ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 16: 1-13
ԽՈՐԱՄԱՆԿ ՏՆՏԵՍԸ
1 Իր աշակերտներուն ալ ըսաւ. «Հարուստ մարդ մը կար, որ տնտես մը ունէր։ Անոր վրայ գանգատ եղաւ իրեն՝ որպէս թէ իր ունեցածը կը փճացնէ։ 2 Ուստի կանչեց զանիկա ու ըսաւ անոր. ‘Ի՞նչ է այս որ քեզի համար կը լսեմ։ Քու տնտեսութեանդ հաշիւը տուր, վասն զի ա՛լ չես կրնար տնտես ըլլալ’։ 3 Տնտեսը իր մտքին մէջ ըսաւ. ‘Ի՞նչ ընեմ, որովհետեւ իմ տէրս տնտեսութիւնը ինծմէ կ՚առնէ. հողագործութիւն չեմ կրնար ընել մուրալու կ՚ամչնամ։ 4 Գիտեմ ի՛նչ պիտի ընեմ, որպէս զի երբ իմ տնտեսութենէս հանուիմ, զիս իրենց տունը ընդունին։ 5 Իր տիրոջը պարտականները մէկիկ մէկիկ իրեն կանչելով՝ ըսաւ առաջինին. ‘Դուն իմ տիրոջս ո՞րչափ պարտք ունիս’։ 6 Ան ալ ըսաւ. ‘Հարիւր մար ձէթ’։ Ըսաւ անոր. ‘Գիրդ առ ու շուտով նստէ յիսուն գրէ’։ 7 Ետքը միւսին ըսաւ. ‘Դո՞ւն որչափ պարտք ունիս’։ Անիկա ըսաւ. ‘Հարիւր քոռ ցորեն’։ Ըսաւ անոր. ‘Գիրդ առ եւ ութսուն գրէ’։ 8 Տէրը անիրաւ տնտեսը գովեց, որ խելացութիւնով ըրաւ. վասն զի այս աշխարհին որդիները իրենց ցեղին մէջ՝ լուսոյ որդիներէն աւելի խելացի են»։ 9 Ես ալ ձեզի կ՚ըսեմ. «Անիրաւ մամոնայէն ձեզի բարեկամներ ըրէք, որպէս զի երբ անիկա պակսի ձեզ յաւիտենական բնակարաններու մէջ ընդունին»։ 10 «Ան որ քիչ բանի մէջ հաւատարիմ է, շատի մէջ ալ հաւատարիմ կ՚ըլլայ եւ ան որ քիչի մէջ անիրաւ է, շատի մէջ ալ անիրաւ կ՚ըլլայ։ 11 Ուստի եթէ անիրաւ մամոնային մէջ հաւատարիմ չըլլաք, ճշմարիտ հարստութիւնը ո՞վ պիտի հաւատայ ձեզի։ 12 Եթէ օտարին բանին մէջ հաւատարիմ չըլլաք, ձերը ո՞վ պիտի տայ ձեզի։ 13 Ծառայ մը չի կրնար երկու տէրերու ծառայութիւն ընել, վասն զի կա՛մ մէկը պիտի ատէ եւ միւսը սիրէ, կա՛մ մէկուն պիտի յարի եւ միւսը արհամարհէ։ Չէք կրնար ծառայել Աստուծոյ ու մամոնային»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր միասին պետք է վերլուծենք ևս մեկ անզուգական առակ, որը դարձյալ արձանագրել է միայն Ղուկաս ավետարանիչը: Այս առակը ուսուցանելու ժամանակ, ավետարանիչը մետ տեղեկացնում է, որ Հիսուս ,,Անիրավ տնտեսի,, առակը պատմում էր աշակերտներին: Ինչո՞ւ է պատմում աշակերտներին: Հավանաբար աշակերտների ուշադրությանն է հանձնում առակը՝ վերլուծելու և հասկանալու համար, բայց բնականաբար ժողովրդի բազմությունը ներկա էր: Յուրաքանչյուր առակ հնարավոր է վերլուծել այնքանով, որքանով որ մեզ հայտնի է Աստծու նպատակը՝ տվյալ պահին, Իր խոսակցական ոճը, և ժամանակի ավանդությունները: Անշուշտ ստուգությամբ չենք կարող ասել, թե ով էր այս մեծահարուստ մարդը, որ մի տնտես ուներ: Ով էր այս տնտեսը, կամ պարտապաններից մեկը ցորեն էր պարտ, մյուս ձեթ: Մեկին պարտքի կեսն է ներում, մյուսին միայն հարյուր պարկ ցորենը: Որպեսզի առակի մեկնաբանությունը չմտնի ավելի բարդ կառուցվածքի մեջ, մենք փորձենք վերլուծել հնարավորինս ըստ Ավետարանի տրամաբանության:Միակ միտքը, որը գրավում է մեր ուշադրությունը առակի մեջ, այն է, որ Աստված հանձնարարում է լսողներին և նաև մեզ, որ հավատարիմ լինենք այն գործի մեջ, որում նշանակված ենք, անկախ մասնագիտությունից և պաշտոնից: Նաև պետք է հիշենք, որ մենք տնտեսներ ենք այս կյանքում, և ծառայում ենք ինչ որ մի տիրոջ տնտեսության մեջ: մեր ծառայությունը այպես պետք է կազմակերպենք, որպեսզի մեր ծառայության մասին բամբասանք կամ դժգոհություն չառաջանա, և չբողոքեն մեր գործատիրոջը: Այլապես մենք էլ պարտավոր կլինենք հաշվետու լինել մեր ծառայության համար, ինչպես որ այս տնտեսը: Իսկ երբ գանգատը հասնի մեր գործատիրոջը, արդեն ուշ կլինի շտկել ամբողջ սխալը սկզբից թույլ տված: Դրա համար փչի մեջ հավատարիմ ծառային շատի վրա վստահաբար կարգում են: Առհասարակ ավետարաններում ավելի շատ աղքատների մասին է գրված, քան հարուստների: Մեր Տէրը միշտ մատնացույց է անում աղքատներին արված օգնությունը և այդ օգնությունը վերագրում է իբրև իրեն հասած ողորմություն: Ըստ այն խոսքի, որ ասում է,- Աղքատին տվեցիք, ի՛նձ տվեցիք:Այս տնտեսն էլ շուտ կողմնորոշվեց և կանչեց պարտապաններին և իր եկամուտներից, որ պետք է ստանար տոկոսներ, մարեց նրանց պարտքերը, որպեսզի երբ իրեն աշխատանքից ազատեն, պարտապաններից ոմանք օգնեն իրեն՝ ապրուստի հարցում: Իսկ երբ մենք անհավատարիմ ենք այն ծառայության մեջ, որը վստահված է մեզ, և աշխատում ենք միայն մեր սեփական գրպանի համար, այդ աշխատանքը շուտով մեզնից կվերցվի և կտրվի արժանավորին:
Երբ այս տնտեսը ճարպկությամբ արեց այն, ինչ պետք էր վաղուց անել, տերը գովեց անիրավ տնտեսին: Այստեղ միշտ մարդկանց մոտ հարց է առաջանում, ինչպես կարելի է գովել անիրավությունը: Բայց մենք ուշադիր չենք լսում միտքը: Ո՛չ թե գովում է անիրավությունը, այլ՝ հնարամտությունը՝ շուտ կողմնորոշվելու: Մի այլ տեսակետ էլ կա, որն ասում է տնտեսը տիրոջ միջոցներից ներեց պարտքերը, և այդ պարտապանները գոհացան տիրոջ առատաձեռնությունից և փառավորեցին Աստծու այդ պատճառով: Աստված ուզում է որ իրենից վերցնեն և բաժանեն կարիքավորներին: Սա բարի ծառայություն է և ինչ որ բաժանում ենք, մերը չէ, այլ՝ Աստծունը: Համեմատեց աշխարհի որդիներին՝ լույսի որդիների հետ: Լուսի որդիները նրանք են, որոնք Աստծու Ավետարանի պատգամը պետք է բաժանեն մարդկանց՝ նրանց հոգու փրկության համար: Աշխարհի որդիները իրենց աշխատանքի մեջ ջանում են կուտակել, որպեսզի իրենց ազատվելուց հետո հարստություն դիզած լինեն՝ վայելելու համար: իսկ լույսի որդիները, որոնք իրենց ամբողջ կյանքում միայն հոգևոր լույս են բաժանում, երբեք պետք չէ որ մտածեն որևէ նյութական շահ ունենալու մասին: Բայց պարզվում է որ այդպես չէ: Աշխարհի որդիները հնարամտությամբ գործում են իրենց շահի համար, բայց լույսի որդիները չունեն այդ հնարամտությունը և ճարպկությունը՝ երկնքում դիզելու իրենց գանձերը: Եթե լույսի որդիները չեն կարողանում իրենց արդար հարստությունը բաժանել հոգևոր աղքատներին, ապա ինչպես պահանջել անարդարությամբ հարստացած մարդուց, որ իր ունեցվածքից բաժին հանի աղքատին:Առակի վերջում հաց է տալիս Տէրը, ասելով,- Քիչ բանի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ հավատարիմ է: Իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է: Եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ով կվստահի ձեզ ճշմարիտը: Կամ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ: Ոչ մի ծառա երկու տիրոջ չի կարող ծառայել: չեք կարող և Աստծուն ծառայել և մամոնային: Այսինքն այս աշխարհում քեզ բաժին հասած ծառայության մեջ, որ ժամանակավոր է, եթե հավատարիմ ես, հավիտենական կյանքում քեզ ավելին կվստահվի քո հավատարմության համար: Այստեղ աշխարհում իր տնտեսության մեջ անհավատարիմ եղած մարդուն չի հանձնվի ոչ մի տնտեսություն՝ հավիտենականության մեջ:մեր Տիրոջ վերջնական հորդորն այն է, որ եթե քո հարստությունը կուտակված է քո բանկերում կամ քո տանը, ուրեմն դա անարդար կերպով ձեռք բերված է, դրա համար է քեզ մոտ: Որովհետև արդարությամբ հարստություն ձեռք բերողի մոտ հարստություն չի լինում, այլ՝ բաժանված է լինում կարիքավորներին; Այսպիսին հավիտենականության մեջ կկարգվի ավելի շատի վրա:
Չէ որ մենք մերկ ենք եկել աշխարհ, և ամեն ինչ աշխարհում ենք ձեռք բերում, և դարձյալ ձեռնունայն ենք հեռանալու աշխարհից: Չեք կարող կրքերով կապված լինել ձեր հարստությանն ու ինչքին և կարողանաք ծառայել Աստծուն: Պետք է ընտրեք դրանցից մեկը, նայած թո որքանով եք արժևորում ամեն մեկը:
Սիրելիներ, բայց քանի որ մեր Տէրը նյութական և կենցաղային ապրուստը առաջնային չի համարում, ուրեմն այստեղ փնտրենք հոգևոր գաղտնիքը: Տէր Հիսուս Քրիստոս Ավետարանում բազում անգամներ մեզ ուղղություն է ցույց տալիս, թե ի՛նչը կարող ենք անել, և ի՛նչը չե՛նք կարող անել: Հազարավոր անգամներ մեզ զգուշացնում է, - Մի վախեցեք, ես եմ: Բայց մեկ տեղում ասում է,- Կասե՛մ, թե ո՛ւմից վախենաք և իրեն նկատի ունի: Մեզ ասում է կարող եք փնտրել և գտնել: Կարող եք բախել և բացել դուռը: Կարող եք խնդրել և ստանալ ձեր խնդրածը: Բայց նաև ասում է,- Առանց ինձ ոչինչ անել չե՛ք կարող: Այս առակի մեջ ասում է, - չեք կարող երկու տիրոջ ծառայել: Աստված որ ստեղծել է մեզ, գիտե մեր կարողություններն ու հնարավորությունները: Նրա միակ նպատակն է մեզ վերադարձնել մեր նախկին վիճակին՝ մինչև մեղանչումը: Իսկ մեզ՝ ապերախտ մարդկանցս, փոխարեն օգներ Աստծուց մեզ տրված ազատ կամքը, մեղքից զերծ մնալու համար, հակառակը՝ մեզ խանգարում է, որ մենք մեր ազատ կամքով երես դարձնենք մեղքից և շրջվենք դեպի Աստված՝ դեպի բնական վիճակ: Մեր մասին ամբաստանությունները միշտ հասնում են Աստծուն և Աստվածաշնչում շատ ենք հանդիպում այսպիսի մտքերի, ինչպես որ այս առակում էր ասում, որ նրա մասին ամբաստանություն եղավ: Նաև Ծննդոց Գրքում կարդում ենք, որ Կայենին ասում է, այդ ի՞նչ արեցիր,քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ: Այնուհետև դարձյալ Ծննդոց Գրքում կարդում ենք, որ Տէրն ասում է,- սոդոմացիների և գոմորացիների աղաղակը ահագնացել է և հասել է ինձ, նրանց մեղքերը շատացել են:Երկրի վրա տեղի ունեցած բոլոր մարդկանց ամբաստանություններն ու մեղքերը աղաղակում են Աստծու առջև և Աստված մի օր մեղավորից պահանջում է իր տնտեսության հաշիվը, որը իր կյանքն է: Ի՞նչ է մտածում մեղավոր մարդը, որը չի զղջում իր մեղքի համար և իր տնտեսության հաշիվը պահանջում է Տերը՝ իր մեղավոր կյանքի համար: Մեղավորը մտածում է, հավիտենականության արժանի չեմ, դժոխք էլ չեմ ուզում, ի՞նչ պետք է անեմ: Վերջին պահին գտնում է որոշումը ինչ անելու: Զղջում է մեղքերը, ունեցածը բաժանում է կարիքավորներին և Տիրոջ առջև շնորհ է գտնում դարձյալ շարունակելու կյանքը՝ արդեն առանց մեղքերի: Սա կարող է լավագույն օրինակ լինել, եթե գտնվի այսպիսի մի մարդ: Օրերս մենք կարդացինք մեծահարուստի հարուստ տնտեսության մասին, որ առատ բերքի պատճառով շտեմարաններ է ավելացնում, բայց երբեք չէր մտածում իր շուրջը եղած կարիքավորի մասին, երբ Ասված ասաց,- այս գիշեր հոգիդ քեզնից կպահանջեն, ո՞ւմ է մնալու այն ինչը կուտակում ես:
Այս մարդիկ հավատարիմ չեն իրենց տնտեսության մեջ և միայն աշխարհի որդիների նման կամենում են դիզել և իրենց խորը ծերության ժամանակ՝ վայելել: Ոչ ոք չի ակնկալում, որ տնտեսության հինը կարող է գիշերը պահանջվի: Եթե իր տնտեսության մասին մտածեր մեծահարուստը, չէր անտեսի իր դռան առջև նստած աղքատ ղազարոսին: Երկուսն էլ երկնքում հանդիպեցին, ուղղակի յուրաքանչյուրը իր հասանելիք վայրում: Այլևս հարուստը չէր կարող Ղազարոսին օգնել, ո՛չ էլ Ղազարոսը կարողացավ իր մատը թրջել և զովացնել իր հարուստ տիրոջ չորացած լեզուն; Այս հարուստների աղաղակն ու ամբաստանությունն էլ էր հասել Աստծուն, այնպես ինչպես բոլոր ամբարտավանություններն ու անօրենությունները որոնք կատարվում են մեր օրերում:Մենք չենք մտածում մեր տնտեսության հաշվետվություն մասին, այլ՝ հակառակը՝ մենք մեզ ոչ թե տնտես, այլ՝ տեր ենք զգում մեր ծառայության վայրում:
Այս առակի հետևում կանգնած է մեր աշխարհի իրական պատկերը, որ գործածվում է Տիեզերքի Արարչի տնտեսությունը և վատնում են ինչպես որ ուզում են: Դարձյալ հաշվի չեն առնում հաշվետվության մասին; Դրա համար Տէր Հիսուս իր աշակերտներին բացահայտում է գաղտնիքը առակի, որ հավատարիմ պետք է լինեք փոքրի մեջ: Սիրելիներ, Տիեզերքի Տէրը Աստված է, արարչագործությունը Աստծուն է պատկանում, մենք միայն տնտեսներ ենք դրանց օգտագործման և հատկապես ինչպիսի հավատարմությամբ օգտագործման; Բարսեղ մեծ Հայրապետը մի գեղեցիկ ճառ ունի՝,,Հսկիր քեզ,, վերնագրով, ուր ներկայացնում է, որ մարդը իր ողջ կյանքի ընթացքում պետք է ուսումնասիրի իր սեփական անձը, հիանա Աստծու այսպիսի ստեղծագործությամբ և արթուն լինի ողջ կյանքի ընթացքում, որպեսզի չվնասի Աստծու պատկերն ու նմանությունը: Ինչի մասին որ մենք վերևում խոսեցինք, որ Աստծու միակ նպատակը դա է՝ մարդուն վերականգնել իր նախկին տեսքի մեջ: Մենք պետք է զգույշ լինենք այս ժամանակի համար, որ լռություն է և անորոշություն: Աստված լսում է երկրի աղաղակը և մի օր պահանջում է երկրի տնտեսության հաշիվը: Առակի տնտեսն էլ հանգիստ աշխատում էր իր տիրոջ տնտեսության մեջ և չէր մտածում ամբաստանության մասին;Մեր երկիրն այսօր ամենաշատը այդ մտահոգությունը պետք է ունենա, քանի որ աղաղակը երկրից երկինք է հասել արդեն ամեն առումով: Հոգևոր ու քաղաքական, հասարակական ու ընտանեկան, անհատական ու ընկերային հարաբերությունների մեջ ոչ ոք հավատարիմ չէ Տիրոջից ստացած տնտեսության մեջ, և աղաղակը ահագնացել է ու Աստծուն է հասել:Թող ողորմի մեզ Տէր Աստված մեր անփութության և անհավատարմության համար, և մեզ ճշմարիտ ապաշխարություն պարգևի՝ այս վիճակից անկորուստ դուրս գալու համար: Անիրավ մամոնայից մեզ համար բարեկամներ անենք, որպեսզի հավիտենական հարկերի տակ մեզ ընդունող լինի: Ավարտենք նաև այս օգտակար առակի վերլուծությունը, սակայն մեր գլխավոր խնդիրը մնում է մեր տնտեսության վերլուծությունը ավետարանական ցանկացած առակի և պատգամի լույսի ներքո: Օգոստինոս Երանելու խոսքերով ավարտենք մեր միտքը, որն ասում է,- Ազատության ուժն այնտեղ է, որ ընդունակ լինես մեղք չգործելու: Բայց ազատության հմայքն այնտեղ է, որ հասել ես հոգևոր այն աստիճանի, որ այլևս անկարող ես մեղք գործել:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի քչի մեջ հավատարիմ գտնվելու շնորհիվ, Տէրը մեզ շատի մեջ հաստատի: