ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 10:21-28
ՅԻՍՈՒՍ Կ՚ՈՒՐԱԽԱՆԱՅ
21 Նոյն ժամուն Յիսուս Հոգիով ուրախացաւ ու ըսաւ. «Շնորհակալ եմ քեզմէ, ո՛վ Հայր, Տէր երկնի եւ երկրի, որ այս բաները ծածուկ պահեցիր իմաստուններէն եւ գիտուններէն ու տղոց յայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, վասն զի քու առջեւդ այսպէս հաճելի եղաւ։ 22 Ամէն բան ինծի տրուեցաւ իմ Հօրմէս ու մէ՛կը չի գիտեր թէ ո՞վ է Որդին, բայց միայն Հայրը եւ թէ ո՞վ է Հայրը, բայց միայն Որդին եւ ան՝ որուն Որդին կ՚ուզէ յայտնել»։
23 Աշակերտներուն դառնալով՝ առանձին ըսաւ. «Երանի՜ այն աչքերուն՝ որոնք ձեր տեսածները կը տեսնեն 24 Քանզի կ՚ըսեմ ձեզի, թէ շատ մարգարէներ եւ թագաւորներ ուզեցին ձեր տեսածները տեսնել, բայց չտեսան եւ ձեր լսածները լսել, բայց չլսեցին»։
25 Ահա օրինական մը ելաւ ու զանիկա փորձելով՝ ըսաւ. «Վա՛րդապետ, ի՞նչ ընեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 26 Անիկա ալ ըսաւ անոր. «Օրէնքին մէջ ի՞նչ գրուած է, ի՞նչպէս կը կարդաս»։ 27 Պատասխան տուաւ անիկա ու ըսաւ. «Քու Տէր Աստուածդ սիրես քու բոլոր սրտովդ ու քու բոլոր անձովդ եւ քու բոլոր զօրութիւնովդ ու քու բոլոր մտքովդ եւ քու ընկերդ՝ քու անձիդ պէս»։ 28 Ինք ըսաւ անոր. «Շիտակ պատասխան տուիր, ատիկա ըրէ ու պիտի ապրիս»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք սովորեցինք, որ Հիսուս Քրիստոսի քարոզած քաղաքները ավելի մեծ պատասխանատվության են ենթարկվելու ահեղ դատաստանին, քան այն քաղաքները, որոնք չեն քարոզվել և կործանվել են: Իսկ ամենաշատը քարոզած քաղաքը Կափառնաում քաղաքն էր, որի բնակիչները կամեցան գահավեժ անել Քրիստոսին և քարերով հարվածել: Սա նամակ է ժամանակակից բոլոր ազգերին, քան որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. Ուսուցանեց տասներկուսին, այնուհետև 72 ին և ուղարկեց Իր խոսքը քարոզելու: Ինչպես հոգատար հայրն է հրճվում, երբ իր դաստիարակած զավակը հաջողություն է ունենում իր գործերի մեջ, այնպես էլ Տէր Հիսուս բերկրանք ունեցավ, երբ տեսավ որ աշակերտները վերադառնում են մեծ արդյունքով: Այդ բերկրանքն էր, որ Տէր Հիսուս խոսեց Երկնավոր Հոր հետ և ասաց,- Գոհություն Քեզ, Հայ՛ր, Տ՝ր Երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից, և հայտնեցիր մանուկներին; Այո, Հայ՛ր, որովհետև այդպես հաճելի եղավ Քեզ; Իմաստուն ասելով Տէր Հիսուս նկատի ուներ ժամանակի փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին, որոնք գիտեին սուրբ Գրքերը, սակայն չընդունեցին Քրիստոսի վարդապետությունը, բայց այս աշակերտները գերազանցեցին նրանց՝ իրենց սրտի մաքրությամբ, և հետևեցին իրեն:
Հիշո՞ւմ եք Գամաղիելը փարիսեցի վարդապետ էր, և Պողոսը, որ նրա աշակերտն էր, հետագայում գերազանցեց նրան; Վարդապետը Իր աշակերտներին մանուկներ է անվանում, ոչ թե տարիքով, այլ իրենց պարզության պատճառով, քանի որ նրանք ընտրված էին հասարակության պարզ խավից: Իսկ փարիսեցիների մեջ չկար այդ բնական վիճակը, նրանց մոտ ամեն ինչ կեղծ էր և ցուցադրական: Եթե այս օրենքի ուսուցիչները, որոնք իրենց իմաստունների տեղ էին մատուցում, ունենային սրտի մաքրություն, ապա իրենց նույնպես կբացվեր աստվածային խորհուրդները: Սակայն այդպես չեղավ: Նրանք մինչև վերջ մնացին վարագուրված իրենց հպարտությամբ և կեղծավորությամբ; Աստծուն հաճելի է, երբ իր շնորհները ընդունում են որպես աստվածային պարգևներ և ծառայեցնում են Պարգևողի փառքի համար, իսկ քահանայապետները դա անում են իրենց սեփական փառքի համար:
Հայրը ամեն ինչ փոխանցում է որդուն, քանի որ որդուն է պատկանում հոր ժառանգությունը: Որդին կկամենա լսել հորը, թե՝ ո՛չ, հայրը չի դադարում լինել հայր նրա համար: Սակայն կան զավակներ, որոնք և լսում են և գնահատում են և խոնարհվում են հոր խոսքին; Այն օրից, երբ Տէր Հիսուս Քրիստոս մեզ ազատեց չարի կապանքներից ու մեղքի գերությունից, մենք ողջախոհությամբ պետք է հետևենք ու հնազանդվենք Նրա խոսքին, որովհետև նա չի դադարում Հայր լինել բոլորի համար: Երկնավոր Հայրը ամեն իշխանությունը տվել է Որդուն: Որդին կամենում է Իր ստացածը փոխանցել իր ընտրյալ աշակերտներին, քանի որ նրանք խոնարհությամբ լսեցին և կատարեցին Մարդու Որդու խոսքը: Բերկրանքի մեջ է Տէր Հիսուս: Մեկ խոսում է Երկնավոր Հոր հետ, գոհություն հայտնում Նրան՝ եղածի համար, մե՛կ խոսում է աշակերտների հետ՝ երանի տալով նրանց: Երանի է տալիս աշակերտների աչքերին, որ տեսնում են այն ամենը ինչ կատարվում է, քանի որ բազում մարգարեներ և թագավորներ, որոնք կարդացել և գիտեին Հիսուսի մասին, չարժանացան իրեն աչքերով տեսնել մարմնացյալ Քրիստոսին: Շատ կամեցան լսել Նրա խոսքերը, բայց չարժանացան այդ երանությանը: Այսինքն Աստված մեզ համար բացահայտում է Իր Որդին, իսկ մարմնացյալ Որդին մեզ բացահայտում է Հորը: Ինչպես որ Տէր Հիսուս աշակերտներին ասում է,- Ի՛նձ տեսաք, տեսաք Հորը:
Այս աշակերտները իրենց տրված աստվածային շնորհով տեսան մարմնացած Աստծուն՝ տեսան նաև Հորը, որ երկնքում է, քանի որ նրանք ունեն նույն բնությունը: Իսկ մարգարեները չէին տեսել Աստծուն , այլ միայն լսել էին Նրա ձայնը: Այն աշակերտները, որոնք հանձնվեցին Քրիստոսի աստվածությանը և ընդունեցին իրենց սրտում Նրա խոսքը, այդպիսիք համարվեցին թանկարժեք գանձեր ժողովրդի մեջ: Աստծու գործի մեջ ծառայության պայմաններից մեկն էլ ողջախոհությունն է: Երկնավոր Հորը գոհություն հայտնելու երևույթը հստակ ապացույցն է այն բանի, որ պարտված է հպարտությունը, քանի որ դա է Աստծուն հաճելի: Այստեղ նամակ ունենք նա՛և մենք, որպեսզի մեր երեխաներին փոքր տարիքից սկսած ուղղորդենք դեպի Աստված, որպեսզի հպարտությունը բույն չդնի նրանց մատղաշ սրտերում: Երկրորդ նամակը, որը նույնպես ուղղված է մեզ, աշակերտներին տված երանիի հատվածն է: Այսօր որ մեր աչքի առջև այսքան արագ զարգացող իրադարձությունները մեկը մյուսի հետևից գալիս ու անցնում են, կարծես Աստված մեզ ասում է,- երանի ձեր աչքերին, որ այս ամենը տեսնում եք, և հասկանում եք , թե ինչի համար են պատահում այս բոլորը: Դուք ժամանակ ունեք վերլուծելու իրադարձությունները Ավետարանի լույսի ներքո: Նայենք մեր շուրջը: Ոչ միայն մեր ընտանիքները, ոչ միայն մեր երկիրը, այլ՝ ողջ աշխարհը դարձավ ծայրաստիճան անհասկանալի: Ուրեմն մենք էլ երանելի ենք, որ Աստված մեզ այս ժամանակահատվածում է տեղավորել, որպեսզի հետևություններ անենք:
Այսօր մենք պետք է գոհություն հայտնենք Աստծուն, որ տվեց մեզ իմաստություն հասկանալու համար այս ամենը: Չէ որ կան մարդիկ, որոնք չեն տեսնում այն ինչ կատարվում է իրենց շուրջը: Այսօր մեր գործերը պետք է պատասխանեն օրվա իրադարձություններին: Այսօր մեր հավատքը պետք է օգնի մեզ հարաբերությունները հավասարակշիռ պահել որդիների և ծնողների միջև, հարազատների միջև, ընկերային միջավայրում; Մենք տեսնում ենք, որ քաղաքական և կրոնական հայացքների բախում է տեղի ունենում: Ընտանիքներում բաժանություն և տարատեսակ վեճեր են սկսվել քաղաքական հայացքների և սեփական տեսակետների պատճառով: Նույնը հասարակության մեջ է կատարվում, որը հանգեցրել է ատելության աճմանը: Այս բոլորի մասին Ավետարանը մեզ զգուշացրել է, զգուշացնում է, և դեռ շարունակելու է զգուշացնել, մինչև ամեն մարդ արթնանա խորը քնից և փնտրի ավետարանի բացատրություն, ոչ թե այս կամ այն քաղաքական բանավեճեր: մենք նույնիսկ երանելի ենք այն առումով, որ այսօրվա սերտողության խոսքերը հասկանում ենք բազում մեկնաբանությունների միջոցով, քանի որ ներկաները երբ Հիսուս Քրիստոսից անձամբ էին լսում, շատ բաներ չէին հասկանում, քանի որ դեռ չէր կատարվել: Իսկ մենք ամեն ինչ արդեն տեսել ենք, լսել ենք, կարդացել ենք տասնյակ անգամներ: Նույնիսկ ներկաներից մեկը, որը օրինականներից էր, այսինքն օրենքի ուսուցիչներից, հարց է տալիս Վարդապետին՝ հավիտենական կյանք ժառանգելու մասին; եթե օրենքի ուսուցիչը որը լավատեղյակ էր օրենքի ու մարգարեություններին, այսպիսի հարց է տալս, բնական է, որ պարզ և անուս մարդիկ կարող էին լսածը չհասկանալ: Տեսեք, թե ինչ կերպ է պատասխանում հարց տվող օրենքի ուսուցչին: Անմիջապես սլաքը ուղղում է նրա օրենսգետ կոչվելու փաստի վրա:, և զարմացած հարցնում է, թե օրենքում ի՞նչ է գրված: Տալիս է նա՛և երկրորդ կարևոր հարցը՝ որը միշտ մեզ է տալիս, թե՝ ինչպե՞ս ես ընթերցում: Օրենսգետը անգիր գիտեր առաջին պատվիրանը, թե՝ Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբո՛ղջ սրտող, և քո ամբո՛ղջ հոգով և քո ամբո՛ղջ զորությամբ, և քո ամբո՛ղջ մտքով:
Եվ պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը: Այո, անգիր գիտեր, սակայն չգիտեր, որ դրանով կարող է փրկվել: Ուրեմն իմանալը քիչ է փրկվելու համար: Տէր Հիսուս նրան չասաց,- ճիշտ է քո պատասխանը, և դու կփրկվես; Այլ՝ շեշտը դրեց մեկ այլ բանի վրա և ասաց, այդ արա՛ և կփրկվես: Հետևաբար ո՛չ մի նշանակություն չունի, թե ենթական ճեմարան է ավարտել, կամ աստվածաբանական կրթություն ունի, այլ կարևոր է, թե նա իր սովորածը կատարո՞ւմ է իր կյանքում, թե՝ ո՛չ: Այս փոքրիկ հատվածի մեջ երկու կարևոր հարցեր հնչեց, որոնք մշտապես պետք է զբաղեցնեն մեր միտքը՝ ինչպես Ավետարան կարդալիս, այնպես էլ կատարելիս: Ահա՛ հարցերը՝1. Ինչպե՞ս ես ընթերցում: 2. Արա՛ և կփրկվե՛ս: Ինչու էր այս օրենսգետի համար անհասկանալի այս պատվիրանի բովանդակությունը, որովհետև իրենց ազգային հպարտությունը խանգարում է հասկանալ, թե ով է իրենց մերձավորը: Իրենց պատկերացմամբ մերձավորը նա, որը իր հավատքից է, իր ազգությունից է: Որովհետև թաղված էին կրոնամոլության և ազգայնամոլության եսասիրության մեջ: Նրանք չէին պատկերացնում, որ Աստված իրենցից բացի կարող է այլ ազգերի համար բարիքներ գործել: Դրա համար հարց է տալիս Հիսուս Քրիստոսին, թե, ո՞վ է իմ ընկերը: Այդ օրենսգետի հարցին պատասխանելու համար Տէր Հիսուս պատմում է բարի սամարացու առակը, որն կանդրադառնանք վաղվա սերտողության ժամանակ: Սիրելիներ Աստված տիեզերքի Արարիչն է, և մենք էլ չենք խուսափելու պատասխանել այս երկու հարցերին՝ ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում, և գլխավորը՝ արա՛ և կփրկվես:
Սիրելիներ, պատվիրանի մեջ ասում է, որ քո արածները պետք է լինեն ամբո՛ղջ սրտով, ամբո՛ղջ հոգով, ամբո՛ղջ մտքով, ամբո՛ղջ զորությամբ: Իսկ սա նշանակում է, որ ամբողջությամբ պետք է քեզ հանձնես Աստծուն, որպեսզի քո փրկությունը ապահովես: Աստված նախանձախնդիր է, և կամենում է ստանալ Իր մեծագույն սիրո պատասխանը՝ ամբողջ սրտով, ո՛չ թե միայն լեզվով: Այս երկու պատվիրանը՝ Աստծուն և մերձավորին սիրելու վերաբերյալ չափազանց պարզ է բացատրություն համար, որովհետև ամբողջությամբ հասկանալի է: Սակայն շատ բարդ է կատարելու համար: Այստեղ է համայն մարդկության խնդիրը: Մեր ցանկացած հարցը, որ ուղղում ենք Աստծուն, ունի իր պատասխան հարցը՝ ի՞նչ է գրված, և ինչպե՞ս ես հասկանում. կատարիր և կստանաս հարցիդ պատասխանը: Աստված մեծ ուշադրություն է դարձնում մարդու հավատի վրա: Ո՛չ միայն այն հավատի, որ հավատում ենք, թե Աստված կա, այլ հա՛տկապես այն հավատին, որ հավատում ենք Աստծու խոսքի զորությանը: Իր ընտրած աշակերտները հավատացին իրենց Վարդապետի խոսքերին, չնայած որ բոլորը չէին հասկանում; իսկ օրենքի ուսուցիչները հասկանում էին բոլոր գրվածքները, սակայն չէին հավատում; Այդ պատճառով Աստված իմաստությունը թաքցրեց իմաստուններից և տվեց մանուկներին:
Սիրելիներ այստեղ ավարտենք մեր սերտողությունը, և մտապահենք այն հարցերը որ Տէր Հիսուս տվեց օրինականին՝ հիշեցնելով իր պարտականությունը: Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մանկան սիրտ ունենանք և Աստված հայտնի մեզ իր խորհուրդները: