ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկսաի. 9:1-9
ՅԻՍՈՒՍ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԸ ՂՐԿԷ
1 Իր տասներկու աշակերտները իրեն կանչելով՝ անոնց զօրութիւն ու իշխանութիւն տուաւ բոլոր դեւերուն վրայ եւ ախտերը բժշկելու։ 2 Ու զանոնք ղրկեց, որ Աստուծոյ թագաւորութիւնը քարոզեն ու հիւանդները բժշկեն։ 3 Ըսաւ անոնց. «Ճամբու համար բան մի՛ առնէք, ո՛չ գաւազան եւ ո՛չ պարկ, ո՛չ հաց եւ ո՛չ ստակ, ո՛չ ալ կրկին հանդերձ ունենաք։ 4 Եւ որո՛ւ տուն որ մտնէք, հոն մնացէք ու անկէ ելէք։ 5 Եթէ անոնք ձեզ չընդունին, երբ այն քաղաքէն ելլէք, ձեր ոտքերուն փոշին անգամ թօթուեցէք՝ իրենց դէմ վկայութիւն ըլլալու համար»։ 6 Աշակերտները ելան ու գիւղէ գիւղ կը պտըտէին եւ ամէն տեղ աւետարանը կը քարոզէին ու բժշկութիւն կ՚ընէին։
ՀԵՐՈՎԴԷՍԻՆ ՇՓՈԹՈՒԹԻՒՆԸ
7 Հերովդէս չորրորդապետը Յիսուսին գործերը լսելով՝ տարակուսանքի մէջ էր, որովհետեւ ոմանք ըսած էին 8 Թէ ‘Յովհաննէս յարութիւն առաւ մեռելներէն՝ եւ ոմանք՝ թէ ‘Եղիա յայտնուեցաւ’ եւ ուրիշներ ալ՝ թէ ‘Առաջուան մարգարէներէն մէկը յարութիւն առաւ’։ 9 Հերովդէս ըսաւ. «Յովհաննէսը ես գլխատեցի, հապա ասիկա ո՞վ պիտի ըլլայ, որուն մասին այսպիսի բաներ կը լսեմ»։ Ու կ՚ուզէր որ տեսնէ զանիկա։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Շարունակենք երեկվա սերտողության միտքը մեկ տողով, որպեսզի կապ առաջանա այսօրվա սերտողության հետ: Բազմության մեջ Տէր Հիսուս փնտրում էր այն մեկին, որը հավատքո՛վ է դիպել Իրեն: Այո, այդ մեկին էր փնտրում, որպեսզի ի տես մարդկանց ցույց տա թե՝ ինչպի՛սի հավատք է փնտրում Ինքը ժողովրդի մեջ: Շատերը դիպան, սակայն շատ կարևոր էր, թե՝ հատկապես, ո՞վ այդպիսի հավատով դիպավ: Քանի որ այսօրվա պես՝ մեկը դիպչում էր հրաշք տեսնելու ակնկալիքով, մյուսը՝ հետաքրքրությունից դրդված էր քայլում Նրա հետևից, երրորդը՝ առողջություն էր խնդրում, մյուսները լսելու համար էին այդտեղ: Բայց կար մեկը, որին եթե քահանայապետները տեղյակ լինեին, արգելելու էին մոտենար, քանի որ օրենքով՝ անմաքուր էր: Այո, օրենքով անմաքուր էր, սրտով մաքուր՝ քան մնացածը, քանի որ արժանացավ Քրիստոսի ուշադրությանը: Այս բոլոր բժշկությունները և մարդկանց հավատի տեսակները բացահայտում էր աշակերտների աչքի առջև՝ իրենց ընտրությանից հետո, որովհետև արդեն հասունացել էր պահը, որ նրանք էլ պետք է դուրս գային ժողովրդի մեջ քարոզելու:
Ղուկաս ավետարանիչը մինչ այս պահը աշակերտներին մեր ուշադրությունից դուրս էր պահում, իսկ այսօրվա սերտողության մեջ հիմք է դնում նրանց առաքելությանը՝ Տիրոջ կողմից: Տէր Հիսուս կանչում է տասներկու առաքյալներին, և զինում է նրանց՝ քարոզության ուղարկելուց առաջ: Ինչո՞վ է զինում: Ո՛չ խաչ ունեին ձեռքերին, ոչ Ավետարան՝ իրենց պայուսակների մեջ: Ո՛չ էլ եպիսկոպոսական պանակեներ, որպեսզի ժողովուրդը տեսներ, ճանաչեր և նրանց աջը համբուրեին: Աստված տվեց նրանց զորություն, և իշխանություն: Ինչպե՞ս տվեց: Ինչպես որ շունչը փչեց Ադամի ռունգերից, և կավը բանական մարդ դարձավ, որովհետև դատարկ էր Ադամի սիրտը մեղքից: Առաքյալների սիրտն էլ մաքուր էր ընդունելու համար Աստծու զորությունն ու իշխանությունը: Նրանց մաքուր սրտերը ընդունեցին այդ զորությունն ու իշխանությունը: Հետագայում ընկան ամենքը մի տեսակ մեղքի մեջ, սակայն այդ զորությունը չլքեց նրանց և վերականգնվեցին իրենց նախկին վիճակին: Աստծու միակ նպատակն է մարդուն դարձնել իր նախկին վիճակին, ինչպես որ Ադամն էր մեղանչումից առաջ: Մարդ արարածը միշտ ձգտում է դիրքի, իսկ Աստված ասում է, տե՛ս, թե ինչպիսի՞ն ես դու այդ դիրքում: Կարևորը դիրքը չէ, այլ մա՛րդ լինել ցանկացած պաշտոնում: Ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ հաղթեց ընտրություններում: Առա՛նց Աստծու ո՛չ մի հաղթող հաղթանակ չի ունենա:
Սիրելիներ, ես կուզեմ, որ դուք մի շատ կարևոր բան պահեք ձեր մտքի մեջ, և ցանկացած առաջնորդի, կամ պետական պաշտոնյայի աշխատանքը գնահատելիս հիշեք իմ ասածը: Ծառայել Աստծուն՝ նշանակում է ծառայել մարդկանց: Սա վերաբերում է բոլոր մասնագիտություններին: Տէր Հիսուս Քրիստոս Երկնավոր Հոր կամքը կատարեց ամեն ինչում, բայց նա՛խ ծառայեց ժողովրդին: Նույնիսկ նշանավոր աստվածաբաններ և Աստվածաշնչի մեկնաբաններ, եթե չեն ծառայում ժողովրդին, ապա նրանց ծառայությունը չի համարվում ծառայություն՝ Աստծուն: Աստված ինքը նախ ծառայեց մարդկանց՝ կատարելով Հոր կամքը: Ինչո՞ւ քահանայապետների ծառայությունը չընդունվեց Քրիստոսի կողմից, որովհետև նրանց ծառայությունը փառք փնտրելու մեջ էր, ո՛չ թե ժողովրդին սպասարկելու: Եթե մենք կամենում ենք հավատարիմ լինել Աստծուն, նախ պետք է տեսնենք, թե որքա՞ն ենք հավատարիմ մարդկանց՝ մեր ծառայության մեջ: Ղուկաս ավետարանիչը այս ուղղությունն է մեզ ցույց տալիս, որ Տէր Հիսուս նա՛խ Ինքը ծառայեց մարդկանց, ապա աշակերտներին ուսուցանեց ծառայելու կերպերը, գլխավոր շեշտը պահելով փարիսեցիության խմորից զգույշ լինելու վրա:
Ինչի՞ համար տվեց զորությունն ու իշխանությունը, որպեսզի կարողանան դևեր հանել, մարդկանց տարատեսակ հիվանդությունները բժշկել, ինչը որ անում էր Ինքը իր ծառայության ժամանակ; Նախորդ դասից մենք իմացանք, որ տասներկու թիվը խորհրդանշական է, և հիշեցնում է Իսրայելի տասներկու ցեղերին: Այդ պատճառով էր, որ ժամանակի կրոնական այլ ուղղություններ նույնպես տասներկու աշակերտ էին ընտրում քարոզության համար:
Հիսուս առաքյալներին ուղարկում էր ո՛չ միայն բժշկության այլ նաև Աստծու արքայության Ավետարանը քարոզելու մարդկանց: Բոլոր ժամանակների համար գործում է նույն իմաստությունը՝ Աստծու խոսքը քարոզողների առաքելության մեջ: Տէր Հիսուսն է պատվիրել, որ քարոզության պատրաստվելիս ո՛չ մի նյութական արժեքի վրա մի կենտրոնացեք, այլ միայն Աստծու ողորմության: Երբ Աստված պատրաստում է Իր խոսքը քարոզելու համար առաքյալներ, ուրեմն պատրաստում է նաև այդ առաքյալների մարմնավոր կարիքները հոգացող աշխարհական հավատացյալներ: Ինչպես որ առաքյալներին տվեց իշխանություն և զորության՝ ծառայության համար, այնպես էլ նախախնամում է հետագա հարցերը: Ժամանակավո՞ր տվեց այդ զորությունը, թե՛ հավիտյան, մենք չգիտենք, բայց գիտենք, որ սուրբ Հոգու շնորհները հավիտյան են մնում, եթե ենթական նպատակին է ծառայեցնում դրանք: Իսկ առաքյալները հավատարիմ մնացին իրենց ծառայության մեջ՝ մինչև նահատակությունը: Տէր Հիսուս առաքյալներին ուղարկեց քարոզելու Աստծու արքայությունը: Ի՞նչ է Աստծու արքայությունը: Առաքյալները պետք է քարոզեին այն, ինչը սովորեցրել էր իրենց Տէր Հիսուս: Աստծու արքայություն է Քրիստոսի ամեն խոսք, որը պարտավոր ենք պահել մեր սրտում:
Մենք Հայր մեր աղոթքում ասում ենք, թող Քո արքայությունը գա: Սակայն մենք չենք պահում Աստծու խոսքը, դրա համար Աստծու արքայությունը մեր միջոցով չի քարոզվում աշխարհում: Առաքյալները քարոզեցին, սակայն նահատակության արժանացան, որովհետև բոլոր բնագավառներում պետք է ընդունեն Աստծու արքայությունը, ո՛չ թե մասնակի: Կրթությունը, գիտությունը, մշակույթը, քաղաքական իշխանությունը հավասարապես պետք է ընդունեն, որպեսզի ազատություն լինի: Իսկ մենք պատմությունից տեսնում ենք, որ քրիստոնեությունը տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է վերելքներ և վայրէջքներ: Եղել են ժամանակներ, երբ ազատ է եղել քարոզությունը, և եղել են նաև ժամանակներ, երբ ճնշել են քրիստոնեության քարոզությունը: Առաքյալները դուրս եկան, շրջում էին քաղաքներում և գյուղերում, ավետարանում էին և բժշկում ամեն տեղ: Նրանց քարոզության ժամանակ էլ կային վայրեր, որտեղ նրանց չէին ընդունում; Մեր ապրած տարիներին էլ մենք հանդիպեցինք այդպիսի ճնշումների խորհրդային տարիներին, երբ իրենց խելացի կարծողները մեջտեղից հանեցին Աստվածաշունչը, և Աստծուն: Իրենց անունները հռչակեցին ամենուր, տաճարները քանդում էին, և քաղաքները իրենց անուններով էին կոչում՝ մեզ ծանոթ Լենինգրադն ու Ստալինգրադը և մյուսները:
Այդպիսի մի խոչնդոտ էլ Հերովդեսն էր Քրիստոսի ժամանակ, որը լսելով այս բոլոր բաների մասին, զարմանում էր և վախ կար սրտում, որ Հովհաննես Մկրտիչն է հարություն առել, երբ լսում էր Քրիստոսի զորավոր գործերի մասին: Բացահայտ ասում էր, Հովհաննեսին ես գլխատեցի, ո՞վ է այս Հիսուսը, որի մասին այսպիսի բաներ եմ լսում: Նույնիսկ ցանկություն էր հայտնում տեսնելու Հիսուսին: Այլ ավետարաններից մենք տեղյակ ենք, որ Տէր Հիսուս չի շտապում հանդիպել Հերովդեսին, այլ՝ հակառակը՝ լուր է ուղարկում նրան՝ անվանելով աղվես: Քանի որ գիտեր նրա գործերը և մտածումները: Տէր Հիսուս Քրիստոս Հերովդեսին աղվես անվանեց, առանց վարանելու, իմանալով որ օրենքն ասում է քո դատավորին մի անարգիր: Սակայն երբ դատավորը կարգված է ժողովրդի վրա և իր ծառայությունը բարեպաշտությամբ է կատարում, նրան որևէ մեկը իրավունք չունի անարգելու և չի էլ անարգում, այլ հակառակը: Օրինակ՝ մենք Պատարագին աղոթում ենք բարեպաշտ, աստվածասեր, աստվածավախ թագավորների և իշխանների համար:
Ո՛չ Հովհաննես Մկրտիչը, ո՛չ էլ Հիսուս Քրիստոս երբեք չհանդուրժեցին անարդարությունը, քծնանքը, կեղծիքը և անօրենությունը: Բայց այստեղ մի մեծ նրբություն կա: Նրանք չհանդուրժեցին անարդարությունն ու կեղծիքը, որովհետև իրենք էին արդար ու շիտակ՝ առանց մեղքի, դրա համար համարձակվում էին բարձրաստիճան իշխանավորներին կարգի հրավիրել: Ինչո՞ւ այսօր մի բարձրաստիճան հոգևորական չի կարողանում աշխարհիկ իշխանության բացերից խոսել, որովհետև հաջորդ պահին համացանցը հեղեղված կլինի նրա գունավոր կենսագրությամբ:Դրա համար մեկը մեկին չի սաստում :
Իսկ Հովհաննես Մկրտիչը և առաքյալները վախենալու ո՛չ մի բան չունին: Այո քի՛չ են նրանք, որոնք մտնում են նեղ դռնով: Այնպես ինչպես առաքյալներին էին տասներկուսը և շատ քիչ էին, բայց նրանց քանակը չէր կարևոր, այլ՝ որակը: Մեր եկեղեցին առաքյալների հաջորդական ձեռնադրությամբ այսօր եպիսկոպոսներին է դասում առաքյալների հավասար շարքում: Գուցե առաքյալների օրերից մինչև մեր օրերը շատ ժամանակներ են անցել, շատ փոփոխություններ են եղել և այդ փոփոխությունների մեջ էլ փոփոխության է ենթարկվել մեր եկեղեցու եպիսկոպոսաց դասը: Եթե համեմատելու լինենք առաքյալների կյանքին և նրանց գործունեությանը, գրեթե նմանություն չենք գտնի ծառայության հարցում: Մեր եպիսկոպոսները գրասենյակներում են նստում, մեքենաներով են շրջում, իսկ առաքյալները առանց կոշիկ ու առանց հագուստ շրջում ու քարոզում էին քաղաքներում ու գյուղերում; Այսօր նույնիսկ եկեղեցիների մեջ չի լսվում եպիսկոպոսների քարոզը՝ բացառությամբ Էջմիածնի որոշ եկեղեցիներ: Սրանք բոլոր խանգարող հանգամանքներ ենք, որոնք ազդում են ժողովրդի հավատքի զորացման և տարածման հարցում: Այո փրկությունը անհատական է, յուրաքանչյուր մարդ պետք է հավատա, բայց նրան նախ՝ պետք է ուսուցանեն, ինչպես որ արեց Հիսուս Քրիստոս, օրինակ լինեն հավատացյալի համար, ինչպես որ աշակերտները եղան:
Ես ձեզ նախորդ անգամ էլ հիշեցրի, որ առաքյալների միջև էլ տարաձայնություն եղավ որոշ աշակերտների պատճառով, սակայն նրանք եկեղեցու շահը վեր դասեցին իրենց պատվախնդրությունից:
Առաքյալների գործերը կարդում ենք, որ նրանք բոլոր գործերը անում են Հիսուս Քրիստոսի անունով և զորությամբ, դրա համար հաջողում են ինչպես քարոզության մեջ, այնպես էլ հրաշքների և բժշկությունների մեջ: Մեր օրերում այդպես չէ, հատկապես առաքյալների պատվին արժանացած բարձրաստիճան հոգևորականների պարագան: Տէր Հիսուս ասաց առաքյալներին, մի վերցրեք ձեզ հետ ո՛չ մի բան, ինչպես որ ինքը չուներ իր հետ ոչ մի բան: Մենք կարող ենք սա հասկանալ ինչպես նյութական, այնպես էլ բարոյական իմաստով: Ճշմարտություն քարոզողը չի կարող նյութական կախման մեջ լինել որևէ մեկից, որպեսզի կարողանա ուղղել նրա սխալը ժամանակին: Նույնպես և բարոյական առումով պետք է անկախ լինի, որպեսզի կարողանա իր հոտին խրատ տալ այդ առումով; Ինչպես որ արեց Հովհաննեսը՝ հերովդեսին;
Ինչո՞ւ էր Հերովդեսը կամենում տեսնել Հիսուսին: Իհարկե ո՛չ նրա ուսուցումը լսելու համար, այլ նա կասկածում էր որ Հիսուս հարություն առած Հովհաննես էր: Իսկ ինքը Հովհաննեսին դեմքով ճանաչում էր և ուզում էր համոզվել իր կասկածի մեջ, որպեսզի փարատվեր իր վախը՝ Հովհաննեսից: Տեսեք, թեպետ գլխատել էր ճշմարտություն խոսողին, բայց դարձյալ վախենում էր ճշմարտությունից: Այսպես է նաև այսօր:
Ճշմարտությունը գլխատում են, բայց միևնույն ժամանակ վախենում են ճշմարտություն խոսողից: Բայց այն խոսողից, որին չեն կարող հակադարձել ոչ մի բանով: Սիրելիներ, միշտ մաքուր պահեք ձեր կենսագրությունը, որպեսզի կարողանաք հարկ եղած ժամանակ ճշմարտությունը բարձրաձայնել: Ամեն մարդ մեղքի մեջ կարող է եղած լինի, մինչև Հիսուս Քրիստոսին դառնալը, բայց դառնալուց հետո նորից մնալ մեղքի մեջ, նույնն է թե լվացված խոզը՝ ցեխի մեջ, ինչպես ավետարանն է ասում,- շունը վերստին դառնում է իր փսխածին: Այս օգտակար օրինակի վրա ավարտենք այսօրվա մեր սերտողությունը, և ամենքս մեզ վրա պարտականություն զգանք մեր կյանքով օրինակ լինել այլոց համար ՝ առաքյալների օրինակով: Առաքյալները կարողացան, մենք էլ կկարողանանք: Սա ևս մեր Տիրոջ պատվիրանն է՝ ձգտել կատարելության:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր խոսքը տարբեր չլինի մեր գործից: