց Աբրահամը,-հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կյանքի ընթացքում. իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները:Այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես: Այս բոլորից բացի մեր և ձեր միջև մեծ վիհ կա:Ո՛չ այստեղից կարելի է ձեր մոտ գալ, ո՛չ էլ ձեր մոտից՝ մեզ մոտ: Ինչպես որ Աստված Ադամին դրեց դրախտի դռներից դուրս, որպեսզի Ադամը տեսնի իր կորցրած դրախտը, այնպես էլ այս մեծահարուստը հայտնվեց վիհից այն կողմ և անկարելի էր մոտենալ Աբրահամի և Ղազարոսին: Այս բոլորից զրկվեց իր անմարդկային ամբարտավանության պատճառով: Այսպիսի դեպքերի մասին կարդալիս, միանգամից միտքս է գալիս Տիրոջ այն խոսքը, որն անվերջ կրկնում է, ասելով,- Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում: Ինչպիսին ու մեծահարուստի վիճակն էր այս պահին; Իսկ այս պարագայում կարելի է նաև եզրակացնել, թե ինչո՞ւ աղքատ Ղազարոսը մեկ այլ սրբի հոգատարության մեջ չէր հայտնվել, այլ հե՛նց Աբրահամի: Որովհետև Աբրահամը չափազանց հարուստ էր և այդ հարստության հետ մեկտեղ չափազանց կամեցող ու առատաձեռն հյուրասեր: Հիշում ենք Ծննդոց գրքից անծանոթ մարդկանց՝ նրա հյուրասիրությունների մասին: Բոլոր մեծահարուստներն են Աբրահամի հանդիպելու, ովքեր արհամարհել են աղքատին, որբին ու տնակին՝ իրենց վայելքների ու շռայլությունների պահին: Ինչո՞ւ մեծահարուստը միանգամից Ղազարոսին չդիմեց օգնության հարցում, այլ՝ Աբրահամին խնդրեց, որ Ղազարին ուղարկի իր մոտ՝ ջուր տալու: Գո՛ւցե հիշեց, թե որքան է անտեսել այդ աղքատին՝ իր դռան առջև, գո՛ւցե մտածեց, որ Ղազարոսը վրեժխնդիր կլինի իր հանդեպ և չի օգնի: Անմի՛տ մեծահարուստ, գո՛ւցե լավ կլիներ դու մտածեիր մի անգամ, որ այս գիշեր հոգիդ քեզնից կպահանջվի, ինչ կլին այն վայելքները և բեհեզն ու ծիրանին, որպեսզի հիմա չամաչեիր աղքատից:
Աբրահամին դիմեց, մտածելով, որ Աբրահամը չգիտե ողջ պատմությունը ամբողջությամբ: Քանի որ Աբրահամն էլ չվիրավորեց մեծահարուստին, այլ ասաց,- դուք քոնը ստացար այնտեղ, իսկ Ղազարոսը՝ իրենը՝ այստեղ: Սիրելիներ, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ կուզեմ վերլուծենք միասին: Բացառվում է, որ այս մեծահարուստը իր ապրած տարիների ընթացքում ոչ մի բարի բան արած չլինի մեկի համար, անշուշտ արած կլինի, ինչպես որ մեր մեծահարուստներն անում և շեփորահարում: Մեծահարուստն էլ արել բարիք և մարդկանց առջև բարձր երևալու համար՝ փառք է ստացել մարդկանցից: Իսկ Աստծու աչքի առջև՝ զազրելի է եղել, ինչպես որ վերը նշեցինք: Հիմա դառնանք Ղազարոսին: Բացառվում է, որ Ղազարոսը ո՛չ մի վատ բան արած չլինի իր կյանքում, անշուշտ արած կլինի, բայց տարբերությունն այն է, որ ղազարոսը իր արածի համար համբերատար տառապել է իր չարչարանքների համար և չի տրտնջացել երբեք:Սա շատ կարևոր հանգամանք է, որի գիտակցությունը չունեն ինչպես մերօրյա հարուստները, այնպես էլ մերօրյա աղքատները: Առաջինները իրենց արած ողորմությունը թմբկահարում են առավոտից երեկո: Իսկ երկրորդները իրենց բախտը անիծելով տրտնջում են առավոտից երեկո:Այդ պատճառով Մեծահարուստը արժանացավ իր հասանելիքին՝ երկրի վրա և Աղքատ Ղազարոսը արժանացավ իր հասանելիքին՝ երկնքում: Ինչպես որ երկրի վրա վիհ կա մեծահարուստի և աղքատի միջև, քանի որ երբեք մեծահարուստի սեղաններին աղքատներ չեն լինում, և մեծահարուստը իր թիկնապահների պատճառով անհասանելի է աղքատի համար, այնպես էլ երկնքում նրանց միջև վիհ կա: Սակայն այնտեղ արդեն այդ վիհը վնաս է մեծահարուստներին: Որոշ հերետիկոսներ ասում են, որ կգա ժամանակ, երբ չարչարանքները կվերանան և տարբերությունը կվերանա հարուստի և աղքատի միջև և Աստված բոլորին նույն կերպ կընդունի և բոլորի համար նույն Աստվածը կլինի բոլորի մեջ: Չի լինի դրախտ և չի լինի դժոխք: Սակայն Աբրահամի հավատը մեծ է քան հերետիկոսինը, և Աստված խոսել է Իր Աբրահամ ծառայի հետ և նրանից նույնիսկ գաղտնիք չպահեց Սոդոմի և Գոմորի կործանման մասին: Աբրահամը հստակ է տալիս այդ վիհի նկարագրությունը, որ հավիտյան է լինելու:Վիհը բաժանում է արդարի և մեղավորի միջև:
Ի՞նչ է դժոխքը: Մի մասը ասում են որ դժոխքը ստորգետնյա մռայլ, մի մութ տեղ է: Իսկ ոմանք ասում են, որ դժոխքը այն վայրն է, որ մարդու հոգին տեսանելի վայրից հայտնվում է այդ անտեսանելի վայրում: Քանի դեռ հոգին ապրում է մարմնի մեջ, ազատ է իր բոլոր դրսևորումների մեջ, և կարող է բարիք գործել: Իսկ երբ դուրս է գալիս մարդու մարմնից դառնում է անտեսանելի և հայտնվում է վիհից այն կողմ:Մենք առակի մեջ հանդիպեցինք նաև ,,Աբրահամի գոգ,, արտահայտությունը, որը կարծեմ թե արդեն հասկանալի է պատմությունից: Արդարի հոգին հայտնվում է ամենայն խնամքի, մխիթարության և հոգատարության մեջ, որը կոչում են Աբրահամի գոգ: Սիրելիներ մենք հասանք առակի առավելագույն զարհուրելի մասին, երբ մեծահարուստը չստացավ իր համար մի կաթիլ ջրի մխիթարություն, խնդրեց Աբրահամին, որպեսզի դարձյալ Ղազարոսին ուղարկի իր հոր տուն, որտեղ իր հինգ եղբայրները ապրում են նույն կարգավիճակով, քանի որ ասում է, նրանք էլ չգան տանջանքների այս վայրը: Նշանակում է եղբայրներն էլ ապրում են այնպես ինչպես որ ինքն էր ապրում; Այստեղ դարձյալ հարց է առաջանում: Ինչու է դարձյալ խնդրում Աբրահամին, որ Ղազարոսին ուղարկի իր հոր տուն և ոչ թե ուրիշ մեկին: Քանի որ իր եղբայրները ճանաչում են Ղազարոսին աղքատ, հիվանդ, և վերքերով, իսկ հիմա տեսնեն փառքի մեջ հայտնված, որպեսզի հավատան նրան և փրկվեն; Ազգերի հայր կոչված Աբրահամը տալիս է իմաստուն պատասխան մեծահարուստին, ասելով,- Դու այդքան բարեգութ չես քո եղբայրների հանդեպ, որքան որ բարեգութ է Աստված բոլորի հանդեպ: Աստված բոլորի համար կարգել է Մովսեսին և մարգարեներին, թող լսեն նրանց: Իսկ հարուստը հակառակվում է ասելով,- Ոչ, հայր, Աբրահամ եղբայրներս ողջերի քարոզությունը չեն լսում, իսկ եթե մեռելներից մեկը հարություն առնի, նրան կլսեն ու կապաշխարեն: Եթե Մովսեսին ու մարգարեներին չլսեցին, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն, ասաց Հայր Աբրահամը:
Սա հրեաների համար պատկերազարդ օրինակ է, քանի որ իրենք էլ չհավատացին Սուրբ Գրքերին և չհավատացին նույնիսկ մեռելներից հարություն առած չորսօրյա թաղված Ղազարոսին:
Չհավատացին հետագայում Հիսուս Քրիստոսի Հարությունը և սուտ լուր տարածեցին այդ մասին: Մեր հավատքը հիմնված է Ավետարանի ճշմարտության վրա, դրա համար մենք հավատում ենք մեռելների հարությանը: Եթե միայն հարությունը լիներ մեր հավատքի հիմքը, մեր Տերը դա շատ անգամներ կաներ:Առակի մեծահարուստը հրեա ժողովրդին է խորհրդանշում, քանի որ այս առակը պատմում էր հենց նրանց, որոնք ծաղրում էին իրեն հարստության մասին խոսելիս: Քահանայությունը իսկզբանե իրենց էր տրվել իր ողջ իշխանությամբ: Իսկ աղքատ Ղազարոսը հեթանոս ժողովրդի խորհրդանիշն է, քանի որ հեթանոսները իրենց մեղքերի վերքերի մեջ պաշտում է ձեռակերտ կուռքերին և նրանց արգելված էր տաճար մտնել՝ իրենց անմաքրության պատճառով: Հիշում եք հեթանոս կինը աղաչում էր Հիսուսի հետևից և շուն կոչվեց, նա էլ կարիք ուներ Մեծահարուստի սեղանից օգտվելու, և մեծահարուստը նրան չմերժեց և պարգևեց նրա աղջկան կյանք:
Հայր Աբրահամը հեթանոս էր, դարձավ դեպի Աստված և իր գրկում է հավաքելու դարձի եկած հեթանոսներին: իսկ մեծահարուստ հրեան մեռավ և թաղվեց;Առակը կարող ենք հասկանալ նաև բարոյական տեսանկյունից և երբեք չարհամարհենք աղքատին ու տնանկին; Սիրելիներ մի կարևոր մտքի վրա ավարտենք մեր սերտողությունը և թող այս միտքը դառնա մեր այսօրվա խորհելու թեման; Մտովի պատկերացնենք, որ մեր ննջեցյալ մերձավորները խնդրում են Հայր Աբրահամին, որպեսզի մեզ լուր ուղարկի մեր արթնության համար, և մենք տեսանք, որ դա անկարելի է; Մեծագույն սթափություն առաջացնող այս առակը թող մնա մեր մտքում ողջ օրը՝ խորհելու համար:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի հավատանք մեր Սուրբ գրքերին և հավատանք հարությանը՝ առանց որևէ մեկի հարությունը տեսնելու;