ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.11: 27-36
ՃՇՄԱՐԻՏ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ
27 Երբ անիկա այս բաները կը խօսէր, ժողովուրդին մէջէն կին մը ձայնը վերցուց ու ըսաւ. «Երանի՜ այն որովայնին՝ որ քեզ կրեց եւ այն ծիծերուն՝ որոնք քեզի կաթ տուին»։ 28 Իսկ ինք ըսաւ. «Մանաւանդ երանի՜ անոնց, որ Աստուծոյ խօսքը կը լսեն ու կը պահեն»։
ՀՐԱՇՔԻ ՄԸ ԽՆԴՐԱՆՔԸ
29 Երբ ժողովուրդը անոր վրայ կը դիզուէր, ինք ըսաւ. «Այս ազգը չար է. նշան կ՚ուզէ, բայց ուրիշ նշան պիտի չտրուի անոր, միայն Յովնան մարգարէին նշանը։ 30 Քանզի ինչպէս Յովնան Նինուէացիներուն նշան եղաւ, այնպէս Որդին մարդոյ այս ազգին՝ պիտի ըլլայ։ 31 Հարաւի թագուհին դատաստանին օրը այս ազգին մարդոցը դէմ պիտի ելլէ ու պիտի դատապարտէ ասոնք, վասն զի երկրի ծայրերէն եկաւ Սողոմոնին իմաստութիւնը լսելու եւ ահա Սողոմոնէն մեծ մէկը կայ հոս։ 32 Նինուէի մարդիկը դատաստանի օրը այս ազգին դէմ պիտի ելլեն ու պիտի դատապարտեն ասիկա, վասն զի Յովնանին քարոզութիւնով զղջացին եւ ահա Յովնանէն մեծ մէկը կայ հոս»։
ՄԱՐՄՆԻՆ ՃՐԱԳԸ
33 «Մէկը ճրագը չի վառեր ու ծածուկ տեղ մը դներ, ո՛չ ալ գրուանի տակ, հապա աշտանակի վրայ, որպէս զի ներս մտնողները լոյսը տեսնեն։ 34 Մարմնին ճրագը աչքն է, ուստի երբ աչքդ պարզ է, բոլոր մարմինդ ալ լուսաւոր կ՚ըլլայ, բայց երբ աչքդ վատ է, մարմինդ ալ մութ կ՚ըլլայ։ 35 Ուրեմն զգոյշ կեցիր, որ քու մէջդ եղած լոյսը խաւար չըլլայ։ 36 Արդ՝ եթէ քու բոլոր մարմինդ լուսաւոր է եւ մութ մաս մը չունի, բոլորն ալ լուսաւոր կ՚ըլլայ. ինչպէս երբ ճրագ մը իր փայլունութիւնովը քեզ լուսաւորէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Երեկվա սերտողության մեջ տեսանք, որ Հիսուս Քրիստոսին մեղադրեցին պիղծ ոգիների հետ համագործակցելու մեջ, երբ մի համր մարդուց հանում էր պիղծ դևը: Նաև տեսանք, որ Հիսուս Քրիստոս զանազան օրինակներով բացատրում էր նրանց, որ դա անկարելի է նույնիսկ մտածել, քանի որ Նա եկել էր մարդկանց հոգիները փրկելու համար, իսկ ընկած հրեշտակը իր հակառակն է անում մինչ օրս: Նրա բացատրության պարզությունը հիացմունք էր պատճառում ներկա գտնվողներին, որոնց համար հասկանալի էր Նրա բոլոր խոսքերն ու բացատրությունները: Երբ որ մարդիկ մի վատ արարք են տեսնում, տրամաբանական է, որ գնահատականը վատ է լինում: Սակայն երբ լավ արարք են տեսնում, և դարձյալ գնահատականը վատ է լինում, սա արդեն տրամաբանությունից դուրս է: Այս պարագայի համար արդարացման միջոցը նախանձն է, քանի որ համր մարդը արդեն խոսում է, իսկ նրանք ուրախանալու փոխարեն զրպարտությամբ էին զբաղված: Այսպիսի մի դեպք էլ եղավ ժողովարանի մեջ շաբաթ օրով, երր Տէր Հիսուս բժշկեց այն հիվանդ կնոջը, որը չար ոգու կապանքներով կռացած էր մինչև գետին: Այստեղ դարձյալ ուրախանալու փոխարեն, հանդիմանեցին Հիսուսին, որ շաբաթ օրով մարդ է բժշկում; Ուրեմն եթե բոլոր պարագաներում մեղադրում են, արդեն հստակ է, որ զրպարտություն և նախանձ է Հիսուսի նկատմամբ և ուրիշ ոչինչ:
Ինչո՞ւ եմ ես ձեզ այս բաները հիշեցնում, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք ցանկացած հանդիպման ժամանակ փարիսեցիները միայն ելք են փնտրում Հիսուսին մեղադրելու համար: Բայց Հիսուս Քրիստոս միշտ հավատարիմ Իր առաքելությանը, փորձում է բացատրելով հասկացնել, առակներով հուշել, որ մի անտեսեք Աստծու արքայությունը ձեր նախանձի պատճառով, ձեր չարամտության պատճառով: Խոսում էր Տէր Հիսուս և պարզ ժողովուրդը սիրով լսում էր Նրան: Հանկարծ բազմության միջից կանացի մի ձայն իր հիացմունքի խոսքերը արտահայտեց ուղղակի բարձրաձայն, ասելով,- Երանի է այն կնոջը, որ հղացավ և դիեցրեց քեզ: Այնպես ասաց, որ բոլորը լսեցին: Լսեց Նաև Տէր Հիսուս Քրիստոս: Այստեղ մի պահ վերադառնանք նրան՝ մարիամ Աստվածածնին, որը հղացավ և կերակրեց Հիսուսին: Հիշում եք Մարիամի և Եղիսաբեթի հանդիպման ժամանակ հնչած գեղեցիկ օրհներգությունը, որտեղ Մարիամն ասում է,- Ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան: Սա առաջին երանին էր, որ պարզ կինը տվեց Մարիամին, և այնուհետև արդենք մենք ականատես եղանք, թե ինչպես բոլոր ազգերը երանի են տալիս նրան՝ մինչև մեր օրերը: Ուշագրավ է նաև Հիսուս Քրիստոսի պատասխանը, որ տալիս է այդ կնոջը, թե,- Մանավանդ է նրանց, որ լսում են Աստծու խոսքը և պահում են: Այս խոսքերը ասելով, Տէր Հիսուս կամեցավ ասել, որ նույնիսկ իրեն լույս աշխարհ բերած մայրն էլ չէր կարող համարվել երանի, եթե օժտված չլիներ առաքինությունները և Աստծու խոսքի հանդեպ այդքան խոնարհությամբ: Գուցե այս խոսքերը վերաբերում էին նաև այն համր մարդուն, որից հանել էր դևը և նա արդեն խոսում էր, որպեսզի ինքն էլ չբավարարվի միայն իր բժշկությունով, այլ լսի Աստծու խոսքը և պահի այն, ինչ ասում էր ամեն տեղում, ամեն ուսուցման ժամանակ: Իսկ եթե լսեր համրը Աստծու խոսքը և չպահեր, իր բժշկությունը իր համար դատապարտություն կլիներ, քանի որ երբ չէր լսում և խոսում, ոչ ոք նրան չէր դատապարտի Աստծու խոսքը չպահելու համար:
Այս կնոջ համար բավական էր իր լսածը և հասկացածը, որպեսզի մաքուր սրտով երանի տար Նրան, սակայն բազմության մեջ կային կարծրասիրտ մարդիկ, որոնք չէին հագենում և չէին բավարարվում նշան պահանջելուց: Իրենց թվում էր, թե որևէ նշան կարող է մաքրել իրենց սիրտը կարծրությունից, բացել իրենց աչքերի վարագույրները, որպեսզի տեսնեն Աստծու Որդու Լույսը՝ իրենց առջև կանգնած: Բազմությունը գնալով ավելանում էր Հիսուսի շուրջ, և Նա շրջվելով դեպի ժողովուրդը, ասաց, - Այս սերունդը չար սերունդ է, նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի բացի Հովնանի նշանից: Ինչո՞ւ այսպես ասաց, որովհետև կասկածամիտ փարիսեցիները երկրի վրա տեսած իրենց հրաշքները կապում էին դևերի իշխան՝ Բէեղզեբուղի հետ, և նշան էին ուզում երկնքից: Ուրիշ նշան չի տրվելու, բացի Հովնանի նշանից: Նրանք այս խոսքերն էլ չհասկացան, թե ինչ էր նշանակում: Տէր Հիսուս կամեցավ ասել, որ, այ՛ո, ձեզ կտրվի նշան երկնքից՝ Հարության տեսքով, ինչպես որ Հովհանը երեք օր մնաց կետ ձկան փորի մեջ, և այնուհետև ափ նետվեց Աստծու հրամանով, այնպես էլ Մարդու որդին երեք օր կմնա դժոխքում և հարություն կառնի մեռելներից և ձեզ համար նշան կլինի: Հրեաները չհավատացին Հովնանին, որը ափ նետվելուց հետո գնաց, քարոզեց, և Նինվեյ մեծ քաղաքը փրկվեց, այժմ էլ այս սերունդը չի հավատում Աստծու Որդու խոսքին և դարձյալ նշան է ուզում: Իսկ երբ նշանը տեսնի դարձյալ չի հավատալու: Դա կլինի նրանց համար դատապարտություն, քանի չհավատացին որ Հովնանի, ոչ էլ Հիսուս Քրիստոսին, որը Հովնանից մեծ է; Մեծ է Հովնանից, որովհետև Քրիստոս քարոզում է երկնքի արքայություն, իսկ Հովնանը՝ ապաշխարություն էր փրկության համար:
Տէր Հիսուս Քրիստոս հազարավոր հրաշքներ է գործում, իսկ Հովնանը ոչ մի հրաշք չգործեց, այլ՝ իր հետ պատահեց մեծ հրաշքը՝ Աստծու թույտվությամբ:
Տէր Հիսուս բերում է նաև Հարավի թագուհու օրինակը, որը իրավունք է ստացել դատաստանի օրը դատապարտելու նրանց, որոնք չեն հավատացել Աստծու Որդուն, քանի որ նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնին իր իմաստության համար, իսկ հրեաների առջև կանգնածը՝ մեծ է Սողոմոնից, որովհետև Ինքն է տվել Սողոմոնին այդ իմաստությունը, և Ինքն է Իմաստությունը: Նույնիսկ Նինվեյի ապաշխարած մարդիկ դատաստանի օրը պիտի վեր կենան ու դարձյալ դատապարտեն անհավատ սերնդին, որովհետև նրանք լսեցին Հովնանի խոսքը և փրկվեցին;
Քանի որ ներկա հրեաները և փարիսեցիները նախանձի պատճառով ամեն բան հակառակ են հասկանում, նույնիսկ հրաշքների առումով, ապա Տէր Հիսուս բացատրում է նրանց, որ ձեր լսած բոլոր խոսքերը որպես լույս գիտություն տրվեց ձեզ, ձեր հոգու աչքերը լուսավորելու համար, սակայն դուք փակեցիք ձեր աչքերը չտեսնելու համար, և ձեր ականջները չլսելու համար: Դուք ճրագը թաքցրիք, որ ո՛չ ոք չտեսնի և լուսավորվի: Հիսուս Քրիստոսի խոսքը ուղղված էր փարիսեցիներին, երբ խոսում էր մարմնի ճրագի մասին; Քանի որ նրանք ունեին գիտություն, որը ճրագ էր իրենց համար, և նրանք պարտավոր էին այդ ճրագից օգտվել և այլոց լուսավորել այդ գիտությամբ, որը պատմում է Աստծու Որդու մասին; Իսկ երբ նրանց մեջ եղած գիտությունը խավար է և չի լուսավորում շրջապատը, ապա խավար է նրանց ողջ մարմինը: Երբ Աստծուց ստացած լույսն ու գիտությունը չի գործածվում Աստծու փառքի և մարդկանց բարօրության համար, ապա այն շուտով դառնում է խավար և խավար դարձնում նաև ամբողջ մարմինը: Մենք նախորդ անգամ խոսեցին վառվող ճրագի մասին, որը այն լույսն է, որ բոլորս ստանում ենք Աստծուց: Իսկ երբ մեր գիտությունը թաքցնում ենք մեր ներսում և դրանով չենք լուսավորում մեր շուրջ, ապա լույսը մեր մեջ կարող է խավարել շատ շուտով:
Ավետարաններից մեզ հայտնի է դառնում Քրիստոսի ժամանակվա այդ սերնդի հոգեվիճակը, որոնք իրենց մեջ եղած լույսը վերածեցին խավարի և գործադրեցին Լույս Պարգևողի՝ Հիսուս Քրիստոսի դեմ, հասնելով այն բանի, որ Նրան հանձնեցին հռոմեացիներին՝ դատապարտության և խաչելության համար: Իսկ ժամանակակից հրեաների մեծամասնությունը նորից նույն հոգեվիճակի մեջ է, տարբերությամբ, որ այսօրվա հրեան ամեն կերպ փորձում է արդարացնել Քրիստոսին դատապարտող սերնդի ոճրագործությունը: Ժամանակակից հրեաների մեծամասնությունը մեղադրում են քրիստոնյաներին այն բանի համար, որ քրիստոնյաները նրանց հիշեցնում են Քրիստոսի խաչելությունը: Իսկ իրենք արդարանում են, հիմք վերցնելով այն հանգամանքը, որ Քրիստոսի օրոք եղած քահանայապետների ձեռքով և նրանց նենգությամբ եղավ դա, բայց ժամանակակից սերունդը չի ընդունում 2000 տարի առաջվա սերնդի այն խոսքը, որ ասացին,- Դրա արյունը թող լինի մեր և մեր որդիների վրա: Սա շատ ծանր խոսք է, որի հետ չեն կարողանում հաշտվել այսօրվա հրեաները: Չեն հաշտվում նաև այն մտքի հետ, որ Տէր Հիսուս չար մշակների առակի մեջ ասաց, որ այգին կվերցվի և կտրվի այն ազգին, որը պտուղ կտա: Չեն հաշտվում Քրիստոսի ժամանակվա իրենց սերնդի արած նզովքի հետ՝ իրենց որդիների վրա, սակայն խոնարհություն և հավատք էլ չկա, որպեսզի ապաշխարեն և ընդունեն Քրիստոսի աստվածությունը և իրենց վրայից հանեն այդ նզովքը: Անվերջ գիտական աշխատություններ էր պատրաստում մեկը մեկից ավելի հզոր փաստեր բերելով, բայց չկա զղջումը՝ արարքի համար, չկա հավատքը, չկա խոնարհությունը: Ցավոք այս երևույթը միայն հրեաների բացթողումը չէ աշխարհում;
Միայն այն ազգերը կարող են մեղադրել հրեաներին, որոնք Նինվեյի պես ապաշխարեցին և փրկություն գտան քաղաքի մեծից փոքրը և իրոք պտուղ տվեցին այգու բերքից: Իսկ այն ազգերը որոնք թեպետ չեն խաչել Տիրոջը, սակայն չե՛ն ապրում Քրիստոսի խոսքով, նրանք իրավունք էլ չունեն որևէ մեկին դատապարտելու: Եթե հրեաների մեջ այսօր էլ կան հրաշքները փնտրողներ, որպեսզի հավատան Հիսուսին և դարձի գան, այդպիսիք կան բոլոր ազգերի մեջ: Հովնանը իր սերնդի համար քարոզեց, Իսկ Տէր Հիսուս բոլոր դարերի բոլոր սերունդների համար քարոզեց: Ի միջիայլոց հին աղբյուրները գրում են, որ բոլոր մարգարեները իրենց ժամանակին քարկոծվել են իրենց քարոզության համար, նույնիսկ հալածվել է Հիսուս Քրիստոս՝ իր քարոզության համար, սակայն Հովնան մարգարեն միակն է եղել, որ չի քարկոծվել քարոզության համար: Սիրելիներ ավարտենք այսօրվա սերտողությունը և թող մեր վերցրած գիտելիքը ճրագ լինի մեր հոգում և լուսավորի մեր շուրջը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի նշան չփնտրենք հավատալու համար, այլ մեր մեջ եղած լույսը թող լուսավորի մեր ողջ մարմինը: