ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 11:1-5
ՅԻՍՈՒՍ ԱՂՕԹԵԼ ԿԸ ՍՈՐՎԵՑՆԷ
1 Տեղ մը աղօթք կ՚ընէր։ Երբ դադրեցաւ, իր աշակերտներէն մէկը ըսաւ իրեն. «Տէ՛ր, մեզի աղօթք ընել սորվեցուր, ինչպէս Յովհաննէս իր աշակերտներուն սորվեցուց»։ 2 Յիսուս ըսաւ անոնց. «Երբ աղօթք կ՚ընէք՝ ըսէք. «Ով Հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ. քու թագաւորութիւնդ գայ. *քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ. 3 Մեր ամէն օրուան հացը օրէ օր մեզի տուր 4 Եւ մեզի ներէ մեր մեղքերը, քանզի մենք ալ կը ներենք այն ամենուն՝ որ մեզի պարտական են ու մեզ փորձութեան մի տանիր, *հապա չարէն մեզ ազատէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ: Բավական ուսուցողական դասեր քաղեցինք տասներորդ գլխից, հետաքրքիր առակներ կարդացինք, ծանոթացանք առաքյալների ու աշակերտների ընտրության և գործուղման աշխատանքներին: Մի խոսքով փրկագործության աշխատանքները ջանասիրաբար առաջ են գնում Հիսուս Քրիստոսի ծառայասիրության շնորհիվ: Այսօր տեսնենք, թե ի՞նչ է պատրաստել մեզ համար Ղուկաս ավետարանիչը՝ իր 11 րդ գլխում; Մենք մինչև հիմա ամեն ինչի մասին կարդացինք, բոլոր ուսուցումների մասին պատկերացում կազմեցինք: Բայց չէինք հանդիպել, որ Հիսուս Քրիստոս աշակերտներին աղոթել սովորեցնի: Ինքը նրանց աչքի առջև շատ հաճախ էր աղոթքի կանգնում, գուցե սպասում էր, որ աշակերտները խնդրեին աղոթել սովորեցնելու պահանջով: Աշակերտները միշտ սպասել են, որ Վարդապետը աղոթքը ավարտի և վերադառնա իրենց մոտ, բայց այս անգամ այդպես չեղավ: Աշակերտներից մեկն ասաց, Տէ՛ր, մեզ աղոթել սովորեցրու: Քանի որ տեսել էին, որ Հովհաննես Մկրտիչը իր աշակերտներին սովորեցնում էր աղոթել: Նախանձախնդրությունից դրդված մի աշակերտ դիմեց Տէր Հիսուսին՝ որպեսզի իրենց էլ սովորեցնի աղոթել: Տէր Հիսուս կարծես այդ խնդրանքին էր սպասում, և իր մոտ պատրաստի ուներ աշակերտների համար գրված մի աղոթք: Անմիջապես արձագանքեց նրա խնդրանքին և բոլորի համար սովորեցրեց նույն աղոթքը, ասելով,- Երբ աղոթքի կանգնեք, ասացեք,- Հա՛յր մեր ...:
Այս հակիրճ աղոթքը մտավ քրիստոնյա աշխարհի սրտի մեջ և բոլոր մարդկանց համար գործող աղոթք է, քանի որ իր մեջ պարունակում է այն արժեքները, որոնք Տէր Հիսուս պահանջում է մեզնից: Այս աղոթքի տրամաբանությամբ կարելի է ստեղծել բազմաթիվ անձնական աղոթքներ, շեշտը պահելով Հայր մեր աղոթքի բովանդակության վրա: Աշխարհի անունից աղոթք է առաքում Երկնավոր Հորը՝ նրան անվանելով ,,Մեր Հայր,,: Երբ Աստված բոլորիս Հայրն է, ապա ինքնաբերաբար բոլորս միմյանց քույրեր և եղբայրներ ենք համարվում այս աշխարհում; Սակայն բոլոր աղոթողները չեն, որ այս հանգամանքը հաշվի են առնում: Այս աղոթքը շատ սիրելի աղոթք դարձավ քրիստոնյաներիս համար, որովհետև այս մտքերը որ կան աղոթքի մեջ միայն հավատացյա՛լ մարդը կարող է ասել և խնդրել: Երբ աշխարհի Արարիչ Աստծուն Հայր ենք կոչում բոլոր երկրավորներս, նախ պարտավորվում ենք լինել որդու կարգավիճակում, և ապա խնդրել մնացածը: Բոլորս չենք, որ զավակի խոնարհությամբ ենք դիմում Աստծուն: Մենք կամավոր դավանում ենք, որ Աստծու անունը սուրբ լինի ո՛չ միայն մեր շրթներին, այլ նաև մեր գործերում: Սակայն բոլորս չենք, որ մեր գործերով ցույց ենք տալիս Աստծու սրբությունը, երբեմն մեր պատճառով Աստծու անունը զուր տեղը մարդիկ իրենց բերանն են առնում:
Աստծու արքայությունն ու կամքը կարող է խնդրել այն մարդը, որը պատրաստ է դիմավորել Աստծուն՝ այլևս չհամբերելով աշխարհի բոլոր անարդարություններին: Մի՞թե մեղավոր մարդը կարող է խնդրել, որ Աստծու արքայությունը գա Իր արդարությամբ; Բայց բոլորս ասում ենք այս աղոթքը, առանց խորքը նայելու: Ամեն օր հանապազօրյա հաց ենք խնդրում մեր Հորից, ստանում ենք, բայց բոլորս չէ, որ գոհություն ենք հայտնում մեր ստացածի համար: Իս եթե հոգևոր իմաստով նայենք, Մեր այս ամենօրյա Հանապազօրյա Հացը խնդրողների թիվը նայեք դուք ամեն օր: Մի՞թե միայն այսքան մարդ կարիք ունի հոգևոր սնունդ ստանալու, որ ամեն օր լսում եք: Բոլորը ունեն կարիք, բայց չեն զգում որ սա ամենապահանջված սնունդն է իրենց կերած սնունդների մեջ: Մենք աղոթքի մեջ խնդրում ենք, որ մեզ ների մեր Երկնավոր Հայրը, բայց մենք, որ քույրեր և եղբայրներ ենք համարվում մեկ Հայր ունենալու պատճառով, միմյանց չենք ներում: Ես ձեզ պատմել եմ ուղղափառ սրբի հրաշալի պատասխանի մասին, որ տալիս է իր եկեղեցու անդամներից մեկին, որը խոստովանում է, որ չի կարողանում ներել մտերիմ ընկերոջը: Իսկ հոգևորականը տալիս է շատ հստակ պատասխան, ասելով,- Բարի, եթե չես կարողանում ներել քո ընկերոջը, ապա շիտակ եղիր Աստծու առջև ,,Հայր մեր,, աղոթքի այդ տողը արտաբերելիս: Խնդրի՛ր Աստծուն, որ չների քո մեղքերը, քանի որ դու չես կարողանում ներել քո ընկերոջը: Սթափվում է այդ երիտասարդը հոգևորականի այս խոսքից և գնտում է ելքը: Ներում է, քանի որ ինքն էլ ներման կարիք ունի Աստծու առջև: Լավ կլինի, որ մենք էլ աղոթքի ներման տողին հասնելիս այսպես ասենք Աստծուն, եթե կա մեկը, որին չենք կարողանում ներել:
Մենք ամեն օր խնդրում ենք, որ մեզ չտանի փորձության, սակայն մենք կամավոր փորձություններ ենք բերում մեր գլխին՝ մեր անհնազանդության պատճառով, մեր ագահության և մեր նախանձի պատճառով; Վերջում հաստատում ենք, որ Աստծունն է փառքը, զորություն, իշխանությունը, սակայն մեր բոլոր գործերը նպատակամղված են մեր փառքի, հեղինակության և անվան մեծարմանը: Ասում ենք Քո՛նն է զորությունը, բայց գործադրում ենք մեր մարդկային զորության վերջին ճիգը: Աստծու իշխանությունն ենք դավանում, մեր իշխանությամբ ենք առաջ տանում մեր գործերը: Մի խոսքով ,,Հայր Մեր,, աղոթքը Տէր Հիսուս սովորեցրեց մեզ, որ մենք աղոթենք, ո՛չ թե արտասանենք որպես գեղեցիկ ու հակիրճ ձևակերպված միտք՝ տրված Աստծուց: Ինչո՞ւ Աստված այսպի՛սի տողեր տվեց մեզ՝ աղոթքի կանգնելու պահի համար: Աստված կամենում է, որ մենք մեկընդմիշտ հասկանանք, որ Ավետարանի այսօրվա ընկալումից է կախված մեր հետագա կյանքը: Այսօր ժամանակակից մարդկության մեծամասնության համար ընկալելի չէ, թե ի՞նչ է նշանակում Աստծու եկեղեցի:Մեկ ուրիշ մասի համար ընկալելի չէ, թե ինչո՞վ է տարբերվում Քրիստոսի եկեղեցին այլ կրոններից և հին կտակարանից: Երբ մենք չունենք այդ ընկալումը, մենք նաև չենք ընկալում, թե ինչո՞ւ ենք գալիս եկեղեցի: Մենք չենք տարբերում տաճարը եկեղեցուց: Մենք մտնում ենք աղոթքի տուն, բայց սա բավական չէ, պետք է մտնել Քրիստոսի եկեղեցու ներսը:
Ավետարանը մեզ սովորեցնում է այդ տարբերությունը: Միայն Ավետարանն է, որ մեզ ցույց է տալիս հոգևոր սահմանները և բաժանումների գաղտնիքները: Մենք, այսօրվա ժամանակակից քրիստոնյաներս շատ բաներ չենք տարբերում նույնիսկ այն դեպքում, երբ տարիներով գտնվում ենք եկեղեցու համայնքից ներս: Մենք չենք տարբերում ամուսնությունը ընտանիքից, ուսումը՝ կրթությունից, կրթությունը՝ դաստիարակությունից, առողջությունը բժշկությունից և այլն: Այս բոլորը մեզ համար մի հարթության վրա են գտնվում; Դրա համար չունենք ամուր ընտանիք, որակյալ կրթություն, օգտակար դաստիարակություն, և թեկուզ առողջ մարմին; Սրանց տարբերությունը ահռելի է, մինչդեռ մեզ ո՛չ ոք չի բացատրում այդ մասին: Այսօր պետք է հասկանալ այս բաները, քանի որ մեր ընկալումից է կախված մեր բոլոր քայլերը հետագա կյանքի համար: Ի՞նչ կլինի այս կյանքից հետո: Որտե՞ղ կհայտնվենք մենք մահից հետո՝ կամ Աստծու արքայություն, կամ դժոխք՝՝ ընկած հրեշտակների հետ միասին: Մենք չենք հետևում, թե ինչ է սովորեցնում մեզ Ավետարանը՝ ամեն օր: Որպեսզի մենք կարողանանք հասկանալ անծանոթ մի մարդու, կարդում ենք նրա կենսագրությունը, շփումների ժամանակ փորձում ենք հասկանալ նրա դիրքորոշումը, նրա սկզբունքը և այլն, որպեսզի հետագա շփումները արդյունավետ լինեն: Նույնպես էլ պետք է քաջատեղյակ լինենք Հիսուս Քրիստոսի բնավորության գծերին, Նրա սկզբունքին, Նրա պատասխաններին, Պետք է իմանանք, թե Նա ինչի՞ց է ուրախանում և ինչի՞ց է տխրում:Գլխավորը պետք է իմանանք Նրա նպատակների մասին, որը ուղղված է մեզ:
Նայենք Հիսուս Քրիստոսի կյանքի մի քանի կարևոր դրվագների և որպես հիմք ունենանք մեզ համար: Հիսուս Քրիստոս իր կյանքի ընթացքում ունեցել է շատ կարևոր հանդիպումներ: Առաջին կարևոր հանդիպումը կայացավ Հովհաննես Մկրտչի հետ, որը եկել էր Իրենից առաջ և մկրտում էր Հորդանան գետում; Հաջորդ կարևոր հանդիպումը տեղի ունեցավ ընկած հրեշտակի՝ սատանայի հետ, անապատում, որը փորձել էր Եվային և Եվայի միջոցով էլ Ադամին: Երրորդ կարևոր հանդիպումը արդեն քահանայապետների և օրենսգետների հետ եղավ: Ո՛չ թե քահանայապետի, այլ քահանայապետների, այսինքն մե՛կը տարվա քահանայապետն էր, իսկ մյուսը նա էր, որ իրենից առաջ էր քահանայապետ: Հանդիպում էր նաև օրենքի ուսուցիչների, ծերերի, տարբեր կրոնաքաղաքական ուղղությունների առաջնորդների հետ: Մի խոսքով Տէր Հիսուս հանդիպում էր Երուսաղեմյան լուսավորիչների հետ, որոնք ներկայացնում էին հին կտակարանը: Մենք պետք է իմանանք ի՞նչ է Հիսուս Քրիստոսի նպատակը և ի՞նչ է այս մարդկանց նպատակը, որպեսզի կարողանանք վերցնել մեր հասանելիքը:
Տեսեք, սիրելիներ, այս մարդիկ հավաքվեցին, խորհուրդ արեցին և հարց ուղղեցին Հիսուս Քրիստոսին, թե Ի՞նչ իշխանությամբ ես գործում, և հատկապես այդ իշխանությունը ո՞վ է տվել քեզ: Սա էր միայն նրանց հետաքրքրող հարցը, որն էլ իրենց համար արմատական նշանակություն ուներ: Հիսուսից առաջ այս խումբը Հովհաննես Մկրտչին էր տվել նույն հարցը, թե՝ Ո՞վ ես դու, մարգարե մա՞րդ ես: Իսկ հիմա հարցնում են Հիսուսին; Նրանց համար կարևոր չէր, որ ժողովրդին սովորեցնում էր, և ժողովուրդը սիրով հետևում էր: Այլ կարևոր էր, թե ո՞վ է տվել այդ իշխանությունը: Դա էր որ նրանց բարկացնում էր, և հասկանալի չէր, որ հայտնվել է մի մարդ, որը պարզ ձևով շփվում է մարդկանց հետ և նրան լսում են; Սիրելիներ, մեզ միշտ պետք է հետաքրքրի, թե ի՞նչ պատասխան է տալիս Հիսուս Քրիստոս: Քրիստոսի տված պատասխաններից է կախված մեր ճիշտ ընկալումները: Օրինակ՝ սովորեցնում է ,,Հայր Մերը,, այդ բառերը ի՞նչ նպատակով է ասվում: Ի՞նչ պատասխան տվեց Մարթային, որը հանդիմանում էր քրոջը՝ Հիսուսի ոտքերի մոտ նստելու համար: Կամ Ի՞նչ պատասխանեց Զակքեոսին, Ի՞նչ ասաց քաղաքի մեղավոր կնոջը և այլն: Այսինքն՝ եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք այս երեք պատասխանները, կլինի հակիրճ մի պատգամ, թե՝ Մշտապես հետևիր Քրիստոսի վարդապետությանը, որպեսզի ողորմությամբ փրկություն գտնես և քո արած մեղքերը այլևս չկրկնես: Մենք պետք է որսանք ամեն խոսք, որ դուրս է գալիս Հիսուս Քրիստոսի բերանից, և հասկանանք, որ պարզ բառերով շատ բարդ մտքեր է մեզ փոխանցում մեր կյանքը շիտակ ապրելու համար:Հետևենք Ավետարանին, հետևենք մեր Տիրոջ ամեն խոսքին, որը մի կյանքի արժեք ունի, և փրկության հույս ունի: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը՝ ընկալելով Տիրոջ ամեն բառը ամենայն ուշադրությամբ; Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր ընկալածը հիմք հանդիսանա մեր բարօր կյանքի համար: