ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ. վերցնենք երեկվա ավետարանական խրատը և շարժվենք առաջ, տեսնելու համար, թե ի՞նչ կավելացնենք մեր երեկվա սովորածի վրա:Երեկ հասկացանք, որ հոգևոր կյանքում մանրունք չկա: Ամեն մանրունք թվացող մի երևույթ իր նպատակն ունի մեր կյանքի մեջ: Տէր Հիսուս մեզ ասում է հավատարիմ եղեք քչի մեջ: Թվում է թե մանրունք է, սակայն սա շատ մեծ պատվիրան է, որը չենք կարողանում կատարել:Այնպիսի փոքր թվացող բաներ կան մեր կենցաղում ամեն օր, որ թվում է թե հոգևորի հետ կապ չունեցող բանել են, բայց այդ գործերում էլ այս պատվիրանը պետք է պահվի, թե հավատարիմ եղիր փոքրի մեջ: Օրինակ՝ կեր, բայց մի հագեցիր, խմիր, բայց մի հարբիր, հանգիստ առ, բայց մի ծուլացիր, ամուսնացա՞ր, այլևս մի շնացիր և հազար ու մի այսպիսի երևույթներ, որոնք մեր կյանքի մաս են կազմում:Այսինքն մեր ամեն ինչը պետք է կառավարվի Աստծու կամքով՝ ընտանիք, միջավայր, եկեղեցի, հասարակություն և հատկապես հարստություն, որը կարող է լինել հոգևոր և նյութական:Բոլորը Աստծու կամքով պետք է բաշխենք, որպեսզի հավիտենական խորաններում մեզ դիմավորող լինի:Երբ ապրում ենք այս աշխարհում, որը մեզնից առաջ է ստեղծվել և մերը չէ, հավատարիմ չլինենք նրա նկատմամբ, ով կտա մեզ հավիտենականը՝ որի տերը դարձյալ Աստված է: Եթե ամփոփելու լինեմ միտքս, պիտի ասեմ, որ մեր փրկությունը միայն սիրով չեղավ:Աստված մեզ սիրելով ուղարկեց Իր Որդուն աշխարհ, իսկ Որդին համալրեց Հոր սերը Իր խաչելությամբ, որը սիրո տրամաբանական շարունակությունն է:Եթե այս գաղտնիքը չընկալենք մեր քայլերի սկզբից, շատ ու շատ բաներ մեզ համար անհասկանալի և անիրագործելի կլինի և աշխարհիկ կյանքում և առավել՝ հոգևոր կյանքում:Դրա համար էլ մենք փորձում ենք միաժամանակ ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային: Իսկ Տէր Հիսուս ասաց,- Չեք կարող:
Այսօր Ղուկաս ավետարանիչը մեզ մեկ ուրիշ խրատական առակ էլ պատրաստել, բայց մինչ առակի վերլուծությանը հասնենք, տեսնենք, թե ինչ բանավեճ տեղի ունեցավ փարիսեցիների և Տէր Հիսուսի միջև՝ Անիրավ տնտեսի առակը լսելուց հետո:Այս առակը լսելուց հետո փարիսեցիները սկսում են պախարակել Հիսուսին, քանի որ իրենք արծաթասերներ էին: Տէր Հիսուս նրանց լռեցրեց մեկ նախադասությամբ, ասելով,- դուք մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե:Ով մարդկանց առաջ բարձր է, նա Աստծու առջև զազրելի է: Ես կուզեմ, որ այս միտքը հիշեք և հաշվի առնեք կյանքում՝ բայց ճիշտ ընկալմամբ: Մարդկանց առաջ կեղծ արդար ներկայացողը զազրել է Աստծու առաջ: Քրիստոնյայի կյանքը նեղ ճանապարհ է, և չի առնչվում կեղծ բարեպաշտության հետ:
Այս փարիսեցիները ղևտացի քահանաներ չէին, այլ հրեա ժողովրդի մեջ ուսուցիչներ էին կարգված, բայց ձգտում էին նմանվել ղևտացի քահանաներին, սակայն նրանցից ընդօրինակում էին միայն բարեկեցիկ կյանքը և հարմարավետությունը: Առաքյալն ասում է, երբ մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի բանի է ձգտում: Բայց այստեղ մի նրբություն կա մեր օրերի հետ կապված:Առաքյալի ժամանակ եպիսկոպոսության ձգտելը նշանակում էր, կամավոր ձգտել նահատակության՝ Քրիստոսի համար: Բայց այսօր այսպես չէ, նահատակություն չկա, բայց հարմարավետություն՝ որքան ուզենք: Այդ պատճառով փարիսեցիները ծաղրում էին Հիսուսին այն պատճառով, որ աղքատությունը կարող էր առաքինություն համարվել:Երեկվա և այսօրվա հրեան մտածում է որ հարստությունը Աստծու օրհնություն է մարդու համար, սակայն հարստությունը տնօրինելու պատվիրանը իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է բաժանել աղքատներին; Քանի որ Աբրահամի հարստության համար ասվում է, որ Աստված օրհնեց նրա հարստությունը, բայց Աբրահամի հյուրասիրության մասին չի հիշվում:
Սիրելիներ, Աստծու պատվիրանը պահելիս, եթե Աստծու փառքի համար է պահվում, բավականություն է պատճառում պահողին և արդեն վարձատրություն է Աստծուց, որ հասկանալով ենք պահում: Իսկ երբ պահվում է սեփական փառքի համար, անվերջ ողջույններ և հարգանքի խոսքեր է ակնկալում պահողը, որը տհաճ է Աստծու առջև: Հոգևորականները գիշերով ճանապարհ են անցնում և մեքենայից նկատում ենք, որ զուգահեռ ճանապարհի վրա բեռնատար մեքենայիս մի գերան գլորվեց և ընկավ ուղի ճանապարհի մեջտեղում: Անցնում են բավական ճանապարհ, նրանցից մեկը որը մտքում հիշում է պատվիրանը, հիշեցնում է բոլորին, որ Մովսեսի գրքում գրված է, որ երբ դու նկատեց ճանապարհի քար է գցած, պետք է մոտենաս այդ քարը հեռացնես ճանապարհից: վերադառնում են, գերանը դժվարությամբ տեղափոխում են և հանկարծ նկատում են, որ իրենց է մոտենում մարդատար տուրիստական ավտոբուսը՝ երեխաներով լցված: Բոլորը հիացած նայում են այն քահանային, որը առաջարկել էր վերադառնալ և վերցնել գերանը: Իսկ այդ քահանան խոնարհությամբ ասում է, - ինչու եք ինձ նայում, չէ որ օրենքի գրքում է գրված: Պատվիրանը կատարվեց այս պարագայում՝ ոչինչ չակնկալելով, այլ հանուն պատվիրանի կատարման, քանի որ Աստծու խոսքն է: Սա արդեն մեծ վարձատրություն է:Այդ փարիսեցիները ուղղակի պահում էին օրենքը, որի համար հետագայում Տէր Հիսուս ասաց, որ օրենքը մարդուն փրկություն չի բերում և կատարյալ չի դարձնում, քանի որ օրենքը ցույց է տալիս մեղքը: Իսկ մարդն անկարող է ամբողջությամբ պահել բոլոր օրենքները որ գրված են Մովսեսի գրքում; Իսկ պատվիրանապահությունը այլ բան է, պատվիրանը Աստծու կամքի կատարումն է, որ առաջնորդում է դեպի մարդու կատարելագործման և փրկության: Փարիսեցիներին պետք էր հասկանալ, որ օրենքը և մարգարեությունները մինչև Հովհաննես էր, իսկ Հովհաննեսի հետո սկսվեց քարոզվել Աստծու արքայությունը և այդ քարոզությունը երբ մտնում է մարդու մտքի և սրտի մեջ, լսողը ակամայից կամենում է ձեռք բերել այդ արքայությունը՝ ամեն գնով: Օրենքը ո՛չ թե պետք է անտեսել, այլ օրենքի միջոցով է, որ մենք տեսնում ենք մեր կատարած սխալը: Ինչպես որ առաքյալն է ասում, - օրենքը հայելի է, որի մեջ տեսնում ենք մեր իրական կերպարը:
Օրինապահ հարուստը հարցնում էր Հիսուսին, ինչ անել հավիտենական կյանքը ժառանգելու համար, Տէր Հիսուս ասաց, պահիր պատվիրանները: Օրենքը նրա համար է, որ տեսնես երևույթի սխալ լինելը, պատվիրանը նրա համար է, որ չկատարես այդ սխալը Աստծու կամքով, որպեսզի կատարելագործվես մինչև քո տնտեսության հաշիվը քեզնից կպահանջվի: Ավարտի Տէր Հիսուս ասում է,-Երկինք ու երկիր կանցնեն, բայց օրենքից մի տառ չի կորի, քանի որ այդ օրենքն ու մարգարեությունները բոլոր ցույց են տալիս Քրիստոսի գալուստը և այդ պատճառով է, որ ասում մինչև Հովհաննես, այսինքն այնուհետև Ինքը կխոսի Իր մասին:Ամբողջ Լեռան քարոզը այդ մասին է խոսում:Քրիստոնեության մեջ պատվիրանը բարձր է օրենքից, քանի որ բարություն չկատարողը անդեն մեղքի մեջ է, որ կկարողանար կատարել, բայց չի կատարում բարին: Եթե օրենքն ասում է,- մի շնանար, ապա Քրիստոս ասում է,- ամեն մարդ, ով նայում է կնոջը՝ նրան ցանկանալու համար, արդեն շնացավ իր սրտում. Այստեղ տեսնում ենք, որ պատվիրանը առավել է օրենքից և պատվիրանի անտեսումը միանգամից անտեսում է Աստծու խոսքին; Մենք վերևում՝ փոքրի մեջ հավատարիմ լինելու թեմայի մեջ նշեցինք նաև այս մասին: Բայց այս թեման այնքան անտեսված է մեր իրականության մեջ, որ մոռացվել և՛ օրենքը և պատվիրանը:Մարդիկ նույնիսկ բաժանվում են իրենց կնոջից, երբ հրապուրվում են մեկ այլով, որը իբրև ավելի լավն է քան իր կինը:Սա պատվիրանազանցություն է մեծ մասշտաբների այսօրվ իրականության մեջ: մենք նույնիսկ այս փոքր բանի մեջ չենք կարողանում հավատարիմ մնալ Աստծու խոսքի հանդեպ: Ուրեմն ինչպես կարող ենք հավատարիմ լինել օրինակ՝ որևէ անձնազոհության, որը պետք է արվի այլոց օգնելու համար: Անկախ այն բանից, թե այդ զոհաբերությունը մեզնից ինչ կպահանջի՝ ժամանա՞կ, առողջությո՞ւն, հարստությո՞ւն, թե մասնագիտական որևէ մոտեցում: մենք ուղղակի որպես քրիստոնյաներ պատրաստ չենք այդ զոհաբերությանը՝ հանուն առաքինության և պատվիրանապահության:
Տէր Հիսուս Քրիստոս ասում է, ով այս պատվիրաններից, փոքրերից անգամ մի բան կջնջի, ու մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կհամարվի: Իսկ նա, ով և՛ կկատարի և՛ կուսուցանի, երկնքի արքայության մեջ մեծ կհամարվի:
Ղուկաս ավետարանիչն այսօր մեզ ավելի մոտիկից ցույց տվեց այն գաղտնիքը, թե ինչու Հիսուս Քրիստոս չընդունվեց, չգնահատվեց, և չմեծարվեց փարիսեցիների կողմից; Ավետարանն ասում է, քանի որ փարիսեցիները արծաթասեր էին, պախարակում էին Քրիստոսին, երբ Նա խոսում էր մամոնայի մասին: Նրանք մինչև վերջ Քրիստոսին նայեցին որպես մի շրջիկ քարոզիչ, որը ո՛չ տուն ունի, ո՛չ հարստություն, և ինչպես ասացինք, իրենք կարծում էին, որ շատ հարստությանը օրհնում է Աստված, իսկ այս քարոզիչը ոչինչ չունի և սա չի կարող Մեսիա լինել: Այս հանդիպման ժամանակ ավետարանիչը մեզ հստակ ցույց է տալիս, որ փարիսեցիները արհամարհում և ծաղրում են Աստծու Որդու խոսքը՝ իրենց մեծամտության և կեղծ արդարության պատճառով, իսկ Աստծու Որդին նրանց ասում է,- Ձեր տեսակը զազրելի է Աստծու առջև: դուք հիմա պետք էր, որ Աստծու արքայությունը բռնի կերպով վերցնեիք, իսկ դուք ծաղրում եք, ինչի համար վա՛յ ձեզ, քանի որ կույր եք և չեք էլ կամենում տեսնել: Սա շատ կարևոր նրբություն է, որպեսզի մենք հասկանանք փարիսեցու տեսակի և Աստծու խոսքի միջև հակասությունների պատճառները, որոնք քիչ չեն նաև եր օրերում, մեր աչքի առջև: Ի՞նչ ջանքեր ենք մենք գործադրում այսօր՝ Աստծու արքայությունը բռնի կերպով վերցնելու համար: Սա ևս չլուծված հարց է մեր եկեղեցուց ներս: Քանի որ հավատացյալը բավարարվում է նրանով, ինչ տալիս են իրեն, անկախ այն բանից, այդ տվածը իրեն հոգևոր աճ ապահովո՞ւմ է, թե՞ ոչ: Ոչ ոք չի պահանջում, որ իրեն սովորեցնեն օրենքը, մարգարեությունները, որոնք մինչև Հովհաննեսն էին տրված:Մենք չենք ձգտում ավելին իմանալ հոգևոր կյանքի մասին: Օրենքն ու մարգարեությունները իմացողները հասկացան, թե ով է Աստված, ինչպես ստեղծվեց այս աշխարհը, և ինչպես են իրենք հայտնվել աշխարհում: Բայց սա ավարտ չէ, Քրիստոս եկել էր լրացնելու ամեն բան; Իսկ իրենք արդեն չեն ուզում իմանալ այդ արքայության մասին, այդ Քրիստոսի մասին, իրենց փրկության մասին; Իրականում Ղուկասի ավետարանի այս փոքրիկ հատվածում բավական մեծ լույս կա նաև մեզ համար, քանի որ մենք էլ հոգևոր կյանքում պահանջատեր չենք, ավելին ցանկացող չենք: Ես ուրախ կլինեմ, որ դուք ինձնից ավելին պահանջեք, լրացուցիչ քարոզներ ուզեք, հավելյալ ժամեր ուզեք զրուցելու համար: Այսպես բռնի ուժով պետք է վերցնենք արժեքավոր բաները, որոնք մեզ կտանեն դեպի փրկություն, թե չէ կորստյան ենթակա հարստություն դեռ ոչ ոքի չի փրկել, սակայն բոլոր մարդիկ ձգտում են բռնի տիրանալ այդ հարստությանը: Սերտողությունը սկսելիս, ինձ թվաց, թե կանդրադառնանք Աղքատ ղազարոսի առակին, սակայն ես էլ չնկատեցի, թե ինչպես ժամանակը իր ավարտի հասավ՝ նյութի ծավալուն լինելու պատճառով: Փառք Աստծու այսքան արժեքավոր գիտելիքի համար, որ պատրաստել է մեզ համար: Իսկ մեզ Աստված թող բարի կամք տա՝ յուրացնելու և փրկվելու համար: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, իսկ առակին կանդրադառնանք վաղը՝ եթե Աստված մեզ կյանք ու ժամանակ տրամադրի:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ նախանձախնդրությամբ կամենանք ձեռք բերել Աստծու արքայությունը: