ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.14: 15- 24
ՄԵԾ ԽՆՃՈՅՔԻՆ ԱՌԱԿԸ
15 Սեղան նստողներէն մէկը, երբ լսեց այս խօսքը, ըսաւ անոր. «Երանի՜ անոր, որ Աստուծոյ թագաւորութեանը մէջ հաց պիտի ուտէ»։ 16 Ինք ըսաւ անոր. «Մարդ մը մեծ ընթրիք մը պատրաստեց ու շատ մարդիկ հրաւիրեց։ 17 Որոշուած ատենը ղրկեց իր ծառան, որպէս զի հրաւիրեալները կանչէ. «Եկէ՛ք, վասն զի արդէն ամէն բան պատրաստ է»։ 18 Ամէնքը սկսան ետ քաշուիլ։ Առաջինը անոր ըսաւ. «Ես արտ մը ծախու առի ու պէտք է որ ելլեմ տեսնեմ զանիկա. կ՚աղաչեմ քեզի, զիս հրաժարուած սեպէ»։ 19 Միւսը ըսաւ. «Հինգ զոյգ եզ ծախու առի, կ՚երթամ որ զանոնք փորձեմ. կ՚աղաչեմ քեզի, զիս հրաժարուած սեպէ»։ 20 Միւսը ըսաւ. «Կին առի, անոր համար չեմ կրնար գալ»։ 21 Ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց անոնց ըսածները։ Այն ատեն բարկացաւ տանտէրը ու ըսաւ իր ծառային. «Շուտով քաղաքին հրապարակները ու փողոցները ելի՛ր եւ աղքատներն ու պակասաւորները եւ կաղերն ու կոյրերը հոս մտցուր»։ 22 Պահ մը յետոյ ծառան եկաւ ու ըսաւ. «Տէ՛ր, եղաւ ինչ որ հրամայեցիր, բայց տակաւին տեղ կայ»։ 23 Տէրը ըսաւ ծառային. «Ելի՛ր, ճամբաներն ու ցանկերը եւ գտածներդ ստիպէ որ հոս մտնեն, որպէս զի տունս լեցուի։ 24 Քանզի կ՚ըսեմ ձեզի, այն հրաւիրուածներէն մէկն ալ իմ ընթրիքիս համը պիտի չառնէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. մեր ամենօրյա ավետարանական սերտողությունը մեզ հանգեցնում է մի եզրակացության, որ Հին և Նոր Կտակարանների միակ նպատակն է մարդուն վերադարձնել իր նախկին որակին, ինչը որ ուներ մինչև մեղանչումը, այսինքն Ադամի և Եվայի կարգավիճակը՝ մինչև մեղանչում:Այս ուղղությունը մենք կարող ենք տեսնել ցանկացած սերտողության թեմայի մեջ, եր Տէր Հիսուս Իր ամեն քայլով ու խոսքով կամենում է ներկաների ուշադրությունը հրավիրել հենց այս կարևոր հանգամանքի վրա: Երեկ մենք տեսանք, որ Հիսուս Քրիստոս իմանալով հանդերձ, որ Իր դեմ ծուղակ է պատրաստել, այնուամենայնիվ չմերժեց այդ հյուրասիրությունը, քանի որ Քրիստոսի համար մարդու հոգու փրկությունը վեր է Իր կյանքից; Մենք նաև մի երկրորդ կարևոր դասի ականատես եղանք, հիվանդին օգնելու համար անտեսե ներկ գտնվող կրոնամոլների գայթակղությունը և շաբաթ օրով բուժեց հիվանդին: Չնայած մենք Մատթևոսի Ավետարանում կարդացել ենք, որ երկդրամյան տուրք գանձելու առիթով Պետրոսին ասում է, չնայած պարտավոր չենք վճարելու, բայց վճարիր, որպեսզի հարկահավաքների համար գայթակղություն չլինի: Մի տեղում չի ուզում գայթակղություն լինի, որովհետև պատճառը դրամն էր, իսկ մեկ այլ տեղում անտեսում է գայթակղության երևույթը, քանի որ պատճառը հիվանդ մարդն էր, որ մեծ դրամից: Դրա համար մենք Ավետարանը ճիշտ հասկանալու համար, չենք կարող այս կամ այն հատվածով եզրահանգման գալ մեզ հետ կապված հարցերում: Այլ պետք է ամբողջ համատեքստից հասկանալ Հիսուս Քրիստոսի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ: Ամեն օրինակ և ինչ մեր ուսուցման համար կարևոր է:
Սիրելիներ, այսօրվա սերտողությունը շարունակությունն է երեկվա փարիսեցիների հյուրասիրության, որտեղ Տէր Հիսուս չի դադարում առակներով և զանազան ուսուցումներով գրավել ներկաների ուշադրությունը՝ շեշտը պահելով նրանց թերությունների և այդ թերությունները չնկատելու բացթողման վրա: Հիսուս Քրիստոս նույն սեղանակիցների համար մեկ այլ առակ պատմեց մի մարդու մասին, որը նույնպես ճաշկերույթ է սարքել և հրավիրել է շատերին: Հրավիրված մարդիկ մեկը մյուսի հետևից մերժեցին հրավիրողին՝ անհիմն պատճառներով:Խնջույք պատրաստողը բարկացավ, և իր ծառաներին ուղարկեց որպեսզի քաղաքի հրապարակներից ու փողոցներից հրավիրեն կաղերին ու խեղանդամներին, կույրերին ու աղքատներին: Տանտերը մի ուշագրավ արտահայտություն է անում իր հրավերը մերժողների վերաբերյալ, ասելով,- Այդ հրավիրվածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի:Առակը կարդացի ձեզ համար, վստահ եմ որ մինչև կարդալն էլ արդեն ծանոթ էիք,քանի որ Մատթևոսի Ավետարանի սերտողության ժամանակ անդրադարձել էին բավական մանրամասն: Հիմա տեսնենք թե այս առակով Տէր Հիսուս ինչ պատգամ է տալիս մեզ, նման ենք երեկվա փարիսեցիներին, որ հրավիրում ենք միայն մեր հարազատներին և ակնկալում ենք նաև իրենց հրավերքը: Նման ենք նաև այսօրվա առակի մերժող մարդկանց, որոնք անհիմն պատճառով մերժեցին տանտիրոջ խնջույքի սեղանի հրավերը: Քանի որ մենք էլ նույնն ենք անում թե՝առաջինի դեպքում, թե՝ երկրորդի:
Հիմա առակը պահենք մեր մտքում և առակի տրամաբանությամբ քննության առնենք Ավետարանը մեր կյանքում:Առակում ասում է,-Երբ ընթրիքի ժամը եկավ, տանտերը ուղարկեց իր ծառային կանչելու մարդկանց: Տանտերը, որն Աստվածն է, տեսավ որ մարդիկ երկրի վրա զբաղված են միայն ագարակներ և եզներ գնելով, զբաղված են միայն ամուսնական երջանկությունը փնտրելու գործով, ապրում են Աստծուց հեռու՝ մեղքի մեջ: Ոչ ոք Աստծուն չի փնտրում, Նրա խոսքով ապրելու համար: Աստված ուղարկեց Իր Որդուն՝ երբ ժամանակը լրացավ, այսինքն (ընթրիքի ժամը հասավ), Որպեսզի Իր Որդին Կանչի անօգուտ զբաղմունքով զբաղված մարդկանց՝ Իր խնջույքին մասնակցելու համար: Հիսուս Քրիստոս եկել էր ճիշտ ժամանակին՝ Իսրայելի կորած ոչխարների և բոլոր մարդկանց տեղեկացնելու Աստծու Արքայության մոտենալու մասին և արդեն Իր ներկայությամբ զգուշացնում եր ամեն օր, որ մոտեցել Աստծու արքայությունը: Շատերին հրավիրեց խնջույքի, սակայն հրավիրվածները Իսրայելի հոգևոր առաջնորդներն էին, որոնք ոչ մի կերպ չկամեցան մասնակցել այն խնջույքին, որ Տէրը ա,եմ օր պատրաստում էր տարբեր վայրերում: Ինչպես արդեն գիտենք, քչերը հետևեցին Հիսուս Քրիստոսի և շատերը մերժեցին:
Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ այն ժամանակ, երբ մարդկությունը մոռացած իր հոգու զորությունների մասին, կենտրոնացած էր միայն մարմնավոր կարիքների վրա: Ագարակ գնողը հարստությունը վեր դասելով՝ մերժեց Աստծու խոսքը: Հինգ եզներ գնողը իր հինգ զգայարաններով տրվել էր նյութական կարիքներին և մերժեց Աստծու խոսքը: Կին առնողի հոգու ցանկական զորությունը իշխում էր իր բանականությանը և նա այդ պատճառով մերժեց Աստծու խոսքը:
Մերժեցին Աստծու խոսքը հրեա կրոնական առաջնորդները, իսկ ծառան հրավիրեց պարզ մարդկանց, որոնք եկան, լսեցին և իրենց սրտով հավատացին ու վայելեցին խնջույքն ամբողջությամբ: Իսկ շռայլ Տանտերը տվեց նրանց ամեն իշխանություն և զորություն: Հեղեց նրանց վրա Իր Սուրբ Հոգին և նրանք դարձան Ավետարանը քարոզող վարդապետներ, երկիրը պայծառեցնող լուսատուներ, մարդկությանը համ տվող աղ դարձան բոլորի համար: Այս բաների համար էր հրավիրում Տէր Հիսուս բոլոր մարդկանց, սակայն շատերը մերժեցին երկնքից խոսողին՝ թիկունք դարձրին Նրան, և խարխափեցին խավարում՝ չիմանալով, որ կամավոր են մերժել Լույսը, Հույսը և Սերը:
Սիրելիներ մեր կյանքում էլ, այս աշխարհում էլ՝ այս երեք կարևոր գործոններն են որոնք մարդուն հեռացնում են Աստծու խոսքի ճշմարտությունից և դրա կատարումից: Հարստությունը, նյութական բարեկեցիկ կյանքը և սեռական կրքերի բավարարումը: Ահա այս երեքն են որ կործանում են աշխարհը, և մարդկությունը սիրով գնում է կործանումի հետևից՝ մերժելով Աստծու պատրաստած խնջույքը: Անապատի փորձության ժամանակ այս երեք փորձությունները առաջարկվեց Հիսուս Քրիստոսին և միանգամից մերժվեց սուրբ Գրքով: Ինչու ես սկզբից ասացի, որ Հին և Նոր Կտակարանների միակ նպատակը մարդուն որակյալ դարձնելն է: Իսկ Աստծու խոսքին ճշմարտապես հետևող մարդը միանգամից մերժում է այս երեք մեղքերը և նրանց տարատեսակները, սակայն ո՛չ երբեք Աստծու խնջույքի հրավերը:
Թագավորությունների գրքում կարդում ենք, որ Հեղի քահանան շատ թույլ էր և նրա տղաները անզգամ էին և չէին ճանաչում Աստծուն, և չէին պահում օրենքը և ուխտավոր կանանց հետ պղծություն էին Վկայության Խորանի առջև: Երբ այլազգիների կողմից գերեվարվեց Ուխտի
Տապանակը և այդ պատերազմում զոհվեցի Ղևիի երկու որդիները, Աստված չպատժեց գերեվարող այլազգիներին, որոնք չգիտեին Ուխտի Տապանակի խորհուրդները, այլ պատժեց իսրայելացիներին, որոնք գիտեին Ուխտի Տապանակի զորությունը և Տապանակի ներսի սրբությունները: Աստված պահանջում է բոլոր նրանցից, որոնք գիտեն Աստծու մասին և Նրա խոսքը անտեսում են անհիմն պատճառներով, ինչպես որ անտեսեցին հրավիրվածները: Ո՞րն է մեր բացթողումը այս առակի խորհրդի մեջ: Աստված ամեն կիրակի մեզ կանչում է Իր Խորհրդավոր Ընթրիքին՝ պատարագին: Ժողովրդի ո՞ր մասին է եկեղեցում կիրակի օրը: Իսկ ո՞ր մասը մերժեցին հրավերը՝ իրենց անձնական կարիքների պատճառով: Բոլոր մկրտվածներս համարվում ենք հրավիրվածներ: Այս հարցի պատասխանը թողնում եմ ձեր մեկնաբանություններին, թե քանի՞ տոկոսն է մերժում այսօր Հիսուս Քրիստոսի խորհրդավոր Ընթրիքի հրավերը՝ կենցաղային հաճույքների պատճառով: Ձեզ հեշտ է պատասխանել այս հարցին, քանի որ աշխարհասփյուռ եք, և ձեզ տեսանելի է ընդհանուր պատկերը:
Սիրելիներ ավարտենք այսօրվա թեման, որը նույնպես շատ տարողունակ է, և աշխատենք չհայտնվել մերժողների ցուցակում, քանի որ Տէրը խոստացավ, որ նրանք չեն ճաշակելու Իր ընթրիքից, ինչը ուղղակի սարսափելի է մերժողի համար:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի երեք գայթակղությունները պատճառ չհանդիսանան զրկվելու հավիտենական կյանքից և մեր Լույս Տիրոջ ներկայությունից: