ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.15: 1-10
ԿՈՐՍՈՒԱԾ ՈՉԽԱՐԸ
1 Շատ մը մաքսաւորներ ու մեղաւորներ անոր կը մօտենային իրմէ լսելու համար։ 2 Իսկ փարիսեցիներ ու դպիրներ տրտունջ կ՚ընէին ու կ՚ըսէին. «Ասիկա մեղաւորները կ՚ընդունի ու անոնց հետ կ՚ուտէ»։
3 Յիսուս այս առակը խօսեցաւ անոնց՝ ըսելով. 4 «Ձեզմէ ո՞վ է այն մարդը, որ եթէ հարիւր ոչխար ունենայ եւ անոնցմէ մէկը կորսնցնէ, իննսունըինը չի ձգեր անապատին մէջ ու այն կորսուածին ետեւէն երթար, մինչեւ զանիկա գտնէ։ 5 Ու երբ գտնէ, ուրախանալով իր ուսերուն վրայ կը դնէ զանիկա 6 Եւ տունը գալով, կը կանչէ բարեկամներն ու դրացիները ու անոնց կ՚ըսէ. ‘Ուրախ եղէք ինծի հետ, վասն զի իմ կորսուած ոչխարս գտայ’։ 7 Ձեզի կ՚ըսեմ թէ այսպէս աւելի ուրախութիւն պիտի ըլլայ երկինքը մէկ մեղաւորի համար, որ կ՚ապաշխարէ, քան թէ իննսունըինը արդարներու համար՝ որոնց ապաշխարութիւն պէտք չէ»։
ԿՈՐՍՈՒԱԾ ԴՐԱՄԸ
8 «Կամ թէ ո՞վ է այն կինը որ տասը դրամ ունենայ ու դրամ մը կորսնցնէ, ճրագ չի վառեր ու տանը մէջ աւել զարներ եւ զգուշութեամբ փնտռեր, մինչեւ գտնէ։ 9Ու երբ գտնէ, կը կանչէ բարեկամներն ու դրացիները եւ կ՚ըսէ. ‘Ուրախ եղէք ինծի հետ, վասն զի իմ կորսնցուցած դրամս գտայ’։ 10 Այնպէս ալ, ձեզի կ՚ըսեմ, ուրախութիւն կ՚ըլլայ Աստուծոյ հրեշտակներուն առջեւ մէկ մեղաւորի համար, որ կ՚ապաշխարէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. վերհիշելով մեր երեկվա սերտողության պատգամը, որ տրվեց մեզ՝ երկրի համար աղ լինելու մասին, փորձենք որ հնարավորինս աղով համեմված լինի մեր բանավոր խոսքը, որտեղ էլ որ խոսենք: Աղը լավ բան է, սակայն աղի միայն չափավորն է համով: Ո՛չ շատ աղն է հաճելի, ո՛չ էլ քիչը:Նաև դժվար է աղ լինել այս անհամ աշխարհում: Աղը խորհրդանշում է Աստծու համեմող խոսքը, սակայն շատերը չեն ուզում լսել այդ համեմող խոսքը և ինչպես ժողովրդական խոսքն է ասում,- աղ մի լցրու իմ վերքի վրա: մարդիկ առհասարակ շատ դժվար են լսում ճշմարտությունը իրենց մասին: Ավելի շատ հակված են լսել մարդահաճության խոսքեր, քան աղով համեմված քննադատական խոսքեր:Բայց քրիստոնյաներս պատվեր ունենք աղ լինելու և պարտավոր ենք չափաբաժինը ճիշտ օգտագործելով մնալ աղի որակի մեջ: Մենք այսօր Աստծու ողորմությամբ հասանք տասնհինգերորդ գլխին, որն իր մեջ պարունակում է երեք առակ՝ կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու մասին:Ավետարանը մեզ չի ասում, թե որտեղ է գտնվում Հիսուս Քրիստոս այս առակների մասին խոսելիս, բայց տեսնում ենք, որ Նրան շրջապատողները մաքսավորներն ու մեղավոր մարդիկ են, որոնք եկել էին Նրան լսելու:Այս փաստը շատ է զայրացնում փարիսեցիներին ու օրենսգետներին, որ Նա ընդունում է մեղավորներին և ուտում է նրանց հետ:Ոչ մի կերպ չկարողացան ընկալել, որ Հիսուս Քրիստոսի համար կարևոր մարդկանց հոգիների փրկությունը՝ այդ մեղավոր վիճակից: Իսկ օրենքի ուսուցիչները չէին շփվում այդ խավի հետ որպես մեղավորներ և որպես անարգ մարդկանց՝ արհամարհում էին նրանց; Տէր Հիսուս կորած ոչխարի առակը պատմելով փարիսեցիներին ու օրենսգետներին հասկացնելու համար, թե ինքը ինչի համար է շփվում մեղավորների և մաքսավորների հետ, նրանց բացատրեց, որ Աստծու համար ընդունելի չէ, որ Իր հարյուր ոչխարից թեկուզ մեկը կորի, և 99 ը տեղում մնան: Աստված փնտրում է նաև այդ մեկ կորած ոչխարին: Աստծու համար թանկ է նաև մեկ մեղավոր մարդը, որը կարիքն ունի փրկության:
Տէր Հիսուս հոգ տանելով մեկ կորած ոչխարի համար, փաստում է որ Աստված արժևորում է մեկ մեղավոր մարդուն այնպես՝ ինչպես 99 արդարին: Նախորդ օրերին երբ Տէր Հիսուս փարիսեցի իշխանավորի տանն էր հրավիրված շաբաթ օրով և բուժեց նրանց տան հիվանդին, դարձյալ նույն հարցը տվեց նրանց, ինչ որ հիմա տալիս է այս փարիսեցիներին: Այնտեղ հարցրեց,- Ձեզնից ում եզը, կամ էշը ընկնի ջրհորի մեջ, նա իսկույն չի՞ հանի նրան այնտեղից՝ շաբաթ օրով:Իսկ այստեղ հարցնում է,- ձեզնից ով է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա, և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի 99 ին և չի գնա այդ կորած մեկի հետևից, մինչև չգտնի նրան: Եթե կենդանու համար այդպես եք վարվում, որը չունի բանականություն և Աստծու պատկեր, ապա որքան առավել է մեղավոր մարդու հոգու փրկությունն է կարևոր:Երկրորդ առակը, որը կորած դրամի մասին է, դարձյալ նույն միտքն է արտահայտում, որ երբ մարդ գտնի իր կորած դրամը կուրախանա, նույնպես էլ երկնքում կուրախանան հրեշտակները մեր մեղավոր մարդու հոգու փրկության համար:Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում էլ խոսքը բազմության փրկության մասին չէ, այլ մեկ անձի, որը փնտրում է Աստծու ճանապարհը, և այդ մեկը մեղավորը ավելի թանկ է Աստծու համար, քան բազում ձևապաշտ արդարներ, որոնք կեղծավորաբար իրենց ներկայացնում են մարդկանց առջև: մեկ կորած ոչխարը խորհրդանշում է մեղավոր մարդկության հավաքական կերպարը, որի մեղքերը Տէր Հիսուս իր ուսերին վերցրեց և մինչև Գողգոթա տարավ և երկնքի արքայություն խոստացավ՝ հրեշտակների հետ ուրախանալու: Իսկ կորած դրամի դեպքում երբ կինը վառեց ճրագը և գտավ դրամը՝ թագավորի պատկերով, խորհրդանշում է այն իրականությունը, որ մեղավոր մարդը միայն աստծու խոսքի լույսով կարող է ճանաչել և գտնել իրեն իր մեղավոր վիճակից:Այս առակի մեջ բարեկամներն ու հարևանները նույնպես երկնային հրեշտակներն են, որոնք ուրախանալու են գտնված մեղավորի հոգու փրկության համար:
Սիրելիներ, եկեղեցու գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ փնտրի, գտնի, սիրի մեղավորին, ատելով նրա գործած մեղքը:Եթե մեղավորի հանդեպ սեր չկա՝ նրան ուղղելու համար, ավելի լավ է այդպիսին չխրատի մեղավորին, քանի որ անսեր խրատը երբեք չի դարձի չի բերի մեղավորին; ծանր մեղքերի մեջ հայտնված մարդը նման է ծանր հիվանդությամբ տառապող անկողնային հիվանդին, որի վրա ոչ ոք չի բարկանում, այլ հակառակը ամեն ոք փորձում է որևէ կերպ օգտակար լինել նրան;Առակում նշված հարյուր ոչխարները բոլորն էլ կորած են եղել ժամանակին և հերթով գտնվել են Աստծու նախախնամությամբ: Այսօր մենք եկեղեցում տեսնում ենք երկար տարիների փորձ ունեցող հավատացյալների,տեսնում ենք նաև նորեկների, որոնց Աստված գտել է, և մարդը ինչ որ կերպ կապվել է եկեղեցուն; Բոլոր մարդիկ էլ կորած են լինում իրենց կյանքի ինչ որ ժամանակահատվածում, և մի դիպվածով արթնանում է իրենց մեջ Աստծու լույսը և տեսնում են որ, Տիրոջ փարախի մեջ չեն: Այդտեղից սկսվում է փնտրտուքը՝ դեպի Աստված տանող ճանապարհի: Իսկ հետաքրքիր է, թե ովքեր են այն 99 արդարները, որոնք ապաշխարության կարիք չունեն, երբ Ավետարանը ասում է բոլոր մարդիկ մեղավոր են իրենց ծնված օրից: Սրանք այն մարդիկ են, որոնք իրենց հեռու են պահում մեղքից և և հայտնվում են հպարտության մեջ, որն էլ իրենց խանգարում է փնտրել Աստծուն: Իսկ մեղավոր մարդը, թեպետ մեղանչել է, բայց Աստծուց օգնություն է խնդրում իր փրկության համար: հետևաբար Աստված միշտ ականջալուր է Իրեն կանչողին, իսկ նրանք, որոնք իրենց արդար են կարծում, չունեն նաև Աստծու կարիքը:
Մատթևոսի Ավետարանի քսանմեկերորդ գլխում կարդում ենք, որ Տէր Հիսուս ասում է,-Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ պիտի հասնեն արքայություն:Որովհետև Հովհաննես Մկրտիչը արդարության ճանապարհով եկավ, և դուք նրան չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան: Դուք դա տեսաք և նույնիսկ տեսնելուց հետո չզղջացիք, որ հավատայիք նրան:
Սիրելիներ, տեսնում եք, թե ինչքան է մարդուն խանգարում մեծամտությունը՝ Աստծուն հավատալու հարցում, երբ մարդը կարծում է թե ինքը անմեղ է և երբեք փրկության կարիք չունի, հետևաբար չունի նաև Աստծու կարիքը: Իսկ մաքսավորներն ու պոռնիկները թեպետ մեղքի մեջ են, բայց հանձն էին առնում իրենց մեղավորությունը և մոտենում էին Աստծուն՝ նրանից հայցելով իրենց փրկությունը: հայրերն ասում են, եթե աշխարհում նույնիսկ մեկ մեղավոր մարդ լիներ, միևնույն է Աստծու Որդի կմարդանար այդ մեկ մեղավորի համար, կխաչվեր և հարություն կառներ նրա փրկության համար: Հովհան Ոսկեբերանի գեղեցիկ խոսքով ավարտենք այսօրվա մեր սերտողությունը երկու գեղեցիկ առակների մասին, որոնք մեզ ցույց տվեցին զղջացող մեղավորին, որին Աստված փնտրում է, և կեղծավոր բարեպաշտին, որը Աստծու կարիքը չունի իր պատկերացմամբ: Ոսկեբերան Հայրապետն ասում է,- Չկա ոչ մի բարի մարդ, որ մեղք չունենա, և ոչ էլ որևէ չար, որ ճշմարտություն չունենա: հատուցում և վարձատրություն ունենում է և՛ նա և՛ մյուսը:Եթե ինչ որ արդար մեկը ինչ որ չար բան է անում և հիվանդանում է, կամ պատժի ենթարկվում, մի շփոթվիր, այլ՝ ասա,- Այս արդարը երբևէ ինչ որ փոքրիկ չար գործ է կատարել և արժանին է ստանում այստեղ, որպեսզի չպատժվի այնտեղ: Հավասարապես, եթե տեսնում ես, որ մեղավորը հափշտակում է, խաբում է, հազարավոր չարություններ է անում, և չնայած դրան շարունակում է երջանիկ ապրել, ճիշտ նույն կերպ մի շփոթվիր, այլ՝ ասա,- այս մեղավորը հազարավոր չարություններ անելով, ինչ որ ժամանակ մի բարի գործ է կատարել, և արժանի հատուցում է ստանում այստեղ, որպեսզի վարձատրություն չպահանջի այնտեղ: Հովհան Ոսկեբերանի այս խոսքերի լավագույն օրինակը աղքատ Ղազարոսն ու մեծահարուստն են: Քանի որ աղքատն էլ ինչ ինչ մեղքեր էր գործել, և մեծահարուստը իր հերթին ինչ որ բարի բան էր արել: դրա համար Աբրահամը ասում է,-Հիշիր որ դու քո բարիքները ստացար այնտեղ, իսկ Ղազարոսն էլ չարչարանքները ստացավ այնտեղ: Հետաքրքիր առակներ է մատուցում մեզ մեր սիրելի ավետարանիչը, բայց նկատե՞լ եք, որ աշակերտներին ժամանակավորապես մեր ուշադրությունից կարծես հեռացրել է:
Ավարտեցինք նաև այսօրվա սերտողությունը, և մեր դասը եղավ ապաշխարության կարևորությունը, քան թե ինքնահավան արդարի կերպարը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի միշտ մեզ հետ ունենանք Քրիստոսի լույսը՝ տեսնելու համար մեր կորցրած պատկերն ու նմանությունը: