ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 10:1-12
ՅԻՍՈՒՍ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԸԵՐԿՈՒՔԸ ԴՈՒՐՍ ԿԸ ՂՐԿԷ
1 Այս բանէն ետքը Տէրը ուրիշ եօթանասունըերկուք ալ որոշեց եւ զանոնք իր առջեւէն երկու երկու ղրկեց բոլոր քաղաքները ու տեղերը ուր ինք պիտի երթար։ 2Եւ ըսաւ անոնց. «Հունձքը շատ է բայց մշակները քիչ. ուստի հունձքին Տէրոջը աղաչեցէք որ մշակներ հանէ իր հունձքին։ 3 Գացէք. ահա ես ձեզ կը ղրկեմ իբրեւ գառներ գայլերու մէջ։ 4 Ձեզի հետ քսակ մի՛ առնէք, ո՛չ ալ պարկ եւ ո՛չ կօշիկներ ու ճամբան մարդու բարեւ մի՛ տաք։ 5 Եւ ո՛րմէկ տուն որ մտնէք՝ առաջ ըսէք. ‘Բարեւ այս տանը’։ 6 Եթէ հոն բարեւի արժանի մարդ կայ, ձեր բարեւը պիտի հանգչի անոր վրայ, ապա թէ ոչ՝ ձեզի պիտի դառնայ։ 7 Այն տանը մէջ մնացէք ու անոնց քով կերէք ու խմեցէք, վասն զի մշակը իր վարձքին արժանի է։ Տունէ տուն մի՛ փոխուիք։ 8 Ո՛րմէկ քաղաք որ մտնէք ու ձեզ ընդունին, ինչ որ ձեր առջեւ դրուի՝ կերէք. 9 Ու բժշկեցէք անոր մէջի հիւանդները եւ ըսէք անոնց. ‘Աստուծոյ թագաւորութիւնը ձեզի մօտեցեր է’։ 10 Բայց ո՛րմէկ քաղաք որ մտնէք ու ձեզ չընդունին, անոր հրապարակները ելլելով՝ ըսէք. 11 ‘Այն փոշին ալ որ ձեր քաղաքէն մեր ոտքերուն փակած է, ձեզի կը թօթուենք. միայն թէ այս գիտցէք, որ Աստուծոյ թագաւորութիւնը ձեզի մօտեցեր է’։ 12 Ձեզի կ՚ըսեմ թէ այն օրը Սոդոմին դատաստանը աւելի դիւրին պիտի ըլլայ՝ քան թէ այն քաղաքին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա սերտողությամբ ավարտվեց իններորդ գլուխը, որտեղ ծանոթացանք շատ կարևոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են՝ տասներկու առաքյալների ընտրությունը, հացի բազմացումը, լուսնոտ երեխայի բժշկությունը և առաքելական կոչման պարտականությունները: Տեղեկացանք նաև, որ Սամարիայում Հիսուսին չընդունեցին որպես հրեա, որովհետև թշնամական հարաբերություններ կար նրանց միջև: Չնայած ամեն առիթով Տէր Հիսուս կամենում էր այդ ատելությունն ու թշնամությունը վերացնել նրանց միջից: Որովհետև մեղքի դիմաց հատուցման պատվիրանը փոխել էր սիրո և հանդուրժողականության պատվիրանի: Բացի իր ընտրած տասներկու աշակերտներից, որոնց առաքյալներ անվանեց, Քրիստոս իրեն հետևող բազմությունից ընտրում էր նաև այլ մարդկանց, որովհետև տեսնում էր, որ մշակները քիչ են, իսկ հունձը առատ է: Սովորեցնում էր Իրեն հետևելու պայմանները, նաև տեղեկացնում էր, որ Ավետարանի քարոզության ճանապարհը հարթ չէ, իսկ քարոզությունը թեև փրկարար է, բայց չի արժանանալու գնահատանքի մարդկանց կողմից: Բոլոր ընտրածներին առաջարկում էր քարոզել Աստծու արքայությունը: Եթե առաքյալները Քրիստոսի խոսքը պետք է քարոզեին, ապա աշխարհական մարդիկ իրենց լսածը՝ գործով պետք է քարոզեն: Իսկ նա ով լծվում է Աստծու գործի ծառայության, էլ պետք չէ, որ հետ նայի իր աշխարհիկ կյանքին:
Ասացինք, որ հունձն առատ էր, և աշակերտների թիվը շատ քիչ էր, հետևաբար Տէր Հիսուս ընտրեց ևս յոթանասուներկու հոգի, և նրանց երկու- երկու ուղարկեց բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որտեղ Ինքը պետք է գնար: Հորդորում էր աշակերտներին, որպեսզի խնդրեն հնձի Տիրոջը, մշակներ հանի իր հնձի համար: Երկու- երկու էր ուղարկում, որպեսզի ապահով լինեին աշակերտները, քանի որ նրանց ասաց,- Գնացեք, ահա ուղարկում եմ ձեզ որպես գառներ՝ գայլերի մեջ; Այն ժամանակ էլ շատ էին կեղծ մարգարեները, կեղծ վարդապետները, հերետիկոսները և կրոնական բազմաթիվ շարժումներ կային: Իրենից առաջ էր ուղարկում նրանց, որպեսզի հետո Ինքը գնար, այնպես ինչպես որ Հովհաննեսը իր ճանապարհը հարթում էր Իր առաջ, այնպես էլ այս աշակերտները պետք է տեղեկացնեին մարդկանց Հիսուս Քրիստոսի այցելության մասին: Այս նորընտիր աշակերտներին էլ էր պատվիրում ոչինչ չվերցնել ճանապարհի համար: Քանի որ եթե ինչ որ բան ունենան իրենց հետ, իրենց ուշադրությունը պետք է լինի դեպի այդ ունեցածը: Իսկ Տէր Հիսուս կամենում է, որ Իր խոսքը քարոզողի ամբողջ ուշադրությունը սևեռված լինի քարոզության նյութի և հատկապես նպատակի վրա: Այդպիսին էր Հովհաննես Մկրտիչը, որը հոգ չէր տանում ո՛չ ուտելիքի, ո՛չ էլ հագուստի համար, այլ նրա նպատակը մարդկանց ապաշխարության տանելն էր, որպեսզի դիմավորեն Հիսուս Քրիստոսին, և կորստյան չմատնվեն:
Բացի այս պատվերից, պատվիրում է նաև ճանապարհին ո՛չ ոքի ողջույն չտալ: Այս պատվիրանի նպատակն ի՞նչ է: Աշակերտները պետք է գնային քարոզելու իրենց բնակավայրերում, բնականաբար բոլորը միմյանց ճանաչում էին: Եթե ամեն մեկին բարևեին և զրույցի բռնվեին, քարոզությունը դրանից կտուժեր: Բացի դրանից Վարդապետ չէր կամենում, որ նորընտիր աշակերտները հատուկ ողջույնների սպասեին ու ակնկալեին, որպես Քրիստոսի աշակերտներ, հետագայում չմեծամտանալու համար: Ինչպես որ փարիսեցիներն էին հրապարակներում հատուկ ողջույններ ակնկալում.
Ինչպես որ մի հայր որդուն հեռու երկիր ուղարկելիս, ամեն ինչ բացատրում է, ամեն հնարավոր փորձության մասին զգուշացնում է, այնպես էլ Տէր Հիսուս աշակերտներին ամեն մանրամասն կատարվելիքի մասին տեղեկացնում է: Պատվերներ է տալիս նույնիսկ ուտելու և քնելու վերաբերյալ: Ասում է կերեք, ինչ որ ձեզ կտան ուտելու, այսինքն ժուժկալության պատվեր է տալիս, որպեսզի այս աշակերտները հանկարծ չնմանվեին փարիսեցիներին, որոնք հատուկ հյուրասիրություն էին ակնկալում պարզ մարդկանցից: Քանի որ մշակը արժանի է իր վարձին, աշակերտներին պատվիրում է մնալ նույն տանը, և տնից տուն չտեղափոխվել: Տէր Հիսուս ևս մեկ հետաքրքիր պատգամ է տալիս նրանց, ասելով,- Ո՛ր տունը մտնեք, նախ ասացե՛ք, խաղաղություն այս տանը: Եթե այդ տան մեջ լինի մեկը, որը խաղարար է, ապա ձեր տված խաղաղությունը կհանգչի նրա վրա, իսկ եթե չլինի այդ տանը խաղաղ մարդ, ձեր փոխանցած խաղաղությանը նորից կվերադառնա ձեզ:
Բայց բոլորի նպատակը պետք է նույնը լիներ,- տեղեկացնել մարդկանց Աստծու արքայության մասին: Սակայն կլինեն քաղաքներ, որտեղ մարդիկ ձեզ չեն ընդունի: Նույնիսկ այս քաղաքներում, որտեղ ձեզ չեն ընդունի, այդտեղ էլ ասեք,- Մոտեցել է Աստծու արքայությունը: Ուշադրություն դարձրի՞ք, որ երկու դեպքում էլ ասում է զգուշացրեք, որ Աստծու արքայությունը մոտեցել է: Աշակերտներին ընդունեն, թե՝ չընդունեն, նրանք պետք է այդ լուրը հասցնեն ամենքին մի նախադասությամբ: Այսինքն սա մի Սերմ է, որ պիտի ցանեն ամեն տեղ: Փշերի մեջ կընկնի, թե՞ պարարտ հողի մեջ, Սերմնացանի գործը ցանելն է: Քանի որ բարի լուրը ընդունողների համար այն կլինի որպես օրհնություն, իսկ չընդունողների համար կլինի դատապարտություն:
Եվս մի կարևոր գաղտնիք է բացում աշակերտների համար, և պատվիրում է նախ բժշկել և ապա հայտնել բարի լուրը, թե՝ մոտեցել է Աստծու արքայությունը: Ինչո՞ւ է կարևոր, որ աշակերտները նախ բավարարեն մարդու մարմնավոր պահանջները և ապա քարոզեն Աստծու խոսքը: Քանի որ երբ մարդը ցավի մեջ է, նա չի լսելու Աստծու խոսքը, քանի քաղցած է, չի լսելու: Իսկ երբ բժշկում և կերակրում էր մարդկանց, մարդիկ նրան ամբողջ օրով լսում էին: Հրաշքը նրա համար էր, որ մարդկանց ուշադրությունը դարձնեն իրենց հավատքի վրա;
Այս նորընտիր 72 աշակերտները սնվում էին տասներկու առաքյալներից, իսկ տասներկուսը՝ սնվում էին բուն՝ Անմահական ջրի աղբյուրից: Այս բոլոր աշակերտների խոսքը պետք է համեմված լիներ աղով, քանի որ նրանցով էր հաստատվում Քրիստոսի եկեղեցու հիմքերը: Հետագայում տեսանք, որ առաքյալներից յուրաքանչյուրը իր ուղղությունն ունեցավ՝ հաստատելու համար Քրիստոսի եկեղեցին ողջ աշխարհում:
Սիրելիներ, շատ կարևոր է, որ դուք Եկեղեցի բառը լսելով, ձեր մտքում պատկերվի ո՛չ թե եկեղեցականը, այլ՝ այն աներևույթ հավաքական բազմությունը, որը հիմնված է Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, առաքյալների դրած հիմքի վրա և ապրում է այդ խոսքով: Դա այն հաղթական Եկեղեցին է, որ հաղթահարել է դարերի հալածանքը՝ անվնաս մնալով, և հատկապես անվնաս պահելով հավատքը:;
Այդ հաղթական Եկեղեցին Քրիստոսի կատարյալ մարմինն է, որի վրա բիծ չկա, բացի նենգ մարդու ձեռքով հասցրած գամերի սպիները: Այդ սպիները նրա համար են որ մարդիկ դարերով նայեն խոցվածին և զղջան իրենց մեղքերը: Այսօր աղավաղված է Եկեղեցի հասկացությունը: Ավելի շուտ միաձուլված է եկեղեցի և եկեղեցական հասկացությունը, ինչը սխալ է: Քրիստոսի եկեղեցին ունի հստակ դիրքորոշում, որը հիմնված է Ավետարանի ճշմարտության վրա: Եթե եկեղեցականն էլ հայտնի իր կարծիքը, որը հիմնված է միա՛յն Ավետարանական ճշմարտության վրա, ապա կլինի ներդաշնակություն՝ եկեղեցու դիրքորոշման հետ:
Տեսեք այստեղ 72 ին դասեր տալու ժամանակ Տէր Հիսուս ասում է,- Իսկ որ քաղաքը որ մտնեք և ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրանց հրապարակները, ասացեք,- Ձեր քաղաքից նույնիսկ փոշի չենք թողնում մեր ոտքերի վրա, ու թափ ենք տալիս, բայց իմացեք, որ մոտեցել է Աստծու արքայությունը: Տէր Հիսուս պատվիրում է բոլորին հայտնել Աստծու արքայության մասին, չլինի հանկարծ մեկը, որ լուր չունենա այդ մասին: Որովհետև կա բարի ավետիսը հայտնելու ժամանակը և կա այդ ավետիսը անտեսողներին հատուցելու ժամանակը: Քրիստոսի խոսքը չընդունող քաղաքների համար շատ ծանր խոսք է ասում Վարդապետը, հիշեցնելով Սոդոմի օրինակը: Քանի որ Սոդոմ և Գոմոր քաղաքները առաքյալներ չեն գնացել, և չեն քարոզել: Այնտեղ եղել է միայն ազնիվ մի մարդ՝ ղովտ անունով, որը չի քարոզել նրանց, այլ ինքն է ապրել բարեպաշտությամբ: Դրա համար ասում է սոդոմացիների համար ավելի տանելի պիտի լինի դատաստանի օրը, քան այն քաղաքների որոնք չընդունեցին աշակերտներին, հետևաբար նաև Աստծու խոսքը:
Այստեղ մի շատ կարևոր միտք կա որ կուզեմ ձեր ուշադրությանը հանձնեմ, քանի որ Ավետարանի խոսքերը հասկանալի են միայն այն ժամանակ, երբ կիրառում ենք: Քրիստոս ինչպես 12 առաքյալներին , այնպես էլ 72 աշակերտներին ուղարկում է իրենից առաջ: Այսինքն նրանք ներկայացուցիչներն են Հիսուս Քրիստոսի և պատգամաբերն են Նրա խոսքի: Աշակերտները պետք է ճշգրտությամբ տեղ հասցնեն Քրիստոսի պատգամը՝ թե մոտեցել է Աստծու արքայությունը: Չպետք է հակառակվեն նրա հետ, որը չի կամենում ընդունել այդ պատգամը: Այսինքն Քրիստոսի պատգամաբերը վրեժխնդիր լինելու պատգամ չի ստացել, այլ՝ իր խոսքը փոխանցելու: Ավելի պարզ դարձնելու համար, ասեմ, որ Քրիստոս ուզում է մտնել մի տեղ մեր միջոցով: Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք ներկայացնում Քրիստոսին: Այս խոսքը վերաբերում է նաև հազարավոր քրիստոնյաներին, որոնք կիրակի օրը եկեղեցում մեղքերի խոստովանություն են անում, Հաղորդություն են ստանում և երկուշաբթի օրից սկսած սկսում են անիծել, հայհոյել, ատելություն սերմանել, սուտ լուրեր տարածել և այլն: Գուցե Քրիստոս մեր միջոցով ուզում է մի մեղավոր մարդուն մի բան ասել: Իսկ մեր բերանը բացվում է ատելությամբ և փակվում է հայհոյանքով:
Մի օրինակ տամ ձեզ, որ ավելի հստակ լինի: Երբ քահանան տունը օրհնում է, Աստված քահանայի միջոցով Իր օրհնությունն է բերում այդ տանը: Եթե քահանան սիրով բացատրի տնօրհնեքի խորհուրդը, և փոխանցի Քրիստոսի պատգամը՝ թե մոտեցել է Աստծու արքայությունը, այդ տան մեջ եղած մարդիկ կստանան Աստծու օրհնությունն ու խոսքը: Այսօր նայում ենք համացանցը, բազմաթիվ հոգևորականներից սկսած հավատացյալներով ավարտած, քարեր են նետում միմյանց վրա: Չե՞ք մտածել, որ գուցե Քրիստոս ձեզ ուղարկել էր իրենից առաջ, որ մի շինիչ խոսք ասեիք մեղավորին, մի սերմ ցանեիք: Թե՞ դարձյալ մոռացանք, որ մեր խոսքերով ենք արդարանալու և մեր խոսքերով ենք դատապարտվելու: Հայրենիքի համար մտահոգները նրանք չեն, որ առավոտից երեկո ատելություն են տարածում իրենց էջերով, այլ՝ նրանք, որոնք ազնիվ մղումներով շիտակ քննադատական խոսքերով ներկայանում ենք իշխանությանը և գլխավոր հարցերը դնում են նրա սեղանի վրա՝ պահանջատիրոջ իրավունքով: Իսկ նրանք, որոնք միայն բացասական լիցքեր են փոխանցում իրենց անձնական էջերով, նրան վնասում են միայն իրենց ներքին խաղաղությունը, և տարածում են ատելությունը, իսկ բուն գործին ոչնչով չեն օգնում, այլ հակառակվում են Աստծու խոսքին: Սիրելիներ, դուք որ լսում եք, և գիտեք ճշմարտությունը, ճրագ եղեք ձեր մերձավորների մեջ՝ լուսավորելով նրանց, եթե այսպիսիք կան ձեր մեջ: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, ուշադիր լինելով մեր ամեն խոսքի և արտահայտության վրա:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի գնանք Քրիստոսից առաջ և հավուր պատշաճի փոխանցենք բարի լուրը, թե՝ մոտեցել է Աստծու արքայությունը: