ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 9: 22- 26
ՅԻՍՈՒՍ ԻՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՒՆ ԵՒ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
22 Ու ըսաւ. «Պէտք է Որդին մարդոյ շատ չարչարանքներ կրէ, ծերերէն ու քահանայապետներէն եւ դպիրներէն մերժուի ու սպաննուի ու երրորդ օրը յարութիւն առնէ»։ 23 Եւ ամենուն կ՚ըսէր. «Եթէ մէկը կ՚ուզէ իմ ետեւէս գալ, թող իր անձը ուրանայ եւ ամէն օր իր խաչը վերցնէ ու իմ ետեւէս գայ։ 24 Վասն զի ով որ կ՚ուզէ իր անձը ապրեցնել, պիտի կորսնցնէ զանիկա եւ ով որ ինծի համար իր անձը կորսնցնէ, պիտի ապրեցնէ զանիկա։ 25 Քանզի ի՞նչ կը շահի մարդ՝ եթէ բոլոր աշխարհը վաստկի եւ իր անձը կորսնցնէ կամ վնաս ընէ։ 26 Վասն զի ով որ զիս ու իմ խօսքերս դաւանիլը ամօթ սեպէ, Որդին մարդոյ ալ զանիկա դաւանիլը ամօթ պիտի սեպէ՝ երբ գայ իր ու Հօրը եւ սուրբ հրեշտակներուն փառքովը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօրվա սերտողությունը ճիշտ ընկալելու համար, պետք է անդրադառնանք նախորդ սերտողության վերջին հատվածին,որտեղ Տէր Հիսուս աշակերտներից տեղեկություն է հարցնում Իր մասին: Այս հարցադրումը ևս նպատակ ուներ, քանի որ ամեն ինչ կապված էր գլխավոր նպատակի հետ, որի համար, որ Աստծու Միածին Որդին մարդացել և աշխարհ էր եկել: Այդ նպատակը մարդկային ցեղի փրկության ծրագրի իրականացումն էր: Հրեա ժողովուրդը տեղյակ էր Մեսիայի աշխարհ գալստյան մասին՝ կարդալով մարգարեությունները: Սակայն գիտակից ձևով պատկերացում չունեին, թե դա ինչպես է լինելու: Այնպես, ինչպես որ հիմա մենք պատկերացում չունենք և չենք հասկանում, թե ինչպե՞ս է լինելու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Սուրբ Գրքերը ի սկզբանե գրել են Հիսուս Քրիստոսի՝ կույսից ծնվելու և աշխարհ գալու մասին: Գրել են նաև Նրա չարչարանքի և խաչելության մասին: Այդ պատճառով Տէր Հիսուս կամենում է իմանալ, թե որքանով է տեղեկացված այդ ժամանակի հանրությունը՝ Իր գալստյան և Իր ծրագրերի մասին: Հարցերից հասկանում է, որ ժողովուրդը Իրեն ընդունում է որպես մարգարե մարդ, բայց Պետրոսը միանգամից դավանեց Սուրբ Հոգով, որ Աստծու Որդին է Հիսուս Քրիստոս, ինչը արգելվեց նա՛և Պետրոսին, հանրության մեջ բացահայտելը այդ մասին:
Ինչո՞ւ էր թաքցնում իր Աստծու Որդի լինելը հանրության մեջ: Նախ՝ որովհետև պետք է կատարվեր գրված բոլոր մարգարեությունները Իր չարչարանքների վերաբերյալ, իսկ դրա համար որոշակի ժամանակ էր պահանջվում: Իսկ ժողովուրդը զգացմունքային վերաբերմունք ուներ կատարված ամեն հրաշքի նկատմամբ և Հացի բազմացումից հետո կամենում էին Նրա թագավոր կարգել իրեն վրա: Իսկ Քրիստոսի նպատակը երկրային թագավոր լինելը չէր, այլ երկրի թագավորներին և նրանց հպատակներին ազատություն քարոզելը: Քրիստոսի նպատակն էր հանրային քարոզների միջոցով մարդու գիտակցության մեջ փոփոխություն մտցնել և սրտի մեջ՝ մաքրություն: Կարճ անդրադարձ ունենանք, թե ինչո՞ւ կարիք եղավ, որ Աստված մարդանա և երկիր գա: Աստված նախ ստեղծեց երկիրը և նրանում եղած ամեն ինչ, հետո ստեղծեց մարդուն և կարգեց այդ բոլորի վրա, նրանց տալով ընդամենը մեկ պատվիրան՝ չուտել այս ծառից: Այնուհետև թույլ տվեց, որ ընկած հրեշտակը փորձի Իր ստեղծած մարդու հավատարմությունը և հնազանդությունը: Առաջին փորձությունից պարտվեց առաջին մարդը և ժառանգեց մեղքը: Մի՞թե Աստված չգիտեր, որ մարդը փորձվելու է, անշուշտ գիտեր: Եթե չիմանար, Աստված չէր լինի: Ուրեմն ինչո՞ւ թույլ տվեց որ մարդը փորձվի: Որովհետև Աստված մարդուն տվել է ազատ կամք, և կամենում է, որ մարդը գնահատի այդ ազատ կամքը և դրանով պաշտպանվի մեղքից՝ ունենալով ընտրության հնարավորություն: Ինչպես օրինակ Ադամն ու Եվան ունեին բացարձակ ազատ կամք՝ լսելու Աստծուն, կամ լսելու ընկած հրեշտակին: Փորձիչը նրա համար է, որ մարդը զորանա իր ընտրության մեջ, և գնա դեպի կատարելագործություն, ինչպես որ մեր Տէրն է պատվիրում նմանվել Իրեն;
Մեղք գործած առաջին մարդիկ ծնեցին առաջին մեղավոր մարդուն՝ մարդասպան Կայենի, որը չզղջաց իր գործած մեղքի համար, ինչպես որ չզղջացին իր ծնողները՝ Ադամն ու Եվան: Կայենը երկրի երեսից վերացրեց բարի Աբելին, իսկ իր մեղավոր սերունդը բազմացավ և լցրեց երկիրը մեղքով: Աստված այս մեղավոր սերունդը երկրի երեսից վերացրեց ջրհեղեղով՝ մեղքի գիտակցություն չունենալու պատճառով: Այնուհետև Տապանով փրկված արդար Նոյի սերնդից ընտրեց Աբրահամին և մեկ զավակ պարգևեց նրան՝ Իսահակին: Աստված Իսահակին պարգևեց իր Հակոբ որդին, որն ունեցավ տասներկու զավակ, որից և ստեղծվեց Իսրայելի սերունդը: Այս մանրամասները ձեզ պատմում եմ, որպեսզի դուք իմանաք Աստծու գործելաոճը՝ մարդու կյանքի մեջ: Տէր Հիսուս եկել էր այդ սերնդի մեջ, որը նույնպես ապրում էր մեղքի մեջ և կարիք ուներ ոչ թե կենդանիների զոհաբերությամբ ազատվել մեղքից, այլ սեփական անձի զոհաբերումով՝ մեղքի հանդեպ, ինչը որ Տէր Հիսուս ցույց տվեց աշխարհին՝ խաչի վրա: Այո՛ հրեա քահանաները խաչեցին Հիսուս Քրիստոսին: Այո՛ այդ խաչելության մասին գրված էր մարգարեություններում, որ պետք է լինի: Բայց դա երբեք չի արդարացնում մարդկանց, որոնք ասում են, թե՝ գրված էր և պետք է այսպես լիներ: Աստված չի հանդուրժում մեղքը, վերջին մեծ զոհաբերությունը մեղքի համար եղավ Իր Սիրելի Որդին: Գրված էր, որ պետք է մարդու Որդին խաչը բարձրանա, բայց ո՛չ մի տեղ գրված չէր, որ քահանայապետները պետք է հպարտ լինեն և նախանձ ունենան, զրպարտություն անեն և կեղծիք տարածեն Հիսուսի մասին;
Բազում ազգեր են երկրի երեսից վերացել մեղքի պատճառով: Աստված Իր ամենաթանկը տվեց մարդկության փրկության համար՝ սիրելով մարդուն, սակայն չի հանդուրժում նորից կրկնվող մեղքը, և Երկրորդ անգամ կուղարկի Իր Որդուն, բայց այժմ որպես Արդար Դատավոր՝ բոլոր ազգերի համար: Այսօրվա հրեա ռաբիները փորձում են մեղմել աշխարհի տարբեր ծայրերի քրիստոնյաներից իրենց ուղղված մեղադրանքը, թե՝,, Դուք խաչեցիք մեր Հիսուս Քրիստոսին,,: Նրանք ասում են,- Ա՛յո, եթե մենք ենք խաչել, ուրեմն՝ մերին ենք խաչել, ձեզ ի՞նչ: Եթե մենք չխաչեինք, մարդկանց փրկությունը չէր իրականանա: Գուցե այս պատասխանով նրանք մխիթարվում են, բայց Քրիստոս, ըստ մարգարեության՝ բոլոր ազգերի փրկության համար էր եկել, ո՛չ միայն հրեաների: Հետևաբար բոլոր ազգերն են պատասխանատու՝ մեղքի հարցում:
Հիմա վերադառնանք մեր այսօրվա բուն թեմայի սերտողությանը: Քրիստոսի յուրաքանչյուր հարց իր հետևում ունի մի պատմություն, դրա համար ես ներկայացրի այդ պատմությունը, որ հարցեր չառաջանա այդ ուղղությամբ; Երբ աշակերտներից իմացավ ճշմարտությունը իր մասին, նրանց ասաց այն բոլորը, ինչ որ գրված էր մարգարեություններում, որպեսզի աշակերտները ճշմարտությունը իրենց սրտում պահելով հետևեն իրադարձությունների զարգացմանը: Աշակերտներին արդեն բացահայտ տեղեկացրեց, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից և օրենսգետներից,
և սպանվի, ու երրորդ օրը հարություն առնի:
Սիրելիներ, ուշադրություն դարձրի՞ք, թե ովքե՛ր են Իրեն անարգողներն ու սպանողները: Ժամանակակից լեզվով ասած՝ ,,հոգևոր էլիտան,,: Սա այն խավն է, որին վստահված է ժողովրդի հոգևոր ուսուցումը, կրթությունը, սուրբ գրքերին և մարգարեություններին ծանոթացնելը: Մի խոսքով գրագետ խավն հոգևոր առումով: Աշակերտները պետք է տեղյակ լինեին, թե որտեղից է գալու հարվածը: Այս բաները զգուշացնելուց հետո, աշակերտներին տալիս է բացարձակ ազատության պատվիրաններ, ասելով,- Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի և գա Իմ հետևից:
Տեսե՛ք, թե ի՛նչ ազատություն է տալիս այս խիստ պատվիրանի մեջ: Երբեք չի՛ պարտադրում, այլ՝ ասում է պատվիրանի կատարման օգուտի և չկատարման վնասի ու հետևանքների մասին;
Ես կուզեմ, որ դուք ամեն բառի վրա ուշադրություն դարձնեք, որովհետև ո՛չ մի բառ ինքնանպատակ չի ասվել; Ասում է մշտապե՛ս վերցնել խաչը, ո՛չ թե որոշակի ժամանակի համար, ինչը անում ենք մենք:
Որևէ նեղության մեջ հայտնվելիս, առաջինը որ գալիս է մեր մտքին, ո՛չ թե այս պատվիրանն է, այլ՝ տրտնջալը և ամեն գնով ազատվելու ելքերի մասին մտածելը: Այնուհետև ավելացնում է,- որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի: Իսկ ով իր անձը Ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: Այս ,, որովհետև,, ի մեջ էլ շատ կարևոր նրբություն կա: Երբ մարդը վերցնում է խաչը և հալածանք է կրում հանուն Քրիստոս, նա կփրկի իր անձը, ո՛չ թէ նա , որը իր սխալների պատճառով ընկել է նեղությունների և հալածանքների մեջ: Քրիստոնյայի խաչը պետք է Քրիստոսի սիրուց մղված տարվի, այլապես ամեն դժվարություն խաչ չէ,
այլ՝ սխալի կամ մեղքի արդյունք:
Օրինակ՝ ապրել միասին և հանդուրժել անհավատ ամուսնուն կամ կնոջը ի սեր Աստծու դա խաչ է Քրիստոսի խոսքը պահելու համար: Իսկ սիրեկան պահել՝ արդարացնելու համար, որ կինը կամ ամուսինը անհավատ է, մեծագույն մեղք է քան բաժանությունը: Մեկ այլ օրինակ տամ ձեզ՝ երիտասարդ աղջիկը խաբվում և հղիանում է: Հաջորդ քայլը, որ գալիս է նրա գլխում՝ հղությունը ընդհատելն է, որը դառնում է ենթակայի համար մահացու մեղք: Աբորտը սպանություն է, թեպետ քրեական հոդված չկա դրա համար նախատեսված: Ո՛չ մի դեպքում մի խանգարեք, որպեսզի այդ երեխան ծնվի և լույս աշխարհ գա:
Չնայած որ կապված է լինելու բազում բարոյական և հոգեբանական խնդիրների ու դժվարությունների հետ: Պետք է այդ դժվարությունները կրել ողջ կյանքի ընթացում՝ ի սեր Աստծո: Թող դա լինի ենթակայի խաչը: Հաջորդ պատվիրանը լրացնում է նախորդի միտքը, թե,- Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի և տուժի: Եվ դարձյալ բացատրում է միտքը, ասելով,- Որովհետև, ով որ Ինձ և Իմ խոսքերը ամոթ համարի, նրան մարդու Որդին ամոթահար պիտի անի, երբ որ գա Հոր և Սուրբ հրեշտակների փառքով: Սիրելիներ, քիչ չէ այն մարդկանց թիվը, որոնք ասում են,- Ինչպես հավատանք խաչված մեկին, միթե Աստված կարող է խաչվել: Այսպիսի մարդկանց համար է ասում, որ ամոթ համարի Ինձ հավատալը, ես էլ նրան ամոթահար պիտի անեմ Իմ Երկրորդ Գալուստին:
Աշակերտների հետ ունեցած այս անկեղծ զրույցի նպատակն այն էր, որ Տէր Հիսուս և պատվիրան տվեց և ազատ թողեց նրանց ընտրության մեջ: Կամեցավ աշակերտներին բացատրել, որ միայն ես չէ, որ համբերելու եմ նեղության, այլ բոլոր նրանք, որոնք կամենան գալ իմ հետևից:
Տէր Հիսուս մարդկանց միջից ընտրեց տասներկուսին, որպեսզի իրեն հետևեն: Աշակերտներին հարց տալիս, նախ՝ կամեցավ իմանալ ժողովրդի կարծիքը՝ Իր մասին, ապա՝ աշակերտների կարծիքը:Այս հարցով էլ կամեցավ աշակերտներին ցույց տալ, որ ժողովուրդը կարող է սխալվել, իսկ դուք, որոնց ես եմ ընտրել սխալվելու դեպքում վնասը մեծ կլինի, քանի որ դուք եք լինելու արքայության Ավետարանի քարոզիչները՝ աշխարհում: Մի խոսքով փառավոր մահ փնտրողը՝ փառավոր հարություն չի ունենում; Իսկ անփառունակ և Քրիստոսի համար նահատակությունն ու մահը փառավոր ավարտ է ունենում: Գերազանց օրինակն է Քրիստոսի չարչարանքն ու մահը և հրաշափառ Հարությունը: Բոլոր էլ ճանաչում ենք մարդկանց, որոնք քանի ապրում են այս կյանքը ուզում են միայն վայելել բոլոր բարիքները՝ առանց Աստծու: Իսկ երբ գալիս է մահվան պահը, կամենում են դարձյալ ամեն ճոխությամբ վայելել իրենց մահը սկսած դագաղից, գերեզմանից և հետագա քայլերից, այս ամենի մասին նախապես կտակ թողնելով; Իսկ Աստծու մասին մտածելու ժամանակ չի լինում: Աշխարհը շահեց, բայց իր անձը կորցրեց: Աշակերտներին պատվիրված է քարոզել աշխարհում մարդկության փրկության համար խաչը բարձրացած Քրիստոսին և աստվածային զորությամբ հարություն առաջ Աստծու Որդուն:
Սիրելիներ Քրիստոնեական եկեղեցին հիմնված է այն հաստատուն վարդապետության վրա, որ Հիսուս Քրիստոս է Աստծու Օծյալ Որդին, որը ապահովեց մարդկության փրկությունը: Ո՛չ թե Պետրոսի հավատի վրա է հիմնված Քրիստոսի եկեղեցին, այլ՝ Պետրոսի արտաբերած խոսքի, թե դո՛ւ ես Աստծու Քրիստոսը, այսինքն՝ Աստծու միածին Որդին՝ սպասված Մեսիան; Քանի որ ժամանակին օծյալներ կային, մենք գիտենք, որ թագավորներին նույնպես օծում էին և նրանք համարվում էին օծյալ:
Մենք այսօր ունենք այս մեծագույն խնդիրը, որը չի համապատասխանում Քրիստոսի խոսքերին, թե իմ հետևից եկողը թող ուրանա իր անձը, և վերցնի մշտապես իր խաչը և գա իմ հետևից: Սիրելիներ, ես ձեզ մի գաղտնիք ասեմ, հեշտ է մեռնել Քրիստոսի համար: Բայց շատ դժվար է ապրել Նրա սիրուց մղված հրաժարվելով աշխարհից: Սա է իրական սերը Քրիստոսի հանդեպ: Հետևաբար ցանկացած դժվարություն, որ հանդիպում է մեզ, համարենք, որ Քրիստոսի ձեռքից ընդունեցինք, և առանց Իր կամքի դա չէր պատահի մեզ: եթե անշուշտ մեր մեղքի պատճառով չի առաջանում խնդիրը: Ավարտենք այսօրվա մեր սերտողությունը՝ հավատարիմ մնալով օրվա պատգամին՝ անձը ուրանալու վերաբերյալ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի ո՛չ թե մեռնենք, այլ՝ ապրենք հանուն Քրիստոսի, մեր խաչը սիրով կրելով: