ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասին. 9: 51-62
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ, Մխիթարիչ Սուրբ Հոգին թող խաղաղեցնի ձեր միտքը, որպեսզի ուշադիր լինեք սերտողության ժամանակ և մտապահեք Աստծու խոսքը ձեր սրտերում: Երեկվա սերտողությունը մեզ սովորեցրեց, որ Հիսուս Քրիստոս մանկան պարզություն և մանկան հավասարություն է ակնկալում ինչպես աշակերտներից, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրից: Երեխայի օրինակը բերեց, որովհետև երեխայի միտքը պարզ է և երբեք չի մտածում իր ընկերների մեջ առաջինը լինել: Այս մտքից էր որ Հովհաննեսը մտահոգություն ունեցավ և արտահայտվեց, որ նախորդ օրը մեկին արգելել են Քրիստոսի անունով դևեր հանել: Մտահոգվեց, որովհետև հասկացավ Քրիստոսի խոսքը, որ պարզությունն ու ազնվությունն է պայմանը մարդկանց ծառայության մեջ: Հովհաննեսը մտածել էր, որ այդ մարդը արժանի չէ հրաշք գործելու, քանի որ իրենց հետ հավասար չի ստացել Քրիստոսի զորությունն ու իշխանությունը: Այս մտքից էլ մենք իրավունք ունենք մտահոգվելու, քանի որ աշակերտները շրջում էին Հիսուսի հետ, և պահի տակ սայթաքում էին իրենց քայլերում, ապա մե՞նք:
Նմանատիպ մի երևույթ էլ աշակերտների կողմից այսօրվա սերտողության մեջ է նկատվում: Տէր Հիսուս որոշում է կայացնում Երուսաղեմ գնալու, քանի որ մոտենում էին Իր աշխարհից հեռանալու օրերը: Իրենից առաջ մարդիկ է ուղարկում Սամարիայի մի գյուղ, որպեսզի տեղեկացնեն, որ Վարդապետն է գալու: Սակայն սամարացիները իմացան, որ Հիսուս դեպի Երուսաղեմ է գնում, մերժեցին Նրա հետ հանդիպումը: Սամարացիների և հրեաների մեջ թշնամություն կար, այն պատճառով, որ Հիսուս Երուսաղեմ է գնալու, մերժեցին Նրա այցը: Անձնական թշնամական շահերը վեր դասեցին Քրիստոսի հետ հանդիպելու օրհնությունից; Հիշո՞ւմ եք, գերգեսացիների բնակիչներն էլ դուրս հրավիրեցին Հիսուսին իրենց սահմաններից՝ իրենց նյութական շահերը չվնասելու համար: Աշակերտներին դուր չեկավ սամարացիների մերժումի երևույթը և զուտ մարդկային մտածելակերպով և վրեժխնդրությամբ Հակոբոսն ու Հովհաննեսը Վարդապետի կամքը հարցրին, սամարացիների համար երկնքից կրակ իջեցնել և բնաջինջ անել սամարացիներին:
Ինչո՞ւ Տէր Հիսուս որոշում կայացրեց հանդիպում կազմակերպել սամարացիների հետ, իմանալով, որ մերժելու են Իրեն: Մենք վերևում ասեցինք, որ մոտեցել էին Քրիստոսի աշխարհից հեռանալու օրերը, և Նա կամենում էր լինել այնպիսի վայրերում, որտեղ չէր եղել, որպեսզի Իր երկրորդ Գալուստին առիթ չունենան ասելու, որ մենք չենք իմացել Քրիստոսի մասին; Նույնը վերաբերում է գերգեսացիներին, որոնք դուրս հրավիրեցին իրենց քաղաքից և մնացին անհաղորդ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը: Այժմ սամարացիները չեն կարող ասել, որ մեզ մոտ չի եկել, քանի որ իրենք են մերժել; Հիմա անդրադառնանք երկու աշակերտների առաջարկին՝ երկնքից կրակ բերելու և սամարացիներին բնաջինջ անելու թեմային: Մ՞թե սա զուտ մարդկային վրեժխնդրություն չէ, որ առաջին պահին ծագեց աշակերտների գլխում՝ մերժվելուց հետ:Այո մարդկային է, և Վարդապետը բացատրեց նրանց գաղտնիքը: Անշուշտ Տէր Հիսուս կուզեր, որ օրինակ՝ աշակերտները գային և ասեին վարդապետին, որ ցավում ենք սամարացիների համար, որ առանց հասկանալու մերժեցին Քեզ հետ հանդիպումը և իրենց փրկությունը: Բայց այդպես չասացին, աշակերտներն էլ մեզ պես մտածեցին, և ելքեր էին փնտրում նրանց բնաջինջ անելու, մոռանալով իրենց Վարդապետի աշխարհ գալու նպատակը: Այսպես է եղել նախկինում, այսպես է նաև հիմա: Երբ մենք չենք հասկանում գլխավոր նպատակները, մեր քայլերը ուղղվում են ատելության, վրեժխնդրության, և հակահարվածի:
Առհասարակ մեր կյանքը մենք սկսում ենք ո՛չ թե սկզբից, այլ կեսից: Քանի որ մեզ սկզբի մասին ո՛չ ոք ոչի՛նչ չի պատմում: Մեզ նույնիսկ չեն պատմում մեր աշխարհ գալու նպատակի մասին, որովհետև մեր ծնողներին էլ չեն պատմել իրենց ծնողները: Ո՛չ մի հաստատությունում այսպիսի կրթություն չկա: Մենք ծնվում ենք անկախ մեր կամքից: Աչք ենք բացում և տեսնում ենք ամեն ինչ պատրաստ է կյանքը ապրելու համար: Այստեղ է որ մեզ պետք է բացատրեն ամեն ինչի նպատակը, որպեսզի մենք գիտակցաբար ապրենք մեր կյանքը, ոչ թե քարշ տալով;
Տէր Հիսուս չհավանեց աշակերտների առաջարկը, և առաջին հերթին նրանց հիշեցրեց Իր գալու գլխավոր նպատակը և սաստելով նրանց՝ ասաց,- Չգիտե՛ք, ի՛նչ հոգուց եք դուք: Քանի որ Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ՝ փրկելու: Այս ասաց, որպեսզի օրեր հետո, երբ իրենց Վարդապետին տեսնեն խաչի վրա անարգված և չարչարված՝ ատելությամբ չլցվեն Իրեն խաչը հանողների նկատմամբ, ինչպես որ լցվեցին սամարացիների նկատմամբ: Երկնքից կրակ իջեցնելու փորձառության մասին աշակերտները գիտեին Եղիա մարգարեի օրինակից, երբ երկնքից կրակ իջեցրեց զոհասեղանի վրա և կոտորեց կեղծ մարգարեների բանակը: Բայց Տէր Հիսուս ամեն առիթով բացատրում էր, որ Իր պատվիրանը վեր է Եղիայի օրենքից, և ո՛չ թե վրեժխնդրությունն է հաղթանակը, այլ՝ խոնարհությունը;
Նա կարող էր մտնել Սամարիայի այդ գյուղը, որտեղ արգելեցին, բայց հարգեց նրանց ազատ կամքը, և աշակերտների հետ ուղևորվեցին մեկ այլ գյուղ; Ժողովրդի բազմությունը քայլում էր Նրա հետևից, և նրանցից մեկը մոտեցավ Հիսուսին և հայտնեց, որ ուզում է միանալ իրենց, ուր էլ որ նրանք գնան: Սա այն սերունդն էր, որը ճանաչում էր Հովհաննես Մկրտչին, որը ապաշխարության մկրտությամբ մաքրում էր մարդկանց՝ Քրիստոսին դիմավորելու համար: Սակայն այս մարդիկ էլ որ ցանկություն ունեին հետևելու Քրիստոսին, հստակ կողմնորոշում չունեին իրենց անելիքի և Քրիստոսին հետևելու պայմանների մասին; Զարմանալի է, որ Հիսուս Քրիստոս մեկին մերժում էր մյուսին՝ ինքն էր կանչում: Նա, ով ասաց կգա՛մ քո հետևից, ուր էլ որ դու գնաս, նրան Տէր Հիսուս նկարագրեց իր սոցիալական վիճակը և սպասվելիք դժվարությունները: Սրտագետ Աստված հոգիներ է քննում: Հավանաբար այս մարդը որևէ նյութական ակնկալիք ուներ Քրիստոսին հետևելու դեպքում, դրա համար ասաց նրա, - Աղվեսները որջ ունեն, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի: Մեկ այլ մարդու, որը լուռ էր և չէր առաջարկել հետևել Իրեն, նրան ասաց,- Արի՛ իմ հետևից: Այս մարդու պատասխանից էլ հայտնի է դառնում, որ երկմտում է:
Գուցե կամենում է հետևել, սակայն կապված է աշխարհի և մեղքերի հետ, քանի որ ասում է,- Տէ՛ր հրաման տուր, գնամ նախ թաղեմ իմ հորը: Իսկ Հիսուս պատասխանում է,- թող մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզիր Աստծու արքայությունը: Այս տողերը բոլորդ էլ կարդացել եք, հավանաբար շատերի մեջ հարց է առաջացել, թե այս ինչ տեսակ երկխոսություն է: Ինչպես կարող է մարդը առանց հորը թաղելու գնա քարոզ անի: Կամ ինչպես կարող են մեղելները մեռել թաղեն: Անդրադառնանք նաև երրորդ մարդուն, որը գրեթե նույն պահանջով էր դիմում Քրիստոսին, խնդրելով, որ, նախ գնա և հրաժեշտ տա իր տան անդամներին: Սրան էլ պատասխանեց, ասելով,- Ո՛չ ոք արժանի չէ Աստծու արքայությանը, եթե փորձի հետևել Աստծուն և չուրանա իր անձը, կամ իր ընտանիքն ու իր գործերը առավել դասի Աստծուց: Տրամաբանությունը շատ պարզ է: Առաջին մարդուն մերժեց, հասկացնելու համար, որ ակնկալիքով հետևել Աստծուն, նշանակում է ակնկալիքը վեր դասել Աստծու խոսքից: Ինչպես որ Սիմոն մոգը դրամ խոստացավ որ ինքն էլ Սուրբ Հոգի ստանա, և նրան սաստեցին աշակերտները:
Երկրորդ մարդը որ կամենում էր գնալ և հորը թաղել, ապա հետևել Քրիստոսին, արդեն հասկանալի է, որ փոխաբերական իմաստով է ասվում այս խոսքերը, որովհետև եթե այդ մարդու հայրը մահացած լիներ, բնականաբար ինքը զբաղված կլիներ իր հոր թաղման հարցերով և այդտեղ չէր լինի: Կամ ինչպե՞ս մեռելը մեռել կթաղի, ինչպես որ ասում էր մեր Տէրը: Մեռելը այստեղ խորհրդանշում են մարդու մեռած և անկարևոր գործերը, ինչպես նաև մեռած հավատքը, որ անպտուղ է; Իսկ մեռելները թող թաղեն մեռելներին, նշանակում է՝ անօգուտ մարդիկ թող զբաղվեն իրենց անօգուտ և մեռած գործերով, իսկ Դու կարևորիր Ավետարանի քարոզությունը և քարոզիր մարդկանց Աստծու խոսքը: Երրորդ մարդու պարագան այս է, որ Տէր Հիսուս ասաց նրան,- չես կարող և աշխարհի հոգսերով զբաղվել, և Աստծուն ծառայել; Եթե քո սրտում նախ քո ընտանեկան և անձնական գործերն են, ուրեմն դու չես կարող Պետրոսի պես ծառայել, կամ Մաքսավորի՝, որը միանգամից թողեց իր աշխատանքը և հետևեց Քրիստոսին; Սա երբեք չի նշանակում, որ Պետրոսը Քրիստոսին հետևելուց հետո իր ընտանիքին չէր այցելում, կամ եթե օրինակ զոքանչը հիվանդանար, նորից չէր խնդրելու, որ Հիսուս գնա և բժշկի: Երբ նվիրյալի սիրտը ծառայության դաշտի մեջ է, նրա ձեռքերը հոգում են նաև իր անձնական և ընտանեկան հոգսերը:
Թագավորաց գրքում կարդում ենք, որ հրաման կար, որ պատերազմի ժամանակ նոր ամուսնացածները չմասնակցեին, որովհետև նրանց ողջ ուշադրությունը իրենց տան կողմն է լինելու: Հետևաբար եթե պատերազմ է, ուրեմն հոգով և սրտով պետք է լինել պատերազմի դաշտում: Նույնն է հոգևոր դաշտի ծառայությունը: Երբ ծառայում ենք Աստծուն, ուրեմն մեր սիրտը պետք է հավատարիմ մնա այդ ծառայության մեջ:Աստծու գործը կենցաղային գործ չէ, որ ,,յոլա,, տանենք: Այն մարդկանց հոգիների փրկության միակ ճանապարհն է, որ պետք է մաքուր լինի: Մեր իրականության մեջ, ինչո՞ւ չէ նաև եկեղեցու ծառայության մեջ փորձում են երկուսը միասին անել: Երբեմն եկեղեցու մեջ կենցաղային գործերը ավելի շատ են ծանրաբեռնում հոգևորականին, քան հոգևոր գործերը:
Ուշադրություն դարձրեք օրվա լրահոսին, հեռուստացույցին, ռադիոյին, և ձեր ձեռքի բոլոր տեղեկատվական միջոցներին և տեսեք, թե օրական որքան անպետք և անօգուտ խոսքեր են հնչում մարդկանց ականջին, որքան ատելություն սերմանող հյութեր են տեղադրվում համացանցում, որքան պառակտող ուղերձներ են հնչում ամենատարբեր պատկան մարդկանց շրթներից և այլն; Իս եթե դրա փոխարեն Ավետարանական ճշմարտություններ քարոզվեր, և Աստծու խոսքը տարածվեր, ապա Աստծու այցելությունը մենք կզգայինք մեր երկրում: Սիրելիներ մենք կորցրել ենք մեր մեջ եղած աղը, մեջ մեջ եղած լույսը , դրա համար է մեր խոսքը հայհոյախառն, և մենք միմյանց հետ ապրում ենք անհաշտ: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը՝ անդրադարձ ունենալով մեր անօգուտ աշխատանքներին, մեր անկարևոր խոսքերին և լծվենք Աստծու գործի ծառայությանը: Աստծուն ծառայել, նշանակում է հավատարիմ ծառայություն կատարել այն աշխատանքի մեջ, որում կաք այս պահին՝ գոհանալով Աստծուց:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր խոսքն ու գործը հավատարմություն ցուցաբերեն Աստծու հանդեպ: