ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 9:27- 36
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
27 Բայց ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, որ հոս կայնողներէն մէկ քանիները կան՝ որոնք մահուան համը պիտի չառնեն, մինչեւ տեսնեն Աստուծոյ թագաւորութիւնը»։ 28 Այս խօսքերէն գրեթէ ութ օր ետքը՝ Պետրոսը ու Յովհաննէսը եւ Յակոբոսը առնելով, լեռը ելաւ աղօթք ընելու։ 29 Երբ ինք աղօթք կ՚ընէր, իր երեսին տեսքը ուրիշ կերպ մը եղաւ եւ իր հագուստը ճերմակ ու փայլուն եղաւ։ 30 Ահա երկու մարդիկ իրեն հետ կը խօսէին, որոնք Մովսէսն ու Եղիան էին, 31 Փառքով երեւցած եւ անոր այս կեանքէն ելլելուն վրայով կը խօսէին, որ Երուսաղէմի մէջ պիտի կատարուէր։ 32 Պետրոս եւ անոր հետ եղողները քունով ծանրացած էին, երբ արթնցան, տեսան անոր փառքը եւ այն երկու մարդիկը, որոնք անոր քով կեցեր էին։ 33 Երբ անոնք զատուեցան Յիսուսին քովէն, Պետրոս ըսաւ Յիսուսին. «Վա՛րդապետ, աղէկ է որ հոս կենանք ու երեք խրճիթ շինենք, մէկը՝ քեզի եւ մէկը՝ Մովսէսին ու մէկը՝ Եղիային, վասն զի չէր գիտեր թէ ի՛նչ կը խօսէր։ 34 Երբ անիկա այս բաները կը խօսէր, ամպ մը եկաւ ու անոնց վրայ հովանի եղաւ եւ ամպին տակ մտած ատեննին վախցան։ 35 Ձայն մը եկաւ ամպէն՝ ըսելով. «Ատիկա է իմ սիրելի Որդիս, ատոր մտիկ ըրէք»։ 36 Երբ այն ձայնը լսեցին, Յիսուս մինակ մնաց։ Իրենք ալ լուռ կեցան եւ իրենց տեսածներէն այն օրերը մարդո՛ւ բան մը չպատմեցին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Երեկվա սերտողությամբ իմացանք, որ Տէր Հիսուս հետաքրքրված էր, թե մարդիկ և առավելապես աշակերտները ի՞նչ կարծիք ունեն Իր մասին, ո՞վ ՝ մարդու Որդին:
Նաև իմացանք, որ Պետրոսը ճշմարտությամբ դավանեց, թե Աստծու Որդին է Քրիստոս: Արդեն աշակերտներին զգուշացրել էր, թե ի՛նչ պատահելու Իր հետ և հա՛տկապես ո՛ւմ ձեռքով պիտի կատարվի արհավիրքը: Ուսուցման ավարտին մի միտք արտահայտեց բոլորի ներկայությամբ, որը շատերի համար անհասկանալի թվաց այդ պահին, շատերին զարմանք պատճառեց այդ արտահայտությունը, սակայն ո՛չ ոք ոչինչ չհարցրեց այդ մասին: Հիշո՞ւմ եք այդ միտքը: Նա հայտնեց աշակերտներին, որ իրենց մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը: Ով կարող է հասկանալ, թե այս խոսքերը ինչ են նշանակում, հատկապես, որ այդ խոսքից հետո չի անցնում գործի, որպեսզի հասկանան, թե ինչ նկատի ուներ այդ խոսքերն ասելիս:
Անցնում են օրեր: Ավետարանիչներից մեկն ասում է վեց օր հետո, մյուսն ասում է ութ օր հետո, սակայն մեզ օրերի թիվը հետաքրքիր չէ, այլ՝ կատարվածը: Ղուկաս ավետարանիչն ասում է, Տէր Հիսուս աղոթքի համար լեռ է բարձրանում և դարձյալ իր հետ վերցնում է երեքին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին: Երբ աղոթքի կանգնեց, Նրա երեսի տեսքը այլակերպվեց, Նրա զգեստը փոխվեց, և փայլուն սպիտակ դարձավ: Այդ պահին Նրա դիմաց հայտնվեցին երկու մարդիկ, որոնք խոսում էին Նրա հետ: Գիտե՞ք ովքեր են այդ մարդիկ: Մովսեսն ու Եղիա մարգարեներն են այցի եկել Հիսուս Քրիստոսին, որոնց մեր Տէրը դիմավորում է արքային վայել հագուստով և դեմքով: Քանի որ Մովսեսն ու Եղիան ճանաչում են Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստված: Աստծու Որդին կանգնած է Աստծու սիրելի սուրբ մարգարեների առջև՝ Իր աստվածային տեսքով: Ինչո՞ւ աշակերտների և ժողովրդի մեջ այդ հագուստով և այդ փոխված դեմքով չէր շրջում: Որովհետև Նա փառք չէր փնտրում մարդկանցից, և պարզ մարդկանց մոտ պարզ ձևով էր ներկայանում: Ձկնորսները ինչպե՞ս պիտի հասկանային, եթե Տէր Հիսուս այդ տեսքով հայտնվեր նրանց առաջ, հավանաբար վախից կհեռանային Նրանից: Դրա համար աշակերտների մոտ հագնում էր այն, ինչ նրանք էին հագնում, ուտում էր այն, ինչ նրանք էին ուտում, որովհետև Նրա ուշադրությունը թագավորական զգեստները չէր այլ՝ մարդկանց այլակերպվելը՝ իրենց մեղավոր վիճակից:
Մովսեսն ու Եղիան հին Կտակարանի օրենք ու մարգարեությունները ներկայացնող Աստծու հետ անձամբ խոսող անձեր էին: Իսկ ի՞նչ էին խոսում Հիսուս Քրիստոսի հետ Նրա վախճանի մասին, որը պիտի կատարվեր Երուսաղեմում: Ի՞նչ էր աղոթում մեր Տէրը, որ Նրան հայտնվեցին Մովսեսն ու Եղիան՝ Հին Կտակարանի խոշոր դեմքերը; Մենք չգիտենք ինչ էր աղոթում և չգիտենք, թե ինչ էին խոսում մարգարեները՝ Հիսուսի վախճանի մասին, քանի որ ավետարանը չի ասում այդ մասին: Իսկ մենք ինչ էլ որ ասենք կլինի եզրակացություն: մարգարեներն էլ իրենց վայել փառքով էին երևում Տէր Հիսուսին՝ իրենց զրույցի ժամանակ: Սա իրենց իրական, աստվածային կերպարանքն էր որ երևաց նաև այդ երեք աշակերտներին, որ լեռան վրա էին: Բայց այս լեռան վրա մի հետաքրքիր բան է տեղի ունենում: Ավետարանն ասում է,- Պետրոսը և նրա հետ գտնվողները քնի ծանրության տակ արթնացան ու տեսան Նրա փառքը և այն երկու մարդկանց, որոնք Նրա մոտ կանգնած էին; Այսպիսի մի տեսարանի էլ հանդիպում ենք Գեթսեմանի պարտեզում, երբ դարձյալ Տէր Հիսուս աղոթքի էր կանգնած և խնդրում էր որ Պետրոսը և իր հետ գտնվողները արթուն մնան և աղոթեն, իսկ նրանք քնում էին:
Նույն երևույթը կատարվում է այստեղ: Իրենց Վարդապետը աղոթում է, ինչո՞ւ են իրենք քնում: Լեռան վրա այսպիսի մեծ իրադարձություն է տեղի ունենում, ինչպե՞ս կարող էին նրանք քնել:
Օրեր առաջ լսել էին որ Վարդապետն ասել էր ձեզնից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը: Աստված Իր արքայությամբ կանգնած է, իսկ իրենք քնած են: Ի՞նչ երևույթ է սա:
Նախ՝ մոռանում ենք, Տիրոջ արտաբերած ամեն խոսք, այն մասին, թե ինչպե՞ս ենք լսում Աստծու խոսքը, ունե՞նք լսելու ականջ, թե ոչ: Եթե այս երևույթը համեմատենք մեզ հետ, կտեսնենք, որ մեզ հետ էլ շատ հաճախ պատահում: Հանկարծակի անուշ քուն է գալիս, երբ հատկապես Աստվածաշունչ ենք կարդում, կամ մի քարոզ ենք լսում, կամ եկեղեցու աղոթքի պահին: Կարծում եմ որ շատերի մոտ է նկատվում այս բանը:
Եթե աշակերտների օրինակը վերցնենք, հստակ կարող ենք ասել, որ ընկած հրեշտակը ամենուր է, հատկապես աշակերտների շրջանում, որպեսզի մթագնի նրանց մտքերը, քուն բերի նրանց աչքերին, որպեսզի չտեսնեն Աստծու փառքը: Ինչպես որ արեց դա Գեթսեմանիի պարտեզում: Այլապես ինչո՞ւ աշակերտները հենց կարևոր իրադարձությունների ժամանակ հանկարծ հայտնվում են քնի ծանրության տակ:
Եթե չարը աշակերտներին է փորձում, որ Քրիստոսի հետ են քայլում, ապա ի՞նչ կարող է անել մեզ հետ, երբ Սուրբ գիրք ենք կարդում, կամ աղոթում ենք: Սատանան նույնիսկ Քրիստոսին մոտեցավ անապատում՝ անվերջ կասկածի տակ դնելով Նրա Աստծո Որդի լինելը, քանի որ երեք անգամն էլ ասաց,- Եթե Աստծո որդին ես արա այս բանը: Այդ երեք աշակերտը տեսան Աստծու արքայությունը, և այնքան զմայլվեցին, որ Պետրոսը նույնիսկ կամեցավ տաղավարներ շինել եկած հյուրերի համար, ասելով,- Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ ենք: Անշուշտ լավ է: Միթե կա ավելի լավ տեղ քան Աստծու ներկայությունը և Նրա արքայությունը: Վստահ եմ որ յուրաքանչյուրդ ձեր կյանքում ունեցել եք այդպիսի երանելի պահեր, երբ ուրախ եք, վստահ եք, խաղաղ եք, ամեն ինչ լուսավոր է թվում:
Դա Աստծու ներկայությունն է մարդու մեջ, որը եթե երկար մնա, մարդը չի դիմանա այդ երանությանը: Աշակերտները այդ երանության մեջ էին և ուզում էին այդտեղ մնալ՝ մոռացած ամեն բան:
Մինչ Պետրոսը իր շինարարական աշխատանքների գծագրերի մասին էր խոսում, ամպ եկավ նրանց վրա ու հովանի եղավ: Ամպը հին կտակարանում Աստծու խորհրդանիշն է: Աշակերտները վախեցան, երբ ամպով ծածկվեցին լեռան վրա: Երկնավոր Հայրն էր ներկա այդ լեռան վրա, բայց քանի որ ոչ ոք Աստծուն չի տեսել, այլ լսել է միայն, ամպից մի ձայն լսվեց, որն ասաց,- Դա է Իմ ընտրյալ Որդին, լսեցեք Դրան:
Երկնային ժողովը երկիր էր իջել և որոշում էին կայացնում Ընտրյալ Որդու վախճանի մասին: Ինչպե՞ս կարող էին այդ միամիտ ու անուս ձկնորսները հասկանալ այս խորին խորհուրդները: Երկնավոր Հոր ձայնը մենք լսել ենք նաև Հորդանանում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության պահին, երբ Հովհաննեսից մկրտվում էր: Ուղարկել է Հայրը Իր Միածնին՝ մարդկության մեղքերի պատճառով՝ խաչվելու համար, այժմ հրահանգում է լսել Նրան: Իսկ աշխարհը անտարբեր է և այս ձայնին, որ լսեց երկնքից՝ երկու անգամ; Անտարբեր է նաև Քրիստոսի խոսքի նկատմամբ: Նույնիսկ անտարբեր է Քրիստոսի խաչելության իրողությանը;
Մինչ երկնքից դեռ այդ ձայնը լսվում էր, Հիսուս մնաց միայնակ՝ աշակերտների առջև կանգնած: Ինչ որ տեսան աշակերտների աչքերը և ինչ ու լսեցին նրանց ականջները, պահեցին լռությամբ և ոչ ոքի ոչինչ չասացին: Լեռան վրա կատարվածը իր տեսակի մեջ եզակի մի բան էր, որի նկարագրությունը խոսքերով անկարելի կլիներ աշակերտների համար, եթե նույնիսկ կամենային պատմել այլոց; Աշակերտները սրանից առաջ տեսել էին հացի բազմացումը, տեսել էին Հայրոսի մեռած աղջկա հարությունը, գերգեսացի դիվահարի սարսափելի տեսքն ու բժշկությունը, իրենց նավի մեջ Վարդապետը խաղաղեցրեց փոթորկած ծովը, և էլի շատ ուրիշ հրաշքներ: Բայց այս լեռան վրա իրենց աչքով տեսել էին Մովսեսին ու ճանաչել էին, տեսել էին Եղիային ու ճանաչել էին, չնայած, որ անձնապես չէին տեսել նրանցից և ոչ մեկին: Այս լեռան վրա Աստծու ձայնը լսեցին իրենց ականջներով: Մեր մարդկային տրամաբանությամբ կարող ենք ասել, մի՞թե այսքան բան տեսնելուց հետո, կարելի է մազաչափ անգամ կասկած ունենալ Աստծու հանդեպ, որ աշակերտները հերթով փորձության ենթարկվեցին; Այ՛ո կարելի է: Երբ Սուրբ Հոգին հեռանում է մարդուց, այդ մարդը նույնիսկ մեծագույն հրաշքը որպես հրաշք չի դիտում; Իսկ երբ սուրբ Հոգին մարդու հետ ներդաշնակ է ապրում, մարդը նույնիսկ իր առավոտյան արթնանալը հրաշք է համարում և գոհանալով փառավորում է Աստծու Սուրբ անունը: Ամեն հրաշք ցույց է տալիս աշակերտներին՝ նրանց հավատը զորացնելու համար, նրանց մտքերը ամրապնդելու համար, քանի որ նրանց առջև է դրված իրենց տեսածները աշխարհին պատմելու մեծ պատասխանատվությունը: Նրանք ոչ միայն պետք է պատմեին, այլ իրենց կյանքով փաստեին, որպեսզի մարդկանց համար հավաստի լիներ իրենց լսածը: Հատկապես մեր օրերում, ժամանակակից մարդու գլուխը այնքան լցված է անպետք ինֆորմացիայով, որ նրան ոչնչով չես զարմացնի Աստծու խոսքով;:
Աշխարհի իշխանը հոգացել է այդ մասին և լցրել աշխարհը աչքի ու ականջի համար հաճելի բաներով: Օգտակար բան էլ կա աշխարհում, սակայն այդ օգտակարի դռանը հասնելու համար պետք է անցնել աղբանոցի միջով, որը շեղում է աչքդ ու ականջդ: Այս մասին էլ է զգուշացրել Աստված, որ գալու է այնպիսի ժամանակ, երբ բարոյականության հետևողները հետամնաց են համարվելու: Ավանդական ընտանիքը փոխարինվելու է պայմանագրային ամուսնությամբ: Զավակներ ծնվելու են, երբ ծնողները ապահովված են նյութապես և այլն: Եկել այդ ժամանակը: Բայց չի գալիս Ավետարան կարդալու ժամանակը, որպեսզի մարդը զերծ մնա մեղքից:
Սիրելիներ, Աստծու ձայնը պարզ կերպով լսվել է առաջին դարում, որը հրահանգներ է տվել մարգարեներին՝ ժողովրդին ուղղորդելու համար: Իր Որդու աշխարհ ուղարկելուց հետո մեզ է հրահանգել, որ լսենք Իր Որդուն: Իսկ Որդին շռայլորեն տվել է մեզ մեր լսելու պատվիրանները: Սուրբ Հոգին աշակերտների միջոցով այդ խոսքերը դարձրել է գիր և մենք այսօր այդ գիրը ունենք մեր ձեռքում, և ալարում ենք կարդանք;
Այսօր Աստծու ձայնը լսելի կերպով չի հասնում մեզ, որովհետև մենք ունենք Նրա Խոսքը՝ գրավոր, որ Ավետարանն է: Խոսում է մեզ հետ, երբ բացում են, լռում է երբ փակում ենք: Մինչդեռ ամենքս մեր աղոթքի մեջ խնդրում ենք, որ Աստված խոսի մեր սրտերին՝ այս կամ այն հարցի վերաբերյալ: Աստված մեկ անգամ արդեն խոսել է, հիմա հերթը մերն է կարդալու և լսելու: Կարդալն ու լսելը պարտականություն չէ, կարդացածը կատարել է պետք, որպեսզի Աստծու արքայությունը զգանք մեր ներսում: Սրանք Տիրոջ խոսքերն են, որ ասում էր Աստծու արքայությունը ներսում՝ ձեր մեջ է, այլ տեղ մի փնտրեք: Երեք աշակերտները տեսան Աստծու արքայությունը, զմայլվեցին, և Պետրոսը, որ օրեր առաջ լսել էր, թե իր Վարդապետը պիտի չարչարվի ու խաչվի, չէր ուզում իջնել լեռից, իրեն ապահով էր զգում Վարդապետի, Մովսեսի, Եղիայի և առավել ևս Աստծու ձայնի ներկայությունից: Մովսեսն ու Եղիան, որ Հիսուս Քրիստոսի թիկնապահներն էին լեռան վրա, եկել էին փաստելու ճշմարտապես կատարվում է օրենք ու մարգարեությունները մինչև այս պահը և պիտի կատարվի նաև Քրիստոսի մահվան մարգարեությունը, որը տեղի կունենա Երուսաղեմում:
Աշակերտները պետք տեսնեին այս պայծառակերպության փառքը, որպեսզի երբ խաչի վրա տեսնեին իրենց Վարդապետին, հասկանային, որ կամավոր գնաց խաչվելու Նա, որը ուներ լեռան վրա այլակերպվելու զորությունը: Իսկ թե ինչո՞ւ միայն երեք աշակերտներին վերցրեց, և ո՛չ տասներկուսին, նորից հիշեցնեմ ձեզ, եթե մոռացել եք, կամ գուցե նոր լսող լինի: Հրեական օրենքի համաձայն որևէ իրադարձություն վավեր էր համարվում, եթե երկու կամ երեք վկա էր լինում փաստելու համար: Իսկ այս այլակերպության իրողությունը պետք է հետագայում բացահայտվեր և այս երեք աշակերտները եղան այդ վկաները և հաստատեցին Աստծու փառքի մասին; Սիրելիներ, Տէր Հիսուսի Պայծառակերպության հրաշքը ևս պատգամ ունի մեզ ասելու: քրիստոնյան եթե Քրիստոս ունենա իր մեջ և ապրի Նրա խոսքով, իր շրջապատի մարդիկ կտեսնեն նրա այլակերպությունը և փոփոխությունը՝ Քրիստոսով; Ավարտեցինք Պայծառակերպության մասին այսօրվա սերտողությունը, և եթե Աստված կամենա կհանդիպենք վաղը՝ նույն ժամին:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Աստծու խոսքը մեր սրտերը այլակերպի և մենք տեսնենք մեր ընկած վիճակը: