ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 8: 26-39
ՅԻՍՈՒՍ ԴԻՒԱՀԱՐ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
26 Ու նաւելով իջան Գադարացիներուն երկիրը, որ Գալիլիայի դիմացի կողմն է։ 27 Ինք ցամաքը ելլելուն պէս՝ այն քաղաքէն մարդ մը ելաւ դէմը, որուն ներսը շատ ատենէ ի վեր դեւեր կային ու անիկա հանդերձ չէր հագներ, ոչ ալ տան մէջ կը բնակէր, հապա գերեզմաններու մէջ։ 28 Ան՝ Յիսուսը տեսնելով՝ աղաղակեց ու ինկաւ անոր առջեւ ու բարձր ձայնով ըսաւ. «Դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս, Յիսո՛ւս, Որդի Բարձրեալն Աստուծոյ. կ՚աղաչեմ քեզի, զիս մի տանջեր»։ 29(Վասն զի հրամայեց պիղծ ոգիին որ այն մարդէն ելլէ. որովհետեւ շատ ատեն էր որ զանիկա գրաւած էր եւ անիկա շղթաներով ու ոտնակապերով կապուած կը պահուէր, բայց կապերը կը կոտրտէր ու դեւէն անապատը կը քշուէր։) 30 Հարցուց անոր Յիսուս ու ըսաւ. «Անունդ ի՞նչ է»։ Ան ալ ըսաւ. ‘Լէգէոն’. վասն զի շատ մը դեւեր մտեր էին անոր ներսիդին, 31 Անոնք կ՚աղաչէին անոր որ անդունդը երթալու հրաման չընէ իրենց։ 32 Հոն խոզերու երամակ մը կար, որոնք լեռը կ՚արածուէին։ Աղաչեցին որ իրենց հրաման տայ անոնց մէջ մտնելու։ Յիսուս հրաման տուաւ անոնց։ 33 Դեւերը մարդէն ելլելով՝ խոզերուն մէջ մտան։ Երամակը գահավէժ տեղէն ծովակը վազեց ու խեղդուեցաւ։ 34 Խոզարածները ասիկա տեսնելով փախան ու պատմեցին քաղաքը ու ագարակները։ 35Մարդիկ ելան եղած բանը տեսնելու։ Եկան Յիսուսին, գտան այն մարդը՝ ուրկէ դեւերը ելեր էին, հագուած ու խելքը վրան Յիսուսին ոտքերուն քով նստած ու վախցան։ 36 Անոնք որ տեսեր էին, պատմեցին անոնց թէ ի՛նչպէս դիւահարը ազատեցաւ։ 37 Գադարացիներու շրջակայքը գտնուող բոլոր բազմութիւնը կ՚աղաչէր անոր, որ իրենցմէ երթայ, վասն զի մեծ վախով բռնուած էին։ Ան ալ նաւը մտնելով ետ դարձաւ։ 38 Մարդը՝ որմէ դեւերը ելեր էին, կ՚աղաչէր անոր որ իրեն ընկերանայ, բայց Յիսուս ըսաւ. 39 «Դարձիր քու տունդ ու պատմէ ինչ որ Աստուած քեզի ըրաւ»։ Ան ալ գնաց ու բոլոր քաղաքին մէջ պատմեց ինչ որ Յիսուս իրեն ըրաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. շարունակենք մեր միտքը երեկվա սերտողության տրամաբանությամբ, երբ Տէր Հիսուս իր աշակերտների հետ անցնում էր Գալիլիայի ծովով, երբ փոթորիկ բռնկվեց, արթնացավ քնից, խաղաղեցրեց ծովը և շարունակեցին իրենց ընթացքը: Նույնիսկ ալեկոծված ծովը չխոչնդոտեց Քրիստոսի ճամփորդությունը, որը նպատակ ուներ: Ինչո՞ւ հանկարծակի որոշում կայացրեց գերգեսացիների կողմը գնալ, որը Գալիլիայի հանդիպակաց կողմում էր: Հիսուս Քրիստոսի շրջագայությունը և քարոզությունը այսօրվա եկեղեցուն սովորեցնում է մի շատ կարևոր դաս. որ, որևէ խոչնդոտ չի՛ կարող խանգարել այն մարդուն, որի նպատակն է մարդկանց հոգու փրկությունը: Տէր Հիսուս Գալիլիայում էր և գիտե՛ր թե ի՞նչ կա գերգեսացիների երկրում, և նույնիսկ մեկ մարդու հոգին չարից ազատագրելու համար, կտրում, անցնում էր քաղաքներ ու գյուղեր, այդ մեկին օգնելու համար: Հիսուս Քրիստոս Աստված էր, գիտե՛ր, թե որտեղ ի՛նչ է կատարվում: Այսօր մեզնից նմանատիպ զոհողություններ և զորություններ չի պահանջվում: Սակայն մենք անտարբեր ենք մեր կողքի կանգնած մարդու ցավին, որին մեր աչքերը տեսնում են: Եկեղեցում կանգնած մարդկանց մեծ մասը միմյանց չեն ճանաչում և հաղորդ չեն միմյանց ցավին: Նույնիսկ հոգևորականը, որ նրանց հաղորդակից է դարձնում Քրիստոսի Մարմնին և Արյանը, չի ճանաչում այդ մարդկանց:
Օրերս հավատացյալներից մեկը մի դեպք պատմեց, որին ականատես էր եղել անձամբ՝ իրենց մարզում: Պատարագի ժամանակ եկեղեցի է մտնում մի գեղեցիկ տեսքով երիտասարդ աղջիկ և սկսում է բղավել եկեղեցու մեջ: Արարքից հայտնի է դառնում, որ ենթական հիվանդ է, որովհետև խոսքը հասկանալի չի լինում, թե ի՞նչ է ուզում: Ներկա հավատացյալներից շատերը մոտենում են նրան և փորձում են դուրս հանել եկեղեցուց, սակայն աղջիկը պայքարում է եկեղեցու ներսում մնալու համար: Նրանք, որոնք փորձում էին դուրս հանել եկեղեցուց, հայտնեցին, որ աղջիկը դիվահար է, և դուրս էին անում, որ չխանգարի մյուսների աղոթքը: Պատարագի ավարտին աղջիկը մյուսների նման մոտեցավ Հաղորդությանը, գլխով դրական պատասխանեց քահանայի այն հարցին, թե՝- մկրտվա՞ծ ես: Քահանան տվեց նրան Հաղորդություն և նա դուրս եկավ եկեղեցուց: Ո՞վ է զբաղվելու այսպիսի հիվանդություն ունեցող մարդու հոգու բժշկությամբ: Հիվանդը իր ոտքով եկել է եկեղեցի, և նրան ուզում են դուրս հանել եկեղեցուց, որպեսզի չխանգարի աղոթքը: Իսկ ի՞նչ են աղոթում մարդիկ, ի՞նչ են խնդրում Աստծուց, եթե հաղորդ չեն իրենց դիմաց կանգնած հիվանդի ցավին: Սուրբ հաղորդությունը օգնե՞ց նրան, թե՞ ավելի վատ անդրադարձավ, ո՛չ ոք չգիտե: Այս դեպքը միակը չէ, բազում հիվանդներ կան մեր մեջ, որոնք անտեսված են հենց մեզնից՝ քրիստոնյաներիցս: Իսկ Հիսուս Քրիստոս ասում է, հիվանդ էի, ինձ ձեր մեջ չառաք: Ես ձե՛ր կարիքն ունեի, դուք ինձ դուրս էիք հանում եկեղեցուց: Եկեղեցում հնչեց հոգեթով շարականներ, կարդացին երկար աղոթքներ, մատուցվեց Պատարագը հավուր պատշաճի, օրվա ավետարանից խոսվեց բարձրագոչ քարոզը և արձակեցին մարդկանց խաղաղությամբ իրենց տները՝ հաջորդ կիրակի հանդիպելու ակնկալիքով: Ո՞ւմ համար են այս բոլորը, եթե մարդը մարդուն չի սիրում: Քարոզվում է թշնամուն սիրելու պատվիրանը, մենք չե՛նք սիրում նույնիսկ մեր համաքաղաքացուն: Թշնամու և մերձավորի միջև տարբերությունը գնալով վերանում է: Իսկ Տէր Հիսուս Քրիստոս ասում է, - Չե՛ս կարող ինձ մոտ գալ, եթե չես սիրում քո նմանին: Ու այսպես քրիստոնեական գաղջ կյանքը շարունակվում է ամեն տեղ, պահպանելով օրինականությունը և աճեցնելով փարիսեցիության խմորը:
Տէր Հիսուս գիտեր, որ գերգեսացիների քաղաքում դիվահարված մարդ կար, Նա անտեսեց խռովահույզ ծովի ալիքները, անտեսեց աշակերտների վախը, բայց չանտեսեց քաղաքի միակ դիվահարին: Ըստ ավետարանչի նկարագրության այս մարդը ապրում էր ո՛չ մարդկային կենցաղով, և հագուստ չէր կրում, քանի որ նրան չար ոգիները բռնել էին և դուրս էի հանել իր տնից, և նա ապրում էր գերեզմաններում: Սա այն դիվահարն է, որին մենք անդրադարձել ենք Մարկոսի ավետարանում: Այս մարդու սարսափից մարդիկ վախենում էին այդ տարածքով անցնել, սակայն դիվահարը Հիսուսին տեսնելու պես ընկավ Նրա առաջ և ասաց,- Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսուս, բարձրյալ Աստծու Որդի. Նա այս խոսքերը ասում էր, քանի որ Հիսուս հրամայում էր նրան դուրս գալ այդ մարդուց, ինչը զրկել էր մարդկային բնականոն կյանքից և դարձրել էր կենդանուն վայել մի արարած: Պիղծ ոգին, որի անունը Լեգեոն էր, շարժվում էր Հիսուսի թույլտվությամբ և իշխանությամբ: Պիղծ ոգին խնդրում էր, որ Հիսուս նրան հրաման չտա անդունդը լցվելու: Եթե Հիսուս հրամայեր անդունդը լցվելու, պիղծ ոգիները անկարող էին չենթարկվել: Այսինքն պիղծ ոգին մարդու մեջ է մտնում ո՛չ թե ստիպողաբար, այլ մարդու ազատ կամքով: Մարդու ազատ կամքով էլ կարող է դուրս հալ, բայց արդեն ո՛չ այն հեշտությամբ, որ մտել է, այլ՝ չափազանց մեծ դժվարությամբ: Ինչպես որ նախորդ դիվահարի համար Տէրն ասաց,- այս տեսակ դևը դուրս է գալիս աղոթքով և ծոմապահությամբ:
Ծոմապահությամբ պետք հալածել և դուրս հանել, եթե կարելի լինի: Սակայն նույնիսկ աշակերտները չէին կարողացել հանել այդպիսի դևին: Դևերը սարսում և հնազանդվում են Հիսուս Քրիստոսից, բայց մարդ արարածը, որին պիղծ ոգին կարող է այս վիճակի հասցնել, չի ուզում հնազանդվել Աստծու պատվիրաններին, որոնք իրեն հեռու կպահեն ամեն տեսակ դիվահարությունից: Միայն Քրիստոսի հրամանից հետո պիղծ դևերը մտան խոզերի մեջ և նրանց խեղդեցին ծովի մեջ: Ամեն պիղծ բան կարող է վերանալ Քրիստոսի զորության ուժով, և մարդկանց խնդրանքով: Ավա՛ղ, երբ մարդիկ եկան քաղաքից և տեսան պատահածը, խնդրեցին, որ Հիսուս հեռանա իրենց վայրերից: Չուրախացան իրենց բուժված համաքաղաքացու համար, որից սարսափում էին մինչ այդ պահը, երբ տեսան, որ մարդուն վայել կերպարանքով նստած է Հիսուսի մոտ: Տխրեցին խոզերի համար, որ ծովն էին լցվել: Մարդ արարածը նյութի համար ավելի մտահոգ է քան՝ մարդկային հոգու փրկության, որի համար էր աշխարհ եկել Հիսուս Քրիստոս: Նավակ նստեց և հեռացավ նրանց քաղաքից: Գերգեսացիների համար այս դիվահար տղան լավագույն հնարավորությունն էր, որ դարձի գային, իկս իրենք հակառակը արեցին և Հիսուսի իրենց քաղաքից դուրս արեցին:
Ամեն անգամ այսպիսի մտքեր կարդալիս, ակամայից հարց եմ տալիս ինքս ինձ, մի՞թե մարդկությունը արժանի էր այսչափ զոհողության, որ արեց Քրիստոս մարդու համար, և անմիջապես պատասխանը գտնում եմ, որ ոչ թե մարդն էր արժանի, այլ Աստված Իր շռայլ սիրուց դրդված է անում:
Մի ազնիվ մարդ գտնվեց այդ քաղաքում, որը կամեցավ հետևել Հիսուսին, դա այդ նախկին դիվահարն էր: Այն մարդը, որի մեջ չկա պիղծ որևէ բան, նա Քրիստոսի հետևորդ է կամենում լինել անպայման:
Հիսուս Քրիստոս թույլ չտվեց, որ բուժված մարդը հետևի իրեն, նա բավական էր իր քաղաքի համար՝ որպես քարոզիչ և վառ ապացույց մարդկանց դարձի համար: Իսկ ում մեջ որ պիղծ ոգի կա, նա գերեզմաններում է, այսինքն նրա բոլոր գործերը մեռած են, նա տան մեջ չի ապրում, ինչպես այս մարդը, այսինքն եկեղեցին նրա համար օտար է: Ինչո՞ւ էր բուժվածը խնդրում, որ Հիսուսի հետևից գնա, չէ՞ որ երկար ժամանակ տանը չեղած մարդը կգերադասի տուն վազել: Ոչ, այդպես չէ: Քրիստոս ասում է, ով իր հորն ու մորը ինձնից առավել է դասում, ինձ արժանի չէ: Այս տղան պիղծ ոգիներից ազատվելուց հետո արժանի է Հիսուս Քրիստոսին: Ուշադրություն դարձրի՞ք, որ բժշկելուց հետո ասաց,- վերադարձիր քո տունը և պատմի՛ր, ինչ որ Աստված արեց քեզ համար: Չասեց, ե՛ս եմ արել, այլ ասաց՝ Աստված արեց: Սա ևս օրինակն այն բանի, որ որևէ բարի գործ չվերագրենք մեզ՝ այլ Աստծուն:
Ղուկաս ավետարանիչն ասում է, որ այս դիվահարը ապրում էր գերեզմաններում և հագուստ չէր կիրում: Մյուս ավետարանիչները նաև հիշատակում են, որ նրան շատ ժամանակ շղթաներով կապում էին, իսկ նա կտրում էր բոլոր շղթաները և արձակում էր այն կապերը, որով իրեն կապում էին: Անշուշտ շղթաները կտրում էին, պիղծ ոգիները, քանի որ նրանք կապանքներ չենք սիրում, և ազատության են ձգտում: Սակայն սա այն ազատությունը չէ, որ քրիստոնեությունն է քարոզում: Օրինակ ինչպես որ հակաեկեղեցական ուժերը քարոզում են ազատությո՛ւն, եղբայրությո՛ւն և հավասարություն և այդ լոզունգի տակ կատարվում ենք ամեն տեսակ անօրինականություններ: Իսկ քրիստոնեության քարոզած ազատությունն ասում է,- թող քո ազատությունը քեզ երբեք մեղքի չմղի: Պիղծ ոգին կապանքներ չի սիրում, բայց մարդուն տարիներով պահում է դիվային կապանքների մեջ: Երբ մեզ ազատություն են քարոզում կամ առաջարկում, ապա հարկ է հարցնել, թե՝ հատկապես ինչից է պետք ազատվել, և ազատություն ունենալ: Ժամանակակից աշխարհը առաջարկում է կարծեցյալ ազատություն, եղբայրություն և հավասարություն, որը տանում է ամենաթողության, ամեն ինչ անելու իրավունքի,հատկապես ազատություն Ավետարանական բարոյական արժեքներից ազատություն: Այս ազատությունը վերացնում է բոլոր պարիսպները և աշխարհը վերածում քաոսի: Քրիստոնյաներս ձգտում ենք մեղքից ազատագրվելու ազատությանը: Ձգտում ենք սատանայի հնարքներից ազատ լինելու, և հատկապես ազատության՝ մահվան վախից: Մնացած ազատությունները մղում են մեղքի, որովհետև պիղծ ոգիների առաջարկած ազատություններն են, որոնք մարդկանց ծուղակի մեջ է գցում: Քրիստոնեական պատկերացումը ազատության մասին այլ է, քան աշխարհի ազատությունը: մարկոսի Ավետարանի սերտողության ժամանակ այս հատվածի մեկնության ժամանակ մենք խոսեցինք այն մասին, թե ինչո՞ւ Հիսուս Քրիստոս չկամեցավ, որ պիղծ ոգիներից ազատագրված մարդը հետևի իրեն: Նախ՝ որովհետև Իր Աստծու Որդի լինելու մասին չէր ուզում լսել պիղծ ոգիներից, թեկուզ ճշմարիտ վկայությամբ: Երկրոդը՝ Քրիստոսի աստվածության մասին պետք է փաստի և վկայի Ինքը՝ Քրիստոս, Սուրբ Ավետարանը և Քրիստոսի եկեղեցին: Որովհետև Քրիստոսի աստվածությունը իմանալը և Քրիստոսի ճանաչելը ոչինչ չի փոխում պիղծ դևի կյանքում և նա շարունակում է իր չար գործը:
Նաև այս պատճառով գուցե չէր կամենում որ նրանց միջոցով վկայություն լինի: Գերգեսացի դիվահարին պիղծ ոգիները բռնել էին և տանջում էին, քաղաքի մարդիկ նրան կապում էին, որ իրեն չվնասի, նաև մարդկանց չվնասի, սակայն նրա կյանքը փրկվեց Քրիստոսի միջոցով: Ամենածանր կացության մեջ հայտնված ժամանակ միակ ելքը ազատվելու, կարող է տալ Հիսուս Քրիստոս: Իսկ շատ հաճախ մենք գերգեսացիների նման մեր քաղաքից դուրս ենք հրավիրում Հիսուս Քրիստոսին, որպեսզի մեր մնացած խոզերին կամ բիզնեսին վնաս չլինի: Միթե այդ քաղաքում ուրիշ հիվանդ չկար, որ նրանք չօգտագործեցին այդ առիթը որ Քրիստոս իր ոտքով էր գնացել իրենց մոտ: Նյութը բարձր գնահատեցին իրենց հոգու փրկությունից: Առողջացած մարդը գնաց իր քաղաքը և տարածում էր այն լուրը, ինչ որ Քրիստոս արեց իր համար: Սիրելի ունկնդիրներ, ավարտենք նաև այսօրվա սերտողությունը Գերգեսացի դիվահարի մասին, և սովորենք ժամանակին գնահատել մեզ պարզված օգնության ձեռքը և երբեք այն չմերժենք նյութական ցանկացած արժեքի պատճառով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ ամենուրեք պատմենք այն, ինչ Տէր Հիսուս անում է մեզ համար: