ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 8:40- 56
ՅԱՅՐՈՍԻՆ ԱՂՋԻԿԸ ԵՒ ԿԻՆԸ ՈՐ ՅԻՍՈՒՍԻՆ ՀԱՆԴԵՐՁԻՆ ԴՊԱՒ
40 Երբ Յիսուս ետ դարձաւ, ժողովուրդը զանիկա ընդունեց, վասն զի ամէնքը իրեն կը սպասէին։ 41 Ահա Յայրոս անունով մարդ մը եկաւ, որ ժողովարանին իշխանն էր, Յիսուսին ոտքը իյնալով կ՚աղաչէր անոր որ իր տունը մտնէ, 42 Վասն զի մէկ հատիկ աղջիկ մը ունէր, գրեթէ տասներկու տարեկան, որ մեռնելու մօտ էր։ Երբ Յիսուս կ՚երթար, բազմութիւնը կը նեղէր զինք։
43 Կին մը, որ տասներկու տարիէ ի վեր արիւնի տեռատեսութեան մէջ էր ու իր բոլոր ունեցածը բժիշկներուն ծախսած էր բայց ոչ մէկէն բժշկուելու ճար մը գտած էր, 44 Ետեւէն մօտենալով՝ անոր հանդերձին քղանցքին դպաւ եւ իսկոյն իր արիւնին հոսումը դադրեցաւ։ 45 Եւ Յիսուս ըսաւ. «Ո՞վ էր ան որ ինծի դպաւ»։ Երբ ամէնքը կ՚ուրանային, ըսին Պետրոս ու իրեն հետ եղողները. «Վարդապետ, բազմութիւնը քեզ կը հրէ ու կը նեղէ ու կ՚ըսես թէ ‘Ո՞վ ինծի դպաւ’»։ 46Յիսուս ըսաւ. «Մէկը ինծի դպաւ, քանզի իմացայ որ ինծմէ զօրութիւն մը ելաւ»։ 47 Կինը երբ տեսաւ թէ բանը անկէ չծածկուեցաւ, դողալով եկաւ ու անոր առջեւ ինկաւ եւ բոլոր ժողովուրդին առջեւ անոր պատմեց թէ ի՛նչ բանի համար անոր դպեր էր եւ թէ ի՛նչպէս ինք իսկոյն բժշկուեցաւ։ 48 Յիսուս ըսաւ անոր. «Քաջալերուէ՛, ա՛ղջիկ, քու հաւատքդ քեզ բժշկեց։ Գնա խաղաղութեամբ»։
49 Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովրդապետին տունէն մէկը եկաւ ու ըսաւ. «Աղջիկդ մեռաւ, ա՛լ վարդապետը մի յոգնեցներ»։ 50 Բայց Յիսուս երբ լսեց ատիկա, ըսաւ անոր. «Մի՛ վախնար, միայն հաւատա ու պիտի ապրի»։ 51 Երբ տունը մտաւ, ուրիշ մէ՛կը թող չտուաւ որ մտնէ, բայց միայն Պետրոսը ու Յակոբոսը եւ Յովհաննէսը ու աղջկան հայրն ու մայրը։ 52 Ամէնքն ալ կու լային ու կ՚ողբային անոր վրայ. եւ ինք ըսաւ. «Մի՛ լաք, անիկա մեռած չէ, հապա կը քնանայ»։ 53Անոնք ծաղր կ՚ընէին զանիկա, քանզի գիտէին թէ մեռաւ։ 54 Ինք ամէնքն ալ դուրս հանելով՝ բռնեց աղջկան ձեռքէն ու կանչեց՝ ըսելով. «Աղջի՛կ, ելիր»։ 55 Անոր հոգին դարձաւ ու իսկոյն ոտքի ելաւ։ Յիսուս հրաման ըրաւ, որ ուտելիք տան անոր։ 56 Անոր ծնողքը ապշած մնացին։ Յիսուս անոնց պատուիրեց, որ եղածը մարդո՛ւ չըսեն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք իմացանք, որ գերգեսացիները աղաչում էին, որ Հիսուս Քրիստոս հեռանա իրենց սահմաններից: Երբեմն մարդիկ իրենց չիմացության պատճառով կարող են իրենցից հեռու վանել իրենց հաջողությունը, ինչը որ արեցին գերգեսացիները: Եթե միայն իմանային, թե ում են դուրս հրավիրում իրենց քաղաքից, և ինչի համար, անշուշտ չէին անի դա: Այսօր մեզ համար հեշտ է զարմանալ նրանց արարքի վրա, սակայն եթե հետևենք մեր ժողովրդի մտածելակերպին, շատ տարբերություն չենք նկատի: Հիշում եք, թե ի՞նչ էր կատարվում մեր հայրենիքում ընտրություններից առաջ: Ժողովրդի մեծամասնությունը մոռացել էր Աստծու գոյության մասին, և փրկիչ էր փնտրում եղած թեկնածուների մեջ: Եղած թեկնածուներն էլ Աստծուն չճանաչելով որպես փրկիչ էին հանդես գալիս՝ Հայաստանը փրկելու համար: Գերգեսացիներն էլ նույնը արեցին: Այլևս նյութական չունենալու մտահոգությունից, նույնիսկ աղաչում էին, որ Հիսուս հեռանա իրենց քաղաքից: Մեր ժողովուրդն էլ բարեկեցիկ կյանք ակնկալելու բաղձանքով, փրկիչ էր փնտրում մարդկանց մեջ՝ Աստծուն անտեսելով:
Շատ լավ եք հիշում, թե ժողովրդի հասցեին ինչպիսի պիտակավորումներ հնչեցին իր չիմացության պատճառով: Նույնիսկ նրանք մեղադրեցին ժողովրդին, որոնց սուրբ պարտքն էր կրթել և ուսուցանել հանրությանը: Ժողովուրդը իր չիմացության պատճառով չկողմնորոշվեց, թե ումից ի՞նչ պետք է պահանջի: Իսկ եթե դուք ձեր մտքում մտածեք, որ ժողովուրդը նաև Աստծուն էր դիմում, ես ձեզ կհիշեցնեմ Տիրոջ պատվիրանը, որ՝ Երկու տիրոջ չեք կարող ծառայել…
Գերգեսացիների քաղաքում չխոսեց Տէր Հիսուս ժողովրդի հետ, այլ լուռ հեռացավ, քանի որ ազատագրել էր ամենածանր հիվանդին բազում դևերից, իսկ դա հեթանոսների քաղաք էր: Թողեց այդ քաղաքը բուժված դիվահարի տնօրինության ներքո և ասաց, պատմիր, ներկայացրու և քիչ քիչ քո քաղաքի բնակիչների դարձի բեր և ծանոթացրու Սուրբ Հոգու զորության և Աստծու արքայության հետ:
Այս ,,քարոզիչը,, իր քաղաքում դեռ ոչ մի լսող չուներ և այստեղ է, որ լույսը տրվեց նրան իսկ իր ջահով պետք է կարողանա շատերի համար վառվող լույս լինել: Երբեմն, և շատ հաճախ քարոզիչներից տրտունջ է լսվում, որ դահլիճը դատարկ էր քարոզի ժամանակ, մարդիկ քիչ էին: Պետք չէ խուսափել փոքր քայլերից, որովհետև հավատքը հիմնավոր ջանքեր է պահանջում, ոչ թե պահի ազդեցության տակ հավաքել մարդկանց՝ քարոզել և այնուհետև բաց թողնել:
Վերադարձավ Գալիլիայի ծովեզերք, որտեղ հավաքված ժողովուրդը սպասում էր Նրան, և ջերմ ընդունելություն ունեցավ այդ ժողովրդի մոտ:
Մի քաղաքից դուրս են հրավիրում Աստծու արքայությունը, մյուս քաղաքում ջերմ են ընդունում, քանի որ արդեն տեսել ու լսել են Նրա զորության և իմաստության մասին: Մենք դարձյալ պետք է հաստատվենք այն մտքի վրա, որ ժողովրդին պետք է տեղեկացնել, բացատրել, ուսուցանել Աստծու արքայության խորհուրդները: Այլապես ժողովուրդը կմերժի Աստծու արքայությունը՝ ընտրելով նյութական բարիքները: Ավետարանում մենք հանդիպում ենք դեպքերի, երբ Աստծու արքայությանը հասնելու համար, նույնիսկ անկարելի օրենքները կարելի են դառնում: Հիսուսին սպսող բազմության մեջ էր նաև իրենց ժողովարանի ժողովրդապետը, որը տեսնելով Հիսուսին, Նրա ոտքերը ընկավ, և խնդրեց, որ իր տունը մտնի, քանի որ իր միամորիկ դուստր մահամերձ էր: Տէր Հիսուս շարժվեց դեպի Հայրոսի տուն և ժողովուրդը այնքան շատ էր, որ նրան նեղում էին: Հավաքված մարդկանց մեջ բնականաբար շատ էին հիվանդները, սակայն ավետարանիչը մեզ ներկայացնում է երկու ուշագրավ դեպքեր: Հայրոսի խնդրանքը՝ իր մահամերձ աղջկա վերաբերյալ, և արյունահոսող կնոջ արարքը ժողովրդի այդ բազմության մեջ: Հայրոսի աղջկա պատմությունը իմացանք, որ մահամերձ է, և նրա հայրը սպասում է հիսուսի այցին: Իսկ ո՞վ էր այդ կինը, որը նպատակ էր դրել իր առջև՝ ո՛չ թե Հիսուսից բժշկություն խնդրելու, այլ մի հնարով ուղղակի դիպչելու Նրա հագուստի քղանցքին, և դա բավական էր, որ ինքը բժշկվի: Մենք արդեն գիտենք, որ կինը համարվում էր անմաքուր և իրավունք չուներ մոտենալու վարդապետին, սակայն այդ կնոջ հավատքը այլ բան էր պահանջում: Կինը ենթարկվեց ո՛չ թե օրենքին, որն արգելում էր, այլ իր հավատքին, որն իր հոգում ասում էր,- օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը՝ օրենքի:
Նա գիտեր որ Հիսուս եկել է մարդուն փրկելու համար, որը վեր էր ցանկացած օրենքից: Արեց կինը այն, ինչ որոշել էր: Դիպա՛վ Հիսուսի հագուստին, և իր երազանքը կատարվեց նույն պահին՝ իր հավատքի շնորհիվ: Այս տեսակ որակյալ հավատքի տեր մարդիկ երբեք չեն վրիպել Հիսուս Քրիստոսի ուշադրությունից: Նա բարձրաձայն հարց տվեց.- Ո՞վ էր որ ինձ դիպավ:Հարցը շատ տարօրինակ թվաց հատկապես աշակերտներին, որոնք ուղեկցում էին Իրեն, և տեսնում էին, թե մարդիկ ինչպես են հրմշտում միմյանց, չի բացառվում նաև, որ մեկն էլ կպած կինի իրեն: Շատերն էին կպել Հիսուսին, սակայն միայն այդ կինն էր նպատակով եկել, և մտածում էր, որ բավական է միայն դիպչել: Տէր Հիսուս սպասեց մինչև հայտնվեց կինը և խոստովանեց, որ ինքն էր դիպչողը: Հիսուս Քրիստոսից զորություն էր դուրս եկել այդ պահին, երբ կինը կպել էր Նրա հագուստին: Իսկ կնոջ մոտ այդ զորությամբ բժշկություն էր տեղի ունեցել: Երկու երևույթներն էլ արտաքնապես տեսանելի չեն մարդկանց աչքերի համար, դրա մասին գիտեն միայն բուժվողն ու բուժողը: Այդ պատճառով կինը մոտեցավ, քանի որ այդպիսի հավատքի տերը նաև ազնիվ է: Նա կարող էր չմոտենալ, քանի որ զգացել էր որ իր մոտ փոփոխություն տեղի ունեցավ: Եկավ կինը, բոլորի ներկայությամբ ընկավ Նրա ոտքերի առջև, պատմեց ամբողջ ճշմարտությամբ և արժանացավ երեք մեծ պարգևի՝ միանգամից: Տիրոջ շրթներից լսեց այս խոսքերը, թե՝ Քաջալերվի՛ր դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա խաղաղությամբ; Որոնք էին այդ երեք պարգևները որ ստացավ կինը նույն պահին: Նախ իր հավատքի կայունության մասին լսեց հենց հավատքի Աղբյուրից, երկրորդը ստացավ ակնթարթային բժշկություն և երրորդ՝ արձակվեց խաղաղությամբ: Զորավոր հավատք, առողջություն և խաղաղություն: Միթե աշխարհում կա առավել մեծ հարուստ մարդ, քան այս կինն է: Ո՛չ: Չկա:
Փառք Աստծուն այ՛ս ինչպես կնոջ, այնպես էլ աշխարհում Քրիստոսի զորությամբ տեղի ունեցող բոլոր բժշկությունների համար, որոնք կատարվում են ենթակայի զորավոր հավատքի շնորհիվ:
Հայրոսը նույնպես ուրախությամբ լսում էր, և մտքում փայփայում էր այն հույսը, որ րոպեներ հետո այս ուրախությունը կլցնի նաև իր տունը, երբ Հիսուս ոտք դնի այնտեղ և իր աղջիկը բժշկվի: Սակայն հավատքը նաև համբերություն է ակնկալում, որը դրսևորում էր Հայրոսը այդ ամբողջ ժամանակ, երբ կնոջ և Հիսուսի միջև երկխոսություն էր տեղի ունենում: Դեռ այս մտորումների մեջ էր Հայրոսը, երբ իր տնից եկան և ասացին, որ աղջիկը մեռավ արդեն, և այլևս պետք չէ անհանգստացնել Վարդապետին: Ի՞նչ կարող էր անցնել Հայրոսի մտքով այդ պահին, և ո՛չ միայն Հայրոսի, այլ նաև մեզնից յուրաքանչյուրի, եթե մեզ հետ պատահեր այս դեպքը: Անշուշտ նախ մարդկայնորեն պետք է մեղադրեինք այն կնոջը, որի պատճառով ուշացավ Քրիստոսի իր տուն գնալը, հետո մի թեթև կմեղադրեինք Վարդապետին, որ նախ մահամերձի մոտ կարելի էր գնալ, հետո այդ կնոջ՝ որը իր ոտքով էր եկել այդտեղ: Բայց Տէր Հիսուս իմանալով մարդու տկար տեղերը, անմիջապես Հայրոսին ասաց, մի վախեցիր, այլ միայն հավատա, և նա կապրի: Հայրոսի հետ իր տունը մտավ, իր հետ ներս տանելով երեք աշակերտներ՝ Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբոսին: Ներկաները ողբում էին աղջկա մահը: Ավետարանիչն ասում է Տէր Հիսուս նրանց ասաց,- լաց մի եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է: Բայց լսողները ծաղրեցին Նրան, քանի որ նրանք հավատում են իրենց աչքի տեսածին, որ մեռել է, չեն հավատում Աստծու խոսքին, որ առավել հավաստի է քան իրենց աչքի տեսածը: Այս տեսակ մարդիկ գերադասում են հրաշք տեսնել և այդ պահին հավատալ, մինչև մի ուրիշ վայրում ուրիշ հրաշք տեսնեն: Այսպիսի մարդկանց թիվը փոքր չէ նաև քրիստոնեական եկեղեցու հավատացյալների մեջ: Այս մարդկանց հավատի պատճառով էր որ ասաց,- մեռած չէ, այլ ննջում է: Որպեսզի կատարված չդիտեին որպես հրաշք, և իրենց հավատքը չբխեր հրաշք տեսնելուց: Այլ հավատային այն խոսքին, որ ասաց,- մի վախեցիր, այլ միայն հավատա, և նա կապրի: Մենք պետք է հավատանք, որ Քրիստոսի խոսքը կարող է հրաշք կատարել, ոչ թե հրաշքը կարող է մեր հավատքը զորացնել: Հավատք ունեցողը քայլը համարձակ է գցում, արյունահոսող կնոջ պես, որը նախ՝ հավատաց և հետո տեսավ հրաշքը:
Տէր Հիսուս բռնեց աղջկա ձեռքից և ասաց,- Վեր կաց կանգնիր, ով մանուկ: Մանկան հոգին վերադարձավ և մանուկը իսկույն կանգնեց: Հիսուս պատվիրեց նրան ուտելու բան տալ, և պահանջեց ծնողներից, որ ոչ ոքի ոչին չասեն: Եթե մտածենք, որ Հայրոսը ժողովրդապետ էր և Տեր Հիսուս չէր կամենում, որ քահանայապետները իմանային այդ մասին, ապ այլ տեղերում դարձյալ ասաց նույն խոսքերը բորոտի բժշկությունից հետո, կույրի բժշկությունից հետ: Երկու տարբերակն էլ ճիշտ է նրանց համար, որոնք կասկած չունեն Քրիստոսի խոսքի վերաբերյալ, և բազմակարծությունից ուղղակի ընդլայնում են իրենց մտահորիզորը:
Սուրբ Աստված, Սուրբ և Հազոր, մենք խնդրում ենք Քեզ, որպեսզի Դու մեզ սովորեցնես, որպեսզի Քո Սուրբ Հոգին սովորեցնի մեզ, որպեսզի Քո խոսքը մեզ համար լինի հասկանալի, ոչ թե կասկածելի: Պահպանիր մեզ՝ մեր հոգևոր ճանապարհին և պահիր մեզ Քո ձեռքում որպես գործիքներ՝ մարդկանց կարիքները հոգալու համար: Գոհանում ենք Քեզնից Հայր Ամենակալ՝ Քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով և Քո Սուրբ Հոգու շնորհների առատությամբ:
Սիրելի հավատացյալներ, այսօրվա սերտողության մեջ երկու թեմա կար, որոնց մենք անդրադարձանք Երկուսն էլ օրինակելի են մեզ համար այն առումով, որ մենք էլ ունենք անձնական հիվանդությունները, մենք էլ ունենք հիվանդ երեխաներ և կարիքը ունենք Հիսուս Քրիստոսի զորավոր ձեռքի հպմանը:
Բայց թող մեր հավատքը այնքան հզոր լինի, որպեսզի մենք էլ ստանանք այդ շնորհները, որ ստացավ հիվանդ կինը և մահամերձ աղջիկը: Մենք մեկ ուրիշ դաս էլ սովորեցինք այս սերտողությունից այն հատվածից, որ ժողովրդի բազմությունը նեղում էր Հիսուսին; Այս նեղելու երևույթները մեր եկեղեցիներում շատ հաճախ է նկատվում հատկապես Ջրօրհնեքի, սուրբ մասունքների առկայության և ինչու չէ նաև Սուրբ Հաղորդությանը մոտենալիս: Այդ նեղելու երևույթը առավել բխում է մարդու հետաքրքրությունից, քան հավատից, ինչպես որ նեղում էին Հիսուսին ժողովրդի բազմությունը: Մի խոսքով ամեն ինչից կարելի է դաս սովորել, ամեն նախադասությունը իր խորհուրդն ունի: Օրինակ կարող ենք սովորել նաև ամենավերջին տողից, որ ասում է,- ոչ ոք չասեք: Տէր Հիսուս երբ հրաշք էր գործում Աստված էր, իսկ երբ ասում էր ոչ ոք մի ասեք, Նրա մարդկային կատարյալ խոնարհությունն էր: Մենք էլ եթե երբևէ մի բարիք գործենք, թող այն լինի Աստծու փառքի համար, ո՛չ թե մեր անվան: Այսօր ավարտեցինք Ղուկասի ավետարանի ութերորդ գլուխը, և եթե Աստված կամենա և կյանք պարգևի, վաղվանից կսկսենք իններորդ գլխի սերտողությունը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր հավատքը շրջանցի օրենքը և մենք արժանանաք Քրիստոսի բարեհաճությանը: