ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկսաի.11:37-54
ՅԻՍՈՒՍ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԸ ԵՒ ԴՊԻՐՆԵՐԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ
37 Երբ այս բաները կը խօսէր, փարիսեցի մը կ՚աղաչէր անոր, որ իր քով ճաշ ուտէ։ Անիկա ալ մտաւ եւ սեղան նստաւ։ 38 Փարիսեցին երբ տեսաւ, զարմացաւ, որ ճաշէն առաջ չլուացուեցաւ։ 39 Տէրը ըսաւ անոր. «Հիմա դուք՝ փարիսեցիներ, գաւաթին ու պնակին դուրսիդին կը մաքրէք, բայց ձեր ներսիդին յափշտակութեամբ եւ չարութեամբ լեցուն է։ 40 Ա՛նխելքներ, ան որ դուրսինը ըրաւ, ներսինն ալ ինք չըրա՞ւ։ 41 Սակայն անոնց մէջ եղածներէն ողորմութիւն տուէք եւ ահա ամէն բան մաքուր կ՚ըլլայ ձեզի»։ 42 «Բայց վա՜յ ձեզի փարիսեցիներուդ, որ անանուխին ու փեգենային եւ բոլոր խոտեղէններուն տասանորդը կը վճարէք, բայց զանց կ՚ընէք իրաւունքը եւ Աստուծոյ սէրը. ասոնք պէտք է ընէիք եւ զանոնք չձգէիք։ 43 Վա՜յ ձեզի փարիսեցիներուդ, որ ժողովարաններուն մէջ առաջին աթոռները կը սիրէք ու շուկաներուն մէջ՝ բարեւները։ 44 Վա՜յ ձեզի, կեղծա՛ւոր դպիրներ ու փարիսեցիներ, որ անյայտ գերեզմաններու նման էք, որոնց վրայէն մարդիկ կը քալեն ու չեն գիտեր»։
45 Օրինականներէն մէկը պատասխան տալով՝ ըսաւ անոր. «Վա՛րդապետ, այդ խօսքերը ըսելով՝ մեզ ալ վար կը զարնես»։ 46 Անիկա ըսաւ. «Ձեզի ալ վա՜յ օրինականներուդ, որ տանելու դժուար բեռներ կը բեռցնէք մարդոց ու դուք ձեր մէկ մատով այն բեռներուն չէք դպչիր։ 47 Վա՜յ ձեզի, որ մարգարէներուն գերեզմաններ կը շինէք, մինչդեռ ձեր հայրերը սպաննեցին զանոնք։ 48 Ուրեմն կը վկայէք եւ հաւանութիւն կու տաք ձեր հայրերուն ըրածներուն. վասն զի իրենք սպաննեցին զանոնք ու դուք անոնց գերեզմաններ կը շինէք։ 49 Անոր համար ալ Աստուծոյ իմաստութիւնը ըսաւ. ‘Պիտի ղրկեմ անոնց մարգարէներ ու առաքեալներ։ Անոնցմէ ոմանքը պիտի սպաննեն ու ոմանքը հալածեն, 50 Որպէս զի աշխարհի սկիզբէն ի վեր թափուած բոլոր մարգարէներուն արիւնը այս ազգէն պահանջուի։ 51 Աբէլին արիւնէն մինչեւ Զաքարիային արիւնը, որ սեղանին ու տաճարին մէջտեղ թափուեցաւ՝ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, այս ազգէն պիտի պահանջուի’։ 52 Վա՜յ ձեզի օրինականներուդ, որ գիտութեան բանալին վերցուցիք. դուք չմտաք եւ մտնողներն ալ արգիլեցիք»։
53 Երբ այս բաները անոնց կ՚ըսէր, դպիրներն ու փարիսեցիները սկսան խիստ նեղանալ եւ շատ բաներու վրայով անոր բերնէն խօսք փնտռել։ 54 Անոր դարան պատրաստելով, կը փնտռէին թէ ի՞նչպէս անոր բերնէն բան մը որսան, որպէս զի անոր վրայով ամբաստանութիւն ընեն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ամեն օր սերտելով ավետարանը, տեսնում ենք, որ իրադարձությունները գնալով ավելի են զարգանում, և միաժամանակ ավելի պարզ է դառնում, թե ինչու ամեն անգամ Տէր Հիսուս աշակերտներին և մարդկանց զգուշացնում է, որ իր մասին առայժմ չհայտնեն ճշմարտությունը: Քանի որ դեռ բավական բացահայտումներ պետք է կատարվեն, և Ինքը փարիսեցիներն ամբողջությամբ պետք է մերկացնի և ժողովրդի առջև և աշակերտների առջև, որպեսզի հետագայում իրենց գործունեության ժամանակ զգույշ լինեն նրանց ծուղակներից: Տէր Հիսուս առանց խուճապի և առանց անհանգստության հաղթահարեց բոլոր ծուղակները, որ պատրաստում էր իր հանդեպ հոգևոր վերնախավը:Նրանց միակ նպատակը Հիսուսին ծուղակ գցել էր, և ծուղակի միջոցով մահվան դատապարտել: Հիսուսի ներկայությունը քահանայապետների և օրենսգետների համար վտանգ էր ներկայացնում: Տէր Հիսուս այդ մասին գիտեր, նախքան,որ նրանք գաղտնի ժողով էին հրավիրում, և հերթական նենգ որոշումն էին կայացնում: իսկ երբ ժամանակը լրացավ, և հոգևոր իշխանները չկարողացավ նրան ծուղակը գցել, քանի որ արդար էր, Տէր Հիսուս կամավոր հանձնեց Իրեն նրանց ձեռքը, փաստելու համար, որ մարմինը չարչարելով ու սպանելով՝ հոգուն վնաս չեք հասցնի: Ամեն հանդիպման ժամանակ նշան էին հայցում երկնքից և նույնիսկ Հիսուսի տված պատասխանը իրենց հասկանալի չէր դառնում, թե ի՞նչ է նշանակում Հովնանի նշանից բացի ուրիշ նշան չի տրվի այս անհավատ սերնդին:
Ահա այսօրվա սերտողության մեջ տեսնում ենք, որ պատրաստված է հերթական ծուղակային ճաշկերույթը, և փարիսեցիներից մեկը սպասում է, որ Տէր Հիսուսն ավարտի իր ուսուցումը, և Նրան իր տուն հրավիրի՝ ճաշի: Սիրելիներ, մենք էլ մեր կյանքի տարիների ընթացքում ունենում ենք այսպիսի ծուղակային հրավերքներ, որտեղ մարդիկ միտումնավոր հանդիպումներ են կազմակերպում, այս կամ այն հարցը քննարկելու, պարզաբանելու, մեղադրելու և այլն: Բայց երբ մեղադրվողը արդար է իր կենսագրությամբ, ազնիվ է իր գործերում, նրան անկարելի է դատապարտել կամ հունից հանել: Տեսնենք, թե այս անգամ ինչպիսի պարտության է մատնում հրավիրվածներին՝ ի դեմս հրավիրողի: Հիսուս Քրիստոս գիտեր, որ փարիսեցիները երկրորդական երևույթներին չափազանց ուշադիր են և դա գրեթե միշտ քննարկման թեմա էր դառնում: Տէր Հիսուս սեղան նստեց առանց լվացվելու, և այդտեղից սկսվեց իրենց բանավեճը: Փարիսեցիները տեսան, որ Հիսուս առանց լվացվելու սեղան նստեց ճաշից առաջ և զարմացան: Ձեռքերը լվանալու ծայրահեղությունների մասին ձեզ խոսել եմ, հիմա լրացուցիչ մի տեղեկություն տամ լվացվելու մասին: Ծայրահեղական հրեաների մոտ սովորություն էր, որ նախաճաշից առաջ ամբողջ մարմնով ընկղմվում էին ջրի մեջ և ապա նախաճաշում:
Այդ սովորությունն էլ իրենց փոխանցվել էր կրոնական փարիսեցիներից, որոնք ծեսերից առաջ անպայման կատարում էին այդ ամբողջական ընկղմումը ջրի մեջ, ինչը պարտավոր չէն անելու մյուսները: Նորից եմ կրկնում դա ծայրահեղական փարիսեցիների դրսևորում էր, դրա համար զարմացան Տէր Հիսուսի չլվացվելու վրա: Այս հանդիպումից առաջ Տէր Հիսուս խոսում էր մարմնի ճրագի մասին, որ մարդու աչքն է: Երբ աչքը առողջ է, մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի: Փարիսեցիները չէին հասկանում Հիսուսի մտքերի խորությունը և ահա նրանց աչքը նկատեց մի երկրորդական բան և իրենց մտքում զարմացան դրանից: Իսկ Հիսուս Քրիստոս հանդիմանեց նրանց, այն բանի համար, որ իրենք հրապուրված են արտաքին մաքրությամբ և ամբողջությամբ անտեսում են իրենց ներսի, ու իրենց սրտի մաքրության հանգամանքը: Տէր Հիսուս գիտեր, որ նրանց ներսը լիքն է հափշտակություններով և չարություններով, բայց ճաշում էր նրանց հետ՝ մի բահ սովորեցնելու ակնկալիքով:Միևնույն ժամանակ ակնարկում է, որ մարմնի լվացումը մաքրում է մարմինը, իսկ հոգին մնում է անմաքուր և մարմինը դարձնում է խավար: Գեղեցիկ օրինակով բացատրում է նրանց, ցույց տալով բաժակն ու պնակը, որոնց արտաքին մաքրությանն են նայում միայն: Նա, ով ստեղծեց արտաքինը, որի վրա այդչափ կենտրոնացած եք, նա էլ ստեղծեց ներքինը, որն անտեսում եք անմտությամբ, ասաց ներկա փարիսեցիներին:
Իսկ նրանց մեջ եղած հափշտակությունն ու չարությունը կվերանա, եթե նրանք ողորմություն անեն:Ողորմությամբ միայն կարող են մաքրել ամեն նենգություն և չարություն, որովհետև ողորմություն անողը չի նախանձում և չարանում նրան, ու օգնում է: Ողորմությունն է սիրո այն դուռը, որը բացվում է աստվածային առաքինությունների առջև: Լավ է ասում Տէր Հիսուս, թե, եթե ողորմություն անեք, ձեր ամեն ինչը մաքուր կլինի: Համբերելով նրանց ծայրահեղ դրսևորումներին, Տէր Հիսուս շատ կարևոր դասեր տվեց նրանց, որոնց կարիքը ամենաշատը ունեին: Վա՛յ ձեզ, փարիսեցիներիդ, ասում է Վարդապետը, որ մինչև հիմա չգիտեք, որ օրինավոր է լվացվելը, օրինավոր է տասանորդ տալը, բայց սրանք չեն ձեր կյանքի նպատակը:Դուք գլխավորը բաց եք թողնում և կառչում եք երկրորդականին, ինչը ձեզ դարձնում է ցուցամոլ ու ծայրահեղական;Մինչդեռ առաջին տեղում սերն ու ողորմությունն է, որից որ դուք զուրկ եք ձեր խստասրտության պատճառով: Հետաքրքիր ճաշկերույթ է կազմակերպված փարիսեցիների համար համեղ ուսուցումով: Նրանք հրավիրել էին Հիսուսին հյուրասիրելու համար, բայց Տէր Հիսուս նրանց հրամցրեց աշխարհի ամենահամով պատառները, որոնք կարող էին նրանց համար փրկության առիթ հանդիսանալ; Այստեղ սկսվում են հերթական վայերը, որ տալիս է փարիսեցիներին՝ նրանց բոլոր թերությունների համար: Մենք շատ ենք անդրադարձել, որ փարիսեցիները հրապարակներում հատուկ ողջույններ էին ակնկալում, և բարձր գահեր էին սիրում;
Սիրելիներ, այս երևույթը միայն փարիսեցիների մոտ չի նկատվում, այլ ամեն մի առաջնորդի, որը պաշտոն և աթոռ է զբաղեցնում: Նույն մոլությունը նկատվում է ինչպես քաղաքական պաշտոններում, այնպես էլ հոգևոր պաշտոններում և աթոռներում: Երբեմն հոգևոր առաջնորդների ծառայության վայրի շքեղությունից մոլորվում ես, արդյոք թանգարան է, թե աշխատասենյակ: Իսկ երբ պաշտոնատար անձը առաջնությունը տվեց իր աշխատասենյակի արտաքին զարդարանքին ու գեղեցկությանը, այդպիսի ղեկավարը չի տարբերում առաջնային երկրորդականից, այնպես, ինչպես փարիսեցիները: Միշտ հիշեք, որ առաքյալներին քարոզության ուղարկելիս հորդորում էր հնարավորինս չափավորությամբ մտնել ծառայության մեջ: Քանի որ մարդու սիրտն այնտեղ է, որտեղ իր ինչքերն են;
Տէր Հիսուսի այս հանդիմանական խոսքերից ազդված մի օրենսգետ ասաց,- Վարդապե՛տ, այս խոսքերն ասելով, մեզ էլ ես նախատում:Սակայն եթե օրենսգետն իմանար, թե ինչ պատասխան էր ստանալու Վարդապետից, կգերադասեր լռել, քան խոսել: Վա՛յ ձեզ, օրենսգետներ, ասելով նրանց մեղադրում է այն բանի մեջ, որ օրենքները պարտադրում են ժողովրդին և իրենք չեն օգնում նրանց կատարելու համար:Բացի նրանից, որ չեն օգնում հասկանալ՝ կատարելու համար, նաև իրենք չեն կատարում, այլ միայն պարտադրում են, որ ժողովուրդը պահի օրենքները: Ցանկացած դարաշրջանում, ցանկացած ղեկավար, եթե ինքը օրինապահ չեղավ, բացառվում է, որ իր ենթակաները պահեն օրենքը: Այս երևույթը մոդա է նաև մեր օրերում, որ միայն պահանջում են, որ ժողովուրդը լինի օրինապահ, ժողովուրդը լինի հոգևոր, ժողովուրդը լինի արթուն և այլն;Այսպիսիները բոլոր ժամանակներում էլ վայի են արժանի, չնայած իրենք մարդկանցից փառք են որսում; Օրենսգետները վերանորոգում էին այն մարգարեների շիրիմները, որոնց իրենց հայրերը սպանել էին: Հիսուս Քրիստոս նրանց վա՛յ տալով, բացատրում է, որ գերեզման շինելը վատ բան չէ, բայց գերեզման շինելուց ավելի կարևոր է այդ սպանված մարգարեների խոսքերը պահեք, քան ցուցադրաբար նրանց գերեզմանները շինեք:
Այս բոլոր վայերը տալով Տէր Հիսուս փարիսեցիների և օրենսգետների ուշադրությունը կենտրոնացրեց գլխավորի վրա, որ Աստծու խոսքն է ու նրա կատարումը, իսկ մնացածը երկրորդական են փրկության համար: Աստծու խոսքը և սրբությունը հասանելի են բոլորին՝ թագավորից մինչև ռամիկ, և ոչ ոքից թաքցված չէ: Ուղղակի Աստծու խոսքը լուսաբանող մարդիկ երբեմն այդ խոսքը հարմարեցնում են ժամանակի և հանգամանքների հետ, դրա համար հիմնականում այն դառնում է անհասկանալի, երբեմն էլ անհասանելի:Օրենսգետներին մեղադրում է, որ գիտության բանալիները թաքցնում են ժողովրդից, իրենք չեն մտնում այդ դռնով և մտնողներին էլ արգելում են, քանի որ իրենք ունեն այդ իշխանությունը:Այստեղ ձեզ մի օրինակ տամ որպեսզի ավելի հասկանալի լինի օրվա սերտողությունը: Այս հարցի շուրջ բավական նամակներ եմ ստացել, բայց քանի որ մեր երկրում քաղաքական և հոգևոր դաշտը բավական լարված վիճակում էր հետընտրական ժամանակահատվածում, չանդրադարձա այդ նամակներին, բայց նամակագիրների մտահոգությունը միանգամայն տեղին էր և ընդունելի: Մարդիկ հարցնում զարմացած, թե ինչպե՞ս կարող եմ բացատրել այն նրբությունը, առանց անդրադառնալու այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցչի անձի: Խոսքը երևույթի մասին է: Տարիներ շարունակ,- ասում է նամակագիրը,- ես իմ եկեղեցում լսում եմ, որ ամեն իշխանություն Աստծուց է, և մենք պարտավոր ենք աղոթել այդ իշխանությունների համար:Գալիս է մի վճռական պահ, երբ նույն քարոզողները դեմ են դուրս գալիս այդ իշխանությանը՝ պահանջելով նրա հրաժարականը:Ինչպես հասկանանք մենք Ավետարանի այդ պատգամը ճիշտ կողմնորոշվելու համար: Նորից կրկնում է նամակագիրը, որ խոսքը վերաբերում է երևույթին ոչ թե անձանց: Աստծու խոսքը անփոփոխ է, այն չի հարմարվում անձանց, այլ անձերը պետք է հարմարվեն այդ խոսքին; Ասելիքս այն է, որ Աստծու խոսքը քարոզողը եթե չպահի իր քարոզածը, ապա ոչ ոքի համար այն հասկանալի չի լինի, և կդառնա գայթակղության թեմա:
Վերադառնանք մեր թեմային և ամփոփենք այսօրվա սերտողությունը: Ճաշկերույթը, որ կազմակերպել էին փարիսեցիներն ու օրենսգետները, դարձավ նրանց համար ամոթալի մի վիճակ՝ ժողովրդի աչքի առջև, ինչը պատճառ հանդիսացավ, որ նրանք չարանան և կրկնակի բանավեճի մտնել Հիսուս Քրիստոսի հետ՝ զանազան հարցերի շուրջ: Դարձյալ նրանց նպատակն այն էր, որ Հիսուսի բերանի մի հակառակ խոսք որսային և ամբաստանեին Նրան: Այսպես եղավ, երբ Լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին, քանի որ այդ Լույսը ցույց է տալիս իրենց մութ գործերը: Աստված չկամենա, որ մեզնից որևէ մեկը արժանանա այդ վայերից թեկուզ ամենափոքրին: Իսկ դրա համար պետք է արթուն լինենք մեր լսածի հանդեպ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի արժանանաք մեր Տիրոջ երանիներին, ո՛չ թե վայերին;