ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 14: 25- 35.
ԱՇԱԿԵՐՏ ԸԼԼԱԼՈՒ ԳԻՆԸ
25 Իրեն հետ շատ ժողովուրդ կ՚երթային եւ դառնալով անոնց՝ ըսաւ. 26 «Եթէ մէկը ինծի գայ, բայց չատէ իր հայրը եւ մայրը ու կինը եւ զաւակները ու եղբայրները եւ քոյրերը, նաեւ իր կեանքն ալ, չի կրնար իմ աշակերտս ըլլալ։ 27 Ով որ իր խաչը չի վերցներ ու իմ ետեւէս գար, չի կրնար իմ աշակերտս ըլլալ։ 28Վասն զի ձեզմէ ո՞վ եթէ աշտարակ մը շինել ուզէ, առաջ չի նստիր ու հաշիւ ըներ ծախքը, ճշդելու համար թէ զանիկա լմնցնելու կարողութիւն ունի՞. 29 Որ չըլլայ թէ երբ հիմը ձգէ ու չկրնայ լմնցնել, բոլոր տեսնողները սկսին զինք ծաղրել 30 Եւ ըսել թէ ‘Այս մարդը սկսաւ շինել ու չկրցաւ լմնցնել’։ 31 Կամ թէ ո՞ր թագաւորը ուրիշ թագաւորի մը հետ պատերազմելու երթալէ առաջ չի նստիր ու խորհիր, թէ արդեօք տասը հազարով կրնա՞յ դէմ կենալ անոր՝ որ քսան հազարով իր վրայ կու գայ։ 32 Եթէ չի կրնար՝ քանի դեռ անիկա հեռու է, դեսպան ղրկելով խաղաղութիւն կը խնդրէ։ 33 Ահա այսպէս ալ ձեր մէջէն ամէն մէկը եթէ իր բոլոր ստացուածքէն ետ չկենայ, չի կրնար իմ աշակերտս ըլլալ»։
ԱՆԱՐԺԷՔ ԱՂԸ
34 «Աղը աղէկ բան է. բայց եթէ իր համը կորսնցնէ, ինչո՞վ պիտի համովնայ։ 35 Ո՛չ հողի ու ո՛չ թրիքի տեղ օգտակար կ՚ըլլայ, հապա զանիկա դուրս կը նետեն։ Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Չկա մի օր, որ մեր օրվա սերտողությունը անմիջական կապ չունենա մեր առօրյա կյանքի հետ: Կարելի է ասել. որ Ավետարանական ճշմարտությունը միշտ թարմ ուսուցում է բոլոր դարերի մարդկանց, հատկապես քաղաքակիրթ ներկայացող ժողովուրդների համար: Մեր կյանքի բոլոր գաղտնիքները թաքնված են Ավետարանի մեջ: Նա ով ամեն օր բացում է իր կյանքի գիրքը, և խոսում է իրեն կյանք Պարգևողի հետ ու դուրս է գալիս տնից, նրան ամեն ինչ պարզ է այս կյանքում, այսպիսին վախեր չունի: Իսկ նրանք, որոնք չեն բացում Սուրբ Գիրքը, կամ հազվադեպ են բացում, նրանց համար այս կյանքը հասկանալի չէ:Մի հարց կա, որ բոլորին է մտահոգում այսօր.- Ինչո՞ւ մեր կյանքը չի դասավորվում ինչպես որ պետքն է: Այս հարցը ունի միայն մեկ պատասխան:Որովհետև մենք չենք հասկանում թե ինչպես պետք է ապրել երկրավոր կյանքը:մեր բոլոր խնդիրները նրանից է, որ մենք չենք հասկանում:Իսկ չենք հասկանում, որովհետև մեզ չեն պատրաստել՝ հասկանալու համար:Յուրաքանչյուր երեխա ծնվում է և տեսնում է այն, ինչ կա իր շուրջը: Ոչ ոք նրան չի բացատրում դրանց գոյության մասին:Յուրաքանչյուր նոր ծնված երեխա պետք է անցնի նախ՝ մայրական դպրոց, հայրական դպրոց, նախակրթական դպրոց, միջնակարգ դպրոց, և մասնագիտական դպրոց:Գլխավոր դպրոցը մայրական դպրոցն է, քանի որ երեխան իր ողջ ժամանակը գրեթե մայրիկի հետ է անցկացնում:Ինչու պետք է աղջիկների կրթության վրա առավել ուշադրություն դարձնել, քանի որ նրանց միջոցով է աշխարհի սերունդը բազմանում: Մայրն է ինն ամիս երեխային կրում իր որովայնում: Դրա համար պետք է կրթված լինի մայրը, որ հասկանա, թե հղության ժամանակ ի՞նչ ուտելու, ի՞նչ է խմելու, ի՞նչ լսելու, և այլն:Եթե մայրը կրթված չեղավ, սերնդի կրթության հիմքը խարխուլ կլինի:Այնպես, ինչպես որ հիմա է: Սերունդը աչքաբաց է, բայց վայելքների դիմաց: Ճարպիկ է սեփական միայն անձի բարիքը ապահովելու համար, ո՛չ ընկերոջ: Հեշտասեր է, և սիրում է լայն դուռ՝ որտեղ նեղություն չկա:Այստեղից սկսվում են բոլոր խնդիրները:մենք նույնիսկ չգիտենք կանգ առնել և հասկանալ, թե մեր խնդիրները որտեղից են լցվել մեր գլխին և լուծումը հայտնի չէ:
Այսօրվա Ավետարանը մեզ լուսաբանում է շատ ու շատ հարցերի պատասխանները, որոնց մեջ հայտնվել ենք մենք ամբողջ ազգով, չասելու համար ողջ աշխարհը:Երեկվա սերտողությամբ հակիրճ ծանոթացանք Հիսուս Քրիստոսի այն տեսակետի հետ, թե ովքեր իրավունք ունեն ճաշակելու Իր պատրաստած ընթրիքի սեղանից: Այս բաները խոսում էր փարիսեցիների իշխանավորներից մեկի տանը:Այնուհետև երբ դուրս եկավ այդտեղից, ժողովրդի մեծ բազմությունը հետևում էր նրան: Տէր Հիսուս տեսավ, որ շատ ժողովուրդ է հետևում Իրեն, դարձավ նրանց և ասաց,-Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի Ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նո՛ւյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել: Սա երկրորդ ուղերձն է մեզ՝ պայմաններին ծանոթանալու համար, թե որտեղ են մեր խնդիրները, որոնք լուծում չունենք: Իսկ մենք գնում Աստծու մոտ, սակայն նախընտրում ենք այն, ինչ ունենք, և ինչը մեր սեփականն է՝ սկսած սիրելի մեղքերից:Տէր Հիսուս ասում է այդպես չի լինի, նախընտրությունը պետք է լինի մեկին՝ որը ճշմարտություն է խոսում:Քանի որ մենք նախընտրում ենք մեր ունեցածը և ոչ Հիսուս Քրիստոսին, հետևաբար նաև չենք հասկանում, թե ինչպես պետք է տանենք մեր խաչը, որի մասին հաճախ է հիշեցնում մեր Տէրը: Իսկ Տիրոջը նախընտրելու դեպքում մեզ տրվում է խաչը կրելու լավագույն տարբերակներ, որոնցով մենք կկարողանանք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները, որոնց առաջացման պատճառը մեր չիմացությունն է; Տեսեք ինչ գեղեցիկ համեմատություն է անում աշտարակ կառուցողի մասին, որ նախապես հաշվարկ չի անում գործը սկսելուց առաջ:Այսինքն աշտարակ, կամ տուն կամ որևէ շինություն կառուցելից նախ պետք է հաշվարկել ծախսերը՝ սկսելուց առաջ, որպեսզի իմանա, արդյոք իր գումարը բավարա՞ր շինությունը ավատին հասցնելու համար:Որպեսզի նաև հետագայում մարդկանց կողմից ծաղրի ու բամբասանքի առարկա չդառնա հաշվարկ չիմանալու համար:Նույնատիպ օրինակ է բերում Տէր Հիսուս Քրիստոս, պատերազմի պատրաստվող թագավորի վերաբերյալ, որը նույնպես պետք է նստի և հաշվարկ անի իր զինվորների և իր զինամթերքի պաշարով արդյո՞ք կարող է դիմադրել թշնամու զորությանը, որը առավել է իր զորքից ու զինամթերքից:
Այս երկու օրինակներով մեզ բացատրում է, որ մենք մինչև չհրաժարվենք մեր հպարտությունից, իբրև թե մեր ուժերով ամեն ինչ կարող ենք անել: Չհրաժարվենք մեր ունեցվածքից, որը մեզ չի օգնի նեղության պահին, եթե հաշվարկ չենք արել նախապես սկսելու առաջ:Այս խրատական օրինակները այսօրվա մեր մեծ խնդիրները գաղտնիքներն են: Կարող ենք հերթով վերլուծելով գնալ առաջ: Ո՞ր ժողովուրդն է շահել Աստծուն չհնազանդվելու պարագային: Ո՞ր հասարակությունն է առողջ առանց Աստծու ապավինության: Ո՞ր ընտանիքն է ամուր միմյանց չծառայելու պարագայում: Ո՞ր անհատն է երջանիկ՝ առանց Աստծու կամքի: Ո՛չ մեկ և չի էլ կարող լինել: Քանի որ Աստծու ստեղծագործություն է մարդը և Աստված գիտե մարդու տկար կողմերը, հպարտությունը, ինքնահավանությունը, փառասիրությունը և արծաթսիրությունը:Մեր անձնական խնդիրների պատճառն այս է, մեր պետության խնդիրների պատճառն այս է, մեր եկեղեցու խնդիրների պատճառն այս է: Եթե մեր կառավարությունը երկար տարիներ աներ այդ հաշվարկը՝ մեր թշնամու հանդեպ, մենք այսօր այսքան զոհ ու կորուստ չէինք ունենա: Եթե մեր եկեղեցու հոգևոր խորհուրդը աներ այդ հաշվարկը, մեր Մայր տաճարի Իջման Սեղանը պարսպված չէր մնա մինչ օրս: Եթե մենք՝ քրիստոնյաներս մեր եկեղեցական կյանքը վերը նշված հաշվարկներով չապրենք, Քրիստոսի աշակերտը լինել չենք կարող:Որովհետև ով նայում է միայն նյութական և իր տկար բնությանը, նա չի կարող ընդունել իր ներսում Աստծու արքայությունը՝ որ իր աչքի առջևն է:Փարիսեցիներ այդպես արեցին և չտեսան Լույսը: Հեթանոսները չէին կարողանում թողնել իրենց կուռքերը, բայց հզոր քարոզների միջոցով հասկացան, որ ձեռակերտ անշունչ առարկաները փրկություն չեն բերի իրենց: Տէր Հիսուս եկել մեղավորին փրկելու և հիվանդին բժշկելու, բայց մենք մեզ չենք համարում խեղդվող և չենք համար հիվանդ:Նա այսօր էլ հրավիրում է Իր ընթրիքին:մենք չենք հասկանում այս պատվիրանը՝ հրաժարվել ծնողից,հարազատից, որովհետև չենք հիշում Քրիստոսի օրինակը, որը հավատարիմ մնալով Իր քարոզությունը հոգատար եղավ իր ծնողին նույնիսկ խաչի վրա, հոգալով նրա ապահովությունը՝ Իր սիրելի աշակերտի մոտ:եթե մեր հարազատը մեզ հեռացնում է Քրիստոսից, միացած մնանք Քրիստոսին, իսկ եթե մեր հարազատը նույնպես միացած է Քրիստոսին, ծառայենք նրան մինչև մեր վերջին շունչը:
Աշտարակի օրինակը հոգևոր առումով նրա համար է, որ մենք առանց հոգևոր գիտության չենք կարող հասնել աշտարակի ծայրը՝ միայն Աստծու անունը լսելով. Այս խոսքերի վրա էր, որ Նրա աշակերտներից շատերը ետ քաշվեցին, և այլևս չէին շրջում Նրա հետ:Քանի որ չկարողացավ հրաժարվել իրենց հարազատներից: Հովհ.6:66 Աշտարակի կառուցումը մեր բարի գործերն են, որը պետք է ավարտին հասցնենք:Պատերազմող թագավորի օրինակը հոգևոր առումով նրա համար է ասում, որ մենք երբեմն թույլ են տալիս, որ մեղքը թագավորի մեր սրտերու և իշխի մեզ վրա:Մեր միտքն ու բանականությունը ավելի հզոր բանակ է քան մեր թշնամու հազարավոր զորքը, քանի որ մեզ հետ է Աստված:Քրիստոսի աշակերտը պետք է լինի աղ, ոչ միայն իր համար, այլ համ տալու այլոց կերակրին:Քրիստոսի աշակերտը չի կարող անհամ աղ լինել, քանի որ ոչ հողի համար է պիտանի, ոչ էլ պարարտանյութի, այլ դուրս թաղելու համար է; Մենք բոլոր աղ ենք, քանի որ մեր մեջ կա Աստծու խոսքի լույսն ու համը:Ավարտին դարձյալ հիշեցնում է լսելու ականջ ունենալու մասին:Այդ պատճառով է որ ամեն օր ես կամենում եմ իմանալ, թե դուք ինչ հասկացաք: Լսելու ականջները որքա՞ն են: Ովքե՞ր են աղը, ովքե՞ր են լույսը: Ինչպես որ նախաբանում ասացի, որ մեզ հոգևոր կրթություն է պետք ամենուր՝ առաջացած արհավիրքը կանխելու համար:Մեր կյանքում չկա մի բան, որից կարելի չլինի հրաժարվել հանուն Քրիստոսի, որովհետև Քրիստոսի հետ միասին մենք ունենում ենք որակյալ կյանք, և կարողանում ենք հաշտվել մեր նմանի հետ, թեկուզ երբ ինքը դեռ չի դարձել Աստծուն: Բայց առանց Քրիստոս, կարող ենք ատել նույնիսկ մեր հարազատին:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի խորքային հասկանանք Քրիստոսի խոսքերը և մնանք կապված Քրիստոսի խոսքին, մեր հարազատին հասկանալու համար: