ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 12: 49 – 59
ՅԻՍՈՒՍ՝ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌ
49 «Ես կրակ ձգելու եկայ երկրի վրայ ու ի՞նչ կ՚ուզեմ եթէ արդէն բորբոքած է։ 50 Բայց մկրտութիւն մը ունիմ մկրտուելու եւ ի՜նչպէս կը տագնապիմ մինչեւ կատարուի։ 51 Կը կարծէք թէ ես երկրի վրայ խաղաղութի՞ւն ընելու եկայ. ձեզի կ՚ըսեմ. ‘Ո՛չ, հապա բաժանում’։ 52 Վասն զի ասկէ ետք մէկ տան մէջ հինգը իրարմէ բաժնուած պիտի ըլլան, երեքը՝ երկուքէն ու երկուքը՝ երեքէն։ 53 Հայրը պիտի բաժնուի որդիէն եւ որդին՝ հօրմէն, մայրը՝ աղջիկէն ու աղջիկը՝ մօրմէն, կեսուրը՝ իր հարսէն ու հարսը՝ իր կեսուրէն»։
ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍԿՆԱԼ
54 Ըսաւ ժողովուրդին. «Երբ արեւմուտքի կողմէն ամպ մը ելած տեսնէք, շուտ մը կ՚ըսէք թէ ‘Անձրեւ պիտի գայ’ եւ այնպէս ալ կ՚ըլլայ։ 55 Ու երբ հարաւային հովը փչէ, կ՚ըսէք թէ ‘Տաք պիտի ըլլայ’ եւ այնպէս ալ կ՚ըլլայ։ 56 Կե՛ղծաւորներ, երկրի ու երկնքի երեսը քննելը գիտէք, հապա այս ժամանակը ի՞նչպէս չէք քններ»։
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԻԼ
57 «Եւ ինչո՞ւ դուք ձեզմէ չէք որոշեր իրաւունքը։ 58 Երբ դուն քու ոսոխիդ հետ իշխանին երթալու ըլլաս, ճամբուն մէջ անկէ ազատուելու ջանք ըրէ, որ չըլլայ թէ քեզ դատաւորին առջեւ քաշէ ու դատաւորը դահիճին ձեռքը տայ քեզ ու դահիճն ալ բանտը դնէ։ 59 Քեզի կ՚ըսեմ, բնաւ պիտի չելլես անկէ, մինչեւ վերջին լուման չվճարես»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր կավարտենք Ղուկասի ավետարանի տասներկուերորդ գլխի վերջին բաժինը: Ի՞նչ տվեց մեզ այս գլուխը: Ավետարանիչը օգնեց մեզ հիմնավոր կերպով հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի կամքն է, որ մենք սրտով հասկանանք, թե ո՞ւմ ենք պատկանում և ո՞վ է մեր Տէրը: Սա հասկանալու համար, մենք պետք է թողնենք նյութական աշխարհը և զբաղվենք մեր սրտի բարեկարգման աշխատանքներով, որի կատարման համար մեզ պետք է ենթարկվել որոշակի կանոնների, որ տվեց Տէր Հիսուս Քրիստոս: Առաջին հերթին պետք է կարողանանք կառավարել և մեր ձեռքում պահել մեր ցանկությունների սանձը և ապա մեր ճրագը, որ մեր բանականությունն է, միշտ վառած պահել:Եթե նույնիսկ նյութական իմաստով էլ հասկանանք վառած ճրագը, ապա վառած ճրագ ունեցողը երբեք փոսը չի ընկնի: Իսկ հոգևոր իմաստով՝ արթուն մարդը միշտ զգույշ է փորձությունից և մեղքից: Սիրելիներ, մեզնից պահանջվում է, ոչ թե վախենալ այս կամ այն մեղքը գործելուց, այլ Աստծու խոսքով այնպես բարեկարգվել, որ շիտակ ապրելը դառնա կենսակերպ: Այլ խոսքով Աստված ուզում է տեսնել բանական մա՛րդ, ո՛չ թե բժիշկ, կամ ուսուցիչ, նախագահ կամ վարչապետ, կաթողիկոս կամ վարդապետ: Աստված ուզում է տեսնել Իր խոսքը հասկացող պարզ մարդ: Աստված ուզում է մեր սիրտը տեսնել փոխված, նորոգված, մաքրված, կարեկցող, սիրող և Աստծուն փնտրող:
Այսօրվա սերտողությունը բոլորիս համար շատ հարազատ թեմա է, որովհետև առնչվում է ամեն մարդու, ամեն ընտանիքի, ողջ հասարակությանը և ողջ Հայաստանին:Լավ կլիներ, որ այս հատվածը վերնագրվեր՝ ,,Ուղերձ Հայաստանին,, Երեկ խոսեցինք Աստծու կամքը իմացող ծառաների վարձատրության և Աստծու կամքը անտեսող տնտեսներին սպառնացող պատիժների մասին: Բոլոր ճանապարհները մեզ համար հասկանալի են մեր Տիրոջ հստակ բացատրություններից հետո: Այսօրվա սերտողության մեջ Հիսուս Քրիստոս արդեն խոսում է ներկա վտանգների մասին բավական կոշտ նկատառումով: Ուշագրավ է առաջին նախադասությունը, որով սկսում է Իր խոսքը՝ ասելով,- Երկրի վրա կրակ գցելու եկա, և ինչքան եմ ուզում, որ արդեն բորբոքված կինի: Եթե Աստվածաշնչից անտեղյակ մեկը առաջին անգամ կարդա այս տողերը, հազիվ թե ցանկանա հետևել քրիստոնեական վարդապետությանը:Իսկ Աստվածաշնչի գիտակ մեկը պիտի փառավորի Աստծու անունը հենց այս տողերի համար: Աստվածաշնչի մեջ կրակի վերաբերյալ կարդում ենք Սոդոմ և Գոմոր քաղաքների այրվելու մասին դրվագում և կարդում ենք նաև Հայտնության գրքի մեջ, որ հավիտենական կրակը պիտի ամեն վատ բան: Իսկ ի՞նչ կրակ է սա, որի մասին ասում է Տէր Հիսուս: Կրակով այրվեց և մաքրվեց սոդոմական մեղքը: Կրակով մաքրվելու է նաև աշխարհի վախճանին:
Ուրեմն կարելի է հասկանալ, որ կրակը մաքրելու, սրբելու հատկություն ունի:Մենք գիտենք, որ Տէր Հիսուս Իր ողջ քարոզության ընթացքում խոսել է մարդուն կրթելու համար: Ուրեմն Աստծու խոսքը կրակ է, որ մաքրում է մարդու կեղտոտ սիրտը, անմաքուր միտքը և չար լեզուն: Տէր Հիսուս կամենում է, որ Իր խոսքի կրակը բռնկվի մեր սրտերում և մաքրի մեր հին մարդուն:Աստծու խոսքը նաև շնորհ է, երկար գործածելիս սրբագրում է մեր բառապաշարը և մեր արտաբերած մտքերը: Ուրեմն այս հատվածից հասկացանք, որ կրակը նույնն է, սակայն մի դեպքում մաքրագործում է կամեցողի սիրտը, մյուս դեպքում դառնում է հավիտենական դատապարտություն Աստծու խոսքը չկամեցողի համար: Մեր կյանքը պատրաստություն է այդ կրակով մաքրվելու համար: Եթե այստեղ չենք ուզում մաքրվել այդ կրակով, ապա ստիպված կլինենք հանդիպել այդ կրակին՝ հանդերձյալում: Կարող ենք նույնիսկ այսպիսի համեմատություն անել. օրինակ՝ Ավետարանի ընթերցումը հոգևոր մարդու համար երանություն է, իսկ աշխարհիկ մարդու համար տանջանք և տհաճությունը: Նույն Ավետարանը երկու տարբեր մարդկանց համար կարող է տարբեր դերակատարություն ունենալ: Նույն Պատարագի երկու ժամը մեկի համար երանության է, մյուսի ձանձրույթ և չի հավատում թե՝ երբ կվերջանա; Թեկուզ հոգևոր քարոզները մեկի համար դաս է, մյուսի համար ձանձրալի խոսակցություն:Մկրտություն է անվանում խաչի չարչարանքները մարդու փրկության համար և շտապում է որ այն շուտ կատարվի:
Հաջորդ պարբերության մեջ Տէր Հիսուս անում է ավելի անհասկանալի մի հայտարարություն, ասելով,- Կարծում եք թե երկրին խաղաղություն տալո՞ւ եկա, ոչ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում; Այս միտքը նույնպես անհասկանալի պիտի թվար մեզ, եթե մենք արդեն սերտած չլինեինք նախորդ գլուխներն այն մասին, որ հրեա ժողովրդի մեծամասնությունը Հիսուս Քրիստոսից ակնկալում է քաղաքական խաղաղություն, հռոմի լծից ազատվելու խաղաղություն:Սակայն Հիսուս Քրիստոս եկավ մարդուն ազատելու իր մեղքի ստրկության կապանքներից, ոչ թե քաղաքական ստրկությունից: Երբ մարդն ազատ է մեղքի գերությունից, նրանից ոչ մի վտանգ չի սպասվի, հետևաբար լուծված կլինի նաև քաղաքական ազատությունը:
Ինչո՞ւ մեկ տան մեջ հինգ հոգի միմյանցի բաժանված պետք է լինեն: Սրա պատճառը պարզ է և բոլորիս համար տեսանելի մեր շրջապատում և մեր մերձավորների ընտանիքներում;Երբ մեկը ընտանիքից նորադարձ է, նա չի ընդունվում նրանց կողմից, որոնք չեն հավատում Հիսուս Քրիստոսին: Պատահում է նաև որ նորադարձ հավատացյալը փորձում է դարձի բերել տան մյուս անդամներին, և սա դառնում է դարձյալ բաժանման առիթ; Նորադարձի մեջ լույս է թափանցում, իսկ իր տան անդամի համար այդ լույսը ընկալելի չէ, քանի որ լուսավոր մարդը այլևս չի կամենում հին կյանքով ապրել: Այստեղ դարձյալ երկուսը երեքի դեմ են դուրս գալիս:Հայրը որդու դեմ է դուրս գալիս և որդին՝ հոր: Մայրը՝ դստեր դեմ և դուստրը՝ մոր: Հարսը սկեսուրի դեմ է և սկեսուրը՝ հարսի:Երբ մենք սխալ տեղում ենք փնտրում մեր խաղաղությունը և ազատությունը, անպայման կհանդիպենք բաժանման՝ հարազատների միջև:
Տէր Հիսուս ներկաներին հանդիմանում է ևս մեկ կուրության համար, որ մարդիկ աչքեր ունեն և չեն տեսնում, բանականություն ունեն և չեն կարողանում վերլուծել եղածը: Սակայն երկնքին նայելով գուշակում են մոտակա անձրևը կամ քամին: Այստեղ Տէր Հիսուս տալիս է մի հավիտենական հարց, որը կապված է օդում ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ մեր օրերում և հատկապես այսօր: Ահա հարցը՝,- Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ այս ներկա ժամանակները ինչպե՞ս չեք քննում:Ինչու արժանին չեք ընտրում և ժամանակին ձեր հաշիվները չեք մաքրում ձեր թշնամու հետ, քանի դեռ չեք հայտնվել իշխանի ատյանի առջև և քեզ բանտ նետեն, որտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին գռոշը:
Այստեղ արդեն մոտեցանք այն դատաստանի կրակին, քանի որ քննել չգիտենք ներկա ժամանակները: Տէր Հիսուս մեզ ամբողջ ավետարանում խորհուրդ է տալիս երբեք կնիք չդնել մեկի դատապարտության վճռի վրա, քանի որ հանգամանքներին ծանոթ չենք և չենք տեսնում այն, ինչ տեսնում է Աստված: Այսօր մեր իրականության մեջ մասսայական լրատվամիջոցները ապատեղեկատվություն և բամբասանք են տարածում այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ:Արդեն վաղուց հասկանալի չէ, թե ո՛վ ո՞ւմ դեմ է աշխատում, ում նպատակն է բարի, և ումը չար: Թվում է թե Հայաստանում բոլոր բոլորի դեմ են, և այս թնջուկը գնալով ավելի է խճճվում: Աստված հարց է տալիս հայաստանցիներին,- սիրելի հայեր, հոգևոր ամպ է կուտակվել Հայաստանի գլխին, ինչու չեք ուզում տեսնել, թե ի՞նչ են ներկա ժամանակները: Ինչո՞ւ չեք քննում, թե անձրևն ու քամին որտեղից է լինելու:Հայաստանի հոգևոր մարդիկ պետք է կարողանան վերլուծել հոգևոր ամպերի կուտակումը, սպասվելիք ամպրոպն ու կարկուտը: Ինչպես որ փարիսեցիները չկարողացան քննել և հասկանալ Մեսիայի Գալուստը, այնպես էլ այսօր մարդիկ չեն կարողանում քննել և հասկանալ, որ բոլոր իրադարձությունները որոնք կատարվում են մեր շուրջը փաստում են Քրիստոսի երկրորդ գալուստի մասին:
Ահա թե ինչու է այդքան կարևոր Ավետարանի քարոզությանը մարդկության համար: Մարդիկ ծնվում են տարբեր դարաշրջաններում, և չեն հասկանում իրենց սկիզբն ու ավարտը, իսկ Ավետարանը պատմում է աշխարհի սկզբից մինչև վերջ ընկած ժամանակահատվածի մասին, որ մարդու ողջ կյանքն է: Սուրբ Գիրքը պատմում է, թե ինչպես ստեղծվեց այս աշխարը և ինչպես է այն կործանվելու: Մարդը պետք է հասկանա իր անելիքը՝ աշխարը կործանումից զերծ պահելու պատասխանատվությունը:Միայն Աստվածաշունչը կարող է կրթել մարդուն՝ տալով նրան իր պատմությունը, իր պարտականություն և իր վարձը՝ այդ ամենի դիմաց: իսկ ավետարանի գիտակ մարդը հավատարիմ և իմաստուն տնտես է Աստծու առջև և կարողանում է քննել ժամանակները, դեպքերը, և իրադարձություններին կարողանում է տալ հոգևոր գնահատական: Տէր Հիսուս մի կարևոր հարց է տալիս բոլորիս, ասելով,- Ինչո՞ւ դուք անձնապես արժանին չեք ընտրում; Այսինքն քանի դեռ երիտասարդ ենք, երբեք մահվան մասին չենք մտածում, և վատնում ենք մեր կյանքը և առողջությունը: Միայն հասուն և ծեր տարիքում ենք հիշում մահվան սպառնալիքի մասին և չենք հասցնում հաշտվել մեր թշնամու հետ՝ երբեմն՝ տկարության պատճառով, երբեմն հպարտության պատճառով և այլն; Տասը տող էր այսօրվա սերտողության թեման, սակայն տասը ժամ կարելի է խոսել ու համեմատել մեր կյանքի հետ ավետարանի ամեն մի նախադասություն: Սիրելիներ ավարտենք այսօրվա սերտողությունը, որ բավական երկար ստացվեց: Վաղը հանդիպելու ակնկալիքով օրհնում եմ ձեզ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մաքրվենք Աստծու խոսքի կրակով և չվախենանք բաժանումներից, այլ՝ միացած մնանք Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը: