ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 15:11:32
ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ
11 Ապա ըսաւ. «Մարդ մը երկու որդի ունէր. 12 Անոնցմէ պզտիկը հօրը ըսաւ. ‘Հա՛յր, քու ստացուածքէդ ինծի իյնալու բաժինը տուր ինծի’։ Ան ալ բաժնեց անոնց իր ունեցածը։ 13 Շատ օրեր չանցած՝ պզտիկ որդին բոլոր բաները հաւաքեց, հեռու երկիր մը գնաց եւ հոն անառակութեամբ ապրելով իր ունեցածը փճացուց։ 14 Բոլոր ունեցածը հատցուցած էր, երբ երկրին մէջ սաստիկ սով մը եղաւ ու ինք չքաւոր դարձաւ։ 15 Ուստի գնաց այն երկրին քաղաքացիներէն մէկուն քով մտաւ։ Ան ալ իր ագարակը ղրկեց զանիկա՝ խոզեր արածելու համար։ 16 Հոն կը փափաքէր խոզերուն կերած եղջիւրէն իր փորը լեցնել, բայց մէ՛կը չէր տար անոր։ 17 Այն ատեն ինքզինքին գալով՝ ըսաւ. ‘Քանի՜ բանուորներ կան իմ հօրս տունը հացով լեցուած, ես հոս սովամահ կը կորսուիմ։ 18 Ելլեմ, երթամ իմ հօրս եւ ըսեմ անոր. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քու առջեւդ, 19 Ա՛լ արժանի չեմ քու որդիդ ըսուելու, զիս քու վարձկաններէդ մէկուն պէս ըրէ’»։ 20 Ու ելաւ իր հօրը գնաց։ Մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսաւ զանիկա ու գութը շարժեցաւ եւ վազելով՝ անոր պարանոցին վրայ ինկաւ ու համբուրեց զանիկա։ 21 Որդին ալ ըսաւ անոր. ‘Հա՜յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քու առջեւդ եւ ա՛լ արժանի չեմ քու որդիդ ըսուելու’։ 22 Բայց հայրը ըսաւ իր ծառաներուն. ‘Հանեցէք առաջին պատմուճանը ու հագցուցէք անոր եւ մատանի դրէք անոր ձեռքը ու կօշիկներ՝ անոր ոտքերը 23 Եւ պարարտ զուարակը բերէք, մորթեցէք, ուտենք եւ ուրախ ըլլանք. 24 Վասն զի այս իմ որդիս մեռած էր ու ողջնցաւ, կորսուած էր ու գտնուեցաւ’։ Սկսան ուրախութիւն ընել։ 25 Անոր մեծ որդին ագարակն էր, երբ եկաւ ու տանը մօտեցաւ, նուագարաններու եւ պարերու ձայն լսեց։ 26 Ծառաներէն մէկը իրեն կանչելով՝ հարցուց, թէ ‘Այս ի՞նչ է’։ 27 Անիկա ալ ըսաւ անոր. ‘Եղբայրդ եկաւ ու հայրդ պարարտ զուարակը մորթեց, վասն զի ողջ առողջ ձեռք ձգեց զանիկա’։ 28 Իսկ ինք բարկացաւ ու չէր ուզեր ներս մտնել, ուստի իր հայրը դուրս ելլելով կ՚աղաչէր անոր։ 29 Անիկա պատասխան տալով՝ ըսաւ հօրը. ‘Ահա այսչափ տարի է, որ քեզի կը ծառայեմ ու բնաւ քու խօսքէդ դուրս չելայ ու ինծի երբեք ուլ մը չտուիր, որ իմ բարեկամներուս հետ ուրախութիւն ընէի։ 30 Բայց երբ եկաւ այդ քու որդիդ, որ քու ստացուածքդ բոզերու հետ կերաւ, անոր մորթեցիր պարարտ զուարակը’։ 31 Եւ հայրը ըսաւ անոր. ‘Որդեակ, դուն միշտ ինծի հետ ես ու իմ բոլոր ունեցածս քուկդ է։ 32 Սակայն պէտք է ուրախ ըլլալ եւ խնդալ, վասն զի այս քու եղբայրդ մեռած էր ու ողջնցաւ, կորսուած էր ու գտնուեցաւ’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Առակաց գիրքն ասում է,- Ով բարիքի փոխարեն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից.Առակաց 17:13. Ավետարանի ողջ պարունակությունն է մեզ վերաբերում, բայց այսօրվա առակի մեջ, որ միայն Ղուկասն է արձանագրել, բոլորս ենք ընդգրկված: Այս առակը կարելի է քրիստոնեական առակների մեջ համարել գլուխգործոց: Քանի որ մեր կյանքն էլ անցնում է ճիշտ այս ճանապարհով: Աստված անփոփոխ ներող ու բարի է Հայր է՝ զղջացող ու դարձի եկող մեղավորի հանդեպ:Համբերող ու ներող է Հայր է նա՛և հպարտ արդարի, որը ապաշխարության կարիք չունի իր կարծիքով:Առակը ձեզ համար կարդացի, եթե նույնիսկ չկարդայի, բոլորդ անգիր գիտեք այս ուսուցողական դասի մասին:Առակը նշանավոր է նրանով, որ Հայրը միանգամից ներեց և չպատժեց որդուն՝ վատ արաքի համար, որովհետև գիտեր, որ օտարության մեջ պատահած փորձությունն է նրան դարձի բերելու, և սպասում էր ամեն օր: Եթե չլիներ այդ փորձությունը, երիտասարդը չէր գնահատի հոր տան կարևորությունը և հատկապես իր ազատությունը, որի վրա չբռնացավ Հայրը: Անառակը երբեք չդադարեց հոր որդին լինելուց, ուղղակի ցավ պատճառեց հորը՝ իր արարքով: Առակում կա նաև մի ավագ որդի, որը հոր կողքին լինելով հանդերձ չի գերազանցում իր կրտսեր եղբորը՝ իր արդարության հպարտությամբ և նախանձով:
Աստված այսպիսի ազատություն է տվել յուրաքանչյուր մարդու՝ բանականություն տալուց հետո, որպեսզի մարդը ինքը ընտրի իր ուղին: իսկ երբ սխալվի՝ վերադառնա ներում հացի իր Հորից և շարունակի ապրել աչքի առաջ ունենալով նախորդ սխալը:Կրտսեր որդին տեսավ, որ հայրը ամեն ինչ ստեղծել է իր համար և կամեցավ վայելել առանց առանձին՝ առանց հոր ներկայության:Հայրը չմերժեց: Այս հատվածը նման է առաջին ստեղծվածներին՝ Ադամին ու Եվային, երբ աչք բացեցին ու տեսան ամեն բան արդեն պատրաստ, պետք էր միայն վայելել և հնազանդվել իրենց Ստեղծողի խոսքին: Իսկ իրենք կամեցան ինքնուրույն անել այդ ամենը՝ լսելով սատանայի խոսքին, որ չեք մեռի, այլ կլինեք ինչպես աստված:Իր հասանելիք դրամը կրտսեր որդուն զրկեց նախ ազատությունից, քանի որ տրվեց չարի խորհրդին, զրկվեց իր ուրախությունից, որ ուներ Հոր տանը, զրկվեց իր բարեկեցիկ կյանքից, որ վայելում էր:
Աստված երբեք ո՛չ ոքի ստիպելով չի պահում իր անդաստանում ծառայության նպատակով:Իսկ ծառայության վայրում չի հանդուրժում անհավատարմությունը և անսեր ծառայությունը:Երբ մարդը տապես իր ծառայության վայրում է, և հեռու է սրտով Աստծուց, նրա ծառայությունը անպտուղ է: Ավագ որդին չլքեց հոր տունը և ծառայեց նրան ըստ օրենքի, սակայն նրա սրտում երբեր սեր չառաջացավ հոր և եղբոր նկատմամբ: Առաքինությունները մեկական թագ ու պսակ են մարդկության գլխին, երբ այդ առաքինություններով ծառայում օգտակարություն է բերում մարդը իր նմանի համար ի սեր Աստծուն:Իսկ երբ առաքինությունները ի գործ են դրվում սեփական փառքի և ցուցադրության համար, ապա վարձքը լինում է միայն մարդկանցից, սակայն ո՞չ երբեք Աստծուց:Ավագ որդի հերաների խորհրդանիշն է, որոնք իրեն օրինապահությունը որպես դրոշակ ծածանեցին համայն աշխարհի առջև՝ չխոնարհվելով Աստծու առաջ:Այսպիսիք մշտապես քաղց ունեն սիրո, որովհետև իրենց առաքինությունները, որոնք Աստծուց են ստացել չեն ծառայեցնում Աստծուն; Իսկ կրտսեր որդին զգաց իր մեղքը, զղջաց մտքում, և քաղց զգաց ուտելիքի, թեպետ վատնել էր հայրական շնորհները և նյութը, բայց նրա սերը չպակասեց հոր տան հանդեպ և նա վերադարձավ: Հեռու աշխարհ գնաց կրտսեր որդին, և միացավ անառակ կյանքով ապրողներին: Այսինքն՝անջատվեց հոր ջերմությունից և սատանայի հետ՝ մեկ դառնալով;Այդ երկրում սաստիկ սով եղավ, ասում է Ավետարանը: Իսկ հեռու աշխարհը, որը չարի տունն է, և անտեղյակ է Աստծուց, այնտեղ միշտ սով է Աստծու խոսքի:Երբ կրտսեր որդին վատնեց իր ունեցածը, զգաց նաև այս մյուս՝ ֆիզիկական սովը, և խնդրեց քաղաքից մեկին և ագարակ ուղարկեցին խոզ պահելու:Բոլորդ խոզ տեսել եք և գիտեք, որ խոզը երբեք վեր նայել չի կարող, նրա գլուխը անվերջ ներքև է՝ հողերի ու կեղտի մեջ: Հրեաները իրավունք չունեին խոզ արածեցնել, խոզապահությունը հեթանոսներին է վերապահված՝ որպես անմաքուր կենդանի:Հոր որդին զրկել էր նույնիսկ խոզի կերակուր ուտելու հնարավորությունից:
Առաջին լուսավոր միտքը, որ ծագեց նրա գլխում այն է, որ որոշում կայացրեց վերադառնալ և հորը ասել երկու կարևոր նախադասություն,- Հայր մեղանչել եմ երկնքի դեմ և Քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու:Քանի որ արժանի չեմ որդի լինելու, վերցրու ինձ որպես քո ծառաներից մեկը: Այս երկու մտքին է սպասում Երկնավոր Հայրը և երկնքի բոլոր հրեշտակները, որոնք երկնքում տոնեն այս կոտրված սրտի և ապաշխարող հոգու համար: Հորը պետք չէ լսել այս խոսքերը, բավական էր որ իմացավ զավակի զղջումը:Որոշումը կայացած է, որդին վերադարձավ հոր մոտ: Հայրը հեռվից նկատեց, քանի որ և գիտեր և սպասում էր որդու վերադարձին:Աստված երբեք մարդուն չի պատժել մեղք գործելու համար, նաև երբեք չի անտեսել հարատև մեղի մեջ մնալու ցանկությունը:Իսկ հնազանդությունը և զղջումն ու վերադարձը ամենամեղավորին կարող է դարձնել Աստծու զավակ: Կրտսեր որդին հասկացել էր, որ կորցրել է իր որդի լինելու իրավունը՝ մեղքի պատճառով, հետևաբար կորցրել է նաև իր փրկության հույսը, դրա համար է ուզում, որ հայրը իրեն վերցնի որպես ծառա, որովհետև ծառաները փրկություն են գտնում իրենց հավատարմության պատճառով;Այս առակի մեջ հոր տան ծառաներ ասելով կարելի է հասկանալ նաև եկեղեցու այն հավատարիմ անդամներին, որոնք մշտապես իրեն հոր տան հետ կապված են և մշտապես օգտվում են Նրա ընթրիքի սեղանից և այդպիսով տարիների ընթացքում հավատարիմ ծառայություն մատուցելով և հետևելով Աստծու պատգամներին՝ գտնում են իրենց փրկությունը՝ իրենց հոր տան մեջ: Սիրելիներ ուզում եմ որ այստեղ ուշադրություն դարձնեք մի կարևոր հանգամանքի վրա, որ մեզ հետ էլ է պատահում: Երբ անառակության մեջ էր և մեղանչում էր, երբեք չհիշեց ո՛չ հորը և ո՛չ էլ երկինքը: Իսկ զղջումի պահին արտաբերեց հետևյալ խոսքերը,- Մեղանչեցի երկնքի և Քո առաջ, Հայր: Ինչո՞ւ մեղքի պահին ո՛չ ոք չի հիշում Աստծուն և հատկապես չի հիշում մեղքի՝ մեղք լինելը: Որովհետև մարդը Աստծուց հեռանալուց հետո մտնում է չարի տիրույթ: Սատանան մարդու հոգու զորությունների տեղերը փոխում է, և մարդու ցանկության զորությունը գալիս և իշխում է բանականություն կոչված զորությանը: Այս պահին մարդը զգում է միայն ցանկություն՝ այդ մեղքը գործելու:
Հաճախ մարդիկ երկար են մնում այս վիճակի մեջ, երբ հոգևոր չեն և լուր չունեն Աստծու խոսքից: Իսկ հոգևոր մարդը մեղանչելուց անմիջապես հետո զգում է իր արարքը և հիշում է, թե ինքը ո՛ւմ խոսքն է անարգել ու անտեսել:Այդ պահին է առաջանում որակյալ զղջումը և հեռացումը մեղքից: Այսպիսի մեղքը ներվում է Աստծու՝ խոստովանելու և չկրկնելու պարագայում:Դրա համար միայն որոշում կայացնելը բավարար չէ, պետք է քայլ անել՝ վեր կենալ և գնալ, ինչպես արեց որդին՝ զղջալուց հետո: Մեղավորի ջերմ զղջումը արժանացավ Հոր ջերմ ընդունելությանը: Ուրիշ ոչինչ պետք չէր, որպեսզի որդին ստանար իր նախկին որդիական պատմուճանը և՛ իշխանական մատանին և՛ որդիությունը հաստատող կոշիկները: Պարարտ եզը մորթվեց ուրախության համար, գտնվել էր կորած գանձը, հարություն էր առել մեռածը, վերադարձվել է գերեվարվածը: Այ՛ս է Երկնավոր Հոր տված պատիվը՝ անարժան մարդուն, որը չի գնահատում իր համար հաստատված այդքան բարձր ցուցանիշը և շատ հաճախ գերադասում է խոզերի հետ սնվել ու հագեցնել իր մեղքի քաղցը: Այս պատմուճանը կարելի է համեմատել մեր մկրտության հետ, որ դառնում ենք Աստծու զավակ՝ միանալով Նրան: Մատանին այն դրոշմն է որ դրվում է որպես կնիք մեր ճակատին, որպեսզի Աստված ճանաչի մեզ՝ Սուրբ Հոգու միջոցով: Կոշիկները մեր ճանապարհի անվտանգությունն է ապահովում, որը երբեք չի հոգնեցնում դեպի եկեղեցի տանող ճանապարհին: Պարարտ եզի մորթելու խնջույքը նման է այն ուրախությանը, որ մենք ստանում ենք Սուրբ Հաղորդության խորհուրդը ճաշակելուց:Կրտսեր որդին արդեն հոր գրկում է՝ ապահովված իր նախկին իշխանությամբ և շնորհներով: Իսկ ո՞ւր է ավագ որդին:Ավագը ագարակում էր և աշխատում էր իր սահմանված ժամանակի մեջ՝ անխախտ: Երբ տուն վերադարձավ, անսովոր աղմուկը գրավեց նրա ուշադրությունը և նա ծառաներից իմացավ եղելությունը: Հիմա տեսնենք, թե ինչ արեց օրինապահ և արդար հպարտը: Ավետարանն ասում է,- բարկացավ և չէր ուզում ներս մտնել նախանձից: Դարձյալ հայրը դուրս եկավ դիմավորելու և աղաչելու որ հաշտվի և սիրով մասնակցի այդ սքանչելի ուրախությանը:
Սակայն ավագ որդու սրտում միայն իր ավագության հպարտությունն էր և եղբոր պատճառած նյութական կորուստը: Նա նույնիսկ իրեն եղբայր չանվանեց վերադարձած մեղավորին, այլ ասաց,- քո այդ որդին. որ քո ունեցածը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր: Հայրը մի ուշագրավ արտահայտություն է անում ավագ որդու համար, ասելով,- Ամեն ինչ որ իմն ՝ քոնն է, որդյակ, քանի որ դու միշտ ինձ հետ ես:
Սիրելիներ, ինչպես որ հրեաները չհասկացան ու չգնահատեցին, որ Երկնավոր Հայրը Իր Միակին աշխարհ ուղարկեց՝ մորթվելու ինչպես պարար եզը՝ որպես ուրախություն՝ մեղավորի դարձի համար, այնպես էլ ավագ որդին, որի մեջ հպարտությունը իշխել է սիրուն, չհանդուրժեց եղբոր հասցրած նյութական վնասը:Սիրելիներ այս առակի մասին կարելի է ժամերով խոսել, քանի որ այն մեր կյանքն է բոլոր ժամանակների համար: Հասկանալի է բոլոր ժամանակներում և հա՛տկապես արդի է բոլոր ժամանակներում:
Դրա համար այս առակը պատմեց փարիսեցիներին, որպեսզի զգան իրենց դերը առակի մեջ և հասկանան զղջացող մեղավորի փրկության արժեքը և համեմատեն կեղծ բարեպաշտության հետ: Բայց այսքան տարիներ կարդալուց, այսքան մեկնաբանելու և այսքան վերլուծելուց հետո, շատ քչերն են, որ ընդօրինակում են Հոր կերպարին: Սակայն ավագ ու կրտսեր որդիներ շատ ունենք:Ավարտենք մեր այսօրվա չքնաղ առակի սերտողությունը և որպես դաս՝ երբեք չհեռանանք մեր Հոր տնից, չպահանջենք մեր բաժինը, քանի որ ինչ որ Հայրը ունի, նաև մերն է:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ փարիսեցիների նման չմեղադրենք Աստծուն՝ մի մեղավորի և մաքսավորի հանդեպ ուշադրություն ցուցաբերելու համար: Որովհետև՝ Նախանձել փրկվող մարդու համար ուրիշ բան չէ՛ քան՝ փարիսեցիություն: