ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկսաի. 11: 5- 13
5 Եւ ըսաւ անոնց. «Ձեզմէ ո՞վ է ան, որ բարեկամ մը ունենայ ու կէսգիշերուան մէջ երթայ անոր եւ ըսէ. «Բա՛րեկամ, ինծի երեք նկանակ փոխ տուր, 6 Վասն զի իմ մէկ բարեկամս ճամբայէն ինծի եկաւ ու բան մը չունիմ անոր առջեւ դնելու»։ 7 Անիկա ալ ներսէն պատասխան տայ եւ ըսէ. «Զիս մի՛ յոգնեցներ, արդէն դուռը գոցուած է ու տղաքս իմ քովս անկողնին մէջ են, չեմ կրնար ելլել ու քեզի հաց տալ»։ 8 Ձեզի կ՚ըսեմ. ‘Թէեւ բարեկամութեան համար չելլէ տայ անոր, սակայն անոր թախանձանքին համար պիտի ելլէ ու պէտք եղածը տայ անոր’։ 9 Ես ալ կ՚ըսեմ ձեզի. ‘Խնդրեցէք եւ պիտի տրուի ձեզի, փնտռեցէք ու պիտի գտնէք, դուռը զարկէք եւ պիտի բացուի ձեզի. 10 Վասն զի ամէն ով որ կը խնդրէ՝ կ՚առնէ եւ ով որ կը փնտռէ՝ կը գտնէ եւ ով որ դուռը կը զարնէ՝ պիտի բացուի անոր’։ 11 ‘Ձեզմէ ո՞վ է այն հայրը, որմէ իր որդին հաց ուզէ, քար տայ անոր. կամ եթէ ձուկ ուզէ, ձուկին տեղ օձ տայ անոր. 12 Կամ եթէ հաւկիթ ուզէ, կարիճ տայ անոր’։ 13 Ուստի եթէ դուք որ չար էք՝ ձեր զաւակներուն աղէկ ընծաներ տալ գիտէք, որչա՜փ աւելի ձեր Հայրը երկնքէն Սուրբ Հոգին պիտի տայ անոնց որ իրմէ կը խնդրեն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք ձեզ հետ միասին վերլուծեցինք եզակի մի աղոթք, որը մեզ պարգևել է անձամբ Հիսուս Քրիստոս: Աղոթքը իր անվանումը ստացել է առաջին բառակապակցությունից՝ ,,Հայր Մեր,, և համարվում է վերականգնողական աղոթք ողջ մարդկության համար, որտեղ մարդ-Աստված երկխոսության մեջ կարգավորվում են խաթարված հարաբերությունները: Երեք գլխավոր հարցերով ենք դիմում ենք Աստծուն աղոթքի մեջ, որոնք մեր կյանքի հիմքն են հանդիսանում: Խնդրում ենք հանապազօրյա հաց, որի մեջ մտնում են մեր բոլոր պետքերը, ինչպես մարմնավոր, այնպես էլ հոգևոր և գլխավորը՝ Տիրոջ մարմինը որպես Հաց մեր հավիտենական կյանքի համար: Խնդրում ենք, որ ների մեզ, քանի որ առանց Աստծու մասնավոր միջամտության մեր կկորցնենք մեր հավիտենականության հույսը: Երրորդ խնդրանքն այն է, որ օգնություն ենք հայցում փորձության ժամին մեզ հետ լինելու, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինենք, կստանանք կյանքի պսակը, որը Տերը խոստացավ Իրեն սիրողներին: Աստվածաշնչյան թեմաները տարբեր սերտողություն են պահանջում, որովհետև մեկը հարկավոր է առանձին տողերով վերլուծել,իսկ մեկ ուրիշ՝ ընդհանուր մտքով: Հայր Մերը այն տեսակն էր, որի ամեն տողին պետք էր անդրադառնալ, դրա համար այսօր թռուցիկ անդրադարձ ունեցանք աղոթքի մասին;
Քանի որ Տէր Հիսուս աշակերտներին խոսում է աղոթքի ձևի և բովանդակության մասին, հետևաբար հետագա ուսուցումը շարունակւոմ է աղոթքի տրամաբանությամբ, թե որքան կարևոր է աղոթքը՝ անկախ ժամանակից, վայրից, տրամադրությունից և առհասարակ որևէ հանգամանքից կախված չէ աղոթքը: Գլխավոր կետերը մեզ սովորեցրել է աղոթքի մեջ, որպեսզի երբ մենք կամենանք նաև ուրիշ աղոթք հղել Աստծուն, ապա հիշենք, թե ի՞նչն է կարևոր մեզ համար խնդրել աղոթքի մեջ: Այս առակը, որ պատմեց ներկաներին, կեսգիշերին բարեկամից երեք հաց խնդրելու վերաբերյալ, նույնպես հարատև աղոթքի մասին է, որ մարդը իր ողջ կյանքի ընթացքում կարիք ունի աղոթքով կապված մնալու Աստծու հետ: Առակը փոխաբերական իմաստ ունի, քանի որ իսկական իմաստով տրամաբանական չէ կեսգիշերին մեկի դուռը թակել և հաց ուզել: Իսկ խորհրդաբար հասկանալի է, որ կեսգիշերը կարող է խորհրդանշել մարդու կյանքի ավարտը, որը չի կարող իր տրամաբանական ավարտին հասնել առանց երեք աստվածային առաքինություններին, որոնք են՝ Հավատը, Հույսը, և Սերը, որոնք կարող ենք ստանալ հարատև աղոթքի միջոցով՝ Ամենասուրբ Երրորդության անձերի միջոցով: Եթե լսենք Հոր ձայնը երկնքից՝, որն ասում է,- Դա՛ է իմ սիրելի Որդուն Դրան լսեք:
Եթե լսենք Որդուն, որն ասում է,- Զգույշ եղեք, թե ինչպես եք լսում և կատարում: Նաև երբ մեր տաճարները մաքուր պահեն, որպեսզի Սուրբ Հոգին հանգչի մեզ վրա և հիշեցնի ամեն կարևոր խոսք որ լսել ենք: Երեք
Նկանակը կարող է խորհրդանշել նաև մեր մարմինը, հոգին և միտքը, որոնց ներդաշնակության համար անձանձիր պետք է աղոթենք Տիրոջը՝ Իր ներկայության մեջ արդարորեն ապրելու համար: Առակի մեջ փակված դռները Աստծու ողորմության դռներն են, որոնք հեշտությամբ բացվում են բախողի առջև, խնդրողի առջև և թախանձագին աղոթքի ժամանակ; Ճշմարիտ աղոթքի փորձառություն ունեցողները գիտեն, որ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Աստված չի ուշացնում որևէ աղոթքի պատասխան: Եթե աղոթքի պատասխանը ուշանում է, դա լավագույն պատասխանն է անդրադառնալու խնդրո առարկային, թե ինչ ենք խնդրել: Եթե խնդրել ենք մի նյութական բան, որը մեզ վնասելու է, ուրեմն մենք չենք ստանալու պատասխանը՝ որը բխում է միայն մեր շահերից, քանի որ Աստված տեսնում է մեր վաղվա օրը: Այլ բան է, երբ մեկը շքեղ մեքենա խնդրի Աստծուց, բոլորովին այլ բան է, երբ նույն մարդը Աստծու կամքը խնդրի բարեպաշտ կին ունենալու համար: Խոսքը ամենևին այն աղոթքների մասին չէ, որ առավոտից երեկո Աստծուն ասում ենք,- տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր: Խոսքը ազնիվ մղումներով աղոթքի մասին է, երբ մեկը խնդրում է մի բան, որով կարող է օգտակար լինել այլոց և չվնասել սեփական անձին; Միայն աղոթքը բավարար չէ Աստծու առջև բարեպաշտ երևալու համար: Աղոթքի պատասխանը ստանալու և նույնիսկ չստանալու համար Աստծուն պետք է Գոհություն հայտնել: Գիտե, Աստծուն գոհություն հայտնելու հազարավոր առիթներ կան, սակայն կա մի բան, որի համար հատկապես պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն; Շատ ժամանակ դրա համար շնորհակալություն չենք հայտնում Աստծուն, որովհետև չգիտենք, թե ինչի՞ համար է պետք շնորհակալություն հայտնել: Ամեն օր Աստծուն պետք է շնորհակալություն հայտնենք մեր ծնունդի համար, որ լույս աշխարհ ենք եկել: Ոչ միայն մեր ծննդյան օրը հայտնենք, այլ՝ ամեն օր: Որովհետև մեկ անգամ ծնվեցինք և հնարավորություն ունենք այլևս չմեռնելու: Շատերը չեն ծնվել ամենատարբեր պատճառներով, իսկ մենք ծնվել ենք: Եթե հարատև կապի մեջ լինենք Աստծու հետ, ապա այլևս չենք մեռնի, քանի որ Քրիստոս ասաց,Ես եկա, որ կյանք ունենաք, և առավել ևս ունենաք: Այսինքն կյանք ունենաք նաև ձեր մահից հետո:
Ուսուցման երկրորդ մասում աշակերտներին սովորեցնում է բոլորիս համար շատ սիրելի մի պատվիրան, որն ասում է,-Խնդրեցեք և Աստծուց կտրվի ձեզ: Փնտրեցեք և կգտնեք: Բախեցեք և կբացվի ձեզ համար: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ, որ Հայր Մեր աղոթքից հետ որքան մանրամասն է բացատրում աղոթքի նրբությունների մասին, որպեսզի կարդացողը ուղղի իր աղոթելու ձևը, եթե սխալ է աղոթել: Անդրադառնա իր խնդրածներին, եթե սխալ բան է խնդրել: Վերևում մենք նշեցինք, որ Աստվածային առաքինություններ է պետք մեզ՝ Հավատ, հույս և Սեր, որպեսզի գործածենք դրանք որպես զորավոր զենքեր՝ մեր աղոթքի մեջ: Մենք նախ առողջ հավատք պետք է ունենանք, որպեսզի Աստծուց խնդրենք: Անվերջանալի Հույս պետք է ունենանք, որ մեր անդադար աղոթքը բախելու է Աստծու ողորմության դուռը և լսվելու է Աստծու առջև: Անսահման Սիրով պետք է ընդունենք և գործածենք մեր աղոթքի պատասխանը՝ ոչ միայն մեզ համար, այլ մեր միջոցով Աստծու պարգևին բաժնեկից դարձնենք նաև մեր նմաններին:
Ավետարանում ինչքան գեղեցիկ օրինակներ կան՝ խնդրելու և ստանալու: Փնտրելու և գտնելու: Բախելու և բացվելու վերաբերյալ: Խնդրանքի լավագույն օրինակը կատարվեց խաչի վրա՝ ավազակի միջոցով և Աստված րոպեական պատասխանեց խնդրանքին: Չմոռանա՛նք, թե ի՛նչ պայմաններում էր ավազակը, երբ խնդրեց: Ինչպե՞ս էր խնդրում մեկին, որը իր պես կախված էր խաչից: Եվ վերջապես ի՞նչ ակնկալիք ուներ, որ կստանա իր խնդրանքը: Այստեղ՝ խաչի վրա գործեցին միանգամից երեք առաքինությունները հավասարապես՝ Հավատը, Հույսը, և Սերը: Խնդրե՛ց և ստացա՛վ:
Փնտրելու լավագույն օրինակ է հրեական վարդապետ Նիկոդեմոսի արարքը, որը գիշերով գնաց փնտրելու և գտավ ավելին քան սպասում էր: Բացվեց նրա աչքերը և նա հասկացավ, թե ի՛նչ է վերստին ծնունդը: Նիկոդեմոսը իր գտածի պատճառով անտեսեց ամեն վտանգ և գնաց Պիղատոսի մոտ իր Ուսուցչի մարմինը խնդրելու: Նիկոդեմոսը փնտրեց և գտավ:
Բախելու գեղեցիկ օրինակ է քաղաքի մեղավոր կնոջ արարքը, որը համարձակությամբ բախեց փարիսեցի Սիմոնի դուռը և բացվեց նրա առջև և նրան դիմավորողը՝ անձամբ Հիսուսն էր, որը տվեց այս պատվիրանը՝ խնդրելու, փնտրելու և բախելու:
Տէր Հիսուս ներկաներին այսքան հանգամանալից բացատրելով աղոթքի կարևորությունը, բացատրում է նաև, որ մարդ արարածը լինելով իր բնությամբ չար, կարող է իր զավակի խնդրանքը բավարարել ավելիով, ուրեմն Աստված տիեզերքի Արարիչն է, ինչպես պետք է պատասխանի նրանց, որոնք իր կարիքն ունեն, և խնդրում են խոնարհությամբ, փնտրում են Իրեն մաքուր սրտով, բախում են Իր ողորմության դուռը՝ հույսով և ստացածը բաշխում են կարիքավորին ու չիմացողին: Տէր Հիսուս մեզ սովորեցնում է ամեն բան, որպեսզի մենք ձեռնունայն չմնանք վերջին օրը, երբ կլրանան մեր կյանքի օրերը: Սակայն մեր Տէրը չի բավարարվում միայն Իր տվածով, այլ ինքն է բախում մեր սրտի դռները և մնում է անպատասխան: Իսկ ովքեր լսելու ական ունեն և լսում են թակոցը, բացում են դուռը և ներս է մտնում հավիտենական Լույսը և մարդը դասվում է երանիների շարքում, քանի որ Աստծու հետ ներդաշնակ է ապրում: Սիրելիներ Աստված բոլորիս Հայրն է, և գիտե իր զավակներից յուրաքանչյուրի կարիքը: Ինչպես որ մեր զավակների բոլոր խնդրանքները չէ, որ մենք կատարում ենք, քանի որ երբեմն նրանք չեն հասկանում, թե ինչ են ուզում: Այնպես էլ Աստված գիտե, թե մեր խնդրանքները որքանով են մեզ օգուտ կամ վնաս: Հիշում եք Հին Կտակարանում երբ Եղիան երկինք էր համբարձվում, Եղիսեին ասաց, խնդրի՛ր, ինչ անեմ քեզ, քանի Տէրը ինձ քո մոտից չի վերացրել: Եղիսեյը խնդրեց, որ Եղիային հոգին կրկնապատիկ իր վրա լինի: Դժվար բան խնդրեցիր,- ասաց Եղիան: Սակայն Աստված տեսավ, որ Եղիսեն հպարտության համար չուզեց, այլ՝ ծառայության: Եղիսեն ստացավ, ինչ որ խնդրեց:
Սիրելիներ, մենք էլ կարող ենք խնդրել Աստծուց շնորհները, բայց պայմանով որ ծառայենք այլոց, ո՛չ թե հպարտանանք մեր ձայնով, որ երգում ենք, կամ որևէ այլ շնորհով որ Աստված է պարգևել մեզ:
Մենք երեկ խոսեցինք այն մասին, որ պետք է ծանոթանանք Աստծու գործելաոճին, որպեսզի հասկանանք ասելիքը ժամանակին, և կիրառենք ժամանակին: Մեր Տէրը տեսնում է մեր ընկած վիճակը, մեր տկարությունը, սակայն չի հանդուրժում մեր ծուլությունը, որ կամավոր մնում ենք մեղքի մեջ: Ծուլության պատճառով չենք աղոթում: Թերահավատության պատճառով չենք համբերում աղոթքի պատասխանին: Այս բոլոր պատճառներն են արգելք հանդիսանում, որ երբեմն մեր եկեղեցի գնալն էլ է անպտուղ դառնում, մեր աղոթքն էլ չի լսվում, մեր փնտրածն էլ չենք գտնում: Պետք ճանաչել Աստծուն՝ որպես գթառատ Հայր, նախանձախնդիր Ծնող, և հատկապես որպես Արդար դատավոր:
Ավարտենք մեր այսօրվա սերտողությունը աղոթքի գեղեցիկ թեմայի մասին, և այսօր էլ վերցնենք այսօրվա դասը: Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր խնդրանքը ստանանք, փնտրածը՝ գտնենք, և բախելիս՝ բացվի մեր առջև: