ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 11: 14-26
ՅԻՍՈՒՍ ԵՒ ԲԷԵՂԶԵԲՈՒՂԸ
14 Յիսուս դեւ մը կը հանէր մէկէն՝ որ համր էր։ Երբ դեւը ելաւ, համրը խօսեցաւ եւ ժողովուրդը զարմացաւ։ 15 Բայց անոնցմէ մէկ քանիները ըսին. «Ատիկա դեւերուն Բէեղզեբուղ իշխանին միջոցով դեւերը կը հանէ»։ 16 Ուրիշներ ալ փորձելով՝ երկնքէն նշան մը կ՚ուզէին անկէ։ 17 Բայց Յիսուս գիտնալով անոնց խորհուրդները՝ ըսաւ անոնց. «Ամէն թագաւորութիւն իրեն դէմ բաժնուած՝ կ՚աւերի եւ տուն մը իրեն դէմ բաժնուած՝ կը կործանի. 18 Հապա եթէ Սատանան իրեն դէմ բաժնուած է, անոր թագաւորութիւնը ի՞նչպէս պիտի կենայ, որովհետեւ կ՚ըսէք թէ Բէեղզեբուղով դեւերը կը հանեմ։ 19 Իսկ եթէ ես Բէեղզեբուղով դեւերը կը հանեմ, ձեր որդինե՞րը ինչով կը հանեն։ Ուրեմն անոնք պիտի ըլլան ձեր դատաւորները։ 20 Բայց եթէ ես Աստուծոյ մատովը կը հանեմ դեւերը, ուրեմն Աստուծոյ թագաւորութիւնը ձեր վրայ հասած է։ 21 Երբ զօրաւոր մարդ մը զէնքերը վրան առած՝ իր տանը բակը պահպանէ, անոր բաները խաղաղութեան մէջ կը մնան. 22 Բայց երբ անկէ աւելի զօրաւորը գալով յաղթէ անոր, անոր զէնքերը կ՚առնէ՝ որոնց ինք յուսացեր էր եւ անկէ առած կողոպուտը կը բաժնէ։ 23 Ան որ ինծի հետ չէ՝ ինծի հակառակ է եւ ան որ ինծի հետ չի ժողվեր՝ ցիրուցան կ՚ընէ»։
ՉԱՐ ՈԳԻԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
24 «Երբ պիղծ ոգին մարդէ մը ելլէ, անջուր տեղեր կը պտըտի, հանգստութիւն կը փնտռէ ու եթէ չգտնէ, կ՚ըսէ. ‘Դառնամ նորէն իմ տունս՝ ուրկէ ելայ’։ 25 Եւ կու գայ, զանիկա մաքրուած ու յարդարուած կը գտնէ։ 26 Այն ատեն կ՚երթայ եւ իրեն հետ կ՚առնէ եօթը ուրիշ ոգիներ՝ իրմէ աւելի չար ու մտնելով հոն կը բնակին եւ այն մարդուն վերջը առաջինէն գէշ կ՚ըլլայ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Այսօրվա մեր սերտողությունը սկսենք մի գեղեցիկ մտքով, որն ասում է,- Աստծուն պահիր քո կյանքի մեջ, Աստված կպահի քո կյանքը: Մենք ամեն առավոտ մեր օրը սկսում ենք Աստծու խոսքով, և վստահ ենք, որ Աստված նախախնամում է մեր ողջ օրը ամեն չարից ու փորձությունից, իսկ եթե պատահի որ փորձության մեջ ենք լինում, ցույց է տալիս մեզ ելքերը այդ փորձությունից:
Ինչպե՞ս է ցույց տալիս: Երբ մենք ամեն օր մի դաս ենք սովորում Աստվածաշնչից, մեր կյանքի տարբեր իրավիճակներում հիշում ենք, թե Քրիստոս ինչպե՞ս կվարվեր այս պարագայում: Եթե ո՛չ նույնությամբ, գոնե ելքեր գտնում ենք չարի փորձությունից անվնաս դուրս գալու: Ճանաչելով Աստծուն, և ապավինելով Նրա ողորմությանը, պետք չէ մոռանալ, որ անդադար գործում է նաև չարը, որը երբեմն հեռանում է մեզնից, երբեմն վերադառնում դարձյալ մեր կամքով: Երեկվա սերտության մեջ մենք սովորեցինք Աստծու հետ կապի բոլոր միջոցները, որոնք կարող են իրագործվել աղոթքի միջոցով: Երբ մենք աղոթքի հարատևության մեջ ենք, չարը մեզ հետ երկար չի կարող մնալ, որովհետև մեր միտքը զբաղված է Աստծու մասին ավետարանական թեմաներով, կամ աղոթքով, և պարապ տեղ չկա, որ չարը իր աղբը տեղավորի: Սակայն բավական է առժամանակ հեռանալ Աստծու խոսքից, անմիջապես միտքը լցվում է անկարևոր մտքերով և դրանք փոխարինվում են ավելի անկարևոր գործերով և մարդ այդ պահին կամ սխալ խոսում է, կամ սխալ գործում:
Այսօրվա սերտողության մեջ կարդում ենք, որ պիղծ դևը նույնիսկ իրավասություն ունի մարդուն համր դարձնելու: Երբ Տէր Հիսուս դևը հանեց մարդուց, համր մարդը խոսեց: Բայց սա դեռ չի նշանակում, որ բոլոր համրերը դևից բռնված են, որ չեն խոսում; Կա, որ բնածին է թոթովախոս, կա, որ ձեռքբերովի է, կա, որ բուժվող է: Օրինակ Մովսեսի համար գրված է, որ թոթովախոս էր, և Աստված ասաց քո փոխարեն կխոսի Ահարոնը: Չասեց, որ դևից է բռնված, դրա համար խոսքը չի հասկացվում: Մովսեսը մինչև վերջ էլ մնաց այդպիսի թոթովախոս, բայց ընտիր առաջնորդ:
Համրի շուրջը եղած մարդիկ զարմացան իրենց աչքի տեսածից: Սակայն եղան մարդիկ, որոնք կասկածեցին և ասացին, որ Վարդապետը դևերի իշխանի միջոցով է հանում դևին: Մի մասն էլ երկնքից նշաններ էին ուզում տեսնել: Ընդհանուր պատկերից հայտնի է դառնում, որ այդ ժամանակներում շատ են եղել դիվահարության դեպքեր, շատ են եղել նաև կախարդություններ և կեղծ մարգարեներ, որոնք իրոք համագործակցել են չար ուժերի հետ, և ժողովրդի համար զարմանալի չէ նման երևույթներ տեսնելը: Կարևորը նրանք հավաքվեն և մի հրաշք տեսնեն: Բազմությունը որ հավաքվում էր Հիսուսի շուրջ, անվերջանալի ուսուցման կարիք ուներ, քանի որ ամեն գիտություն նրանց մոտ ինքնահնար էր և ոչինչ կայուն չէր: Երբ Հիսուս տեսավ, որ իրեն մեղադրում են դևերի իշխանի ուժերը գործադրելու համար, պարզ բառերով բացատրեց, որ, անկարելի է, որ դևը դևի միջոցով բարի գործ կատարի: Չէ՞ որ նրանց նպատակն է բաժանել, կիսել, ցրել, հեռացնել: Եթե սատանայի թագավորության մեջ այսպիսի բաժանում լինի, նա չի կարող կանգուն մնալ:
Նույնիսկ կանգուն չի կարող մնալ մի տուն, կամ մի պետություն, եթե իր ներսում բաժանում լինի, կամ անհամաձայնություն: Որպեսզի խոսքը ավելի հասկանալի լինի, ցույց է տալիս նրանց, որ առաքյալները Իր անունով են դևեր հանում և բժշկում, ուրեմն ինչպես են Իրեն մեղադրում դևերի հետ համագործակցելու մեջ: Ներկաներին ասում է մի բան, որը հետո պիտի կատարվի, բայց քանի որ նրանք հակված են միայն կասկածներ առաջադրելու, չեն հասկանում թե ի՞նչ է նշանակում Տէր Հիսուսի այն խոսքը, որն ասում է, ձեր հետևորդները կլինեն ձեր դատավորները: Բացահայտ ասում է, որ Աստծու արքայությունը հասել է ձեզ, բացեք ձեր աչքերը և տեսեք: Այդքան հրաշք տեսած սերունդը դարձյալ մնաց կույր վիճակում և չուզեց որևէ փոփոխություն տեսնել իր կյանքի մեջ, ինչքան էլ որ կարդացած էին և մարգարեությունները պարզ խոսում են Հիսուսի մասին: Մարգարեություններում նույնիսկ գրված է, որ երեսուն արծաթով են մատնելու Հիսուսին: Օրենքի ուսուցիչները գիտեին այդ մասին, այլապես ինչո՞ւ հենց երեսուն արծաթ տվեցին Հուդային, և ոչ երեսունհինգ: Որպեսզի կատարվի բոլոր մարգարեությունները հենց իրենց ձեռքով, որոնք այս պահին մեղադրում են Հիսուսին դևերի իշխանի միջոցով բուժում կատարելու մեջ: Ուրեմն այլևս ոչինչ չէր կարող նրանց հակառակը համոզել, նրանք համաձայնվել էին ծառայություն մատուցել սատանային: Քանի որ նայում էին ու չէին տեսնում, որ Հիսուս Քրիստոս հավաքում է, իսկ սատանան ցրում է ամեն ինչ:
Այստեղ Տէր Հիսուս մի շատ վտանգավոր բանի մասին է խոսում, որից ապահովագրված չենք նաև մենք, որ շատ հաճախ խոստովանում ենք մեր մեղքերը և չարի սերմանած որոմը հանում ենք մեր անդաստանից:
Տէր Հիսուս ասում է,- Երբ պիղծ դևը դուրս է գալիս մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում, և երբ չի գտնում, ասում է՝ վերադառնամ իմ տունը, որտեղից ելա: Գալիս տեսնում է այն՝ մաքրված, և կարգի բերված: Այն ժամանակ գնում, վերցնում է իրենից ավելի չար յոթը դևեր և մտնում բնակվում է այնտեղ: Այդ մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ քան նախկինը: Ինչպե՞ս կարող է պատահել այս երևույթը: Օրինակ՝ մկրտության ժամանակ չափահաս ենթական սրբվում, մաքրվում և կարգի է բերում իր հոգևոր տունը, քանի որ ազատվում է և՛ սկզբնական և՛ ներգործական մեղքերից: Պատրաստի մաքուր և հարդարված բնակարան է դառնում՝ մկրտությունից անմիջապես հետո: Այստեղ է վտանգը, որ եթե ենթական մկրտությունից անմիջապես հետո հոգ չտանի իր հարդարված տեղը ավետարանական գանձերով լցնելու կարևոր գործով, ապա չի բացառվում, որ այն մեղքերը որոնցից ազատվել ու մաքրվել էր, նորից գլուխ բարձրացնեն և իրենց տիրոջ հետ գան ու բնակվեն մարդու մեջ, որի վերջը ըստ ավետարանի ավելի վատ կլինի, քան սկիզբը՝ որ մկրտված չէր: կամ, թեկուզ այն մարդը որը խոստովանում է իր մեղքերը և քահանայից թողություն է ստանում, և հանգստանում է, որ ազատվել է իր մեղքերից, բայց դարձյալ ուշադիր չէ իր հոգևոր մաքրությանը, նորից նույն վտանգը սպասվում է այս տեսակին:
Այս երևույթները մեր աչքի համար տեսանելի չեն, դրա համար մենք անուշադիր ենք այդ հարցում: Այլապես ի՞նչ է կատարվում աշխարհում, մկրտված քրիստոնյաների թիվն անսահման է, սակայն քրիստոնեությունը չի ծաղկում: Թեկուզ մեր փոքրիկ երկրում բոլորը մկրտված են, բայց քրիստոնեությունը նահանջ է ապրում ամենուր: Մկրտված ենք, բայց ճշմարիտ քրիստոնյա չկա: Եկեղեցով պսակված ենք, ամուր ընտանիք չկա: Ո՞վ կարող է այսօր երաշխավորել, որ իր պսակը հարատևելու է: Կամ իր ընտանիքը կայուն է լինելու: Կամ ո՞ր մկրտվածն է շարունակում եկեղեցու անդամ լինել և կապվել եկեղեցական կյանքը հասկանալու գործին: Որովհետև մարդը հեռու է Աստվածաշնչից և Աստծու խոսքից, որպեսզի հասկանա, թե իր վտանգը որտեղից է գալիս: Հիսուսի ժամանակ էլ նույն վիճակն էր, եթե հիշում եք, շատ շատերը չհավատացին և չընդունեցին Նրան, և նմանեցնում էին մարգարեների, Եղիային, Հովհաննեսին: Այս երևույթ չէր մեղադրում Տէր Հիսուս, համարելով, որ մարդը կարող է սխալվել:
Այս մեղքը կներվի նրանց, քանի որ չգիտեին: Իսկ այս մարդիկ արդեն հայհոյում են սուրբ Հոգուն՝ ասելով դևերի իշխանի՝ այսինքն մեղադրում էին, որ իբրև ընկած հրեշտակների հետ է կատարում բժշկությունները:
Բայց մի շատ կարևոր միտք է տալիս ներկաներին, ասելով,- Երբ որ զինված հզոր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է: Այսինքն մարդը կարող է կամավոր զինված լինել սատանայի զենքերով, կարող է նաև կամավոր զինված լինել Աստծու սպառազինությամբ: Բայց երբեք թող մարդը չմոռանա, որ Քրիստոսի հզորությունը քանդում է ամեն կարծեցյալ իշխանություն, որ Աստծուց չէ: Հիշո՞ւմ եք, մի գեղեցիկ օրինակ կա, երբ Սավուղը, որ դեռ Պողոս չէր դարձել, հալածում էր քրիստոնյաներին, Տէր Հիսուս երևաց նրան և ասաց, Սավուղ, ինչո՞ւ ես ինձ հալածում, քեզ համար դժվար է հակառակվել ինձ: Քանի որ Սավուղի սպառազինությունը Աստծուց չէր: Նշանակում է, որ այդտեղ կա ավելի հզոր մեկը, որը վերցրեց Սավուղի բոլոր զենքերը, որոնց վրա որ նա հույս էր դրել: Ինչպես որ այսօրվա սերտողության մեջ ասում է, - Կգա նրանից ավելի հզոր մեկը և նրանից կվերցնի իր զենքերը, որոնց վրա որ նա հույսը դրել էր:
հետևաբար սիրելիներ, ինչպես որ աղը իր համը կորցնելուց դառնում է անպետք, այնպես էլ քրիստոնյան եթե չի պահում պատվիրանները, նա այլևս քրիստոնյա չէ: Եթե ամփոփելու լինենք մեր այսօրվա սերտողությունը, կարելի գալ մի եզրահանգման, որ ընկած հրեշտակը՝ սատանան այլևս ուշադրություն չի դարձնում այն մարդու վրա, որը արդեն մեղքի մեջ է և շարունակում է այդպես ապրել: Այսպիսի մարդը արդեն ստրուկն է սատանայի: Սատանային առավել հետաքրքիր է այն մարդը, որը զղջացել է իր մեղքերը և դատարկ է հոգին մեղքերից: Հավաքում է իր հետ իրենից զորեղ չար ուժեր և փորձում է տեղավորվել այս մաքրված տանը: Այս է պատճառը, որ մեղքերի խոստովանությունից անմիջապես հետո հավատացյալներին տալիս են սուրբ Հաղորդություն՝ որպես պաշտպանություն այդ մաքրված մարմնի: Քարի որ չարը սարսափում է Քրիստոսի Մարմնից և Արյունից: Մենք նկատում ենք, որ գնալով մեղքերը՝ ինչպիսիք են թմրամոլությունը, հարբեցողությունը, շնությունը երիտասարդանում են, որովհետև խոստովանողները չեն կարողանում պահել իրենց մաքուր վիճակը: Ավետարանն ասում է պիղծ ոգին եկավ տեսավ տունը մաքրված ու հարդարված: Իսկ որտե՞ղ է մաքրվում ու կարգի բերվում մարդու հոգին, եթե ո՛չ եկեղեցում:
Ուրեմն որքան որ խոստովանազավակը պետք է զգույշ և արթուն լինի, նույնքան էլ խոստովանահայրը՝ որը արձակել է նրան իր մեղքերից իրեն տված իշխանությամբ; Ավարտենք այստեղ մեր սերտողության թեման և ամենայն զգուշությամբ վերաբերվենք մեր հարդարված և կարգի բերած տների հետ, որպեսզի չլինի թե խոստովանած մեղքերը նորից հետ գան:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր վերջին վիճակը ավելի լավ լինի նախորդից: