ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 9: 10- 21
ՅԻՍՈՒՍ ՀԻՆԳ ՀԱԶԱՐԸ ԿԸ ԿԵՐԱԿՐԷ
10 Առաքեալները դարձան ու պատմեցին անոր ինչ որ ըրին։ Յիսուս առաւ զանոնք, առանձին անապատ տեղ մը քաշուեցաւ քաղաքի մը քով՝ որուն անունը Բեթսայիդա էր։ 11 Ժողովուրդը երբ իմացաւ՝ անոր ետեւէն գացին։ Ինք ալ զանոնք ընդունելով՝ կը խօսէր անոնց Աստուծոյ թագաւորութեանը վրայով եւ որոնք որ բժշկութեան կարօտ էին՝ կը բժշկէր։
12 Իրիկունը, տասներկուքը եկան ու ըսին անոր. «Արձակէ ժողովուրդը, որպէս զի շրջակայ գիւղերը ու ագարակները երթան իջեւանին ու կերակուր գտնեն, վասն զի հոս անապատի մէջ ենք»։ 13 Ըսաւ անոնց. «Դուք անոնց ուտելիք տուէք»։ Անոնք ալ ըսին. «Մենք հինգ նկանակէն ու երկու ձուկէն աւելի բան չունինք, եթէ չերթանք այդ բոլոր ժողովուրդին համար կերակուր չգնենք» 14 (Քանզի հինգ հազարի չափ այր մարդիկ կային։) Ան ալ ըսաւ իր աշակերտներուն. «Ատոնք դաս դաս, յիսուն յիսուն, նստեցուցէք»։ 15 Այնպէս ըրին ու ամէնքն ալ նստեցուցին։ 16 Յիսուս հինգ նկանակը ու երկու ձուկը առաւ՝ դէպի երկինք նայելով՝ օրհնեց զանոնք ու կտրեց եւ տուաւ աշակերտներուն, որպէս զի ժողովուրդին առջեւ դնեն։ 17 Եւ կերան ու կշտացան ամէնքն ալ ու աւելցած կտորուանքները՝ տասներկու կողով՝ վերցուցին։
ՊԵՏՐՈՍԻՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՅԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ
18 Օր մը, երբ ինք առանձին աղօթք կ՚ընէր, աշակերտներն ալ իրեն հետ էին, հարցուց անոնց. «Ժողովուրդը ինծի համար ո՞վ կ՚ըսեն թէ եմ»։ 19 Անոնք ալ պատասխան տալով՝ ըսին. «Ոմանք՝ Յովհաննէս Մկրտիչը եւ ուրիշներ՝ Եղիան, ուրիշներ ալ՝ առաջուան մարգարէներէն մէկը, որ յարութիւն առեր է»։ 20 Ինք ըսաւ անոնց. «Հապա դո՞ւք ինծի համար ով կ՚ըսէք թէ եմ»։ Պատասխան տուաւ Պետրոս ու ըսաւ. «Աստուծոյ Քրիստոսը»։ 21 Յիսուս խիստ կերպով պատուիրեց անոնց, որ այս բանը մարդո՛ւ չըսեն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք հասանք այնտեղ, որ Հիսուս Քրիստոս տեսավ, որ հունձը առատ է և զգաց, որ հասել է աշակերտների քարոզության ժամանակը: Օժտեց նրանց զորությամբ և իշխանությամբ, ապա ուղարկեց քարոզելու՝ քաղաքներ և գյուղեր: Այսօրվա սերտողությամբ պետք է տեղեկանանք, թե ի՞նչ ձեռքբերումներ ունեցան աշակերտները իրենց քարոզությունից:
Հետաքրքիր է ի՞նչ զգացին աշակերտները՝ երբ առաջին անգամ առանց Վարդապետ դուրս եկան ժողովրդի մեջ: Նրանք միշտ եղել են Հիսուս Քրիստոսի հետ, և եթե ճանաչում են գտել, ապա Տէր Հիսուսի համբավի շնորհիվ է եղել: Ինչպե՞ս ընդունեց ժողովուրդը առաքյալներին առանց Հիսուս, կամ աշակերտները ի՛նչ տպավորություն ստացան, մենք չգիտե՛նք, քանի որ Ավետարանը այդ մասին ոչինչ չի ասում:
Միայն գիտենք, որ առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին: Բնականաբար պատմեցին ամեն ինչ մանրամասն, իրար հերթ չտալով: Ի՞նչ տպավորություն ունեցավ Տէր Հիսուս՝ նրանց առաջին քարոզության արդյունքից, դարձյալ չգիտենք, բայց Նա որոշեց մի ամայի վայրում հավաքել նրանց և խոսել նրանց հետ՝ հավանաբար նրանց բացթողումների մասին:
Մյուս ավետարաններում կարդում ենք, որ երբ աշակերտները վերադարձան իրենց քարոզությունից, շատ ուրախ էին, և պատմում էին, որ դևերը հնազանդվում էին իրենց, հիվանդները բժշկվում էին, կաղերը քայլում էին, մեռելները հարություն էին առնում և այլն: Սակայն Տէր Հիսուս նրանց ասաց, դուք մի ուրախացեք այսպիսի բաների համար, այլ ուրախացեք, որ ձեր անունները երկնքում գրված են կյանքի գրքի մեջ:
Չէ՞ որ առաքյալները պարզ մարդկանցից ընտրված մի խումբ էր, որոնք շատ տարբեր չէին մյուս մարդկանցից, Աստված ընտրեց նրանց և իշխանություն տվեց այս բոլոր կատարելու; Առանց Աստծու իշխանության նրանք նույն մաքսավորն ու ձկնորսն էին, որտեղից ընտրեց իրենց Վարդապետը: Մեզնից յուրաքանչյուրը եթե մի բան է ներկայացնում իրենից, ապա Քրիստոսի շնորհով և զորությամբ է որ անում է;
Մարդն ինքն իրենից անզոր է որևէ լավ բան մշտապես անելու: Մարդու ինքնական գործած բարիքը կամ իր փառքի համար, կամ՝ ցուցադրության;
Բայց քանի որ ժողովուրդը Նրան հանգիստ չէր տալիս, դարձյալ համախմբվեցին Նրանց շուրջը: Տէր Հիսուս այստեղ խոսում էր Աստծու արքայության մասին, իսկ ովքեր բժշկության կարիք ունեին, բժշկում էր նրանց: Ինչպես անցավ ժամանակը, իրենք էլ չնկատեցին,և երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան Հիսուսին և առաջարկեցին, ժողովրդին արձակել, քանի որ օրը տարաժամել է և իրենք ամայի վայրում են, իսկ նրանք ուտելու բան չունեն: Հետաքրքիր է, որ այդ պահանջը ներկայացրին ո՛չ թե ժողովուրդը, որը քաղցած էր և չէր զգում այդ քաղցը՝ բազում բժշկությունների և հրաշալի ուսուցման պատճառով:
Այլ աշակերտների մոտ առաջացավ այդ սրտացավությունը՝ ժողովրդի նկատմամբ, քանի որ նրանք վաղուց էին այդ ամայի վայրում:
Աշակերտների մոտ պատասխանատվությո՞ւն է առաջացել ժողովրդի հանդեպ, իրենց միայնակ քարոզության ժամանակ: Քանի որ աշակերտները հայտնեցին իրենց մտահոգությունը բազմությանը կերակրելու առումով: Բայց ուշագրավ էր Հիսուսի տված պատասխանը՝ իրենց, թե՝ -Դո՛ւք տվեք նրանց ուտելու բան; Դեռ երեկ էր, որ աշակերտներին քարոզության ուղարկելուց առաջ ասում էր ճանապարհի համար մի վերցրեք ոչինչ ձեզ հետ, ո,չ հաց, ո՛չ արծաթ դրամ : Առաքյալները ինչո՞վ պետք է կերակրեին բազմությանը, որոնց թիվը կազմում էր հինգ հազար մարդ: Ի՞նչ պատասխան էր ուզում լսել Տէր Հիսուս առաքյալներից, երբ ասաց,- դո՛ւք կերակրեք նրանց: ,,Դուք կերակրեք նրանց,, պատգամը այսօր դրված է յուրաքանչյուր հոգևորականի ուսերին, նստած է նրան խղճին՝ հավատացյալին հոգևոր հացով կերակրելու պարտականությունը: Տէր Հիսուս իր սիրո դիմաց միայն մեկ բան խնդրեց Պետրոսին,- Սիրո՞ւմ ես ինձ, արածեցրու այդ հոտը: Եվ դա կկրկնեց երեք անգամ, որպեսզի Պետրոսը չմոռանա: Վերջապես Պատվիրանն էլ ասում է, ո՛չ միայն հացով, այլ՝ Աստծու ամեն խոսքով պետք է կերակրվի մարդ, որ դուրս է գալիս Աստծու բերանից: Այսօր հանրությունը եկեղեցու սպասավորից պետք է պահանջի միայն Աստծու խոսքի քարոզություն և վկայություն Քրիստոսի ուսուցման և հարության վերաբերյալ:
Նախորդ սերտողության մեջ մեք իմացանք, որ Տեր Հիսուս իշխանություն և զորություն տվեց նրանց՝ քարոզության ուղարկելուց առաջ: Գուցե ակնկալում էր, որ առաքյալները օգտագործելով իրենց տված զորությունն ու իշխանությունը՝ իրենք կբազմացնեին հացը և կտային ժողովրդին, քանի որ Ինքը միշտ նրանց հետ չէր լինելու: Բայց զգաց, որ աշակերտները դեռ պատրաստ չեն նման պատասխանատվության, քանի որ անմիջապես ասացին, որ իրենք ընդամենը հինգ նկանակ և երկու ձուկ ունեն, ո՛չ ավելի: Պատվիրեց ժողովրդին նստեցնել խմբերով, իսկ Ինքը վերցրեց այդ հինգ և երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց, կտրեց ու աշակերտներին տվեց, որպեսզի բաժանեն մարդկանց: Կերան ամենքը, կշտացան, իսկ կտորտանքը երբ հավաքեցին, եղավ տասներկու լիքը զամբյուղ:
Հացի բազմացման այս հրաշքին անդրադարձել են բոլոր չորս ավետարանիչներն էլ: Այն մնում է հրաշք, որը մեզ հասկանալի չէ հենց այն պատճառով, որ հրաշք է, և որ Աստծու համար անկարելի բան չկա: Երբ մարդ արարածն այնպես է ստեղծվել, որ ամեն օրգան աշխատում է ժամացույցի ճշգրտությամբ և կշարունակի աշխատել անխափան, եթե մարդը հետևի Աստծու պատվիրանին՝ իր կյանքի բոլոր օրերին, ապա հացի բազմացումը ավելի մեծ հրաշք չէ մարդու օրգանիզմի աշխատանքի համեմատ:
Տէր Հիսուս գիտեր, որ այս հրաշքը պիտի կատարի բոլորի աչքի առջև, դրա համար ընտրեց ամայի մի վայր հեռու քաղաքից և գյուղից, որպեսզի կասկած չառաջանա լսողներից որևէ մեկի մոտ, թե հացը գուցե գնել են մոտակա որևէ տեղից: Ավետարանն ասում է, որ Հիսուս նրանց խոսում էր Աստծու արքայության մասին; Ի՞նչ է Աստծու արքայությունը, եթե ոչ լիություն և առատություն: Հացի բազմացման հրաշքը խորհուրդն է այն բանի, որ Աստծու արքայության մեջ ոչնչի կարիք չկա և ոչ մի բանի պակասություն չկա, եթե մարդը հավիտենական կապի մեջ է իր Արարչի հետ: Հացը վերցրեց, նայեց դեպի երկինք, օրհնեց: Մեզ պես չմոռացավ, որ հաց ուտելուց առաջ պետք է գոհանանք Աստծուց՝ այդ պարգևի համար: Ինչպե՞ս ավելացավ տասներկու զամբյուղ այդքան մարդկանց կերակրելուց հետո: Սա նաև խորհուրդն է այն բանի, որ աղքատին ողորմություն անելիս, քո ունեցածը առավել է մնում, քան դու բաժանել էիր: Հինգ հացը բաժանեցին, տասներկու սակառ կտորտանք հավաքեցին;
Սիրելիներ, Հացի բազմացման հրաշքի վերաբերյալ շատերն են մեկնություններ արել փոխաբերական իմաստներով, խոսքը ավելի հասկանալի դարձնելու հետագա սերունդներին, որոնք ժամանակակից զարգացվածության պատճառով կարող են անհավանական համարել հացի այսպիսի բազմացումը: Հինգ նկանակը համեմատում են Քրիստոսի մարմնին հասցված հինգ վերքերին, իսկ երկու ձուկը՝ Քրիստոսի երկու բնությունները, կատարյալ մարդ և կատարյալ Աստված: Շատ կարևոր է, որ քրիստոնյան ամեն ինչի մեջ հոգևոր երանգ փնտրի, հոգևոր շահ փնտրի, անպայման կգտնի: Օրինակ բոլոր քրիստոնյաները մասնակցում են Պատարագի, միթե հացի բազմացման այս երևույթը չի կրկնվում ամեն կիրակի եկեղեցիներում՝ Պատարագի ավարտին, երբ սուրբ Հոգու շնորհներով հացն ու գինին փոխակերպվում են Քրիստոսի մարմնին ու արյանը և բաշխվում է հավատացյալ հոտին և երբեք չի պակասում: Չի՛ եղել դեպք, որ պատարագին մասնակցող հավատացյալներից որևէ մեկին չհասնի Սուրբ Հաղորդություն:
Քահանաները Սուրբ խորանից վերցնում են Հացն ու գինին և իրենց ձեռքով բաժանում են մարդկանց: Ինչպես որ Քրիստոս տվեց աշակերտներին, և աշակերտները բաժանեցին ներկա գտնվող ժողովրդին: Հետևաբար քահանան էլ պետք է հիշի այս բանը, որ ինքը իրենից չի տալիս, այլ Աստծուց է ստանում և բաժանում ժողովրդին; Այսինքն այլ խոսքով ասած քահանան մարդ է՝ ուրիշ մարդկանց համար, այնպես ինչպես Քրիստոս եկավ ծառայեց մարդկանց, ո՛չ թե ծառայություն ընդունեց: Աստծու արքայությունն այնտեղ է, որտեղ մարդիկ օգտակար են լինում միմյանց, սիրում են միմյանց հանուն Հիսուս Քրիստոսի թափած արյան, օգնում են կարիքավոր մերձավորին՝ հանուն Աստծու սիրո: Միայն Եկեղեցին չէ, որտեղ պետք է փնտրել Աստծու արքայությունը: Աստծու արքայությունը առավել անհրաժեշտ է փնտրել մարդկային հարաբերություններում, ընտանեկան հարաբերություններում, ամուսնական հարաբերություններում և առհասարակ՝ նույնիսկ ճաշ պատրաստելիս տանտիկնոջ միտը պետք է աղոթքի և գոհության մեջ լինի: Աստվածային օրհնությունն էր, որ հագեցրեց մարդկանց և նրանք կշտացան այդ հացից:
Ժողովրդի բազմությանը ճանապարհելուց հետո Տէր Հիսուս աղոթքի կանգնեց և Նրա շուրջն էին նաև աշակերտները: Այստեղ Տէր Հիսուս անակնկալ մի հարց տվեց աշակերտներին, ասելով,- Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում, ո՞վ եմ ես: Հարցը իր հիմնավոր պատճառներն ուներ, քանի որ ժողովրդի մեջ տարբեր էր կարծիքները Հիսուսի մասին, ոմանք կարծում էին, թե մարգարե է; Ոմանք կարծում էին թե Եղիան է: Մի մասն էլ ասում էր, թե նախնիներից մի մարգարե է հարություն առել: Իսկ Հերովդես չորրորդապետը ուղղակի հայտարարեց, որ Հովհաննես Մկրտիչն է հարություն առել: Այսինքն բացարձակ ճշմարտությունը դեռ հայտնի չէր շատերին, բայց մոտենում էր ժամանակը, որ Տէր Հիսուս աշակերտներին աստիճանաբար հայտնի գալիք իրադարձությունների մասին, այդ պատճառով կամեցավ իմանալ, թե ի՞նչ լուրեր է պտտվում իր հասցեին: Այսպես էր մտածում ժողովուրդը, իսկ ինչպե՞ս էին մտածում Ի՛ր աշակերտները: Իսկ դո՛ւք իմ մասին ի՞նչ եք մտածում,- կրկին հարց ուղղեց աշակերտներին,- ո՞վ եմ Ես;
Պետրոսը միանգամից պատասխանեց,- Աստծու Քրիստոսը: Պետրոսը արդեն համոզված էր որ Հիսուսն է Աստծու Օծյալ Փրկիչը, և բարձրաձայնեց այդ մասին; Սակայն Տէր Հիսուս նաև Պետրոսին ասաց, որ ոչ ոքի չասի: Որովհետև եթե առաքյալները բացահայտեին Նրա աստվածությունը, Նրա փրկության ծրագիրը չէր կարող իր ավարտին հասնել: հետևաբար ամեն ինչ իր ժամանակին պետք է տեղի ունենա, քանի որ Աստծու ծրագրերը մարդկանց համար հասկանալի չեն, նրանց տկարության պատճառով; Սիրելիներ, մենք ամեն օր քայլ առ քայլ ծանոթանում ենք սուրբգրային ճշմարտությունների հետ, ո՛չ միայն գիտելիք ձեռք բերելու համար, այլ այդ ճշմարտությունները մեր կյանքում գործադրելու համար: Մենք մեր կամքով չենք ծնվել: Աստված նպատակ ունի մեզ հետ կապված, որ մենք լույս աշխարհ ենք եկել: Մեր առաջին նպատակն այն է, որ իմանանք Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, որպեսզի կարողանանք մեր կյանքը ճիշտ սկսել: Երբ մենք գիտենք Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, անմիջապես կանգնում են ընտրության առջև:
Երկուսն են ճանապարհները հավիտենականության՝ կյանք և մահ: Հավիտենական Կյանք ընտրելու դեպքում պետք է զերծ մնանք մեղքից, որը իր մեջ թույն է պարունակում: Թույնը մարմինն է սպանում, իսկ մեղքը՝ հոգին: Իմացանք Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, ընտրեցինք հավիտենական կյանքը, հիմա պետք է իմանանք Նրա կյանքի ավարտից առաջ ի՞նչ է սպասվում նրան՝ հաղթանակելու համար: Քրիստոս գիտեր ինչ է սպասվում իրեն իր մահից առաջ, իսկ մենք չգիտենք մեր մահվան կերպը, տեղը և ժամանակը: Ուրեմն պետք է հետևենք Քրիստոսի կյանքին ու մահվանը, Հարությանն ու Երկրորդ Գալուստին:
Մեղքի վիրուսը տարածվել է համայն աշխարհում: Եթե այսօր ծնողը, ուսուցիչը, վարդապետը չարթնանան և չարթնացնեն մարդկությանը, մենք կկործանվենք: Քրիստոս զատկից առաջ չարչարվեց և խաչվեց:
Մենք նույնպես պետք է կրենք մեր խաչը մեր ապրած կյանքում: Քրիստոս առանց չարչարանքի Հարություն չառավ: Նույնը մեզ հետ պետք է պատահի: Մենք ի՞նչ ենք անում Զատկից առաջ՝ մեծ Պահքին; Ամեն տարի Զատկից առաջ խաչում ենք Քրիստոսին մեր,, քրիստոնեական,, կյանքով: Աստված մեզ պատրաստում է մի կարևոր իրադարձության, և տվել ժամանակ: Իսկ մենք այդ ժամանակը վատնում ենք մեղքի մեջ: Մենք այսօր անապատով քայլում ենք դեպի Ավետյաց Երկիր: Աստված կամենա, որ բոլորս հասնենք խոստացված երկիր և չթաղվենք անապատում՝ մեղքի մեջ: Այստեղ ավարտենք այսօրվա սերտողությունը, անդրադառնալով մեր կյանքի ամեն մանրամասներին՝ շտկելու ակնկալիքով մեզ տրված ժամանակի մեջ: Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի պատվով հասնենք խոստացված երկիր, ուր կաթ ու մեղր է բխում: