ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 10: 29 – 42
ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻԻՆ ԱՌԱԿԸ
25 Ահա օրինական մը ելաւ ու զանիկա փորձելով՝ ըսաւ. «Վա՛րդապետ, ի՞նչ ընեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 26 Անիկա ալ ըսաւ անոր. «Օրէնքին մէջ ի՞նչ գրուած է, ի՞նչպէս կը կարդաս»։ 27 Պատասխան տուաւ անիկա ու ըսաւ. «Քու Տէր Աստուածդ սիրես քու բոլոր սրտովդ ու քու բոլոր անձովդ եւ քու բոլոր զօրութիւնովդ ու քու բոլոր մտքովդ եւ քու ընկերդ՝ քու անձիդ պէս»։ 28 Ինք ըսաւ անոր. «Շիտակ պատասխան տուիր, ատիկա ըրէ ու պիտի ապրիս»։ 29Իսկ օրինականը, ուզելով ինքզինք արդարացնել, ըսաւ Յիսուսին. «Բայց իմ ընկերս ո՞վ է»։ 30 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ. «Մարդ մը Երուսաղէմէն Երիքով կ՚իջնէր ու աւազակներու ձեռք ինկաւ, որոնք մերկացուցին զանիկա ու վիրաւորելով կիսամեռ թողուցին ու գացին։ 31 Պատահեցաւ որ քահանայ մը այն ճամբայէն իջնէ ու զանիկա տեսնելով անդիի կողմէն անցաւ։ 32 Նոյնպէս Ղեւտացի մըն ալ այնտեղ հասնելով՝ գնաց ու տեսաւ եւ անդիի կողմէն անցաւ։ 33Բայց Սամարացի մը, որ ճամբորդութիւն կ՚ընէր, եկաւ անոր քով ու զանիկա տեսնելով խղճաց։ 34 Մօտեցաւ, անոր վէրքերը փաթթեց, վրան ձէթ եւ գինի թափելով ու իր գրաստին վրայ դնելով՝ տարաւ զանիկա պանդոկ մը եւ անոր հոգ տարաւ։ 35 Հետեւեալ օրը, երբ կ՚ելլէր անկէ, երկու դահեկան հանեց՝ պանդոկապետին տուաւ եւ անոր ըսաւ. «Հոգ տար ատոր ու ինչ որ աւելի ծախք ընես, ետ դառնալուս ես քեզի կը վճարեմ»։ 36 Հիմա այն երեքէն ո՞րը ընկեր կ՚երեւնայ աւազակներուն ձեռքը ինկողին»։ 37 Անիկա ըսաւ. «Ա՛ն, որ ողորմութիւն ըրաւ»։ Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, դուն ալ այնպէս ըրէ»։
ՅԻՍՈՒՍ Կ՚ԱՅՑԵԼԷ ՄԱՐԹԱՅԻՆ ՈՒ ՄԱՐԻԱՄԻՆ
38 Երբ անոնք կ՚երթային, ինք գիւղ մը մտաւ եւ կին մը, Մարթա անունով, զանիկա իր տունը ընդունեց։ 39 Անիկա քոյր մը ունէր, որուն անունը Մարիամ էր, որ եկաւ Յիսուսին ոտքերուն քով նստաւ, անոր խօսքերը մտիկ կ՚ընէր։ 40 Բայց Մարթա սպասաւորութիւնով շատ զբաղած էր։ Եկաւ անոր քով ու ըսաւ. «Տէ՛ր, քու հոգդ չէ՞, որ իմ քոյրս զիս մինակ թողուց սպասաւորութեան մէջ. ուստի ատոր ըսէ, որ ինծի օգնէ»։ 41 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոր. «Մարթա՛, Մարթա՛, դուն շատ բաներու համար հոգ ընելով կը տագնապիս. 42 Բայց մէ՛կ բան պէտք է եւ Մարիամ այն աղէկ բաժինը ընտրեց, որ իրմէ պիտի չառնուի»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Երեկ մեր սերտողությունը ավարտվեց օրենսգետի տված հետաքրքիր հարցի վրա, թե ո՞վ է իմ ընկերը: Այն բանից հետո, երբ Տէր Հիսուս հիշեցրեց նրան ընկերոջը սիրելու պատվիրանը: Այս պատվիրանը ո՛չ միայն օրենսգետի, այլ շատ շատերիս մոտ է հարց առաջացնում: Ո՞վ է մեր ընկերը, որ սիրենք նրան մեր անձի պես: Ինչո՞ւ հասկանալի չէ մեզ այս պատվիրանը: Որովհետև նախ՝ հասկանալի չէ, թե ի՞նչ է նշանակում սիրել սեփական անձը: Սեփական անձը սիրել չի նշանակում բավարարել միայն մարմնավոր կարիքները, և հոգ տանել միայն տեսանելի մարմնի համար: Անձը սիրել, նշանակում է հոգ տանել անմահ հոգու կրթության և նրա հոգևոր կարիքները բավարարել: Այնպես կրթել սեփական անձը, որ գիտակցաբար որևէ կերպ չնեղացնել մերձավորին կամ ընկերոջը:
Ընկերոջը սիրել անձի պես, նշանակում է նրան նախ՝ չնեղացնել, ապա կարողության չափով բարիք գործել: Որպեսզի կարողանանք ընկերոջը սիրել, նախ պետք է ունենանք սիրելու մեծ առաքինությունը:
Իսկ սիրելը այլ բան չէ, քան ծառայություն: Ո՞վ կարող է ծառայել մարդկանց: Միայն նա, որը աստվածճանաչողությամբ ձեռք է բերել առաքինություններր: Հիմա տեսանք, որ անձը սիրելը եսասիրությունը չէ, հատուկ խնամքը չէ, անձի մեծարումը չէ, այլ՝ հոգևոր կրթությունն է, որով կարելի է առաքինություններ ձեռք բերել:
Օրենքի ուսուցիչը հարցնում է Քրիստոսին,- Իսկ ո՞վ է իմ ընկերը: Քանի որ օրենսգետ էր, մտքում կարծում էր, որ կարող է ծուղակային հարցեր տալ Հիսուսին, իրեն արդարացնելու համար: Օրինականի կարծիքով իր ընկերը իր նման մի ,,արդարը,, պետք է լինի, ինչպես կարող է մեղավոր մարդը օրենսգետի ընկերը լինել: Առաջին հարցը, որ տվեց Տէր Հիսուսին, հավիտենական կյանքը ժառանգելու մասին էր: Իսկ Տէր Հիսուս նրան ասաց,- պահի՛ր պատվիրանը և կփրկվես: Հիմա իրեն հետաքրքիր է պատվիրանի երկրորդ մասը՝ ընկերոջը սիրելու վերաբերյալ: Որպեսզի բացատրությունը պատկերավոր լինի, Տէր Հիսուս պատմում է նրան բարի սամարացու առակը, որը կարդացի ձեզ, և հավանաբար տասնյակ անգամներ եք լսել այս առակը: Երբ ավարտեց առակը, հարց տվեց օրենսգետին ճշտելու համար հասկացե՞լ է արդյոք առակը, ասելով,- Ըստ քեզ այս երեքից ո՞ր մեկը մերձավորի պես վերաբերվեց նրան, ով ավազակների ձեռքն էր ընկել:
Օրենսգետը դարձյալ տվեց ճիշտ պատասխան, ասելով,- Նա, ով նրան բարիք արեց: Տէր Հիսուս դարձյալ նույն կերպ պատասխանեց, ինչպես որ պատվիրանի ժամանակ, և ասաց,- գնա՛ և դու նույն ձևով արա:
Այս պատասխանները օրենքի ուսուցչին մտածելու տեղիք տվեցին, քանի որ միայն պատվիրանը իմանալը բավական չէ հավիտենական կյանք ժառանգելու համար: Ընկերոջը սիրել չի նշանակում որ դա պետք է լինի արդար մեկը, կամ քո բարեկամը: Քո ընկերը նա է, որը ունի քո օգնության կարիքը: Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ մենք պատվիրանների մեջ չենք խորանում՝ ասելիքը հասկանալու համար:
Մենք նույնիսկ մեր անձի մասին քիչ բան գիտենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև մենք ողջ օրը հետաքրքրված ենք մեր մարմնի կարիքներով. օրինակ՝ հոգնած ենք, քաղցած ենք, մրսում ենք, շոգում ենք, արտաքին հարդարանք, առողջություն և այլն: Իսկ քանի՞ անգամ ենք մտածում հոգու մասին: Գրեթե ո՛չ մի անգամ; Քանի որ չենք տեսնում մեր հոգին: Ավետարանը փաստում է, որ մեր հոգին անմահ է, իսկ մեր մարմինը՝ մահկանացու: Մենք մահկանացու մարմնի հանդեպ ավելի ուշադիր ենք, քան անմահ հոգու: Հոգին անմահ է և ունի երեք վիճակ: Նախ՝ քանի դեռ մեր մարմնի մեջ է: Ապա՝ երբ դուրս է գալիս մարմնից՝ մահվան ելքով: Այնուհետև անորոշ կայանում սպասում է մինչև համընդհանուր մեռելների հարություն, որպեսզի նորից միանա հարություն առած մարմնին: Իսկ մարմինը մահից հետո կորցնում է իր նախկին տեսքը հողի մեջ: Իսկ ըստ Ավետարանի հարությունից հետո մարդը կլինի ինչպես հրեշտակը: Ուրեմն հարկ է առավել հոգ տանել անմահ հոգու հանդեպ, քան մահկանացու մարմնի:
Հիմա վերադառնանք մեր առակին և տեսնենք, թե՝ ինչ է նշանակում առակի ամեն մի դրվագ, որը խորհրդաբար պատմեց Տէր Հիսուս Քրիստոս: Երուսաղեմից իջնել Երիքով նշանակում է խաղաղությունից դուրս գալ և ընկնել մեղքերով հարուստ, բայց անիծված մի վայր՝ որ Երիքովն է: Այսինքն՝ մարդը շարժվեց օրհնությունից՝ դեպի նզովք: Երբ մարդը լքում է իր օրհնության վայրը, ապա նրան դիմավորում են պիղծ ոգիները:
Եթե ուշադիր եղաք, մեր Տէրն ասաց, իջա՛վ Երիքով: Քանի որ մարդու բնությունն այնպիսին է, որ միշտ ձգտում է ներքև, ստորին մեղքը, իջնում է իր մարդ բարձունքից մինչև նվաստ մեղքը: Ավազակների ձեռքն ընկնելը նշանակում է հանձնվել սատանայի փորձություններին: Իսկ սատանան նախ հեռացնում է ամենայն առաքինություններից, որպեսզի մեղք գործել տա: Մերկացնել, վիրավորել և կիսամեռ վիճակում թողնելը նշանակում է մարդուն զրկել առաքինություններից, հեռացնել Աստծու պատկերից ու նմանությունից, իսկ այսպիսին արդեն հոգեպես մեռած մարդ է՝ Ադամի կարգավիճակով, որը մեղքի պատճառով մահ բերեց աշխարհ: Ավետարանն ասում է, պատահեց որ մի քահանա նույն ճանապարհով անցավ, տեսավ նրան և թողեց հեռացավ; Նույնպես և մի ղևտացի, տեսնելով կիսամեռ մարդուն՝ թողեց հեռացավ: Քահանան և ղևտացին որոնք Ղևիի ցեղից է, օրենքի ներկայացուցիչներն է: Այստեղ ասելիքն այն է, որ օրենքը չի՛ կարող մեղքի մեջ գտնվող մարդուն կենդանու զոհաբերությամբ ազատել իր մեղքերից;: Դրա համար անցան, գնացին կիսամեռ մարդու կողքով: Թեպետ սա արդարացում չէր նրանց համար: Իրենք էին կառչած օրենքի տառին, և իրավունք չկար, որ քահանան ձեռք տա մեռած մարդուն, քանի որ ասում կիսամեռ էր:
Իսկ Բարի սամարացու կերպարը մեր Տէր Հիսուս Քրիստոսն է խորհրդանշում, որ մոտեցավ, կապեց նրա վերքերը, ձեթ ու գինի դրեց նրա վերքերի վրա, և նրան տեղափոխեց մի իջևանատուն;:
Նրա հետ մնաց ողջ գիշեր և հոգ տարավ կիսամեռ մարդու համար: Սա խորհրդանշում է Հիսուսի աշխարհ գալն ու մարդկանց տարատեսակ հիվանդությունները բժշկելը և մարդկանց մեղքերից ազատելը:
Նա պատահական անցորդ չէր, նա եկել էր մարդկության վերքերը բուժելու, որոնք մեղքերից էր առաջացել: Ձեթն ու գինին Հիսուս Քրիստոսի փրկարար ու ցավը մեղմացնող խոսքն է, որ մարդուն կիսամեռ վիճակից բարձրացնում է վերև: Գինին իր թափած արյունն էր, որ շատերի համար եղավ փրկություն: Իջևանատունը, ուր տարավ վիրակապած մարդուն, եկեղեցին է, որ հաստատեց մեր Տէրը՝ մարդու փրկության համար մինչև իր Երկրորդ գալուստ: Իջևանատեր կարող են լինել ինչպես առաքյալները և եկեղեցու սպասավորները, այնպես էլ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են Աստծու խոսքը հասցնել պապակած հոգիներին:
Եվ երկու դահեկանը որ տվեց իջևանատիրոջը, հին և նոր կտակարաններն են, որ պետք է ուսուցանեն մեղավոր մարդուն, մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը: Իսկ այն խոսքը, որ ասում է, ի՛նչ որ ծախսես դրա վրա մյուս անգամ գալուց կհատուցեմ, սա նշանակում է, որ առաքյալները և առհասարակ Քրիստոսի համար իրենց թանկ կյանքը զոհաբերածներին հատուցելու է Իր Երկրորդ գալուստին: Այն ժամանակ բոլորը կբերեն և իրենց քանքարները ցույց կտան Տիրոջը, որ շահարկել են և հիմա ավելիով վերադարձնում են Տիրոջը, իսկ Տէրը նրանց որպես բարի ու հավատարիմ ծառաներ կկարգի Իր ուրախության մեջ : Ահա, թե ինչ է նշանակում սիրիր ընկերոջդ քո անձի պես պատվիրանը:
Աստված այսպե՛ս սիրեց մարդուն, որ չխնայեց նույնիսկ իր Միածին որդուն: Մարդուց այսպիսի զոհողություն չի պահանջվում, այլ՝ ծառայությունը, օգնություն կարիքավորին ու ընկածին: Հազարավոր անգամներ եկեղեցու խորաններից մեկնաբանվել է այս առակը, բայց մարդը դարձյալ մարդու ցավին անհաղորդ է, անտարբեր է, որովհետև սրտով չի լսում և չի կատարում Աստծու խոսքը որ լսեց; Ինչպես որ Տէր Հիսուս օրենսգետին ասաց, գնա՛ և դու նույն ձևով արա: Քրիստոսի պատմած ցանկացած առակ լսելուց հետո, քրիստոնյան այլ բան չունի անելու, եթե ո՛չ հասկանալ ասելիք և կատարել իր կյանքով; Ուսուցողական առակը բացահայտում է կրոնական հպարտության բացասական կողմերը, որոնք կարող են անդառնալի վնասներ հասցնել մեղքի մեջ հայտնված հասարակությանը: Այս հասարակությանը, որի վրա կարգված են՝ նրանց հոգիների փրկության համար: Քրիստոսի հետևորդները, որոնք կրում են Քրիստոսի անունը, պարտավոր են ընդօրինակել Քրիստոսին, որը աշխարհ եկավ առաջին անգամ՝ մարդուն փրկելու համար:
Առակը պատմելուց հետո դուրս եկավ նրանց մոտից և այցելեց Բեթանիա, իր բարեկամ Ղազարոսի տուն, որտեղ էին նաև Մարթան ու Մարիամը: Մարթան զբաղված էր հյուրասիրության գործերով, քանի որ իրենք թանկագին հյուր ունեին, և բնականաբար Տէր Հիսուս մենակ չէր, և նրա հետ էին աշակերտները: Իսկ Մարիամը միանգամից գնաց և նստեց Հիսուսի ոտքերի մոտ և լսում էր Նրան:
Տէր Հիսուս խոսում էր, ո՛ւր որ լիներ, և ո՛չ մի առիթ բաց չէր թողնում իր պտղատու սերմերը ցանելու համար: Այս տանը երկու տեսակ հող կար՝ մեկը կենցաղի հոգսերով, մյուսը՝ պարարտ հող, որը ծարավն ուներ Աստծու խոսքի: Տէր Հիսուս Մարթային նկատողություն չարեց այնքան ժամանակ, քանի դեռ ինչը չէր մոտեցել պահանջով, որ քույրը՝ Մարիամը գնա և իրեն օգնի: Երբ Մարթան ասաց,- Տէր, քեզ փույթ չէ, որ քույրս ինձ մենակ է թողել, այդ ժամանակ միայն Տէր Հիսուս բացատրեց Մարթային պարարտ հողի և փշոտ հողի տարբերությունը: Չհանդիմանելով Մարթային, գովեց Մարիամի ընտրությունը, որը անշարժ էր, ինչպես որ գնաց և նստեց անշարժ: Իսկ Մարթան անվերջ շարժման մեջ էր հյուրասիրությունը սիրելու պատճառով: Տէր Հիսուսի համար Մարթայի արածը շատ համարվեց, քանի որ Ինքը աշակերտներին էլ զգուշացնում էր, որ հոգ չանեն, թե ի՛նչ են ուտելու: Հետևաբար Մարիամի պարագան է գնահատելի է, որը հոգևոր ուսուցումն է, աստվածային շնորհն է, որը անշարժ է և ոչ ոք Մարիամից չի վերցնի այն , իսկ Մարթայի ընտրածը մարմնավոր է, ժամանակավոր է, թեպետ մեղադրելի չէ, քանի որ նույնպես ջանք է գործադրում մարդկանց հյուրասիրելու համար:
Եթե քո կյանքում կարո՛ղ ես եղիր Մարիամ, եթե չե՛ս կարող, եղիր Մարթա և ի սեր Աստծո հյուրասիրիր և հոգ տար կարիքավոր մարդկանց համար: Ինչ էլ որ ընտրես քո կյանքում, արա՛ ի սեր Աստծո, և կշահես: Մարթայի և Մարիամի կերպարները քրիստոնեության մեջ կարելի է համարել ջանք և աղոթք, որոնք երկուսն էլ կարևոր են հոգևոր կյանքում; Մեր գործերը պետք է փաստեն մեր հավատքի մասին, մեր հավատքը պետք է արտահայտվի մեր գործերում; Ինչպես բարի սամարացու առակը, այնպես էլ Մարթայի և Մարիամի օրինակը մեծ դաս է քրիստոնյա աշխարհի համար, ուղղելու համար սխալ ընթացքը: Քրիստոնյան ապրում է այնպե՛ս, ինչպես որ հավատում է, և հավատո՛ւմ է այնպես ինչպես որ ապրում է: Այստեղ ավարտենք այսօրվա մեր սերտողությունը՝ վերցնելով որպես դաս՝ երկու գեղեցիկ օրինակներ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ ընտրենք լավ մասը, որը երբեք ոչ ոք մեզնից չի վերցնի: