ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 10: 13- 20
ԱՆՀԱՒԱՏ ՔԱՂԱՔՆԵՐԸ
13 «Վա՜յ քեզի, Քորազին, վա՜յ քեզի, Բեթսայիդա, վասն զի եթէ Տիւրոսի ու Սիդոնի մէջ եղած ըլլային այն հրաշքները որոնք ձեր մէջ եղան, շատունց քուրձով ու մոխիրի մէջ նստելով ապաշխարած պիտի ըլլային։ 14 Բայց դատաստանին օրը Տիւրոսին ու Սիդոնին աւելի դիւրին պիտի ըլլայ, քան թէ՝ ձեզի։ 15 Եւ դո՛ւն, Կափառնայում, որ մինչեւ երկինք բարձրացած ես, մինչեւ դժոխք պիտի իջնես։ 16 Ան որ ձեզի մտիկ կ՚ընէ, ինծի մտիկ կ՚ընէ եւ ան որ ձեզ կը մերժէ, զիս կը մերժէ. եւ ան որ զիս կը մերժէ, զիս ղրկողը կը մերժէ»։
ԵՕԹԱՆԱՍՈՒՆԸԵՐԿՈՒՔԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
17 Եօթանասունըերկու աշակերտները դարձան ուրախութեամբ ու ըսին. «Տէ՛ր, քու անունովդ դեւերն ալ մեզի կը հնազանդէին»։ 18 Յիսուս ըսաւ անոնց. «Սատանան փայլակի պէս երկնքէն վար ինկած կը տեսնէի։ 19 Ահա ձեզի իշխանութիւն կու տամ օձերու եւ կարիճներու եւ թշնամիին բոլոր զօրութեանը վրայ կոխկռտելու ու բնաւ բան մը ձեզի պիտի չվնասէ։ 20 Բայց դուք անոր համար մի՛ ուրախանաք, որ չար ոգիները ձեզի կը հնազանդին, հապա ուրախացէք որ ձեր անունները երկինքը գրուած են»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ: Մեկ անգամ ևս հիշեցնեմ երեկվա գլխավոր ասելիքը և շարունակենք այսօրվա սերտողությունը: Երեկվա գլխավոր պատգամը մեզ այն էր, որ յուրաքանչյուր քրիստոնյա իր կարողության չափով պետք է հանձն առնի հանձն է առնի գնալ Քրիստոսից առաջ և տեղեկացնել Նրա առաջին և երկրորդ գալուստների մասին: Սա շատ մեծ պարտականություն է, որը գրեթե միշտ գցում ենք մեր ուսերից: Բոլորը խոսքով չեն կարող քարոզել, բայց բոլորը պարտավոր են խոսքը գործ դարձնել ու կյանքով քարոզել: Գաղջ քրիստոնյայի նկարագիրը բավական կոշտ ձևով է ներկայացվում Ավետարանում, հետևաբար քրիստոնյան իրավունք չունի գաղջության մեջ ապրել, քանի որ բոլոր ուսուցումները տրված են մեզ քրիստոսի սիրով ջերմանալու համար: Որովհետև եթե այս ժամանակավոր ու մեղավոր կյանքում որոշ չափանիշներ են պետք այս կամ այն մրցույթին մասնակցելու համար, ապա որքան առավել քրիստոնյաներիս չափանիշնեը պետք է համապատասխանեն երկնքի արքայության և հավիտենական կյանքը ժառանգելու համար: Աշակերտների պատրաստում և ուղարկում էր մարդկանց մեջ՝ այդ չափանիշների մասին խոսելու, այդ չափանիշներով ապրելու համար, որպեսզի կյանքի ավարտին անթառամ պսակների բաժանման օրը ամենքը ստանան իրենց արժանի պսակները:
Սակայն շատ եղան քաղաքներ, որոնք չանսացին Տիրոջ խոսքին և չապաշխարեցին իրենց մեղքերից, և արժանացան Հիսուս Քրիստոսի վայերին: Հերթով վա՛յ է տալիս այն քաղաքներին, որոնցում ինքը ուսուցանել է և նրանք չեն հետևել Իր խոսքին: Այդ քաղաքներից էր Քորազինը, Բեթսաիդան, որոնք հրեական քաղաքներ են; իսկ Տիուրոսը և Սիդոնը հեթանոսական քաղաքներ են: Տէր Հիսուս վայ է տալիս հրեական քաղաքներին այն պատճառով, որ եթե հեթանոսների քաղաքներում այդքան քարոզեր, նրանք վաղուց դարձի էին եկել ու ապաշխարել: Նորից նույն սարսափելի համեմատությունն է անում, ինչ որ արեց Սոդոմ և գոմոր քաղաքների մասին; Հեթանոսական քաղաքների համար ավելի տանելի պիտի լինի Երկրորդ Գալուստի ժամանակ, քան հրեական քաղաքների, որոնք լսեցին Տիրոջ խոսքը և մնացին անապաշխար: Այնուհետև դառնում է Կափառնաում քաղաքին, որը հպարտության մեջ էր հայտնվել, և խոստանում է նրան մինչև դժոխք իջեցնել: Երեք ավետարաններից էլ մենք տեսանք, որ Տեր Հիսուս ավելի շատ էր ուսուցանում Կափառնաում քաղաքում, քան այլ տեղերում, բայց մարդկանց վարած կյանքի պատճառող արժանացավ դժոխք իջնելու: Ի միջիայլոց, այս վայից մենք էլ բաժին ունենք, քանի որ հներից և առաջիններից մեկն էլ մեր ազգն էր որ Քրիստոսին հավատաց ու դավանեց, սակայն հետագայում ապրած կյանքով հերքեց իր առաջին լինելու փաստը: Հստակ են պայմանները, որ աշակերտներին առաջարկում է մեր Տէրը, ասելով,- Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, մերժում է ինձ ուղարկողին: Պայմանը ունի նաև հակառակ երեսը: Ով որ ինձ է լսում, լսում է Նրան, ով ինձ ուղարկեց: Աստծո պատվիրանները մեզ չեն տրվել զայրացնելու կամ մեր երջանկությանը խանգարելու համար։ Այլ ճիշտ հակառակը։ Նա, ով ստեղծել է մեզ և Նա, ով սիրում է մեզ, կատարյալ կերպով գիտի, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր կյանքը, որպեսզի ձեռք բերենք հնարավոր ամենամեծ երջանկությունը։ Նա մեզ ցուցումներ է տվել, և եթե մենք հետևենք դրանց, ապա դրանք կառաջնորդեն մեզ ժամանակավոր կյանքի ճամփորդության ընթացքում:
Երբեմն պատվիրանները այնքան պարզ են տրված, որ նույնիսկ խորքը նայելու կարիք չկա, որովհետև հստակ ասում է,- ով ին սիրում է, պահում է իմ պատվիրանները: Հեթանոսները չտեսան հրաշքներ և բժշկություններ մասսայական, սակայն հրեաները տեսան այդ ամենը և չապաշխարեցին, նույնիսկ տեսնելուց հետք; Աշակերտներին մխիթարելու համար այդ վիրավորանքը վերցնում է Իր վրա և ասում է, որ եթե ձեզ չեն հավատում, ուրեմն ինձ է որ չեն հավատում: Իսկ երբ ինձ չեն հավատում, չեն հավատում իմ Հորը որ երկնքում է: Այսինքն նրան անհավատությունը ուղղված է այն Աստծուն, որին իբրև իրենք պաշտում են: Բայց միևնույն ժամանակ աշակերտներին մի ուրիշ զգուշացում էլ արեց նրանց վերադարձից հետո, երբ եկան ու ասացին,- Տէր դևերն էլ են հնազանդվում մեզ Քո անունով: Սրանք այն 72 աշակերտներն էին, որոնք երկու- երկու գնացել էին քարոզության: Վերադարձել են և ուրախությամբ պատմում են իրենց հաջողությունների մասին: Նրանք պատմում են ուրախությամբ և հրճվանքով, իսկ Տէր Հիսուս նրանց ասում է,- Տեսնում էի սատանան երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը: Այս խոսքերը այն բանի համար էին, որ աշակերտները երբեք իրենց չվերագրեն իրենց հաջողությունները, և մշտապես հիշեն, որ իրենք իշխանություն են ստացել Հիսուս Քրիստոսից և դևերը ոչ իրենց են հնազանդվում, այլ՝ Հիսուս Քրիստոսին: Հրեշտակը երկնքից ընկավ հպարտության պատճառով, դրա համար պետք չէ, որ մարդը հպարտանա, թե դևերը իրեն հնազանդվում են, քանի որ դա շուտով կբերի հպարտության մեղքը: Աշակերտներին սովորեցրեց, թե ինչի համար կարելի է ուրախանալ: Մշտապես կարելի է ուրախանալ ոչ թե երկրային գործերի հաջողության համար, այլ այն բանի համար որ ձեր անունները գրված են երկնքում:
Ո՛չ թե որևէ թղթի վրա է գրված, այլ՝ Աստծուն պատկանող կյանքի գրքի մեջ, և մշտապես Աստծու աչքի առջև է: Սա է ուրախությունը, որը չի տանում հպարտության, իսկ գործերի հաջողության համար ուրախությունը մի օր կառաջացնի մեծամտություն, ներքին հպարտություն, իսկ ենթական չի զգա, թե դա ինչպես պատահեց: Հրեշտակը, որ երկնքում էր ապրում, ընկավ հպարտության պատճառով: Իսկ մարդը, որը երկրի վրա է ապրում և չի հպարտանում, նրա անունը գրվում է երկնքում: Այսպես է Աստծու արդարությունը և ճշմարտությունը:
Սկզբից Տէր Հիսուս իր համար ընտրեց տասներկու աշակերտներ: Այս աշակերտների հետ շրջեցին և իրենց լսողների թիվն ավելացավ, դարձավ մեծ բազմություն: Այնուհետև այդ բազմությունից ընտրեց այս անգամ 72 աշակերտ: Իսկ բոլոր աշակերտները հետագայում ունեցան իրենց աշակերտները հավատացյալ հոտից և նրանց կրթեցին՝ պատրաստելով հետագա քարոզության համար: Այստեղ հարց է առաջանում: Ինչո՞ւ այսօր տարիներով եկեղեցի գնացող հավատացյալ համայնքից չեն ընտրում այսպիսի աշակերտներ և չեն ուղարկում քարոզության: Չէ որ Քրիստոսի աշակերտներն էլ ճեմարան չէին ավարտել, այլ իր ուսուցումն էին լսել ընդամենը: Այսօր էլ եկեղեցու քարոզը նույն վարդապետությունն է քարոզում, բայց երբեք հավատացյալ հոտից աշակերտներ դուրս չեն գալիս, որպեսզի գնան ու քարոզեն: Ուսուցո՞ւմն է թերի: Հավա՞տքն է պակաս: Քարոզել ցանկացողնե՞ր չկան: Թե՞ աշակերտներ պատրաստողներ չկան: Երեկվա սերտողության մեջ Տէր Հիսուս աշակերտներին ասում էր հունձն առատ է, խնդրեցեք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի հնձի համար: Եթե մեր եկեղեցում պայման է, որ անպայման պետք է վեց տարի սովորի, որից հետո որոշեն արժե ձեռնադրել, թե ոչ, ապա այս գործընթացը չափազանց դանդաղ առաջ կգնա, ինչքան էլ որ մենք խնդրենք Տիրոջը մշակներ ունենալու համար: Աստված մարդկանց ձեռքով է կատարում խնդրանքները:Հունձ առատ է, բայց մշակողները քիչ են: Այդ առիթից օգտվում են հոգեորսները և տանում են մեր առատ հունձը և պատրաստում են ինչ որ իրենց է պետք:
Հետո մենք սկսում ենք ատել իրենց՝ մեր հնձից գողանալու համար, քանի որ նրանց մշակները աճում են շատ արագ: Սրանք հուզող հարցեր են, որոնք պետք է մտահոգեն նաև ձեզ, սիրելի հավատացյալներ, քանի որ հազարավոր նամակներ եմ ստանում, որ հոգևորականները ժամանակ չունեն հավատացյալի հետ զրուցելու հինգ րոպեից ավելի, որովհետև ծեսերը զբաղեցնում են նրանց ժամանակը: Եթե մենք Ավետարանի պատվիրանները չիրագործենք մեր կյանքում, ինչպես որ սերտողության սկզբից ասացի, ոչ հասկանալի կլինի, ոչ էլ կիրառելի: Հավատացյալ տղամարդկանցից քարոզող աշակերտներ ընտրելու փորձառությունը մեր եկեղեցին չունի: Սակայն մենք տեսնում ենք, թե ինչքան հետ ենք մենք Աստվածաշնչի գիտության մեջ, որպես քրիստոնյա ազգ: Հիսուս Քրիստոս գլխավոր կետերը սովորեցրեց աշակերտներին, որ փարիսեցիների խմորից հեռու մնան, որը կեղծավորությունն է իր բոլոր երանգներով; հեռու մնան հպարտությունից և նախապատիվ աթոռներից ու հյուրասիրություններից: Քարոզության նպատակը լինի Քրիստոսի խոսքը հասցնել մարդկանց սրտին՝ մարդկանց հոգիների փրկությունը ապահովելու համար: Գուցե սա օգնություն կլինի մարդկանց, որպեսզի փոքր ինչ տեղեկացված գան պատարագի, հասկանան Պատարագը, Սուրբ Հաղորդության իմաստը, զղջման անհրաժեշտությունը և սուրբ Գիրք կարդալու կարևորությունը: Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում կարելի է հավատացյալ հոտից ընտրել ,,առաքյալներ,, և ուղղություններ տալով օգտակար դարձնել մարդկանց՝ առաքելով նրանց հեռու և խուլ գյուղեր՝ մարդկանց միտքը լուսավորելու համար: Երբեմն խուլ վայրերում, հատկապես տարեց մարդիկ Աստծու անունը տալուց զատ ուրիշ բան չգիտեն: Քիչ չեն այն ծերերը, որոնք ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեն: Ծերանոցներ այցելով մի հավատացյալ, մի օր ասաց, որ այդ ծերերի համար առավոտից մինչ երեկո միացրած է բթացնող սերիալներ և նրանց միակ զբաղմունքը դա է: Գուցե ծերերին սննդով ու հագուստով ապահովում են, բայց ամեն օր ծերանոցում մարդ է մեռնում առանց ապաշխարության և առանց հավիտենական կյանքի մասին լուր ունենալով: Չափազանց շատ է աշխատանքը, չափազանց քիչ են մշակները: Բայց ունենք այն, ինչ ունենք: Իսկ եթե մեկը փորձի ասել, որ եկեղեցում բարեկարգում պետք է լինի, այսպես շարունակել չի կարելի: Անմիջապես կհայտնվեն փաստաբաններ և կձևակերպեն, որ ուզում են եկեղեցին քանդել, առանց հասկանալու որ իրենց հոգիներն են քանդվում օրեցօր:
Ավետարանի ուսուցումը անհետաձգելի գործ է այսօրվա դրությամբ: Հիսուս Քրիստոս ամեն կերպ կանչում է, բայց մարդը ավետարան չի կարդում, որ իր կյանքը ըստ ավետարանի ապրի: Ավետարանի բոլոր օրինակներից մենք ունենք մեր շրջապատում, բայց ոչ ոք դա չի համեմատում Ավետարանի հետ: Տեսեք, սիրելիներ, ինչ լավ օրինակներ ունենք: Հայրոսը եկավ ընկավ Հիսուս ոտքերը՝ իր մահամերձ աղջկա համար: Հիսուս գնաց նրանց տուն: Արյունահոսող կինը մտքում որոշեց գնալ և դիպչել; Գնաց և բժշկվեց, և արժանացավ Հիսուսի արժանավոր խոսքերին: Կափառնաումի հարյուրապետը նույնիսկ հեռվից խնդրեց բժշկություն և ստացավ իր ծառայի համար: Գերգեսացու մոտ Տէր Հիսուս գնաց և բուժեց, առանց կանչելու: Ոմանք Իրեն կանչեցին, ոմանց մոտ Ինքը գնաց, եղան մարդիկ, որ մերժեցին իրեն: Ավետարանը կենդանի կյանք է կարդացողի համար: Բուժման լավագույն միջոց է հիվանդի համար: Լուսավոր ճանապարհ է մոլորվածի համար: Ամուր հոգևոր պարիսպ է բոլորի համար: Առանց Աստվածաշնչի մարդը նման է ցամաքած արտի, որը ջուր չի տեսել և պտուղ չի տալիս: Սիրելիներ, երբ Աստված մարդու հետ է, ողջ քաղաքը չի կարող նրան հալածել, իսկ երբ մարդը հեռանում է Աստծուց, նույնիսկ երկու զրպարտություն կարող են հեղինակազրկել հանրահայտ մեկին: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, մտածենք մեր պապակած հոգու ոռոգման համար և հոգևոր պտուղ պատրաստենք: Առանց պտուղ Աստված մեզ չի ճանաչի:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի լուսո որդիներ լինենք և մերժենք խավարը, որ պատել է մեր շուրջը: