ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 9:37- 50
ՅԻՍՈՒՍ ՉԱՐ ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂ ՏՂԱՅ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
37 Հետեւեալ օրը, երբ անոնք լեռնէն վար իջան, շատ ժողովուրդ անոր դէմը ելաւ։ 38 Ժողովուրդին մէջէն մարդ մը աղաղակեց ու ըսաւ. «Վա՛րդապետ, կ՚աղաչեմ քեզի, նայէ իմ որդիիս, քանզի իմ մէկ հատիկս է. 39 Ոգի մը կը բռնէ զանիկա. տղաս ալ յանկարծ կը կանչուըռտէ եւ ոգին զանիկա ցնցելով կը փրփրցնէ ու հազիւ կը զատուի անկէ՝ ջարդուբուրդ ընելով զանիկա։ 40 Քու աշակերտներուդ աղաչեցի որ հանեն զանիկա, բայց չկրցան»։ 41 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ. «Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ ձեզի հետ պիտի ըլլամ ու ձեզի հանբերեմ։ Հո՛ս բեր քու որդիդ»։ 42 Երբ կը մօտենար, դեւը զանիկա գետինը զարկաւ ու սաստիկ ցնցեց։ 43 Իսկ Յիսուս սաստեց պիղծ ոգիին եւ բժշկեց տղան ու զանիկա իր հօրը տուաւ։ 44 Ամէնքը կը զարմանային Աստուծոյ մեծամեծ գործերուն վրայ։
ՅԻՍՈՒՍ ԴԱՐՁԵԱԼ ԻՐ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
Քանի որ ամէնքը կը զարմանային Յիսուսի ըրած բոլոր գործերուն վրայ, անիկա ըսաւ իր աշակերտներուն. «Դուք այս խօսքերը մի՛ մոռնաք, վասն զի Որդի մարդոյ պիտի մատնուի մարդոց ձեռքը»։ 45 Բայց անոնք չէին իմանար այս խօսքը եւ անոնցմէ ծածկուած էր որպէս զի չհասկնան ու կը վախնային որ այն խօսքին համար իրեն հարցնեն։
Ո՞Վ Է ՄԵԾԸ
46 Խորհուրդ մըն ալ մտաւ անոնց մէջ՝ թէ արդեօք իրենց մէջ ո՞վ է մեծ։ 47 Յիսուս անոնց սրտին խորհուրդը իմանալով՝ տղայ մը առաւ ու զանիկա իր քով կանգնեցուց 48 Եւ ըսաւ անոնց. «Ով որ այս տղան իմ անունովս ընդունի՝ զիս կ՚ընդունի. եւ ան որ զիս կ՚ընդունի՝ անիկա զիս ղրկողը կ՚ընդունի. վասն զի ան որ ձեր ամենուն մէջ պզտիկ է, անիկա մեծ պիտի ըլլայ»։
ՈՎ ՈՐ ՄԵԶԻ ԴԷՄ ՉԷ, ՄԵԶԻ ՀԵՏ Է
49 Եւ խօսեցաւ Յովհաննէս ու ըսաւ. «Վա՛րդապետ, մէկը տեսանք որ քու անունովդ դեւեր կը հանէր եւ զանիկա արգիլեցինք, վասն զի մեզի հետ չի պտըտիր»։ 50 Յիսուս ըսաւ անոր. «Մի՛ արգիլէք, քանզի ան որ մեզի հակառակ չէ, մեր կողմէն է»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա մեր թեման Պայծառակերպությունն էր: Երեք առաքյալների գլուխների մեջ խառնաշփոթ էր այն բանից հետո, երբ լեռան վրա տեսել էին իրենց Վարդապետի աստվածային փառքը: Այդ տեսիլքը չէին կարողանում համեմատել նախորդ օրվա իրենց լսած այն մտքի հետ, որ Մարդու Որդին անարգվելու է, և չարչարանք է կրելու քահանայապետների ձեռքով ու սպանվելու է: Նրանք նույնպես ակնկալում էին Քրիստոսի երկրային թագավորությունը, իրենց ազատագրումը չարչարանքներից ու ատելությունից, որ տիրում էր այդ օրերին: Այս երանելի մտորումներով իջնում էին լեռից իրենց Վարդապետի հետ, երբ մի մեծ բազմությունը ընդառաջ եկավ Հիսուսին: Բազմության միջից մի մարդ աղաղակում էր իր միածին որդու համար, որին չար ոգին հալածում էր: Մինչև Հիսուսի լեռից իջնելը հիվանդ երեխայի հարցով հայրը դիմել էր մյուս աշակերտներին՝ օգնություն խնդրելով: Սակայն աշակերտները չէին կարողացել հանել դևը նրա միջից: Մինչ հայրը նկարագրում էր, թե ինչեր պատահում երեխայի հետ դիվահարության ժամանակ, դևը նորից գետին զարկեց տղային և ցնցում էր ուժգին: Տէր Հիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրա հորը: Այս մարդը աղաչում էր Հիսուսին, որովհետև հիվանդը իր մեկ հատիկն էր:
Յուրաքանչյուր ծնող պատրաստ է աղաչել, պաղատել, ամեն քայլի դիմել, որպեսզի իր միածինը առողջանա: Մենք դեպքեր գիտենք, որ ծնողները իրենց ողջ կարողությունն են վաճառել, փրկելու համար իրենց միածին որդու կյանքը: Ամեն անգամ երբ լսում ենք միածին բառը, ակամայից մտածում ենք Աստծու Միածին Որդու մասին, որին Հայրը կամավոր ուղարկեց համայն մարդկության համար չարչարվելու և խաչը բարձրանալու: Համայն մարդկությունը մոռացության է տվել այս իրականությունը, և հոգում է միայն իր միածնի մասին: Հավատ չուներ այս հայրը, որը աղաչում էր Հիսուս Քրիստոսին՝ իր որդու համար: Քանի որ Տէր Հիսուս ասաց,- Ո՛վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ ու հանդուրժեմ ձեզ. Անհավատ սերնդի հետ է ապրում պիղծ ոգին, և նրան հանգիստ կյանք չի տալիս: Ավետարանն ասում է,- Բժշկեց մանկանը և տվեց հորը: Այսինքն սա նշանակում է, որ մանուկը մինչ այդ պահը գտնվում էր պիղծ ոգու ազդեցության և իշխանության ներքո: Քանի որ հայրն ասում էր, պիղծ ոգին մանկանը դեսուդեն է զարնում: Նշանակում է իշխանություն ունի նրա վրա և կամեցած ժամանակ տանջում է նրան; Վերցրեց Տէր Հիսուս մանկանը չար ոգուց ,և հանձնեց հորը: Բոլորի աչքի առջև կատարեց այս ամենը և մարդիկ զարմացած էին իրենց տեսածի վրա: Բայց այդ պահին անակնկալ մի հայտարարություն արեց Հիսուս Քրիստոս՝ իր աշակերտներին, ասելով,- Ձեր ականջների մեջ պահեցեք դուք այս խոսքերը, որ մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը:
Աշակերտները չհասկացան ասված խոսքերի իմաստը, բայց միևնույն ժամանակ համարձակություն չունեցան հարցնելու համար, որովհետև ծածկված էր նրանցից, որ չիմանան: Ամեն գնով կամենում էր աշակերտների ընկալման դաշը լայն բացել, հասկանալու համար, որ լեռան վրա իրենց տեսած պայծառակերպությունը առանց չարչարանքի և խաչելության չի լինի: Հետևաբար պետք էր որ այդ խոսքերը իրենց ականջների մեջ մշտապես պահեին հիշելու համար, որովհետև նույն տանջանքները իրենց էր սպասվում հետագայում: յուրաքանչյուր ոք իր կարողության չափով պետք կերպարանապոխվի իր նախկին մեղավոր վիճակից՝ Քրիստոսի հետ վայելելու երկնային փառքը: Ինչպես որ Պողոս առաքյալն է ասում,- Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը։ Փիլիպ.3:20
Ինչո՞ւ աշակերտները չկարողացան հանել չար ոգուն այդ մանկան միջից: Գուցե աշակերտները կամեցել էին իրենց ուժերին վստահելով կատարել այդ հրաշքը, մեն չգիտենք, սակայն մեր դասը այստեղից հետևյալն է, մենք ցանկացած դժվարության մեջ Հիսուս Քրիստոսի հետ կարող ենք գլուխ հանել, իսկ առանց Քրիստոսի, միայն մեր ուժերով կձախողի ամեն բան; Իսկ երբ խոնարհությամբ ամեն բան հանձնենք Տիրոջ իշխանության և զորության կամքին, արդյունքը դրական կլինի: Աստված գնահատում է խոնարհ հոգին: Յուրաքանչյուր քրիստոնյայի համար իր մկրտության օրը իր համար Հոգեգալուստ է, քանի որ Մկրտությամբ սուրբ Հոգին հանգչում է ենթակայի վրա, և նրան հնարավորություն է տալիս գործելու Հիսուս Քրիստոսի անունով՝ խոնարհությամբ և աստվածպաշտությամբ: Չափազանց կարևոր է Մկրտությանը գնալ հավատքով, գիտակցաբար, երկյուղով, սպասումով, քանի որ եկածը ոչ թե մի պարզ շնորհ է, այլ՝ Սուրբ Հոգին, և այդ պահից մարդը դառնում է բնակարան՝ Սուրբ Հոգու համար: Իսկ Սուրբ Հոգին սիրում է մաքուր, և հարդարված բնակարան:
Հաջորդ պարբերության մեջ կարդում ենք, որ աշակերտների մեջ տարաձայնություն է առաջանում այն թեմայի շուրջ, թե իրենցից ո՞վ է մեծը արդյոք: Սերտողության սկզբից ձեզ ասացի, որ աշակերտներն էլ ակնկալում էին, որ իրենց վարդապետը Երկրի վրա էլ պիտի հաստատի իր թագավորությունը, և իրենք պիտի օգտվեն այդ թագավորությունից: Դիվահար երեխայի բժշկության ժամանակ մյուս աշակերտները փորձել էին իրենց ուժերը ստուգել մանկանը օգնելու համար: Այստեղ կարդում ենք, որ վեճ առաջացավ իրենց մեջ՝ թե ո՞վ է իրենցից մեծը: Այս վեճի թեմայից հասկանալի է, որ նրանք դեռ կատարյալ չեն, դեռ վարժ չեն և դեռ ժամանակ է պետք, որպեսզի նախընտրեն ո՛չ թե առաջին տեղերը, այլ՝ ծառայասիրությունը: Ո՛չ թե մեծ լինել, այլ մանկան մաքրություն ունենալ: Երբեք ոչ մեկին չհանդիմանեց իր ցանկությունների համար, քանի որ գիտեր նրանց մարդկային տկար ընկալումները և պատկերացումները Աստծու արքայության մասին; Միևնույն ժամանակ Իրեն հայտնի էր առաքյալների սրտերի խորհուրդները: Աշակերտները թեպետ արդեն քարոզում էին, բժշկում էին, սակայն նրանց կատարելության աստիճանը դեռ չէր հասել, որ նման մարմնավոր մտածումներ չունենային:
Առանց դժգոհելու հազարավոր օրինակներ էր բերում մի բան հասկացնելու համար: Այստեղ բերեց մանկան օրինակը, որով բացատրեց, որ Աստծուն ծառայելու առաջին պայմանը այլոց օգտակար լինելն է:
բոլորի սպասավորն ու ծառա լինելն է պայմանը՝ մեծ լինելու: Առաքյալները իրենց առանձին քարոզության ժամանակ հանդիպել էին մեկին, որը Քրիստոսի անունով դևեր էր հանում, և արգելել էին նրան, քանի որ չէր կամեցել միանար առաքյալների խմբին: Տէր Հիսուս չասաց ճիշտ արեցիք, այլ ՝ ասաց, մի՛ արգելեք նրան, քանի որ նա ձեր թշնամին չէ, հետևաբար ձեր կողմն է: Ի՞նչ է սա նշանակում: Շատ հաճախ նույնիսկ քրիստոնյաների մեջ այսպիսի վեճեր պատահում են: Եթե մեկը մյուսի տեսակետի հետ համաձայն չէ, շտապում է նրան աղանդավոր համարել, չնայած որ նա էլ Հիսուս Քրիստոսին դավանում է Աստծու Որդի և փրկիչ, բայց որոշակի հարցերում անհամաձայնություններ կան: Այդ մարդը որին հանդիպել էին աշակերտները և արգելել էին, Քրիստոսի անունով էր հանում դևերին: Միթե այս մարդը ավելի օգտակար չէ, քան օրինակ՝ կեղծավոր փարիսեցիները, որոնք իրենց աչքով տեսնելուց հետո էլ կասկածում էին: Տէր Հիսուս աշակերտներին ասում է այս խոսքերը ձեր ականջների մեջ պահեք: Ավետարանական բոլոր խոսքերը պետք է պահենք մեր ո՛չ միայն ականջների, այլ նաև մեր սրտերի մեջ, քանի որ այդ խոսքն է, որ հեղաշրջում է կատարելու մեր կյանքում; Ուշադիր լսված խոսքը անհետևանք չի մնում և հատկապես անպտուղ չի լինում:
Մի գեղեցիկ առակ կա այս մասին, պատմեմ ձեզ ու ավարտենք մեր այսօրվա խոսքը::
Հայտնի փաստաբանը մի օր պատահական լսում է մի քահանայի խոսք, որը վերաբերում է Քրիստոսի Երկրորդ Գալուստին և Դատաստանի օրվան: Խոսքը շատ խիստ է թվում նրան, ինչը պատճառ է դառնում երկար խորհել լսածի լուրջ: Նա երկար ժամանակ առանձնանում է, կորցնում է քունը, դառնում է մտախոհ, սկսում է վախենալ: Այս հոգեվիճակը նրան ստիպում է նորից գնալ և լսել քահանայի քարոզը: Անցնում է ժամանակ: Աստծո խոսքի մասին քարոզը զբաղեցնում է փաստաբանի միտքը և դառնում նրա համար արդեն անհրաժեշտություն: Մի օր էլ փաստաբանը հանդիպում է քահանային և համարձակ ձայնով ասում.
- Ես շատ անքուն գիշերներ եմ անցկացրել քո քարոզած խոսքերի պատճառով, վախեցել եմ նույնիսկ, սակայն հիմա չեմ վախենում, որովհետև ես համոզվեցի, որ ինչքան էլ փորձառու փաստաբան լինեմ, միևնույն է ինքս ինձ չեմ կարող պաշտպանել Աստծու առաջ: Աստծո խոսքի կիրառումից փոխված իմ կյանքն է, որ պաշտպանելու է ինձ, իմ փոխված սիրտն ու իմ բարի գործերն են, որ պաշտպանելու ինձ, ոչ թե իմ փաստաբանի համբավը… Ուրեմն երբ Աստծո խոսքի սերմը ցանվում է, ո՛չ ոք չգիտե, թե ում սրտում ինչ փոփոխություն կկատարվի Աստծո զորությամբ: Աստված կարող է հետք թողնել Իրեն փնտրողների սրտում, և այդ հետքը այնպե՜ս է բուրում, որ անվերջ փնտրում ես նրա Տիրոջը: Ուրեմն շա՛տ կարդանք ու շա՛տ լսենք Աստծու մասին, որը կտանի մեզ դեպի մեր փրկությունը: Ավարտենք այսօրվա մեր սերտողությունը, և գոհություն հայտնենք Աստծուն՝ այսօրվա ընդձեռած հնարավորության համար:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր ականջները միշտ բաց լինի Աստծու խոսքի առջև, և սրտերը դատարկ լինի ամեն տեսակ անպետք մտքերից: